ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը
25 փետրվարի 2021

Փետրվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Օրակարգում՝ Արցախի Հանրապետության 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին հարցն էր:

Ծրագիրը ներկայացրեց Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը: Նա անդրադարձավ երկու կարևոր ծրագրի՝ տնային տնտեսությունների հետազոտության և գյուղատնտեսության համատարած հաշվառման: Եռամյա ծրագրով նախատեսվում է նաև աղքատության մակարդակի ուսումնասիրության ծրագիր, իսկ այս տարի տարհանված ընտանիքների վիճակագրական տվյալների հավաքագրում է նախատեսվում:

Մանուշ Մինասյանը տեղեկացրեց, որ ծրագրերը կազմելիս հաշվի են առնում սպառողների պահանջները, առաջնորդվում են ցուցանիշների միջազգային համատեղելիության սկզբունքով, առկա իրողություններից ելնելով ծառայությունը կիրառում է նոր մեթոդաբանություն:

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը պատասխանել է հանձնաժողովի անդամների ու նիստին ներկա պատգամավորների հարցերին: Խորհրդարանականները բարձրացրին Հայաստանում գտնվող տարհանված արցախահայությանը վերաբերվող վիճակագրական ծրագրերի անհրաժեշտության հարցը:

Քվեարկության արդյունքում 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը արժանացավ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:

Նիստին ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը և խորհրդարանում փորձուսուցում անցնող ուսանողները:

ԼՈՒՐԵՐ