ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քննարկել են «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի ընդունումը
16 մարտի 2021

Մարտի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Նազելի Բաղդասարյանի հերթական այցը Արցախ, ընդգծել հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը: Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ անհայտ կորած անձանց մասին ԱՀ և ՀՀ օրենքները պետք է նույնական լինեն:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ողջունելով ԱԺ պետական- իրավական մշտական հանձնաժողովի անդամներին և պատգամավորներին ՝ Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի նպատակահարմարությանը և ընդունման անհրաժեշտությանը: Պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունմամբ կկարողանան լուծել տարբեր գերատեսչություններում առաջացած խնդիրները:

«Խաղաղության կնքումից ի վեր առաջացել են հարցեր , որոնց բախվում ենք ամեն օր: Դրանք վերաբերում են անհայտ կորած անձանց կարգավիճակին, նրանց հարազատների սոցիալական երաշխիքներին: Կարծում եմ` ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի անհրաժեշտություն իրապես ունենք: Լիահույս եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցվի անհայտ կորած անձանց կարգավիճակային հարցը»,- իր խոսքում նշել է Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորը նշել է, որ նախագիծը մշակվել էր դեռևս 2006 թվականին, սակայն հարցի քննարկումը հետագա տարիներին որոշ գերատեսչություններ համարել են ժամանակավրեպ:

Նազելի Բաղդասարյանը պատասխանել է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակին առնչվող հարցերին և վստահեցրել, որ կանդրադառնան պատգամավորների առաջարկներին և քննարկումներ կծավալեն:

Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել,որ դրանք շարունակական կլինեն :

Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահը, խորհրդարանականներ:

ԼՈՒՐԵՐ