ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ամփոփվել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների արտադրական փորձուսուցումը
19 փետրվարի 2021

2021թ փետրվարի 15-ից 19-ը Արցախի Հանրապետության խորհրդարանում ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները մեկշաբաթյա տևողությամբ արտադրական փորձուսուցում են անցել:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանն ընդունելով ուսանողներին՝ ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքի ,մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ:

Փորձուսուցման ընթացքում ուսանողները հանդիպեցին ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Միասնական հայրենիք », Արցախի «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների, պետական-իրավական, արտաքին հարաբերությունների, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների, փորձագիտական ծառայության պատասխանատուների հետ:

Հանդիպումների ընթացքում ուսանողները ծանոթացել են պետական կառավարման համակարգում օրենսդիր մարմնի դերին, խորհրդարանի առօրյա գործունեությանը և Սահմանադրությամբ ԱԺ-ին վերապահված լիազորություններին, անդրադարձել են հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քննարկվել են երկրի ընդհանուր գործում օրենսդիր մարմնի ունեցած դերակատարությանը, օրենսդրական նախաձեռնության , դրա հետագա քննարկման և ընդունման ընթացակարգին վերաբերող հարցեր:

ԼՈՒՐԵՐ