Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-62 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի «հավաքակայան» հասկացության մեջ «գիծ» բառը փոխարինել «ուղերթ» բառով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները և (կամ) անհատ ձեռնարկատերերը և (կամ) ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել անձամբ՝ մեկ ավտոմոբիլով:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`
ա) տաքսամետրով (սակաչափիչով).
բ) զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչներով, իսկ տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև գույնի տարբերանշան.
գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով.
դ) թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակ, որն առնվազն պետք է ներառի՝ ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):
Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները թափքի կողային մասում պետք է ունենան շախմատաձև տարբերանշմամբ գծանշում:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տաքսու ուղեսրահում դռների բացումը, դռների ապակիների իջեցումը, երաժշտության միացումը թույլատրվում են ուղևորների և ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Տաքսի ավտոմոբիլներում ծխելն արգելվում է։».
2) 5-րդ մասի 3-րդ և 4-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատվերի և ուղևորության համար վճարումը կատարվում է կանխիկ կամ անկանխիկ (փոխադարձ համաձայնության դեպքում)՝ տաքսամետրի ցուցմունքով:
Տրամադրված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրատուից կարող է գանձվել ուղևորափոխադրման նվազագույն արժեքը կամ նստելավարձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդների էթիկայի կանոնները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. դեկտեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-47-Ն