ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել
01 մարտի 2021

Մարտի 1-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստ:Այն վարում էր ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝

1. «Միջազգային պայմանագրերի մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» (նախագծերի փաթեթ):(Հիմնական զեկուցող` ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան):

2.Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին:( Հիմնական զեկուցող` ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ. Մինասյան):

3.Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին:(Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դ. Մելքումյան)

Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան եղեռնագործության ու մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Օրինափաթեթը դեռևս պատերազմից առաջ՝ 2020 թ.սեպտեմբերի 17-ին, հանձնաժողովային քննարկման փուլ է անցել:

«Միջազգային պայմանագրերի մասին» նոր օրենքի ընդունման հիմքում ընկած է Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքներով միջազգային հարաբերությունների ոլորտում պետական գործառույթների վերաբաշխմամբ պայմանավորված գործող ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության կասեցման, դադարեցման և դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Մասնավորապես նախատեսվում է Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրերի վավերացումը, կասեցումը և չեղյալ հայտարարումը համապատասխան օրենք ընդունելու միջոցով, դրանով պայմանավորված պայմանագրի նախագծային և կատարման փուլերի ընթացակարգերի առավել խիստ պահանջների սահմանում:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է վարկային դրամաշնորհային պայմանագրերի կնքման և ուժի մեջ մտնելու դյուրացված կարգ, լուծվում է միջազգային պայմանագրերի նախագծի տեքստերի կենտրոնացված թարգմանության խնդիրը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Օրինափաթեթը քվեարկության դրվեց և 31 կողմ ձայնով «Միջազգային պայմանագրերի մասին» նոր օրենքը՝ ուղեկցող 21 օրինագծերով,արժանացավ խորհրդարանի հավանությանը:

Շարունակելով նիստը՝ խորհրդարանականները քննարկեցին «Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:Նա անդրադարձավ եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններին և միջոցառումներին, շեշտելով, որ ծրագիրը կազմելիս հաշվի են առել սպառողների պահանջները, երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին:

Վիճակագրության հետագա զարգացումը 2021-2023 թվականներին նախատեսվում է իրականացնել ըստ տնտեսության իրական, հարկաբյուջետային, ֆինանսական, արտաքին և սոցիալ-ժողովրդագրական հատվածների:

Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը հայտնեց,որ հանձնաժողովի եզրակացությունը եռամյա ծրագրի վերաբերյալ դրական է:

Հանձնաժողովային քննարկման փուլում առաջարկվել էր օրենքի 2-րդ հոդվածում խմբագրական փոփոխություն մտցնել,ըստ որի օրենքը կտարածվի 2021 թվականի հունվարի 1-ից:

Քվեարկությանը մասնակցած 30 պատգամավորներն էլ կողմ քվեարկեցին, օրենքն ընդունվեց:

Խորհրդարանն այսօր ընդունեց հայտարարություն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին: Այն ներկայացրեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Այսպիսով մարտի 1-ին հրավիրված արտահերթ նիստն ավարտեց իր աշխատանքերը:

Նիստին ներկա էին նաև ԱրՊՀ բանասիրարական ֆակուլտետի «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր արտադրական փորձուսուցում են անցնում ԱԺ-ում:

 

ԼՈՒՐԵՐ