Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին կոնվենցիան վավերացնելու մասին

Ն-3-03/476,ԱԺ-01-720,01.07.2021թ.,ԱՀ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վավերացնել Մոնտեվիդեո քաղաքում 1933 թվականին ստորագրված Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 1936 Ազգերի լիգա-Պայմանագրերի շարք

Կողմերն իրենց տեղին եւ պատշաճ կարգով սահմանված լիազորություններն ամբողջ ծավալով իրացնելուց հետո համաձայնության են եկել հետեւյալի շուրջ.

Հոդված 1.

Պետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է օժտված լինի հետեւյալ հատկանիշներով, ա) մշտական բնակչություն, բ) սահմանված տարածք, գ) կառավարություն, դ) այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողություն։

Հոդված 2.

Դաշնային պետությունը միջազգային իրավունքի բացառիկ սուբյեկտ է։

Հոդված 3.

Պետության՝ քաղաքական իմաստով գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից իրեն ճանաչելու հանգամանքից։ Նույնիսկ նախքան ճանաչումը պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը, ապահովելու իր պահպանությունն ու բարօրությունը եւ, հետեւաբար, ինքնակազմակերպվելու այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում, ինչպես նաեւ օրենսդրությունը մշակել՝ ելնելով իր շահերից, կառավարել իր ծառայություններն ու սահմանել իր դատարանների իրավազորությունն ու իրավասությունները։

Այս իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակվել այլ կերպ, քան միջազգային իրավունքի շրջանակներում այլ պետությունների իրավունքների իրականացմամբ։

 

Պետություններն իրավաբանորեն հավասար են, օգտվում են միեւնույն իրավունքներից եւ օժտված են այդ իրավունքներն իրականացնելու հավասար հնարավորություններով։ Յուրաքանչյուր պետության իրավունքի առկայությունը կախված է ոչ թե դրա իրականացումն ապահովելու համար իր ունեցած լիազորություններից, այլ միջազգային իրավունքի շրջանակներում իր՝ որպես իրավունքի սուբյեկտի զուտ գոյության փաստից։

Հոդված 5.

Պետությունների հիմնարար իրավունքները որեւէ կերպով ենթակա չեն որեւէ ազդեցության։

Հոդված 6.

Պետության ճանաչումը զատ ենթադրում է, որ իրեն ճանաչող պետությունն ընդունում է մեկ այլ պետության իրավասուբյեկտությունը՝ միջազգային իրավունքով սահմանված բոլոր իրավունքներով եւ պարտականություններով հանդերձ։ ճանաչումը կատարվում է անվերապահորեն եւ անդառնալիորեն։

Հոդված 7.

Պետության ճանաչումը կարող է կատարվել ուղղակիորեն կամ ավտոմատ կերպով։ Վերջինս կատարվում է ցանկացած այնպիսի գործողության արդյունքում, որը ենթադրում է նոր պետություն ճանաչելու մտադրություն։

Հոդված 8.

Ոչ մի պետություն իրավունք չունի միջամտելու որեւէ այլ պետության ներքին կամ արտաքին գործերին։

Պետության իրավազորությունն իր ազգային տարածքի սահմաններում տարածվում է դրա բոլոր բնակիչների վրա։

Քաղաքացիները եւ օտարերկրացիները հավասարապես պաշտպանված են օրենքով, եւ ազգային մարմիններն ու օտարերկրացիները չեն կարող հայցել քաղաքացիների համար սահմանված իրավունքներից տարբեր կամ ավելի ընդարձակ իրավունքներ։

Հոդված 10.

Պետությունների հիմնական շահը խաղաղության պահպանումն է։ Նրանց միջեւ ծագող ցանկացած բնույթի տարաձայնություն պետք է լուծվի ընդունված խաղաղ միջոցներով։

Հոդված 11.

            Պայմանավորվող պետությունները միանշանակորեն, որպես իրենց վարքագծի կանոն, սահմանում են այնպիսի տարածքային ձեռքբերումներ կամ հատուկ առավելություններ չճանաչելու պարտավորություն, որպիսիք ստացվում են ուժի գործադրմամբ՝ լինի դա զենքի օգտագործմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ սպառնախքի գործադրմամբ, թե հարկադրանքի որեւէ այլ գործուն միջոցով։

          Պետության տարածքն անձեռնմխելի է եւ չի կարող լինել ոչ ռազմական օկուպացիայի, ոչ էլ ուժի կիրառման այլ այնպիսի միջոցների առարկա, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կամ որեւէ շարժառիթով, նույնիսկ ժամանակավոր, սահմանվում են պետության կողմից։

 

            Սույն կոնվենցիան չի ազդում Բարձր պայմանավորվող կողմերի կողմից նախկինում միջազգային պայմանագրերով սւոանձնած պարւոավորությունների վրա։

Հոդված 13.

Բարձր պայմանավորվող կողմերը սույն կոնվենցիան վավերացնում են՝ իրենց համապատասխան սահմանադրական ընթացակարգերի համաձայն։ Ուրուգվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը վերոնշյալ վավերացման նպատակով նույնական հաստատված պատճեներն ուղարկում է կառավարություններ։ Վավերացման մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Վաշինգտոնում գտնվող Պանամերիկյան միության արխիվներ, որոնք ծանուցում են ստորագրող կառավարություններին նշված ի պահ հանձնման մասին։ Այդպիսի ծանուցումը ենթադրում է վավերագրերի փոխանակում։

Հոդված 14.

Սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում Բարձր պայմանավորվող կողմերի միջեւ՝ ըստ իրենց կողմից համապատասխան վավերագրերն ի պահ հանձնելու հերթականության։

Հոդված 15.

           Սույն կոնվենցիան գործում է անորոշ ժամկետով, սակայն Կողմը կարող է դուրս գալ դրանից Պանամերիկյան միությանը մեկ տարվա ընթացքում ծանուցում ուղարկելու միջոցով, որն էլ այն փոխանցում է մյուս ստորագրող կառավարություններին։ Այդ ժամկետի ավարտից հետո Կոնվենցիայի գործողությունը դադարում է դրանից դուրս եկած Կողմի համար, սակայն շարունակում է գործել մնացած Բարձր պայմանավորվող կողմերի համար։

   Սույն կոնվենցիան թաց է այն պետությունների կողմից դրա դրույթները պահպանելու եւ դրան միանալու համար, որոնք ստորագրող կողմ չեն համարվում։ Համապատասխան փաստաթղթերն ի պահ են հանձնվում Պանամերիկյան միության արխիվներ, որոնք դրանք փոխանցում են մյուս Բարձր պայմանավորվող կողմերին։

Թիվ 3802

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Առկա իրավիճակը, կարգավորման ենթակա ոլորտի սահմանումը. կարգավորման նպատակները

 

«Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան` ստորագրված 1933 թվականին Մոնտեվիդեոյում (այսուհետ` Կոնվենցիա) միջազգային սովորույթային իրավունքի մաս է և, մասնավորապես, ամրագրում է պետականությանը բնորոշող չափանիշները: Կոնվենցիան հիմնովին տարբերվում է ՄԱԿ-ի ստեղծումից հետո կազմված բազմակողմ միջազգային պայմանագրերից, որոնցում պետություն լինելը նախապայման է դրանց միանալու համար։  Ի տարբերություն մյուս բազմակողմ միջազգային պայմանագրերի, Կոնվենցիան սահմանում է «պետություն» հասկացությունը, որին համապատասխանելու դեպքում միավորը կարող է միանալ Կոնվենցիային։ Ըստ առաջին հոդվածի՝ պետության հիմնական հատկանիշներն են մշտական բնակչությունը, սահմանված տարածքը, կառավարությունը այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունը։  

Համաձայն Կոնվենցիայում նշված առաջին հատկանիշի, պետությունը պետք է ունենա մշտական բնակչություն: Արցախի Հանրապետությունում բնակչության թվաքանակը  Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2019 թվականի դրությամբ կազմում էր 148 800:

Կոնվենցիայում ամրագրված երկրորդ հատկանիշը սահմանված տարածքն է: Արցախի Հանրապետության տարածքը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը կազմում էր 11 458 կմ2: Պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքը զգալիորեն կրճատվել է:

Կոնվենցիայում ամրագրված երրորդ հատկանիշը կառավարության, կառավարման համակարգի առկայությունն է: Արցախի Հանրապետութանը անկախության հռչակման օրերից հաջողվել է կազմավորել կառավարման ճկուն համակարգ, որն արդյունավետ գործել է անկախության 30 տարիների ընթացքում, և շարունակում է գործել առ այսօր: Արցախի Հանրապետության Սահմանդրության 175-րդ հոդվածը ամրագրում է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

Կոնվենցիայում անկախության գաղափարը ներկայացված է այլ պետությունների հետ հարաբերությունների հաստատման կարողությամբ: Արցախի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով: Արցախի Հանրապետությունն ունի այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու համար բոլոր ինստիտուցիոնալ հիմքերը և պատկան կառույցները, ինքնուրույն է վարում իր արտաքին քաղաքականությունը։

Այսպիսով, Կոնվենցիայում ամրագրված միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի Հանրապետությունը բավարարում է Կոնվենցիայում պետությանը ամրագրված հատկանիշներին։

Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված է, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ  այլ պետությունների կողմից ճանաչման հետ: Հոդվածով սահմանված կարգավորումներին համապատասխան Արցախի Հանրապետությունը իրականացրել և իրականացնում է իր ամբողջականության և  անկախության պաշտպանությանը ուղղված քայլեր, ձևավորել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա հիմնված կառավարման համակարգ:

Կոնվենցիայի 3-րդ, ինչպես նաև 6-րդ և 7-րդ հոդվածների դրույթները հիմնված են պետությունների ճանաչման հռչակագրային տեսության վրա, համաձայն որի պետության միջազգային իրավասուբյեկտությունը կախված չէ այլ պետությունների կողմից ճանաչման հետ: Պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի ուժով ավելի վաղ կազմավորված պետությունները նոր կազմավորվածների նկատմամբ որևէ արտոնություններով օժտված չեն և չեն կարող նրանց օժտել միջազգային իրավունքներով և պարտականություններով: Նոր պետությունը իր կազմավորման ուժով միջազգային իրավունքի սուբյեկտ է, և ճանաչումը այս դեպքում իրավասահմանող նշանակություն չունի: Ճանաչված լինելու համար անհրաժեշտ և բավարար է լինել պետություն: Պետություն լինելու համար անհրաժեշտ և բավարար է համապատասխանել Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված չափանիշներին:

Ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ Արցախի Հանրապետության համար առկա են բոլոր իրավական նախադրյալները միանալ Կոնվենցիային, դրանով իսկ վերահաստատելով անկախ պետականություն ունենալու և անկախության համար պայքարը շարունակելու վճռականությունը։

 

2.

Ակնկալվող արդյունքը

 

Արցախի Հանրապետության՝ Կոնվենցիային միանալուց հետո Արցախի ԱԳՆ-ն, ըստ ընդունված ընթացակարգի, վավերագրերը կներկայացնի Կոնվենցիայի ավանդապահին՝ Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (նախկինում՝ Պանամերիկյան միություն), որն իր հերթին պետք է տեղեկացնի Կոնվենցիայի մյուս անդամ պետություններին՝ նոր պետության միանալու վերաբերյալ։ Այդ պետությունները, Արցախի Հանրապետության՝ Կոնվենցիային միանալու փաստը պարտավորված են ճանաչել համաձայն Կոնվենցիայի դրույթների, ինչը ենթադրում է, որ եթե այդ պետությունների կարծիքով Արցախի Հանրապետությունը համապատասխանում է Կոնվենցիայի առաջին հոդվածի պահանջներին, ապա Արցախի Հանրապետությունը իրավասու է միանալ Կոնվենցիային՝ որպես լիիրավ անդամ։

 

3.

Նախագծի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

 

Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Արցախի Հանրապետության Նախագահն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր, իսկ 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացմամբ միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4.

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված

ինստիտուտները և անձինք

 

Օրենքի նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության երկկողմ քաղաքական վարչության խորհրդական Անի Սարգսյանի կողմից:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                                    Դ. ԲԱԲԱՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅՈՒՄ 1933 ԹՎԱԿԱՆԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ  ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԵՐԻ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

 

Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյում 1933 թվականին ստորագրված կոնվենցիայի վերաբերյալ Արցախի Հանրապետությունը չունի վերապահում, հայտարարություն, ինչպես նաև կոնվենցիան արդեն իսկ ստորագրած մյուս կողմերի վերապահումների, հայտարարությունների դեմ առարկություն:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                             Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆ