Ընդունված է 2015թ. փետրվարի 26-ին
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-199 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին կետից հանել «(լրիվ) ընդհանուր» բառերը.
2) 5-րդ կետը «ուսանող» բառից հետո լրացնել «(կուրսանտ, ունկնդիր)» բառերով.
3) 14-րդ կետի «որակի գնահատում» բառերից առաջ լրացնել «ուսումնական հաստատության» բառերը:
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ և 21-րդ կետեր.
«20) ինտերնատուրա՝ բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ինտերնի ծրագրով ընդհանուր պրակտիկ բժշկական գործունեություն իրականացնող մասնագետների պատրաստում.
21) օրդինատուրա՝ բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա կլինիկական օրդինատորի ծրագրով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստում:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 5-րդ կետը «դիպլոմների» բառից հետո լրացնել «, դրանց ներդիրների» բառերով.
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) հայկական սփյուռքի համար, ինչպես նաև հայագիտության զարգացման նպատակով մասնագետների պատրաստումը և որակավորման բարձրացումը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) պետության պահանջներին համապատասխան՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.».
2) 3-րդ մասի «հնարավորություն» բառը փոխարինել «իրավունք» բառով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետը «օտարերկրյա քաղաքացիների» բառերից հետո լրացնել «, քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով.
2) 4-րդ մասը «անապահով ուսանողներին՝» բառերից հետո լրացնել «անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի),» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.4-րդ մասեր.
«4.1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
1) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ առնվազն 50 տոկոս.
2) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ առնվազն 50 տոկոս.
3) երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս.
4) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը առանձնահատուկ դեպքերում կարող է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տալ նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող սոցիալապես խիստ անապահով ուսանողներին:
4.2. Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ:
Սույն հոդվածով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնությունների հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:
4.3. Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի և մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:
Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:
4.4. Բարձրագույն ուսումնական հաստատությունները տվյալ տարվա ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման վերաբերյալ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը ներկայացնում են հաշվետվություն կրթության պետական կառավարման լիազորված մարմին:
Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ:».
2) 3-րդ մասը «ռազմական» բառից հետո լրացնել «(ռազմաբժշկական)», իսկ «ոստիկանական» բառից հետո՝ «և բժշկական» բառերով.
3) 4-րդ մասի առաջին կետից հանել «(կլինիկական օրդինատորի)» բառերը և 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«-կլինիկական օրդինատորի.»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) առաջին կետը «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերով.
2) 3-րդ կետից հանել «, բժշկական մասնագիտությունների համար՝ մինչև 4 տարի» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետեր.
«5) բժշկական մասնագիտությունների համար կրթության տևողություն սահմանել առնվազն հինգ տարի՝ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ պետությունների ռազմաբժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ ստորաբաժանումների շրջանավարտների համար սահմանել մեկ տարի տևողությամբ հետբուհական ուսուցում՝ ինտերնատուրա:»:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«-օրդինատորի դիպլոմ:»:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից՝ պետական հավատարմագրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.».
2) 4-րդ կետի «և ժամկետները» բառերը փոխարինել «և հավատարմագրի գործողության ժամկետը» բառերով:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.
«Հոդված 13.1. Բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառվող նախազգուշացումը, տուգանքը, տուգանքի չափերը և լիցենզիայի գործողության դադարեցումը
- Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառում է նախազգուշացում կամ տուգանք կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը:
- Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բարձրագույն ուսումնական հաստատության թույլ տված համապատասխան խախտումը սահմանված ժամկետում վերացնելու և այդ խախտման վերացման մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնին հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 օրից, որոշում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզավորման հանձնաժողովի առաջարկությամբ` հաշվի առնելով խախտման հետևանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը և խախտումը վերացնող բարձրագույն ուսումնական հաստատության հնարավորությունները:
- Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով նախազգուշացնում է բարձրագույն ուսումնական հաստատությանը հետևյալ խախտումների հայտնաբերման դեպքում.
1) լիցենզավորման կարգով նախատեսված`
ա. հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում,
բ. ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում,
գ. ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում, բացառությամբ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դիմորդների ընդունելության, սովորողների փոխադրման, տեղափոխման, ամփոփիչ ատեստավորման (քննությունների), ավարտական աշխատանքների պաշտպանության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքերի,
դ. գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով կատարված խախտման դեպքում,
ե. ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի մասով կատարված խախտման դեպքում.
2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիայի գործողության ընթացքում կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.
3) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.
4) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.
5) լիցենզավորման կարգով նախատեսված այլ դեպքերում:
- Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառում է տուգանք հետևյալ դեպքերում և չափերով.
1) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց` օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող` օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
3) բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացրած հայտի հիմքով իրեն հատկացված սովորողների (ըստ կուրսերի) նախատեսվող սահմանային թվի խախտման դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
4) մեկ ուսումնական տարվա ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով ոչ պակաս, քան երկու անգամ նախազգուշացման դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով.
5) սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որևէ խախտման համար կիրառված նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում այդ խախտումը չվերացնելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
- Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը դադարեցնում է բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը`
1) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված առնվազն երկու խախտման դեպքերի միաժամանակյա հայտնաբերման դեպքում.
2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման կարգով նախատեսված` կրթական ծրագրեր իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության պահանջի մասով խախտման դեպքում.
3) սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տուգանքը չվճարելու, իսկ վճարելու դեպքում` նախազգուշացման հիմք հանդիսացած խախտումը չվերացնելու դեպքում.
4) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման հանձնելու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.
5) բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում.
6) բարձրագույն ուսումնական հաստատության դիմումի համաձայն.
7) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
8) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում.
9) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում.
10) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դիմորդների ընդունելության, սովորողների փոխադրման, տեղափոխման, ամփոփիչ ատեստավորման (քննությունների), ավարտական աշխատանքների պաշտպանության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում:
- Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ:
- Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կայացվում է խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետում:
- Սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:
- Սույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձևով տեղեկացնում է լիցենզավորված անձին` տեղեկացմանը կից ուղարկելով նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման պատճենը:
- Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշումը:»:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում է դիմորդին:
Բարձրագույն ուսումնական հաստատության և ուսանողի միջև կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տևողությունը և տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը՝ բաժանված ըստ ուսումնական տարիների:
Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում՝ այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա՝ ըստ տարիների բաժանված չափերը ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն:
Հեռացումից հետո վերականգնված ուսանողի ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով, և նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.
«3.1. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձի հետ կնքվում է պայմանագիր՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
3) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդին: Օրինակելի պայմանագրի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «ռեկտորը» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության պետը)» բառերով, իսկ «պրոռեկտորները» բառից հետո՝ «(ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալները)» բառերով.
2) 4-րդ մասի չորրորդ պարբերությունից հանել «գիտական» բառը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.
«4.1. Ռազմաուսումնական հաստատության պետի պաշտոնը զինվորական պաշտոն է, որում նշանակումը կատարվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ռազմաուսումնական հաստատության պետն իրականացնում է ռազմաուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը:».
4) 8-րդ մասը «դեկանի» բառից հետո լրացնել «ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետի» բառերով, իսկ «վարիչի» բառից հետո՝ «(ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի)» բառերով:
5) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ֆակուլտետի դեկանի, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) գործունեությունը համարվում է վարչական և գիտամանկավարժական աշխատանք, ամբիոնի վարիչի (ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի) գործունեությունը՝ գիտամանկավարժական:»:
Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «ուսանողները» բառից հետո լրացնել «(կուրսանտները, ունկնդիրները),» բառերով.
2) 5-րդ մասի, 6-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների «ուսանողը» բառը փոխարինել «սովորողը» բառով՝ համապատասխան թվով ու հոլովաձևերով.
3) 6-րդ մասի առաջին պարբերությունը «հաստատությունից հեռացնելը» բառերից հետո լրացնել «՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «վարչական և» բառերով, իսկ «ասիստենտ» բառից հետո՝ «, իսկ ռազմաուսումնական հաստատությունում՝ ֆակուլտետի պետ, ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ» բառերով.
2) 4-րդ մասի վերջին նախադասության «կազմակերպության խորհուրդը» բառերը փոխարինել «կազմակերպության գիտական խորհուրդը» բառերով:
Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 14-րդ կետերով.
«9.1) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.
14) ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների:».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) միջին որակական գնահատականի հաշվարկման մեթոդաբանության մշակումը:»:
Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը «որակի գնահատում» բառերից առաջ լրացնել «ուսումնական հաստատության» բառերը:
Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածում 2-րդ և 3-րդ մասերի «Մինչև» բառը փոխարինել «Ներառյալ» բառով:
Հոդված 17. Անցումային դրույթներ
- Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
- Սույն oրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ Օրենքի 6-րդ հոդվածի 4.1-4.4-րդ մասերի դրույթները տարածվում են 2015 թվականին և դրանից հետո ընդունված ուսանողների վրա:
- Սույն oրենքի 9-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 13.1-ին հոդվածի դրույթները տարածվում են հրապարակումից վեց ամիս հետո ծագած հարաբերությունների վրա:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. մարտի 13
Ստեփանակերտ
ՀՕ-2-Ն