«Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

Ն-1-02/16,ԱԺ-01-350,16.04.2021թ.,ՊԱՕ-011

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀO-41 oրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «ոստիկանության պետը» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարը» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Զենքի մասին» օրենքով կարգավորվում է Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները, այդ թվում՝ զենքով պարգևատրման հետ կապված:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական  կառավարման կառուցվածքում կատարված  փոփոխությամբ:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է oրենքի  20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով Արցախի Հանրապետության ոստիկանության պետին վերապահված իրավունքը վերապահել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարին:

 

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ինչպես այլ մարմինների ծառայողներին զենքով պարգևատրելու իրավունքը վերապահված է այդ մարմինների բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին, այնպես էլ ոստիկանության ծառայողներին զենքով պարգևատրելու իրավունքը վերապահել ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին:

 

4. ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումների մասին

«Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծը հանրային քննարկումների կապակցությամբ սույն թվականի մարտի 1-ից տեղադրվել էր Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում (www.police.nkr.am):

 

 5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության շտաբի կողմից:

 

6. Նախագծի նորմատիվ բնույթը

Նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով:

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                           Կ.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 20.

Զենքով պարգևատրումը, վաճառքը, նվիրատվությունը և ժառանգումը

 

1. Արցախի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունեն`

ա) Արցախի Հանրապետության Նախագահը.

բ) (կետն ուժը կորցրել է 13.12.2018 ՀՕ-77-Ն)

գ) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը` Արցախի Հանրապետության պաշտպանության և ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած զինվորական ծառայողներին.

դ) Արցախի Հանրապետության ոստիկանության պետը ներքին գործերի նախարարը` ոստիկանության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար.

ե) Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտանգության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:

2. Որպես պարգև տրված զենք է համարվում նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:

3. Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Արցախի Հանրապետության տարածքում:

4. Որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով` զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությամբ:

5. Որպես պարգև տրված զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությունների մեջ կատարվում է նշում թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում պարգևատրված անձի կողմից անձամբ կամ լիազորված անձի միջոցով զենքը Արցախի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու և նշված պարտականությունը չկատարելու դեպքում ապօրինի կերպով զենք պահելու կամ կրելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

6. Զենքով պարգևատրելու կարգը և որպես պարգև տրված զենքի շահագործման կանոնները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

7. Արցախի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ոստիկանության համապատասխան մարմնին, ինչպես նաև զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:

8. Որպես պարգև տրված մարտական հրազենի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի:

9. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նվիրառուի կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:

10. Որպես պարգև տրված մարտական հրազենի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` մալելուց հետո: Որպես պարգև տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` առանց մալելու, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն:

11. Զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև ժառանգի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պարտականությունը կրում է այն գրանցած մարմինը: Զենքի ժառանգումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                    Կ.ՍԱՐԳՍՅԱՆ