ԼՈՒՐԵՐ
Քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով
06 հուլիսի 2021

Հուլիսի 6-ին Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը   ներկա էր  նախարար Հայկ Խանումյանը :

Արցախի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը:

Նա նախ անդրադարձավ 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ ծրագրին, որը նախատեսվում է կազմակերպել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում:

Ծրագրի նպատակը ՏՏ ոլորտում աշխատուժի ստեղծումն ու մասնագետներին աշխատանքով ապահովելն է: Պետական ֆինանասավորմամբ նախատեսվում է մասնագիտական դասընթացների կազմակերպում, գրասենյակների կահավորում, աշխատանքային պայմանների ստեղծում: Համապատասխան ընկերությունների հետ պայմանագրերով էլ մասնագիտացում ստացածները աշխատանքով կապահովվեն:

Մինչև հիմա կառավարությունը ֆինանսավորում էր կրթական գործընթացը, առաջարկվող ծրագրով նաև աշխատանքի հարցն է լուծվում: Ծրագրի համար պետական բյուջեով նախատեսված 50 մլն. դրամը պլանավորում են վերադարձնել հարկերի տեսքով:

Պատգամավորները հարցադրումներ ուղղեցին ծրագրի արդյունավետության, ծախսված գումարների վերադարձման ժամկետների ու մեխանիզմների, ռազմարադյունաբերության ոլորտում հնարավոր ներդրումների վերաբերյալ:

Քննարկվեցին նաև Արցախում ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր:

 

ԼՈՒՐԵՐ