Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության միջազգային պայմա-նագրերի կնքման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, չեղյալ հայտարարման, գործողության երկարաձգման և կասեցման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) միջազգային պայմանագիր` Արցախի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն՝ անկախ դրա անվանումից.
2) արցախյան կողմ՝ Արցախի Հանրապետություն՝ ի դեմս Արցախի Հանրապե-տության Նախագահի (այսուհետ՝ Հանրապետության Նախագահ), նախարարու-թյունների, այլ պետական մարմինների, որոնք իրենց գործունեությունը կարգավորող օրենքներով օժտված են միջազգային պայմանագիր կնքելու լիազորությամբ.
3) պայմանավորվող մյուս կողմ (կողմեր)՝ օտարերկրյա պետություն (պետու-թյուններ) կամ միջազգային կազմակերպություն (կազմակերպություններ), ինչպես նաև խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական, բարեգոր-ծական կամ ֆինանսական, տնտեսական կամ տեխնիկական աջակցության ոլորտնե-րին առնչվող հարցերով՝ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորում (կազմավորումներ), որի (որոնց) հետ Արցախի Հանրապետությունը նախատեսում է հաստատել միջազգային պայմանագրային հարա-բերություններ.
4) իրավասու մարմին` սույն օրենքով միջազգային պայմանագրի կնքման, դրա վավերացման կամ հաստատման, միջազգային պայմանագրի կատարման, փոփոխ-ման, գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարելու առաջարկությամբ Հանրա-պետության Նախագահին դիմելու` օրենքով սահմանված իրավասություն ունեցող մարմին.
5) միջազգային պայմանագրի կնքում՝ սույն օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման, փոխհամա-ձայնեցման և ստորագրման գործընթաց.
6) ներպետական համաձայնեցում՝ իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված՝ սույն օրենքով սահմանված ընթացակարգերի իրա-կանացում.
7) փոխհամաձայնեցում՝ պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) հետ միջազ-գային պայմանագրի ստորագրման ենթակա տեքստի վերաբերյալ համաձայնության ձեռքբերում.
8) նախաստորագրում` միջազգային պայմանագրի յուրաքանչյուր էջին ստորա-գրող պաշտոնատար անձի անվանատառերի նշադրման միջոցով միջազգային պայմա-նագրի նախագծի փոխհամաձայնեցման եղանակ.
9) լիազորագիր՝ միջազգային պայմանագրին առնչվող՝ սույն օրենքով նախա-տեսված գործողություններ իրականացնելու իրավունք վերապահող պատշաճորեն ձևակերպված փաստաթուղթ.
10) վավերացում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից օրենք ընդունելու միջոցով միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության համար պարտադիր ճանաչելուն ուղղված ներպետական ընթացակարգ.
11) հաստատում` Հանրապետության Նախագահի կողմից հրամանագիր ստորա-գրելու միջոցով միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության համար պարտադիր ճանաչելուն ուղղված ներպետական ընթացակարգ.
12) վերապահում՝ միջազգային պայմանագրի ստորագրման, վավերացման (դրան միանալու), հաստատման ժամանակ պայմանագրի կողմի արած միակողմանի հայտարարություն, որի միջոցով բացառվում, փոփոխվում կամ պարզաբանվում են պայմանագրի կամ դրա որոշակի դրույթների՝ տվյալ պայմանագրի կողմի համար կիրառելիությունը և (կամ) դրա առանձնահատկությունները.
13) չեղարկում՝ միջազգային պայմանագրի ստորագրումից հետո մինչև միջազ-գային պայմանագրի վավերացումը կամ հաստատումը Արցախի Հանրապետության՝ տվյալ միջազգային պայմանագրով կապված չլինելու պատշաճորեն ձևակերպված կամաարտահայտություն.
14) բազմակողմ միջազգային պայմանագիր՝ միջազգային պայմանագրի ինք-նուրույն կողմ հանդես եկող երկուսից ավելի սուբյեկտների միջև միջազգային պայմանագիր.
15) վարկային միջազգային պայմանագիր՝ Արցախի Հանրապետության կողմից վարկ, փոխառություն, երաշխիք ստանալու կամ տրամադրելու մասին միջազգային պայմանագիր.
16) դրամաշնորհային միջազգային պայմանագիր՝ Արցախի Հանրապետության կողմից մարդասիրական, բարեգործական օգնություն, անհատույց ֆինանսական, գույ-քային կամ տեխնիկական աջակցություն ստանալու կամ տրամադրելու մասին միջազ-գային պայմանագիր.
17) քաղաքական բնույթի միջազգային պայմանագիր՝ միջպետական հարաբե-րությունների հիմնադրույթներ, միջազգային համընդհանուր կամ տարածաշրջանային համագործակցության հիմունքներ սահմանող, Հանրապետության Նախագահի ծրագ-րից բխող կամ Հանրապետության Նախագահի որոշած քաղաքականության հիմնա-կան ուղղությունների շրջանակում համագործակցություն նախատեսող միջազգային պայմանագիր.
18) ռազմական բնույթի միջազգային պայմանագիր՝ ռազմական համա-գործակցության, հավաքական անվտանգության հարցեր կարգավորող, ռազմաքա-ղաքական դաշինքներին անդամակցություն, ռազմական մատակարարումներ, ռազմա-կան բնույթի այլ հարաբերություններ նախատեսող միջազգային պայմանագիր.
19) ավանդապահ՝ պետություն, միջազգային կազմակերպություն կամ միջազ-գային կազմակերպության համապատասխան իրավասություններ ունեցող մարմին, որին ի պահ է հանձնվում միջազգային պայմանագրի բնօրինակը, և որն այդ միջազ-գային պայմանագրի առնչությամբ իրականացնում է 1969 թվականի` Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով նախատեսված գործա-ռույթներ:
Հոդված 3. |
Միջազգային պայմանագրերի վերաբերյալ օրենսդրությունը |
1. Միջազգային պայմանագրի կնքման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, չեղյալ հայտարարման և գործողության երկարա-ձգման և կասեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազ-գային իրավունքի հանրաճանաչ նորմերով և սկզբունքներով, 1969 թվականի` Միջազ-գային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով, Արցախի Հանրա-պետության միջազգային այլ պայմանագրերով, սույն օրենքով և այլ օրենքներով։
2. Միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության իրավական համա-կարգի բաղկացուցիչ մասն է։
3. Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և Արցախի Հանրապետության օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառ-վում են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
Հոդված 4. |
Միջազգային պայմանագրի կնքման առաջարկությունը
|
1. Միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) առաջարկությունը Հան-րապետության Նախագահին է ներկայացնում իրավասու մարմինը՝ հիմնավորելով դրա կնքման (դրան միանալու) նպատակահարմարությունը և կցելով Արցախի Հանրապե-տության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայ-մանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարու-թյան մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակա-հարմարության մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը սահմանում է Արցա-խի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն)։
Հոդված 5. |
Միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցումը |
1. Միջազգային պայմանագրի կնքման, բազմակողմ միջազգային պայմանագրին միանալու առաջարկության կապակցությամբ Հանրապետության Նախագահի հանձ-նարարականի հիման վրա այդ հանձնարարականով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի նախագծի հայերեն և օտար լեզուներով տեքստը, բազմակողմ միջազ-գային պայմանագրի դեպքում դրա տեքստը և հայերեն թարգմանությունը ներկա-յացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության, Արցախի Հանրապետու-թյան ֆինանսների նախարարության և շահագրգիռ այլ մարմինների քննարկմանը՝ կցելով միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) հիմնավորում:
2. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրա-մադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման կամ միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության և Արցախի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորու-թյուններին դրա համապատասխանության մասին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ միջազգային պայմանագրի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության երկարաձգման և կասեցման առնչությամբ։
3. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը տրա-մադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Արցախի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին:
4. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Արցախի Հանրապետության համար ֆինանսական պարտավորու-թյուններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած պետական բյուջեի մասին օրենքում չներառված պարտավորությունների մասին։
5. Շահագրգիռ մարմինը (ները) տրամադրում է (են) եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի՝ օրենքով իրենց վերապահված գործունեության ոլորտին առնչվող հարցերի մասին:
6. Միջազգային պայմանագրերի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայ-մանագրի դրույթները պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններին, ինչպես նաև մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները շոշափող հարցերին և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվելու դեպքում իրավասու մարմինը պետք է ապահովի նաև շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների եզրակացությունների և առաջարկությունների ստացումը, այդ թվում նաև միջազգային պայմանագրով նախատեսվող գույքային պարտավորությունների մասին։
7. Սույն հոդվածում նշված մարմիններն իրենց եզրակացությունները իրավասու մարմին են ներկայացնում միջազգային պայմանագրի նախագիծը կամ բազմակողմ միջազգային պայմանագիրն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Իրավասու մարմինը սույն հոդվածի 2-6-րդ մասերում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, միջազգային պայմանագրի լրամշակված նախագծի հայերեն և օտար լեզվով տեքստերը և ստացված առաջար-կությունների ամփոփաթերթը ներկայացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ փոխհամաձայնեցման նպատակով:
Հոդված 6. |
Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումը |
1. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցման ընթացքում ար-ցախյան կողմի և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև հարաբերություններն իրականացվում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով և համակարգմամբ:
2. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումն իրականացվում է միջազգային պայմանագրի նախագծի նախաստորագրման, փոխհամաձայնեցման մասին համատեղ այլ փաստաթուղթ ստորագրելու կամ ընդունելու, դիվանագիտական ուղիներով տեքստին համաձայն լինելու մասին ծանուցումներ փոխանակելու կամ պայմանագրի կողմերի միջև ցանկացած այլ համաձայնեցված միջոցով:
Հոդված 7. |
Միջազգային պայմանագրի ստորագրման առաջարկությունը |
1. Միջազգային պայմանագրի փոխհամաձայնեցված նախագծի ստորագրման ժամկետի վերաբերյալ պայմանավորվող մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավոր-վածության մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու մարմինը Կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը՝ կցելով՝
1) միջազգային պայմանագրի նախագիծը՝ հայերենով.
2) միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության հիմնա-վորումը.
3) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակա-ցությունը միջազգային պայմանագրի ստորագրման արտաքին քաղաքական նպատա-կահարմարության և Արցախի Հանրապետության վարած արտաքին քաղաքակա-նությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխա-նության մասին.
4) միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցումը հավաստող փաս-տաթղթերը, դրանց հիման վրա կազմված ամփոփաթերթը և տեղեկատվություն նախագծի փոխհամաձայնեցման մասին.
5) բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում՝ նաև Արցախի Հանրապետու-թյան արտաքին գործերի նախարարության տրամադրած միջազգային պայմանագրի կողմերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության վերապահ-ման տեքստի կամ այլ կողմերի կատարած վերապահումների վերաբերյալ հնարավոր առարկությունների նախագիծը՝ դրանց վերաբերյալ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությամբ:
Հոդված 8. |
Միջազգային պայմանագրի ստորագրումը, ստորագրման լիազորությունը |
1. Միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասու-թյուն ունեն Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ Արցախի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների հիմնա-դիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում Արցախի Հանրապետությունը ներկա-յացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք։
2. Այլ պաշտոնատար անձինք միջազգային պայմանագիրը կարող են ստորագրել հատուկ լիազորություններ ունենալու դեպքում՝ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախա-տեսված՝ միջազգային պայմանագիրը ստորագրելու մասին Կառավարության որոշ-մամբ տրված հանձնարարականի հիման վրա:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց միջազգային պայմանագիրը ստորագրելու լիազորագիր տրամադրում է Հանրապետության Նախագահը կամ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ Կառավարության սահ-մանած կարգով:
Հոդված 9. |
Միջազգային պայմանագրի լեզուն |
1. Օտարերկրյա պետությունների հետ Արցախի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագիրը կնքվում է հայերենով և համաձայնեցված օտար լեզու-ներով:
2. Միջազգային կազմակերպությունների հետ Արցախի Հանրապետության երկ-կողմ միջազգային պայմանագրերը կնքվում են հայերենով և (կամ) համաձայնեցված օտար լեզուներով:
3. Բազմակողմ միջազգային պայմանագրերը կնքվում են պայմանավորվող մյուս կողմերի հետ համաձայնեցված լեզուներով:
4. Միջազգային պայմանագրի հայերեն տեքստում կարող են գործածվել արաբա-կան և հռոմեական թվանշաններ, լատինատառ համարակալումներ, լատիներեն արտահայտություններ, հապավումներ և միջազգային իրավունքի հասկացություններ։
5. Միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի օտար լեզվից հայերեն և հայերենից օտար լեզու թարգմանությունն ապահովում է իրավասու մարմինը՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով։
6. Միջազգային պայմանագրի հայերեն տեքստի պաշտոնական հաստատումն իրականացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ իրավասու մարմնի տրամադրած թարգմանության հիման վրա՝ Արցախի Հանրապե-տության արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով։
Գ Լ ՈՒ Խ 3
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ,
ՉԵՂԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 10. |
Միջազգային պայմանագրի վավերացումը և հաստատումը |
1. Սույն օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության ստորագրած կամ միանալու ենթակա միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության համար պարտադիր իրավաբանական ուժ է ստանում անհրաժեշտ ներպետական ընթացա-կարգերն ավարտելուց հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելու կամ Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելու միջոցով։
2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի ներկայացմամբ վավերացնում է այն միջազգային պայմանագրերը՝
1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.
2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.
3) որոնք նախատեսում են Արցախի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.
4) որոնք Արցախի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.
5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.
6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.
7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:
3. Հանրապետության Նախագահը հաստատում է այն միջազգային պայմանա-գրերը, որոնք, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ենթակա չեն Արցախի Հանրա-պետության Ազգային ժողովի վավերացմանը։
Հոդված 11. |
Միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Միջազգային պայմանագիրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը և Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմինն ապահովում է հետևյալ փաստաթղթերի առկա-յությունը.
1) միջազգային պայմանագրի հայերեն բնօրինակի սահմանված կարգով հաս-տատված պատճենը, իսկ հայերեն ստորագրված չլինելու դեպքում օտար լեզվով բնօրինակի՝ ավանդապահի հաստատած պատճենը և դրա պաշտոնապես հաստատ-ված հայերեն թարգմանությունը.
2) միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակա-հարմարության մասին տեղեկանքը.
3) տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատաս-խանատու մարմինների վերաբերյալ.
4) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակա-ցությունը միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատ-ման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, տեղեկատվություն պայմանագիրն ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին.
5) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակա-ցությունը միջազգային պայմանագրում Արցախի Հանրապետության օրենքին հակա-սող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայու-թյան մասին.
6) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրով Արցախի Հանրապետության համար ֆինանսական պար-տավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազ-գային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեց-նող դրույթների և տվյալ տարվա համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած պետական բյուջեի մասին օրենքում չներառված պարտավորությունների մասին.
7) շահագրգիռ մարմնի եզրակացությունը միջազգային պայմանագրով Արցախի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին.
8) վավերացման ենթակա միջազգային պայմանագրի դեպքում այն Արցախի Հանրապետության Գերագույն դատարանում և Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնելու համար Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի թեկնածությունը.
9) բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաև Արցախի Հանրապետու-թյան արտաքին գործերի նախարարության տրամադրած այդ պայմանագրի կողմերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության վերապահման տեքստի կամ այլ կողմերի կատարած վերապահումների վերաբերյալ հնարավոր առարկությունների նախագիծը՝ դրանց վերաբերյալ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությամբ:
2. Սույն հոդվածում նշված մարմիններն իրենց եզրակացություններն իրավասու մարմին են ներկայացնում իրավասու մարմնի համապատասխան հարցումն ստանա-լուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Հոդված 12. |
Միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) և հաստատման ընթացակարգերը |
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը կամ Հանրապետության Նախագահի՝ միջազգային պայմանագիրը հաստատելու մասին հրամանագրի նախա-գիծը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հետ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է Հանրապետության Նախագահին:
2. Հանրապետության Նախագահը միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերաց-մանն է ներկայացնում օրենքով սահմանված կարգով:
3. Նախքան միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը Հանրապետության Նախագահը, Սահմանադրության 142-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Արցախի Հանրապետության Գերագույն դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրու-թյանը համապատասխանությունը որոշելու նպատակով:
Հոդված 13. |
Միջազգային պայմանագրի վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը |
1. Միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքը Արցախի Հանրապե-տության Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կազմում է վավերագիր և ներ-կայացնում Հանրապետության Նախագահին՝ միջազգային պայմանագիրը վավե-րացնելու մասին օրենքի հետ միաժամանակ այն ստորագրելու նպատակով։
2. Հանրապետության Նախագահի աշխատակազմը միջազգային պայմանագրի ստորագրված վավերագիրը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախա-րարություն է վերադարձնում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվելուց հետո՝ 3 աշխատան-քային օրվա ընթացքում:
3. Միջազգային պայմանագրի վավերագրի ձևը հաստատում է Արցախի Հանրա-պետության արտաքին գործերի նախարարը:
4. Միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում կամ միջազգային կազմակերպությունում ընդունված պրակտիկայի համաձայն՝ Արցախի Հանրապետու-թյան արտաքին գործերի նախարարն ստորագրում է վավերացված միջազգային պայմանագրին միանալը հաստատող փաստաթղթեր:
Հոդված 14. |
Միջազգային պայմանագրի չեղարկումը |
1. Մինչև միջազգային պայմանագրի վավերացնելը կամ հաստատելը Արցախի Հանրապետությունը կարող է չեղարկել ստորագրված միջազգային պայմանագիրը՝ տվյալ միջազգային պայմանագրով կապված չլինելու և այդ միջազգային պայմա-նագիրն իր համար պարտադիր դարձնող վավերացման կամ հաստատման ընթա-ցակարգերը չկատարելու իր կամաարտահայտության միջոցով։
2. Միջազգային պայմանագրի չեղարկման մասին Կառավարության որոշման նախագիծը Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Կառավարություն է ներկայացնում իրավասու մարմինը՝ կցելով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի չեղարկման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին:
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ
ՓՈՓՈԽԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 15. |
Վարկային և դրամաշնորհային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետը երկարաձգելու և փոփոխելու ընթացակարգերը |
1. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու ընթացակարգերի իրականացման համար իրավասու մարմինը Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
2. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու՝ սույն օրենքով սահմանված ընթացակարգերն իրականացվում են իրավասու մարմնի առաջարկությամբ իրավասու մարմնին և սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված մարմիններին ուղղված՝ Հանրապետության Նախագահի հանձնարարա-կանով` դրանով սահմանված ժամկետներում։
3. Եթե վարկային կամ դրամաշնորհային միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար դրանով նախատեսված է ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող իրավաբանական եզրակա-ցության տրամադրում, ապա իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հետո Արցախի Հանրա-պետության արտաքին գործերի նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթաց-քում դիմում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պայմանագրով սահմանված ձևով իրավաբանական եզրակացությունը հայերեն և պայմանագրի կնքման օտար լեզվով։
4. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման և փոփոխությունների մասին պայմանագիրը կնքվում և ուժի մեջ է մտնում սույն օրենքով սահմանված կարգով, եթե վարկեր և դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունների հետ կնքված այլ պայմանագրերով կամ դրանց անդամակցությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետության կողմից պար-տադիր ճանաչված այդ կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերով, կանո-նակարգային և ընթացակարգային նորմերով և դրույթներով այլ բան նախատեսված չէ։
5. Պայմանավորվող մյուս կողմի հետ վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումն իրականացնում է իրավասու մարմինը՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համա-ձայնեցմամբ:
6. Սույն հոդվածի նպատակներով ֆինանսական պարտավորություններ չեն համարվում օրենքով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճա-րումների գծով արտոնությունները, Արցախի Հանրապետության կողմից համա-ֆինանսավորվող մատակարարումները, աշխատանքների կատարումը և ծառայու-թյունների մատուցումը, պետությունների, կազմակերպությունների հետ կնքված վարկեր և դրամաշնորհներ տրամադրելու մասին վավերացված միջազգային պայմա-նագրերով Արցախի Հանրապետության ստանձնած ընդհանուր (շրջանակային) պարտավորությունների շրջանակներում ստանձնվող և դրանք չգերազանցող ֆինան-սական պարտավորությունները, բնաիրային պարտավորությունները:
7. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու է պետական կառավարման համակարգի շահառու մարմինը (մարմինները), որը (որոնք) իրականացնում է (են) սույն օրենքի 17-րդ հոդվածով իրավասու մարմնին վերապահված լիազորությունները:
Գ Լ ՈՒ Խ 5
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 16. |
Միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը |
1. Արցախի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացա-կարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով և պահից։
Հոդված 17. |
Միջազգային պայմանագրի կատարման ապահովումը |
1. Ուժի մեջ մտած Արցախի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման։
2. Միջազգային պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով իրավասու մարմինը միջազգային պայմանագրի վավերացվելուց կամ հաստատվելուց հետո, ըստ անհրաժեշտության, 45 աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետու-թյան արտաքին գործերի նախարարության և միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու այլ մարմինների հետ համաձայնեցմամբ Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացնում միջազգային պայմանագրի կատարման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց կամ նման ծրագիր ներկայացնելու անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք։
3. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է միջազգային պայմանագրի կատարմանը և իրավունք ունի միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմիններից ստանալու տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման ընթացքի վերաբերյալ։
4. Եթե Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Հանրապետության Նախագահը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփո-խություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:
5. Միջազգային պայմանագրի կատարման ընթացքում իրավասու մարմինը պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) իրավասու մարմինների հետ հաղորդակցվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` կենտրոնական մարմինների միջոցով կամ անմիջականորեն:
6. Պետական այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ իրավաբանական անձանց՝ միջազգային պայմանագրի կատարմանը ներգրավելու անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինը տեղեկացնում է նրանց միջազգային պայմանագրի կատարման հետ կապված իրավունքների և պարտականությունների, նրանց առջև դրված խնդիրների և լուծման ենթակա այլ հարցերի վերաբերյալ և ապահովում նրանց պատշաճ մասնակցությունը։
Հոդված 18. |
Միջազգային պայմանագրի տեքստում ուղղումներ կատարելը և մեկնաբանելը |
1. Միջազգային պայմանագրում պայմանագրի առարկային և նպատակներին չառնչվող տեխնիկական բնույթի ուղղումները կատարվում են պայմանագրի կողմերի միջև համաձայնեցված կարգով և եղանակով։
2. Միջազգային պայմանագիրը մեկնաբանվում է դրա առարկայից և նպատակ-ներից բխող պայմանագրի եզրույթներին տրված սովորական նշանակությանը համա-պատասխան և իրականացվում է միջազգային պայմանագրով և միջազգային իրա-վունքի նորմերով և սկզբունքներով սահմանված կարգով։
3. Ուղղման և մեկնաբանման աշխատանքներին արցախյան կողմից ներգրավվում են իրավասու մարմինը և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախա-րարությունը։
4. Միջազգային պայմանագրի պաշտոնապես հաստատված հայերեն տեքստում ուղղումը կատարվում է իրավասու մարմնի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ՝ տեղեկացնելով պայմանավորվող մյուս կողմին (կողմերին)։
Գ Լ ՈՒ Խ 6
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ
ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ
Հոդված 19. |
Միջազգային պայմանագրի փոփոխման ընդհանուր կարգը |
1. Միջազգային պայմանագրում փոփոխությունները կատարվում և ուժի մեջ են մտնում պայմանագրի կողմերի գրավոր ձևակերպված համաձայնությամբ այդ պայմանագրով սահմանված կարգով, եթե փոփոխող միջազգային պայմանագրում չեն պարունակվում այնպիսի դրույթներ, որոնք հիմքեր կառաջացնեն սույն օրենքով միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու համար սահմանված այլ ընթացակարգեր կիրառելու համար։
Հոդված 20. |
Միջազգային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումը |
1. Միջազգային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է այդ պայմանագրով սահմանված կարգով։
2. Եթե միջազգային պայմանագրով նախատեսված չէ դրա գործողության ժամ-կետի երկարաձգման մասին դրույթ, ապա միջազգային պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել պայմանագրի կողմերի գրավոր ձևակերպված համաձայնությամբ, որի կնքման և ուժի մեջ մտնելու վրա տարածվում են սույն օրենքով սահմանված ընթացակարգերը։
Հոդված 21. |
Միջազգային պայմանագրի գործողության կասեցումը և պայմանագրի չեղյալ հայտարարումը |
1. Ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ դրա գործողության կասեցման հիմնավորված առաջարկությունը Հանրապետության Նա-խագահին ներկայացնում է իրավասու մարմինը՝ կցելով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացությունը, կամ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարու-թյունը՝ կցելով իրավասու մարմնի՝ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ կասեցման նպատակահարմարության մասին եզրակացությունը։
2. Միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ կասեցման ընթացա-կարգերը ձեռնարկելու մասին Հանրապետության Նախագահի հանձնարարականն ստանալով՝ հանձնարարականում այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրա-վասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության և պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացնում հաստատված միջազգային պայմանագրի դեպքում՝ տվյալ պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ վավերացված միջազգային պայմանագրի դեպքում՝ տվյալ միջազգային պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը՝ կցելով պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործո-ղության կասեցման մասին հիմնավորումը և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացությունը։
3. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկա-յացնում է եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման իրավական հետևանքների վերաբերյալ։
4. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ներկայացնում է եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման ֆինանսական հետևանքների վերաբերյալ։
5. Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի շահա-գրգիռ մարմինները ներկայացնում են եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման իրենց իրավասություններին առնչվող հնարավոր հետևանքների վերաբերյալ։
6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմիններն իրավասու մարմնին միջազ-գային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են հարցումն ստանալուց հետո՝ 5 աշխա-տանքային օրվա ընթացքում։
7. Իրավասու մարմինը, սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ստացված եզրակացություններն ամփոփելով, 5 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագիրը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնում է համապատասխանաբար Կառավարություն կամ Հանրապետության Նախագահի աշխատակազմ։
8. Միջազգային պայմանագիրը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տվյալ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման մասին ծանուցում է երկկողմ միջազգային պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:
9. Միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու պահից արցախյան կողմի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամանակավորապես դադարում են գործել այդ պայմանագրի դրույթները մինչև դրա կասեցման մասին իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը:
10. Միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին իրավական ակտի ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերն ապահովում է իրավասու մարմինը՝ օրենքով սահմանված կարգով:
11. Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահից արցախյան կողմի համար ամբողջությամբ դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականությունները, եթե տվյալ կամ վերաբերելի այլ միջազ-գային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
12. Եթե միջազգային պայմանագրով նախատեսված է, որ այն չեղյալ հայտա-րարելուց (գործողությունը դադարեցնելուց) հետո շարունակում են գործել տվյալ միջազգային պայմանագրի կողմերի որոշակի իրավունքներն ու պարտավորություն-ները, ապա այդ իրավունքներն ու պարտավորությունները գործում են մինչև միջազ-գային պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում դրանց դադարելը:
Գ Լ ՈՒ Խ 7
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱՊԱՀԸ
Հոդված 22. |
Միջազգային պայմանագրի հրապարակման կարգը |
1. Միջազգային պայմանագիրը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով՝ դրա վավերացման մասին օրենքի կամ հաստատման մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի հետ միաժամանակ:
2. Միջազգային պայմանագրի էլեկտրոնային տեքստը պաշտոնապես հրապա-րակվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախա-րարի հրամանով սահմանված կարգով։
3. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնական հրապարակումը՝ միջազգային պայմանագրի նախագիծը կամ ստորագրված տեքստը կարող է հրա-պարակվել պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև իրավասու մարմնի՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված որոշմամբ։
Հոդված 23. |
Միջազգային պայմանագրի ավանդապահի գործառույթները |
1. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրակա-նացնում է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթները։
2. Միջազգային պայմանագրի բնօրինակը, բազմակողմ միջազգային պայմա-նագրի ավանդապահի հաստատած բնօրինակի պատճենը, միջազգային պայմանագրի պաշտոնական հաստատված թարգմանության տեքստը պահվում են Արցախի Հանրա-պետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում):
3. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վարում է միջազգային պայմանագրերի հաշվառման միասնական գրանցամատյան, որում պարունակվում են միջազգային պայմանագրին առնչվող տեղեկատվական տվյալներ։
4. Ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը, պայմանավորվող մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, գրանցման է ներկայացվում Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն:
5. Միջազգային պայմանագրի պահպանման և հաշվառման միասնական գրանցամատյանի վարման կարգը և ավանդապահի գործառույթները սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։
Գ Լ ՈՒ Խ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր-դող տասներորդ օրը։
2. Սույն oրենքն ուժի մեջ մտնելու oրվանից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» 2014 թվականի մարտի 26-ի ՀO-15-Ն oրենքը:
Հոդված 25. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ընդունումն սկսված միջազգային պայմանագրերի հետ կապված ընթացակարգերը չեն վերսկսվում, և այդ պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից կարգավորում են համապատասխան փուլի և դրան հաջորդող մյուս փուլերի հետ կապված հարաբերությունները։
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարու-թյունը սահմանում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ընթացակարգը և սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված կարգը։
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Արցախի Հանրա-պետության արտաքին գործերի նախարարը սահմանում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ, 22-րդ հոդվածի 2-րդ և 23-րդ հոդվածի 5-րդ մասերում նշված կարգերը։
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Արցախի Հան-րապետության արդարադատության նախարարը սահմանում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նշված կարգը։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-29-Ն