ԼՈՒՐԵՐ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը
23 ապրիլի 2021

Ապրիլի 23–ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ԱՀ ԿԳՍՄ նախարարի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում` <<Երկարօրյա դպրոց >> ծրագրի հայեցակարգի և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ծրագրի կազմակերպման կարգի շուրջ:

Կրթական համակարգում երկարօրյա կրթության ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2021թ սեպտեմբերի մեկից հանրապետության երեք շրջանների քսան դպրոցներում: Նպատակը կրթության որակի բարձրացմանը զուգահեռ տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելն է:

Ծրագրի նպատակն է՝ մասնակցային աշխատանքի, ժամանցի ու դասապատրաստումների միջոցով ամրապնդել դասի ժամանակ ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները, բարձրացնել կրթության որակը, չեզոքացնել ծնողների կողմից դասապատրաստման անհավասար պայմանները, ստեղծել սոցիալականացմոն և զբաղվածության նոր հնարավորություններ, ապահովել որակյալ ու բալանսավորված ամենօրյա սնունդ սովորողների համար, հաղթահարել քաղաք-գյուղ կրթական անհամաչափ զարգացումն ու Արցախի շրջանային համայնքները գրավիչ դարձնել քաղաքացիների համար:

Երկարօրյա ծրագիրը նախատեսված է երկարօրյա ծրագիր կազմակերպող հաստատության տարրական և միջին դպրոցի բոլոր աշակերտների համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հավանություն են տվել ծրագրին: Քննարկումների արդյունքում եղել են առաջարկներ ծրագրի օրակարգի, խմբերի խտության, չափորոշիչների համակարգի մշակման, ծրագիրը դեռևս միայն տարրական դպրոցում կիրառելու առնչությամբ:

Քննարկումների ավարտին ներկաները որոշել են հնչեցված առաջարկները գրավոր ներկայացնել ԿԳՍՄ, լրացուցիչ քննարկել, վերանայել հայեցակարգի ու կարգի համապատասխան դրույթները:

ԼՈՒՐԵՐ