«Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին

 

Պ-011, ԱԺ-49,12.03.2021թ.ՊԱՕ-ՄՀ

ՆԱԽԱԳԻԾ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-41 օրենքի (այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածի 6-րդ մասում «աշխատակից համարվող» բառերից հետո լրացնել «կամ պարտադիր զինվորական ծառայություն անցած և ծառայության ընթացքում զենքի հետ վարման կանոնները չխախտած կամ» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը

Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության (համաձայն սույն օրենքի 5 հոդվածի) աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք:

Նախագծով նախատեսվող լրացումը նպատակ ունի որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահել նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին, որոնք իրենց ամբողջ ծառայության ընթացքում շուրջ երկու տարի առնչվել են զենքի հետ, օգտագործել այն և գիտեն դրա հետ վարման կանոնները:

Կատարվող լրացման արդյունքում որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք կվերապահվի նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին:

 

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 13.

Արցախի Հանրապետության քաղաքացիների զենք ձեռք բերելու իրավունքը

 

Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Արցախի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին (մինչև սույն հոդվածի վերջը՝ քաղաքացի)՝ սույն օրենքի 9 հոդվածի երկրորդ մասով նախատեսված՝ թույլտվություն տալու լիազորությամբ օժտված ոստիկանության տարածքային ստորաբաժանումից (այսուհետ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանում) զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար թույլտվություն ստանալուց հետո:

Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել գազային ատրճանակներ (այդ թվում՝ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն ոստիկանության տարածքային ստորաբաժանումում: Թույլտվությունում թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր: Թույլտվությունը տրվում է մինչև հինգ տարի ժամանակով և միաժամանակ համարվում է զենք պահելու և կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ: Թույլտվության ժամկետը կարող է երկարաձգվել սույն օրենքի 9 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով:

Մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակները գրանցման ենթակա չեն, և քաղաքացին իրավունք ունի դրանք ձեռք բերել առանց թույլտվության:

Սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասի առաջին կետում նշված ողորկ-երկարափող հրազենը քաղաքացին ոստիկանության տարածքային ստորաբաժանման տված թույլտվության հիման վրա իրավունք ունի ինքնապաշտպանության նպատակով ձեռք բերել՝ առանց այն կրելու իրավունքի:

Սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազեն ու որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին:

Որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող ռազմականացված կազմակերպության (համաձայն սույն օրենքի 5 հոդվածի) աշխատակից համարվող կամ պարտադիր զինվորական ծառայություն անցած և ծառայության ընթացքում զենքի հետ վարման կանոնները չխախտած կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք: Որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել ոչ ավելի, քան երեք միավոր որսորդական ակոսափող զենք և հինգ միավոր որսորդական ողորկ-երկարափող զենք, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված զենքի տեսակները հավաքածուներ կազմելու օբյեկտ են:

Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն ստացած քաղաքացին: Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում:

Քաղաքացու կողմից ձեռք բերված երկարափող հրազենը, ինչպես նաև որսորդական օդաճնշիչ զենքը, ձեռքբերման օրվանից հաշված երկշաբաթյա ժամկետում, ենթակա է գրանցման ոստիկանության տարածքային ստորաբաժանումում:

Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ քաղաքացուն, զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, ոստիկանության տարածքային ստորաբաժանումը տալիս է այն պահելու, իսկ օդաճնշիչ զենքի, ինչպես նաև սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ՝ այն պահելու և կրելու թույլտվություն՝ հինգ տարի ժամկետով: Ակոսափող հրազենը պահելու և կրելու թույլտվությունը նույն ժամկետով տալիս է Արցախի Հանրապետության ոստիկանությունը: Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով: Թույլտվության ձևը սահմանում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

Ազդանշանային զենք ձեռք բերելու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները, ելնելով այն ձեռք բերելու նպատակից և անհրաժեշտությունից, սահմանում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանության տարածքային ստորաբաժանում ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ և սույն օրենքի 9 հոդվածի չորրորդ մասով նախատեսված այլ փաստաթղթեր:

Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում՝ թմբուկավոր ռևոլվեր) և ազդանշանային զենք առաջին անգամ ձեռք բերող անձինք, բացի զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն ունեցող անձանցից, պարտավոր են բնակության վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում անցնել ստուգում զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության սահմանած ծրագրով:

Սպորտային ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, որսորդությամբ զբաղվելու իրավունք վերապահող փաստաթուղթ ստանալիս պարտավոր են Արցախի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություններում, Արցախի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, ստուգում անցնել զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ:

Քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝

ա) սույն օրենքով սահմանված տարիքի չհասած քաղաքացուն.

բ) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն չներկայացնողներին.

գ) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարել.

դ) հանցագործություն կատարելու համար պատիժ կրողներին.

ե) (կետն ուժը կորցրել է 27.11.2013 ՀՕ-57-Ն)

զ) մշտական բնակության վայր չունեցողներին.

է) զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնելու փաստը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնողներին:

Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը որոշում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Բժշկական ստուգման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Կառուցվածքով զենքի նմանվող իրերը ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ հրացանները, ատրճանակները (այդ թվում՝ ռևոլվեր) և դրանց փամփուշտները, որոնք մտած են կադաստր՝ որպես հրազեն և գազային զենք, ձեռք են բերվում առանց թույլտվության և գրանցման ենթակա չեն:

 

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ