Ընդունված է 2006թ. մարտի 22-ին
Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի երկրորդից չորրորդ և վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բնակարան` բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք (շինություն).
ոչ բնակելի տարածք` շենքում կամ շինությունում ֆիզիկական անձանց բնակության համար չնախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք (շինություն).
բազմաբնակարան շենք` շենք, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև.».
«բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականություն` հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին և արտահայտվում է կոտորակով:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար է իրեն պատկանող` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին և արտահայտվում է կոտորակով.»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Կառուցվող բազմաբնակարան շենքում` մինչև սահմանված կարգով շահագործման ակտի ձևակերպումը, սեփականատերն իրավունք ունի վաճառելու, նվիրելու, փոխանակելու, գրավ դնելու բնակարանը` բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի հետ միասին, ինչպես նաև այն կարող է նաև փոխանցվել համապարփակ իրավահաջորդության կարգով : Շահագործման ակտի ձևակերպումից հետո հողամասը կարող է օտարվել միասին:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» կետով.
«ի) ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, սույն օրենքով սահմանված կարգով ապահովում է լիազորված անձանց մուտքը շենքի փակ բնակարաններ և այդ բնակարաններում առկա գույքի պահպանությունը:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տեղական ինքնակառավարման մարմինը, որպես շենքի կառավարման մարմին, իրավունք ունի իրականացնելու միայն սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«է», «ժա»- «ժէ» և «ի» կետերով նախատեսված լիազորությունները:» :
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 221 -րդ հոդվածով.
« Հոդված 221 . Բազմաբնակարան շենքի փակ բնակարաններ մուտք գործելը
1.Ծայրահեղ անհրաժեշտության` ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, գազամատակարարման, շենքի ընդհանուր այլ ցանցերի վթարների և օրենքով սահմանված այլ դեպքերում լիազորված անձինք կարող են մուտք գործել բազմաբնակարան շենքի ժամանակավորապես կամ անորոշ ժամկետով փակ բնակարաններ, եթե վթարների անհապաղ չվերացումը կարող է վնաս պատճառել այլ անձանց կյանքին, առողջությանը և գույքին, իսկ վթարների կանխումը և վերացումն անհնար է իրականացնել առանց փակ բնակարանը մուտք գործելու:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում շենքի փակ բնակարաններ մուտք գործելու իրավունք ունեն (լիազորված անձինք են) ոստիկանության աշխատակիցը (աշխատակիցները), դատախազության աշխատակիցը, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի, վթարները վերացնող և շենքի ընդհանուր ցանցերը սպասարկող (այդ ցանցերով ծառայություններ մատուցող) կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ ֆիզիկական անձինք:
Սույն մասում նշված անձինք փակ բնակարան կարող են մուտք գործել միայն ոստիկանության աշխատակցի (աշխատակիցների) հետ:
Փակ բնակարաններ մուտք գործելու և համապատասխան աշխատանքներ (գործողություններ) իրականացնելու ընթացքում ընթերականների (առնվազն երկուսի) ներկայությունը պարտադիր է:
Փակ բնակարան մուտք գործելուց առաջ և հետո պետք է կատարվի փակ բնակարանի այն հատվածի գույքի լրիվ կամ մասնակի գույքագրում, որը կապված է վթարի վերացման հետ: Գույքագրման արդյունքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրում են փակ բնակարանը մուտք գործած բոլոր անձինք : Արձանագրությունների պատճենները պետք է հանձնվեն բնակարանի սեփականատիրոջը կամ օգտագործման իրավունք ունեցող այլ անձի:
Արգելվում է մուտք գործել բնակարանի այլ հատվածներ, օգտվել բնակարանում գտնվող գույքից, կապի և այլ միջոցներից, էլեկտրաէներգիայի սնուցման կետերից, եթե դա պայմանավորված չէ վթարի վերացման անհրաժեշտությամբ:
3. Վթարների վերացումից և (կամ) անհրաժեշտ գործողությունների իրականացումից հետո բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ներկայացուցիչն ապահովում է փակ բնակարանի մուտքի դռան, վթարների վերացման և փակ բնակարանը մուտք գործելու նպատակով բնակարանի վնասված մասերի վերանորոգումը` կատարված ծախսերը բնակարանի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից օրենքով սահմանված կարգով փոխհատուցելու պայմանով: Վթարները վերացնելուց (վերանորոգումից) հետո բնակարանի բանալիներն ի պահ են տրվում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին` ոստիկանության և բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կնիքներով կնքված փակ ծրարով, որն առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում է փակ բնակարանի սեփականատիրոջը (վարձակալի) կամ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող այլ անձի:
Փակ բնակարանի մուտքի դռան, վթարների վերացման և փակ բնակարան մուտք գործելու նպատակով բնակարանի վնասված մասերի վերանորոգման հետ կապված ծախսերն այդ բնակարանի սեփականատերը (վարձակալը) երկամսյա ժամկետում փոխհատուցում է լիազորված անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված համապատասխան արձանագրությամբ նախատեսված չափերով: Եթե վթարի առաջացման մեջ կա այլ մեղավոր անձ, ապա փակ բնակարանի մուտքի դռան, վթարների վերացման և փակ բնակարան մուտք գործելու նպատակով բնակարանի վնասված մասերի վերանորոգման հետ կապված ծախսերը փոխհատուցում է այդ անձը: Փոխհատուցման չափը կարող է բողոքարկվել դատական կարգով:
4. Բազմաբնակարան շենքի փակ բնակարաններում վթարների կանխարգելման կամ վերացման, ինչպես նաև փակ բնակարան մուտք գործելու հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման օրենքով սահմանված կարգով:
5. Փակ բնակարաններ մուտք գործող անձինք բնակարան մուտք գործելիս և համապատասխան աշխատանքներ (գործողություններ) կատարելիս պարտավոր են պաշտպանել փակ բնակարանի սեփականատիրոջ (վարձակալի) օրինաչափ շահերը և բնակարանում գտնվող գույքի հետ վարվել անհրաժեշտ հոգատարությամբ ու զգուշությամբ:»:
Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
19 ապրիլի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 275