ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 3-ՐԴ  ՆՍՏԱՇՐՋԱՆ

 2021Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

                ժԱՄԸ   11:00

 

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

       Նիստին  ներկա են  31  պատգամավորներ, բացակա՝ 2: Նիստը  վարում է  ԱԺ  նախագահ  Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան – ԱԺ հարգարժան փոխնախագահ, հարգարժան պարոն պետնախարար, սիրելի Կառավարության անդամներ և գործընկերներ: Բարի առավոտ բոլորին:

Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ նախապատրաստվել գրանցման;

Գրանցում:

Գրանցման արդյունքներով ներկա են  32 պատգամավորներ, բացակա՝ 1- ը:

Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանը հայտարարում եմ բացված:

Հնչում է ԱՀ օրհներգը:

Հերթական՝ 3-րդ նստաշրջանը բացված է, և մենք սկսում ենք մեր աշխատանքները:

Հարգելի պատգամավորներ: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, ուզում եմ հայտարարել, որ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության կազմի մեջ փոփոխություն է կատարվել, ինչի մասին խմբակցության ղեկավարը Կանոնակարգի համաձայն գրավոր ձևով տեղեկացրել է ինձ: Այսպես,  «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը փոխվել է` Գագիկ Բաղունցը ընտրվել է խմբակցության ղեկավար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել խմբակցության նախկին ղեկավարին՝ պարոն Պետրոսյանին համատեղ աշխատանքի համար:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգի հարցերը ներկայացնելու համար խոսքը տրամադրվում է ԱԺ նախագահ պարոն Թովմասյանին:

Արթուր Թովմասյան - Նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա ներառված է 3 հարց, երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություններ, դրանք նույնպես 4-ն են: Հանձնաժողովի նախագահները, ովքեր 1-ին անգամն են ընտրվել հանձնաժողովի նախագահ, խնդրում եմ, որ մինչև սեպտեմբերի 27-ը բոլոր նախագծերը, որոնք առկա էին ԱԺ աշխատակազմում, հետ է ուղարկված և Կառավարության անդամները այստեղ են, կխնդրեի պարոն պետնախարար, իրենք նամակով շրջանառությունից հանեն, հետո լրամշակեն, որովհետև նոր իրողություններ են և, ասենք, միայն պարոն Պողոսյանն է, որ հարկային փաթեթի վերաբերյալ նամակով դիմել է և այսօր արդեն օրակարգում ընդգրկված են այդ արտոնությունները, որոնք վերաբերվելու են մեր հայրենակիցներին:

Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ, եթե  չէ՝ հաստատենք ու անցնենք առաջ: Հարցեր կա՞ն: Խնդրեմ:

Կարեն Հովհաննիսյան - Հարգարժան խորհրդարան, պարոն նախագահ, օրակարգի 3-րդ կետում, որ մեզ ներկայացված է...

Արթուր Թովմասյան – Սա նստաշրջանի օրակարգն է, հետո անցնելու ենք օրակարգին: Այսինքն սա նստաշրջանն է, որը ամբողջ նստաշրջանի 3-րդ գումարման ժամանակ մինչև արձակուրդը պիտի աշխատենք: Այդ նստաշրջանի օրակարգում կան օրենքի նախագծեր, որոնք մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ն էին  մտել խորհրդարան, դրանք լրամշակման կարիք ունեն, ինչպես նշեցի, նոր իրողություններ են բոլոր նախագծերի առումով: Եթե ուսումնասիրել եք մեծ նստաշրջանի օրակարգում, այդտեղ նաև կան պատգամավորներ, որոնց նույնպես խնդրել եմ, եթե թողնում են նստաշրջանի օրակարգում` թողնեն, եթե՝ չէ, միայն օրենսդրական նախաձեռնության հեղինակը կարող է նամակով հետ վերցնի իր նախաձեռնությունը: Հիմա մեծ նստաշրջանի օրակարգը քվեարկենք, հետո անցնենք այսօրվա նիստի օրակարգին:

Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգը հաստատելու  մասին» Ազգային ժողովի որոշումը: 

Քվեարկություն:

Կողմ՝ 32,  դեմ՝  չկա, ձեռնպահ՝  չկա:

Որոշումն ընդունված է: Հիմա անցնենք այսօրվա նիստի օրակարգին:

Գագիկ Բաղունց - «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի փետրվարի 4-ի նիստի  օրակարգի մասին» ներկայացման խոսքը տրամադրվում է ԱԺ նախագահ պարոն Թովմասյանին:

Արթուր Թովմասյան -  Այստեղ որպես պարտադիր քննարկման ենթակա հարց ներառված է «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին», այնուհետև գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած 2 օրենքների նախագծերի փաթեթներ, որոնք տրամաբանորեն կապված են 2021 թվականի բյուջեի նախագծի հետ և «Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին» հարցը, և, ինչպես միշտ, պատգամավորական հայտարարություններ: Հարց ու պատասխանը լինելու է 2020թ. փետրվարի 11-ին Կառավարության հետ: Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի  հետ կապված: Խնդրեմ:

Կարեն Հովհաննիսյան - Պարոն նախագահ, օրակարգի 3-րդ հարցը վերաբերվում է «Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին»: Մենք առաջարկում ենք, ես առաջարկում եմ, քանի որ Հաշվեքննիչ պալատի 10 տարվա ֆինանսական ոլորտի, ստաժի պարզաբանումը օրենքով չենք կարողանում հաստատել, այս հարցը օրակարգից հանել մինչև 10 տարվա հանրային ոլորտի ֆինանսների ստաժը կարողանանք հիմնավորել:

Արթուր Թովմասյան -  Ընդունված է, ձեր առաջարկը դնում ենք քվեարկության: Միայն ուզում եմ ձեզ ասել, որ քվեարկությամբ է օրակարգից հանվում ձեր առաջարկած տարբերակը: Հիմա ուրիշ առաջարկներ կա՞ն օրակարգի վերաբերյալ: Չկա՞ն: Հիմա մեր պատգամավոր Հովհաննիսյանը առաջարկել է, հիմա դնում ենք քվեարկության: Հարգելի գործընկերներ, ովքե՞ր են կողմ այսօրվա նիստի օրակարգից հանել է «Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին» հարցը` հիմք ընդունելով պատգամավոր Հովհաննիսյանի հայտարարությունը կամ տեղեկանքը, որը ներկայացրեց ձեզ: Ովքե՞ր են կողմ պարոն Հովհաննիսյանի առաջարկին:

Քվեարկություն:

Կողմ՝ 7, դեմ՝ 17:

Չանցավ ձեր առաջարկը: Կա՞ն ուրիշ հարցեր այսօրվա նիստի վերաբերյալ: Խնդրեմ:

Դավիթ Գալստյան - Քանի որ մտավ օրակարգ այս հարցը, այս հարցի շուրջ մտքերի փոխանակում պարտադիր լինելու է:

Արթուր Թովմասյան - Այո, հարցեր, մտքերի փոխանակում լինելու է, դա ցանկացած հարց, պարոն Գալստյան, ցանկացած օրենքի նախագիծ ոչ միայն այդ ընտրությունների մասով, այլ միշտ էլ մտքերի փոխանակություն լինելու է: Քանի որ դա առանձին ենք քվեարկել, հիմա քվեարկության ենք ներկայացնում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի փետրվարի 4-ի նիստի  օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը: 

Քվեարկություն:

Կողմ՝ 25,  դեմ՝  չկա,  ձեռնպահ՝   չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված քննարկումների ժամկետացանկով ավարտվել են Ազգային ժողովի քննարկումները ընթացիկ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի` 2021 թվականի բյուջեի վերաբերյալ: Այսօրվա նիստով մենք մեկնարկում ենք 1-ին  փուլը՝ հանրագումարի բերելու պատգամավորների և խմբակցությունների առաջարկները 2021թ. բյուջեի նախագծի համար: Կանոնակարգային ընթացակարգով նախատեսված հարցի քննարկումն այսօր ընդմիջվելու է, այսինքն  նիստը շարունակվելու է, իսկ բյուջեի քննարկումը ընդմիջվելու է մինչև փետրվարի 11-ը, որի ընթացքում  պատգամավորները դարձյալ առաջարկություններ կներկայացնեն բյուջեի նախագծի վերաբերյալ:

Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքը քննարկվում է հետևյալ ընթացակարգով.

ինչև երեսնական րոպե տևողությամբ ելույթով  հանդես է գալիս Հանրապետության նախագահի  ներկայացուցիչը.

 -մինչև երեսնական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով նախագիծը, ինչպես նաև դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

 իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով նախագծի` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը:

Այժմ  առաջարկում եմ սկսել Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին հարցի քննարկումը: Այն լիազորված է ներկայացնելու ԱՀ ֆինանսների նախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանը: Խնդրեմ, պարոն Մարտիրոսյան:

Գրիգորի Մարտիրոսյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Սահմանադրության 123-րդ հոդվածին համապատասխան ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի» նախագիծը, որը արդեն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ պատգամավորներին պետական բյուջեի շուրջ ծավալված շահագրգիռ արված քննարկումների համար: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի պետական բյուջեի» նախագիծը մշակվել է` հաշվի առնելով 2020թ. ապրիլից հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածման ազդեցությունը, ապա նաև սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքները: Նախքան պետական բյուջեի եկամուտները և ծախսերը ներկայացնելը, անդրադառնամ 2020թ. ձևավորված տնտեսական միջավայրին և ներկայացնեմ մակրոտնտեսական կանխատեսումային գնահատականներ: 2020թ. առաջին կիսամյակում, պայմանավորված համավարակի տարածմամբ, արտակարգ իրավիճակով և կիրառված սահմանափակումների պայմաններում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում, որի արդյունքում 2020թ. 1-ին կիսամյակում համախառն ներքին արդյունքը իրական արտահայտությամբ նվազել է 1,5 տոկոսով և կազմել 129,6 մլրդ դրամ: Ընդ որում, անկում է արձանագրվել իրական տնտեսության բոլոր ճյուղերում, մասնավորապես արդյունաբերության ճյուղում` 3,7 չափով, շինարարության ճյուղում` 14 տոկոսի չափով և գյուղատնտեսության ճյուղում` 10,2 տոկոսի չափով: Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը 2-րդ հարվածը հասցրեց Արցախի տնտեսությանը և, ըստ մեր կանխատեսումների 2020թ., այսինքն ըստ մեր նախնական գնահատականների, 2020թ. համախառն ներքին արդյունքը կկազմի շուրջ 293,5 մլրդ դրամ, կազմելով շուրջ 15 տոկոսի չափով տնտեսության անկում: Նյութական արտադրության հիմնական ոլորտներում կանխատեսվում են հետևյալ ցուցանիշները. 2020թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 103,5 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ նվազելով շուրջ 40 տոկոսով, շինարարության ծավալը կկազմի մոտ 48 մլրդ դրամ` նվազելով շուրջ 26 տոկոսային կետի չափով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 51,3 մլրդ դրամ` 2020թ. համեմատ, որը 2020թ. կազմել է 2019թ. համեմատ կնվազի մոտ 28 տոկոսային կետով: Ընթացիկ տարվա համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի շուրջ 224,5մլրդ դրամ, անկումը ըստ շատ նախնական գնահատականների առնվազն 25 տոկոսի չափով: Կախված այս մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում` 2020թ. պետական բյուջեի ցուցանիշները ձեզ ներկայացված նախագծով ծրագրվել են հետևյալ չափերով. եկամուտների գծով` 81830,4 մլն դրամ, ծախսերի գծով՝ 124851,3 մլն դրամ և դեֆիցիտը՝ 4320,5 մլն դրամ: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ 2020թ. պլանավորված 56 մլրդ դրամ եկամուտների դիմաց: Այդ թվում` հարկային եկամուտները, պետական տուրքերը եկամտատեսակի գծով կանխատեսվում է 17 մլրդ դրամ, որի արդյունքում կանխատեսումային հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 7,6 տոկոս, ինչպես արդեն ներկայացվել է գործընկերների կողմից քննարկումների ժամանակ, այս ցուցանիշի վրա իր ազդեցությունն է թողել և տնտեսության ներկայիս իրավիճակը, ինչպես նաև  հարկային արտոնությունների այն փաթեթը, որը ներկայացված է ձեր քննարկմանը: Բյուջետային վարկի չափը 2021թ. նախագծով նախատեսվել է 64 մլրդ 780,7 մլն դրամի չափով: 2021թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամի չափով, որը պակաս է 2020թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8 տոկոսով: ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 55,6 տոկոս: Հիմնական ծախսային գերակայությունները, որոնք նախատեսված են բյուջեի նախագծով հետևյալն են.

Գյուղատնտեսության ոլորտ:

Ծախսերը նախատեսվում են 5 մլրդ 91,6 մլն դրամի չափով, որից խոշոր ծրագրեր են 638 մլն դրամ գարնանացան մշակաբույսերի ցանկաշրջանառության խթանման ծրագիր, 533,5մլն դրամ անասնապահության խթանման ծրագիր, 230 մլն դրամ այգեգործության զարգացման ծրագիր, 230 մլն դրամ ոռոգման նպատակով հող օգտագործողներին աջակցման ծրագիր, և նոր ծրագիր 50 մլն դրամ գյուղատնտեսության ոլորտում նորարարության և ձեռներեցության, խրախուսման ծրագրի իրականացում, գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին, որպես աջակցության նախատեսվող գումար, պայմանավորվել է նախորդ տարվա չափով 1,5 մլրդ դրամի չափով: Տնտեսական զարգացման ծրագրի համար 2021թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ծախսել 618,3 մլրդ դրամ, որն ուղղվելու է ԱՀ տնտեսական զարգացման ծրագրի իրականացմանը: Խոշոր ծրագիր ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար նախատեսվել է 12 մլրդ դրամ, որի հաշվին սուբսիդավորվում են էներգոէլեկտրամատակարարման, գազամատակարարման և կապի ծառայությունների կապի մատուցումը բնակչության համար: 2021թ. պետական բյուջեի նախագծով կապիտալ ներդրումների ծրագիրը նախատեսվել է 10 մլրդ դրամի չափով, նախորդ տարվա 25 մլրդ ավելի ցուցանիշի դիմաց, և այդ գումարը հիմնականում նախատեսվել է ճանապարհաշինության, բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման շինարարական ծրագրերի շարունակմանը կամ իրականացմանը:

Սոցիալական պաշտպանություն:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2021թ. պետական բյուջեի նախագծում կազմել են 31 մլրդ 475,1 մլն դրամ կամ 2020թ. համար պլանավորված ցուցանիշից ավել 4 մլրդ 410,2 մլն դրամով, որը փաստացի բյուջե ծախսային կառուցվածքում ամենամեծ ծախսային բաժինն ունեցող ոլորտն է և կազմում է 25,2 տոկոս տեսակարար կշիռ: Զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման տեղադրման համար 2021թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1մլրդ 750 մլն դրամի չափով ծախսեր: Պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված ընտանիքներին բնակարան վարձելու նպատակով ֆինանսական աջակցության ծրագիրը նախատեսվել է նույնպես 360 մլն դրամի չափով:

Առողջապահության ոլորտ:

Առողջապահության ոլորտի ծախսերը նախատեսվում են հատկացնել 8 մլրդ 750,3 մլն դրամի չափով, որը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 1 մլրդ 306,4 մլն դրամով կամ 17,5 տոկոսով: Ծախսերի ավելացումը  հիմնականում պայմանավորված է 2020թ. սեպտեմբերի 1-ից համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացմամբ, անպտղության բուժման կազմակերպման նպատակով գումարների նախատեսմամբ, որոշ հիվանդություններով տառապող քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնությունների գումարների ավելացման, ինչպես նաև իմունոգլոբուլինի և հակաուռուցքային դեղամիջոցների լրացուցիչ ձեռքբերման անհրաժեշտության համար:

Կրթության ոլորտ:

Կրթության ոլորտի համար 2020թ. պետական բյուջեի նախագծով ծախսերը կազմում են 14 մլրդ 728,1մլն դրամ կամ 2020թ. պլանավորած ցուցանիշից պակաս 9,9 տոկոսով: Այդ գումարի գերակշիռ մասը 9 մլրդ 429 մլն դրամը ուղղվել է հանրակրթության ոլորտին: Մշակույթի, երիտասարդության ոլորտի ծախսերն նախատեսվում են 2մլրդ 431,6 մլն դրամի չափով:

Տեղական ինքնակառավարում

2021թ. պատական բյուջեով համայնքներին դոտացիաների տրամադրումը պլանավորվել է գրեթե նախորդ տարվա ցուցանիշին հավասար՝ 2 մլրդ 830,6մլն դրամի չափով նոտացիա, որը կազմում է համայնքային բյուջեների ավելի քան երեք քառորդը:

Նշեմ, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածին համապատասխան պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից այս 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 24 առաջարկություն: Առաջարկությունների վերաբերյալ Կառավարության հայտնած տեսակետները ներառվել են ամփոփաթերթիկի տեսքով, այդ հարցերում կային նաև խորհրդատվական բնույթի կամ կրկնվող հարցեր: Ընդհանուր առմամբ, թվային գնահատականով եթե ասենք, այդ առաջարկությունների ֆինանսական գնահատականը մոտ 1 մլրդ 50 մլն դրամ է և նշեմ, որ այն առաջարկությունները, որոնք ընդունվել են Կառավարության կողմից, կներառվեն պետական բյուջեի վերջնական տարբերակում, որը կներկայացվի առաջարկությունների 2-րդ ամփոփաթերթիկի հետ միաժամանակ: Նշեմ, որ այդ ժամանակ կներառվի նաև Կառավարության նախաձեռնության որոշակի փոփոխություններ, որոնք նախապես որոշ չափով լուսաբանվել են հանձնաժողովների և խմբակցությունների քննարկումների ժամանակ, մասնավորապես` առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերի ավելացումը նրանք նույնպես կավելացվեն պետական բյուջեի վերջնական տարբերակում, որը ձեզ կներկայացվի 2-րդ փուլի ամփոփաթերթիկի հետ միաժամանակ: Ավելացնեմ նաև, որ այս պահին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական տարին, այնուամենայնիվ, սկսված է Կառավարության կողմից, շարունակվում է ֆինանսավորման իրականացումը օրենքով սահմանված կարգով. այն նախորդ տարվա բյուջեի համամասնություններով հիմնականում այդ ծախսերը ուղղվում են սոցիալական ոլորտի ծախսերին՝ աշխատավարձների, կենսաթոշակների և այլ հրատապ հարցերի ֆինանսավորմանը, որը իրականացվում է բյուջետային կարգի մասին օրենքով սահմանված կարգին համապատասխան: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Բյուջեի քննարկման ընթացակարգով պատգամավորները կարող են հիմնական զեկուցողին դիմել իրենց հարցերով: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցերի համար հերթագրվել են 4 պատգամավորներ՝ Գալստյան, Գրիգորյան, տիկին Հակոբյան և Արամ Հարությունյան: Պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան - Շնորհակալություն: Պարոն Մարտիրոսյան, 2021թ. պետական բյուջեում նախատեսված է 4 մլրդ դրամ պետության կողմից վարկերի սպասարկման համար, չկա ոչ մի տեղ նշում, թե մեր այսօրվա դրությամբ ներգրաված այդ վարկային միջոցները ընդհանուր ինչ թիվ է կազմում և այս 4 մլրդ  միայն տոկոսագումարների վճարում է, թե՞ վարկի մարմանն էլ է ուղղված:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, հարցի համար: 4 մլրդ նախատեսված է տոկոսների վճարման համար, համաձայն բյուջետային համակարգի մասին օրենքի պահանջների, ծախսերի, տոկոսների վճարումը դիտարկվում է պետական բյուջեից ծախս և առանձին ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի ծախսերում:

Դավիթ Գալստյան - Ինչքա՞ն է կազմում այսօրվա դրությամբ այդ վարկը, որի համար պետք է այդքան տոկոսով սպասարկվի:

Գրիգորի Մարտիրոսյան - Ծախսերի ընթացիկ այս տարվա ցուցանիշները նաև ուղղված են պետական բյուջեի նախագծում դեֆիցիտի ֆինանսավորման հավելվածում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցի պատասխանը պարունակում է նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ, դա, կարծում եմ,  հրապարակայնացնել այս պահին ճիշտ չի լինի, առանձին այդ տեղեկությունները կարող ենք փոխանցել:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Մարտիրոսյան: Պարոն Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Պրոն Մարտիրոսյան, /Հայրենիք- ՔՄԴ/ խմբակցության կողմից Կառավարությանը ներկայացված առաջարկների մեջ կար առաջարկ: Սոցիալական արդարության սկզբունքներից ելնելով, վերանայել էլեկտրաէներգիայի և գազամատակարարման սուբսիդավորման փայաբաժինները: Մենք ստացել ենք, իհարկե, պատասխանը, որ նշված ծառայությունները մատուցվում են տարբեր ընկերությունների կողմից, որը խնդիր է առաջացնում և ժամանակի ընթացքում նույնպես մեխանիզմներ կմշակվի և, հաշվի առնելով այդ հանգամանքը, հնարավոր չէ՞ արդյոք հաշվի առնելով, որ սոցիալապես անապահով ընտանիքներն հնարավորություն չունեն գազով տաքացնեն համապատասխան սարքերը՝ բաքսի լինի, թե ինչ, ներդնեն իրենց բնակարաններում, թեկուզ վերանայել էլեկտրաէներգիայի քվոտայի չափը ավելացնելով, ասենք ինչ որ փայաբաժին 500կվ վրա: Շնորհակալություն:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, հարցի համար: Այդ հարցը բազմիցս քննարկվել է և կապված է ոչ այնքան ֆինանսական միջոցների հետ, այլև, այս պահի դրությամբ, մեր էներգոհամակարգի ներկայիս տեխնիկական վիճակի հետ: Այդ սահմանաչափերի ավելացումը, բնականաբար, բերում է սպառման ավելացման, որի ծավալները այս պահին խնդիր են առաջացնում տեխնիկական սպասարկման առումով, այսինքն` մեր ցանցի ներկայիս իրավիճակը, պայմանավորված պատերազմական գործողությունների ընթացքում և այդ վերականգնողական աշխատանքների ընթացքում ցանցի ընդհանուր ներկայիս իրավիճակի հետ, ուղղակի չի կարողանա այդ ցանցը դիմակայել ամբողջ ավելացված սպառման ծավալներին: Հետևապես, մենք ստիպված այդ սահմանաչափերը հաստատել ենք այն չափերով, որոնք որ ներառված են: Բնականաբար, հաշվի ենք առել նաև չգազիֆիկացված բնակավայրերի կամ բնակավայրերի մասերի առանձին մոտեցումը, որի դեպքում ավելի բարձր սահմանաչափեր ենք հաստատել:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, տիկին Հակոբյան, խնդրեմ: Թող պատրաստվի պարոն Հարությունյանը:

Մետաքսե Հակոբյան - Շնորհակալություն: Պարոն Մարտիրոսյան, մենք արդեն երկար ժամանակ է ուսումնասիրում ենք բյուջեն և բոլորս ընդունել ենք, որ 2021թ. պետբյուջեն պիտի ունենա սոցիալական ուղղվածություն: Պատերազմի ավարտից արդեն շուտով կլրանա 3 ամիսը, և բազմաթիվ կոչերից հետո մեր տեղահանված հայրենակիցներից շատերը ընտանիքներով վերադարձել են Արցախ`  ակնկալելով իշխանությունների տված երաշխիքները ստանալը, և առայսօր այն ընտանիքները, ովքեր կարողացել են բնակարաններ գտնել և վարձով բնակվել, կնքել են պայմանագրեր, բայց առայսօր որևէ փոխհատուցում չեն ստացել: Խնդիր կա նաև 68 և 15 հազարների հետ, 300 հազարների հետ: Եթե 3 ամիսների ընթացքում դեռ նախորդ պարտավորությունները չեն կատարվում, կարո՞ղ են մարդիկ վստահություն ունենալ, որ նախատեսված բյուջեից կարողանալու են ստանալ այդ փոխհատուցումները, որովհետև մարդիկ անհանգստանում են, մարդիկ պիտի ունենան երաշխիքներ զուտ թղթի վրա գրելով ու բյուջեն քննարկելով, բյուջեի մասին խոսելով չի: Այսօր արդեն մոտ 3 ամիս մարդիկ վարձով բնակվում են, փոխհատուցում չեն ստացել: Կուզեի պատասխանեք, որպեսզի հանրությունը ևս լսի, որ կարողանանք մենք ունենալ մեր հստակ պատասխանը:

Գրիգորի Մարտիրոսյան - Խոսքը վարձատու անձ հանդիսացողների փոխհատուցմա՞ն մասին է, այսինքն, տան տերերի՞, շնորհակալություն:

Մետաքսե Հակոբյան - Որովհետև կան արդեն տան տերեր, որոնք առաջարկում են լքել բնակարանները: Անհանգստությունը այդտեղից է գալիս:

Գրիգորի Մարտիրոսյան - Այո, ուրեմն, մինչև ՀՀ կառավարության կողմից համապատասխան ծրագրի հաստատումը, այն է` յուրաքանչյուր հյուրընկալող ընտանիքի համար որոշակի գումարների փոխհատուցումը 45 հազար դրամի չափով դեռևս անցած տարվանից` նոյեմբեր ամսից Արցախի կառավարության կողմից ընթացքավորվել է ծրագիր այդ վարձերի փոխհատուցման և 2020թ. տարեվերջին ֆինանսավորվել է հիմնականում Ստեփանակերտ քաղաքի այդ վարձավճարների չափով գումարները, երեկվա դրությամբ ևս առկա կուտակված պարտքերը ֆինանսավորվել են տարածքային կառավարման նախարարության համապատասխան ներկայացված տեղեկությունների համաձայն և այսօր մեր ընթացիկ ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է նաև հյուրանոցների վճարում, բնականաբար, այդ որոշակի այս հունվար ամսվա ձգձգումը պայմանավորված է բյուջետային ֆինանսավորման առանձնահատկություններով, որ դեռևս հունվարին մենք չենք ունեցել համապատասխան սահմանված իրավական և ծրագրային հնարավորությունները, այս պահի դրությամբ, այսօրվա դրությամբ առկա ներկայացված տեղեկություն, որի համաձայն պարտավորությունները մարված են: Ինչ վերաբերվում է ՀՀ կողմից իրականացվող ծրագրերին, ապա մեր գործընկերների տեղեկացմամբ ծրագիրը ընթացքում է և մոտակա օրերին պետք է ֆինանսավորումը բացվի, ֆինանսական միջոցներ հատկացվեն, որպեսզի Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորվող գումարները սկսեն վճարել:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան, խնդրեմ:

Արամ Հարությունյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, ինչպես գործընկերս նշեց, մեր խմբակցությունը ներկայացրեց առաջարկներ, որոնց պատասխանները ստացել ենք, բայց կա երկու հարց, որոնց վրա ևս կուզեի ձեր ուշադրությունը սևեռեի, որպես սոցիալական արդարությանը շարունակություն: Առաջինը բնակարանային խնդիր է, բնակֆոնդի դիֆիցիտի հետ կապված, մենք հիմա խնդիր ունենք, որ քաղաքացիների մի մասը, օրինակ, բնակվում են տարածքներում, որոնք նախկինում ծառայում են որպես գրասենյակ կամ հանրային նշանակության օբյեկտներ, և այստեղ նույն կոմունալ վճարումների հետ կապված խնդիրներ է առաջանում, որովհետև այնտեղ հաշվարկված սակագները լրիվ այլ են, որոնք նախատեսված են գրասենյակների կամ հանրային նշանակության օբյեկտների համար, բացի դրանից այդ բնակիչները չեն կարողանում սուբսիդիաներից օգտվեն, իսկ գործընթացի նշանակության փոխելը բավականին բարդ է և հաճախակի նաև վարձատուները ևս հրաժարվում են այդ գործընթացի մեջ մտնելու, որովհետև բավականին շատ ծախսատար պրոցես է, ինչ որ մեխանիզմ պիտի մշակվի, որպեսզի հեշտացվի և այդ մարդիկ կարողանան օգտվեն, և 2-րդ հարցը վերաբերվում է այն մարդկանց, որոնք փաստացի մասնակցել են պատերազմին, բայց այս կամ այն պատճառներով ոչ թե առաջնագծում էին, այլ թիկունքում էին աշխատում, օրինակ` հոսպիտալներում էին, կամավորներ կամ պահեստներում էին և պահեստներից ապրանքը առաջնագիծ էին մատակարարում կամ պահեստում կամավորական աշխատանքներ էին կատարում, բայց նրանք ոչ որպես ՄՈԲ ռեսուրս են գրանցված, ոչ որպես պատերազմի մասնակից են և այսպես բաց է մնում այդ մարդկանց կարգավիճակը: Նաև այս մասով ինչ որ բան մտածենք:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, հարցերի համար: Առաջին հարցի կապակցությամբ, այո, մենք այդ հարցին տեղյակ ենք, ստանում ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստանում է այդպիսի դիմումներ, ուսումնասիրում է և դրանց համար կցուցաբերվի այլ մոտեցում, հավանաբար` գումարի փոխհատուցման ձևով, որովհետև, ինչպես ճիշտ նշեցիք, բաժանորդի կարգավիճակի փոխումը բավականին երկարատև պրոցես է: Մենք այդ տեղեկությունները ստանում ենք ծառայություններ մատուցող ընկերություններից, հետևապես` այդ կատեգորիայի անձանց համար այլընտրանքային մոտեցում է ցուցաբերվելու, հավանաբար` գումարի վճարման եղանակով: Իսկ 2-րդ հարցի կապակցությամբ, բնականաբար, Արցախի բնակչության մի գերակշիռ մասը այս կամ այլ ձևով իր աջակցությունն է ցուցաբերել կամ իր մասնակցությունն է ունեցել այս պատերազմական` թիկունքային կամ այլ տեսակի աշխատանքներում և ըստ առանձին կատեգորիաների, ցուցաբերվում է առանձին մոտեցում, եթե անձիք ներառված են եղել որոշակի ռազմական գործողություններում որպես աշխարհազորային մասնակիցներ, ապա իրենց համար ցուցաբերվելու է ֆինանսական աջակցություն` նույնպես էլի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով: Աշխատողների այն հատվածը, որոնք որ ընդգրկված են եղել պետական հատվածում, նույնպես այդ օրերի համար վճարվել են, նրանց նաև նախատեսվել է լրացուցիչ վարձատրություն, 25 տոկոսով լրացուցիչ վարձատրություն է նախատեսվել, նաև նշեմ, որ օրենսդրության համաձայն, այն անձիք, ովքեր մոբիլիզացված են եղել պատերազմական գործողությունների ժամանակ ու աշխատում են մասնավոր հատվածում, նույնպես օրենքի համաձայն պետք է ստանան իրենց վարձատրությունը գործատուի կողմից և, այնուամենայնիվ, կա որոշ կատեգորիա, որը որ ներառված չի այդ ոլորտներում, նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որը այդ կարգի հարցերը կուսումնասիրի և կտա համապատասխան լուծում:

Արամ Հարությունյան – Շնորհակալություն, խնդրում եմ նաև ուշադրություն դարձնել, որ վերջում այն մարդիկ, ովքեր հիմա փաստացի կրկնակի են վճարում, որովհետև տարածքի նշանակությունը փոխված չէ, որ վերջում այդ ավել վճարած գումարը նաև կարողանանք ինչ որ մեխանիզմով հետ վերադարձնենք այդ մարդկանց, որովհետև դեռևս կարգավորված չէ և նրանք ստիպված են կրկնակի, որպես գրասենյակի կոմունալների ծախս, վճարել և հետագայում նաև, եթե վերանայենք այդ պրոցեսը, որպեսզի հիմա փաստացի իրենց կողմից այս պահի դրությամբ արդեն իսկ վճարած գումարը ինչ որ մեխանիզմ լինի հետ վերադարձնելու իրենց:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հիմա 84-րդ հոդվածով սահմանված կարգով իրենց եզրակացությունները պետք է ներկայացնեն ԱԺ մշտական հանձնաժողովները: Առաջինը` գլխադասային` ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և, երկրորդը` պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովներն են:  Պարոն Հարությունյան, խնդրեմ:

Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, Կառավարության հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, ներկաներ: «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ԱԺ Կանոնակարգ օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված ժամկետացանկի համաձայն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում և հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն` 5 կողմ, մեկ ձեռնպահ ձայների համամասնությամբ, որից հետո նաև ներկայացվել է պատգամավորների և խմբակցությունների կողմից առաջարկությունները և Կառավարությունը ներկայացրել է համապատասխան եզրակացությունները այդ առաջարկությունների վերաբերյալ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցեր կա՞ն պարոն Հարությունյանին: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան – Շնորհակալություն: Պարոն Հարությունյան, հաշվի առնելով ձեր աշխատանքային փորձը թե ֆինանսների նախարարությունում, թե այսօր որպես ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, արդյոք կա՞ որևէ զսպող մեխանիզմ պետական պարտքի առավելագույն չափի մասով, Կառավարության որևէ որոշումով կամ օրենքով:

Արթուր Հարությունյան - Մենք իրավական որևէ այդպիսի սահմանափակում այս պահին չունենք, բայց կա միջազգային ընդունված փորձ աշխարհում կիրառվող, այսինքն տարբեր պետություններ հաշվի առնելով այդ պետությունների տնտեսական պոտենցիալը և նաև հետագա տնտեսության զարգացման ակնկալիքները, սահմանում են տարբեր սահմանաչափեր, պարտքեր ՀՆԱ հարաբերակցության մասով, այսինքն պարտքերը կապելով համախառն ներքին արդյունքի հետ: ՀՀ ունի  այդպիսի չափ սահմանված և, բնականաբար, մենք հաշվի առնելով, որ գտնվում ենք նույն տնտեսական դաշտում, կարող ենք նաև այդ չափանիշները օգտագործել:

Դավիթ Գալստյան - Այո, իրավացի եք, ՀՀ կա կոնկրետ սահմանված այդ չափանիշը, բայց մեր օրենքում ֆինանսաբյուջետային համակարգի մասին օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետը տալիս է հակառակը ընթացիկ տարվա ՀՆԱ-ի սահմանաչափումները, այլ ընդհանուր չկա: Եվ դատելով այս տրամաբանությունից, հասկացվում է, որ Արցախի Հանրապետությունը անվերջ կարող է վարկեր վերցնել առանց որևէ սահմանափակումի:

Արթուր Հարությունյան - Պարոն Գալստյան, ես չեմ կարծում, որ անվերջ կարող են պարտք վերցնել, պարտքը վերցնում են համապատասխան այդ տնտեսությանը, այսինքն, եթե պարտքը վերցնում ենք ընթացիկ ծախսեր իրականացնելու համար, այդ դեպքում մեր պարտքերը ունենում ենք Կառավարության կողմից որոշակի սահմանափակումներ, բայց եթե պարտքը վերցնում ենք կապիտալ ներդրումների կամ ենթակառուցվածքների զարգացման կամ այլ նմանատիպ ծրագրերի, որոնք երկարաժամկետ կտրվածքով բերում են նաև տնտեսական աճի, այդ պարտքը վերցնելը դա ինքնանպատակ չի լինում:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Այժմ բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հոդվածների օրինականության և հիմնավորվածության մասին եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Սեյրան Հայրապետյան - ԱՀ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ, ներկաներ: Հաստատված ժամկետացանկի համաձայն 2021թ. պետական բյուջեի նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում:

Հանձնաժողովը գտնում է, որ ԱՀ 2021թ. պետական բյուջեի նախագծում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը օրինական են և հիմնավորված: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցեր պարոն Հայրապետյանին: Պարոն Մոսիյան, խնդրեմ:

Արթուր Մոսիյան - Պարոն Հայրապետյան, այդ ծախսերում ոստիկանության զորքերի մասով գումար կա՞ նախատեսված:

Սեյրան Հայրապետյան - Ոստիկանության զորքերի մասով գումար կա նախատեսված, ինչպես տեղյակ եք, վերջին օրենքի փոփոխություն է տեղի ունեցել ոստիկանության ուժերի և փրկարար ծառայության, ստեղծվել է ՆԳՆ, որը համակարգվել է ներքին գործերի նախարարության կողմից: Հավելյալ ծախսեր այդ նախարարության ստեղծման համար չեն նախատեսվել:

Արթուր Մոսիյան - Դուք ճիշտ չեք հասկացել, ինչ կապ ունի փրկարարը և ներքին գործերը, ոստիկանության զորքերի մասին է, ոստիկանության համակարգի մասին է, ոստիկանության զորքերի, զորք, որ այսօր Ղարաբաղում ոստիկանության զորք չկա, ոստիկանության զորքերի մասով գումար նախատեսվա՞ծ է, թե՝ ոչ;

Սեյրան Հայրապետյան – Ո՛չ:

Արթուր Մոսիյան – Չի՛ նախատեսված: Բա ի՞նչն է օրինական, որ համապատասխան է և այլն... Եթե այլ կարգավորումներ է գնում, որ պիտի լինի, թե տեղեկանքային ձև է փակ նիստում քննարկվել է, բոլորը նորմալ է:

Սեյրան Հայրապետյան - Փակ նիստում մենք քննարկել ենք բոլոր հարցերը, ինչ հարցեր եղել է, ինձ թվում է սպառիչ պատասխաններ ենք ստացել: Մենք ունենք ստեղծված իրավիճակ, որի մասին ես միշտ ասում եմ, ունենք մեր բոլորիս կարծիքները, մեր կարծիքը այն մասին, որ ես մի քիչ շեղվելու եմ, որ մեր հայրենիքի սահմանները պիտի պաշտպանի հայ զինվորը, հիմնական անվտանգության երաշխավորը պիտի լինի հայ զինվորը, ունենք նաև մի շարք չլուծված հարցեր, որը որ կարգավորվել է: Ձեր մտահոգությունը, ձեր հարցը ես հասկանում եմ, կա նաև քաղաքական այլ պահեր, որոնք քննարկվելու են: Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, հրավիրելու ենք հանձնաժողովի փակ նիստ, որի ընթացքում այդ հարցերին տրվելու է սպառիչ պատասխան:

Արթուր Թովմասյան - Հենց սկզբից վերջին նախադասությունը պիտի ասեիր: 

Արթուր Մոսիյան - Ես այդպես էլ գտա, որ դուք իմ հարցը չեք հասկացել:

Սեյրան Հայրապետյան - Ես հարցը հասկացել եմ, պատասխանը տրվելու է փակ նիստում:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, կարող եք նստել:

Արթուր Թովմասյան - Այժմ  մտքերի փոխանակություն.  խնդրում եմ ելույթների համար գրանցվել: Պարոն Բաղունց, խնդրեմ:

Գագիկ Բաղունց - ԱԺ մեծարգո նախագահ, Կառավարության հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, այսօր հայ ազգը վերապրում է իր բազմաչարչար պարտության ողբերգություններից մեկը:

Մենք կրեցինք ռազմական պարտություն, որից չհաջողվեց խուսափել նույնիսկ մոտ 5000 մեր քաջորդիների անդառնալի կորուստների գնով: Հավերժ փառք նրանց…

Այն հանգամանքի ըմբռնումը, որ մենք պարտվել ենք ճակատամարտում, այլ ոչ թե պատերազմում, պետք է դառնա ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ըմբռնման անկյունաքար:

Երկու հայկական պետության կենսագործունեության բոլոր ոլորտների ընդգրկված խորագույն ճգնաժամի հաղթահարումը, կորստյալի վերադարձի ձգտումը պետք է դառնա համազգային խնդիր:

Հետպատերազմյան ռելակսացիայի ձգձգման անթույլատրելիության ըմբռնումը նախապատերազմյան ռիթմով և ոճով շարունակելու, ապրելու կործանարարության ընկալումը պետք է դառնա անայլընտրանքային:

Հենց այս դիրքերից պետք է մոտենալ բյուջեի մասին օրենքի նախագծի գնահատմանը:

Այս առումով նախորդ քննարկումների ժամանակ ես արդեն հրավիրել եմ ձեր ուշադրությանը Սահմանադրության 101-րդ հոդվածի կետ 2-ի հետ ակնհայտ հակասության վրա: Այդ հոդվածի համաձայն բյուջեի հիմքում դրված ծրագրերի պլանավորումը և իրականացումը պահանջում է համապատասխանություն 2020-2025թթ. նախագահի ծրագրի հետ:

Հետպատերազմյա իրողությունում մոտակա տարիներին երկրի զարգացման ռազմավարության նոր հիմնարար սկզբունքների մշակումը պետք է դառնա անհետաձգելի խնդիր Կառավարության նախագահի աշխատակազմի, Կառավարության և ԱԺ համար:

Ցավոք, որոշակի չափով օբյեկտիվ պատճառներով պայմանավորված /մասնավորապես, ժամանակի սղության/ մենք գործ ունենք բյուջեի մասին նախկին օրենքների ակնհայտ Copy-paste-ի հետ: Անհրաժեշտ է նոր, ինչ որ տեղ օրիգինալ մոտեցումներ և լուծումներ, որոնք կնպաստեն հնարավորինս արագ ելքի ծանրագույն ճգնաժամից: Հենց նման մոտեցումները կօգնեն մեր բնակչությանը հաղթահարել դատապարտվածության վիճակը, հավատք ներշնչել կորստյալի վերականգնելու հնարավորությունը: 75 տարի առաջ 2-րդ համաշխարհային պատերազմում կապիտուլյացիայի ենթարկված Ճապոնիան սկսեց երկրի վերականգնումը հենց նման քայլերից:

Ի պատասխան ժամանակակից սպառազինությամբ սարքավորված բանակ ունենալու կոշտ տաբուի, Ճապոնիան մշակեց տնտեսության այնպիսի ոլորտների զարգացման ռազմավարություն, ինչպիսինն են մեքենաշինությունը և էլեկտրոնիկան: Այսօր Ճապոնիան ունի այն, ինչ ունի: Մեր պարագայում անհրաժեշտ է  բյուջեի մասին օրենքի ուղղվածության ընկալումը որպես ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգեկան բաղադրիչների համալիր:

2021թ. բյուջեն պետք է ըստ էության դառնար կենսունակության և դեպի անվտանգ ու բարգավաճ ապագան միտվածության խորհրդանիշ: Այն պետք է դառնար սեփական հողի վրա արժանապատիվ ապրելու պատրաստակամության անկոտրում կամքի յուրահատուկ մեսինջ, հայտ:

Այդ կոնտեքստում առաջարկում եմ շատ ավելի լուրջ ուշադրություն հատկացնել այնպիսի հեռանկարային ոլորտների, ինչպիսիք են կրթությունն ու գիտությունը, այլընտրանքային էներգետիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները:

Պատերազմը ավելի քան համոզիչ ցույց տվեց, որ 21-րդ դարը տեխնոլոգիական հեղափոխության դար է: Ինչպես խաղաղ տնտեսական մրցակցությունում, այնպես էլ ռազմական դիմակայությունում հաղթում են այն ազգերը, որոնք չեն հայտնվում գիտակրթական և տեխնիկական հեղափոխության ճամփեզրին:

Այս միտքը հստակ հնչեց նաև վերջերս ՀՀ ԱԺ  նիստում: Հեռու եմ այն մտքից, որ ԱՀ տնտեսությունը ի վիճակի է ինքնուրույն ընդունել տեխնոլոգիական մարտահրավերները:

        Սակայն, տեղավորվել ՀՀ նշմարվող գիտատեխնիկական տենդենցների նավարկուղում, ստեղծել տեխնոլոգիական հարթակներ և կադրային ռեզերվ, պատրաստ լինել ընկալել և օգտագործել դրսի տեխնոլոգիական նվաճումները, գոյատևման միակ ճանապարհն է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում:

        Անշուշտ, Կառավարության առաջնահերթ և կարևոր խնդիրներից մեկն է հանդիսանում վճռական, օպերատիվ և պատասխանատու քայլերը մեր բռնահանված քաղաքացիների կենսագործունեության անհրաժեշտ մինիմումի ապահովումը: Ուզում եմ հավատալ, որ Կառավարության խոստումները տարվա ընթացքում միջոցներ հայթայթելու մի շարք ակտուալ ծրագրերի ֆինանսավորման համար կիրագործվեն:

        Նման երաշխիքների առկայության դեպքում և բյուջեի մասին օրենքի վերջնական տարբերակում մեր առաջարկների ներառման պատրաստակամության դեպքում Միասնական հայրենիք” կուսակցությունը պատրաստ կլինի կողմ քվեարկել բյուջեի մասին օրենքի նախագծին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն փոխնախագահ:

Այժմ` եզրափակիչ ելույթի խոսք, եթե այդպիսի ցանկություն կա` խնդրեմ: Չկան:

Հարգելի գործընկերներ, ավարտեցինք հարցի քննարկման առաջին փուլը: Ժամկետացանկով պայմանավորված, հիմա 2021 թվականի պետական բյուջեի  քննարկումը ընդմիջում ենք մինչև փետրվարի 11-ը: Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով, հիմա  ֆիքսենք, որ ժամը 12-ն է, և այս ժամից սկսած, 24 ժամվա ընթացքում խնդրում եմ խմբակցություններին և պատգամավորներին  նոր առաջարկություններ լինելու դեպքում  ներկայացնեն դրանք աշխատակազմ:

ԸՆԴՄԻՋՈՒՄ     

Արթուր Թովմասյան - Շարունակում ենք մեր աշխատանքները,  հիմա անցնենք օրակարգով նախատեսված Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցին: Առաջնորդվում ենք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 121-րդ հոդվածով, որի համաձայն պաշտոնում ընտրվելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկելիս մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, հաջորդը՝ մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուն, ելույթից հետո թեկնածուին ներկայացվող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել պատգամավորների կողմից, այնուհետև`  մտքերի փոխանակություն և մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներ:

Այժմ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ Արցախի Հանրապետության ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արթուր Հարությունյանին: Խնդրեմ:

Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու Վահրամ Բորիսի Բաղդասարյանի կենսագրությունը:

Վահրամ Բորիսի Բաղդասարյանը ծնվել է 1967թ. մայիսի 1-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1974-84թթ. սովորել է Ստեփանակերտի համար 3 միջնակարգ դպրոցում: 1984թ. ընդունվել և 1988թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողովրդական տնտեսության պլանավորում ֆակուլտետը, ստանալով տնտեսագետի որակավորում: 1988թ. աշխատանքի է ընդունվել ԼՂՀ - ի մարզգործկոմի պլանային հանձնաժողովում որպես տնտեսագետ, 1989-91թթ.` ԼՂՀ–ում գլխավոր պլանային տնտեսագիտական վարչության գլխավոր տնտեսագետ, 1992-95թթ.` ԼՂՀ-ի Գերագույն խորհրդի տնտեսական ֆինանսա-վարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1991-94թթ սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժինը, էկոնոմիկա-պլանավորում և ժողովրդական տնտեսություն ու նաև ճյուղերի կառավարման կազմակերպում մասնագիտությամբ, 1995թ.` փետրվարից ԼՂՀ-ի Կառավարության բարեփոխումների բաժնի գլխավոր մասնագետ: 1997թ.` փետրվարից ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2004թ. դեկտեմբերից ԼՂՀ գյուղատնտեսության նախարար, 2007թ. հոկտեմբերից 2008թ. Մայիս` միջազգային բիզնես-կենտրոն ՖԲ գործադիր տնօրեն, 2008թ. Մայիսից` ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար, 2010թ. հունիսից` ԼՂՀ Կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ, 2010թ. սեպտեմբերից 2013թ. օգոստոս` գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն: 2013թ. դեկտեմբերից աշխատել է Արցախբանկ ՓԲ-ում, այդ թվում` 2013թ. մայիսից մինչև 2020թ. հունիսի 1-ը` գործադիր տնօրեն, վարչության նախագահի տեղակալ: 2020թ. հունիսի 1-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար: 2021թ. հունվարի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրով ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Վահրամ Բորիսի Բաղդասարյանի թեկնածությունը քննարկվել է ֆինանսա-բյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 4 կողմ, 2 դեմ ձայների համամասնությամբ տրվել դրական եզրակացություն: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Եթե հարցեր ունեք Արթուր Հարությունյանին` խնդրում եմ  գրանցվել: Պարոն Մոսիյան, խնդրեմ:

Արթուր Մոսիյան - Պարոն Հարությունյան, այո՛, քննարկվել է հանձնաժողովի նիստում, բարեբախտաբար, ընդհանուր հայտարար չի եղել, և բավարարվել են նրանով, որ օրենքը այս ձևի էլ կարելի է մեկնաբանած, այլ ձևի էլ մեկնաբանած, ստաժի մասին եմ ասում՝ օրենքի այն պահանջները: Ես հիմա խնդրում եմ դուք 10 տարվա ստաժ հիմնավորեք, ասեք, օրինակ` այսքան տարի գյուղնախարար և այլն, ի՞նչն է մտնում 10 տարվա այդ ստաժի մեջ, հետագայում ֆինանսների կառավարման ոլորտի ստաժը, որը օրենքի պահանջ է, որ պետք է թեկնածուն ունենա ըստ ձեր ներկայացրածի:

Արթուր Հարությունյան – Շնորհակալություն, հարցի համար, այդ հարցը իրականում քննարկվել է հանձնաժողովի նիստի ժամանակ, հանձնաժողովի անդամների կողմից նաև խորհրդակցություն է եղել այդ հարցի վերաբերյալ, մենք հարցումներ ենք կատարել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից խորհրդատվական կարծիք ստանալու կենտրոնական բանկ և ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով և ստացել ենք պատասխաններ, որ հանրային ֆինանսների կառավարման, քանի որ հստակ մեկնաբանությունը չկա, բայց կա հանրային ֆինանսների կամ պետական ֆինանսների կառավարման ռազմավարություն ՀՀ ընդունված, որտեղ որ կետերով նշված է, որ ոլորտներին է վերաբերվում այդ հանրային ֆինանսների կառավարման ստաժի, որ ոլորտներում պետք է աշխատած լինի և այնտեղ կան նշված, որ բյուջետային ծախսերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի պլանավորման կամ ծրագրերի իրականացման ուղղված այդ ոլորտները, որտեղ որ այդ գործառույթներն իրականացվում են, կարող են համարվել որպես հանրային ֆինանսների կառավարում: Տվյալ դեպքում, դա գյուղնախարարությունն է, գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնելն է, որն իրականացնում է բազմաթիվ բյուջետային ծրագրեր: Մենք բյուջեի քննարկումների ժամանակ էլ դա տեսնում ենք, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար, որը ևս իրականացնում է բյուջետային ծրագրեր և ներկայացնում է միջնաժամկետ ծախսերի ծրագրերի պլանավորում, գյուղի և  գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ, որը որ ստեղծված է պետական միջոցներով, այսինքն` պետության կողմից ստեղծված հիմնադրամ է, որը բյուջեից տանում է յուրաքանչյուր տարի առնվազն անցած տարի և այս տարի մեկ ու կես մլրդ դրամ, որը որ արդյունավետ կառավարման և այդ ծրագրերի իրականացման պատասխանատուն է: Սա է հիմնավորումը հանրային ֆինանսների կառավարման ոլորտին, իսկ ինչ վերաբերվում է օրենքում կամ որևէ այլ իրավական ակտում հանրային ֆինանսների կառավարման հասկացությանը, մենք չունենք, մենք դա բազմաթիվ անգամ քննարկել ենք և այսօր նաև ՀՀ կա այդ խնդիրը և մեր գործընկերների հետ քննարկումներից հետո նրանց կողմից էլ ներկայացվել է, որ առաջիկայում կատարվելու են փոփոխություններ և այդ դրույթները, կապված ստաժի հետ, ավելի հստակեցվելու են: Շնորհակալություն:

Արթուր Մոսիյան - Մոտավորապես նույն պատասխանը հնչել է, բայց այդ ձեր նշածը նաև ոչ թե հիմնավորում է, այլ՝ ճիշտ հակառակը, միջնաժամկետ ծախսային ծրագրերը ներկայացնում են բոլոր պետական մարմինները՝ ՊՈԱԿ- ները: Օրինակ, կրթության նախարարությունը, կրթության նախարարը, կրթության ոլորտի մասնագետ է, թե՞ ֆինանսների: Ինքն էլ է բյուջեի միջնաժամկետ ծախսային, դատախազը, ոստիկանությունը և այդ է պատճառը: Այստեղ գիտեք ինչի մասին է խոսքը: Մի անգամ ասել եմ, օրենքը փոխելու ժամանակ ասել եմ, որ պետք է ազնիվ լինել, էսա տեսնելու եք և համոզվեցիք, հիմա էլ եմ ասում, պետք է ազնիվ լինել, խոսքս սահմանադրական մարմնի ղեկավարի մասին է: Սահմանադրական մարմին է Վերահսկիչ պալատը: Նախորդ օրենքը բերելով, որ մարդու համար օրենք եք փոխել, տեսեք, պարոն Հարությունյանն էլ ասել է, որպես օրենքի հեղինակ, ասում է, որ հաշվի առնելով, որ 5 տարվա ղեկավարի ստաժը հանում ենք, որ լայն բան լինի, որովհետև այնքան մասնագիտական նեղ է, որ քիչ մարդ է ընկնում: ԱԺ-ի դահլիճում եք ասել: Այո՛, բոլորի ընկալումն էլ այն է եղել, որ պարզապես այդ 5 տարի ղեկավարը շատերի վրա չի բռնում: Եթե ձեր հիմիկվա բացատրությունը ճիշտ է, օրենքը  չփոխեիք: Հարց եմ տալիս:

/Աղմկում են դահլիճում:/

Արթուր Թովմասյան - Միտքդ կտրվել է, մտքերի փոխանակություն կա: Փորձառու պատգամավոր ես երկար տարիներ: Հարգելի պատգամավորներ, 2 րոպե հարցի համար: Հարցը պատասխանում է և մեկ րոպե արձագանքել, խնդրում եմ կանոնակարգը պահպանել, արդեն 10-րդ ամիսն է աշխատում եք:

Արթուր Հարությունյան - Կարելի՞ է պատասխանեմ: Շնորհակալություն, պարոն Մոսիյան, մենք երբևէ անազնիվ չենք եղել այդ հարցերում, և ձեր նկատառումը այն առումով, որ մենք օրենքի փոփոխության ժամանակ նշվել է, որ 5 տարվա կառավարման ղեկավարի ստաժը հանելով ավելի՞ ենք ընդլայնվում: Այո՛, ավելի ենք ընդլայնել, քանի որ այնտեղ  եղել են դեպքեր, որ կա մարդ, որը որ զբաղեցնում էր, օրինակ` տեղակալի պաշտոն, իսկ ըստ մեկնաբանության`  տեղակալը դա ղեկավար պաշտոն չէ, որովհետև այնտեղ գրված է ոչ թե ղեկավար պաշտոն, այլ ղեկավարի պաշտոն: Դա տարբեր մեկնաբանություններ են, դրա համար այդ 5 տարվա ստաժը և հաշվի առնելով, որ 10 տարվա հանրային ֆինանսների կառավարման ոլորտի ստաժը դա բավականին մեծ ստաժ է և, եթե այդ մարդը աշխատել է ոչ թե ղեկավար պաշտոնում կամ ղեկավարի պաշտոնում, այլ աշխատել է, օրինակ` գլխավոր մասնագետ կամ տեղակալ, կարող է նաև զբաղեցնել այդ պաշտոնը: Շնորհակալություն:

Արթուր Մոսիյան - Խոսքը հետևյալի մասին է, եթե այս տրամաբանությունը, որ միջնաժամկետ ծախսային ծրագրին մասնակցում են, ուրեմն ֆինանսական կառավարման ոլորտի աշխատող են, օրենքի որևէ փոփոխություն պետք չի, մեր պետական բյուջեի մասին օրենքով բոլորն ընդգրկվում են դրա մեջ` ՊՈԱԿ-ների տնօրեններ և այլն, էլ լայնացնելի ինչ որ լայն շրջանակի համար խոսելն անիմաստ է: Խոսքը դրան է վերաբերվում: Այդ փոփոխությունը դառել է անիմաստ, որովհետև եթե այս է տրամաբանությունը, այդ օրենքում ցանկացած մարդ կարող է արդեն այդ ոլորտի մասնագետ լինի: Անազնվությունը դրա մեջ է, որ ասում եմ:

Արթուր Հարությունյան - Պարոն Մոսիյան, ես նորից կրկնեմ, մենք ունենք պատասխան և այդ ՊՈԱԿ-ը, որ դուք նշում եք հենց այդ գրությունը, որ վերցնեք ֆինանսների նախարարության, այնտեղ առանձին գրված է, այդ թվում նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք կառավարում են, այո՛, պետական ֆինանսները: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն  Հարությունյան, կարող եք զբաղեցնել ձեր  տեղը: Վարման կարգի մասով պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան  - Հենց դրա մասին է խոսքը, երբ ձեզ ձեռ է տալիս օրենքի տառից կախվելը, երբ՝ չէ այլընտրանքով մեկնաբանելը: Եթե մենք չենք տեսնում մեր մեջքի հետևում է այդ 3 րոպեանոց տախտակը, բարի եղեք ապահովեք, որ մենք տեսնենք, մեր ժամը կարողանանք մենք կանոնակարգենք:

Արթուր Թովմասյան - Ուրեմն, բարի եղեք դիմեք աշխատակազմին: Պարոն Գալստյան, երբ որ ասում եք /ձեզ ձեռնատու է/ ուրեմն, ես ասեմ, որ քննարկումների ժամանակ, երբ որ ես ելույթ էի ունենում, ասացին ժամանակը սպառվել է, կանոնակարգով աշխատենք, կանոնակարգը ես հարգում եմ: Դուք չեք եղել այդ նիստին, հարգելի պատճառով գտնվում էիք Արցախի սահմաններից դուրս: Այսինքն` ինձանից սկսած բոլորդ ենթարկվում եք ԱԺ Կանոնակարգ օրենքին: Եթե Կանոնակարգ օրենքին ԱԺ պատգամավորը չի ենթարկվում, այս օրենքները ընդունում եք, որ ժողովուրդը ենթարկվի՞: Օրենքը հավասար է բոլորի համար. պետական ամենաբարձր պաշտոնյայից, երկրի նախագահից սկսած մինչև շարքային Արցախի քաղաքացին, շարքային քաղաքացի չկա, հատուկ քաղաքացի, միայն հայրենապաշտ մարդն է, որ այստեղ ապրում է, շնորհակալություն: Վարման կարգի մասով դեռ ժամանակ կա:

Այժմ հրավիրվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան.

Վահրամ Բաղդասարյան - Շնորհակալության: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Թույլ տվեք նախ շնորհակալությունս հայտնեմ այս բարձր պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար: Իմ կարծիքով իմ կենսագրական տվյալներին կրկին անդրադառնալու կարիք չկա, նշեմ ուղղակի, որ աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1988թ., շուտով լրացվող իմ աշխատանքային գործունեության 33 տարվա ընթացքում աշխատել եմ պետական կառավարման մարմիններում՝ զբաղեցնելով նաև բարձր պաշտոններ, տարածքային կառավարման ոլորտում ղեկավարելով Ասկերանի շրջանի վարչակազմը, վերջին տարիներին աշխատել եմ բանկային և ֆինանսական համակարգում, այդ թվում` 2020թ. հուլիսից մինչև 2021թ. հունվարը եղել եմ ԱՀ ֆինանսների նախարար: Ամբողջությամբ գիտակցելով Հաշվեքննիչ պալատի դերն ու կարևորությունը, ընկալելով Պալատի նպատակները, խնդիրներն ու գործառույթները, համոզված եմ, որ ընտրվելու դեպքում աշխատանքային փորձը թույլ կտա ինձ անմիջապես ստանձնել պաշտոնի լուրջ պատասխանատվությունը: Երաշխավորում եմ, որ ընտրվելու դեպքում Պալատի աշխատանքները կազմակերպվելու են օրենսդրական պահանջների անշեղ կատարմամբ, կիրառելով գործառույթային անկախության, ֆինանսական անկախության, կոլեգիալության, օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրապարակայնության և թափանցիկության սկզբունքները, առաջնորդվելով աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության ստանդարտներով, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հարցեր: Պարոն Մոսիյան, Հովհաննիսյան, Գալստյան, տիկին  Հակոբյան, կա՞ն ուրիշ ցանկացողներ: Պարոն Մոսիյան, խնդրեմ:

Արթուր Մոսիյան - Պարոն Բաղդասարյան, նշեցիք, որ ֆինանսների նախարար եք եղել 2020թ. հուլիսին բյուջեն ներկայացնելու ժամանակ, այս բարձր ամբիոնից ասել եք, որ մենք, մինչև  բյուջեն ԱԺ հաստատելը, արդեն պայմանագիրը կապել էիք, վարկ էիք վերցրել և փողերի մի մասը ծախսել էիք, ուղարկել էիք` հաշվի առնելով դարի աղետ դարձած ծրագրի մասին է խոսքը: Դուք որպես ֆինանսների նախարար, ես ողջունում եմ պարոն Թովմասյանի ասածները, որ բոլորը օրենքի առաջ հավասար են և պիտի պատասխան տան: Դուք, որպես ապագա Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու, չե՞ք գտնում, որ օրենքը խախտել եք առանց ԱԺ որոշման, բյուջեն քվեարկել ու արդեն այդ ծախսերը անել, գտնու՞մ եք, որ այդ դեպքը օրենքի  խախտում է, թե՝ ոչ, հարցս ավելի կոնկրետացնեմ, մեկ, և 2-րդը՝ արդեն Վերահսկիչ պալատի 2021թ. տարեկան ծրագիրը կա և այնտեղ բյուջետային վարկեր և այլն, և նաև տարվա գործունեությունն է: Դուք 7 ամիս եղել եք ֆինանսների նախարար, այո՛, կոլեգիալ մարմին է, և կոլեգիալ է որոշումը, բայց որպես նախագահ կամ այդ Պալատի մեկ անդամ, ուսումնասիրելով այդ հարցը, եթե, իհարկե, ընտրվեք, ի՞նչ եք ասելու, ասելու եք խախտում չկա՞ այս հարցում, թե՝ չէ: Շնորհակալություն:

Վահրամ Բաղդասարյան - Պարոն Մոսիյան, նախ 2020թ. բյուջեի փոփոխությունները ներկայացնելուց չենք ասել, որ այդ գումարները արդեն ծախսված է, եղել է հաստատված ծրագիր...

/Աղմկում են դահլիճում/

Ասֆալտի մասին է խոսքը, այո, բայց ոչ թե արդեն գումարները ծախսված է, այլ արդեն ծրագիրը իրականացվում էր, ընթացքի մեջ էր: Չեմ համարում, որ ինչ որ խախտում է կատարվել այդ պատագայում: Ինչ վերաբերվում է 2020թ., 7 ամիս զբաղեցրել եմ ֆինանսների նախարարի պաշտոն և 2021թ. Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված է 2020թ. բյուջետային ծրագրերի իրականացման հաշվեքննությունը, այո, դուք ինքներդ նշեցիք, 1-ին հերթին Հաշվեքննիչ պալատի նախագահը չի ընտրվում մեկ տարով, այսինքն` միայն 2020թ. ծախսերը ստուգելու մասով, մեկ, 2-րդը՝ տարեկան բյուջեն, ֆինանսների նախարարությունում, դուք շատ լավ գիտեք, ինքը ամփոփող, ներկայացնող ԱԺ լիազոր մարմին է, այսինքն բյուջեի նախագիծը մշակում է համապատասխան բոլոր պետական մարմինների կողմից, ֆինանսների նախարարությունը ամփոփում, ներկայացնում է ԱԺ հաստատմանը: Բյուջեի ծրագրերի իրականացնողը, կատարողը նույն համապատասխան պետական մարմիններն են, նույն ֆինանսների նախարարության համակարգում և գործառույթների մեջ կա նաև բյուջետային ծախսերի վերահսկողությունը: Այդ գործառույթները իրականացնում է ֆինանսների նախարարությունը: Այո՛, Հաշվեքննիչ պալատը կոլեգիալ մարմին է: Պալատը կազմված է 5 անդամից, որոշումներն ընդունում են ձայների մեծամասնությամբ, բոլոր անդամները, այդ թվում նախագահը ունեն մեկական ձայն:

Արթուր Թովմասյան - Բառացի հիշեցնեմ` ասել եք, թե՞ չեք ասել, հիշեցնեմ նաև, ասել եք. /եղանակային պայմանները հաշվի առնելով, մենք արդեն կատարել եք որոշակի ծախսեր/: Հիմա դուք ասում եք, որ չեք ասել:

Վահրամ Բաղդասարյան – Ծախսեր չի, որոշակի ծրագրեր իրականացրել են:

Արթուր Մոսիյան - Արդեն որոշակի գումար ծախսվել է, փոխանցվել է: Ես ինչի՞ համար եմ ասում, շատ կարևոր է, որովհետև անկախ մարմինը, դուք ասում եք` չեք ասել, ես կխնդրեմ ԱԺ նախագահը սղագրությունը այս ընթացքում հանել տա, բերի և պարզի դուք ճի՞շտ եք ասում, թե՝ չէ:

Արթուր Թովմասյան - Արձագանքու՞մ եք: Ո՛չ: Պարոն Հովհաննիսյան:

Կարեն Հովհաննիսյան - Պարոն Բաղդասարյան, հրադադարի ստորագրումից հետո տեղահանված ազգաբնակչությանը տրվել է որոշակի ֆինանսական աջակցություն: Լինելով ֆինանսների նախարար, այդ հատվածում ինչքա՞ն գումար է այդ ծրագիրը կյանքի կոչելու համար փոխանցվել, ինչքա՞ն գումար է փոխանցվել օպերատիվ շտաբին և ո՞ր իրավական հիմքերով:

Վահրամ Բաղդասարյան - Կդժվարանամ այս պահին ասել թիվը կոնկրետ, չեմ հիշում ուղղակի անգիր, բնականաբար, համապատասխան հայտերը շտաբի գործունեություն են համակարգում մեր սոցապ նախարարությունը համապատասխան հայտերը ձևավորվում է, ներկայացնում Կառավարության համապատասխան որոշումներով, Կառավարության որոշումների հիման վրա է հատկացվում այդ գումարները, ֆինանսների նախարարությունը ինքնուրույն ոչ մի գումար տիրապետելու իրավասություն չունի:

Կարեն Հովհաննիսյան - Կառավարության որոշումներին մենք ծանոթ չենք, կոնկրետ կարո՞ղ եք ասել որ որոշման հետ է կապված:

Վահրամ Բաղդասարյան - Էլի կդժվարանամ անգիր ասել համարները, կարող եք գրավոր հարցում կատարել և ստանալ համապատասխան պատասխանը: Յուրաքանչյուր գումար հատկացվում է Կառավարության որոշման համապատասխան:

Արթուր Թովմասյան - Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Դավիթ Գալստյան - Ճիշտն ասած, ուրիշ հարց էի ուզում տալ, բայց այս տրամաբանությունը շարունակեմ, վաղը հաշվեքննություն կատարելիս եթե պարզվի, որ Կառավարության որոշում չէ այդ գումարները հատկացնել, ձեր գնահատականը և ձեր հետագա քայլերը, քանի որ այդ գումարները դուք եք հատկացրել, և ես հիմա համոզված ասում եմ նախորդ նստաշրջանի պետնախարարը այդ ամբիոնից, որ հարցրել եմ ինչի՞ հիման վրա է այդ գումարները փոխանցված, ասել են` կարող ենք ծանոթանալ Կառավարության որոշմանը, ասել են՝ չկա: Եվ եթե չկա Կառավարության որոշումը, դուք այսօր պնդում եք, որ օբյեկտիվ ստուգում պետք է կատարվի և պարզվի, որ այդ Կառավարության որոշումը չկա, ձեր հերթական քայլերը որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ կխնդրեի  մեկնաբանեք:

Վահրամ Բաղդասարյան - Ես համոզված եմ, որ այդպիսի բան չի լինելու առանց Կառավարության որոշման, բայց եթե պարզվի, որ առանց Կառավարության որոշման բյուջեից ինչ որ գումար է հատկացվել, միանշանակ դա արձանագրվելու է և համապատասխան իրավական հետևանքներ է ունենալու:

Արթուր Թովմասյան - Արձագանքու՞մ եք:

Դավիթ Գալստյան - Այսինքն դուք ասում եք, որ պետնախարարը սուտ է ասում:

Վահրամ Բաղդասարյան -  Ես չեմ ասում, որ պետնախարարը սուտ է ասում է: Ասում եմ` ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր գումար գիտի:

Դավիթ Գալստյան - Պետնախարարը սուտ է ասում, քանի որ ես մեջբերեցի պետնախարարի այդ ամբիոնից հնչեցրած պատասխանը, և դուք ասում եք, որ համոզված եք, որ տենց բան չկա: Այսինքն` կամ ԱԺ դահլիճից պետնախարարը չի պատասխանել կամ խուսափել է պատասխանից և սխալ պատասխան է տվել կամ դուք այդքան էլ համոզմունքը չպետք է լինի:

Վահրամ Բաղդասարյան - Պարոն Գալստյան, դա շատ հեշտ ստուգում է ձեր հարցմանը համապատասխան ֆինանսների նախարարությունը: Ես նոր ասացի, ես չեմ ենթարկելու, Հաշվեքննիչ պալատը պատասխանատվության ենթարկող մարմին չէ:

Արթուր Թովմասյան - Պարոն Բաղդասարյան, քիչ առաջ ես ասացի հարց, պատասխան, արձագանք, նորից պատասխան, այդքանը: Տիկին Հակոբյան, խնդրեմ:

Մետաքսե Հակոբյան - Տարիներ շարունակ ֆինանսների նախարարությունը հիմնականում բոլոր ֆինանսական միջոցների համակարգողն է եղել, մեր մոտ կրթական համակարգում թեկուզ բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք չեն աշխատում ըստ ՊՈԱԿ-ի կանոնադրության, սկսած իրենց ֆինանսների, ֆինանսական միջոցները օգտագործելու հնարավորություններից` վերջացրած էլի ֆինանսական հարցերով, այսինքն` միշտ համակարգողը եղել է ֆինանսների նախարարությունը, ինքը որոշել է ի՞նչն է անհրաժեշտ, ի՞նչ է արել, մի խոսքով, տնօրինել է ինքը գումարները: Այդ ժամանակահատվածում, երբ որ դուք եք եղել ֆինանսների նախարար, ուղղակի ինձ որպես քաղաքացի շատ հետաքրքիր է, որ մարդն ինքը որոշում է ծախսերը, ինքը համակարգում է, հետո ո՞նց է ինքը նորից ստուգելու դա: Ուղղակի ես չեմ կարողանում պատկերացնել, երբ որ ես` ինքս ինչ որ մի բան արել եմ, հետո ինքս ինձ ինչպե՞ս պիտի ստուգեմ ու հայտնաբերած թերությունների համար ինչպե՞ս պիտի պատասխան տամ:

Վահրամ Բաղդասարյան - Ձեր հարցը համարյա թե նույն նախորդ հարցերի կրկնությունն է, բնականաբար, ֆինանսների նախարարությունը օրենքներով և կանոնադրությամբ ունի համապատասխան լիազորությունները: Ես պատասխանեցի նախկինում իմ 7 ամսվա կատարած աշխատանքի հաշվեքննությունը ինչպես ենք իրականացնելու, ինչ վերաբերվում է ՊՈԱԿ-ներին, այո՛, ՊՈԱԿ-ները աշխատում են, ֆինանսավորվում են սահմանված նորմատիվների շրջանակներում, և ընդհանրապես 2020թ., երբ որ սկսվել է բյուջետային գործընթացը, իմ ղեկավարության ժամանակ դեռ նախաձեռնել ենք նաև ՊՈԱԿ–ների օպտիմալացման ծրագիրը, ցավոք սրտի, պատերազմական գործողությունների հետևանքով այդ աշխատանքները դադարել են, բայց ես համոզված եմ, որ նաև շարունակվելու է և ՊՈԱԿ-ների, և ՓԲԸ-ի աշխատանքների օպտիմալացման ծրագիրը միանշանակ, ինձ թվում է, կշարունակվի:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք: Ոչ: Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, կարող եք զբաղեցնել ձեր  տեղը:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել. պարոն Գալստյան, պարոն Մոսիյան, տիկին Հակոբյան, Արևիկ Պետրոսյան, Արամ Գրիգորյան, Արթուր Հարությունյան: Աղմկում են դահլիճում:

Ընդմիջում` մինչև ժամը մեկը:

Ընդմիջում:

Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորների անունից Հարավային Ավստրալիայի նահանգի խորհրդարանի Ստորին պալատի կողմից բոլոր պատգամավորներին, այդ թվում` Ստորին պալատի պատգամավորներին շնորհակալություն հայտնել ԱՀ պաշտոնապես ճանաչելու համար:

Շարունակում ենք մեր աշխատանքները: Այժմ անցնում ենք մտքերի փոխանակության: Պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան - Հարգելի գործընկերներ: Հաշվեքննիչ պալատի մասին ԱՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել ԱԺ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացին, ով ունի աուդիտի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, կամ Հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում բարձրագույն պաշտոն կամ գլխավոր պաշտոնի առաջին խմբի նվազագույնը չորս տարվա աշխատանքային ստաժ, կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ:

Հոդվածի նկարագրությունը ցույց է տալիս, որ Հաշվեքննիչ պալատի մասին ԱՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը նորմատիվային առումով Հաշվեքննիչ պալատի անդամին առաջադրվող պահանջ է, որի մեջ առկա են Հաշվեքննիչ  պալատի անդամ ընտրելու սահմանափակումները:

Դատելով Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի բովանդակություններից, նրանում տրված չեն օրենքում ներառված իրավական նշանակության հատկանիշների հասկացությունը: Նման դեպքում հանրային ֆինանսների կառավարման հասկացության պարզաբանման համար նորմատիվ իրավական  ակտերի մասին ԱՀ օրենքով սահմանված են օրենքում ընդգծված հասկացությունների պարզաբանման տեխնիկայի հնարքներ:

Այսպես, Նորմատիվ իրավական ակտերի մասին ԱՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

  1. Եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են համանման հարաբերությունների կարգավորող իրավական նորմերը:
  2. Օրենսդրության մեջ կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմի բացակայությունը և օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են իրավունքի տվյալ ճյուղի սկզբունքները կամ տվյալ իրավահարաբերության էությանը համապատասխան իրավունքի ընդհանուր սկզբունքները:

Հաշվեքննիչ պալատի մասին ԱՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները զուգադրելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ԱՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանված կարգի հետ, անվիճելի է, որ Հաշվեքննիչ պալատի  մասին ԱՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում ներառված սահմանափակումների հասկացությունը անհրաժեշտ է պարզել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 45-րդ հոդվածի  2-րդ մասով սահմանված կանոններով, այն է` հանրային ֆինանսների կառավարման ոլորտ հասկացության պարզաբանումը պետք է կատարվի իրավունքի տվյալ ճյուղի սկզբունքներով կամ տվյալ իրավահարաբերության էությանը համապատասխան իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Հետևապես, ԱԺ ներկայացված Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու հետ կապված հանգամանքները պետք է դիտարկվեն վերոհիշյալ օրենքում նշված չափորոշիչներով:

Արդյոք պարոն Բաղդասարյանի թեկնածությունը համապատասխանում է Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին:

Ուսումնասիրելով պարոն Բաղդասարյանի կողմից ներկայացված փաստաթղթերը, ակնհայտ է, որ դրանք չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին: Այն, որ Հաշվեքննիչ պալատի անդամին առաջադրվող պահանջները պետք է, որ նախ և առաջ հիմնվեն Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի դրույթներով, այլ ոչ թե աշխատակարգի մասին որոշմամբ, ակներև է, քանի որ, ըստ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջների, իրավունքի, ճյուղի կիրառման առաջնային իրավունքը պատկանում է հիմնական օրենքի ճյուղի կիրառմանը, որն ըստ էության կարգավորում է տվյալ ճյուղի իրավահարաբերությունները: Այս կապակցությամբ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում պարոն Բաղդասարյանի Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրվելու քննարկման ընթացքում, հանձնաժողովը բավարարվել է սոսկ ԱՀ ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին որոշման՝ ԱԺ կողմից ընտրվող պաշտոնում առաջադրման համար ներկայացվող փաստաթղթերի 91-րդ կետի դրույթներով և չնայած որ ԱՀ ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին որոշման ԱԺ կողմից ընտրվող ԱԺ այդ պաշտոնում առաջադրման համար ներկայացվող փաստաթղթերի 91-րդ կետի 7-րդ մասի պահանջով, պարտադիր է Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի ներառված փաստաթղթերի ներկայացման պայմանները, այնուամենայնիվ, հանձնաժողովը Բաղդասարյանի փաստաթղթերի հարցը քննարկել է 91-րդ կետի և Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի իմպերատիվ պահանջների խախտումներով: Այսինքն` չի պահանջել օրենքով սահմանված փաստաթղթերը:

Միևնույն ժամանակ պարոն Բաղդասարյանի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են եղել օրենքին հակասող փաստաթղթեր, որոնք, ըստ էության, նման պայմաններում պարոն Բաղդասարյանը օրենքի ուժով չի կարող հավակնել այդ պաշտոնին:

Այսպես, պարոն Բաղդասարյանի կողմից ներկայացված անձնական թերթիկում ներառված աշխատանքային ստաժը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Ըստ աշխատանքային գրքույկի` Բաղդասարյանի աշխատանքային ստաժը վերաբերում է պետական կառավարման ոլորտին: Այսինքն, պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժը չի կարող համարվել և չի կարող նույնանման դիտարկվել հանրային ֆինանսական կառավարման ոլորտի իրավական նշանակության հետ: Ուստի, հանրային ֆինանսների կառավարման ոլորտի տասը տարվա աշխատանքային ստաժը պարոն Բաղդասարյանի մոտ առկա չէ: Դա նշանակում է, որ հանձնաժողովի արդյունքները չեն համապատասխանում օրենքի պահանջներին, որոշումը կայացվել է օրենքի կոպիտ խախտմամբ:

Իսկ դա նշանակում է, որ օրենքի խախտման միջոցով չեն կարող ընտրվել, տվյալ դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում, այն անձինք, ովքեր առաջադրվել են օրենքի պահանջի կոպտագույն խախտմամբ: Այսպիսով, մենք հայտնվել ենք այնպիսի իրավական խնդրի լուծման իրավիճակում, որ մեր, որպես օրենսդիր մարմին, որ կոչված է հասարակական հարաբերություններում լիարժեք կենսագործունեության համար ստեղծել իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտեր, ինքներս ենք խախտում մեր իսկ կողմից ընդունված օրենքների պահանջները:

Հարգելի գործընկերներ: Հաշվի առնելով, որ մեր քաղաքացիների ինքնագիտակցությունը քաղաքական իշխանության հարգանքի նկատմամբ ձևավորվում է երևույթների գնահատման միջոցով, առավել ևս` այն պայմաններում, ինչպիսի պայմաններում գտնվում է մեր երկիրը, կոչ եմ անում դեմ քվեարկել: Հակառակ դեպքում, մենք պայմաններ ենք ստեղծելու մեր քաղաքացիների մոտ ձևավորել քաղաքական իշխանության նկատմամբ անվստահություն, ինչը խարխլելու է պետության հիմքերը և միանշանակ բացասաբար է անդրադառնալու մեր պետական անվտանգությանը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Մոսիյան, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Արթուր Մոսիյան - Շնորհակալություն, իմ գործընկեր պարոն Գալստյանը ներկայացրեց այն իրավական հիմքերը, որոնցով Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու պարոն Բաղդասարյանը չի կարող առաջադրվել այդ պաշտոնում, ես դրան չեմ անդրադառնա, իմ ելույթը փորձեմ կառուցել հետևյալի վրա: Տեսեք, ես հույս ունեի այս աղետալի պատերազմից հետո մարդկանց մտածելակերպում ինչ որ փոփոխություն կկատարվի, ցավոք, իմ անձնական նկատառումներում ես դա չեմ տեսնում: Տարբեր հարցերի քննարկման ժամանակ մեր պատգամավոր գործընկերների հետ, որ խոսում ենք, մարդիկ ասում են` դրանք փոքր հարցեր են, կան ավելի մեծերը, չնայած փոքր հարց չի լինում, այն էլ` այս ձևի ԱԺ քննարկվող սահմանադրական մարմին հանդիսացող Վերահսկիչ պալատի կամ այլ մարմինների դեպքում, կամ այլ օրենքների դեպքում: Ի՞նչ ենք նկատում. այս իշխանության գալով, պարոն Հարությունյանի կողմից մայիս ամսից նկատում ենք պետական ինստիտուտների քանդման մի գործընթաց` դա վերաբերվում է և դատախազությանը, և Վերահսկիչ պալատին, և մնացած մարմիններին: Հիմա ասեմ միտքս, որը շարունակվում է դժբախտաբար. նախկինում ես աշխատել եմ որպես Վերահսկիչ պալատի նախագահ և հարյուրավոր միլիոնավորներ վերադարձել են բյուջե: Ճիշտ է, շոուներ չեն կազմակերպվել, բայց ակնհայտ է և Վերահսկիչ պալատը անկախ մարմին է` կազմված տարբեր խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուներով: Հիմա ի՞նչ է կատարվում. այսօր 4-րդ անդամն է առաջարկվում, Հաշվեքննիչ պալատի 5 անդամներից արդեն երեքը Ազատ Հայրենիք - ՔՄԴ խմբակցությունն է առաջարկել՝ իշխող քաղաքական ուժը: Եթե ես մտադրություն ունեմ, խոսում ենք օրենքի պահանջով,  իրավունքն է առաջադրել այս, այն, խնդիրը մեկն է, լսեք, ես ինչի համար եմ այդ նախկինին կարճատև պատմական էքսկուրսիա կատարել: Սրանից հետո սկսվել է մի գործընթաց` օրենքով սահմանված անկախ մարմինը ևս վերածել Կառավարության կցորդի, և ԱԺ կզրկվի կողմնակի կարծիք ունենալու իրավունքից ուժերի այս հարաբերակցության դեպքում: Նույնը դատախազության պարագայում է: Հիմա տեսեք, այս իշխանության ապաշնորհ, ապիկար քաղաքականության արդյունքում մենք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարի հասնող վիրավորներ, հայրենիքի կորուստ, 35 հազար փախստականներ, գերեվարված և այլն, բայց ոչ մի բան մտածելակերպում չի փոխվել: Ամբիոնից հայտարարում է. Մենք մեծամասնություն ենք, կրում ենք պատասխանատվություն: Իհարկե, կրելու եք պատասխանատվություն, ոչ մեկը թող չկասկածի: Բայց մինչ ելույթների ժամանակ, երբ պետք է, ասում է` մենք բոլորս ենք դավաճան, մենք բոլորս ենք մեղավոր: Ես պարզապես կխնդրեի արտահայտությունները անելուց, որովհետև որևէ արտահայտություն իր հետևանքն է ունենում, չանել նման բաներ: Նույնը Վերահսկիչ պալատը, դատախազությունը. սրանք այն մարմիններն են, որ ոչ մի պետական, օրենսդիր, գործադիր, դատական անկախ մարմիններ են, գործառույթային իմաստով կոչված են նաև վերահսկելու կարգը, կանոնը, օրինականությունը: Նույնը դատախազության պարագայում՝ 6 ամիս առաջ մենք գլխավոր դատախազ  ենք ընտրել: Ես այս ամբիոնից ասել եմ, որ այդ մարդը ի վիճակի է աշխատելու, եթե արտաքին ազդեցություն չլինի, դժբախտաբար, եղավ այդ ազդեցությունը: Պատերազմից հետո մեր փոքրիկ դատախազությունում իրավունքն է, ասում ենք այս ինչը կոչումա նախագահի իրավունքն է շնորհել: 5 հատ գեներալի կոչում են շնորհել, այսօր չորսը այդ համակարգում չեն և նույնը մնացածը. այս է վերաբերմունքը: Ես իմ գործընկերներին կցանկանայի ձեր բոլորի ուշադրությունը այս վերաբերմունքի վրա պահել, Վերահսկիչ պալատ, ԱԺ նախագահ, ես կխնդրեի, քանի որ, պարոն Թովմասյան, որպես կանոն, արդեն բանա դառել, ինձանից հետո իրավունքի ուժով արձագանքում եք, այս անգամ էլ իմ խնդրանքով արձագանքեք որպես 2-րդ պաշտոնյա հանրապետության: Դուք տեղյակ եք, որ այսօր Վերահսկիչ պալատը որտեղ է նստում, ո՞նց են Պետնախարարի բանավոր հանձնարարությամբ այդ պալատը հիմա, չգիտեմ մի երկու կաբինետ հատկացված, թղթերը իրար վրա Կառավարության շենքում բուն տված էլեկտրացանցին, մասնավոր ընկերության, իր բալանսում գտնվող շենքին: Եվ հիմա ասել են` փետրվարին կազատեք, հիմա փետրվարի 4-ն է, այս է պետական վերաբերմունքը Վերահսկիչ պալատի նկատմամբ, որովհետև այս Պալատը կոչված է հսկողություն իրականացնելու Կառավարության գործունեության վերաբերյալ: Հիմա բոլոր Կառավարության անդամներին, նախկին ֆինանսների նախարարին և այլն, տանում ենք լցնում Պալատը, որ ինչ, եթե փորացավ չունեք, թաքցնելու բան չունեք, այս վերաբերմունքը չպիտի լինի: Բայց դրանով հանդերձ, այսօր Վերահսկիչ պալատը ու դեռ առանձին հարց էլ ես դատախազությանն ունեմ, արդեն բան եմ գրել, 2020թ. մոտ 200մլն չգիտեմ ինչ հատկանիշներ են հարուցել գործի յուրացման, թե փողերի լվացման, մի տարուց շատա գտնվում է դատախազությունում, Վերահսկիչ պալատի բացահայտածը, և ոչ մի խոսք, և այդպես էլ կան, այդպիսի հարյուրավոր, միլիոնների բաներ, այդ է պատճառը: Հիմա եկել ենք օրենքը, քանի որ ինքը լավ չի մեկնաբանում, մենք մեծամասնություն ենք ու անց ենք կացնում, անցկացրեք,  և դրա պատասխանատվությունը կրեցեք: Ես դիմում եմ գործընկերներին, ամենայն լրջությամբ վերաբերվել այս հարցերին, որովհետև նենց չի, որ ամեն մի քվեարկություն կրում է նաև պատասխանատվություն, մի վերցրեք ձեր վրա ուրիշների արածի պատասխանատվությունը, օրենքի խախտումով մարդու քվեարկություն, այսինքն սահմանադրական մարմնի նախագահի թեկնածություն ներկայացնող անձը օրենքի բացահայտ երկու կոպիտ խախտումներով: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, կան հարցեր, որ իրականում օբյեկտիվ բարձրացված են, բայց չտեսնել կատարվածը, ամեն ինչ կառուցել Հաշվեքննիչ  պալատի նախագահի ընտրություններով, բերել այդ հասցեատերերին կարող եք հայտարարությունների ժամին ասել` այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուի ընտրության հարցն է, իրականում համամիտ եմ, մեզ նման փոքր երկրին Հաշվեքննիչ պալատ պետք չի, մեզ նման փոքր երկրում 90-ական թվականներին պատգամավորներից չեն վերցնում /վերստուգիչ/ բառը: Նախկինում ԱԺ եղել է ներկայացուցչական օրենսդիր և վերահսկիչ մարմին: Վերահսկիչը առանձնացնելով այդքան էլ, մենք ինչ է 33 հոգով այն ժամանակ մի հանձնաժողով կար և նա իր ֆունկցիաները կատարում է և ԱԺ դերը այս առումով ավելի բարձր է: Հիմա համամասնական ընտրակարգին անցնելուց հետո արդեն ամեն մի կուսակցություն հաշվի կառնի, որ այնտեղ նաև Հաշվեքննիչ, Վերստուգիչ հանձնաժողով է լինելու և պատրաստի պատգամավորներ են գալու, այսինքն այն գլխից՝ 90-ական թվականներից գիտակցաբար դա վերցրել են, և իրականում իշխանությունները տարանջատված կլինեն գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների: Եվ ժողովուրդը չի ասի, որ պատգամավորը ինչով է զբաղվում: Պատգամավորը միայն հարցերի համար չէ, մտքերի փոխանակությունների համար չէ, հայտարարությունների համար չէ, պատգամավորը նաև օրենսդրական նախաձեռնությամբ պիտի հանդես գա: Պարոն Մոսիյան, դուք դա շատ լավ տիրապետում եք, նաև այդ Վերստուգիչը կունենար հանձնաժողովներ, դուք գիտեք, որ խորհրդարանական պրակտիկայում այսպիսի դեպքեր կան, երբ որ մենք ցանկացած պահի այդ իրավունքը ունենք, ժամանակավոր հանձնաժողով, բայց ինչու՞ ժամանակավոր հանձնաժողով, որը կարելի է այսպիսի փոքր պետությունում, եթե մենք անցել ենք պրոֆեսիոնալ պառլամենտի և, եթե 33-ի աշխատատեղը ԱՀ ԱԺ է, ապա այդ Հաշվեքննիչը անպայման պետք է մտներ այստեղ: Հակառակ պարագայում այս փոքր երկրում, այսքան փոքր բնակչությամբ շռայլություն է 33 պատգամավորը: Շռայլություն է ունենալ 33 պատգամավոր, նոր Հաշվեքննիչ պալատ, Հանրային ծառայություն, քաղծառայություն, զգում եք, մենք սրանք արել ենք, որ Եվրոպան, բայց տեսանք Եվրոպան 2020թ. սեպտեմբերի 26-ից հետո արձագանքները: Իհարկե, կային Ֆրանսիայի մեր բարեկամները, իհարկե կային, որոնք դատապարտում են, բայց միջազգային հանրությունը կույր էր: Այսինքն ես համամիտ եմ այնպիսի հարցերի շուրջ, որը իրականում այս փոքր պետությունում այսքան ծառայություններ ունենալը նույնպես շռայլություն է: Ինչ մնում է, ասենք, համապատասխանում է կամ չի համապատասխանում, ես խնդրել էի, որ երկու թեկնածուներին և Բաղդասարյան Վահրամին, և Դավիթ Գալստյանին թղթերը ուղարկեն փորձաքննության, ինչ մնում է /դատարանում ենք հանդիպելու/, ես դատարանում պատրաստ եմ նաև ադրբեջանցիների հետ հանդիպել, էդ բանա, որ ասում եք: Իհարկե, դատարան էլ կգնանք, եթե ժողովրդավարական երկիր ենք կառուցում, ինչ մնում է յուրացումների մասին, սիրելի ժողովուրդ, բյուջեից թալանողը երկրի թշնամին է: Հիմա ես ԱԺ նախագահ եմ, մի հատ վերցնեմ վերջին 1997թ. հետո ստուգեմ, ինձ 3 անգամ ԱԺ նախագահից հրաժարականից հետո ստուգել են, նրանից հետո ու՞մ են ստուգել: Իհարկե, պիտի ստուգեին, հայտարարել են, պիտի ԱԺ նախագահին ստուգեն. 1997թ. 3 անգամ, որ բնակարանը ձեռիցս վերցնեն վարձով է ապրելու, բայց արդյունքում բան չեն ճարել, որովհետև ես բանվորի տղա եմ, ինձ թիկունք չի եղել, թիկունքով ոչ մեկը չպիտի աշխատի, ամեն մեկը պետք է ունենա իր գիտելիքները: Իհարկե երկիրը պիտի կառուցենք, իհարկե, երկրում թերություններ կան, բայց իմ կյանքի ամենալավ քվեարկությունը ես կատարելու եմ 3-րդ հարցի շուրջ՝ պատերազմական գործողություններից հետո նոր իրավիճակում հարկային փաթեթի մասով, որից օգտվելու են 60 հազար մեր հայրենակիցները: Չի՞ կատարվում, նոյեմբերին նիստ անեի՞նք: Բազմաթիվ անգամ հանդիպել ենք երկրի նախագահի հետ, պարոն Պողոսյանի հետ՝ հարկայինի պատասխանատուն, պարոն Հարությունյանի հետ, լրամշակվել է, որպեսզի ամբողջական տեսք ստանա, նաև հանդիպել ենք այդ, քիչ առաջ 35 հազար եք ասում, ես չգիտեմ այդ թվերը, բայց մոտ 8000 ընտանիք, մոտ 31000 բնակիչների հետ:

Աղմկում են դահլիճում;

Տիկին Հակոբյան, խնդրեմ:

Մետաքսե Հակոբյան - Հարգելի գործընկերներ, Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի քննարկման փուլերում իմ մտապատկերներում տվյալ գործընթացն էլ գնահատման են արժանացվել 2 տեսանկյունից` կոռուպցիոն երևույթները իրավական պահանջների համատեքստում և երկրում իրավական համակարգային փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից: Ըստ այդմ, համապատասխան հանձնաժողովում տեղ գտած պատգամավորների կարծիքները, դիտարկումները համադրել եմ արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայության, բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմի ապահովման չափորոշիչների  հետ: Եկել եմ այն համոզմանը, որ պարոն Գալստյանի դիտարկումները, ուղղակիորեն առնչվում են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հետ: Այն, որ առանցքային նշանակություն ունեցող կոռուպցիոն երևույթի բացառման պահանջը դրված է բոլորիս վրա՝ փաստ է: Հետևապես, արդյոք Հաշվեքննիչ պալատի թեկնածուի օգտին քվեարկելու արդյունքում չենք ունենալու կոռուպցիոն ռիսկեր և ինչքանով է մեր որոշումը համապատասխանելու կոռուպցիայի հակազդման մասին միջազգային չափորոշիչներին:  Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրությունը պետք է դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարի նորմերի ընտրմամբ՝ որքանով է նպատակահարմար անձին ազատել ֆինանսների նախարարի պաշտոնից և ընտրել Հաշվեքննիչ պալատի նախագահ:

Ակնհայտ է, որ հակակոռուպցիոն քաղաքական արդյունավետ կառավարումը հիմնված է հետևյալ հիմնարար արժեքները կենսագործելու նախապայմանների ու մոտեցումների վրա՝

  1. Քաղաքական կամք. այն է` պետական իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, լիովին գիտակցում են կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու կարևորությունը և արդյունավետ համագործակցում են հայեցակարգի իրականացումն ապահովելու համար:
  2. Հանրային շահի առաջնայնություն. այն է` իշխանության և հանրային ինստիտուտների ներկայացուցիչներն իրենց լիազորություններն  իրականացնելիս պարտավոր են հանրային շահը բարձր դասել ցանկացած այլ շահից: Անթույլատրելի է լիազորությունների օգտագործումն իրենց, իրենց ընտանիքների կամ մտերիմների համար չարդարացված նյութական կամ ոչ նյութական օգուտներ կամ առավելություններ ստանալու համար: Այս առումով անթույլատրելի է այսպիսի ոլորտներում պաշտոնների փոխադրումները, որոնք, ըստ էության, պաշտոնների լիազորությունների փոխկապակցումն են: Այստեղ հարկ է ընդգծել, որ պաշտոնների լիազորությունների փոխկապակցվածության ակնհայտ առկայությամբ, մեկ այլ պաշտոնի նշանակման դեպքում, նախկին պաշտոնի նկատմամբ հսկողության լիազորություններ է տրվում կամ նոր պաշտոնի նշանակմամբ կոռուպցիոն ռիսկեր են առաջանում:

Հիմա ինչ վերաբերվում է իրական համակարգային փոփոխություններին Արցախի  Արդարություն կուսակցությունը Արցախում իրական համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով բազմիցս հանդես է եկել տարբեր առաջարկություններով: Սակայն կառավարման համակարգը թույլ է տվել գործող իշխանություններին ոչ միայն չանդրադառնալ նման առաջարկներին, այլև ընդհանրապես անուշադրության մատնել: Այնուամենայնիվ, ունենալով մեծ պատասխանատվություն մեր հասարակության առջև, Արցախի Արդարություն խմբակցությունը կոչ է անում քաղաքական մեծամասնությանը փոխել ընդդիմության նկատմամբ իրենց որդեգրած /անուշադրության մատնելու/ քաղաքականությունը: Կանգ առե՛ք, պարոնայք իշխանավորներ, գոնե այս արհավիրքից հետո փոխվեք և փոխեք ձեր գործելաոճը: Այս մտահոգություններից ելնելով էր, որ մենք առաջադրեցինք Հաշվեքննիչ պալատի նախագահի մեր թեկնածուն: Կարծում էինք, որ երկրում տիրող այս ծայրահեղ ծանր իրավիճակը ինչ որ բան փոխել է նաև ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի տրամաբանության մեջ, սակայն՝ ոչ, դուք ինչպես առաջ, այնպես էլ հիմա օգտագործում եք ձեր մանդատների  զուտ քանակական առավելությունը: Քաղաքական մրցակցությունը բնականորեն պետք է ծավալվի խորհրդարանական մեծամասնության  և փոքրամասնության՝ ընդդիմության միջև: Վերջինս պետք է իրապես դառնա այլընտրանքային գաղափարներ և քաղաքական օրակարգ ձևավորող քաղաքական բևեռ, այլապես եթե ընդդիմությունը շարունակի մնալ լոկ ձևականի և բողոքողի դաշտում, չկարողանա ներազդել քաղաքական որոշումների  վրա, ապա մենք կունենանք միաբևեռ  քաղաքական համակարգ, որն արագորեն կվերաճի միահեծան իշխանության՝ երկրի նախագահի գլխավորությամբ, ինչի ականատեսն ենք այսօր: Ընդդիմությանը պետք է տալ սեփական արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքական գործոն դառնալու երաշխիքներ և հնարավորություն:

Ցավոք, ներկայիս ԱԺ-ի մեծամասնության մոտ ես չեմ տեսնում այս խնդիրների նկատմամբ մտահոգություն և ասածիս առհավատչյան ներկայիս թեկնածուի առաջադրումն է: Սակայն, հույս ունեմ, որ լիագումար նիստում սպասվող քվեարկությունը կսփոփի իմ մտահոգությունները, ուստի կոչ եմ անում դեմ քվեարկել: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, տիկին Հակոբյան: Տիկին Պետրոսյան, խնդրեմ:

Արևիկ Պետրոսյան - Շնորհակալություն, իմ ելույթը լինելու է շատ կարճ, որովհետև չեմ ուզում կրկնեմ այն, ինչ որ արդեն ասել են իմ գործընկերները, պարզապես կարծիք եմ ուզում հայտնել այն մասին, որ սահմանադրական գործառույթներով լիազորված մարմիններ, իրոք, դարձել են գործադիր իշխանության կցորդը: Բայց դա տեղի է ունեցել ոչ այսօր, ոչ էլ 2020թ. մայիսի 22-ից հետո: Դա երկարատև գործընթաց է, որը որ շարունակվում է գրեթե 30 տարի: Ինչ վերաբերվում է Վերահսկիչ պալատի աշխատանքին, գիտեք կա մի շատ պարզ հարց կոռուպցիայի դեմ պայքարի, ընդ որում ես դա Եվրոնյուզ-ով եմ լսել, հարցը ուղղված է Բուլղարիայի կառավարությանը, հա դուք ասում եք պայքարել  եք կոռուպցիայի դեմ, խնդրեմ, մինչև հիմա ո՞վ է դատվել կոռուպցիայի մեղադրանքով: Ես չեմ հիշում այս վերջին տարիներին որևէ մեկին դատե՞լ են, ընդհակառակը, պաշտոն ձեռք բերելուց հայտնվում է, որ այդ պաշտոնատարն ինչ որ արտասահմանից հարուստ բարեկամ ունի, միանգամից հայտնվում է և նա սկսում է տուն կառուցել Ստեփանակերտում, տուն ձեռք բերել Երևանում, և հանրությունը տեղյակ չի այդ գումարները որտեղից են վերցրել այդ պաշտոնյաները: Այո՛, կարող է պատահել, ես հիշեցի նաև Մուրադ Պետրոսյանի խոսքերը, որ թղթաբանությունում շատ ամեն ինչ ճիշտ է, գերազանց ձևի ձևավորված, բայց իրականում գործառույթները չեն կատարում, և հիշեցի նաև իմ գործընկերոջը, որին ես շատ հարգում եմ, ուրիշ առաջարկ, երբ ասել է, որ եկեք հերթականությամբ մեր քաղաքացիներին նշանակենք  նախարար և այդպիսով լուծենք բոլորի սոցիալական խնդիրները: Այս երևույթները առկա էին և որտե՞ղ էր, ինչո՞վ էր զբաղվում Վերահսկիչ պալատը: Այո՛, միլլիոնավոր գումարներ կարող է պատահի ստիպել եք, որ վերադարձնեն, բայց որտե՞ղ են վերադարձվել, մենք չգիտենք և, արդյո՞ք, վերադարձվել են, թե՝ չէ: Կարևոր եմ համարում պաշտոնյայի քաղաքացիական դիրքորոշումը, սկզբունքայնությունը և հույս եմ հայտնում, որ պարոն Բաղդասարյանը արմատապես փոխելու է Վերահսկիչ պալատի գործունեության ոճը և մենք ձերբազատվելու ենք այս հին, այս նախկինում տհաճ երևույթներից և անձամբ ես, որպես պատգամավոր, իմ պարտքն եմ համարում ամեն անգամ մատնանշել անձերի վրա, բոլորս համակարգային ինչ որ բաներից եք խոսում, բայց չեք ասում, որ մեկ տեղից հանել են, ասել են այստեղ միլիոնավոր պակասություն կա, տարել են մի ուրիշ տեղ ավելի մեծ պաշտոնի դրել և միևնույն անձանց խումբը օղակի պես փոխում են իրենց պաշտոնները: Սա՞ էր իբր սահմանադրական գործելաոճը: Ես չեմ հասկանում, ուղղակի իմ ցանկությունն է և իմ պահանջն է, որպեսզի նոր ընտրված նախագահն, եթե ընտրվի, արմատապես փոխի տեղի ունեցած այս երևույթները և ընդհանրապես գործելաոճը, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Գրիգորյան, խնդրեմ:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Մեծարգո ԱԺ նախագահ, հարգարժան Կառավարության պատասխանատուներ, գործընկերներ: Ճիշտն ասած, ի սկզբանե մտադրված էի մանրակրկիտ անդրադառնալու բոլոր այն հարցերին, ելույթներին, ելույթներում տեղ գտած դրվագներին, ռեպլիկաներին, որոնք բարձրացվել և հնչեցվել էին ինչպես 2020թ. ամառային ամիսներին կայացած արտահերթ նստաշրջաններում, այնպես էլ հերթական նստաշրջաններում` կապված Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախկինում օրենքի նախագծին, այնուհետև օրենքին, որպես այդ օրենքի նախագծի համահեղինակ, սակայն մտքափոխվեցի, քանզի իրականում ես ինքս քաջ գիտակցում եմ, որ մտածողության համաչափություն է հանդիսանում փոխըմբռնման գրավականը և փոխադարձ համաձայնության նախադրյալը, իսկ դրա բացակայության կամ անհնարինության պարագայում առաջանում են դիսպոտեկ քննարկումներ, նոր կարծիքներ, իր տեսակետների առաջացում, որը իրականում կրում է առողջ գործընթացային բնույթ: Սակայն ցավալին այն է, որ որոշ ելույթներ, ռեպլիկաներ, դրվագներ ելույթներում կրում են, իմ կարծիքով, անհիմն մեղադրանքի բնույթ, ինչպիսինն է օրենքի ընդունումը անձի համար, կամ օրենքի նախագծի վերաբերյալ. /Кто есть кто/ ռեպլիկաներ և նմանատիպ արտահայտություններ: Ուզում եմ ընդգծել, որ իմ ավելի քան 10 տարվա օրենսդրական դաշտի փորձը, ինձ թույլ է տալիս գալ այն եզրահանգմանը, որ մեր ընդդիմադիր դաշտի որոշ ընդդիմադիր գործիչների հիմնական գործիքակազմն է հանդիսանում առհասարակ պոպուլիզմը: Այո՛, ուզում եմ ընդգծել` առհասարակ պոպուլիզմը, և այդ էլ քաջ իմանալով, այնուամենայնիվ, ուզում եմ այս ամբիոնից բարձրացված բոլոր հարցերին տալ շատ հակիրճ պատասխան, և այդ պատասխանը ուզում եմ տալ ԱՄՆ սենատոր Ռոջերդ Շերմանի բառերով, իսկ նա ասել է. Եթե դուք փոքրամասնություն եք` խոսեք, իսկ եթե մեծամասնություն եք՝ քվեարկեք: Եվ քանի որ առաջին մասը այս ասացվածքի արդեն տեղի է ունեցել, ավելի քան վստահ եմ, որ այսօր տեղի է ունենալու ու կյանքի է կոչվելու 2-րդ մասը, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան, խնդրեմ:

Կարեն Հովհաննիսյան – Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ես կուզենայի անդրադառնալ, իհարկե որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ, որտեղ որ քննակվել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածությունները, մենք հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադարձել ենք այն բոլոր հարցերին, որը որ այսօր հնչեցվել է՝ կապված հանրային ֆինանսների կառավարման ստաժի հետ: Այստեղ նաև հնչեց, որ փաստաթղթեր էին բացակայում, չեն համապատասխանում օրենքին և այլն, կարող եք արձանագրել և այստեղ են նաև հանձնաժողովի բոլոր անդամները, որ փաստաթղթերի բացակայություն, որը սահմանված է կանոնակարգով և աշխատակարգով, չի եղել, ուղղակի եղել է լրացուցիչ տեղեկանքի պահանջ, որը հանձնաժողովի անդամների կողմից համաձայնության գալով, որոշել ենք հանել օրակարգից այդ հարցը և, 2-րդը՝ հաջորդ նիստի ժամանակ տեղեկանքներ են ներկայացնելու, ներկայացնելուց հետո նոր արդեն դնել քվեարկության: Իսկ այդ տեղեկանքները վերաբերվում են Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով սահմանված այն հիվանդությունների ցանկին, որոնք որ սահմանված են դատավորների համար, այդտեղ այդպես էլ գրված է, և այն հիվանդություններն ու արատները, որոնք որ մարդը տիրապետելով, չի կարող զբաղեցնել Հաշվեքննիչ պալատի անդամի կամ նախագահի պաշտոնը: Մենք այդ տեղեկանքները ստացել ենք 2 թեկնածուների կողմից` այդ արատներով և հիվանդություններով չեն տառապում, այսինքն` այդ մի փաստաթուղթը, ըստ էության, բացակայում է, որը որ պետք է հիմնավորեր թեկնածուների Հաշվեքննիչ պալատի անդամի կամ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Ինչ վերաբերվում է հանրային ֆինանսների կառավարման ստաժին, ես դա արդեն հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելուց նշեցի, որ մենք ունենք այդ պարզաբանումները, իհարկե, կա հստակեցման կարիք, մենք այդ ուղղությամբ, ես նշեցի, որ աշխատանք ենք իրականացնելու և ելույթներում նաև հնչեց այն հանգամանքը, որ մենք Հաշվեքննիչ պալատի 5 անդամից 4-ը արդեն թեկնածու ունենք, ակնհայտ է, որ դա այդպես չէ, մեկ Հաշվեքննիչ պալատի անդամ ունենք մեր խմբակցության առաջադրված և ընտրված, իսկ 2-ի մասով մենք բոլորս գիտենք՝ մեկի մասով հանձնաժողովը եզրակացություն չի տվել դրական, մյուսի մասով տվել է դրական եզրակացություն, բայց իր ցանկությամբ թեկնածուն հրաժարվել է այդ պաշտոնից: Եվ այս մեկ թեկնածուն 2-րդ թեկնածուն է, որը որ պետք է դեռևս ընտրվի: Սա, ուղղակի որպես ի գիտություն, մենք Հաշվեքննիչ պալատի 5 անդամից 4 անդամ չունենք այս պահի դրությամբ: Շնորհակալություն, այսքանն էի ուզում ներկայացնել:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հիմա կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք փակ գաղտնի քվեարկության, կարծում եմ՝ պայմանները, պահանջները հայտնի են: Այժմ հայտարարվում է գաղտնի քվեարկություն:

Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Քիչ առաջ մենք ավարտեցինք Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը, և այժմ ես հրավիրում եմ Հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ:

Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, ձեզ ենք ներկայացնում ԱՀ ԱԺ 7-րդ գումարման Հաշվիչ հանձնախմբի թվով 13-րդ արձանագրությունը: ԱԺ Հաշվիչ հանձնախումբը արձանագրում է` ԱՀ Հաչվեքննիչ պալատի նախագահ ընտրվելու համար առաջարկվել է Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը: Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել են 32 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, Հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա է 32 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել մեկը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Կողմ՝ 22, դեմ՝ 9, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Հաշվի առնելով քվեարկության արդյունքներըհրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով, Ազգային ժողովը որոշում է Վահրամ Բաղդասարյանին ընտրել Հաշվեքննիչ պալատի նախագահ (լիազորությունների ժամկետը` 6 տարի): Շնորհավորում եմ, պարոն Բաղդասարյան, ձեզ հաջողություն եմ ցանկանում և անձնական կյանքում, և հետագա աշխատանքներում:

Հարգելի գործընկերներ, այժմ շարունակում ենք մեր աշխատանքները: Այսօրվա նիստի օրակարգով նախատեսված է  «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ու «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,  «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթ:  Որպես հիմնական զեկուցող, այն լիազորված է  ներկայացնելու  ԱՀ նախագահի ներկայացուցիչ, ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագաh պարոն Դավիթ  Պողոսյանը:

Դավիթ Պողոսյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ: Ձեզ եմ ներկայացնում «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ու «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,  «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորում:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառության ընթացքում առկա խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես,

  1. «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է՝

բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները զիջելու դեպքում 2020 և 2021թթ. հարկվող շահույթը որոշելիս այդ գումարները դիտել որպես համախառն եկամտից նվազեցումներ:

  1. “Եկամտային հարկի մասին” օրենքի փոփոխությամբ առաջարկվում է՝

եկամտային հարկով հարկվող օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամուտը նվազեցնել ՀՀ գործող ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից  կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամտի չափով: Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետական պարտատոմսերի գծով տոկոսագումարներն ազատված են եկամտային հարկից, մինչդեռ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի տոկոսագումարները հարկվում են եկամտային հարկի 5 տոկոս դրույքաչափով, ինչը պետական և կորպորատիվ պարտատոմսերում ներդրողների միջև հարկման անհավասար պայմաններ է ստեղծում:

Օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից վարկառու և համավարկառու ֆիզիկական անձանց ընտրությամբ միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրից օգտվելու պահանջը տարածել 2020թ. հունվարի 1-ից՝ հաշվի առնելով, որ որոշ վարկառուների և համավարկառուների համար, ովքեր վարկեր ստանալու դիմել էին 2018թ., սակայն վարկերը փաստացի ստացել են 2019թ., ստեղծվել են անբարենպաստ պայմաններ:

  1. “Ակցիզային հարկի մասին” օրենքի փոփոխությամբ առաջարկվում է՝

նվազեցնել խաղողի գինիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափը. ներկայումս կիրառվող արժեքային և հաստատուն դրույքաչափերի փոխարեն սահմանելով հաստատուն դրույքաչափ՝ 150 դրամի չափով:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել սպիրտային խմիչքների օտարման նվազագույն գները, հաշվի առնելով, որ ՀՀ հարկային օրենսգրքով նշված ապրանքների օտարման նվազագույն գները 2020թ. հունվարի 1-ից էականորեն բարձրացվել են: Մասնավորապես, ներկայումս տեղական սպիրտային խմիչքների համար օտարման նվազագույն գինը սահմանված է 3000 դրամ, իսկ ներմուծված արտադրանքի կամ ԱՀ դուրս օտարվող արտադրանքի համար՝ 3500 դրամ՝ 1 լիտր 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով: Նախագծով առաջարկվում է նվազագույն գինը սահմանել է 5000 դրամից մինչև 14000 դրամ, իսկ օղու և էթիլային սպիրտի համար՝ 6000 դրամ՝ 1 լիտրի 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

Այս մասում ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստում քննարկումների ժամանակ մեր կողմից առաջարկվել է նախագծում կատարել որոշակի շտկումներ՝ տեղական արտադրանքի համար նվազագույն գինը սահմանել 5500 դրամ, ներմուծված ապրանքների կամ ԱՀ դուրս օտարման դեպքում՝ 6000 դրամ՝ 1 լիտրի 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, ինչի արդյունքում տեղական արտադրության օղիները ներքին շուկայում կլինեն ավելի մրցունակ:

Օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ծխախոտի արտադրանքի համար սահմանել ակցիզային հարկի դրույքաչափեր, քանի որ գործող օրենքով դրանք ենթակա են ակցիզային հարկով հարկման, սակայն դրույքաչափերը նախատեսված չեն: Միաժամանակ, առաջարկվում է ծխախոտի մատակարարման գործարքների դեպքում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն համարել ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը:

  1. “Ավելացված արժեքի հարկի մասին” օրենքի փոփոխությամբ առաջարկվում է՝

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը մինչև հունվարի 20-ը ազատված է ԱԱՀ-ից, հաշվի առնելով, որ ՀՀ դրանց ներմուծումը և օտարումը ազատված է ԱԱՀ–ից, հակառակ պարագայում հարկային բեռը ամբողջությամբ կկրեն ԱՀ հարկ վճարողները:

      5. “Հաստատագրված վճարների մասին” օրենքի փոփոխությամբ առաջարկվում է՝

ըստ նախնական պատվերների համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարը 2020թ. հոկտեմբերի 1-ից սահմանել իրացման շրջանառության 5 տոկոսի չափով: Ներկայումս այն հարկվում է հաստատագրված վճարների հարկման համակարգով, ինչը հիմնված է ֆիզիկական ցուցանիշների վրա և կախված չէ սուբյեկտի իրացման շրջանառության մեծությունից:

6. “Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին” և “Բնապահպանական  վճարների դրույքաչափերի  մասին” օրենքների փոփոխությամբ առաջարկվում է՝

2021թ. հունվարի 1-ից ընդերքօգտագործման թափոնների տեղադրման և պահման համար սահմանել բնապահպանական վճար՝ չափերը պայմանավորելով վտանգավորության դասերով:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները ավելացված արժեքի հարկի գծով կնվազեն 208 մլն դրամով, իսկ ակցիզային հարկի և հաստատագրված վճարների գծով կավելանան համապատասխանաբար՝ 941 և 250 մլն դրամով: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Պողոսյան: Հարցեր կա՞ն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Չկան, շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

     Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արթուր Հարությունյանը:

       Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին և Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովում և 6 կողմ ձայների համամասնությամբ տրվել է դրական եզրակացություն, և մեկ ընթերցմամբ է այս օրենքները ընդունվում: Խնդրում եմ իմ գործընկերներին կողմ քվեարկել: Շնորհակալություն:

  Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին: Չկան: Հիմա եթե մտքերի փոխանակության ելույթի ցանկություն ունեցող կա, խնդրեմ: Չկան: Եզրափակիչ ելույթ, չկա:

 

Այժմ քվեարկության է դրվում «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ու «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,  «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքներն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն;

Կողմ`    32,  դեմ՝ չկա,  ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Անցնենք օրակարգի մյուս հարցին: Այն է`  «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում  կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին, «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է  ներկայացնելու  դարձյալ ԱՀ նախագահի ներկայացուցիչ, ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագաh պարոն Դավիթ  Պողոսյանը: Ես նաև պատգամավորներին խնդրում, հորդորում եմ, որ մեր ժողովրդին տեղյակ պահել, որովհետև գիտեք իրավագիտակցության աստիճանը բոլորը չէ, որ օրենքներին տիրապետում են, մոտ 60 հազար մարդու վրա տարածվելու է, ասենք՝ բիզնես վարկի, սպառողական վարկի, Կառավարությունը նաև հիփոթեքային վարկերի մասով, քանի որ մենք օրենք ունենք, որոշում է ընդունել:

/Աղմկում են դահլիճում/

Ուրեմն այստեղ մոտ 10 մլրդ հարց է, 23-24 մլրդ այդ հիփոթեքը սպառողական վարկը, այս որոշումները անում ենք, ժողովուրդը պիտի իմանան չէ, որ այդ վարկերը չմուծեն:

Մինչև 10 միլիոնը, որ զրոյացվում է, դրա մասին պետք է ժողովուրդն իմանա, ես ասում եմ, որ մոտ 60 հազար մարդու պետք է բացատրվի այդ աշխատանքները, նույնիսկ եթե պետք է այստեղ մի սենյակ հատկացնենք, որ մեր քաղաքացիների համար ընդունելություն լինի, սա էլ գլխադասային հանձնաժողովի նախագահը, բոլոր խմբակցություններից թող մեկական մարդ լինի այդ բացատրական աշխատանքները տանեն, որ մեր ժողովուրդը այդ սպառողական վարկը չմուծի, բիզնես վարկը չմուծի, հիփոթեքը 3 տարով, այս գումարները ես, որ ասում եմ 23-24 մլրդ, Արցախի նորօրյա պատմության մեջ այսպիսի ամնիստիա չի եղել: Ամնիստիաներ շատ ենք արել, բայց այսպիսինը չի եղել, որը վերաբերվում է համարյա բոլոր ընտանիքներին, որովհետև Արցախում բացարձակ մեծամասնությունը սպառողական վարկերից օգտվում է, կան մասեր, որոնք երեխաների համար, երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկ է, սրանք եմ ասում, որ ժողովրդին պիտի բացատրենք, որ պետությունը իր վրա է վերցնում այդ բեռը: Շնորհակալություն:

Դավիթ  Պողոսյան - ԱԺ  մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում հարկային մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի, ինչպես նաև 2 նոր օրինագծերի փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների համապարփակ կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝

“Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին” օրենքի նախագիծը պայմանավորված է ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած մի շարք խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ կապված հաշվարկ-հաշվետվությունների ժամանակին չներկայացման, հարկերի և պարտադիր այլ վճարների չվճարման կամ ուշ վճարման հետ, որի հետևանքով առաջանում են տույժեր և տուգանքներ:

Բացի այդ, մի շարք կազմակերպություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին անհատույց տրամադրել են ապրանքներ, որոնց մասով առաջանում են հարկային պարտավորություններ:

Կարգավորման ենթակա է նաև Ադրբեջանի կողմից օկուպացված համայնքներում գործունեություն ծավալած հարկ վճարողների հարկման հետ կապված հարաբերությունները:

Ելնելով նկարագրված իրավիճակից, նախագծով առաջարկվում է.

- 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկային մարմին ներկայացման ենթակա հարկային հաշվարկ-հաշվետվությունների, տեղեկությունների և այլ փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել  մինչև 2021թ. փետրվարի 20-ը.

- հարկերի և պարտադիր այլ վճարների վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2021թ. փետրվարի 20-ը.

- հնարավորություն տալ հարկ վճարողներին պատերազմական և հետպատերազմական որոշակի ժամանակահատվածում էլեկտրոնային համակարգի միջոցով դուրս չգրված հարկային հաշիվները դուրս գրել մինչև 2021թ. փետրվարի 20-ը:

Հարկ վճարողների կողմից պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրատվությամբ մատակարարված ապրանքներն ազատել ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և առևտրի հարկից:

Հնարավորություն տալ հարկ վճարողներին վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքները պատերազմական գործողությունների հետևանքով փաստացի կորստի, ոչնչացման, վնասման կամ որակական հատկանիշների անկման դեպքում դուրս գրել՝ չառաջադրելով հարկային պարտավորություններ.

Պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններին և անhատ ձեռնարկատերերին, բացառությամբ էներգետիկայի, հանքարդյունահանման բնագավառում գործունեություն իրականացնողների և իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների համար ազատել հաշվարկ-հաշվետվություններ  ներկայացնելու պարտականություններից, գերավճարներ վերադարձնել առանց ստուգումների՝ կամերալ ուսումնասիրությամբ, լուծարման դեպքում տրամադրել տեղեկանք պարտավորությունների բացակայության վերաբերյալ, ապրանքային մնացորդները հարկային մարմնի տեղեկատվական բազայում զրոյացնել ինքնաշխատ տարբերակով, վերադարձնել 2020թ. համար կատարված շահութահարկի և եկամտային հարկի կանխավճարներն ու եկամտային հարկի նվազագույն վճարները:

Նախագծով առաջարկվում է նաև նշված համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ազատել չվճարված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների կատարումից, մասնավորապես, շահութահարկի, եկամտահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների, առևտրի հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոճանապարհային մասհանումների, տարեկան պետական տուրքի ու բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով պարտավորությունների կատարումից, ինչպես նաև հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված տուգանքների վճարումից:

Օրենքի նախագծի ընդունման պարագայում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գործունեություն ծավալած թվով 462 տնտեսավարող սուբյեկտ կազատվեն 213 մլն դրամ պարտավորության գումարից:

Նշեմ նաև, որ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստում առաջարկվել է օրենքի նախագծով արտոնություն սահմանել նաև գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտավորությունների մասով, որը ընդունելի է համարվել:

“Շահութահարկի մասին” և “Եկամտային հարկի մասին” օրենքների նախագծերով առաջարկվում է.

- պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի վարկի գումարը, տոկոսները, տույժերը և տուգանքները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներելու դեպքում այդ գումարները չհարկել շահութահարկով, միաժամանակ ֆիզիկական անձից չպահելով եկամտային հարկ, ինչը կխթանի բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից այդ պարտավորությունների ներումը.

- “Շահութահարկի մասին” օրենքի հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է բանկային, հանքարդյունահանման, էներգետիկայի և հեռահաղորդակցության բնագավառների համար շահութահարկի դրույքաչափը 2020թ. հաշվետու տարվանից սկսած սահմանել 18 տոկոս, իսկ 2021թ. հունվարի 1-ից՝ հեռահաղորդակցության և էներգետիկայի բնագավառի համար դրույքաչափը ավելի նվազեցնել, սահմանելով 10 տոկոս:

Հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտները կրել են զգալի վնասներ, և տնտեսությունը ներդրումների կարիք ունի, օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է 2020-2022թթ. շահութահարկի վճարումից ազատել շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողներին, բացառությամբ էներգետիկայի և հեռահաղորդակցության բնագավառներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների: Արտոնության ժամկետի ավարտից հետո առաջարկվում է շահութահարկի դրույքաչափը սահմանել 5 տոկոս: Նմանատիպ ձևով առաջարկվում է անհատ ձեռնարկատերերին 2020-2022թթ. ազատել ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտներից, եկամտային հարկի վճարումից, միաժամանակ հնարավորություն ընձեռելով անհատ ձեռնարկատերերին հրաժարվել նշված արտոնությունից՝ այդ մասին հարկային մարմին ներկայացնելով գրավոր դիմում, ինչի արդյունքում վերջիններիս մոտ որպես անհատ ձեռնարկատեր գործունեություն իրականացրած ժամանակահատվածի համար կհաշվարկվի աշխատանքային ստաժ:

Հաշվի առնելով, որ նշված հարկ վճարողները 2020թ. համար արդեն իսկ կատարել են շահութահարկի, եկամտային հարկի կանխավճարներ և նվազագույն վճարներ, առաջարկվում է 2021թ. վերջիններիս վերադարձնել այդ գումարները:

“Եկամտային հարկի մասին”  օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը՝ սահմանելով 2021թ. 15 տոկոս, 2022թ.` 14 տոկոս, իսկ 2023թ. հունվարի 1-ից՝ 13 տոկոս: Նշված փոփոխությունը դրական կանդրադառնա վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձանց եկամուտների վրա՝ նպաստելով նաև գործատուների կողմից եկամուտների իրական մեծությունների հայտարարագրմանը:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկ վճարողի մոտ վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը սահմանել 3 տոկոս, ինչը միտված է խթանել գյուղատնտեսական աշխատանքներում ֆիզիկական անձանց ներգրավվումը՝ եկամտային հարկի բեռի կտրուկ նվազեցման միջոցով:

Օրենքի մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձ իրականացնել, եթե հարկային գործակալն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված՝ եկամտային հարկի հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը՝ առանց հաշվի առնելու նախորդ ժամանակահատվածների համար պարտավորությունների առկայությունը:

“Ավելացված արժեքի հարկի մասին” օրենքի նախագծով առաջարկվում է.

- հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկիների մշակութային ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքների, բնակարանային շինարարության և ոռոգման ջրի մատակարարման գործընթացների մասով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. հունվարի 1-ը:

Օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ավելացված արժեքի հարկի հաշվանցում կատարել մատակարարի հարկային հաշվի հիման վրա՝ անկախ դրա դիմաց փաստացի վճարում կատարած լինելու հանգամանքին: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս հարկային հաշիվները դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով, ուստի այս դրույթը կորցրել է իր նպատակայնությունը և հարկ վճարողների համար լրացուցիչ հաշվառման բարդություններ է ստեղծում:

“Առևտրի հարկի մասին “ օրենքի նախագծով առաջարկվում է.

- վերանայել առևտրի հարկի դրույքաչափը՝ հնարավորություն ընձեռելով հարկ վճարողներին փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով կատարել նվազեցումներ և առևտրի հարկը վճարել մեկ տոկոս դրույքաչափով, ինչը կխթանի հարկ վճարողներին կատարել փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումներ: Մասնավորապես, նախատեսվում է առևտրի հարկի դրույքաչափը իրացման շրջանառության նկատմամբ 2021թ. համար սահմանել 2 տոկոս, 2022թ. հունվարի 1-ից` 3 տոկոս՝ դրանից նվազեցնելով վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մեկ տոկոսը, իսկ 2022թ. հունվարի 1-ից` 2 տոկոսը: Եթե նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է իրացման շրջանառության մեկ տոկոսից պակաս գումար, ապա առևտրի հարկը կհաշվարկվի մեկ տոկոս դրույքաչափով, իսկ չնվազեցված մասը կնվազեցվի հետագա հաշվետու ժամանակաշրջաններում:

“Հաստատագրված վճարների մասին” և “Արտոնագրային վճարների մասին” օրենքների նախագծերով առաջարկվում է.

-Երեք տարի ժամկետով հարկ վճարողներին ազատել հաստատագրված և արտոնագրային վճարների կատարումից, բացառությամբ վիճակախաղերի, գազալիցքավորման և ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեության համար սահմանված հաստատագրված վճարների: Նշված փոփոխությունը կխթանի փոքր ու միջին ձեռնարկատիրության գործունեության շարունակականությունը՝ ապահովելով աշխատատեղեր:

Արտոնագրային վճարների մասին” և “Հսկիչ–դրամարկղային մեքենաների կիրառման մասին” օրենքների նախագծերով առաջարկվում է փոքր ձեռնարկատիրության մի շարք ոլորտների համար՝ մեկ աշխատատեղով վարսավիրական ծառայությունների, հագուստի, կոշիկի նորոգման, ավտոտեխսպասարկման և այլն, հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետն երկարաձգել մինչև 2026թ. հունվարի 1-ը:

“Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի նախագծով առաջարկվում է մեկ տարի ժամկետով երկարաձգել կուտակային հատկացումների մասով պետության և քաղաքացիների մասնակցության մասնաբաժինը՝ պահպանելով համապատասխանաբար՝ 2,5 և 7,5 տոկոս դրույքաչափերը, իսկ 2022թ. հունվարի 1-ից աստիճանաբար բարձրացնել սոցիալական վճարի դրույքաչափը` սահմանելով 3,5 տոկոս, 2023թ. հունվարի 1-ից՝ 5 տոկոս:

“Հարկերի մասին” օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել եռամսյա ժամկետով հարկային արտոնությունից չօգտվող հարկ վճարողների շրջանակը` դրանում ներառելով նաև, համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողներին:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել “Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների մասին” օրենքը:

Խնդիրը կայանում է նրանում, որ ի սկզբանե օրենքը նախատեսված էր ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման նպատակով բյուջեի եկամուտների ապահովմանը: Միևնույն ժամանակ, վճարողներ են համարվում միայն իրավաբանական անձինք, իսկ նույն գործունեությամբ զբաղվող անհատ ձեռարկատերերը վճարողներ չեն հանդիսանում: Նմանատիպ ձևով՝ կախված հարկման ռեժիմից, իրավաբանական անձը կարող է համարվել ավտոճանապարհային մասհանում կատարող կամ չկատարող, ինչը չի ապահովում հարկման արդարացիության ակզբունքը:

“Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին” օրենքի նախագծով առաջարկվում է՝

-  մինչև 10 մլն դրամ ապառք ունեցող հարկ վճարողներին ազատել 2020թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած ապառքներից, տույժերից և տուգանքներից.

- 10 մլն դրամը գերազանցող ապառք ունեցող հարկ վճարողներին ազատել 2020թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած տույժերից և տուգանքներից, ինչպես նաև մինչև 10 մլն դրամը չգերազանցող ապառքների վճարումից՝ 10 մլն դրամը գերազանցող ապառքները  օրենքով սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում: Առաջարկվում է ժամանակացույցը, կախված պարտավորության մեծությունից, կնքել 12-ամսյա, 24-ամսյա, 36-ամսյա կամ 48-ամսյա տևողությամբ մինչև 3 մլն դրամ, 3մլն դրամից մինչև 10 մլն դրամ առանց արտոնության գումարի՝ 24-ամսյա տևողությամբ, 10մլն դրամից մինչև 30 մլն դրամ  առանց արտոնության գումարի՝ 36-ամսյա տևողությամբ, 30 մլն դրամ և ավելի  ապառքի դեպքում  առանց արտոնության գումարի՝ 48-ամսյա տևողությամբ:

Նախագծով նախատեսված արտոնությունները կտարածվեն նաև հարկ վճարողների այն պարտավորությունների վրա, որոնց մասով առկա են դատական վճիռներ և սնանկության վարույթներ:

Օրենքի նախագծի ընդունման պարագայում 4130 հարկ վճարողներ կստանան արտոնություններ, այդ թվում` 4062 հարկ վճարողների վրա կտարածվի մինչև 10 մլն դրամ ապառք ունեցող հարկ վճարողների համար սահմանվող արտոնությունը, իսկ 68 սուբյեկտների վրա՝ 10մլն դրամից ավելի պարտավորություններ ունեցող հարկ վճարողների համար սահմանված արտոնությունը:

Ներկայացված օրենքների նախագծերի մասով մեր կողմից ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստում առաջարկվել է կատարել օրենքների ուժի մեջ մտնելու հետ կապված ժամկետային փոփոխություններ: Նաև դրանով է պայմանավորված փոփոխել հարկ վճարողի կամ հարկային մարմնի կողմից որոշ գործառույթների մասով նախատեսված ժամկետները, որը հանձնաժողովի կողմից ընդունելի է համարվել:

Օրենքների նախագծերի փաթեթների ընդունմամբ պետական եկամուտները կնվազեն 50 մլրդ 265 մլն դրամով, այդ թվում` ՀՆԱ -ի գծով` 750 մլն դրամով, շահութարկի գծով՝ 3մլրդ 300 մլն դրամով, եկամտային հարկի գծով՝ 4մլրդ 300 մլն դրամով, առևտրի հարկի գծով՝ 880 մլն դրամով, հաստատագրված վճարների գծով՝ 225 մլն դրամով, արտոնագրային վճարների գծով՝ 80 մլն դրամով, ավտոճանապարհային մասհանումների մասով՝ 700 մլն դրամով: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան  Շնորհակալություն, պարոն Պողոսյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:

Վլադիմիր Կասյան - Ճիշտն ասած, քանի որ փաթեթը շատ մասշտաբային է և, ինչպես նշեցիք, տասնյակ հազարավոր մարդիկ են օգտվելու, և որ հարցեր է ծագելու: Պարոն նախագահն, ինչպես ասաց, ընդունելություն կազմակերպել այստեղ, բայց ավելի լավ կլինի հեռուստատեսությամբ, ուղիղ եթերով հանդես գա և Միրզոյանը, և նախագիծը ներկայացնող, և որպես պատասխանատուի, և հանձնաժողովի նախագահն, և ժողովրդին տեղյակ պահի, եթե հարցեր կծագեն, հարցեր շատ են ծագելու, թող ուղիղ եթերում հեռախոսով կապվեն և հարցերին էլ ուղիղ եթերում պատասխանեն, որովհետև բնակչության մեծամասնությունը այդտեղ հուզող հարցեր կան, որին տեղյակ չեն, այստեղ էլ ամեն մեկը գալով-գնալով չէ, ճիշտն այն է, որ հեռուստատեսությամբ ուղիղ եթերով  այդ հարցերին պատասխանեք դուք:

Դավիթ Պողոսյան - Շնորհակալություն, նման հանդիպումները նախատեսվում են:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Պողոսյան: Բռնի տեղահանված մեր հայրենակիցների մոտ 8000 ընտանիք, 31000 բնակչություն, այդ 2-րդ փուլու՞մ պիտի առաջարկներ լինեն, որ գույքահարկն ու հողի հարկը զրոյացվի: Ուրեմն, հիմա, որպեսզի մեր բռնի տեղահանված հայրենակիցները երևի լսում են, քանի որ վերջերս այդ հանդիպումը եղել է և փետրվարի 11-ից լրիվ զրոյացվում է այդ 31000  մասով՝ զրոյացվում է հողի հարկը և գույքահարկը, մնացած արտոնություններից էլի օգտվելու են: Պարոն Աղաբեկյան, խնդրեմ:

Էդուարդ Աղաբեկյան - Պարոն Պողոսյան, միանշանակ ողջունելի է գաղափարը: Ըստ ամենայնի հետ կապված այս օկուպացված տարածքների մասով մոտ 50 ձեռնարկատիրության դրական գործունեությամբ սուբյեկտների օժանդակության ծրագիրը, տնտեսությունը հիմա ինչ որ մնացել է վերականգնելու նպատակով, մենք որպես պետություն նաև պահեստազորում գտնվող առանձին բոլորին նաև ծանուցագրեր ենք ուղարկելու, մի մասը եկել է, մի մասը չի եկել, մի մասն առանց գալու վիրավորվել է, մի մասը ակնհայտ ոչ վայել պահվածք է դրսևորել մեր իրավիճակին, արհամարհական, ինչպես ժողովրդի մասին, ժողովրդի մեջ էլ կա այն, որ ակնհայտորեն խուսափողական, բավականին ձեռներեցներ: Այդ ձեռներեցներին մենք դառնում է շահագրգռու՞մ ենք: Սա մտահոգություն է և այս գաղափարին, և այս երկրին:

Դավիթ Պողոսյան – Շնորհակալություն, հարցի համար: Ճիշտն ասած, մենք չենք կարող տարանջատել նման ձեռնարկատերերը եղել են ԱՀ,  չեն եղել, պատերազմի ժամանակ չեն մնացել, դրա համար չենք կարող տարանջատենք ում տանք արտոնությունը, ում՝ չտանք: Իմ կարծիքով, բարդություններ է առաջացնելու այդ տարանջատումների ժամանակ: Կփորձենք դատախազությունից, եթե  թույլ տան, մի հատ այդ տեղեկատվությունը լինի: Ընդունում եմ:

Էդուարդ Աղաբեկյան – Այս մտահոգությունն էլ խնդրում եմ հաշվի առնել` որքան հնարավոր է:

Դավիթ Պողոսյան - Կփորձենք ձեր հնչեցրած առաջարկը հաշվի առնենք և հնարավորության դեպքում տարանջատենք նման ձեռնարկատերերին և չտրամադրենք նման արտոնություններ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական կառավարման հանձնաժողովում քննարկվել է «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում  կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին,  «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս փաթեթում ընդգրկված է երկու առանձին օրենք՝ «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքը և «Հարկային և այլ պարտադիր վճարների  վճարների մասին» օրենքում լրացում  կատարելու մասին» օրենքը սահմանելու մասին» օրենքը: Այդ իսկ պատճառով այս փաթեթը 2 ընթերցումով պետք է ընդունվի, հանձնաժողովում քննարկելու ժամանակ 1-ին ընթերցման համար եզրակացությունը տրվել է 6 կողմ ձայների համամասնությամբ, տրվել է դրական եզրակացություն, այստեղ եղել են առաջարկություններ և հեղինակի կողմից, և մեր կողմից: Առաջարկությունը եղել է հարկային արտոնությունները «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին»  օրենքում ընդգրկել նաև գույքահարկի և հողի հարկի մասով պարտավորությունների զրոյացման առաջարկ: Այս առաջարկը ձևավորվել է մի քանի օր առաջ ՀՀ  մեր օպերատիվ շտաբ կատարած այցելության ժամանակ, և տեղահանված բնակիչների կողմից այդ հարցը բարձրացվել է, գույքահարկի և հողի հարկի մասով պարտավորությունները զրոյացնելու առաջարկությունը հնչել է հանձնաժողովում, հեղինակի կողմից ընդունվել է և նաև եղել է առաջարկություն հեղինակի կողմից ժամկետները, ինչպես արդեն նշեց պարոն Պողոսյանը, քանի որ օրենքի նախագիծը շուտ է ներկայացվել և այնտեղ կան ժամկետներ, որոնք գործնականում դժվար կլինի կիրառել: Այդ ժամկետների մասին ծանուցումներ ներկայացում հարկ վճարողներին տեղեկացնելու այդ գործառույթները, այդ իսկ պատճառով կան նաև առաջարկություններ հեղինակի կողմից ժամկետները երկարաձգելու և 2-րդ ընթերցման ժամանակ հանձնաժողովում քննարկելու ընթացքում մենք այդ ժամկետների մասով հստակեցում կմտցնենք: Այստեղ նաև եղել է առաջարկություն հանձնաժողովի նիստի ժամանակ, 1-ից 2-րդ ընթերցում սահմանել 4-օրյա ժամկետ, քանի որ այս օրենքների փաթեթը կապակցված է, փոխկապակցված է պետական բյուջեի մասին օրենքին, և այս հարկային արտոնությունները ամբողջությամբ արտացոլված են նաև մեր սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին է վերաբերվում, առաջարկությունը եղել է 1-ից 2-րդ ընթերցում սահմանել 4-օրյա ժամկետ: Հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել է այդ առաջարկը և առաջարկում ենք նաև ԱԺ որոշմամբ այդ ժամկետը սահմանել 4-օրյա ժամկետ, այսինքն` այսօրվանից սկսած մինչև ամսի 8-ը առաջարկությունների ներկայացման ժամկետ, որպեսզի մենք հասցնենք հանձնաժողովում քննարկենք, 2-րդ ընթերցման համար եզրակացություն տանք և ամսի 11-ի բյուջեի հետ ընդունման ժամանակ նաև այս օրենքների փաթեթը ընդունենք:

Արթուր Թովմասյան - Պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ կարող ենք ընդունել, այդ առաջարկը կդնենք քվեարկության, եթե պարզ մեծամասնությամբ ընդունվի, 4-օրյա ժամկետը դրվում է և 11-ին կմտցնենք օրակարգ, եթե՝ ոչ, հերթական նիստի ժամանակ էլի, ես կանոնակարգի պահանջներն եմ ասում, շնորհակալություն:

Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին: Չկա:

 «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակություն:  Եթե կա ելույթի ցանկությունխնդրում եմ գրանցվել: Չկա: Օրենքների 1-ին հարցի քվեարկությամբ դնում ենք...

Իսկ հիմա «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում  կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին,  «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը դնում ենք քվեարկության:

Քվեարկություն:

Կողմ՝   32,  դեմ՝  չկա,    ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, քիչ առաջ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արթուր Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովի առաջարկությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներին համաձայն հարցի քննարկման երկրորդ ընթերցման ժամկետը փոխելու մասին:

Այժմ քվեարկության է դրվում Ազգային ժողովի որոշումը առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը մինչև սույն թվականի փետրվարի 8-ը (ներառյալ) սահմանելու մասին:

         Քվեարկություն:

Կողմ` 31, դեմ՝ չկա,  ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Շարունակում ենք մեր աշխատանքները: Այսօրվա նիստի օրակարգով նախատեսված է նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է  ներկայացնելու ԱՀ  ֆինանսների նախարարի տեղակալ  Նորայր Ավանեսյանը: Քանի որ ժամը 2-ին ենք քվեարկությունը արել, կարող ենք Կանոնակարգով առաջնորդվել:

Աղմկում են դահլիճում:

Ընդմիջում:

Նորայր Ավանեսյան - Շնորհակալություն, ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021թ. համար «Արցախի Հանրապետությոն 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը փոփոխություն չի նախատեսվում, և օրենքի նախագծով սահմանված չափը՝ 63,300 դրամը, չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը:  Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածում կատարել լրացում, որի համաձայն՝

«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021թ. համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական  չափի 70 տոկոսից»:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի համաձայն ԱՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 68000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը /հարկերը և նպատակային սոցիալական վճարը նեառյալ/ կազմում է 87742 դրամ, որի 80 տոկոսը կազմում է 70194 դրամ: Մինչդեռ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 63 300 դրամ է:

Միաժամանակ, հանձնաժողովում քննարկման ժամանակ մեր կողմից առաջարկվել է օրենքում, պայմանավորված ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխությամբ, առաջարկել ենք օրենքի 1-ին հավելվածից հանել ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետի, ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի, ԱՀ բնապահպանության պետական վերահսկողության պետի 1-ին տեղակալի և ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալի պաշտոնները, իսկ ԱՀ նախագահի աշխատակազմի բաժնում ավելացնել ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը: Ինչպես նաև  հավելված 2-րդում նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմինների բաժինը շարադրել նոր  խմբագրությամբ՝ ավելացնելով «պետական նախարարի» բառերը, քանի որ ԱՀ բնապահպանության կոմիտեն արդեն համարվում է  պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Եկամտային հարկի դրույքաչափի փոփոխմամբ պայմանավորված, առաջարկում ենք նախագծից հանել 1,37 գործակիցը, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել, Հարությունյան, Գրիգորյան:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Իհարկե, պատգամավորների համար հասկանալի է օրենքի նախագծի և տրամաբանությունը, և անհրաժեշտությունը, բայց բնակչության համար ավելի հասանելի լինելու համար ուզում եմ պարզաբանումը տաք այս օրենքի ընդունումից հետո` բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձերի աշխատավարձը չի՞ բարձրանալու:

Նորայր Ավանեսյան - Ո՛չ, չի բարձրանալու:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյան - Աժ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը և, ինչպես նշեց պարոն Ավանեսյանը, եղել է առաջարկություն սկզբնական տեսքով այդ 4 պաշտոնները հանելու՝ կապված Կառավարության կառուցվածքում փոփոխությունների հետ, հանել այդ 4 պաշտոնները և տեղափոխել նախագահի աշխատակազմ և պետնախարարի աշխատակազմ, համապատասխանաբար առաջարկությունները ընդունվել են և 6 կողմ ձայների համամասնությամբ տրվել է դրական եզրակացություն: Ուզում եմ նաև նշել, որ հանձնաժողովի նիստի ժամանակ նաև առաջարկություն է եղել մեր գործընկեր պարոն Գալստյանի կողմից` կապված վերջին փոփոխությունների հետ՝ ՆԳՆ ստեղծման և այդ նախարարությունում 2 ծառայությունները առանձին պաշտոն  զբաղեցնող անձանց մասով աշխատավարձերի, դրույքաչափերի հստակեցման մասով: Կառավարության լիազոր ներկայացուցիչը ընդունել է այդ առաջարկությունը և առաջիկայում այդ փոփոխությունները Կառավարությունում քննարկելուց հետո կներկայացվի նոր օրենքի փոփոխությունների նախագիծ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին:

    «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի փոխանակությունեթե կա ելույթի ցանկությունխնդրում եմ գրանցվել:  Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ:

Այժմ քվեարկության է դրվում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝  26,  դեմ՝  չկա,    ձեռնպահ՝  չկա:

Որոշումն ընդունված է:

Անցնում ենք պատգամավորների հայտարարություններին:

Խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան - Շնորհակալություն: Ինչպես ականատեսը եղանք փակ քվեարկության արդյունքներին, ընտրեցինք Սահմանադրությանը հակասող անձին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում և այդ քվեարկությամբ զուգահեռներ անցկացվեց իշխանության և ընդդիմության միջև: Այսօր 22 պատգամավոր, որոնք իշխանության ներկայացուցիչներն են այս դահլիճում, չնայած նոյեմբերի 12-ին,13-ին ստորագրված հայտարարությանը 17 պատգամավոր պահանջել են երկրի նախագահի հրաժարականը այս գործելաոճից ելնելով, սակայն տեսանք, որ կուլիսների հետևում պայմանավորվածությունների ձեռք բերումով գնացին, մեղմ ասած «առևտրի» և ավելի քան համոզված եմ, որ հաջորդ  «առևտրի» արդյունքը լինելու է նույն գործելաոճով ներկայացվելու է Հաշվեքննիչ պալատի անդամ և նույն գործելաոճով ընտրվելու են նման սահմանադրական կառույցների ղեկավարները: Ես այս ճանապարհը ընտրելով մենք պետականաշինությամբ չենք զբաղվում, իսկ ինչ վերաբերվում է պոպուլիստական հայտարարություններին՝ ընդիմության կողմից, ցավոք սրտի՝ այո, արձանագրենք, որ այսօր ընդդիմության ձեռքերում կա միայն ու միայն հայտարարությունների տեսքով հանդես գալու դրոշը, սակայն ցավալին այն է, որ այս իշխանության պոպուլիստական կոչերը այնքան են շատացել, որ այդ դրոշը նաև գտնվում է իշխանության ձեռքում: Ցավոք սրտի, դա փաստ է, որը մենք տեսանք, թե պատերազմի 44 օրերին սոցցանցերում տեղադրված նկարներով սուրճի գավաթի շուրջ, թե այսօրվա գործելաոճով և այլն, և եթե՝ այո, մենք այսօր միայն ու միայն ունենք պոպուլիստական հայտարարությունների հնարավորություն, միշտ էլ օգտվելու ենք այդ հնարավորություններից: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Գալստյան: Ավարտեցինք օրակարգի վերջին հարցի քննարկումը:

Շնորհակալություն, այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները:

Շնորհակալություն` բոլոր մասնակիցներին:

Ցտեսություն: