ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2021Թ. ՄԱՐՏԻ 25-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 32 պատգամավորներ, բացակա՝ մեկը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյանը - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան աշխատանքներ են տարվել օրենսդրական նախաձեռնությունների մասով և պատրաստ ենք սկսելու Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքները:
Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Գրանցման արդյունքներով` ներկա են 31 պատգամավորներ, բացակա` 1- ը:
Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Գագիկ Բաղունց - Նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա ներառված է 3 հարց, երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություններ, դրանք 5-ն են:
Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, երեկ արդեն պայմանավորվել ենք, որ հարց ու պատասխանի ժամանակ և, եթե տեղում հնարավոր է նստաշրջանի օրակարգը ներկայացրած, ապա տեղից` նաև հարց ու պատասխանը, բայց նաև և հարց ու պատասխանի ժամանակ, և նստաշրջանի, և նիստի օրակարգի հարցերը ցանկության դեպքում, եթե ավելի շատ հարցեր կառաջանան, կարելի է նաև օգտագործած այս բարձր ամբիոնը: Մենք հաշվի ենք առել բոլոր խմբակցությունների առաջարկը այդ ուղղությամբ:
ԱԺ կանոնակարգ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ներառել պարտադիր քննարկման հետևյալ հարցերը.
1 «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին»,
2 «Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին»,
ԱԺ կանոնակարգ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ներկայացված հետևյալ հարցերը.
1) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
2) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
3) «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»
4) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
2-րդ հարց
1) «Բնակչության պետական ռեգիստրի մասին»
2) «Հանրային ծառայությունների համարանիշի մասին»
3) «Նույնականացման քարտերի մասին»
4) «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»
5) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
6) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
7) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»:
Առաջին ընթերցում.
3 «Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»
- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»
5. «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և 2-րդ կետը
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
6. «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»:
Ի՞նչ առաջարկություններ կան:
Նստաշրջանի օրակարգի նախագծի 1-ին բաժնում պարտադիր քննարկման ենթակա ներառված է 3 հարց: 2-րդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություններ, դրանք 5-ն են:
Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ, եթե չէ՝ հաստատենք ու անցնենք առաջ: Հարցեր կա՞ն: Չկան:
Եթե հարցեր չկան` քվեարկության է ներկայացվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի 2021 թվականի մարտի 25-ի նիստի օրակարգում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Գագիկ Բաղունց - Հիմա անցնենք այսօրվա նիստի օրակարգին: Այստեղ որպես պարտադիր քննարկման ենթակա հարցեր ներառված են` «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին», «Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին» հարցերը և առաջին ընթերցմամբ ընդունված մեկ փաթեթ:
Արթուր Թովմասյան - Հիմա անցնենք այսօրվա նիստի օրակարգին: Այստեղ որպես պարտադիր քննարկման ենթակա հարցերը ներառված են «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին», «Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին» հարցերը և առաջին ընթերցմամբ ընդունված մեկ փաթեթ`
1) «Միջազգային պայմանագրերի մասին», որն ունի 22 առանձին կետ:
Իմաստ կա՞ առանձին առանձին քննարկենք, որովհետև 1-ին ընթերցման ժամանակ դրանց մասին խոսել ենք:
Այդ նախագծերի փաթեթն է: Այնուհետև ներառվել են գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հետևյալ օրենքների նախագծերի փաթեթները.
1) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»
2) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
3) «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»
4) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և
1 «Բնակչության պետական ռեգիստրի մասին»,
2 «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին» և այն կետերը, որոնք նստաշրջանի օրակարգում մտցրել ենք, որոնց դուք կողմ եք քննարկել:Իմաստ կա՞ դրանք նորից ընթերցել: Օրակարգային հարցերից են նաև
«Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ինչպես նաև «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Պատգամավորների հայտարարություններ:
Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի հետ կապված: Եթե հարցեր չկան, քվեարկության է ներկայացվում «ԱՀ Ազգային ժողովի 2021թ. մարտի 25-ին նիստի օրակարգի մասին մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք «Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին» հարցին: Առաջնորդվում ենք «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 121-րդ հոդվածով, որի համաձայն պաշտոնում ընտրվելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկելիս մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, հաջորդը՝ մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուն: Ելույթից հետո թեկնածուին ներկայացվող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել պատգամավորների կողմից, այնուհետև` մտքերի փոխանակություն և մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներ:
Այժմ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Սևակ Աղաջանյանին: Խնդրեմ:
Սևակ Աղաջանյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ կետի` «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության կողմից ՄԻՊ թեկնածու է առաջադրվել պարոն Գեղամ Գարիի Ստեփանյանը:
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի` ներկայացվել են պահանջվող բոլոր փաստաթղթերը, որոնք նախապես տրամադրվել են նաև ԱԺ բոլոր պատգամավորներին:
Ս.թ. մարտի 23-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է պարոն Ստեփանյանի` ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը և 3 կողմ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ առաջարկվել ԱՀ ՄԻՊ պաշտոնում ընտրել պարոն Գեղամ Գարիի Ստեփանյանին: Այժմ ներկայացնեմ նաև պարոն Ստեփանյանի կենսագրությունը:
Ծնվել է 1991թ. հուլիսի 22-ին, ԱՀ Ստեփանակերտ քաղաքում: 1998-2008թթ. սովորել է Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 2008թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը, որն ավարտել է 2014թ.-ին: 2009-2011թ. ծառայել է ԱՀ պաշտպանության բանակում: 2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում: 2016թ. «Հակամարտությունների կառավարման նախաձեռնության» արցախյան թիմի անդամ, 2016թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մայիս ամիսը աշխատել է ԱՀ ԱԺ որպես ԱԺ նախագահի օգնական: 2016-2019թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում: 2020թ. սեպտեմբերից աշխատում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես գործադիր քարտուղար` աշխատակազմի ղեկավար:
Ամուսնացած չէ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Ես ունեմ հարց: Պարոն Աղաջանյան, քանի որ կանոնակարգով դուք պետք է ներկայացնեք ԱԺ նիստում, դուք պիտի բարձրաձայնեիք նաև այն մասին, թե ո՞ր խմբակցությունն է առաջարկել Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը: Հետո ես մտքերի փոխանակության ժամանակ կխոսեմ այդ մասին:
Եթե հարցեր ունեք Սևակ Աղաջանյանին` խնդրում եմ գրանցվել: Գրանցում:
Պարոն Աղաջանյան, այնքան հստակ չեք ասել, պետք է կանգ առնեիք, թե որ խմբակցությունն է առաջարկել: Մտքերի փոխանակության ժամանակ ես կասեմ:
Շնորհակալություն, պարոն Աղաջանյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:
Այժմ հրավիրվում է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Գեղամ Գարիի Ստեփանյանը: Խնդրեմ, պարոն Ստեփանյան.
Գեղամ Ստեփանյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ:
ԱՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված է` «ԱՀ մարդը բարձրագույն արժեք է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Սահմանադրական այս պարզագույն ամրագրման և բովանդակալից գաղափարի հիմքում ընկած է արցախցու` տասնամյակների հասնող տանջալի և մաքառող պայքարը: Այո, ԱՀ և նրա ժողովրդի պատմությունը պայքար է հանուն մարդու իրավունքների և ազատությունների և այդ շարքում ամենակարևորի` կյանքի իրավունքի պաշտպանության: Ցավոք, այս հարցում մենք հաճախ ենք մնացել միայնակ, սակայն չենք ընկրկել և շարունակել ենք մեր պայքարը հանուն պատմական արդարության, հանուն մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության: Մեր հիմնարար իրավունքներին և ազատություններին տեր կանգնելու ճանապարհին ամենավերջին փորձությունը 2020թ. սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան էր, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և Արցախի ժողովրդի դեմ իրագործված բազմաթիվ պատերազմական հանցագործություններով: Պետք է նշենք, որ գրեթե բոլոր դեպքերում մեր ժողովրդի դեմ իրականացվող հանցագործություններին պատշաճ արձագանք չի եղել: Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար պայքարից, հակառակը` առավել մեծ եռանդով և նվիրվածությամբ պետք է համատեղենք մեր ջանքերը միջազգային փաստաթղթերով համամարդկային հռչակված իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու և դրանք անհիմն շահարկումներից զերծ պահելու ուղղությամբ:
Հարգելի գործընկերներ, Մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական և բարոյական առաջնահերթություններից է:
Մարդու իրավունքների պաշտպանությունն այն հիմնարար սկզբունքներից է, որոնց շնորհիվ ձևավորվում է պատշաճ վերաբերմունք պետության, օրենքի, հասարակական կարգի նկատմամբ և երաշխավորվում է իրավունքների պաշտպանության ինստիտուտների զարգացածությունն ու վերջիններիս փոխգործակցությունը:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական, նպատակաուղղված և համակարգված քաղաքականության իրականացումն այն կարևորագույն գործիքն է, որ ի զորու է ամրապնդելու ԱՀ պետականությունը: Այս համատեքստում ուզում եմ կարևորել 2008թ. Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնումը և առիթն օգտագործելով, արժանին մատուցել ԱՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին` Արցախում մարդու իրավունքների մշակույթի զարգացման, իրավունքի պաշտպանության մեխանիզմների կատարելագործման գործում ունեցած ավանդի համար:
Հարգելի պատգամավորներ: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ձեր վստահության քվեն ստանալու դեպքում իմ անելիքները ընդգրկելու են երկու հիմնական ուղղություններ:
Առաջին. որպես անկախ պաշտոնատար անձ հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստել խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, ինչպես նաև իրավունքներին ու ազատություններին առնչվող օրենսդրության կատարելագործմանը:
Թեև նախորդող տարիների ընթացքում այս ուղղությամբ ձեռնարկվել են քայլեր, սակայն 44-օրյա պատերազմը նոր մարտահրավերներ է առաջ բերել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության բնագավառում: Ստեղծված հումանիտար աղետի պայմաններում աննախադեպ բարձր է մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների խախտումների ռիսկայնությունը: Այս իրավիճակում առավել մեծ ջանքեր և սրտացավ աշխատանք է պահանջվում` կանգնելու յուրաքանչյուր քաղաքացու կողքին և անհատական խնդիրների ուսումնասիրության և համակարգային լուծումներ առաջարկելու ճանապարհով ապահովելու նրանց իրավունքների պաշտպանությունը:
Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված` առավել մեծ ուշադրություն պետք է հատկացվի խոցելի խմբերի` երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, տեղահանված անձանց, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը: Նրանց խնդիրներին ծանոթանալու և իրավունքների խախտումները բացառելու նպատակով խիստ կարևոր եմ համարում մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման գործառույթի շրջանակներում կազմակերպվող պարբերաբար հարդիպումները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից որոշակի քայլեր արդեն իսկ իրականացվել են, սակայն կասկածից վեր է, որ դրանք պետք է շարունակվեն առավել ակտիվ և թիրախային կերպով:
Մարդու իրավունքների պաշտպանը իր օրենսդրական լիազորությունների շրջանակներում պարտավոր է գործուն միջամտություն ունենալ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման գործում: Ներկա իրավիճակում համապատասխան պայմաններով ապահովված քրեակատարողական հիմնարկի, քննչական մեկուսարանի բացակայությունը որոշակիորեն սահմանափակում է դատապարտյալների և կալանավորված անձանց որոշ իրավունքներ և խիստ անհրաժեշտություն է ամենակարճ ժամկետում խնդրին տալ համապատասխան լուծում:
Պատերազմի ծանր օրերին հստակ գիտակցելով իր առաքելությունը` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է փաստահավաք առաքելություն, որի ընթացքում հավաքագրված տվյալներն ամփոփվել են ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ և Արցախի ժողովրդի տարբեր իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի քան մեկ տասնյակ զեկույցներում ներկայացվել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան համայնքին: Հետպատերազմյան իրողություններով պայմանավորված` առանձնակի կարևորություն ունի փաստահավաք առաքելության շարունակությունը, որի շրջանակներում պետք է շարունակվի ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների, քաղաքացիական անձանց սպանությունների, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, զեկույցների հրապարակումը և միջազգային համապատասխան մարմիններին ներկայացումը: ՄԻՊ կառույցը շարունակելու է նաև գերիների և անհայտ կորած անձանց վերաբերյալ բաց աղբյուրներից և հարազատներից ստացվող տվյալների հավաքագրման և դրանք լիազոր մարմիններին տրամադրելու իր օժանդակող գործառույթը:
Իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանի սերտ համագործակցությունը իրավապաշտպան համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական կառավարման մարմինների հետ: Այստեղ կցանկանայի հատուկ ընդգծել ԱԺ` որպես երկրի ներկայացուցչական մարմնի հետ մշտական ու հետևողական համագործակցությունը, որը պետք է արտահայտվի ոչ միայն օրենքով սահմանված ժամկետներում տարեկան հաղորդման ներկայացման միջոցով, այլ նաև խորհրդարանականների հետ տարբեր նախագծերի շուրջ պարբերաբար քննարկումների, քաղաքացիների անհատական բողոքներում բարձրաձայնվող խնդիրների և դրանց լուծումների շուրջ մտքերի փոխանակման ձևաչափով:
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից գործուն և համընդգրկուն միջոցառումներ պետք է ձեռնարկվեն հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ, որոնք միտված կլինեն մարդու իրավունքների և դրանց պաշտպանության եղանակների մասին հանրային իրազեկության բարձրացմանը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև լայն հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսմանը: Այս բնագավառում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը ապահովելու համար կայուն համագործակցություն պետք է հաստատվի կրթության հաստատությունների և լրագրողական հակայնքի հետ` նրա բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտացմամբ ուսանողների մասնակցությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում իմ գործունեության հաջորդ ուղղությունը լինելու է համագործակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, սփյուռքյան կառույցների և միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների հետ:
Հատկապես կարևորում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը լավագույնս արտահայտվել է 44-օրյա պատերազմի ընթացքում երկու կառույցների կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների ընթացքում հավաքագրվող տեղեկատվության փոխանակման, համատեղ զեկույցների պատրաստման ու հրապարակման և դրանք միջազգային կազմակերպություններին հասանելի դարձնելու տեսքով: Տեղեկության համար նշեմ, որ պատերազմի ընթացքում երկու կառուցների կողմից հրապարակվել են համատեղ 3 բաց և 6 փակ զեկույցներ: Այսօր էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անմիջական ուշադրության տակ են գտնվում ՀՀ ապաստանած ԱՀ տեղահանված բնակչության խնդիրները և Պաշտպանը օպերատիվ կերպով արձագանքում է մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերին` այդ մասին տեղեկացնելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը:
Արցախի ժողովրդի խախտված իրավունքների և հումանիտար աղետի հետևանքների վերացումը պահանջում է համահայկական ջանքերի կենտրոնացում և 1-ին հերթին` սփյուռքյան կառույցների հետ համակարգված աշխատանք` մասնավորապես` Հայ դատի գրասենյակների, Հայ բարեգործական ընդհանուր միության, Թուֆենկյան հիմնադրամի և Սփյուռքում ակտիվ գործունեություն ծավալող այլ կառույցների և անհատների հետ: Սփյուռքի հետ համագործակցության մեծ ներուժը այս հարցում ակներև է դարձել մանավանդ պատերազմի ընթացքում, երբ աշխարհի տարբեր ծայրերից հայ իրավաբաններ, հանրային գործիչներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ կապվում էին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ և առաջարկում իրենց աջակցությունը: Ձևավորված մեծ պոտենցիալը առավել մեծ արդյունավետությամբ պետք է օգտագործվի հետայսու ևս` ապահովելու համար Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունն ու խախտված իրավունքների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացումը: Այս բնագավառում այսօր էլ տարվում են ընթացիկ աշխատանքներ, մասնավորապես` ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ընդգրկված են ամերիկյան հայ իրավաբանական համայնքի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքներին:
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորման առաջին իսկ տարիներից գործուն հարաբերություններ են հաստատվել միջազգային գործընկերների հետ: Այս համատեքստում հիշատակման է արժանի, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի անդամ և հենց այդ ինստիտուտն այն քիչ կազմակերպություններից էր, որ Արցախի ժողովրդի դեմ իրագործված և այսօր էլ շարունակվող ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների խախտումները և պահանջելով նրանց շուտափույթ վերադարձը հայրենիք:
Միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը պետք է ընդգրկի Արցախի վերաբերյալ միջազգային ծրագրերին Արցախի ներգրավվածության թեմաները, ինչը հնարավորություն կընձեռի հաղթահարելու ադրբեջանական մեկուսացումը և կնպաստի տեղում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների կատարելագործմանը:
Հարգելի խորհրդարանականներ:
Իմ ելույթում հնարավորինս հակիրճ փորձեցի անդրադառնալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ անելիքներին, որոնք, ընտրվելու դեպքում, իրականացնելու եմ` ղեկավարվելով իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ թեկնածությունը համարում եմ ցուցաբերված բարձր վստահության և ձեր կողմից ընտրվելու դեպքում ինձ վրա դրված մեծ պատասխանատվության և պարտավորության չափաբաժին, որը պատշաճ կերպով չիրականացնելու իրավունքը ուղղակի չունեմ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Հարցե՞ր: Արևիկ Պետրոսյան, խնդրեմ:
Արևիկ Պետրոսյան - Պարոն Ստեփանյան, ես այս հարցը ուղղել եմ նաև պարոն Բեգլարյանին` հաշվետվության ժամանակ: Քանի որ ձեր ելույթում չհնչեց այս հարցի շուրջ որևէ տեսակետ, ես ուզում եմ կրկնել: Հարցս վերաբերվում է Սումգայիթից, Բաքվից, Ադրբեջանի այլ քաղաքներից և բնակավայրերից մեր հայրենակիցների խորշտանգումներին, բռնի վտարումներին, որոնք հետագայում չեն ստացել փախստականի կարգավիճակ: Նույնիսկ անիմաստ, ինչ-որ մի բացատրությամբ, համենայնդեպս, ինձ այդպես են ասել, իբր թե, եթե իրենք ստանային փախստականի կարգավիճակ, ապա կլքեին ԼՂ տարածքը, դրա համար իրենց դա չեն տվել: Բայց փաստորեն անվանել են «հայրենադարձ» ինչ-որ սահմանումով, որը չի համապատասխանել երբևէ իրականությանը, և այդ մարդիկ հիմա էլ բողոքում են: Մինչև 44-օրյա պատերազմը այդ հարցը բարձրացվել է, բայց դուք նշեցիք, որ նոր իրողություն է, սակայն չե՞ք գտնում, որ դա ևս կարևոր հարց է և ի՞նչ եք նախատեսում այս ուղղությամբ:
Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն հարցի համար: Տիկին Պետրոսյան, հարցին տեղյակ եմ նաև Արցախի ՄԻՊ գրասենյակի կողմից համագործակցություն կա այդ մարդկանց շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ: Խնդիրներին ավելի համապարփակ ծանոթանալու և թիրախային լուծումներ առաջարկելու համար ես առաջարկելու եմ հանդիպում այդ մարդկանց հետ, որպեսզի հասկանանք, ինչ ճանապարհով պետք է գնանք և ինչպիսի լուծումներ պետք է առաջարկել նրանց:
Արթուր Թովմասյան - Արձագանքու՞մ եք: Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:
Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել:
Գագիկ Բաղունց - Մտքերի փոխանակության համար խոսքը տրվում է պարոն Թովմասյանին:
Արթուր Թովմասյան - Արցախի նորօրյա խորհրդարանական այս պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ որ ամենափոքր խմբակցությունը որևէ թափուր պաշտոնի համար թեկնածու է առաջադրում, եթե չկա այդ փոքր խմբակցության և մեծ, իշխող կուսակցության, խմբակցության միջև գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններ: Ոչ գրավոր կա, ոչ` բանավոր ԱԺԿ-ի հետ: Եթե հիշում եք ես բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել: Հանդուրժողականություն և համերաշխություն հասկացություն ասելով ես ինչ եմ հասկանում: 2021թ. հունվարից «Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ նիստի ժամանակ ասել ենք, որ եկեք դաշտը բաց թողենք, որովհետև և խորհրդարանի նիստերի ժամանակ, և ընդդիմության պատգամավորները դժգոհում էին, որ միայն «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքն է թեկնածուներ առաջադրում թափուր պաշտոնների համար: Այս առումով ես խմբակցության ղեկավարին և ձեզ հետ եկանք այն եզրակացության` զրուցելու ժամանակ, որ և Մարդու իրավունքների պաշտպանի, և Հաշվեքննիչ պալատի անդամի, այս երկու թափուր տեղերի համար մենք չենք առաջադրելու և բաց ենք թողել այդ կառուցողական դաշտը: ԱԺԿ խմբակցությունը օգտվել է իր իրավունքից` առաջադրել Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը: Հաշվեքննիչ պալատի թեկնածուի համար, որ 2-րդ անգամ ելույթ չունենամ մտքերի փոխանակության համար, «Միասնական Հայրենիքը» առաջարկել է պարոն Մարգարյանի թեկնածությունը: Մենք քննարկել ենք, հանդիպումներ ենք ունեցել այդ թեկնածուների հետ և ասեմ, որ լավ տպավորություններ եմ ստացել և հարցերի պատասխանների ժամանակ, և ինչպես են պատկերացնում իրենք իրենց հետագա աշխատանքը այդ պաշտոնում: Արդյոք մենք ձևակա՞ն ենք բաց թողել այդ դաշտը, արդյոք մենք կառուցողակա՞ն ենք: Դա ցույց կտա քվեարկության արդյունքները: Եթե ամեն ինչ եղավ դրական, ապա իմ երազած համերաշխություն, հանդուրժողականություն մթնոլորտը Արցախում կա: Սա ճնշում չի իմ խմբակցության պատգամավորների վրա, սա նա է` կամ թեկնածու պիտի առաջադրեինք, կամ, եթե չենք առաջադրել, մենք համերաշխ, հանդուրժող չենք: Չենք առաջադրել, պետք է հիմնավորենք ինչի՞ն ենք դեմ. անգրագե՞տ է թեկնածուն, չի՞ համապատասխանում, գիտելիքնե՞ր չունի: Ասեմ, որ ինձ վրա 2 թեկնածուներն էլ, որ մյուս թեկնածուի ժամանակ էլ ելույթ չունենամ, դրական տպավորություն են թողել: Եվ հաջողություն եմ ցանկանում:
Հիմա կանոնակարգի պահանջներին համապատասխան պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Կարծում եմ պայմանները, պահանջները հայտնի են, այժմ հայտարարվում է գաղտնի քվեարկություն:
Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Քիչ առաջ ավարտեցինք Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գաղտնի քվեարկությունը և այժմ ես հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, արձանագրություն համար 14-ով ԱՀ ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնաժողովի ԱԺ հաշվիչ հանձնախումբը արձանագրում է. ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու համար առաջարկվել է Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը, ում անունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 31 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, հաշվիչ հանձնախումբը պարզեց. քվեատուփում առկա է 31 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել մեկը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Կողմ` 22, դեմ` 8:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան:
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով Ազգային ժողովը որոշում է Գեղամ Ստեփանյանին ընտրել Մարդու իրավունքների պաշտպան:
Մարդու իրավունքների պաշտպանը, մեր պրակտիկանտներն այստեղ են, 3/5 է ընտրվում` 20 ձայնով: Ինքը հավաքել է 22 ձայն:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն Պաշտպանն իր պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված երդմամբ: Այժմ երդման արարողության համար հրավիրում ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին:
Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն, ցուցաբերված վստահության համար: Ակնկալում եմ Մարդու իրավունքների պաշտոնում իմ գործունեության ընթացքում շատ սերտ համագործակցություն օրենսդիր մարմնի հետ: Հիմա անցնեմ երդմանը.
«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը` երդվում եմ, հավատարիմ լինելով ԱՀ Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորների, անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ եմ ցանկանում ձեզ և անձնական կյանքում, և հետագա աշխատանքներում:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին հարցին: Դարձյալ առաջնորդվում ենք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 121-րդ հոդվածով, որին քիչ առաջ անդրադարձել ենք Պաշտպան ընտրելիս:
Այժմ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Հարությունյանին: Խնդրեմ:
Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ: ԱԺ Կանոնակարգ օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Միասնական Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրված Հրայր Կառլենի Մարգարյանի թեկնածությունը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի 6 անդամներից նիստին մասնակցում էին 4 անդամ, և 3 կողմ ձայներով Հրայր Մարգարյանի թեկնածությունը ներկայացվել է ԱԺ հերթական նիստում քննարկելու համար: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք պարոն Հարությունյանին` խնդրում եմ գրանցվել: Գրանցում:
Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:
Այժմ հրավիրվում է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Հրայր Կառլենի Մարգարյանը: Խնդրեմ, պարոն Մարգարյան:
Հրայր Մարգարյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ և հրավիրվածներ, որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու, սիրով և խորին հարգանքով ողջունում եմ Ձեզ և ուզում եմ մի փոքր ներկայացնել իմ անցած աշխատանքային գործունեության և ընտրվելու դեպքում հետագա անելիքների մասին:
Ավարտելով Արցախի պետական համալսարանն իրավաբանի որակումով, անցել եմ զինվորական պարտադիր ծառայության: Վերջինիս ավարտից հետո աշխատանքի եմ անցել ԱՀ պետական եկամուտների կոմիտեում նախկինում` հարկային պետական ծառայությանում, որպես հարկային ծառայող: Աշխատանքային մոտ 16 տարիներին աշխատել եմ նույն հիմնարկում տարբեր պաշտոններում: Այժմ աշխատում եմ օպերատիվ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնում:
Աշխատանքային գործունեության ընթացքում գիտակցել եմ կառույցի ու մասնավորապես իմ զբաղեցրած պաշտոնի կարևորությունը և արել եմ ամեն ինչ, ինձանից կախվածը պետական շահի պաշտպանության հարցում:
Ուսումնասիրելով «ԱՀ օրենքը Հաշվեքննիչ պալատի մասին» գիտակցում եմ պալատի անդամի իրավասություններն ու լիազորությունները:
Ընտրվելու դեպքում իմ գործունեությունը կկազմակերպեմ այնպես, որ այն ծառայի ինչպես հիմնարկի շահերի, այնպես էլ պետական և համայնքային բյուջեների ֆինանսական միջոցների օգտագործման օրինականության պահպանմանը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մարգարյան: Հարցեր, պարոն Մարգարյանին: Չկան:
Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Գալստյան, խնդրեմ:
Աղմկում են դահլիճում:
Դավիթ Գալստյան - Հարգելի գործընկերներ, ինչպես նախորդ Հաշվեքննիչ պալատի անդամ և նախագահ ընտրելու ժամանակ հայտարարել էինք, որ հաջորդ ընտրությունները լինելու է առևտրի արդյունքում ներկայացված թեկնածու, ևս մեկ անգամ փաստվեց մեր ասածները: Եվ այսօր ես համոզված եմ, որ ոչ թե քվեարկելու ենք պարոն Մարգարյանին, որին, երևի դահլիճում ներկայացվածներից ամենալավը ես եմ ճանաչում, և ոչ թե իր մասնագիտական որակների քվեարկություն է գնալու, այլ առևտրի արդյունքում ստացված նշանակում է լինելու: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Եթե կա եզրափակիչ ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել: Շնորհակալություն:
Հիմա կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Կարծում եմ պայմանները, պահանջները հայտնի են, այժմ հայտարարվում է գաղտնի քվեարկություն:
Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Քիչ առաջ ավարտեցինք Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը և, այժմ ես հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ: Արձանագրություն համար 14 ԱՀ ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնախումբ առ. 25 մարտի 2021թ.: ԱԺ հաշվիչ հանձնախումբը արձանագրում է.
ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվելու համար առաջարկվել է Հրայր Մարգարյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 31 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, Հաշվիչ հանձնախումբը պարզեց` քվեատուփում առկա է 31 քվեաթերթիկ, անվավեր` չկա: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Կողմ` 24, դեմ` 7, ձեռնպահ` չկա:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Հաշվի առնելով քվեարկության արդյունքները, հրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին:
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով Ազգային ժողովը որոշում է Հրայր Մարգարյանին ընտրել Հաշվեքննիչ պալատի անդամ (լիազորությունների ժամկետը` 6 տարի): Պարոն Մարգարյան, խնդրեմ:
Հրայր Մարգարյան - Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Հնարավորինս կաշխատեմ արդարացնել ձեր բոլորի հույսերը և աշխատել պետական շահի պաշտպանության համար: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Պարոն Մարգարյան, ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորների, աշխատակազմի, անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու, նշանակվելու կապակցությամբ: Հաջողություններ ձեզ և անձնական կյանքում, և հետագա ձեր աշխատանքներում: Ընտրությունները վերջացրինք, քիչ հետո արդեն մոտիկանում է ընդմիջումը: Առաջարկում եմ ընդմիջում մինչև ժամը մեկը:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, այժմ շարունակում ենք մեր աշխատանքները: Առաջին ընթերցմամբ ընդունված «Միջազգային պայմանագրերի մասին» և դրա հետ միասին 21 օրենքների նախագծերի փոփոխություն մտցնելու փաթեթը որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու ԱՀ նախագահի ներկայացուցիչ, ԱԳՆ պարոն Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Դուք գիտեք, որ այդ փաթեթը, որը մենք ներկայացրել ենք, իսկապես մեծ կարևորություն ունի մեր երկրի համար և արտաքին քաղաքականության, արդյունավետ իրականացման համար: Ուզում եմ նախ և առաջ, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել, որ քննարկել եք և նույնիսկ երեկ մենք 2-րդ ընթերցմամբ նույնպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպեցինք: Տեղի ունեցան շատ լավ, երբեմն, իհարկե սուր քննարկումներ, բայց ես միշտ էլ նման քննարկումները արժևորել եմ: Եվ ակնկալում եմ, որ վերջնական ձեր դրական պատասխանը կլինի այսօր, ինչը բխում է մեր ընդհանուր շահերից: 1-ին հերթին, բնական է, դրականորեն կազդի արտաքին քաղաքականության վարման վրա: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն զեկուցողին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ առաջարկությունների հեղինակները: Քանի որ առաջարկություններ չեն եղել, ուստի հարցեր չեն տրվում:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ պարոն Մարսել Պետրոսյանը: Խնդրեմ, պարոն Պետրոսյան:
Մարսել Պետրոսյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Տեղի է ունեցել երեկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը: Քանի որ 1-ին ընթերցումից հետո ընկած ժամանակահատվածում պատգամավորների կամ խմբակցությունների կողմից որևէ առաջարկ չի ստացվել, վերստին քննարկվել է փաթեթը և դրական եզրակացության են հանգել նիստի մասնակիցները. 4 կողմ և առաջարկություն է եղել փաթեթը ներկայացնել ԱԺ նիստի քննարկմանը: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Պետրոսյան:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն, եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել:
Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ:
Այժմ քվեարկության է դրվում «Միջազգային պայմանագրերի մասին» և դրա հետ կապված օրենքները ընդունելու մասին հարցը: Անցնենք քվեարկության:
Քվեարկություն:
Կողմ` 29, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է: Խնդրեմ, պարոն Բաբայան:
Դավիթ Բաբայան - (Չի լսվում)
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Բաբայան:
Անցնենք օրակարգի մյուս հարցին: Այն է` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ոստիկանության պետ պարոն Արտեմ Հարությունյանը:
Արտեմ Հարությունյան - ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ և Կառավարության անդամներ: Ձեր քննարկման եմ ներկայացնում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:
Գործող օրենսդրությունը որպես իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար:
Մասնավորապես.
1 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում`
- մի շարք հասկացություններ հստակ չեն և չեն համապատասխանում ներկայիս պահանջներին, իսկ որոշ հասկացություններ ընդհանրապես սահմանված չեն,
- հստակ սահմանված չեն տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը, տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշները հանելու միջոցով արգելելու ընթացակարգը բավականին բարդ է և դժվար իրականացվող, ինչի պատճառով գործնականում գրեթե չի կիրառվում,
- ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների պարտականությունները հստակ սահմանված չեն, բացի այդ, առկա է հակասություններ ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ, ինչի արդյունքում նույնիսկ շատ նվազ նյութական հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո (հատկապես` Ստեփանակերտ քաղաքում) վարորդները ստիպված են լինում բավականին երկար սպասել պատահարներիի վայրում` առաջացնելով խցանումներ,
- վարորդական վկայականներ տալու, փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի (այդ թվում` ԱՀ օտարերկրյա վարորդական վկայականի) գործունեությունը վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն,
- մասնավորապես Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշներ հատկացնելու, ինչպես նաև դրանք վարելու համար, վարորդական վկայական ունենալու պահանջ սահմանված չէ: Այսինքն, ըստ էության, մոպեդները հաշվառման համարանիշներ չունենալու պատճառով դուրս են մնում երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով օգտագործվող սարքերի տեսադաշտից, ինչը նաև չկա վերահսկողություն մոպեդ վարող անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կանոններին տիրապետելու հանգամանքի նկատմամբ,
- հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները հստակեցված չեն, սահմանված չէ, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,
- հեծանվորդների ու մոպեդների վարորդների և լծասայլերի երթևեկության, ինչպես նաև բեռնակիր և հեծկան կենդանիներին և անասուններին քշելու վերաբերյալ մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն:
- «Պետական տուրքի մասին» օրենքի մի շարք հասկացություններ («ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական») չեն համապատասխանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:
Քրեական օրենսգրքով սահմանված չեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ, 128-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված իրավախախտումները մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի բարեփոխումների նպատակով ներկայացվող օրինագծերի փաթեթով նախատեսվում է վերանայել և նվազեցնել մի խումբ վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքներ, սակայն գոյություն ունեն մի շարք զանցակազմեր, որոնց համար նախատեսված տուգանքների մեղմացումը թույլ չի տա արդյունավետորեն իրականացնել այդ իրավախախտումների կանխարգելումն ու դրանք կատարած անձանց ուղղումը: Այդ իրավախախտումների կանխարգելմանն ու իրավախախտում կատարած անձանց ուղղմանը հնարավոր չէ հասնել նաև վարչական պատասխանատվության ավելի խիստ միջոցների կիրառմամբ (օրինակ` վարորդական իրավունքի կասեցում կամ զրկում): Ընդ որում, վերոնշյալ առավել վտանգավոր իրավախախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ դրանց ոչ արդյունավետ կանխարգելումն ինքնին կարող է նպաստել այլ իրավախախտումների կատարմանը: Օրինակ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կարող է նպաստել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտմանը: Բացի այդ, նման իրավախախտումներն աչքի են ընկնում վարորդի առավել հանդգնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների չարամտորեն խախտմամբ, ուստի` նշված արարքներն անհրաժեշտ է քրեականացնել` դրանց համար սահմանել համաչափ պատիժներ:
Նշված խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է գործող օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում`
- սահմանված հասկացությունները հստակեցնել և համապատասխանեցնել ներկայիս պահանջներին, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ,
- առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,
- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվություն վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշները հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը` հաշվառման վկայագիրը վերացնելու միջոցով արգելելու ընթացակարգ,
- հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պատահականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները,
- կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, նաև վարորդական վկայականի (այդ թվում` ԱՀ օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները,
- սահմանել մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու հաշվառման համարանիշներ հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ` վարորդական վկայական ունենալու պահանջ,
- հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները` սահմանելով, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,
- կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների և լծասայլերի երթևեկության, ինչպես նաև բեռնակիր և հեծկան կենդանիներին և անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները,
- օրենքի 13,1 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հստակեցնելով այն անձանց շրջանակը, ովքեր իրավասու կլինեն օգտվելու համապատասխան տեղեկատվական բազաներից:
«Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ կետերում և 20-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործվող «ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական» հասկացությունները համապատասխանեցնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:
«Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ընդունումով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ ու 128-րդ հոդվածի 1-ին մասերով (կրկին կատարելու դեպքում) նախատեսված իրավախախտումները քրեականացվում են:
ԱՀ քրեաիրավական քաղաքականության միտումները ցույց են տալիս, որ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի առավել 11 վտանգավոր վարչական իրավախախտումների քրեականացման դեպքեր արդեն արձանագրվել են: Այսպես, 2016թ. փետրվարի 24-ի օրենքով քրեական օրենսգիրքը լրացվել է 254,1 հոդվածով, որով քրեականացվել է մինչ այդ վարչական իրավախախտումներ համարվող և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126 հոդվածի 8-րդ և 128 հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հետևյալ արարքները` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, այդ անձի կողմից սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը: Վերջին երկու արարքի հանրային վտանգավորության աստիճանի օրենսդրական վերագնահատման արդյունքում դրա համար նախատեսվել է նաև ազատազրկում` 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 254,1 հոդվածը պատասխանատվություն է սահմանում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու համար:
Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Աղաբեկյան, խնդրեմ:
Էդուվարդ Աղաբեկյան - Ընդհանուր ճանապարհային տրանսպորտային այդ խախտումներում ինչքա՞ն է տեսակարար կշիռը կամ եթե կարելի է բացարձակ թվերով ալկոհոլի օգտագործման դեպքերը:
Արտեմ Հարությունյան - Կոնկրետ տեսակարար կշիռը ներկա պահին չկա հաշվառված, սակայն հետպատերազմյան շրջանում ալկոհոլային խմիչքներ օգտագործելու դեպքերը տրանսպորտային միջոցների բավականին աճել են: Առաջին եռամսյակի ընթացքում պարզ կդառնա այդ թվերը:
Էդվարդ Աղաբեկյան - Այսինքն, առանց պարզ դառնալու միանգամից քրեականացնու՞մ եք: Մահացության մեջ պատճառը, ալկոհոլի օգտագործումը, մահացության ելքով վթարների կամ այլ աշխատանքներ հասարակական, հանրային ահագին վերականգնողական աշխատանքներ ունենք, որ կարելի է այդ ոլորտում, այդ 2-ից 6 ամիսը այնտեղ աշխատել: Չգիտեմ, սանմաքրման ծառայություններում աշխատեցնել, քան տանել առավել ևս, որ նման պայմաններ էլ չկան: Ես բացարձակ թիվը հարցրեցի, որ իմանանք: Եթե մենք չունենք պայմաններ, դա՞ քրեականացնում ենք, որտեղ ենք պահելու: Կամ այդ ճանապարհային խցանման պարագայում պահում ենք մինչև, չգիտեմ ով պետք է գա: Դժվար է վերևից նկարել ու ասել. «ցրվեք»: Սաղ աշխարհն էլ միանգամից վերևից նկարում են և` վերջ:
Արտեմ Հարությունյան - Առաջարկվող օրենքով նաև կարգավորվում է տրանսպորտային միջոցների երթևեկության հետ կապված: Կարգավորում է վարորդների պարտականությունները նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում և վարորդները կարող են ինքնուրույն ապահովագրական ընկերությանը օրենքների համաձայն, ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարը` սահմանված փաստաթղթերի համաձայն և լքել դեպքի վայրը: Սա տվյալ օրենքով, նախագծով նախատեսված է: Այդ հարաբերությունները կարգավորված են: Իսկ ինչ վերաբերվում է քրեականացման վերաբերյալ, նախքան քրեականացվելը 200-300 տուգանքի չափով պատասխանատվություն է նախատեսված կամ 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով այն անձանց նկատմամբ, ովքեր մեկ տարվա ընթացքում կրկին կատարել են տվյալ արարքը:
Էդուվարդ Աղաբեկյան - Ստեփանակերտում դեպքեր են կատարվում, չգիտես ինչու, 2-րդ շարքում շատ հնարավոր է անցնել, անմիջապես ճանապարհության ոստիկանության հետ, անգամ մի քանի մետր էլ հեռու:
Արտեմ Հարությունյան - Պարոն Աղաբեկյան, բոլոր միջոցները ձեռնարկվում է ճանապարհային երթևեկության կանոնները ապահովելու ուղղությամբ:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Եթե ուրիշ հարցեր չկա, ապա խնդրում եմ, պարոն Հարությունյան, զբաղեցրեք ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
Սեյրան Հայրապետյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ, ներկաներ: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր մասին փաթեթը քննարկվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք նախագծերը ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն, եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել:
Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ.
Այժմ քվեարկության է դրվում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 28, դեմ` չկա, ձեռնպահ` 1:
Որոշումն ընդունված է:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ.
Օրակարգի հաջորդ հարցն է`
«Բնակչության պետական ռեգիստրի մասին»,
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին»,
«Նույնականացման քարտերի մասին»,
«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ոստիկանության պետ պարոն Արտեմ Հարությունյանը:
Արտեմ Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ: Ձեր քննարկման եմ ներկայացնում «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Վարչարարության ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ և կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է այսպես կոչված «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:
Օրենքների նախագծերի նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական հարաբերությունների զարգացման և ազգային օրենսդրության մեջ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում գործող օրենսդրությունն այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու հանգամանքով:
Նախագծերում առաջարկվում է հետևյալ հասարակական հարաբերությունների կարգավորում` նույնականացման քարտ տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում օրենքով սահմանված կարգով անձնական հաշվառման (գրանցման) տվյալների մշակման և ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները, դրա հետ միաժամանակ սահմանվելու են հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձևավորման և հատկացման կարգը:
«Նույնականացման քարտերի մասին» ԱՀ օրենքի նախագծով քարտը նախատեսվելու է ԱՀ տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ: Քարտերի գործողության ժամկետը սահմանվելու է 10 տարի: Քարտին ամրակցված տեխնիկական մասը քաղաքացուն հնարավորություն է տալու նույնականացնել տվյալների էլեկտրոնային բազաներում և կիրառել սեփական էլեկտրոնային ստորագրությունը: Օրենքի ընդունման արդյունքում` տվյալների էլեկտրոնային պահոցով քարտեր ներդնելիս քաղաքացիական շրջանառության ոլորտում հանրային ծառայություններ մատուցելիս անհատական տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացը զգալիորեն կպարզեցվի, որը կհանգեցնի հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի ընդունմամբ կապահովվի ԱՀ բնակիչների ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի` ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը, կսահմանվեն ռեգիստրի ստեղծման ու վարման հիմնական սկզբունքները և ռեգիստրի կառուցվածքը, մշակվող անձնական տվյալները, դրանց կուտակման աղբյուրները և այլն:
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ԱՀ օրենքի նախագծի համաձայն համարանիշը ձևավորվելու է ըստ սոցիալական քարտերի ձևավորման ձևաչափի` քաղաքացիների օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների (սեռ, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) հիման վրա: Համարանիշը համարվելու է եզակի և չի ենթարկվելու փոփոխման: Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվելու է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:
Նույնականացման քարտ տրամադրելու համար կսահմանվի պետական տուրք` 3 000 ՀՀ դրամի չափով: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
Սեյրան Հայրապետյան - Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ, ներկաներ:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի մասին, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի մասին, «Նույնականացման քարտերի մասին» օրենքի մասին նախագիծը, «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր փաթեթը քննարկվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք փաթեթը ընդունել առաջին ընթերցմամբ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հայրապետյան:
Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն, եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել:
Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ.
Այժմ քվեարկության է դրվում «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Օրակարգով նախատեսված մեր հաջորդ հարցը «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Լուսինե Ղարախանյանը:
Լուսինե Ղարախանյան - Հարգարժան նախագահ ԱԺ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Կորոնավիրուսի COVID-19 համավարակով պայմանավորված, նաև մի շարք իրավական ձևակերպումների անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշ լրացումներ և փոփոխություններ կատարելու կարիք է առաջացել: Հանրակրթության մասին օրենքում նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացմամբ ներմուծվում են հեռավար /դիստանցիոն/ կրթություն և կրեդիտային համակարգ հասկացությունները և 6-րդ հոդվածով լրացվում է հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները հեռավար կրթություն, կրեդիտային համակարգի կազմակերպման կարգերը սահմանելու համար: Կրեդիտային համակարգ կներդրվի միայն միջնակարգ կրթության 3-րդ աստիճանում` ավագ դպրոցում:
Նախագծի 3-րդ և 5-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններով առաջնահերթություններ են սահմանվում սովորողների ընդունելության ժամանակ և սահմանում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը մենք չունենք: Մենք ունենք նորմատիվ հրամանով ամրագրված համակարգ, որով ընդհանուր կոնցեպտի մեջ դրվել է ուսումնական գործընթացից դուրս մնացած երեխաների ուսուցման կազմակերպման հարցերը, սակայն դրանք բավարար ու կոնկրետացված չեն: Օրենքի ընդունումից հետո կմշակվի համապատասխան կարգ:
Խմբագրվել է «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասը, համաձայն որի դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց` հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի շրջանակներում: Մինչ այդ դա լիազոր մարմնի կողմից մշակված հարցարանն էր, որով ընտրվում էր տնօրենը:
- Լրացվել է Հանրակրթության մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, համաձայն որի սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: Սա պայմանավորված է դպրոցական շենքային պայմանների դեֆիցիտով, որով ասենք Հեքիմյանից երեխաներ բերում էին 1-ին դպրոց և շենքային պայմանների, և մի շարք այլ հարցերի: Դրա համար այս փոփոխությունը արվել է, որպեսզի բալանսը պահվի:
- Հանրակրթության մասին օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանվել է «և կրթության ձևը» բառերը: Քանի որ մենք չունենք այլընտրանքային կրթության ձևեր, ուստի այս ձևակերպումը անհրաժեշտ է եղել հանել:
- Հանրակրթության մասին օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում 16-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի սկզբունքներն ու մեթոդաբանությունը կսահմանվի լիազոր մարմնի կողմից մշակված կարգերով: Առայսօր դա կատարվել է 2 նախարարությունների` ֆինանսների և Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համատեղ հրամաններով:
Հանրակրթության մասին օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում 24-րդ կետի «հանրապետական» բառից հետո ավելացվել են «և դպրոցական» բառերը: Խոսքը առարկայական օլիմպիադաների մասին է, որը պետք է համապատասխանեցվի ՀՀ օլիմպիադաների կազմակերպման սկզբունքներին: Այսինքն այնտեղ 3 փուլով են երեխաները մրցում, հասնում հանրապետական փուլ, մեզ մոտ` 4:
- Նույն հոդվածի 1-ին մասի 25,4 ենթակետով կսահմանվի ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և կհաստատվի դրանց լրացման /գործածման/ կարգերը: Ցավոք սրտի, մի շարք փաստաթղթեր լրացվում են չսահմանված կարգերով և օրենքի ընդունումից հետո արդեն կսկսենք մշակել այդ կարգերը` փաստաթղթերի լրացմամբ:
- 25,5 ենթակետով սահմանվում են «Տարվա լավագույները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջներն ու անցկացման կարգերը:
- 25,6 ենթակետը սահմանում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը: Ի դեպ, սեպտեմբերի սկզբին մենք անցնում ենք պիլոտային կարգով` 20 դպրոցներում երկարօրյա կրթության համակարգի և կարգը արդեն մշակված է, կսկսի քննարկման դրվել, երբ օրենքը ընդունվի:
- 25,7 ենթակետով վերապահվում է ԱՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների, նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատումը:
- Եվ օրենքի 38-րդ հոդվածում 5-րդ մասի «2020» թիվը փոխարինվել է «2023» թվով: Խոսքը միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների մասին է, որոնց թիվը 2012թ. 475-ից նվազել է մինչև 72-ը: Նրանց մեծ մասը, ի դեպ, Քաշաթաղի շրջանի, Շահումյանի շրջանի, Հադրութի ուսուցիչներ են, և երևի այսքանը:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, տիկին Ղարախանյան:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Գալստյան, խնդրեմ:
Դավիթ Գալստյան - Ճիշտն ասած, ողջունելի է երկարօրյա կրթությունը, սակայն մենք, որ պետական բյուջեի նախագծում ընդունելիս չընդհատվող կրթությունը նույն հասկացողություններն է շատ քիչ տարբերությամբ` չի ընդունվել: Պետական բյուջեում համապատասխան հոդվածներն ունենք, որ անցնենք երկարօրյա կրթության, թե էլի բյուջեում փոփոխություններ պետք է կատարվեն:
Լուսինե Ղարախանյան - Ոչ, շարունակական կրթության մասին առաջարկությունը, որ արվել է ձեր կուսակցության կողմից, դա լրիվ հակառակ բան է երկարօրյա կրթությանը, բացարձակապես կապ չունի իրար հետ: Շարունակական կրթությունը դա հանրակրթական ընդհանուր ծրագրից հետո կազմակերպվող կրթությունն է, մեծամասամբ ուսումնասիրությունն է մեծահասակների, հիմնականում: Դրան ինչու ենք մերժել, որովհետև մենք չունեինք հստակ միջավայր, հստակ համակազմ և գործիքակազմ, որպեսզի մենք կազմակերպեինք: Իսկ սա կրթության որակը փոխող երկարօրյա ուսուցում է և սոցիալական, դրական ազդեցություն ունեցող ծրագիր է: Դրանք իրար համեմատելու բաներ չեն: Եվ ֆինանսական կողմը մեզ աջակցում է Հայաստանի կառավարությունը, իսկ սենյակները, ճաշասենյակները և ճաշարանները, և պահեստները, այսինքն մուդուլային սենյակները կառուցվելու են դոնորների միջոցով: 20 դպրոցներում այդ սենյակների նախագծերն ու պլանավորումները արել են և հայտնի են արդեն այդ 20 դպրոցները:
Գագիկ Բաղունց - Արձագանքու՞մ եք, պարոն Գալստյան:
Դավիթ Գալստյան - «Շարունակական» չէր մեր ներկայացրածը: Մեր ներկայացրածը չընդհատվողն էր: Նույն, որ երեխաները դասից հետո դպրոցում վերապատրաստվեին նույն ձևի ճաշարանում, որ ասում եք լրիվ հակառակ երևույթ է: Մեզ ճիշտ չեք հասկացել: Մենք չընդհատվող կրթության մասին էինք ասում, ոչ թե շարունակական: Չընդհատվող կրթությունը նույն երկարօրյան է` շատ քիչ տարբերություններով: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցեր չկան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Արամ Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, «Հանրակրթության մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացության` ձայների 5 կողմ, 0` դեմ և 0` ձեռնպահ հարաբերակցությամբ: Ուստի առաջարկում եմ նախագիծն ընդունել որպես օրենք:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ:
Այժմ քվեարկության է դրվում` «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Հաջորդ հարցը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու դարձյալ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Լուսինե Ղարախանյանը.
Լուսինե Ղարախանյան - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ կրթական դաշտերը կարգավորվում են ՀՀ նույն օրենսդրությամբ, ուստի անհրաժեշտ էր «Պետական տուրքի մասին» օրենքում կատարել հետևյալ փոփոխությունը. «Հայաստանի Հանրապետության «Պետական տուրքի մասին» օրենքի հոդվածին համապատասխան: Արցախի պետական բուհերից պետական տուրք չէր գանձվում: Բուհերը բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական լիցենզիաների համար մուծում էին 300 հազար դրամ` լիցենզիան ստանալուց հետո և պետական գանձում չկար: Նոր օրենքով պետական բուհերից կգանձվի պետական տուրք ըստ կրթական ծրագրերի` բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի համար:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն տիկին Ղարախանյան:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Հայրապետյան, խնդրեմ:
Սեյրան Հայրապետյան - Հարցս 20 հազարների վերաբերյալ է, որ պետք է ուսուցիչներին տրամադրեին` ուսուցչի օրվա կապակցությամբ: Տեղյակ ենք, որ մինչև հիմա չեն ստացել: Եվ 2-րդ հարցս` մեր հայտնի դպրոցում օրենքի խախտումով դպրոցի տնօրեն է նշանակվել, որը հետագայում օրենսդրական հարցեր է առաջացնելու: Ինչպիսի միջոցներ եք ձեռնարկել աշխատանքային օրենսգրքի և օրենքի մյուս բոլոր կետերի բացահայտ խախտումով: Ահազանգը կա, խնդրում եմ արձագանքեք:
Արթուր Թովմասյան - Օգտվելով առիթից, ասեմ, որ նախագծի հետ ոչ մի կապ չունի այդ երկու հարցը:
Լուսինե Ղարախանյան - Առաջին հարցի մասով ասեմ, որ պատերազմի 1-ին օրերին մի շարք ուսուցիչներ զանգել են և ասել, որ կարելի է այդ գումարը նպատակաուղղել պատերազմի հետ կապված անհրաժեշտությունների համար: Չնայած պատճառը դա չէր, բայց պայմանավորված է եղել պատերազմակամ և հետ պատերազմական իրողություններով, որ չենք տվել այդ 20 հազարները: Իսկ Ննգու դպրոցի տնօրենի հետ կապված. ես կցանկանայի իմանալ, որ խախտման մասին է խոսքը: Ավելի մանրամասն: Որքան տեղեկացված եմ, ունի պահանջվող ստաժը չընդհատվող տնօրենի և որևէ իրավական խախտում չկա:
(Չի լսվում)
Արթուր Թովմասյան - Դուք հնարավորություն ունեք գրավոր դիմելու նախարարին կամ այն նիստի ժամանակ, որտեղ նախարարի հետ հարց ու պատասխան կլինի: Եվ խնդրում եմ կանոնակարգ օրենքը մեկ անգամ ևս պահպանեք: Ասենք, հարցերը վերաբերվի միայն օրենքի նախագծի մասով: Հարց ու պատասխանի ժամանակ արդեն բոլորն էլ ազատ եք: Դուք իրավունք ունեք գրավոր հնչեցնել նաև բանավոր: Հաջորդ ամիսը մենք կունենք Կառավարության հետ հարց ու պատասխան: Այդ փոփոխությունները կատարեք կանոնակարգում և այն ամեն ամիս սարքեք, որ հարցը չհնանա:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, տիկին Ղարախանյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Արամ Հարությունյան - Հարգելի գործընկերներ, «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը ևս քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հաՆձնաժողովի նիստում և ևս ստացել է դրական եզրակացություն` ձայների 5 կողմ, դեմ` 0, ձեռնպահ` 0 հարաբերակցությամբ: Առաջարկում եմ օրենքի նախագիծն ընդունել որպես օրենք:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն, եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ:
Այժմ քվեարկության է դրվում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 30, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Շարունակում ենք մեր աշխատանքները: Այսօրվա նիստի օրակարգով նախատեսված է`
1) «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
2) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու պատգամավոր Արամ Հարությունյանը:
Արամ Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քանի որ նախագիծը բազմիցս քննարկվել է, փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել, թե ինչպիսի փոփոխություններ է նախատեսվում ըստ նախագծի: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսվում է հոդված
- ԼՂՀ լեզվական քաղաքականությունը
- ԼՂՀ պաշտոնական լեզուներն են` գրական հայերենը և ռուսերենը:
2-րդ հոդվածում նախատեսվում է հասկացությունը պաշտոնական լեզվի և շարադրել հետևյալ խմբագրմամբ. պաշտոնական լեզու` պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական և գիտական պահանջներին ծառայող լեզու:
Նույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսվում է 3-րդ կետում կատարել ավելացում, այսինքն` պաշտոնական խոսքում ԼՂՀ քաղաքացիները պարտավոր են պահպանել գրական հայոց լեզվի (կամ ռուսաց լեզվի) անաղարտությունը: Եվ նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործավարությունը կատարել գրական հայերենով, ըստ անհրաժեշտության` նաև ռուսերենով` ապահովելով հայոց տվյալ լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները»: Նույն հոդվածի 2-րդ կետը խմբագրել հետևյալ ձևակերպմամբ. «Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն (բացառությամբ ռուսերեն) ելույթների հայերեն թարգմանությունը»:
Եվ վերջին փոփոխությունը օրենքի 6-րդ հոդվածում` պետական լեզվաքաղաքականության իրականացումը, 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԼՂՀ խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»: Եվ «Հեռուստատեսության մասին» օրենքում արդեն համապատասխան փոփոխություն է նախատեսվում` կապված ռուսերեն ելույթների թարգմանության հետ: Հիմնավորման մասին մենք բազմաթիվ անգամ ասել ենք, խոսել ենք, նշել ենք և ներկա իրականությունը, և մեր տարածաշրջանում գտնվելը և, իհարկե տնտեսական և սոցիալական բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր պահանջում են առավել մատչելի լուծումներ: Նշեմ նաև, որ մենք հիմքում լսումներից հետո նաև ընդունել ենք, որ կան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք մենք արձանագրել ենք և այսօր օրենքի խախտմամբ են կյանքի կոչում և այս առումով, նաև այս ամենը կբերվի իրավական դաշտ: Երևի այսքանը: Ինձ թվում է կլինեն հարցեր:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան:
Իսկ հիմա որպես հարակից զեկուցող հանդես կգա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: Շնորհակալություն:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ տիկին Գոհար Սարգսյանը:
Գոհար Սարգսյան - ԱԺ հարգելի գործընկերներ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում և տրվել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք օրենքների նախագծերը ընդունել որպես օրենք:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, տիկին Սարգսյան
Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն, եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ: Տիկին Հակոբյան, խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան - Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ: Ինչու՞ է անհրաժեշտ «Լեզվի մասին» օրենքի նախագիծը: Բերեմ երկու փաստարկ: Այն անհրաժեշտ է` ելնելով ներկայիս իրողությունից, որում հայտնվել ենք: Ընդգծեմ, որ ոչ մեր կամոք: Եվ հաջորդը, որ ռուսական խաղաղապահ ուժերի հետ, իհարկե, մենք պատրաստ ենք համագործակցության` ռազմական ենթակառուցվածքային, առողջապահական, սոցիալական և այլ ոլորտներում: Իսկ ավելի ճիշտ` արդեն իսկ համագործակցում ենք, ինչի հետևանքով անհրաժեշտություն է աշխատանքային հարաբերակցությունները միանշանակ բերել օրինական դաշտ: Որպես օրենսդիր մարմնի անդամ, ինչպես նաև ԱՀ օրինապաշտ քաղաքացի ողջունել եմ նման նախաձեռնությունը և ներգրավվել եմ աշխատանքային խմբում: Սակայն իմ երկու գործընկերներ Արամ Հարությունյանը և Գագիկ Բաղունցը օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում պնդեցին իրենց ձևակերպումը, այն է` ԼՂՀ պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը: Գրավոր առաջարկ եմ արել այլ ձևակերպումով խմբագրել, որը իրավաբանորեն նույնական էր, սակայն այդ ձևակերպմամբ մնում էր հիմնական ձևակերոպումը այն է` ԼՂՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Կարող է գրական հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերենը: Թերևս ինձ համար անհասկանալի է այն բուռն հակադարձումը, որ ստացա: Ըստ իս պատշաճ ձևով չկազմակերպվեցին նաև հանրային քննարկումները, չքննարկվեցին ներկայացված առաջարկները, չտրվեցին պարզաբանումներ, հիմնավորումները համոզիչ չէին, երբեմն` նաև իրար հակասող: Ինչևէ, ժողովուրդն չասաց մի արա, այլ ավելի ընդունելի տարբերակ առաջարկեց, քանզի իմաստ ուներ, իսկ դուք, ըստ ձեր սովորույթի, ականջալուր չեք: Եվ ձեր որոշումներն ինքնանպատակ և միաբևեռ են: Ուստի ես դուրս եմ գալիս համահեղինակների խմբից և չեմ մասնակցի այս նախագծի քվեարկությանը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Քանի որ կանոնակարգ օրենքի պահանջ է, ես մի քիչ պարզաբանում անեմ: Իրավունք ունեք: Ուրեմն, իրականում օրենքի նախագծի հեղինակը ԱԺ կանոնակարգ օրենքի 71-րդ հոդվածի համապատասխան ինքը կարող է այդ հայտարարությունը աներ մշտական հանձնաժողովի նիստում և դուրս գար, և օրենքի նախագծի համահեղինակը 72-րդ հոդվածի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, իրավունք ուներ, ասենք օրենքը ոնց որ մտել է շրջանառության մեջ` ԱԺ նախագահի ստորագրությամբ, կարար դիմում գրեր: Դիմումը չկար ինձ մոտ, այս հայտարարությունն էլ այնտեղ հանձնաժողովում էլ էր արված: Քանի որ հայտարարություն է գնացել, ասենք դա ձեր իրավունքն է...
(Աղմկում են դահլիճում):
Քանի որ ես ներկա եմ եղել այդ հանձնաժողովին, այդ պահին, որ դուք որպես համահեղինակ դուրս եք եկել, խնդրում եմ մշտական հանձնաժողովին համապատասխան արձանագրությունը կազմել, որովհետև այս հայտարարությունը այս ձևի, եթե մենք չարձանագրենք, ապա ԱԺ որոշում չի ընդունելու, որ դուք դուրս գաք որպես համահեղինակ: ԱԺ մշտական հանձնաժողովում դուք հայտարարել եք դա, որպեսզի իրավական դառնա որպես համահեղինակ, որ դուրս եք գալիս: Մշտական հանձնաժողովի նախագահին` արձանագրեք այդ փաստը, որպեսզի քիչ հիմնավորմամբ այդ ձևակերպումը հիմք ընդունելով որպես համահեղինակ, ինքը դուրս է եկել: Մենք կարող ենք օրենքի նախագիծ ունենանք, որ կարող են 33 պատգամավորներն էլ մասնակցեն: Եվ հիմնական զեկուցողը մեկն է լինում: Եվ կարող եք 10-ը դուրս գալ: Ես խնդրում եմ, որ այսպիսի դեպք լինի, մենք ԱԺ կանոնակարգ օրենքի 71-րդ և 72-րդ հոդվածը կիրառենք, մնացածը` լրատվամիջոցներին: Դա կլինի հարցազրույցի կարգով: Այսինքն, հիմա արդեն ծանրաբեռնում ենք մեր աշխատանքները: Իրավունքներն ունեք և լայն է այս առումով: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Եզրափակիչ ելույթի համար ցանկություն եթե կա, խնդրեմ: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արամ Հարությունյան - Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ նաև շեշտել, քանի որ հանրային բավականին մեծ հնչեղություն ստացավ այս նախագիծը, որ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ, իհարկե եղել են տարբեր տեսակետներ: Մարդիկ կային, որոնք պնդում են, որ սրանով մենք հավասարեցնում ենք հայերենը և ռուսերենը: Իհարկե, պաշտոնական ոլորտում հավասարեցնում ենք, բայց չմոռանանք, որ մենք ունենք պետական լեզու և պետական լեզուն ինչպես եղել է, այնպես էլ մնում է հայերենը, և սա ամրագրված է մեր Սահմանադրությամբ: Հետո մի քանի հարցերի վերաբերյալ նաև կուզեի անդրադարձ կատարել: Առաջինը` եթե չկա տարբերություն, կային որոշ առաջարկներ, իհարկե, և գրավոր, և բանավոր, բայց որևէ առաջարկ էական տարբերություն չի ունեցել մեր մշակած նախագծից: Եթե չկա իրավական որևէ տարբերություն, մենք չտեսանք նաև փոխելու որևէ անհրաժեշտություն: Դրանից բացի, 1-ին անգամ է, երբ որ օրենքի հեղինակը ինքն է օրենքը դեռևս շրջանառության մեջ` անում առաջարկություն: Հանրային քննարկումների վերաբերյալ չեմ կարծում, որ պատշաճ չեն կազմակերպել, որովհետև օրենքով սահմանված կարգով բոլոր լսումները և քննարկումները կազմակերպվել են: Բացի այդ, օրենքը այնքան մեծ հնչեղություն ստացավ, որ գրեթե բոլոր լրատվականներին երեք համահեղինակներն էլ տվել են հարցազրույցներ: Սրանից բացի, կազմակերպվել են սոցիալական հարցումներ և Արցախի հանրային հեռուստատեսությամբ, և այլ լրատվականների կողմից: Այսինքն հանրային կարծիք ուսումնասիրելու ոլորտում և, այսքանով հանդերձ, իմ կարծիքով մենք բոլոր մեզ վերապահված պարտականությունները պահպանել ենք և այս առումով ևս մեկ անգամ կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Այժմ քվեարկության է դրվում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:
(Աղմկում են դահլիճում):
Քվեարկություն:
Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ` 2:
Որոշումն ընդունված է:
Անցնենք հաջորդ հարցի քննարկմանը:
«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու դարձյալ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Լուսինե Ղարախանյանը.
Լուսինե Ղարախանյան - Կարևոր եմ համարում նշել, որ այս փոփոխությունը վերաբերվել է 20-21 ուս. տարվա ընդունելության հետ կապված ենք արել, որպեսզի հեռուստադիտողը չընկալի, որ տարածվում է 21-22 ուս. տարվա ընդունելության վրա և սխալ ընկալումներ չլինեն: Հաշվի առնելով աշխարհում և ԱՀ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ կապակցությամբ ԱՀ արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքը` առաջացել է պահանջ «Կրթության մասին» օրենքում կարգավորումներում նախատեսել որոշակի:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը և պաշտոնապես հրապարակում է կառավարությունը, ընդ որում, հաստատված ցանկում արգելվում է փոփոխություններ կատարել: Բայց մենք 2019թ. նոյեմբերին արդեն հաստատել էինք ցանկը` 3 քննություններով: Արդեն մարտին տեղերը հաստատելիս պարզվել է համավարակով պայմանավորված երկար ժամանակահատված պարապմունքներ չեն արվել և ճիշտ չէ քննություններով կամ 2 քննությունով, նայած որ մասնագիտությունը, բուհ մտնելը: Մեկ քննություն է սահմանվել: Այս փոփոխությունը պայմանավորված է եղել կորոնավիրուսի հանգամանքով: Ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկություններից, առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար, նախկին 2 կամ 3 քննության փոխարեն:
Մի քիչ ժամանակավրեպ է, որ հիմա ենք ներկայացնում: Այսքանը:
Գագիկ Բաղունց - Պարոն Գալստյան, ի՞նչ հարց ունեք դուք:
(Աղմկում են դահլիճում):
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, տիկին Պետրոսյան:
Արևիկ Պետրոսյան - Փաստորեն ստացվում է, որ հայոց լեզվի քննություն չի լինելու մեծ մասամբ: Եթե դուք մեկ քննություն եք ասում:
Լուսինե Ղարախանյան - Կարող է թյուրըմբռնում առաջանալ հեռուստադիտողների մոտ: Փոփոխությունը վերաբերվել է նախորդ տարվա ընդունելությանը: Այս տարի մենք բուհ ենք մտնում երկու քննությամբ: Անցյալ տարվան է սա վերաբերվում: Այսինքն անցյալ տարին 2 կամ 3 քննությամբ մտներ բուհ դիմորդը, բայց քանի որ կորոնավիրուս էր, մենք փոխել ենք և մեկ քննությամբ է մտել բուհ: Այդ փոփոխությունը անցյալ տարվան է վերաբերվում: Բոլոր այն մասնագիտությունների համար, որը ըստ ցանկի պահանջվում է: (Աղմկում են դահլիճում):
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, տիկին Ղարախանյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Արամ Հարությունյան - Հարգելի գործընկերներ, «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացության: Ձայների 5 կողմ և դեմ` 0, ձեռնպահ` 0 հարաբերակցությամբ: Առաջարկում եմ տվյալ նախագիծը ընդունել որպես օրենք:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն, եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ:
Այժմ քվեարկության է դրվում «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 30, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Անցնում ենք պատգամավորների հայտարարություններին:
Խնդրում եմ գրանցվել: Տիկին Հակոբյան, ես էլ գրանցվեմ:
Մետաքսե Հակոբյան - Երբ մարդը հարմարվում է մի իրավիճակի, հետագայում դրա դեմ պայքարելն ու փոխելը շատ դժվար է լինում: Այդպես էր, օրինակ, երբ մենք հաղթական և գերիշխող դիրքերում էինք: Մենք հարմարվել էինք, թուլացրել զգոնությունը, երբեմն մոռանում էինք, որ մի քանի մետրի վրա թշնամին է: Այսօր, երբ պարտվել ենք պատերազմում և գտնվում ենք հետպատերազմյան ցնցումների մեջ, ցավոք սրտի, կրկին սկսել ենք հարմարվել: Իսկ պատերազմի նման արդյունքներ արձանագրած իշխանությունը մինչ օրս շարունակում է անգործության հետևանքով ձևավորել նոր կարծրատիպ` հարմարվել պարտությանը: Թշնամու ամպագոռգոռ և հայատյաց հայտարարությունների ներքո ինչո՞վ են զբաղված պարտված իշխանությունները: Գրեթե ամեն օր հանդիպում են բնակիչների և տարբեր աշխատանքային կոլեկտիվների հետ և արդարանում, որ իրենք մեղավոր չեն, որ բոլորը մեղավոր են, բացի իրենցից և ամեն ինչ անում են, որպեսզի մեկ օր ավել զբաղեցնեն իրենց աթոռները: Այս իշխանությունները երևի մոռացել են, որ Արցախին առնչվող արտաքին քաղաքականության գործընթացները արագությամբ շարժվում են, իսկ իրենք բնակչությանը ստիպում են հարմարվել պարտությանը և համարձակություն են ունենում բաց ճակատով հայտարարել, որ «Արցախում սոցիալական և հումանիտար բնույթի խնդիրներ չկան»:
Սակայն վերջերս մեր շրջայցերը կարծես եկան ապացուցելու, որ ներկայացված սոցիալական ծրագրերը հիմնականում թղթի վրա են:
Առ այսօր իշխանություններն ի զորու չեղան համակարգված կերպով գույքագրել ԱՀ բնակչության կարիքները, չկարողացան մատնանշել առաջնահերթությունները, որի արդյունքում բազմաթիվ համայնքներում բնակիչների մոտ հասունանում է սոցիալական լարվածություն, որը վաղ, թե ուշ վերածվելու է կամ քաղաքացիական անհնազանդության կամ մարդիկ բռնելու են արտագաղթի ճանապարհը:
«Սոցիալական ուղղվածությամբ» բյուջեի ընդունումից օրեր անց հրապարակվեց կառավարության որոշում, ըստ որի` տեղահանված բնակչության աշխատավարձերը վճարվելու են 50 տոկոսի չափով: Հիմա հարց. ու՞ր է գնում մնացած 50 տոկոսը:
Մարդիկ զանգում և պատրաստակամություն են հայտնում վերադառնալ Արցախ, սակայն բնակարանային խնդիրներ ունեն: Արցախի կառավարությունից և Երևանում տեղակայված օպերատիվ շտաբից տեղեկացնում են` տեղ չկա, մի եկեք: Բազմաթիվ մեր հայրենակիցներ, որոնք վիրավորվել են պատերազմի ժամանակ, չեն կարողանում գրանցվել չարաբաստիկ ծրագրում իրենց հասանելիք գումարը ստանալու համար:
Մեր քաղաքացիներից շատերն այսօր կանգնած են կյանքի ու մահվան խնդրի լուծման առաջ: Եվ կրկին անարդարություն, և կրկին անհավասարություն: Եվ ինչպես կասեր դասականը` Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը փաստում է, որ երկիրը բախվել է սեփական երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու իրական նոր մարտահրավերների: Բնակչության մոտ աճում է անհանգստության զգացողությունը, որը վերածվում է հուսահատության: Բացի նոր աշխարհաքաղաքական իրականությունից, մենք ստիպված ենք վերանայել Արցախի ինչպես պաշտպանական, այնպես էլ սոցիալական պաշտպանության քաղաքականությունը` հասկանալով, թե նոր պայմաններում ինչ տեսակի սոցիալական պաշտպանության քաղաքականության կարիք ունի մեր երկիրը և ինչպես պետք է դրան հասնել:
Պահանջում ենք իշխանությունից վերանայել իրենց վարած քաղաքականությունը: Այսօրվա հրամայականն է, որպեսզի գործող իշխանությունը հասկանա, որ հին մեթոդներով և վարքագծով հնարավոր չէ սկսել պետության վերելքը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Պարոն Բաղունց, հետո էլ իրավունքի ուժով` ես:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ: Հեռու եմ «Давайте жить дружно» կարգի կոչեր անելուց: Ավելին, ծայրահեղ կարևորում եմ անհրաժեշտությունը քննադատական մոտեցումների և վերլուծությունների, ինչպես վերջին քառորդ դարի ներքին և արտաքին քաղաքականության, այնպես էլ այդ իսկ պատճառով ստեղծված ռազմաքաղաքական, տնտեսական և հոգեբանական ճգնաժամի:
Սակայն այս վիճակից դուրս գալու դեղատոմսի փնտրումը չպիտի ընթանա փողոցային կամ ֆեյսբուքյան մակարդակով: Անմակարդակ, ոչ պրոֆեսիոնալ, ուռա- հայրենասիրական, ու այդ իսկ պատճառով բացարձակապես անիմաստ ու հաճախ վնասատու դիսկուրսը հանրության վզին փաթաթելը ակնհայտորեն շեղում է մեզ համազգային ռեսուրսների մոբիլիզացիայի կուրսից, արտաքին սպառնալիքների վերացման կենտրոնացումից:
Դա նախ թույլ կտա վերջ տալ դիլետանտությանը պետականաշինության և բանակաշինության ասպարեզում, ինչը արտահայտվում է այնպիսի խայտառակ պատկերացումներով և գաղափարներով, ինչպիսինն են` «Իսկանդերների» պայթումը 10 տոկոսով, օդի «փակել-բացելը», ազգային անվտանգության համալիրի ընկալումը առաջնագծում պահածոների բանկաներով ցանկապատած դիրքերի մակարդակով և այլն:
Մենք այսուհետ էլ կշարունակենք կրել պարտությունը պարտության հետևից, եթե չդադարենք փոշիացնել ազգի պոտենցիալը երկպառակտչական պատերազմների վրա:
Սարսափելին այն է, որ հետպատերազմյան չորս ամիսներում կատարած աշխատանքների ամփոփման փորձերը հանգեցնում են մի եզրակացության, որ մենք փաստորեն ավարտում ենք մեր երկրի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ալյանսի կատարածը: Ու այս տեսանկյունից երկպառակտությունների հրահրումը կարելի է որակավորել միայն ու միայն որպես թշնամու կողմից մեր դեմ անմիջապես նոյեմբերի 9-ից կիրառվող ինֆորմացիոն պատերազմի շարունակություն:
Կառուցողականության բացակայությունը գրեթե բոլոր ռազմավարական ուղղություններում արտացոլվում է ընդհուպ ստեղծված ճգնաժամից ելք փնտրման, մշակման բացակայության: Չկա տեսլական` թե ուր, ինչ ուղղությամբ պետք է շարժվեն մեր երկու պետությունները:
Ճանապարհային քարտեզի մշակումը ենթադրում է 1-ին հերթին անվտանգության հուսալի համակարգի ապահովմանը ուղղված քայլեր, որի առանցքը կհանդիսանա ՌԴ հետ համագործակցության բազմակողմանի խորացումը:
Հաջորդ քայլերի ակներևությունը բխում է մի շարք պատմական անալոգիաներից:
1945թ. Ճապոնիան ստորագրեց կապիտուլյացիայի ակտ, համաձայն որի նրան մասնավորապես արգելվում էր ունենալ ժամանակակից սպառազինությամբ բանակ: Արձանագրային միջոցառումների ժամանակ Ճապոնիայի ադմիրալի հարցին` ինչով մենք զբաղվենք այս պարագայում, հետևում է ամերիկացի գեներալի հանդուրժող պատասխանը` մեքենաշինությամբ կամ էլեկտրոնիկայով: Կես դար հետո Ճապոնիան առանց կրակոցի փաստորեն զավթեց Միացյալ Նահանգները, լցնելով նրա շուկաները ավտոմեքենաներով և կենցաղային էլեկտրոնիկայով:
Կողմնորոշումը բարձր կրթական մակարդակի և բարձր տեխնոլոգիաների վրա, յուրօրինակ` Սիլիկոնե հովիտի ստեղծումը երկրի ամբողջ տարածքում կարող է ու պետք է դառնա արգելապատ, որը հուսալիորեն կանջրպետի մեզ ձանձրացուցիչ հարևաններից:
Մոտ երկուսուկես հազար տարի առաջ Չինական կայսրությունը, մտադրվելով հուսալիորեն պաշտպանվել քոչվորների ասպատակություններից, կառուցեց Մեծ Չինական պարիսպ:
Մեր ժողովրդի բարձր ինտելեկտուալ և հոգևոր մակարդակը պետք է յուրօրինակ Չինական պարիսպ դառնա ազգային շահերը պահպանելու առումով:
Ադրբեջանի սև ոսկուն մենք ի վիճակի ենք հակադրել շատ ավելի արժեքավոր ու ժամանակի ընթացքում ավելի ու ավելի թանկացող «գորշ» ոսկի` մեր ազգի ինտելեկտուալ պոտենցիալը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Մի բանում համամիտ եմ տիկին Հակոբյանի հետ, որ յուրաքանչյուր վայրկյան թանկ է մեզ բոլորիս համար` մեր ապագան կառուցելու հարցում: Բայց իշխանություններին քննադատել, հին մեթոդով աշխատելը, ես հիմա հայտարարում եմ. նոյեմբեր ամսին ասում էիք ԱԺ նախագահին, որ ԱԺ նիստ գումարենք: Ես ասացի, որ այդ նիստը չենք գումարելու, որովհետև այն բոլոր օրենքների նախագծերը, որոնք գտնվում էին ԱԺ, որոնք շրջանառության մեջ էին, այդ նիստը գումարելու ժամանակ միանգամից մեր հանրությունը մեզ վրա ծիծաղելու է, որովհետև սեպտեմբերի 27-ից հետո 2020թ. նոր իրողություններ է եկել: Տիկին Հակոբյանը կարող է հարցնել «Արդարություն» խմբակցության անդամ պարոն Հովհաննիսյանին: Երբ որ մենք ՀՀ մայրաքաղաք Երևանում հանդիպել ենք մեր օպերատիվ շտաբի հետ, հանդիպել ենք բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ և նրանց առաջարկներից երկուսը ամրագրել օրենքի տեսքով, որից օգտվում է մեր հանրությունը:
Սիրելի հայրենակիցներ, սպառողական վարկերի, մի՞թե մենք նախկին միջոցներով ենք ապրում, մի՞թե մենք ներկա իրողությունները չենք հաշվի առել: Այսքան սոցիալական փաթեթներ, 110-ից ավելի սոցիալական ծրագրեր: Ասեմ դեռ ավելին` 150 հազար մլրդ դրամ, որը ավելի շատ է, քան մեր բյուջեն, մենք արդեն համաձայնության ենք եկել, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հադրութի շրջանի, Քաշաթաղի, Քարվաճառի և մնացած բոլոր այն համայնքներից, որտեղ բռնի տեղահանվել են, այդ մարդիկ փոխհատուցում ստանան: Մի՞թե մենք հին ոճով ենք դեռ: Այո, մենք պարտվել ենք, բայց մեր արժանապատվությունը չենք կորցրել: Հիմա ես, ԱԺ նախագահ հայտարարում եմ. «Մահ կամ ազատություն»: Դա ես ասել եմ նաև մինչև 2016թ.: Այո, շատ հոգեհարազատ է Հայ Հեղափոխական Դաշնակցության «Մահ կամ ազատություն» սկզբունքը, որովհետև բոլորիս ճակատագիրը նույնն է: Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցությունները վերսկսվեն: Կարող ես 100 անգամ պատերազմում հաղթել, բայց բանակցային գործընթացում անհաջողություն արձանագրել: Մենք 1992-94թթ. իմացել ենք, թե հաղթել ենք և Ղարաբաղի հարցը լուծված է: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասում է. «Արցախի հարցը լուծված է»: Վերջին 500 տարում Թուրքիան մի պատերազմ էլ չի հաղթել, բայց բանակցային գործընթացում միշտ էլ հաղթող է դուրս եկել: Ես հավաստիացնում եմ մեր հայրենակիցներին, որ կա նպաստավոր պայմաններ բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի մի երազելի տարբերակը ամրագրելու առումով: Ի՞նչ պիտի անենք: Նախկինի նմա՞ն ենք աշխատում: Մի՞թե այն 44 օրը մենք միասին չենք արձանագրել, որ մեր կյանքից գնաց 44 տարի: Տղամարդկանց բացարձակ մեծամասնությունն այստեղ էին: Մի՞թե մենք պիտի բոլորս միասին երանի տանք այդ 44 օրվան: Կամ ժողովրդի հետ հանդիպումներից: Օրը գիտեք ինչքան մարդ եմ ընդունում: Ոչ միայն ԱԺ նախագահ ժամանակ` խմբակցության ղեկավար: Այդ բոլորին գալիս են ասում այդ սոցիալական ծրագրերը ժողովրդի հետ շփման արդյունքում է և ես ձեզ խնդրում եմ, բոլոր մնացած խմբակցություններից, եթե կան որոշակի սոցիալական ծրագրեր, որոնք դուրս են մնացել ԱՀ իշխանությունների տեսադաշտից, խնդրում եմ ներկայացրեք մեզ: Որովհետև ամեն ինչ պիտի անենք ոտքի կանգնելու առումով: Ամեն ինչ պիտի անենք և լավատես լինենք ապագայի համար: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Թովմասյան:
Ավարտեցինք օրակարգի վերջին հարցի քննարկումը:
Շնորհակալություն: Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները:
Շնորհակալություն` բոլոր մասնակիցներին:
Ցտեսություն: