ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
20 ապրիլի 2021

Ապրիլի 20-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ:

Օրակարգում Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումն էր: Այն ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանը:

Հաշվետու ժամանակահատվածում Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը ապահովել է քաղաքական, կրթական, գիտալուսավորչական ու այլ կարգի տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքը: Տարին պատասխանատու էր մի շարք առումներով:

«Համապետական ընտրությունների լուսաբանումն իրականացվել է պատշաճ մակարդակով: Նախընտրական քարոզչության համար բոլոր թեկնածուների ու կուսակցությունների համար ապահովվել է հավասար պայմաններ»,-ասել է Արթուր Ներսիսյանը:

Համավարակով ու Արցախին պատուհասած պատերազմի պատճառով Հանրային հեռուստառադիոընկերության ծրագրերը փոփոխության են ենթարկվել. մի շարք հաղորդումներ դուրս են մղվել եթերացանկից, որոշների ձևաչափն է փոխվել:

Բարեփոխումներ են իրականացվել ռադիոյի ոլորտում: 2020 թվականի սեպտեմբերից հանրային ռադիոն հեռարձակվում է շուրջօրյա՝ նախկին 5 ժամի փոխարեն: Ռադիոյի` նոր թվային տեխնիկայով համալրումը կատարվել է պահուստային ֆոնդից:

Հաշվետու ժամանակաշրջանի բյուջեն պլանավորվել էր 404 մլն 262 հազար դրամի չափով, որտեղ սեփական եկամուտները պլանավորել էին 15 մլն-ի չափով: Սակայն բյուջեի կատարողականը կազմել է 369 մլն 952 հազար դրամ, որի պատճառը պատերազմով պայմանավորված հաղորդումների ծավալի կրճատումն էր ու սեփական եկամուտների փաստացի ծավալի 11 մլն ցուցանիշը:

Չնայած գործող մարտահրավերներին՝ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական էջի դիտումների քանակը ավելացել է ավելի քան մեկ մլն-ով:

Պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողին, նաև հանդես են եկել հանրապետության գլխավոր լրատվամիջոցի բարելավմանն ուղղված առաջարկներով: Եզրափակելով նիստը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը տեղեկացրեց, որ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:

ԼՈՒՐԵՐ