ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով ՀՀ-ում է
06 հունիսի 2021

Այսօր՝ հունիսի 6-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։

«Նրանց արյամբ է երիզվել Արցախի Հանրապետության սահմանները, նրաց շնորհիվ այսօր ամուր կանգնած ենք մեր հողին և հանուն նրանց պետք է ապրենք ու խաղաղ պայմաններում փորձենք վերականգնել մեր հայրենիքը»,- ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ իր զորակցությունն ու ցավակցությունը հայտնելով զոհված զինծառայողների հարազատներին։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանը:

ԼՈՒՐԵՐ