ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՈՒՄ 

2021Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

                ժԱՄԸ  11:00

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

Նիստին ներկա են 27 պատգամավորներ, բացակա՝ 6 - ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

 

Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի, գործընկերներ, հրավիրվածներ:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ սույն թվականի հուլիսի 30-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն՝ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ:

Առաջարկվել է 2021թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված հետևյալ հարցերը.

1. Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծ, հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության ոստիկանապետ պարոն Հարությունյան

2. Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյան

3Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի փոխնախարարը կներկայացնի

4. Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար պարոն Թովմասյանը:

5. Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյան:

Ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով՝ 2021թ.օգոստոսի 5-ին հրապարակվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին Ազգային ժողովի նախագահի որոշումը:

Օրակարգային հարցերը սահմանված ժամկետներում քննարկվել են խորհրդարանի գլխադասային հանձնաժողովներում և համապատասխան եզրակացություններով այսօր պատրաստ ենք դրանք արտահերթ նստաշրջանում ներկայացնելու, ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նստաշրջանի աշխատանքներին և խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Գրանցման արդյունքներով ներկա են 27 պատգամավորներ, բացակա՝ 6:

Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:

Հարգելի գործընկերներ, առաջնորդվելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 42-րդ հոդվածի 1-ին և 60-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ օրակարգային հարցերից մեկը Ազգային ժողովը քննարկելու է հատուկ ընթացակարգով, որի մասին ներկայացվել է Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկվում է օրինագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, այսինքն մինչև 24 ժամ, միասին կասենք` ոնց կանենք: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվում է 3-ական ժամ:

Հարցեր կա՞ն որոշման նախագծի վերաբերյալ, որովհետև սա պիտի քվեարկենք: Եթե հարցեր կան, խնդրեմ: Չկան:

Քվեարկության է դրվում Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Այժմ սկսենք օրակարգային հարցերից առաջինը:

Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին նախագիծը կառավարության կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ոստիկանապետ պարոն Հարությունյանը:

Արտեմ Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, ձեզ եմ ներկայացնում Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված ոստիկանության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տույժերը մեծ թիվ են կազմում, որոնք վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում՝ պայմանավորված երկրում տիրող հետպատերազմյան սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով:

         Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական իրավախախտումների հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մինչևնախագիծն Աժ ուղարկելու օրը ներառյալ, ազատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քննության ենթակա  վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը կամ դրա վճարված մասը վճարելու պարտականությունից և տրանսպորտային միջոցներ վարելու՝ հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պատասխանատվությունից:

Նախագծի ընդունման արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան, այժմ անցնենք հարցերին: Հարց: Հարցեր չկա՞ն, պարոն Հարությունյանին:  Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

             Հարակից զեկուցման համար խոսքը տրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Հայրապետյանին: Խնդրեմ:

Սեյրան Հայրապետյան - Հարգելի գործընկերներ, Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք օրենքի նախագիծը ընդունել առաջին ընթերցմամբ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հարցեր պարոն Հայրապետյանին: Չկա: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համապատասխան՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրեմ: Չկա: Հիմա եզրափակիչ ելույթնի ցանկություն կա՞: Չկա:

Քվեարկության է դրվում Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի պատգամավորներ, հիշեցնեմ, որ առաջին ընթերցմամբ ընդունված այս օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ քիչ առաջ սահմանվել է 3-ական ժամը: Հիմա ֆիքսենք այդ ժամը: Ո՞նց եք տեսնում: Եթե մենք ասենք ժամուկես աշխատելուց հետո, 12 անց կես, հետո ընդմիջում է, մենք հանձնաժողովի նիստ անենք, ո՞նց են նայում խմբակցությունները: Նորմալ: Հետո տեղում ինչ առաջարկ լինի, ընդունելուց հետո մենք վերադառնանք: Այսինքն հիմա ժամը ֆիքսենք: Եթե 12 անց կես մենք անում ենք, կես ժամ հնարավորություն ունենք քննարկելու: Մեկ անց 15, որ երկրորդ ընթերցում անենք: Նորմալ է: Եթե ուզում եք 3 ժամը պահենք: Եղավ: Հիմա ֆիքսենք` 11:10, մինչև 13 անց 10: Հիմա անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին:

Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ պարոն Գալստյանը: Խնդրեմ, պարոն Գալստյան: Տեղեկացվա՞ծ է Գալստյանը: Այս հարցը թողնենք օրակարգում: Բա սա ամենալավ հարցն է մեր ժողովրդի համար, այդ ներկայացնողը չի գալի՞ս:

Անցնենք օրակարգի հաջորդ հարցին մինչև:

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասինօրենքի նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ պարոն Առաքելյանը:

Վահրամ Առաքելյան - Շնորհակալություն, Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, գործող օրենսդրության համաձայն՝ բարեգործական ծրագրերի շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրերն ավելացված արժեքի հարկից ազատվում են Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից այդ ծրագրերը բարեգործական որակվելու դեպքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվում է իրականացնել 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց և ընտանիքների համար բնակարանաշինության ծավալուն ծրագիր, որը կուղեկցվի նաև սոցիալական ենթակառուցվածքների շինարարությամբ, նպատակահարմար է, որպեսզի ավելացված արժեքի հարկից ազատման գործընթացը կազմակերպվի առավել դյուրին ձևով՝ օրենքով սահմանված համապատասխան արտոնությամբ:

         Ըստ այդմ՝ առաջարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ԱՀ օրենքով սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ աշխատանքների կատարումը) ազատվում է ավելացված արժեքի հարկից: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Առաքելյան: Հարցեր: Չկան: Խնդրում եմ գրանցվել: Զբաղեցրեք Ձեր տեղը:

Հիմա առաջարկում եմ լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը օրենքների նախագծերի վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Հարությունյանին: Խնդրեմ:

Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, Ավելացված  արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասինօրենքի  նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 4 կողմ ձայների համամասնությամբ տրվել դրական եզրակացություն: Առաջարկվում է օրենքին կողմ քվեարկել:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հարցեր պարոն Հարությունյան: Չկա: Զբաղեցրեք Ձեր տեղը: Մտքերի փոխանակություն, ելույթների ցանկություն: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն չկա:

Իսկ հիմա քվեարկության է դրվում Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգի հաջորդ հարցը Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է: Այն կներկայացնի Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ պարոն Թովմասյանը: Խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արմեն Թովմասյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, ձեր քննարկմանն ենք ներկայացնում Ավելացված  արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ԱՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը նպատակաուղղված է Ավելացված  արժեքի հարկի մասին օրենքի 16-րդ հոդվածի կիրարկման ապահովմանը և Արցախի Հանրապետությունից արտահանման խթանմանը: Նախագծով առաջարկվում է սահմանել ավելացված  արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերող հարկի դեբետային մնացորդի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման կարգը: Ավելացված  արժեքի հարկի վերադարձի միջոցով կմեղմվեն տնտեսվարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը` ապահովելով հավելյալ շրջանառու միջոցներով: Սույն նախագծով օրենքի հարվածի տեսքով սահմանվում է ավելացված արժեքի որոշման կարգը: Այսպիսով` նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի էականորեն նվազեցնել ԱՀ տարածքից արտահանում իրականացնող կազմակերպությունների հարկային բեռը և հետևաբար կապահովի երկրից արտահանման ծավալների վրա դրական անդրադարձը:

Արթուր Թովմասյան - Հարցեր պարոն Թովմասյանին: Չկա: Շնորհակալություն, զբաղեցրեք Ձեր տեղը:

 Հիմա առաջարկում եմ լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը: Պարոն Հարությունյան, խնդրեմ:

Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ, Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Առաջարկություններ չեն եղել և ձայների 4 կողմ համամասնությամբ տրվել է դրական եզրակացություն: Առաջարկվում է օրենքի նախագծին կողմ քվեարկել: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցեր պարոն Հարությունյան: Չկա: Զբաղեցրեք ձեր տեղերը: Մտքերի փոխանակություն: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա:

Իսկ հիմա քվեարկության է դրվում Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հաջորդ գումարման ժամանակ, սա ուղղակի իմ ցանկությունն է, մշտական հանձնաժողովի նախագահները հնարավորություն տան օրենքի նախագիծը ներկայացնի փոխնախագահը, որպեսզի մեր հասարակությունը նաև տեղյակ լինի,  մշտական հանձնաժողովի փոխնախագահը նաև հանձնաժողովի անդամ, այսինքն` Ազգային ժողովի կանոնակարգըլրիվ դա թույլ է տալիս, և եթե տեսնում եք, ես 8-րդ գումարման ժամանակ նաև այդ հնարավորությունը տալիս եմ Ազգային ժողովի փոխնախագահին` նիստեր վարելու ժամանակ: Կարող եք պայմանավորվել: Պարոն Գալստյան, Ձեզ տեղյակ չե՞ն պահել, որ ժամը 12-ին է: Ես հիմա Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Դո՞ւք եք ներկայացնում: Եվ խնդրում եմ մանրամասն ներկայացնեք, մեր ժողովուրդը որպեսզի տեղյակ լինի: Ինչքա՞ն է, ասենք, այդ գումարները իջեցնում, մեկը 3 անգամ, մեկը 2 անգամ: Մանրամասն դրա մասին ասեք, որպեսզի նաև տեղեկացված լինեն մինչև օրենքի ստորագրումը: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Սուրեն Գալստյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Այսպես` օրենքի 15-րդ հոդվածի 31-րդ կետում առաջարկվում են փոփոխություններ հանրային լայն շրջանակների միջին եկամուտների և բնակելի նշանակության անշարժ գույքի պետական գրանցման համար նախատեսված պետական տուրքի վճարների ընդունելի հարաբերակցությունն ապահովելու նպատակով: Բնակարանների, անհատական բնակելի տների, բնակելի կառուցապատման հողամասերի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված պետական տուրքի նվազագույն 30000 դրամի փոխարեն առաջարկվում է 10000 դրամ: Նույն գույքերի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքներ տրամադրելու համար նախատեսված պետական տուրքի նվազագույն 10000 դրամի փոխարեն առաջարկվում է 5000 դրամ: Վերոհիշյալ դեպքերում արագացված վարկերի համար օրենքով նախատեսված պետական տուրքի չափերը ևս համաչափորեն նվազում է: Օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է փոփոխություն պետական բյուջեի միջոցների ավելորդ շրջանառությունից խուսափելու նպատակով ԱՀ ազատվում է օրենքի 19-րդ հոդվածի 31-րդ կետով նախատեսված բոլոր 23 ենթակետերի դեպքում պետական տուրքի վճարումի գործով 14 ենթակետերով պետական տուրքի ազատման փոխարեն: Նույն հոդվածում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և դրանք իրավական և հարկային տարբերելու գործընթացը խթանելու նպատակով առաջարկվում է կատարել լրացում, ըստ որի մինչև 2021թ. հունվարի 1-ը ձեռք բերված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար սեփականատերը ևս ազատվում է պետական տուրքի վճարումից: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Գալստյան: Անցնում ենք հարցերին: Խնդրում եմ գրանցվել:

Հիմա առաջարկում եմ լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արթուր Հարությունյանին: Խնդրեմ:

Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ: Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Նույնպես առաջարկություններ չեն եղել և օրենքի նախագիծը 4 կողմ ձայների համամասնությամբ տրվել է դրական եզրակացություն: Առաջարկվում է կողմ քվեարկել նախագծին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրում եմ գրանցվել:

Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Կարող եք նստել: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել:

Այժմ, եթե եզրափակիչ ելույթի ցանկություն կա, խնդրեմ:

Իսկ հիմա քվեարկության է դրվում Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Երկրորդ հարցի քննարկումը ևս ավարտեցինք:

Որոշումն ընդունված է:

Անցնենք օրակարգի վերջին հարցի քննարկմանը: Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելու համար հրավիրում եմ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանին: Խնդրեմ:

Ժիրայր Միրզոյան - ԱԺ հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ: ԱԺ քննարկմանն եմ ներկայացնում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին գործող օրենքը Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման հարցը լուծում է օրենսդրական այնպիսի կարգավորմամբ, համաձայն որի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է կառավարության սահմանած կարգով և պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

Այսինքն՝ օրենքով ամրագրված կոնկրետ նպատակի համար ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որի հիմնական և միակ լիազորությունը մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման վերաբերյալ եզրակացության ներկայացումն է պաշտպանության նախարարին:

Ի սկզբանե, օրենսդրական մակարդակով ամրագրելով միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթը, օրենսդիրը ընդգծել է միջգերատեսչական հանձնաժողովի, որպես կոլեգիալ մարմնի, ներգրավվածության աստիճանի և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման հարցի լուծումը կոլեգիալ մարմնին վերապահելու կարևորությունը:

Ելնելով վերոհիշյալից՝ անհրաժեշտություն է առաջացել ամրագրել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման գործընթացում հանձնաժողովի եզրակացության իմպերատիվ բնույթը՝ նախատեսելով, որ այսուհետ Արցախի Հանրպետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ կարող է տրվել հանրապետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Գործնականում միջգերատեսչական հանձնաժողով են ներկայացվում նաև որոշման շրջանակներում չներառված, սակայն մարտական գործողություններին քաղաքացիների մասնակցությանը վերաբերող և կարգավորում պահանջող բազմաթիվ այլ դիմումներ, ինչի շնորհիվ անհրաժեշտություն է առաջացել օրենքով ամրագրել Արցախի Հանրապետության կառավարության հնարավորությունը՝ սահմանելու և հանձնաժողովին վերապահելու մի շարք այլ լիազորություններ ևս:

Հանձնաժողովում քննարկման ժամանակ առաջարկություն է եղել նաև 72-րդ հոդվածի 2-րդ մասում ավելի հստակ ընդգծել և կարգավորումը ավելի պարզ դարձնելու համար ավելացնել և այդ նպատակով ստեղծվող բառերը, ինչը ընդունվել է և կատարել համապատասխան լրացում: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլևս հանրապետական հանձնաժողովի կողմից տրվող տեղեկանքը պարտադիր հիմք կհանդիսանա Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցում և կկարգավորվեն մարտական գործողություններին քաղաքացիների մասնակցությանն առնչվող տարաբնույթ այլ հարցեր: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Միրզոյան: Եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան - Շնորհակալություն: Պարոն Միրզոյան, շատ ողջունելի է նման օրենքով սահմանել մեր զինծառայողներին մարտական գործողություններին մասնակցի կարգավիճակ տալը, բայց հարցս այլ է` օրենքի նախագծին չի վերաբերվում: Եթե հիմա չկարողանաք հարցին հստակ պատասխան տալ, կխնդրեի գրավոր տեղեկացնել: Օրենքի ո՞ր կետի համապատասխան է, որ պատգամավորի հարցումը պատասխանում են, որ պատգամավորին ինֆորմացիա տրամադրելը դա հրապարակայնացում է: Կա՞ նման օրենք, որ այդ հղումով պատգամավորին կառավարության անդամները պատասխան են տալիս:

Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն հարցի համար: Երկու տեսակի սահմանափակում գոյություն ունի` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին առաջին և անհատական տվյալների մասով և, 2-րդ մասով, կոնկրետ, ես չհասկացա թե ինչին է վերաբերվում պետական և ծառայողական գաղտնիքի՞ն, թե անհատակա՞ն տվյալներին: Պետական և ծառայողական գաղտնիքին հաղորդակցվելու համար սահմանված է օրենքով և ակտերով ընթացակարգ` պաշտոնյան ինչպե՞ս է ստանում թույլտվություն և ի՞նչ աստիճանի թույլտվություն, ինչպիսի՞ տեղեկություններին առնչվելու համար: Պատգամավորը չունի օրենքով սահմանված կարգով ստացած այդպիսի տեղեկություն, բնականաբար պետք է կառավարության անդամը այդպիսի տեղեկություններ, գաղտնիություն պարունակող տեղեկություններ տրամադրելը մերժի: Իսկ անհատական տվյալների մասին…

Դավիթ Գալստյան - Կներեք էլի, ընդհատեմ: Գաղտնիքի մասին չէր խոսքը.

պատգամավորի տեղեկություն տրամադրելը համարվում է հրապարակայնացու՞մ: Ասում են հրապարակման ենթակա չէ տեղեկատվությունը: Այսինքն, եթե տրամադրվում է պատգամավորին, դա կոչվում է հրապարակու՞մ:

Ժիրայր Միրզոյան - Այո, իհարկե: Եթե օրենքով սահմանված շրջանակը, տեղեկությունները գտնվելու շրջանակը, իսկ պատգամավորին տրամադրելը այդ շրջանակից դուրս է, այո, համարվում է հրապարակայնացում:

Դավիթ Գալստյան - Կխնդրեմ, օրենքի հոդվածի հղումով գրավոր պատասխանել:

Ժիրայր Միրզոյան - Շատ լավ:

 

Արթուր Թովմասյան - Եղավ, շատ բարի: Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Հարակից զեկուցման համար խոսքը տրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին: Խնդրեմ:

Սեյրան Հայրապետյան - Հարգելի գործընկերներ, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք նախագիծը ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Մենք անցնում ենք հարցերին: Կան հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրեմ: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել:

Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:

Քվեարկության է դրվում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Շնորհակալություն: Այսպես էլ պետք է լինի, ոչ թե այս կոմունիստական ընտրություն է, այլ այս բոլոր հինգ հարցերն էլ հրատապ հարցեր են: Մեր ժողովրդի համար է դա: Դրա համար ենք հետ կանչել բոլոր պատգամավորներին` արտահերթ նիստ անելու համար, որովհետև մի ամիս շուտ այս օրենքը ընդունելով ահագին օգուտ կտայինք, բոլոր խմբակցության պատգամավորների հետ միասին, մեր ժողովրդին: Շնորհակալություն չեմ ուզում հայտնել քվեարկության համար, ուղղակի, որ հարցեր չկա, մտքերի փոխանակություն չկա, դա խոսվում է, որ օրենքի նախագիծը համահունչ է այսօրվա իրողությանը, որին մենք փորձում ենք ընդդիմանալ: Ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ, եթե միևնույն հարցով մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ տարբեր շրջաններից, կլինեն բռնի տեղահանված, թե կլինեն քաղաքացիներ, նույն հարցը բարձրացնում են, ապա մենք պարտավոր ենք օրենքը տեքստ տալու, կամ եթե դրանք ծրագրերի անհրաժեշտություն են, ապա այդ ծրագրերը հաստատելու:

Հարգելի պատգամավորներ, հիշեցնեմ, որ Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագծի վերաբերյալ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման համաձայն՝ հայտարարվում է ընդմիջում մինչև ժամը 13:00:

2-րդ մաս

Արտեմ Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ: Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագծի վերաբերյալ «Արդարություն» կուսակցության կողմից առաջարկություն է ներկայացվել օրենքի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված «2021թ. հուլիսի 8-ը» ժամկետը փոխարինել «2021թ. օգոստոսի 6» ժամկետով: Առաջարկությունը ընդունված է: Առաջարկության վերաբերյալ առարկություններ չկան:

Արթուր Թովմասյան - Հարցեր տալու իրավունք ունենք: Շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Հայրապետյանը:

Սեյրան Հայրապետյան - Հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ, ներկաներ, Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ ընդունված Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծը:  Առաջին ընթերցումից հետո Արդարություն խմբակցության կողմից գրավոր առաջարկվել է  վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2021 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ: Առաջարկությունն ընդունվել է հեղինակի կողմից: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք նախագիծը ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Զբաղեցրեք ձեր տեղը:

Հիմա անցնում ենք մտքերի փոխանակության: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա:

Քվեարկության է դրվում ԱԺ որոշումը Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքն ընդունելու հարցը:

Քվեարկություն

Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա: 

Որոշումն ընդունված է:

Շնորհակալություն, այսքանով մենք ավարտում ենք արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Ցտեսություն: