ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

 2021Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

 

 

 

ժԱՄԸ   11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑԸ

Գագիկ Բաղունց - Բարի առավոտ բոլորին: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ:

Նախքան այսօրվա նիստի աշխատանքներն սկսելը առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան ոճրագործության և 2008 թվականի մարտի 1-ի զոհերի  հիշատակը:

Մեկ րոպե լռություն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սույն թվականի փետրվարի 26-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:  

Առաջարկվել է 2021թ. մարտի 1-ին ժամը 11.00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված հետևյալ հարցերը.

1.  «Միջազգային պայմանագրերի մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետությունում  օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն)  նյութերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»  օրենքում  լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»,  «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Օրգանական գյուղատնտեսության մասին»  օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հանրակրթության մասին»  օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը

         2. «Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը

3. «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:

Օրակարգային հարցերը սահմանված ժամկետներում քննարկվել են խորհրդարանի գլխադասային հանձնաժողովներում և համապատասխան եզրակացություններով այսօր պատրաստ ենք դրանք արտահերթ նիստում ներկայացնելու: Ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին և խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Գրանցման արդյունքներով`  ներկա են   31   պատգամավորներ, բացակա՝ 2 - ը:

Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվա նիստին մասնակցում են նաև Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի  թարգմանչական գործ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները, որոնք այս օրերին փորձուսուցում են անցնում հանրապետության օրենսդիր մարմնում: Եկեք ողջունենք նրանց և մաղթենք, որ եռանդով շարունակեն կատարելագործել մասնագիտական կարողությունները և իրենց ակտիվ մասնակցությամբ օգտակար ծառայություններ մատուցեն մեր հայրենիքին:

Այժմ սկսենք   վերը նշված  նախագծերի փաթեթի քննարկումը:  

Այն  Կառավարության կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Խնդրեմ, պարոն Բաբայան:

Դավիթ Բաբայան Հարգելի գործընկերներ, ԱԳՆ «Միջազգային պայմանագրերի մասին», օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» իր հայտը ներկայացրել է դեռևս մինչև պատերազմը` հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունները և դրա հետևանքները և այլն կարծես թե մի քիչ ուշացել է այդ գործընթացը, բայց, այնուամենայնիվ, ես չեմ կասկածում, որ ձեզնից յուրաքանչյուրը պատկերացնում է ինչպիսի կարևորություն ունի այս օրենքը մեզ համար: Փոփոխությունների անհրաժեշտությունը կապված է նրա հետ, որ փոխվել է նաև ԱՀ Սահմանադրությունը: Այդ փոփոխության հետ համահունչ մենք պետք է նույնպես կատարենք համապատասխան փոփոխություններ և դա կընդգրկի մոտ 21 օրենք: Հետևաբար ես պարզապես ներկայացնեմ մեր մոտեցումները և հիմնավորումները: Նախ և առաջ ցանկացած պայմանագիր, որը ԱՀ պետք է կնքի, պետք է կարգավորվի օրենսդրությամբ:  Եվ սա շատ կարևոր է, հատկապես ներկա դրությամբ, երբ որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր սուբյեկտայնությունը պահպանենք: Իսկ դրա հետ զուգահեռ պետք է ամեն ինչ լինի օրենքի սահմաններում: Ես նաև այն մոտեցման կողմնակիցն եմ, որ մեր արտաքին քաղաքականությունը վարելիս պետք է սերտ համագործակցենք նաև օրենսդիր թևի հետ: Հետևաբար հույս ունեմ, որ դուք դրականորեն կարձագանքեք այդ մեր առաջարկին: Ուրեմն «Միջազգային պայմանագրերի մասին» ԱՀ նոր օրենքի ընդունման հիմքում ընկած է ԱՀ սահմանադրական բարեփոխումների արդյունքներով միջազգային հարաբերությունների ոլորտում պետական գործառույթների վերաբաշխմամբ պայմանավորված գործող ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը:

Նախագծով նախատեսված է սկզբունքային փոփոխությունները կատարել հետևյալ ուղղություններում.

  • միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ Կառավարության որոշման ընդունում գերատեսչությունների կողմից վերջնական լրամշակված և պայմանագրի մյուս կողմի հետ փոխհամաձայնեցված տեքստի առկայության դեպքում միայն,
  • պայմանագրի կնքման հարցում իրավասու գերատեսչության դերի և պատասխանատվության բարձրացում,
  • ԱԺ կողմից միջազգային պայմանագրի վավերացումը, կասեցումը և չեղյալ հայտարարումը համապատասխան օրենք ընդունելու միջոցով, դրանով պայմանավորված պայմանագրի նախագծային և կատարման փուլերի ընթացակարգերի առավել խիստ պահանջների սահմանում,
  • պայմանագրերը չեն դասակարգվում միջպետական, միջկառավարական, միջգերատեսչականի՝ ելնելով այն հանգամանքից, որ միջազգային իրավունքում որպես միջազգային պայմանագրի սուբյեկտ հանդես է գալիս ԱՀ-ն,
  • սահմանվում է վարկային դրամաշնորհային պայմանագրերի կնքման և ուժի մեջ մտնելու դյուրացված կարգ,

    -  սահմանվում է պայմանագրերի այնպիսի փոփոխությունների ուժի մեջ մտնելու դյուրացված կարգ, որոնք պայմանագրի առարկան, սկզբունքները և էական պայմանները չեն փոխում,

    - միջազգային պայմանագրերի նախագգծի տեքստերի կերտրոնացված թարգմանության խնդրի լուծում,

   -   առաջարկվող օրենքի նախագծում ներառված են նաև կից օրենքների նախագծերը:

Առաջարկվող իրավական ակտով կկարգավորվեն ԱՀ միջազգային պայմանագրերի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության կասեցման, դադարեցման, երկարաձգման և դրանից հետո կապված հարաբերությունները:

Նախագիծը մշակվել է ԱՀ արտաքին գործերի նախարարության  քարտուղարության կողմից: Իհարկե, այստեղ մենք սերտ համագործակցել ենք ՀՀ ԱԳՆ հետ, համապատասխան իրավական բազում քննարկումներ են կատարվել նաև այլ մասնագիտական շրջանակների հետ, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի սահմաններում, իհարկե հաշվի առնելով առաջին հերթին ԱՀ օրենսդրությունը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ԱՀ միջազգային պայմանագրերի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության կասեցման, դադարեցման և դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Սա իսկապես կարևոր է և, կարծում եմ, որ անհրաժեշտ է մենք ունենանք այս փաթեթը, որպեսզի ավելի էֆեկտիվ կարողանանք իրականացնել և մեր արտաքին քաղաքականությունը, և կարողանանք երկկողմ հարաբերություններ հաստատենք տարբեր սուբյեկտների հետ: Ասեմ, որ մենք արդեն ունենք մի շարք պայմանագրեր, դուք քաջատեղյակ եք, և նույն` դեռևս չճանաչված, մասամբ ճանաչված երկրների հետ՝ Մերձդնեստր, Հարավային Օսիա, Աբխազիա: Ունենք տարբեր համագործակցության շրջանակներ, և այդ գործընթացը ընթանում է Ֆրանսիայի        Հանրապետության, ԱՄՆ, Ավստրալիայի տարբեր այլ երկրների և մենք ունենք նաև ծրագրեր էլ ավելի ընդլայնել աշխարհագրությունը: Հետևաբար ակնկալում եմ ձեր դրական մոտեցումը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով մեր երկրի շահերին ծառայենք: Շնորհակալություն: Եթե կան հարցեր, խնդրեմ:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարեն Բաբայան: Մենք անցնում ենք հարցերին:  Հարցեր կա՞ն պարոն Բաբայանին, խնդրում եմ գրանցվել: Տիկին Գրիգորյան, խնդրեմ:

Նելի Գրիգորյան - Շնորհակալություն: Պարոն Բաբայան, ինչու՞ օրենքով սահմանված կարգով վավերացված փաստաթղթերը ՌԴ չեն ընդունում, պատճառաբանելով, որ «не признанное государство», այսինքն` չճանաչված պետություն ենք:

Դավիթ Բաբայան - Գիտեք այս հարցը ավելի շուտ քաղաքական է, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ և կարողանանք գոնե ոչ հրապարակային ձևով հասնենք ինչ որ արդյունքների: Եվ այս ուղղությամբ մենք աշխատելու ենք, ես ուղղակի խնդրում եմ, հորդորում եմ նաև բոլորին, որպեսզի հնարավորինս էմոցիաներով չտարվենք, որպեսզի յուրաքանչյուրս լինենք դիվանագետ: Յուրաքանչյուր մի խոսք, յուրաքանչյուր մի հայտարարություն կարող է մեր աշխատանքին վնասել: Աշխատելու ենք այդ ուղղությամբ համատեղ, իհարկե ես չեմ ասում, որ մենք չպետք է որևէ հայտարարություններ անենք, բայց` համախմբված: Առավել ևս ես կխնդրեի, եթե կա արտաքին քաղաքական տեսլականի վերաբերյալ հիմնարար սկզբունքային ինչ որ դիրքորոշում, անպայման գոնե մենք քննարկենք մեկը  մյուսի հետ, որպեսզի ավելի հավասարակշռված լինի այն: Իհարկե ԱԺ և ուժերը քաղաքական ավելի ազատ են, և կարող են ավելի համարձակ, ավելի այսպես հայտարարություններ անել, սա ճիշտ է, և մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, բայց, այնուամենայնիվ, համագործակցությունը երբևիցե վատ բանի չի բերել:

Գագիկ Բաղունց - Արձագանքու՞մ եք, տիկին Գրիգորյան: Շնորհակալություն, պարոն Բաբայան: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցման համար խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վահրամ Բալայանին: Խնդրեմ:

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, «Միջազգային պայմանագրերի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին այս օրենքների փունջը դրական կարծիքով դեռևս 2020թ. սեպտեմբերի 17-ին հանձնաժողովի կողմից քննարկվել է  և ներկայացվում է ձեզ ու հորդորում եմ, որ օրենքի տեսքով այդ ամենը ընդունվի:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Բալայան: Մենք անցնում ենք հարցերին: Կա՞ն հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրեմ: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակություն:  Եթե կա ելույթի ցանկություն,  խնդրում եմ գրանցվել:

Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:

Այժմ քվեարկության է դրվում վերը նշված  օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝  31,    դեմ`  չկա,   ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Իսկ այժմ անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին: «Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության  նախագահի պաշտոնական ներկայացուցիչ,  Ազգային վիճակագրական ծառայության նախագահ տիկին Մանուշ Մինասյանը: Խնդրեմ, տիկին Մինասյան:

 Մանուշ Մինասյան - Բարև ձեզ:  Շնորհակալություն, հնարավորության համար: Օրենքի նախագծով առաջարկվում է հաստատել «2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը», որով սահմանվում են առաջիկա 3 տարիներին  ԱՀ պաշտոնական վիճակագրության իրականացման, զարգացման  հիմնական ուղղությունները, հիմնական առաջնահերթությունները ըստ երկրի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և ժողովրդագրական բնագավառների: Օրենքի նախագիծը «Արցախի Հանրապետության պետական վիճակագրության մասին» ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջ է, համաձայն որի  արդեն տարիներ շարունակ 2022թ. սկսած ԱՀ պետական վիճակագրությունը իրականացվում է  ծրագրային հիմունքներով: Սա ենթադրում է, որ 3 տարվա կտրվածքով ընդունվում են օրենքներ, օրենքի ուժ ունեցող ծրագրեր, որով սահմանվում են զարգացման հիմնական ուղղությունները, իսկ այս ուղղությունների իրագործումը ենթադրում է միջոցառումների ծրագիր, որը ամենամյա է և որոնք հաստատվում են ԱՀ վիճակագրության պետական  խորհրդի կողմից: Իհարկե, եռամյա ծրագիրը հիմք ունենալով, ինչպես նաև  «Պետական բյուջեի մասին» օրենքով տվյալ տարվա կտրվածքով ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվող ռեսուրսներին համաչափ, այսինքն այսօրվա դրությամբ պետական վիճակագրությունն իրականացվում է բացառապես պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Ծրագրի կազմման ժամանակ հաշվի է առնվել սպառողների պահանջարկը, ռեսպոնդենտների վրա դրվող ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ծախսերի արդյունավետությունը, կարևորել ենք ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովումը: Սա նշանակում է, որ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող տվյալները ոչ միայն ներքին օգտագործման համար են, այլև արտաքին աշխարհի կողմից կարող են օգտագործվել, որովհետև դրանք հաշվարկվում են միջազգային չափանիշներին, միջազգային մեթոդաբանությանը համապատասխան:

 2-րդ կարևոր համգամանքը դա մակրոտնտեսական ցուցանիշների որոշակի կայուն պարբերականության ապահովումն է: Սա թույլ է տալիս վերլուծել և դիտարկել այդ ցուցանիշների շարժընթացը` դինամիկան և, իհարկե, տրամադրվող ծախսերի հետ համաչափության հանգամանքն է: Շատ կարևոր է նաև  վիճակագրության բնագավառում այնպիսի սկզբունքների պահպանումը, ինչպիսիք են պրոֆեսիոնալ ստանդարտների ներդրումը, ցուցանիշների հաշվարկման, հրապարակման ժամանակ անկողմնակալության սկզբունքի ապահովումը, հրապարակայնությունը, տվյալների օգտագործման հավասար մատչելիության ընձեռումը և, իհարկե, վիճակագրական գաղտնիքի պահպանումը: Սա արդեն անվանական տվյալներին է վերաբերվում, որոնք գործող օրենսդրության համաձայն վիճակագրական գաղտնիք են հանդիսանում: Եվ ծրագրում ներկայացված են հիմնական միջոցառումները, այն ռազմավարությունը, որով նախատեսվում են առաջնորդվել առաջիկա 3 տարիներին և ըստ տնտեսության հիմնական հատվածների, ենթահատվածների հիմնական միջոցառումների ցանկը: Հավելեմ նաև ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում այս ծրագրի քննարկման ժամանակ առաջարկվել և այսօր ձեր քննարկման է ներկայացվում եզրակացություն, համաձայն որի օրենքի 2-րդ հոդվածը առաջարկվում է խմբագրել, հաշվի առնելով, որ այսօր արդեն մարտի 1-ն է և, օբյեկտիվ պատճառներից ելնելով, ԱԺ հարցի քննարկումը  մի քիչ ուշացել է: Եվ առաջարկվում է օրենքը տարածել 2021թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Շնորհակալություն, եթե հարցեր կան, խնդրեմ:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, տիկին Մինասյան: Անցնում ենք հարցերին: Խնդրում եմ գրանցվել: Չկան:

Հիմա առաջարկում եմ լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը  նախագծի վերաբերյալ: Խոսքը տրվում է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արամ Գրիգորյանին: Խնդրեմ:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն, հարգելի գործընկերներ: «Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Քննարկման ընթացքում առաջացած առաջարկը նախագահի կողմից ծառայության արդեն իսկ հնչեցվել է, որպեսզի կարողանանք այս ծագած իրավահարաբերությունները տարածենք 2021թ. հունվարի 1-ից: Ուստի, նաև հաշվի առնելով, որ հետպատերազմյան ժամանակահատվածում տվյալ ծառայության առջև ծառացած խնդիրները լուրջ արդիական են, բայց խնդիրներ կան ծառայությունները լիարժեք իրականացնելու վերաբերյալ, առաջարկում ենք այդ եռամյա ծրագիրը ընդունել, հաստատել որպես օրենք, իսկ ծառայությանը մաղթում ենք հաջողություններ: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին` խնդրում եմ գրանցվել:

Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել:

Այժմ, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն կա, խնդրեմ:

Իսկ հիմա քվեարկության է դրվում  «Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

 

Քվեարկություն:

         Կողմ`  30,   դեմ` չկա,    ձեռնպահ`  չկա:

Որոշումն ընդունված է:

 

Երկրորդ հարցի  քննարկումը ևս ավարտեցինք:

Իսկ հիմա անցնենք երրորդ հարցի քննարկմանը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը «Ադրբեջանի  վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» հարցը ներկայացնում է Ազգային ժողովի «Արցախի  ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար պարոն Դավիթ Մելքումյանը: Խնդրեմ, պարոն Մելքումյան:

 

         Դավիթ Մելքումյան Շնորհակալություն: Հարգարժան գործընկերներ, հարգելի հրավիրվածներ, ձեզ ենք ներկայացնում ԱՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

ԱՀ ԱԺ վերահաստատում է, որ`

  • 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂ (Արցախի) Հանրապետության անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա,
  • ԱՀ 1992-1994թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան` ուղեկցված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով,
  •  ԱՀ որպես հակամարտության կողմ տարբեր ձևաչափերով մասնակցել է 1992-2020թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին` տարածաշրջանային կայունության ապահովման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով,
  • Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից  հրաժարվելու պարտավորություն, 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել ԱՀ դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ` ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են ԱՀ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մշակութային ժառանգությունը:

Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները` ԱՀ ԱԺ հայտարարում է.

1.  Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ԱՀ տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից,

2.  ԱՀ նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում ԱՀ կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Մելքումյան: Անցնում ենք հարցերին: Խնդրում եմ գրանցվել:

Հիմա առաջարկում եմ լսել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը  Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Խոսքը տրվում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վահրամ Բալայանին: Խնդրեմ:

 

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, քննարկման նյութ  հանդիսացող հայտարարության տեքստը դրական եզրակացությամբ ներկայացվում է ԱԺ և առաջարկվում է ԱԺ որոշման ձևով այն ընդունել:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Բալայան: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին` խնդրում եմ գրանցվել:

Շնորհակալություն, պարոն Բալայան: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել:

Այժմ, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն կա, խնդրեմ:

Իսկ հիմա քվեարկության է դրվում «Ադրբեջանի  վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին»   Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ընդունելու մասին հարցը:

 

Քվեարկություն:

         Կողմ`  30, դեմ` չկա,   ձեռնպահ` չկա:

Հայտարարությունն ընդունված է:

 

Ավարտեցինք օրակարգի վերջին հարցի  քննարկումը:

Շնորհակալություն, այսքանով մենք ավարտում ենք արտահերթ նիստի  աշխատանքները:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Ցտեսություն: