Ընդունված է 2011թ. փետրվարի 17-ին
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-199 օրենքի (այսուհետ` օրենք ) 5-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, ոստիկանական մասնագիտությունների համար` առնվազն երեք տարվա.».
2) 6-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված և (կամ) դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողները կարող են մասնակցել պետական և համապատասխան մասնագիտություններով հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացիկ և (կամ) ամփոփիչ ատեստավորմանը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`
1)1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
2) 4-րդ մասը «հաշվառմամբ» բառից հետո լրացնել «` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի» բառերով.
3) 5-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կրթությունը ընդհատած նախկին սովորողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողական իրավունքները, բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման:».
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է ուսումնական հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդը:»:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում 4-րդ մասի 1-ին նախադասությունը «կնքվում է» բառից հետո լրացնել «մինչև» բառով:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին մասի՝
ա. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի հաստատումը.
8) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի սահմանումը.».
բ. 10-րդ կետում «որակավորումների» բառից հետո լրացնել «ընդհանրական բնութագրերի և» բառերով.
2) 2-րդ մասի`
ա. 1-ին կետի «չափորոշիչների մշակումն ու հաստատումը» բառերը փոխարինել «չափորոշիչների և որակավորումների բնութագրերի մշակումն ու հաստատումը` ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների» բառերով,
բ. 8-րդ կետի «հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի)» բառերը հանել.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով.
«9) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության և գիտելիքների գնահատման միասնական համակարգի ու սկզբունքների մշակումը.
10) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի հաստատումը.
11) բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության և մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգերի հաստատումը:»:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում 3-րդ մասի «2010» թիվը փոխարինել «2011» թվով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
4 մարտի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-6-Ն