ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 3-ՐԴ  ՆՍՏԱՇՐՋԱՆ

2021Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

 

 

ժԱՄԸ   11:00

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

       Նիստին  ներկա են  29  պատգամավորներ, բացակա՝  4-ը: Նիստը  վարում է  ԱԺ  նախագահ  Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սույն թվականի ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:  

Առաջարկվել է 2021թ. ապրիլի 16-ին, ժամը 11.00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված հետևյալ հարցերը.

 1)   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»    օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,

2«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Օրակարգային հարցերը ս.թ. ապրիլի 15-ին քննարկվել են խորհրդարանի գլխադասային հանձնաժողովներում և համապատասխան եզրակացություններով այսօր պատրաստ ենք դրանք արտահերթ նիստում ներկայացնելու, ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին և խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Գրանցման արդյունքներով ներկա են 29   պատգամավորներ, բացակա` 4-ը:

Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:

Հարգելի գործընկերներ, այժմ սկսենք վերը նշված  նախագծերի քննարկումը:  

        «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը   Արցախի Հանրապետության  նախագահի կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը, խնդրեմ: Պարոն Քոչարյան:

 Կամո Քոչարյան - ԱՀ ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  

Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը Արցախում և դրա հետ պայմանավորված ԱՀ զինված ուժերի անձնակազմի համալրելու անհրաժեշտությունը` առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը նախատեսող 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, նույն հոդվածի 4-րդ մասում և պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը նախատեսող 57-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում կատարել հետևյալ փոփոխությունները:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նախատեսվող փոփոխությամբ հնարավորություն կտրվի ԱՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, գործող օրենքի համաձայն սահմանային տարիքը նախատեսված է 40 տարեկանում: Նույն հոդվածի 4-րդ մասում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է փոփոխել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափերը`

     1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար` 45 տարեկանի փոխարեն սահմանել 55 տարեկան.

       2)   կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար մինչև 48 տարեկանի փոխարեն` 57 տարեկան.

          3)    ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար մինչև 50 տարեկանի փոխարեն` 59 տարեկան.

         4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար մինչև 55 տարեկանի փոխարեն` 61 տարեկան.

     5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-գնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար մինչև 60 տարեկանի փոխարեն` 63 տարեկան, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ- գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար` սահմանային տարիքը թողնել անփոփոխ` 65 տարեկան:

         Եվ հաշվի առնելով, որ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքները անմիջական կապի մեջ են գտնվում զինված ուժերը պահեստազորայինների համակարգի հետ և այն, որ զինծառայողը չի կարող զինվորական ծառայության մեջ գտնվել ավելի բարձր տարիքում, քան նախատեսված է պահեստազորում հաշվառման համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ նախատեսել նաև օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում` համաչափ բարձրացնելով պահեստազորայինների սահմանային տարիքը, համաձայն որի պահեստազորի 1-ին խմբում կհաշվառվեն`

       1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները` մինչև 55 տարեկանը` գործող 48-ի փոխարեն.

      2)  կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները` մինչև 57 տարեկանը` 50-ի փոխարեն.

      3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները` մինչև 59 տարեկանը` 55-ի փոխարեն.

      4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները` մինչև 61 տարեկանը` 58-ի փոխարեն:

         Իսկ պահեստազորի 2-րդ խմբում կհաշվառվեն`

         1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները` մինչև 56 տարեկանը` 50-ի փոխարեն.

        2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները` մինչև 58 տարեկանը` 52-ի փոխարեն.

        3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները` մինչև 63 տարեկանը` 58-ի փոխարեն.

       4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները` մինչև 65 տարեկանը` 60-ի փոխարեն:

Այսքանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Քոչարյան: Մենք անցնում ենք հարցերին:  Հարցեր կա՞ն պարոն Քոչարյանին:

Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան - Հանրությունից ստացված մտահոգությունները կուզեի ստանալ: Երեկ ես իմ հարցի պատասխանը ստացել եմ, բայց հանրությունն էլ թող իմանա: Այս օրենքի ընդունմամբ 20 տարի զինծառայողը թոշակի կարողանում է անցնել անկախ տարիքից:

Կամո Քոչարյան - Այո:

Դավիթ Գալստյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Քոչարյան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Հարակից զեկուցման համար խոսքը տրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Սեյրան Հայրապետյանին: Խնդրեմ:

   Սեյրան Հայրապետյան - Հարգելի գործընկերներ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք նախագիծը ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Մենք անցնում ենք հարցերին: Կա՞ն հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրեմ: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակություն:  Եթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել:

Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:

Այժմ քվեարկության է դրվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 29, դեմ`  չկա,   ձեռնպահ`  չկա:

Որոշումն ընդունված է:

Այժմ անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար դարձյալ հրավիրվում է Արցախի Հանրապետության  նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը: Խնդրեմ, պարոն Քոչարյան:

 Կամո Քոչարյան -  ԱՀ ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման  մասին» օրենքի  41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետով պահանջատիրոջը հնարավորություն է տրված կատարողական թերթը վերադարձնելու և կատարողական վարույթն ավարտելու մասին դիմում ներկայացնել, իսկ 42-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` հրաժարվել կատարողական թերթի պահանջների կատարումից: ԱՀ հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված` պահանջատերերը, այդ թվում պետական մարմինները,  պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձինք, բանկերը և վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել որոշ խմբի պարտապաններին (օրինակ` զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների) պարտավորությունները: Մինչդեռ հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերում պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, որի դեպքում գանձվում են կատարողական գործողությունների կատարման ծախսեր:

Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն` «Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով, կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից դատական կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից»: Ուստի, առկա կարգավորմամբ պահանջատերը, այդ թվում` պետական մարմինները, պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձինք, բանկը և վարկային կազմակերպությունը, ռազմական դրության իրավական ռեժիմով և որոշակի հանգամանքներով պայմանավորված, եթե ներում կամ ֆինանսական աջակցություն  է ցուցաբերում պարտապանի պարտավորությունը, ապա կատարողական ծախսերը գանձվում են  պահանջատիրոջից: Գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու դեպքում կատարողական ծախսերը չգանձելու իրավական հիմքեր սահմանված չեն: Օրինագծով առաջարկվում է փոփոխություն և լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում` նպատակ ունենալով օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթները ավարտվելու կամ կարճվելու դեպքերում կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը:

Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել, եթե կատարողական վարույթը ավարտվել է 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի հիմքով կամ կարճվել է 42-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով պատական մարմինների, պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց, բանկերի, վարկային կազմակերպությունների դիմումի հիման վրա, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում: Միաժամանակ սահմանվում է, որ կատարողական վարույթի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի հիմքով ավարտելու դեպքում պարտապանի գույքի վրա դրված արգելանքը, բացառությամբ դրամական միջոցների, պահպանվում է մինչև պահանջատիրոջ կողմից գույքը արգելանքից հանելու վերաբերյալ դիմում ներկայացնելը:

Լրացուցիչ նշեմ, որ սույն թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրինագիծը քննարկելիս անդամների կողմից հնչեցվել է առաջարկություն, որն ընդունվել  և ընդգրկվել է օրինագծի մեջ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Քոչարյան: Անցնում ենք հարցերին: Խնդրում եմ գրանցվել:

Հիմա առաջարկում եմ լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը  նախագծի վերաբերյալ: Խոսքը տրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանին: Խնդրեմ:

Սևակ Աղաջանյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և 4 կողմ ձայների հարաբերակցությամբ տրվել է դրական եզրակացություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Աղաջանյան: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին` խնդրում եմ գրանցվել:

Շնորհակալություն, պարոն Աղաջանյան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Պարոն Մոսիյանի առաջարկը ընդունվել է պարոն Քոչարյանի կողմից, այսինքն, արդարադատության նախարարի տեղակալի կողմից: Այսօր, եթե ասենք այս միաձայն օրենքի նախագծերը անցնում է, սա ի շահ մեր ժողովրդի` իրողություններից ելնելով: Լավ կյանքից չի, որ այս օրենքում այսպիսի փոփոխություններ է կատարվել և 1-ին օրենքում, և այս օրենքում: Դրա համար ասեմ, որ ձայների մեծամասնությամբ այս օրենքի ընդունումը դա բոլոր խմբակցությունների կողմից, նաև 2-ում Դաշնակցության կողմից ընդունված առաջարկը ավելի լավացրեց օրենքի նախագիծը:

 Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել:

Այժմ, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն կա, խնդրեմ:

Իսկ հիմա քվեարկության է դրվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 29, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

     Որոշումն ընդունված է:

     Ավարտեցինք օրակարգի վերջին հարցի  քննարկումը:

Շնորհակալություն, այսքանով մենք ավարտում ենք արտահերթ նիստի  աշխատանքները:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Ցտեսություն: