ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 1-ԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2020Թ.  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30 -Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

                ժԱՄԸ   11:00

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները,   ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

       Նիստին ներկա են 31 պատգամավոր, բացակա՝ 2: Նիստը վարում է ԱԺ նախագահ   Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանը հայտարարում եմ բացված:

ՀՆՉՈՒՄ Է ԱՀ ՕՐՀՆԵՐԳԸ

Արթուր Թովմասյան - Սիրելի հայրենակիցներ, տարեգիրներն ու պատմաբանները ապագայում կանդրադառնան աներևակայելի դժնդա պատերազմի նկարագրությանը: 44 օր նայելով կյանքի ու մահվան աչքերին, ունեմ իմ սուբյեկտիվ դիտարկումները և առավել ցավալի դրվագների մասին իմ հիշողությունները: Անդառնալի կորուստներ, գերության ճիրաններում տառապյալներ, անհայտ ու խեղված  ճակատագրեր, իրենց բնօրրանները հարկադրված լքյալ հազարավոր ընտանիքներ: Սրանք պատերազմի թողած այն ահասարսուռ հետևանքներն են, որը կարելի է միմիայն համեմատել հայությանը պատուհասած երբեմնի պատահած եղերական պատուհասի հետ: Կորցրինք պատմական Արցախի երեք քառորդ մասը, հազարավոր հերոս հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին վասն հայրենյաց, որպեսզի շարունակենք ապրել, արարել, մաքառել, որպեսզի հայաշունչ ոգին թևածի այս սուրբ հողում ու չդադարեն մեր եկեղացական զանգերի ավետաբեր ղողանջները: Ռազմական փորձագետ մասնագետների վերլուծությամբ` Արցախյան վերջին պատերազմը իր ծավալների, մարտական գործողություններին ներգրավված զինանձնակազմի ու զինապաշարի տեսականի առումով նախադեպը չուներ: Առավել ևս, որ Հարավ-Կովկասյան տարածաշրջանում մեզ վիճակված էր առաջինը կրել ու դիմակայել  միջազգային ահաբեկչության  հարվածները: Ու այս համապատկերում միջազգային հանրության կողմից չեղան համարժեք արձագանքներ ու գնահատականներ: Ասել է թե, պետք է ապավինենք սեփական ուժերին ու հնարավորություններին` միևնույն ժամանակ շնորհակալական ձեռքը պարզելով դեպի ռուսական խաղաղապահ ուժերը: Այս ֆոսմաժորային իրավիճակում, երբ լիովին կաթվածահար է եղել երկրի տնտեսությունը, մեր ազգաբնակչությունը կրել է բարոյահոգեբանական հուժկու ցնցումներ, մեզանից յուրաքանչյուրիցս պահանջում է սթափ գնահատել իրավիճակը, վերագտնել արցախցուն տիպական համառության կերպարը ու շարժվել առաջ:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան պատերազմում նահատակվածների պայծառ հիշատակը: Հավերժ փառք մեր զոհվածներին:

Մեկ րոպե լռություն

Արթուր Թովմասյան - Առաջարկում եմ անցնել նստաշրջանի աշխատանքներին և խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Գրանցման արդյունքներով այսօրվա հերթական նիստին ներկա են 29 պատգամավորբացակա՝ 4- ը:

Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը ներկայացնելու  համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` կազմված է յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը, որտեղ ընդգրկված են նախորդ նստաշրջանից փոխադրված հարցերը, պարտադիր քննարկման ենթակա հարցերը և գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություններ ստացած օրինագծերը: Այն ձեզ բաժանված է, եթե հարցեր կան նստաßրջանի օրակարգի վերաբերյալխնդրեմ:   Հարցեր չունե±ք

Քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշումը:

Քվեարկություն:

կողմ՝ 29,  դեմ՝ 0,   ձեռնպահ՝ 0:

Նստաշրջանի օրակարգը հաստատված է:

Գագիկ Բաղունց - Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

Արթուր Թովմասյան - Այսօրվա` դեկտեմբերի 30-ի հերթական նիստի օրակարգի նախագիծը ձեզ նույնպես բաժանված է: Ուզում եմ շեշտել, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են նստաշրջանի օրակարգի առաջին բաժնի պարտադիր քննարկվող հարցերից երկուսը: Բացի դրանից, ընդգրկել ենք նաև  «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից բանավոր հարցեր` Հանրապետության  նախագահին  և Կառավարության անդամներին» հարցը, որի վերաբերյալ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածի 1-ին մասով պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրությամբ դիմում էր ներկայացվել:

Եվ վերջում, ինչպես միշտ, օրակարգում ներառված են «Պատգամավորական հայտարարությունները»: Ահա այսպիսի օրակարգ է առաջարկվում այսօրվա հերթական նիստի համար:

  1. ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին
  2. Հաշվեքննիչ պալատի 2019թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում
  3. Հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին
  4. Պատգամավորների հայտարարություններ

Եթե մենք ժամանակ ունենանք 3-րդ և 4-րդ հարցերի տեղը կփոխենք կամ օրակարգով առաջ կգնանք:

Հարցեր կա՞ն որոշման նախագծի վերաբերյալ:

Քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:

Քվեարկություն:

Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Այժմ սկսենք այսօրվա նիստի հարցերի քննարկումը: Առաջին հարցը «Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության մասին» հարցն է: Քանի որ Ազգային ժողովի կանոնակարգի 128-րդ հոդվածը կարգավորում է նաև այդ պաշտոնի ընտրության հարցը, փորձեմ համառոտ ներկայացնել: Հոդվածի բոլոր կետերը չեմ ներկայացնելու, թերևս` այն մասերը, որոնք այս պահին հրատապ են:

Ազգային ժողովին` սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է  իրավասու մշտական հանձնաժողովում՝ հարցի քննարկման ավարտից հետո 24-ժամվա ընթացքում իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը: Սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձի հարցը քննարկվում է կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստում: Այժմ մենք անցնում ենք դրան, մինչև 10-ական րոպե տևողության ելույթով ես հրավիրում եմ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ պարոն Արթուր Հարությունյանին: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան-ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ: ԱԺ կանոնակարգ օրենքի 128-րդ հոդվածով սահմանված կարգով «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունը  որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Միքայել Հենրիկի Մուսայելյանին: Համառոտ ներկայացնեմ Միքայել Մուսայելյանի կենսագրությունը: Ծնվել է 1982թ. Շուշի քաղաքում, 1989- 98թթ. սովորել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցում, 1998-99թթ. սովորել է ԱրՊՀ -ին կից վարժարանում: 1999թ. ընդունվել է ԱրՊՀ- ի տնտեսա-իրավաբանական ֆակուլտետը և այն ավարտել 2004թ.-ին: 2000-2002թթ.  ծառայել է ԱՀ ՊԲ -ի շարքերում: 2003- 2004թթ. աշխատել է Կարին ՓԲ-ում որպես արտադրամասի վարպետ, այնուհետև աշխատել է արտադրության պետի տեղակալի պաշտոնում: 2004թ. աշխատել է ԵՆԴԵՄ ՍՊ-ում` որպես տնտեսագետ- հաշվապահ, 2006-2008թթ. աշխատել է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարություն ՊՈԱԿ-ում` որպես ֆինանսա-տնտեսական բաժնի պետ- գլխավոր հաշվապահ: 2008թ.-ից առայսօր աշխատում է ԱՀ ֆինանսների նախարարությունում և զբաղեցնում ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության 2- րդ բաժնի պետի պաշտոնը: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

 Միքայել Մուսայելյանի թեկնածությունը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 6 կողմ ձայներով տրվել դրական եզրակացություն: Խնդրում եմ կողմ քվեարկել Միքայել Մուսայելյանի թեկնածությանը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցեր կա՞ն պարոն Հարությունյանին: Չկան: Շնորհակալություն: Այժմ ելույթի համար հրավիրվում է Միքայել Հենրիկի Մուսայելյանը:

Միքայել Հենրիկի Մուսայելյան - Շնորհակալություն: Մեծարգո ԱԺ նախագահ, փոխնախագահ, հարգելի  օրենսդիրներ և ներկաներ: Մեծագույն պատասխանատվությամբ այսօր այս ամբիոնից ուզում եմ որպես Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամի թեկնածու հակիրճ ներկայացնել իմ մոտեցումներն ու պատկերացումները: Ստեղծված հետպատերազմյան ծանր իրավիճակից ելնելով ու խիստ կարևորելով պետական միջոցների հսկողությունը, գտնում եմ, որ պետք է մշակվեն ճկուն մեխանիզմներ պետության ֆինանսական միջոցների խիստ նպատակային ծախսման և ուսումնասիրությունների ու ստուգումների արդյունավետության բարձրացման համար: Քանի որ մեր հիմնական ուղղվածությունը լինելու է պետական ծրագրերի  հսկողությունը, գտնում եմ, որ այդ ծրագրերը ժամանակի հրամայականով մեծամասամբ պետք է ուղղված լինեն երկրի անվտանգության բարձրացմանն ու տնտեսության վերականգնմանը: Ստեղծված իրավիճակում  կարևորում եմ պետական միջոցները ուղղել այն ծրագրերի իրականացմանը, որոնք առաջնային են և հրաժարվենք այն ծրագրերից, որոնք նպատակահարմար չեն տվյալ ժամանակահատվածում: Արդի պայմանները ստիպում են մեզ ուսումնասիրությունների եղելիությունների արդյունքներով հիմնվել այնպիսի ծրագրերի իրականացման վրա, որոնք կնպաստեն անվտանգության և տնտեսության զարգացմանը: Անհրաժեշտ եմ համարում նաև, որ վերահսկողության գործունեությունը պետք է իրականացվի հիմք ընդունելով առկա ռիսկերի ուսումնասիրության եզրակացությունները: Գիտակցելով մեր երկրում տիրող ծանր ժամանակաշրջանի և առաջադրման ողջ պատասխանատվությունը, հավաստիացնում եմ իմ մասնագիտական ողջ կարողությունները ներդնել Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման և մեր երկրի առջև ծառայած խնդիրների լուծման համար: Շնորհակալություն, ուշադրության համար:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցեր պարոն Մուսայելյանին: Խնդրեմ, պարոն Պետրոսյան:

Մարսել Պետրոսյան - Պարոն Մուսայելյան, թոշակառու նախագահներին յուրաքանչյուր տարվա կտրվածքով տրամադրվում է մոտավորապես 20 միլիոն դոլարի գումար: Մտադիր եք, արդյո՞ք, պաշտոնավարման անցնելուց հետո երբևէ քննության առնել, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվում:

Արթուր Թովմասյան - 20 մլն դոլա՞ր, յուրաքանչյուրի՞ն:

Մարսել Պոտրոսյան - Այո, 20 մլն դոլար:

Միքայել Մուսայելյան – Շնորհակալություն, հարցի համար: Կպատասխանեմ այսպես: Նման իրավիճակում, նման հարցերում մեր իրավական դաշտը և ընդհանրապես այդ թոշակառուներին՝ պաշտոնաթող եղած, թե նախագահների և թե այլ պաշտոնյաների թոշակների հարցը պետք է կարգավորվի այնպիսի մի տեսլականով, համակարգով, որը իրական է մեր պայմանների համար: Ոչ միայն նման հարցեր, այլև շատ հարցեր կան, որոնք ենթակա են վերամշակման, բայց նման հարցերը պետք է իրավականացվեն  իրավական դաշտի սահմաններում:

Արթուր Թովմասյան - Ես ինչքան հիշում եմ, երբ որ նախագահի մասով օրենք ենք ընդունել պաշտոնաթող նախագահներն ինչ արտոնություններից պիտի օգտվի, եթե 20 միլիոն դրամ, ես հայտարարում եմ և պարոն Քոչարյանին, և պարոն Ղուկասյանին, և պարոն Սահակյանին հետ վերադարձնել:  20 մլն դոլար անհնարին է պաշտոնաթող նախագահի վրա ծախսել այդ թվում նաև թոշակը և մնացած արտոնությունները:

Խոսում են դահլիճում:

Արթուր Թովմասյան - Հիմա Հաշվեքննիչ պալատի ընտրության ժամանակ, եթե տեղեկություններ ունեք Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը նաև այդ մասով կհայտարարի, եթե չէ, գրավոր կդիմենք: Դա անթույլատրելի է, որևէ պաշտոնաթող նախագահի տարեկան ծախսը կազմի 20 մլն դոլար, դա մեր բյուջեի 9-10 տոկոսն է: Շնորհակալություն:

Մենք ունենք նաև մտքերի փոխանակության հնարավորություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Քանի որ մտքերի փոխանակության համար չեն գրանցվել մեր պատգամավորները, բայց կանոնակարգի պահանջ է:

Մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ թեկնածուն: Այդպիսի ցանկությո՞ւն կա՝ եզրափակիչ ելույթի:

Մենք հիմա կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Խնդրում եմ ուշադիր նայել էկրանին, որտեղ հիմա կցուցադրվի քվեաթերթիկի նմուշը:

Այժմ հայտարարվում է գաղտնի քվեարկություն:

Մենք ավարտեցինք Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության համար գաղտնի քվեարկությունը, որի արդյունքները ներկայացնելու համար ես հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի քարտուղար, պատգամավոր Դավիթ Բաղդասարյանին: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:

Դավիթ Բաղդասարյան - Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում ԱՀ ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի արձանագրությունը: Արձանագրություն համար 12 առ. 30 դեկտեմբերի 2020թ. ԱԺ հաշվիչ  հանձնախումբը արձանագրում է.

ԱՀ Հաշվիչ պալատի անդամ ընտրվելու համար առաջարկվել է Միքայել Մուսայելյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել են 29 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, Հաշվիչ հանձնախումբը պարզեց. քվեատուփում առկա էր 29 քվեաթերթիկ, որոնցից անվավեր չկա: Ձայները  բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 28, դեմ՝ 1: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Շնորհավորում ենք, պարոն Մուսայելյան: Այժմ ես հրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվելու մասին: Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության  161-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով և «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 16-րդ  հոդվածի 2-րդ մասով` Ազգային ժողովը որոշում է Միքայել Հենրիկի Մուսայելյանին ընտրել Հաշվեքննիչ պալատի անդամ` մինչև 2023 թվականի հունվարի 16-ը պաշտոնավարման ժամկետով:

Մենք ավարտեցինք օրակարգային առաջին հարցի քննարկումը:

Պարտադիր հարցերի ցանկից ունենք ևս մեկ հարց՝ «Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում»: Հրավիրում եմ Հաշվեքննիչ պալատի անդամ  Շուշանիկ Հայրապետյանին, խնդրեմ:

Շուշանիկ Հայրապետյան - Նախ թույլ տվեք շնորհավորել Միքայելին` պաշտոնի ընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն Ձեզ, որ այս ընտրությունը այս  օրհասական պահին կատարեցիք, որովհետև հունվարին մենք կունենայինք լուրջ խնդիր այս առումով, խորին շնորհակալ եմ դրա համար:

ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ: Հաշվեքննիչ պալատը 2019 թվականին իր գործունեությունն իրականացրել է ԱՀ Սահմանադրությանը, «Հաշվեքննիչ պալատի մասին» ԱՀ օրենքին, պալատի 2019թ. գործունեության տարեկան ծրագրին համապատասխան:

Տարեկան ծրագիրը, պալատի կողմից իրականացված հաշվեքննության արդյունքներով կազմած եզրակացությունները, ինչպես նաև 2019թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացվել են Ազգային ժողով, Հանրապետության նախագահին: Նշված փաստաթղթերը սահմանված ժամկետներում տեղադրվել են պալատի պաշտոնական ինտերնետային կայք-էջում: Տարեկան ծրագրով նախատեսված  բոլոր հաշվեքննություններն ավարտվել են:

Հաշվեքննություններն իրականացվել են «Հաշվեքննիչ  պալատի մասին» ԱՀ օրենքով սահմանված կարգով՝ կիրառելով հաշվեքննության  բոլոր տեսակները` ֆինանսական համապատասխանության և կատարողականի տեսակները /հիմնականում համակցված/:

Հաշվեքննության արդյունքների հիմքում դրվել են անաչառ և համակողմանի տեղեկատվություն և փաստեր: Տրված բոլոր գնահատականները հիմնված են պատշաճ ապացույցների վրա: Հաշվեքննության որակն ապահովելու նպատակով Հաշվեքննիչ պալատի կողմից պահպանվել են հաշվեքննության գործընթացում գործող հիերարխիկ շղթայի ընթացակարգերը, այն է՝ հաշվեքննող -հաշվեքննության ղեկավար հաշվեքննությունն իրականացնող հանձնաժողովի  համակարգող պալատի անդամ  և Հաշվեքննիչ պալատ:

Հաշվեքննիչ պալատն իր գործունեության ընթացքում հետևել է քաղաքական չեզոքության  սկզբունքի պահանջներին: Տարեկան հաղորդումը, ինչպես նաև բոլոր ընթացիկ եզրակացությունները զերծ են բացահայտված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ իրավական գնահատականներից և դրանց հետևանքներին առնչվող կանխատեսումներից:

Հաշվի առնելով Հաշվեքննիչ պալատի 2019թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ընդգրկուն ծավալը՝ հակիրճ, ընդհանրական ներկայացնեմ Պալատի 2019թ. գործունեության ընդհանուր նկարագիրը:

         ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2019թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը բաղկացած է երեք մասից: Առաջին և երկրորդ մասերում ներառվել է Հաշվեքննիչ պալատի կողմից բյուջեի կատարման վերաբերյալ տրամադրված եզրակացության և տարեկան ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետերի կատարման մասին ամփոփ տեղեկատվությունը: Երրորդ մասում արտացոլվել են 2019թ. իրականացված հաշվեքննության արդյունքների վերլուծությունները, Հաշվեքննիչ պալատի 2018թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտի արդյունքները և այլ տեղեկություններ: Այսպես՝

  1. Տարեկան ծրագրի առաջին մասի շրջանակներում Հաշվեքննիչ պալատը եզրակացություն է տրամադրել ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ:

Հաշվեքննությամբ, առավելապես, ընդգրկվել են առողջապահության, սոցիալական, կրթության և քաղաքաշինության ոլորտները: Ուսումնասիրվել են նաև ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ արտացոլված 5 գերատեսչությունների արտաբյուջետային միջոցների և ազատ մնացորդների շարժի վերաբերյալ տվյալները: Հաշվեքննության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 35,0 մլրդ դրամ կամ բյուջեի փաստացի ծախսերի 34,0 տոկոսը:

Հաշվեքննիչ պալատի կարծիքով ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման գործընթացը, ընդհանուր առմամբ, իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող ԱՀ օրենսդրությանը համապատասխան, հաշվեքննության արդյունքներով  էական անհամապատասխանատվություններ և խեղաթյուրումներ չեն հայտնաբերվել, «Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունն արժանահավատ է:

Ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության արդյունքներով

Հաշվեքննիչ պալատը ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ տվել է դրական եզրահանգում:

Ծրագրի երկրորդ մասի շրջանակներում իրականացված հաշվեքննության արդյունքներն ամփոփվել են 14 ընթացիկ եզրակացությունում:

Հաշվեքննությունն իրականացվել է 15 հաշվեքննության օբյեկտում, 23 օբյեկտում իրականացվել է ստուգում:

Հաշվեքննության շրջանակը եղել է բավական ընդգրկուն և ներառել է ինչպես սոցիալական, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, կրթության ոլորտները, այնպես էլ` որոշ  պետական և տարածքային կառավարման մարմինների պահպանմանն ուղղվող միջոցների, պետական և համայնքային սեփականության, համայնքային բյուջեների միջոցների օգտագործումը:

Ընդգրկվել են հիմնականում 2017-2018թթ. բյուջետային տարիները, իսկ շինարարական աշխատանքների պարագայում՝ դրանց կատարման ողջ  ժամանակահատվածը /2011-2018թթ./: Ծրագրի երկրորդ մասի շրջանակներում  հաշվեքննությամբ ընդգրկված միջոցառումների ֆինանսական ծավալը կազմել է մոտ 33,0 մլրդ դրամ:

Հաշվեքննության արդյունքների վերլուծությունը վկայում է հետևյալի մասին.

1/ Հաշվեքննիչ պալատի կողմից 2019թ. իրականացված հաշվեքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների հիմնական մասը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

ա/ բյուջետային գլխավոր կարգադրիչների կողմից ֆինանսական միջոցների հատկացման և օգտագործման ժամանակ պատշաճ մակարդակով չի ապահովվել անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և դրանց հիմնավորվածությունը.

բ/ ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների գնման գործընթացում առանց իրավական հիմքի նախապատվությունը տրվել է գնման ոչ մրցակցային ընթացակարգին,

գ / լիազոր մարմինների կողմից օրենսդրությամբ իրենց վերապահված բաժնեմասի կառավարմանն անմիջականորեն առնչվող մի շարք լիազորություններ արդյունավետ չեն իրականացվել: Արդյունքում, պետական բաժնեմասնակցությամբ ընկերությունների կողմից հաշվապահական հաշվառման կանոնների ոչ պատշաճ վարումը, ոչ ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության հիման վրա ֆինանսական հաշվետվությունների կազմումը հանգեցրել են դրանց էական խեղաթյուրմանը:

2/ Սոցիալական և կրթության ոլորտներում Հաշվեքննիչ պալատի կողմից վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց հիմնական մասը պահանջում է համապարփակ իրավական կարգավորում, տրվել են նաև համապատասխան հրահանգներ շտկելու համար:

3/ Նախորդ տարիների համեմատությամբ քաղաքաշինության ոլորտում հայտնաբերված անհամապատասխանությունները և խեղաթյուրումները կրում են նույնաբովանդակ բնույթ /նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ոչ պատշաճ կազմում կամ դրանց բացակայություն, նորմաների և գործակիցների սխալ կիրառում, աշխատանքների ծավալների ավել ներկայացում և այլն/:

4/ Առողջապահության ոլորտում և համայնքներում հայտնաբերված հիմնական անհամապատասխանությունները պայմանավորված են ելակետային տվյալների համեմատ համապատասխանաբար ծախսերի նախահաշիվներում և համայնքային բյուջեներում միջոցների սխալ պլանավորմամբ:

Հայտնաբերված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների գերակշիռ մասը կրել է ընթացակարգային բնույթ և չի հանգեցրել պետական բյուջեից ավել գումարների հատկացմանը: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են բյուջետային միջոցների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը խաթարելու ռիսկայնություն և պահանջում  են առավել հետևողական մոտեցում:

Հաշվեքննության արդյունքների վերաբերյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարության կողմից առարկություններ չեն ներկայացվել, հաշվեքննություն իրականացնող աշխատակիցների գործողությունները և հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները չեն բողոքարկվել:

Հաշվեքննության արդյունքներով բացահայտված խնդիրների, անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերացման և բացառման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման համար հաշվեքննության օբյեկտներին, ԱՀ կառավարությանը և այլ մարմիններին ներկայացվել է ընդհանուր թվով 49 առաջարկություն:

Օրենքով սահմանված ժամկետում ընթացիկ եզրակացություններում ամրագրված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերացման, առաջարկությունների իրականացման վերաբերյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարների կողմից գրավոր տեղեկատվություն է ներկայացվել պալատ, որը մեր կողմից տրամադրվել է Ազգային ժողով և Հանրապետության նախագահին օրենսդրությամբ սահմանված եռօրյա ժամկետում:

Օրենսդրական կարգավորումների համաձայն, այս քայլով ավարտվում է Հաշվեքննիչ պալատի դերը հաշվեքննության հետհսկողության բնագավառում:

Հաշվեքննության եզրակացությունների վերաբերյալ հաշվեքննության օբյեկտներից ստացված պատասխանների վերլուծությունները ցույց են տալիս, որ դրանց գերակշիռ մասն իրենից ներկայացնում  է հավաստում հայտնաբերված խնդիրների լուծման կամ առկա խնդիրների վերացման ուղղությամբ հետագայում գործուն քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, մի շարք հարցերով ներկայացվել են բացատրություններ:

Մեկ ուղղությամբ համապատասխան նյութերը Հաշվեքննիչ պալատի որոշմամբ ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն: Խոսքը վերաբերվում է «Նյութական ռեսուրսների ԱՀ  պետական պահուստի ձևավորում և պահպանում» ծրագրին, որով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման օրինականությանը և նպատակային արդյունավետությանը գնահատական տալու համար օբյեկտում  բավարար ապացույցները բացակայել են: Համապարփակ ուսումնասիրության և իրավական գնահատական տալու համար Հաշվեքննիչ  պալատի 2020թ. հունվարի 22-ի թիվ 8 որոշմամբ համապատասխան նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն: Հետագա ընթացքի մասին տեղեկությունները դեռևս բացակայում են:

Հարգելի պատգամավորներ, կցանկանայի երկու խոսքով անդրադառնալ նաև    Հաշվեքննիչ  պալատի գործունեության վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալների: Հաշվետու տարում Հաշվեքննիչ պալատի կողմից անց է կացվել 24 նիստ, ընդունվել է 65 որոշում, որոնց գերակշիռ մասն առնչվել է հաշվեքննության գործընթացին:

Թափանցիկության և հրապարակայնության սկզբունքի պահպանման նպատակով նիստերի օրակարգերը, հրապարակման ենթակա որոշումները «Հաշվեքննիչ պալատի մասին» ԱՀ օրենքով նախատեսված ժամկետներում հրապարակվել  են պալատի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հաշվեքննիչ պալատի պահպանման նպատակով ԱՀ 2019թ. պետական բյուջեից հատկացվել է 138,023,2 հազար դրամ՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 95,9 տոկոսը:

Քննարկվող տարում Հաշվեքննիչ պալատի 2018թ. ֆինանսական հաշվետվությունները ենթարկվել են աուդիտի ԱՀ ԱԺ աշխատակազմի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության՝ «Աուդիտ Պրո»  փակ բաժնետիրական ընկերության կողմից: Համաձայն աուդիտորական կազմակերպության եզրակացության՝ Հաշվեքննիչ պալատի ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում ֆինանսական վիճակը 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:

4. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրի շրջանակներում 2019թ. դեկտեմբեր ամսում անց են կացվել ֆինանսական հաշվեքննության վերապատրաստման դասընթացներ՝ «Ֆինանսական աուդիտի ընթացակարգերի իրականացում»  թեմայով:

Հաշվեքննիչ պալատը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ԱՀ Սահմանադրությամբ  պալատի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ապահովելով հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում բյուջետային միջոցների օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվության ներկայացումը:  Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան  - Շնորհակալություն:  Մենք կանոնակարգով կարող ենք հարցեր ուղղել Շուշանիկ Հայրապետյանին և կարող ենք նաև մտքեր փոխանակել: Եթե կան հարցեր`  խնդրում եմ գրանցվել: Չկա: Շնորհակալություն, տիկին Հայրապետյան: Դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Եթե ցանկություն կա ելույթ ունենալու, մտքեր փոխանակելու, խնդրեմ:

Շուշանիկ Հայրապետյան  - Կապված պաշտոնաթող նախագահների հետ: 2019թ. պետական բյուջեի ճշտված կատարվող պլանի համաձայն պաշտոնաթող նախագահներին հատկացվող գումարը կազմում է 36,5 մլն դրամ, իսկ կատարողականը՝ 29 մլն դրամ: Նշված գումարները արտացոլված են «Պետական բյուջեի գործադիր, օրենսդիր, դատական իշխանության մարմինների պահպանման բաժնի այլ մարմիններ»  ծրագրում: «Այլ մարմիններ» ծրագիրը դա վերաբերվում է մեր պաշտոնաթող նախագահների սպասարկման համար հատկացվող գումարներին, գրասենյակի և այլն: 2020թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ներկայացված եզրակացությունը, որը նույնպես տրամադրվել է Ազգային ժողովում, մենք անդրադարձել ենք այս հարցին, նշել ենք ում է ուղղվում բանավոր բացատրության համաձայն: Հիմնականում մեկ նախագահի գրասենյակի պահպանման ծախսերն են և ծախսերը ինչ ձևի են ներկայացվում, ինչ հիմնավորումներ, մենք մեր եզրակացություններում նշել ենք, կարող եք ծանոթանալ: Հետագայում նույնպես մենք անդրադառնում ենք այդ հարցերին: Ինչ վերաբերվում է դրանց արդյունավետության օգտագործմանը, արդյոք Հաշվեքննիչ պալատը իրավասու է հաշվեքննություն իրականացնել: Իհարկե, պետական բյուջեի ցանկացած միջոցներ մենք հաշվեքննության ենք ենթարկում: 2020թ. այլ մարմինների ծախսերը պահպանման մեր մշտադիտարկման ոլորտում են գտնվում և սա կանոնակարգված է օրենքով՝ կապված և աշխատավարձի հետ, և պահպանման ծախսերի հետ: Արդյո՞ք, օրենքին համապատասխան է կատարվում այս պահին, թե՝ ոչ, մենք մեր եզրակացությունում նշել ենք: Առկա են տվյալները:

Արթուր Թովմասյան - Ես ավելացնեմ, որ 2021թ. պետական բյուջեի նախագծում պաշտոնաթող նախագահների համար գումար չի տրամադրվելու: Շնորհակալություն:

Այսքանով ավարտում ենք, որովհետև մենք որոշում չենք ընդունում տարեկան հաղորդման վերաբերյալ, պարզապես օրենսդրությամբ սահմանված կարգով այն ներկայացվում է Ազգային ժողովին:

Սիրելի գործընկերներ, մենք ունենք 35 րոպե ժամանակ մինչև ընդմիջում: Եթե դեմ չեք, օրակարգի 4-րդ հարցը տեղափոխենք 3-րդ, որպեսզի ժամը 1-ին, Կանոնակարգով է ֆիկսված, հարց ու պատասխանը Կառավարության անդամների հետ: Ովքե՞ր են դեմ: Չկան: Շնորհակալություն:

______ Պարոն Թովմասյան, հաշվի առնելով, որ Կառավարության հետ հարց ու պատասխան է լինելու, և այդ հարց ու պատասխանի ընթացքում կարող է հայտարարության միտք փոխվի:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, ընդունեցի, եղավ:

Հիմա հայտարարում ենք ընդմիջում՝ մինչև ժամը 13.00-ն:

Ընդմիջում:

13.00

Արցախի Հանրապետության հարգարժան պետնախարար, հարգելի Կառավարության անդամներ և գործընկերներ,  շարունակում ենք մեր աշխատանքները: Այսօր մեկնարկել ենք Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ հերթական նստաշրջանի աշխատանքները: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածով պատգամավորների կողմից առաջարկվել է 2020 թվականի դեկտեմբեր ամսվա Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկել «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից բանավոր հարցեր` Հանրապետության  նախագահին  և Կառավարության անդամներին» հարցը:

Հարցերի համար հատկացվում է 2-ական րոպե: Հարցերին պատասխանելու համար հատկացվում է 3-ական րոպե, արձագանքելու համար հատկացվում է 1-ական րոպե: Պատգամավորներին հրավիրում եմ հերթագրվել հարցերի համար, որից հետո անցնելու ենք պատասխանների: Խնդրեմ: Ընթերցում եմ Վլադիկ Կասյան, Կարինե Աթայան, Արամ Հարությունյան, Գեղամ Ստեփանյան, Դավիթ Գալստյան, Մետաքսե Հակոբյան, Վահրամ Բալայան, Սեյրան Հայրապետյան, Դավիթ Բաղդասարյան, Մարսել Պետրոսյան և Գագիկ Բաղունց: Պարոն Կասյան, խնդրեմ:

Վլադիկ Կասյան - Առաջին հերթին ես կուզեի շնորհավորել նորանշանակ բոլոր նախարարներին և շնորհավորել գալիք Նոր տարու և Սուրբ ծննդի կապակցությամբ: Հարցս հետևյալն է՝ ինչպես գիտեք, հետպատերազմյան օրերին մի շարք սոցիալական երաշխիքներ են հատկացվել մեր բնակչությանը, որը շատ ընդունելի է, բայց կա մի երաշխիք` դա էլեկտրաէներգիայի և գազի մասին է, կապված՝ ջեռուցման հետ, որը  շատ բնակիչների մոտ այդ հարցը շատ մտահոգիչ է դառել: Հանրապետության ամեն մի բնակչի, ամեն մի ընտանիքի հատկացվում է և գազի, և էլեկտրաէներգիայի փոխհատուցում: Կան բնակարաններ, որոնք որ ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, իսկ ոմանք էլ՝ բնական գազով: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այն բնակարանները, որոնք որ օգտվում են գազից, ավելի շատ ծախստար է, քան թե բնական գազը, որ էլեկտրաէներգիան 180 խորանարդ մետր բնական հատկացվում, և 500կվ էլեկտրաէներգիա: Այդ էլեկտրաէներգիայով ջեռուցվող բնակարանները չի հերիքում այդ հատկացված 500կվ և հիմնականում բնակիչներից տուժվում են սոցիալապես անապահով խավը, որովհետև հասկանալի պատճառներով այդ խավը ժամանակին հնարավորություն չի ունեցել, որպեսզի բնական գազով իր բնակարանը ջեռուցման համակարգ տեղադրելու համար: Արդյոք հնարավոր չէ այդ էլեկտրաէներգիայի չափը ավելացնելու, որպեսզի ծախսերը և բնական գազով ջեռուցվելու համար, և էլեկտրաէներգիայով, հավասարվեն: Ընդհանրապես բոլոր գյուղերում այդ պրոբլեմը կա:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Առանձնապես սահմանամերձ գյուղերի համար  է հարցը գնում: Հարցին պատասխանում է պարոն Խանումյանը:

Հայկ Խանումյան – Շնորհակալություն, հարցի համար: Այս հարցը տարբեր բաղադրիչներ ունի: Այդ թվում բաժանորդների և իրական սպառողների հետ կապված հարցեր են, որովհետև մենք ունենք տներ, որտեղ մի քանի ընտանիք են բնակվում և այդ հարցն էլ է բարձրացված: Ինչի՞: Կառավարության որոշման մեջ փոփոխություն է եղել, շուտով կգործի այդ որոշումը, կօգտվեն բաժանորդները և փաստացի բնակվող ընտանիքը` սահմանաչափերին հավասար գումարի չափով: Չգազիֆիկացված բնակավայրերում և չգազիֆիկացված շենքերում կստանան ընդհանուր գումարի չափով սահմանաչափին համապատասխան գումար իրենց կարիքները հոգալու համար: Երևի ստորագրվելու փուլում է Կառավարության որոշումը:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, արձագանքու՞մ եք: Ոչ: Տիկին Աթայան, խնդրեմ: Թող պատրաստվի պարոն Հարությունյանը:

Կարինե Աթայան - Ինչպես բոլորդ գիտեք, շնչառական վարակների համար ամենածանր շրջանը դա ձմեռն է: Ներկա դրությամբ տարածաշրջանում գրանցված է միքս վարակ, իսկ աշխարհի տարբեր երկրներում արդեն գրանցվել է կորոնավիրուսի նոր մուտացիա, որը 70 անգամ ավելի վարակիչ է: Չնայած չկան տվյալներ, որ ավելի ծանր ընթացքով է ընթանում հիվանդությունը, բայց համենայնդեպս, այս պարագայում անչափ կարևորում եմ կոլեկտիվ իմունիտետի ձեռք բերման նպատակով պատվաստանյութի կիրառումը: Ուզում եմ հարցս ուղղել առողջապահության նորանշանակ նախարարին` ի՞նչ միջոցառումներ է արդեն կազմակերպել առողջապահության նախարարությունը այդ ուղղությամբ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Հայրիյան, խնդրեմ:

Միքայել Հայրիյան - Շնորհակալություն հարցի համար: Այո, այս պահին կորոնավիրուսը շատ տարբեր մուտացիաների է ենթարկվում, բայց, ցավոք սրտի, մենք այս երկու- երեք ամսվա ընթացքում ունենք անվերահսկելի հիվանդների քանակ, որի արդյունքում, ես ուզում եմ առիթից օգտվել և մեզ բոլորիս ևս մեկ անգամ հորդորեմ այս ծանր իրավիճակում չանտեսել այդ բոլոր հորդորանքները, որոնք առողջապահության նախարարությունն է մեզ հորդորում և այդ ուղղությամբ կատարվում են ակտիվ աշխատանքներ, բայց որպեսզի ավելի ճիշտ, ես հստակ  ձեզ ասեմ, որոշումները մենք բոլոր բժիշկները, որոնք այս պահին զբաղվում են կորոնավիրուսով, աշխատում ենք և երևի այսօր կամ վաղը կունենանք որոշակի հիմունքներ, որպեսզի ավելի հստակ կարողանանք ասենք ինչ է կատարվում այդ ուղղությամբ:

Արթուր Թովմասյան- Շնորհակալություն, արձագանքում ե՞ք: Ոչ: Պարոն Հարությունյան, խնդրեմ:

Արամ Հարությունյան - Ես երկու հարց եմ ունենալու: Առաջինը՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում մենք ունենք բավականին ծանր հետևանքներ, բազմաթիվ հարցեր, բայց ես կոնկրետ մեկ հարցի մասին կխոսեմ: Այն վերաբերվում է մեր այն հայրենակիցներին, որոնք ստացել են միջին և ծանր վնասվածքներ և հիմա բուժում են ստանում: Հիմա կա այսպիսի խնդիր` ունենք հայրենակիցներ, որոնց բուժումը կամ ռեաբիլիտացիան բավականին  թանկարժեք ծառայություններ են, որոնք չեն մատուցվում ԱՀ - ում և ՀՀ- ում և արտերկրյա բուժում կամ վիրահատություն է անհրաժեշտ: Արդյո՞ք այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մշակվու՞մ է համապատասխան ծրագիր, որպեսզի մեր հայրենակիցները այս դժվար իրավիճակից կարողանան դուրս գան: Եվ 2- րդ հարցս գյուղատնտեսության ոլորտին է վերաբերվում: Պատերազմի արդյունքում մենք կորցրել ենք մեր տարածքների խոշոր մասը և նաև մեր ջրային ռեսուրսների մեծ մասը թշնամու վերահսկողության տակ է գտնվում: Արդյոք այս ստեղծված իրավիճակում կա՞ հեռանկար զարգացնելու գյուղատնտեսության ոլորտը և ինչպիսի՞ փոփոխություններ է մտցնելու Կառավարությունը համապատասխան ոլորտի ռազմավարության մեջ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Հայրիյան:

Միքայել Հայրիյան - Շնորհակալություն հարցի համար: Այո, մենք ունենք մեծ խումբ ծանր և միջին վիրավորներ, իսկ ծանր վիրավորները այս պահին ունենք այն թիվը, որոնք դեռ գտնվում են ստացիոնար բուժման մեջ: Մենք հստակեցնում ենք հիմա այդ թիվը, որպեսզի հասկանանք որ թվաքանակն է, որը պահանջարկ ունի ևս երկարատև ռեաբիլիտացիայի և նույնիսկ օտարերկրյա բուժման մեջ: Իհարկե, կատարվում են այս պահին անհատական մոտեցումներ, բայց ես շատ կցանկանայի, որ համատեղ ուժերով այդ ամեն ռեսուրսները, որոնք այսօր օգտագործվում են, համախմբվեն մի տեղ և ընդհանուր համապետական ինչ-որ մի ծրագրով այդ ամենը իրականացվեր:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:

Միքայել Հայրիյան - Ավելացնեմ, որ այդ ամեն ինչը այս պահին խորը քննարկման մեջ է, և հուսով եմ, որ հունվարի առաջին կեսերին ևս կլինենք ավելի ինֆորմացված:

Արամ Հարությունյան - Եթե կարելի է արձագանքեմ: Ուղղակի, պարոն Հայրիյան, հնարավորինս պետք է համատեղ ուժերով արագ անենք, որովհետև մենք ունենք հայրենակիցներ, որոնց բուժման ամեն մի օրը նշանակություն ունի և ինչքան շուտ կարողանանք մենք այդ հարցը արագ լուծենք, այնքան ավելի շատ մարդու կյանք կկարողանանք  փրկել:

Միքայել Հայրիյան - Հենց այդ մարդկանց մասին է խոսքը գնում, քանի որ կոնկրետ որոշված բան դեռ չկա, մենք անհատական մոտեցումը տալիս ենք այդ մարդկանց: Ես միանշանակ կարող եմ ասել, որ բոլորին հասցնելու ենք այդ օգնությունը ցուցաբերենք, ուղղակի դեռ միջոցները չենք պատկերացնում, թե որ միջոցներով ենք օգտվելու, բայց անհատական այս պահին անհապաղ, միանշանակ կատարվում է:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Բախշիյան, խնդրեմ:

Աշոտ Բախշիյան - Ցավոք սրտի, ինչպես դուք նշեցիք, մենք պատերազմի արդյունքում կորցրել ենք  վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտների՝ 85 տոկոսը: Մեծ կորուստներ ենք ունեցել նաև անասնապահության ոլորտում, նաև` ոռոգովի տարածքներ, 7500 ոռոգովի տարածքից մնացել է դեռ այս պահին 800-ը: Նախատեսվում է մինչ պատերազմը նախաձեռնել աջակցության ծրագրեր, այժմ գտնվում է մշակման փուլում: Պետք է վերաձևակերպենք մեր պատկերացումները գյուղատնտեսության մասին և բարձրարժեք կուլտուրաների աճեցմամբ զբաղվենք, բուսաբուծության ոլորտում դա լինելու է ջերմոցներ, ինտեսիվ այգիներ, անասնապահության ոլորտում՝ մսուրային պահվածքով անասնապահության զարգացում և այլն: Մի խոսքով, բարձրարժեք կուլտուրաների մշակությամբ մենք պետք է զբաղվենք:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:

Արամ Հարությունյան - Իսկ ջրային ռեսուրսների մասով կբավարարի արդյո՞ք մեր եղած ջրային ռեսուրսները, թե խնդիր ենք ունենալու:

Աշոտ Բախշիյան - Այժմ քննարկման և մշակման փուլում կա մի ծրագիր. արտեզանների գործարկման և ինքնահոս որոշ քանակությամբ ջուր տեղափոխելու և ոռոգովի դարձնելու:

 Արամ Հարությունյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Ստեփանյան, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն: Ես մի քանի հարց ունեմ Կառավարությանը: Առաջին հարցը դա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում արդյո՞ք կազմակերպվել է պետական գույքի տարհանում, եթե այո, որտե՞ղ է պահվում այդ գույքը և ո՞ր գերատեսչության վերահսկողության տակ: Տարբեր տեղեկությունների համաձայն, Քաշաթաղի և Շահումյանի շրջանում եղել են պետական գույքի հափշտակման դեպքեր: Ունե՞ք նման տեղեկություն և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Հաջորդ հարցս ուղղում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին: Պարոն Խանումյան, ի՞նչ ընթացքում է գտնվում պատերազմի ընքացքում տուժած ենթակառուցվածքների վերականգնումը, մասնավորապես` շրջաններում, ավելի կոնկրետ` Մարտունու շրջանում: Բոլորս գիտենք, որ լուրջ խնդիր ունենք էլեկտրամատակարարման հետ և խնդիրը միակողմանի չէ: Էլեկտրականության բացակայության պայմաններում նաև խնդիր ենք ունենում խմելու ջրի հետ կապված: Կարո՞ղ եք հստակ ժամկետներ նախանշել: Հաջորդ հարցս Կառավարությանը` վերաբերվում է զորահավաքային ռեսուրսների ֆինանսական փոխհատուցմանը: Բազմաթիվ բողոքներ կան կապված զորակոչման ժամանակահատվածի և փոխհատուցված գումարների անհամաչափության հետ: Ի՞նչ սկզբունքով են կատարվում այդ փոխհատուցումները, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն Խանումյան, երեք հարցն էլ դուք եք պատասխանում:

Հայկ Խանումյան - Բնականաբար համայնքները տարհանման պլաններ ունեցել են: Մեծ մասի դեպքում դա չի աշխատել: Ինչ վերաբերվում է Բերձորի գոյություն ունեցող թալանին, այնտեղ լուրջ խնդիրներ ունենք, այսօր էլ դա շարունակվում է և պետք է օպերատիվ լուծումներ գտնենք, որովհետև ինչպես գիտենք, այնտեղ զինված ստորաբաժանումներ, ոստիկանություն, ԱԱԾ և այլն չենք կարող ունենալ և, հավանաբար, պետք է գտնենք արդեն շրջանի ղեկավար: Ես մի քանի օր առաջ Բերձորում եմ եղել բնակիչների հետ: Աղավնո համայնքի բնակիչների հետ քննարկել ենք հնարավոր լուծումները: Բանը հասնում է նրան, որ մեր շատ հայրենակիցներ գալիս են ինտերնետի նոր քաշած գիծն են թալանում, կամ տները մտնում են տարբեր պատրվակներով, գույքի թալան են անում: Սա հետպատերազմյան շրջանի դժբախտություններից մեկն է, դրա դեմը առնելու մեխանիզմներ կան, բերեք չբարձրաձայնեք դրա մասին, բայց այդ ուղղությամբ աշխատանք գնում է: Տարհանման պլանները մեծ մասով չեն աշխատել: Այս մի հարցին արձագանքեք, շարունակենք:

Արթուր Թովմասյան - Արձագանքու՞մ եք:

Գեղամ Ստեփանյան - Խնդիրը շատ ճիշտ եք նշում, նաև ընդհանուր մասսայական բնույթ է կրում այդ գործընթացը, բայց իմ հարցը ավելի կորկրետ ուղղված էր պետական գույքին, որի համար կոնկրետ պատասխանատուներ կայի՞ն, ինչքանո՞վ է իրականացվել դա և ի՞նչ վիճակում է այսօր:

Հայկ Խանումյան - Պետական գույքի հետ կապված մեր ենթակայության չէ այդ բաժինը, այդ հարցին պարոն Մարտիրոսյանը կարձագանքի: Լրացուցիչ Կառավարությունը ձեզ գրավոր կպատասխանի դրա մասին: Հաջորդ հարցը` ենթակառուցվածքների հետ կապված: Էլի լուրջ խնդիրներ ունենք: Նույնիսկ մեր տարածքներում մնացած, մեր վերահսկողության տակ մնացած շատ տարածքներում ունենք ջրամբարներ կամ արտեզյան հորեր, որոնք մնացել են թշնամու վերահսկողության տակ, ունենք համայնքների ճանապարհներ, որոնք անցել են թշնամու վերահսկողության տակ, չնայած համայնքը մեր վերահսկողության տակ է և այլն: Բնականաբար այդ ամենը պետք է նախագծվի, արդեն իսկ ջրամատակարարման հետ կապված որոշակի հանձնարարականներ տրվել են: Ինչ վերաբերվում է Մարտունու շրջանի էլեկտրամատակարարմանը, ժամանակավոր լուծում տրվել է, արդեն դա 2-10 կվ  հոսանքագծերի անցկացումն է, մեկը` Կարմիր շուկայում, մյուսը` դեպի Մարտունի քաղաքի ճանապարհով և տարբեր համայնքներում 100 կվ դիզելային գեներատորների տեղադրումը, որպեսզի կարողանանք ժամանակավոր լուծումներ տալ: Գրաֆիկով այս պահին շրջանում որոշ համայնքներ նույնիսկ 24 ժամ տևողությամբ էլեկտրամատակարարում ունեն, ուղղակի բնակիչներին պետք է խնդրենք մեծ սարքեր, օրինակ` հաց թխելու գործիքներ չմիացնել, որովհետև դա լուրջ վնասում է գոյություն ունեցող համակարգին: Նոր գիծը հնարավոր է 35 կվ պատրաստ լինի  6 ամսվա ընթացքում: Վերջնական լուծումը ամբողջական, որպեսզի վերադառնա նախապատերազմյան շրջանի մատակարարմանը, Արցախէներգոյի մասնագետների գնահատմամբ կարող է տևել մինչև 6 ամիս: Զորահավաքի հետ կապված պահեստազորայինների վճարումները կատարվում է ըստ զորակոչած զորամասերի հաստիքների, դա բանակի հետ այդ ամեն ինչը: Ինչ վերաբերվում է աշխարհազորայիններին, ապա միանվագ 200 հազար դրամ է հատկացվում, բայց այդ ցանկերը ամեն օր գալիս են, ընդ որում` այդ ցանկերը զգալիորեն սկսել են գերազանցել այն թիվը, բաժանված զենքի թիվը և այն սննդի մատակարարման թիվը, որ նախատեսված է աշխարհազորի համար: Այդ ցուցակը զգալիորեն շուտով գրեթե կմոտենա կրկնակի գերազանցմանը: Այնպես որ` համայնքապետերին խնդրում եմ բարեխիղճ լինել և ում ասես այդ ցուցակներում չներգրավել: Մի այնպիսի պատկեր ունենք, ես թվեր չեմ ուզում հրապարակենք, որովհետև գաղտնիության շրջանակներում է, նույնն էլ բնակվարձերի հետ կապված պատմություններն են: Մի տեսակ բարոյականության բոլոր սահմանները անցել են շատերը, պիտի մի պահ կանգ առնեն ու հասկանան, որ պատերազմում պարտվելու հիմնական պատճառներն էլ այդ սահմանագիծը անցնելն էր, որպեսզի կարողանանք նոր տիպի պետություն կառուցենք և նույնը չունենանք: Ամեն ինչ նյութի հետևից չպետք է վազել, ով կա, չկա լրիվ ցուցակներում գրել: Նույնն էլ 300 հազար դրամների ցանկն է, երբ որ ֆիլտրում ենք, առնվազն 20 տոկոս համայնքների ցուցակները ավելացված են: Այսպիսի խնդիրներ ունենք, որոնք նաև մեր ուժերից վեր են ու ամբողջ հասարակության ջանքերն է պահանջում այս խնդիրների դեմը առնելու համար:

Գեղամ Ստեփանյան - Պարոն Խանումյան, իսկ Մարտունու շրջանի հետ կապված այդ 100 կվ դիզել-գեներատորների տեղակայումը այդ հարցում ևս կարո՞ղ եք հստակ ժամկետներ նախանշել, թե երբ կավարտվի: Համայնքներ կան, որ դեռևս տեղադրված չեն:

Հայկ Խանումյան – Օրինակ, ձեր ենթաշրջանում` Միրուշեն, Ավդուր տեղադրված են և մյուս գեներատորները փոքր-մեծ տարբեր քանակությամբ կփորձեմ տեղադրել այնտեղ, ասենք, դպրոցների կաթսայատների աշխատեցման կամ ջրհորների մոտ և այլն, ժամանակավոր լուծումներ կգտնենք մինչև այդ հարցերը կարգավորվեն և այդ դեպքում ձեր աջակցությունը նույնպես կլինի տարբեր ինֆորմացիա տրամադրելու, որպեսզի հասկանանք որտեղ չի կատարվել, ավելի ակտիվ հետևենք դրան:

Գեղամ Ստեփանյան - Շատ լավ, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Խանումյան: Պարոն Գալստյան, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Դավիթ Գալստյան - Հաշվի առնելով, որ հետպատերազմից հետո Կառավարության մի շարք որոշումներ է ընդունվում, և ժողովրդի մեջ այդ որոշումները ընդունելուց հետո տարբեր ձևի, բնույթի խոսակցություններ են բացվում, կուզենայի այդ հարցը բարձրացնենք, թե այս 300 հազար դրամները, որ վճարվում է այն անձանց, ովքեր բռնի կերպով տարհանվել են, կոնկրետ որ շրջաններին է վերաբերվում,  դե գրառում ունեցող-չունեցող անձանց մեկին փաստացի բնակությամբ են տալիս, մեկին՝ գրանցումով, երբ դեռ կան Մարտակերտի նախկին շրջանից, ներկայիս Շահումյանի շրջանից Չարեքտար գյուղը, որ բոլոր բնակիչները Կառավարությունը ասել է, որ լքեն, շատերը իրենց տները վառել և դուրս են եկել,  և այդ գյուղը այսօր ներառված չէ այդ ցանկի մեջ և իրենք այսօր հետ դառնալու որևիցե անվտանգության երաշխավորություն չունեն, որ հետ գան բնակվեն: Այդ մարդկանց համար այն համայնքները, որոնք որ այսօր սահմանամերձ են և չեն բնակվում: Երկրորդ հարցը Հայաստանում բացված օպերատիվ շտաբի մասին է խոսքը, որ այդ նույն տարհանված Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններից օպերատիվ շտաբում ներկայացուցիչներ կան նստած, որոնք ինչ որ գումարներ են բաժանում, չգիտենք ինչ որոշումով կամ ինչ հրամանով: Մեկին տան վարձ են տալիս 100 հազար, մյուսին՝ 80 հազար, առձեռն գումարներ են տալիս, Լաչինի մի մասին 20 հազարական շնչին փող են տալիս, մի մասին` ընտանիքին 50 հազարական, որոնք որ ոչ բոլորն են ստանում, ով ինչ որ պահանջ է ներկայացնում, լռեցնելու համար թե՝ ոչ, չգիտենք ինչու գումարներ են տալիս: Սրանք ո՞նց է կանոնակարգվում և ո՞վ է կանոնակարգում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Խանումյան, ամենաշատ հարցերը 6-րդ գումարման ժամանակ դու ես տվել պատգամավորներին և հիմա ձեզ են տալիս այդ հարցերը:

Հայկ Խանումյան - 300 հազարների պահով ստանում են թշնամու տիրապետության տակ անցած համայնքներում վերջին 3 ամսում փաստացի բնակված բնակիչները: Այդ ցուցակների ֆիլտրման պրոցեսը մեր նախարարությունն է կատարում, և 2-րդ փուլում ովքեր խնդիրներ կունենան մինչև հունվարի 11-ը, կանենք նաև հանձնաժողովներով, որտեղ այդ ֆիլտրի մեջ ներգրավել ենք բազմաթիվ չափորոշիչներ: Քաշաթաղի շրջանում, օրինակ, եթե էլեկտրաէներգիայի փոխհատուցում ստացած անձանց ցուցակը տարբեր հանգամանքներ, արդյոք երեխաներն այնտեղ դպրոց գնացել են թե՝ ոչ և այլն: Ինչ վերաբերվում է սահմանամերձ բնակավայրերին, որտեղ բնակիչները վերադառնալու խնդիր ունեն և ենթակառուցվածքները վնասված են, դժվար է վերադառնալը և այլն, դրա համար կա առանձին ցանկ: Հրապարակված է ցանկը Հայաստանի սոցապ նախարարության կայքում, այդտեղ բնակիչները կստանան 250 հազարական դրամ: Մյուս 50 հազարի տարբերությունը այլ ծրագրերով կփոխանցեք ընթացքում: Բայց այդ տիպի ծրագիր նույնպես գործում է: Սա առաջին հարցի պատասխանն է:

Դավիթ Գալստյան - 300 հազար դրամները. կոնկրետ ի՞նչ հաշվարկով է այդ 300 հազար դրամը մեկ շնչին, և եթե երեխան ուսանող է եղել, Հայաստանում է սովորում, իրեն չի հասնում ըստ ձեզ, եթե 3 ամիս փաստացի այնտեղ չի բնակվել, ովքե՞ր են որոշելու այդ փաստացի բնակությունը, համայնքի ղեկավարը, թե ինչ որ հանձնաժողով կա: 2-րդ հարցս կոնկրետ Չարեքտարի մասով է, որ հենց Կառավարության հորդորով են բնակիչները դուրս եկել և վառել իրենց տները և այսօր ընդգրկված չեն այդ ցանկում:

Հայկ Խանումյան - Ցանկը կոչվում է “Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող համայնքների բնակիչներին փոխհատուցում”: Մենք չենք կարող Չարեքտարը գրել ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող, բայց այնտեղ ծրագիր իրականացվում  է և այդ համայնքի բնակիչներն նույնպես ստանալու են ինչ որ բան: Ինչ վերաբերվում է ուսանողներին և ժամկետային զինծառայողներին, որոշվել է, որ իրենք նույնպես այդ ցանկում կներգրավվեն: Իսկ ինչպե՞ս է իրականացվում և ո՞վ է իրականացնում՝ համայնքապետը, ավագանին, դպրոցի տնօրենը, տարբեր բազաներ տարբեր ձևերով են ճշտվում: Հիմնականում համայնքապետերի ու ավագանու մասնակցությամբ է կատարվում, տեղի ունենում այդ ամեն ինչը:

Արթուր Թովմասյան - Հաջորդ հարցին պատասխանում է պետնախարար պարոն Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, հարցի համար: Ինչպես գիտեք, պատերազմական օրերին ստեղծվեց օպերատիվ շտաբ: Կառավարության օպերատիվ շտաբը  ՀՀ- ում ԱՀ քաղաքացիների տարբեր տեսակի սոցիալական, կենցաղային և աջակցության տարբեր ծրագրերի համակարգման նպատակով, այնուհետև նաև տարբեր շրջանների, վարչակազմերի ներկայացուցիչներն նույնպես ընդգրկվել են, որպեսզի կարողանան շրջանների բնակիչների հետ ավելի հասցեական աշխատել, քանի որ շատ ավելի են քաջատեղյակ բնակիչների հոգսերին և այդ ընթացքում նաև օպերատիվ որոշումներ են կայացվել դրամական օգնությունների տրամադրման նպատակով, այդ գործընթացը մեկնարկել է և պատերազմի օրերից սկսված, այնուհետև շարունակվել է, բնական է, որոշ դեպքերում այդ դրամական օգնությունների չափերը կարային լինեին տարբեր, այժմ շտաբի ղեկավարի կողմից համակարգվում է այդ գործընթացը, որպեսզի լինեն միասնական և համակարգված մոտեցումներ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Արձագանքու՞մ եք:

Դավիթ Գալստյան -Դուք այդպես էլ չպատասխանեցիք կոնկրետ ո՞վ է այդ որոշումը կայացրել, ի՞նչ միջոցների հաշվին և ի՞նչ գումարի մասին է խոսքը:

Գրիգորի Մարտիրոսյան - Ես պատասխանեցի հարցին, այսինքն որոշումը կայացվել է Կառավարության կողմից, եթե խոսքը գնում է դրամական օգնության մասին, ապա Կառավարության այդպիսի որոշում և աջակցություն իրականացվել է, իրականացվում է մեր շտաբի անդամների կողմից, իրականացվում է լքված կամ այլ սոցիալական կամ այլ տեսակի խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին:

Դավիթ Գալստյան - Կներեք էլի մի անգամ էլ արձագանքեմ: Որոշմանը կարո՞ղ ենք ծանոթանալ, կոնկրետ, որ տարբեր չափի գումարներ են տալիս Լաչինում մեկին 20 հազար, եթե կա որոշում և եթե Կառավարությունն է այդ որոշումը կայացրել:

Գրիգորի Մարտիրոսյան - Դրամական օգնությունների գործընթացը իրականացվում է ըստ յուրաքանչյուր անձի դիմումի և կարիքի գնահատման, և ինչպես նշեցի, այդ սկզբնական օրերին օպերատիվության համար եղել են տարբեր կարիքներ, տարբեր իրավիճակում հայտնված քաղաքացիներ, որոնց տրամադրվել է այդպիսի գումարներ: Նորից կրկնեմ, որ ներկայումս շտաբի ղեկավարի կողմից համակարգվում է, որպեսզի լինեն ավելի միասնական և համակարգված մոտեցումներ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Տիկին Հակոբյան, խնդրեմ: Թող պատրաստվի Վահրամ Բալայանը:

Մետաքսե Հակոբյան - 2020թ. սեպտեմբերի 27-ից առայսօր արդյո՞ք պետության կամ պետական հիմնադրամների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ձեռք է բերվել գույք կամ պետության կողմից վաճառվել է արդյո՞ք շարժական գույք, քանզի հրադադարից հետո տևական ժամանակ է, ինչ հասարակության մեջ նմանատիպ լուրեր են պտտվում. Մասնավորապես` Շահումյանի շրջանից անշարժ գույք գնելու մասին, ինչպես նաև տարհանված և ներկայումս  ՀՀ- ում գտնվող գյուղտեխնիկայի և շինտեխնիկայի մասին, որոնց սեփականատերերի մեծ մասը այդ գույքի ձեռք բերման մասով պետության հանդեպ ունեն պարտավորություններ: Եվ երկրորդը, կուզեի շարունակել իմ գործընկերոջ տված հարցը՝ այդ տեղեկությունը, որի մասին մենք խոսում էինք, դա հենց այդպես չէր, մարդիկ զանգում են, առայսօր են դժգոհում, որ ով գնում դժգոհում է օպերատիվ շտաբում: Օրինակ` դեպք է եղել օրեր առաջ 30 հազար են տվել Շուշիի շրջանի բնակչին, որ ասել է ինչ սկզբունքով են տալիս` 20 հազար էլ են տվել, այդպես էլ սկզբունքը չասելով: Մեր հարցը այն է՝ որտեղի՞ց է այդ գումարները և ինչպե՞ս է դա համակարգվում, այսինքն ով գնում է պահանջում` գումար ստանում է, ով չէ՝ չէ: Լուրերն այդպիսինն են: Շնորհակալություն:

Գրիգորի Մարտիրոսյան - Շնորհակալություն, հարցի առաջին մասը ես լավ չհասկացա: Այսինքն, եթե կա տեղեկություն պետական գույքի վաճառքի մասին, տեղեկացրեք, որևէ պետական գույք, առավել ևս շինարարական կամ գյուղատնտեսական, այս պահի դրությամբ չի վաճառվել, եթե կոնկրետ ինչ որ դեպք կա, խնդրում եմ տեղեկությունները փոխանցել` կուսումնասիրվի: Նախ ասեմ, որ պետական, գյուղատնտեսական կամ շինարարական գույք հիմնականում կարող է ներառված լինել մեր պետական մասնակցության բաժնետիրական ընկերությունում, ինչպիսինն է, օրինակ` Արցախուղին կամ շրջանների վարչակազմերի ենթակայության տակ գտնվող ընկերությունները այս պահի դրությամբ այդ շինարարական տեխնիկաների պահանջարկը, դրանց անհրաժեշտությունն աշխատանքի այնքան շատ է, որ մենք տրամադրված չենք պետական գույքը վաճառելու, հետևաբար, եթե այդպիսի տեղեկություններ կան, խնդրում եմ փոխանցել` լրացուցիչ կուսումնասիրվի:

Մետաքսե Հակոբյան – Արձագանքեմ: Իսկ այն մասով, որ պետության կողմից կամ պետական հիմնադրամների կողմից գնվել է գույք` շարժական կամ անշարժ: Մասնավորապես, ինֆորմացիա ունենք, որ Քարվաճառից նոյեմբեր ամսին պետության կողմից ձեռք է բերվել շենք-շինություն: Արդյոք կան՞ այդպիսի դեպքեր, թե՝ ոչ:

Գրիգորի Մարտիրոսյան - Շենք-շինություն Քարվաճառից նոյեմբեր ամսին միգուցե նախկինում, նորից եմ խնդրում տեղեկությունները փոխանցել, մենք կուսումնասիրենք, բնականաբար այդ տարածքները լքելուց հետո գույք ձեռք չի բերվել: Եթե խոսքը չի վերաբերվում նախկինում տեղի ունեցած գործարքի ավարտմանը, միգուցե նման դեպքեր լինեն, դրա համար կխնդրեմ այդ տեղեկությունները տաք` ուսումնասիրելու նպատակով: Երկրորդ հարցի հետ կապված նշեմ, այդ դրամական օգնությունը հատկացվում է տեղական բյուջեի կողմից: Մեր քաղաքացիներին դրամական օգնության տրամադրումը չի կարող դիտարկվել, համենայդեպս, իմ կարծիքն այդպիսինն է, որևէ հարց չբարձրացնելու գումար, այլ հակառակը` խնդիրը ներկայացվում է քաղաքացու կողմից, որ կան իսկապես ծանր սոցիալական կամ այլ կենցաղային պայմաններում հայտնված քաղաքացիներ, ապա իրենց, բնականաբար տվյալ շտաբի անդամի կողմից որոշում է կայացվում և ֆինանսական օգնություն, աջակցություն տրամադրվում:

Մետաքսե Հակոբյան - Իսկ միգուցե աշխատանքը ինչ-որ կերպ համակարգված չէ, որովհետև էլի կան բազմաթիվ դեպքեր, որ այդ դրամական օգնությունը տրվում է առանց քաղաքացու դիմումի, այսինքն` բանավոր խոսքի վրա: Միգուցե պետք է ավելի ճիշտ վերահսկողություն կատարել, որպեսզի հետո քաղաքացիներից նմանատիպ բողոքներ ուղղակի չլինեն: Եվ ոչ բոլորին: Ենթադրենք Շուշիի շրջանից ինչ-որ մի մասին տալիս են, մի մասին չեն տալիս, կամ մարդը պատահմամբ հայտնվել է այնտեղ, տեսել, իմացել է, նրան էլ են տվել, և զուտ բանավոր խոսքի վրա են տվել:

Գրիգորի Մարտիրոսյան - Շատ լավ, մենք լրացուցիչ կքննարկենք շտաբի ղեկավարության հետ: Բնականաբար պետք է աշխատանքը լինի համակարգված, ձևակերպված դիմումների և այլ համապատասխան հաշվետվությունների հիման վրա: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Բալայան, խնդրեմ, թող պատրաստվի Սեյրան Հայրապետյանը:

Վահրամ Բալայան - Բնականաբար այս օրերին մարդկանց ավելի շատ հուզում են անվտանգության հետ կապված հարցերը: Անընդհատ այդ լուրերը պտտվում են, բայց ինչու միայն այսպես, համացանցում էլ դա կա, օրինակ` ասենք դեկտեմբերի 24-ի դեպքը կապված Կարմիր գյուղի բնակչուհի Սվետլանա Խաչատրյանի կամ նոր համացանցը նայեցի, դեկտեմբերի 30-ին Ալմաստ Եսայան` Նոր Շեն, Հացի այդ հատվածում է, այսինքն` մարդկանց անվտանգության հետ կապված հարցեր, որ հակառակորդի կողմից կրակում են խաղաղ բնակչության վրա, կամ ասենք առևանգում են, կամ ասենք մարդկանց անասունները քշում-տանում են: Այս ուղղությամբ ի՞նչ է կատարվում: Կոնկրետ որևէ քայլեր կատարվու՞մ են, թե չէ, այսինքն` նոյեմբերի 9-ի այս համաձայնագրի ստորագրումից հետո նաև Ստեփանակերտ-Շոշ այս հատվածում բավականաչափ դիրքերը առաջ է տրված և ժողովրդին մտահոգում է այս: Իշխանությունը որևէ քայլ ձեռնարկո՞ւմ է այս ուղղությամբ մարդկանց անվտանգությունը ապահովելու: Եվ երկրորդ հարցը կապված է Մարտունիի այդ էլեկտրաէներգիայի, գազի փոխհատուցմանը: Դուք գիտեք, որ այնտեղ էլեկտրաէներգիա համարյա թե չկա և մի մասն էլ գազից չի օգտվում: Այսինքն` հնարավոր չէ, մարդ, ասենք, փայտ է  օգտագործում, այդ փոխհատուցման ինչ որ ձևով մարդկանց կարողանանք օժանդակել, և առիթից օգտվելով, որ դեռ ժամանակ կա, Գիշու ջրի մատակարարման հետ կապված հարցը: Պատերազմից հետո ջուրը չկա: Հնարավո՞ր չէ, այդ հարցը լուծել: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն պետնախարար, ձեր ուշադրությանն եմ հրավիրում, իհարկե, գիտենք, որ ուժայինները հրաժարական են տվել, բացի տեղակալները, պաշտոնակատարները գոնե մասնակցեին այսօրվա նիստին: Սա գտնում եմ անհարգալից վերաբերմունք մեր Ազգային ժողովի նկատմամբ: Հիմա այն առաջին հարցը ես խնդրում եմ գրավոր ներկայացնեն: Լավ, պաշտպանության նախարարը այստեղ չի, բայց, ասենք ոստիկանապետի պաշտոնակատար կա, տեղակալներից մեկը ներկա լիներ: Խնդրում եմ հաջորդ անգամ միասին այս հարցերը քննարկենք, որովհետև ահագին հարցեր կան կուտակված ուժայինների մասով: Պարոն Խանումյան, խնդրեմ:

Հայկ Խանումյան -  Սկսենք ամենահեշտ պատասխանից, պարոն Բալայան, Գիշու արտեզյան ջրհորերի մաքրման համար 4 մլն դրամ հատկացված է, համենայնդեպս որոշման նախագիծը պատրաստ է, 3 օր առաջ Մարտունիում և Դիզակշինի ղեկավարին հանձնարարեցի, որ սկսեն աշխատանքները, Գիշու ջրի հարցը կլուծվի:

Վահրամ Բալայան - Պարոն Խանումյան, ես տեղյակ եմ այդ մաքրմանը, բայց խոսքը միայն մաքրման մասին  չէ, խոսքը վերաբերվում է մոտորով պոմպակայանին, որը փչացել է:

Հայկ Խանումյան - Եղավ, գեներատորի՞ն է հարցը վերաբերվում, թե ընդհանրապես...

Վահրամ Բալայան - Ասում են պոմպակայանն է փչացել:

Հայկ Խանումյան - Լավ կճշտենք, Վարանդաշինին կխնդրենք կներկայացնի, այդ հարցը կլուծենք: Կարծում եմ խնդիր չպետք է լինի: Իսկ ինչ վերաբերվում է այդ փոխհատուցմանը, կարգը փոխվել է փոխհատուցման` էլեկտրաէներգիայի և գազի, միգուցե այդ կարգի շրջանակներում նոր կարգի որոշակի լուծումներ կարող են գտնել հունվարի 1-ից հետո՝ բնակիչների համար: Ինչ վերաբերվում է անասունների անցնելուն թշնամու կողմը, իհարկե այդպիսի խնդիրներ կան, դրա համար պետք է տեխնիկական լուծումներ գտնենք էլեկտրալարերով, թե ինչով, որովհետև գրեթե բոլոր բնակավայրերում` սահմանամերձ, այդ խնդրին առնչվում ենք և անվտանգային թեմաներով չէի ուզի ծավալվեմ: Որոշակի լուծումներ կան, բայց ակնհայտ է, որ մի քանի ամիս դեռ այս վիճակը շարունակվելու է:

Արթուր Թովմասյան – Արձագանքու՞մ եք: Շնորհակալություն, պարոն Խանումյան, պարոն Հայրապետյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Բաղդասարյանը:

Սեյրան Հայրապետյան - Մինչև բուն հարցին անցնելը, ուզում եմ ասել, թե վաղը ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախը և ինչ տարածքների վրա, կարողանալու ենք արդյոք սթափվել այս ամենից, շատ բան կախված է մեզանից: Այսօր շատերը որոնումների մեջ են, ինչ անվանում տալ տեղի ունեցածին. պարտությու՞ն, դավաճանությու՞ն, կապիտուլացիա՞, թե անհավասար ուժերի դեմ մահու կռիվ տվող հայ ազգի մաքառում: Ու նաև հարցերի հարց է մնում ապագան, անվտանգություն, կարգավիճակ, սոցիալական ճգնաժամ, անհայտ կորածներ, գերիներ, վիրավորներ, տարահանվածներ և այլն: Բայց բոլորս պետք է մի բան լավ իմանանք: Նրանք հայրենիքի օրհասական պահին մարտում նահատակված մեր ընկերները հաղթել են, հաղթել են թշնամուն, հաղթել են դասալիքին, վախկոտին, հաղթել են բանակից ու պետությունից գողացած սրիկային, հաղթել են այս ամենին անտարբեր ունկնդրող քաղաքակիրթ աշխարհին և, եթե նրանք հաղթել են, ապա մենք իրավունք չունենք ապրել պարտվածի հոգեբանությամբ: Ու սերունդներին դաստիարակել նույն կերպ: Հիմա անցնում եմ բուն հարցին: Հարցս ուղղված է նախագահին, եթե իրավասու կա` պաշտոնատար անձ, խնդրում եմ պատասխանեն: Այսօր Հայաստանում և Արցախում քաղաքական շահարկումների համար ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում հայտնվում են Ազգային անվտանգության ծառայության հույժ գաղտնի և հատուկ կարևորության փաստաթղթերի ցուցապատճեններ, եթեր են արձակում անվտանգության խորհուրդների գաղտնի նիստերի, պետությունների ղեկավարների խոսակցությունների ձայնագրություններ, որոնց քաղաքական և ռազմական գործիչներ անում են հայտարարություններ, որոնք վտանգի տակ են դնում կոնկրետ օպերացիաներ և մարդկային կյանքեր: Դրանց մասին մանրամասն կխոսենք փակ նիստերի ժամանակ: Մի խոսքով պետական գաղտնիքը սարքվել է հանրային:

Արթուր Թովմասյան - Ժամանակը սպառվել է և ձեր հարցը գրավոր կներկայացնեք երկրի նախագահին, կարծում եմ` այստեղ իրավասու մարդ չկա այդ հարցերին պատասխանի:

Սեյրան Հայրապետյան - Ես խնդրում եմ նամակը փոխանցել նախագահին:

Արթուր Թովմասյան - Չկա այդ մարդը և, կարծում եմ, ամեն մեկը մի ոլորտի է: Պարոն պետնախարար, նախագահին ուղղված հարցը գրավոր կարող եք տաք իրեն:

Արթուր Թովմասյան - Պարոն Բաղդասարյան, խնդրեմ: Թող պատրաստվի Մարսել Պետրոսյանը:

Դավիթ Բաղդասարյան - Շնորհակալություն: Ավարտին է մոտերում 2020թ.: Մի շարք օբյեկտիվ պատճառներով մենք դեռ չենք ընդունել  2021թ. “Պետական բյուջեի մասին” օրենքը և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հարկատուների մեծ մասն իրենց գործունեությունը ծավալում էին այն տարածքներում, որոնք, ցավոք, այս պահին գտնվում են թշնամու վերահսկողության տակ, ուստի հարցս հետևյալն է. հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նախնական հաշվարկներով 2021թ. ի՞նչ մակարդակի սեփական եկամուտներ են նախատեսվում համեմատած 2020թ. կամ նախորդ տարիների համեմատությամբ արտահայտված տոկոսներով կամ բացարձակ թվերով: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցին պատասխանում է ֆինանսների նախարար պարոն Բաղդասարյանը:

Վահրամ  Բաղդասարյան - Հայտնի պատճառներով 2021թ. մշակած բյուջեի նախագիծը փոփոխության է ենթարկվում: Կարելի է ասել, որ նոր բյուջե է կազմավորվում և տեղեկացնեմ, որ այսօր արդեն իսկ ստորագրված է Կառավարության որոշումը բյուջեի նախագծին հավանություն տալու և այսօր կներկայացվի ԱԺ 2021թ. պետական բյուջեի նախագիծը: Ինչ վերաբերվում է հարկային մուտքերին, ասեմ, որ նախնական պետական բյուջեի նախագծով 2021թ. նախատեսվում է սեփական մուտքերը 17 մլրդ դրամի չափով: Այս պահին դա անցյալ տարվա համեմատ, կարող եք համեմատել, 55,5 մլրդ դրամ էր: Սեփական եկամուտները 2020թ. նախատեսված, որը հասկանալի պարճառներով  բնականաբար նաև չի կատարվել, այդ ամեն ինչը արտացոլված է պետական բյուջեի նախագծում, ուղերձում և բացատրագրում, երբ որ կստանաք ԱԺ համապատասխան ժամանակացույցով քննարկումները ավելի մանրամասն կներկայացնի:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Տոն օրերից հետո կստեղծվի ժամանակացույց և ըստ այդ ժամանակացույցի բոլոր հանձնաժողովներում կքննարկվի: Պարոն Պետրոսյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Բաղունցը:

Մարսել Պետրոսյան - Հարգելի գործընկերներ, ես երեք հարց ունեի, երեքն էլ անվտանգության թեմայով, բայց քանի որ այդ կառույցների ներկայացուցիչները ներկա չեն այսօրվա մեր նիստին, ես ստիպված էի հարցերս փոխել: Առաջին հարցն ուղղված է արտաքին գործերի նախարարին. միջազգային գործերով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: Ղարաբաղյան խնդիրն լուծվել է ռազմական ճանապարհով: Այս հայտարարություններն հայտնի են բոլորին և հեղինակները՝ նույնպես: Ի՞նչ տեսակետ են որդեգրել մեր իշխանությունները, արդյո՞ք Մինսկի խմբի համանախագահներն այլևս անելիք չունեն մեր տարածաշրջանում և դրա պատճառո՞վ է, որ Արցախի նախագահը չի հանդիպել ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին: Երկրորդ հարցս ուղղված է պետնախարարին: Իրավիճակ է փոխվել, հայտնվել ենք ոչ ստանդարտ վիճակում: Կառավարությունը, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այսօր էլ շարունակում է լուծել ընթացիկ խնդիրներ: Ինձ հետաքրքրում է, թե Կառավարությունն արդյոք ունի՞ մի ծրագիր այս իրավիճակից դուրս գալու համար, և արդյոք ունի՞ առաջարկներ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, որոնք, ըստ էության, աստիճանաբար դառնում են կենսականորեն անհրաժեշտ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է ԱՀ ԱԳՆ  պարոն Մայիլյանը:

Մասիս Մայիլյան - Հարգելի ներկաներ, պարոն Պետրոսյան, շնորհակալություն  հարցի համար: ԱՀ ինքնիշխան պետություն է, որը ունի իր Սահմանադրությունը և Սահմանադրությունով ներկայացված է, թե ինչպիսի պետություն է` ժողովրդավարական,  սոցիալական և այլն: Այո, եղել է պատերազմ, ունեցել ենք ծանր կորուստներ թե մարդկային, թե տարածքային, բայց ոչ մի բան մեր տեսակետներում, մեր տեսլականում չի փոխվել: ԱՀ` ի դեմս ԱԳՆ շարունակելու է և շարունակում է իր աշխատանքները արտաքին քաղաքական առաջնահերթություններով: Այդ առաջնահերթությունները նշված են և Հանրապետության նախագահի վերջին ուղերձում գրված է և շատ կարևորում ենք Արցախի միջազգային ճանաչումը, տարածքային ամբողջականության վերականգնումը և բոլոր այն հարցերը, առաջնահերթությունները, որ մենք ունենք,  դա մենք կյանքի են կոչելու: Տարբեր նպատակներով  ինչպիսի գնահատականեր է տրվում Արցախի կարգավիճակի շուրջ, դա մեզ չի շեղում մեր ճանապարհից, մենք հասնելու ենք մեր նպատակներին, ձգտելու ենք անկախությանը և գիտեք, որ այս պատերազմական շրջանում շատ ակտիվ աշխատանք է կատարվել մոբիլիզացնելու մեր բոլոր ռեսուրսները, հնարավորությունները արտերկրում և տասնյակ բանաձևեր է ընդունվել, որտեղ նշված է, որ Արցախը դա անկախ պետություն է և նաև շատ կարևորում եմ ես հատկապես Ֆրանսիայի սենատի և Ազգային ժողովի որոշումները, բանաձևերը: Ինչ վերաբերվում է Մինսկի խմբին, Մինսկի խումբը մնում է որպես միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, որտեղ պետք է քննարկվեն Արցախի կարգավորմանը վերաբերվող  խնդիրները և այդ ձևաչափը պետք է շարունակի իր աշխատանքները: Հասկանում ենք, որ Ադրբեջանը պատրաստ չէ հիմա քննարկելու կարգավիճակի հետ կապված հարցերը, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս պետություններին միակողմանի որոշումներ կայացնել Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, արձագանքու՞մ եք:

Մարսել Պետրոսյան - Չպատասխանեցիք, թե ինչու՞ Արցախի նախագահը չի հանդիպել ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին և դա հիանալի առիթ կլիներ ներկայացնել ոչ միայն իրավիճակը առաջին ձեռքից, այլ նաև..

         Մասիս Մայիլյան - Նախագահի մամուլը ծառայություն է, պարզաբանում է տվել, ասել է, ու նպատակահարմար է չեն գտել առանձնապես ռուսաստանցի համանախագահը ներկա չի եղել, այսինքն` լրիվ կազմով չի եղել այդ համանախագահների այցը, իհարկե, ես կնախընտրեի, որ համանախագահները այցելեին Արցախի Հանրապետություն, հատկապես պատերազմից հետո ավելի ճիշտ կլիներ այստեղ բոլոր քննարկումները տեղի  ունենար:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, խնդրեմ:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, հարցի համար: Պատերազմական գործողություններից հետո և բնակչության սոցիալական խնդիրների մեղման և տնտեսության ենթակառուցվածքների վերականգնման ներկայիս իրավիճակը այս ստեղծված պայմաններում, Կառավարությունը ուղղակի ստիպված է այդ ձեր նշված աշխատանքի օպերատիվ  լուծումների իրականացմամբ, բնականաբար, զբաղվել է և չէր կարող չզբաղվել, բնականաբար մենք նաև աշխատում ենք  միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրերի վրա: Դրանք կլինեն ոլորտային ծրագրեր, ինչպես արդեն նշվեց քննարկվում է գյուղատնտեսության նոր մոտեցումների ծրագիրը, նաև ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքներ, այդ թվում` նաև էներգետիկայի, ճանապարհային ցանցի, կապի և այլ ոլորտների: Նույնպես այս պահին ընթացքում է բնակարանային ծրագիրը, այսինքն` ընդհանուր առմամբ ոլորտային ծրագրերին ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, արձագանքու՞մ եք: Եվ վերջին հարցը, պարոն Բաղունց, խնդրեմ:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, նախ միանում եմ նորանշանակ նախարարների հասցեին հնչեցված շնորհավորանքներին և բարեմաղթանքներին, չնայած ուժային կառույցների ղեկավարների բացակայության, այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում, որ ԱԺ ամբիոնից հնչեն անվտանգության հետ կապված այն մտահոգությունները և հարցերը, չնայած երևի անպատասխան կմնան: Մասնավորապես` խոսքս վերաբերվում է պատերազմի արդյունքում իրավիճակի կտրուկ փոփոխման պայմաններում ձևավորվում են, արդյոք, ռազմական դոկտրինայի նոր իրատեսական սկզբունքներ, խոսքս մասնավորապես վերաբերվում է պաշտպանության բանակի կարգավիճակին, խոսքս վերաբերվում է խաղաղապահ ուժերի անվտանգության ապահովման պատասխանատվության բաժնի ընդհանուր անվտանգության համակարգի մեջ և նման բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են հրատապ պատասխաններ: Երկրորդ հարցս. ի՞նչ ֆորմատով են կատարվում ԱՀ սահմանների դեմարկացիոն աշխատանքները և ԱՀ կողմից ովքե՞ր են լիազորված մասնակցել երկրի սահմանների դեմարկացիոն գործունեությանը: Ասեմ, որ ՀՀ այս պարագայում փորձը բավականին բացասական արձագանքներ է ստանում արդյունքի վերաբերյալ առաջին հերթին, և չէինք ուզենա, որ նման հիմնախնդիրների հետ հանդիպենք ԱՀ սահմանների պարագայում: Եվ վերջին հարցս վերաբերվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճակատագրին: Կարծում եմ, որ ռազմական գործողությունների ընթացքը համոզեց բոլորին, որ պատերազմի արդյունքը կանխորոշում են առաջադեմ տեխնոլոգիաները, այդ իսկ պատճառով որակյալ տեխնիկական կրթության ապահովումը պետք է հանդիսանա Կառավարության առաջնային խնդիրներից մեկը և անհրաժեշտ եմ համարում հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել համալսարանի շենքային պայմանների խնդիրը, որպես տարբերակ առաջարկվում է քաղաք Ստեփանակերտի համար 12 դպրոցի մասնաշենքը, նաև տեխնիկական և լաբորատոր սարքավորումներով ապահովումը: Կուզենայի, որ այս ամբիոնից լայն կրթական և գիտական շրջանակները տեղեկացվեն նախատեսվող  քայլերի և ժամկետների մասին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, 3-րդ հարցից սկսենք: Տիկին նախարար, խնդրեմ: Մյուս երկու հարցերը գրավոր կներկայացվեն համապատասխան նախարարություններին:

Լուսինե Ղարախանյան  - Շնորհակալություն, հարցի համար: Հիմա նախարարությունում, նաև ԱԺ-ում, երկու անգամ քննարկեցինք տեխնոլոգիական համալսարանը պահելու և հետագա գործունեությունը շարունակելու մասին հարցը, մենք շենքային պայմաններ, ցավոք սրտի, այս պահին 12 դպրոցից բացի տարբերակներ չունենք: Մենք գնում ենք մասնագիտությունների օպտիմալացման և այս տարի 2021-2022թթ. ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների ցանկում բակալավրի 5 մասնագիտությամբ է ընդունելություն կազմակերպվելու, միջին մասնագիտականը` երևի չորսը: Մենք տեխնոլոգիական համալսարանը մասնագիտությունները բոլոր համապատասխանեցնելու ենք մեր երկրի ռեսուրսներին և մենք առաջիկայում նախատեսում ենք նաև անձնակազմի կրճատումներ, ցավոք սրտի, և այն պետք է համապատասխանեցվի ստեղծված իրավիճակին, իսկ այն բազաները, լաբարատոր-նյութատեխնիկական, որոնք մենք կորցրեցինք, զեկույց է պատրաստվում ընդհանրապես` գիտական ի՞նչ, նյութատեխնիկական ի՞նչ բազա  ենք կորցրել և դա զեկույցի ձևով ներկայացվելու է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը: Դա հենց նրանց  առաջարկով ենք մենք արել, որը արդեն ներկայացրել է ի՞նչ վնասներ է կրել և ընդանրապես արդեն մենք գույքագրել ենք բոլոր կրթական, գիտական գույքային վնասները : Գույքային հարցերը լուծվելու են և ես տարբերակ ունեի այսպիսի. սա անհատական տարբերակ է, որպեսզի մի քանի մասնագիտություններ  բուհը մտնի Արցախի պետական համալսարան, որովհետև աշխարհը գնում է դեպի բուհերի խոշորացում և միջդիստիպլինար կրթություն, բայց այդ առաջարկը ավելի շատ դժգոհության է հանդիպել և մենք երևի բուհը կպահենք, ընթացքը արդեն ցույց կտա, բայց քիչ մասնագիտություններով:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, արձագանքու՞մ եք, պարոն Բաղունց:

Գագիկ Բաղունց - Ոչ, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն պարոն պետնախարար, շնորհակալություն Կառավարության անդամներ: Մենք շարունակում ենք աշխատանքները, 5 րոպե ընդմիջում:

Ընդմիջում:

Արթուր Թովմասյան - Պատգամավորները հունվարի 4-ից աշխատանքի գան, աշխատակազմը՝ հունվարի 8-ից, որովհետև բյուջեն մտնելու է ժամանակացույցը կազմենք, հաստատենք, որպեսզի հասցնենք  նաև աշխատել: Շարունակում ենք մեր աշխատանքները:

Անցնում ենք այսօրվա նիստի վերջին հարցին` պատգամավորների հայտարարություններ: Հայտարարության համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Ստեփանյան, տիկին Հակոբյան, Մարսել Պետրոսյան, Սեյրան Հայրապետյան, Գագիկ Բաղունց: Պարոն Ստեփանյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Գեղամ Ստեփանյան - Հարգելի հայրենակիցներ, “Արցախի ժողովրդավարական կուսակցություն” խմբակցությունը խորհրդարանին է ներկայացնում ԱԺ հայտարարության նախագիծ, որը վերաբերվում է 2020թ. աշնանը ԱՀ հանդեպ հերթական լայնամասշտաբ պատերազմի հետևանքներին և, որով մենք առաջարկում ենք իրավական ու քաղաքական կարգավիճակ տալ սույն թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության արդյունքում ԱՀ կորցրած տարածքներին: Այժմ ներկայացնեմ հայտարարության նախագիծը:

ԱՀ ԱԺ հայտարարություն

ԱՀ ԱԺ վերահաստատում է, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: ԱՀ 1992-1994թթ. հետ է մղել Ադրբեջանի հանրապետության սանձազերծած ագրեսիան` ուղեկցված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով: ԱՀ որպես հակամարտության կողմ` տարբեր ձևաչափերով մասնակցել է 1992-2020թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին տարածաշրջանային կայունության ապահովման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Ադրբեջանի հանրապետությունը խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել  ԱՀ դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ, ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ պաշտպանության բանակի շարքերից: Միտումնավոր ոչնչացվել են ԱՀ քաղաքացիական  ենթակառուցվածքներն ու մշակութային ժառանգությունը: Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները, ԱՀ ԱԺ հայտարարում է.

   1)   2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ԱՀ տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի հանրապետության կողմից:

2)   ԱՀ նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ  ապագա բանակցությունների ընթացքում ԱՀ կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում:  

Սա հայտարարության նախագիծն է և պետք է խնդրեմ մեր գործընկեր ուժերին առաջիկա օրերին ներկայացնել իրենց առաջարկությունները, որպեսզի հաջորդ նիստից առաջ ընդունված կարգով այս փաստաթուղթը դնենք շրջանառության մեջ:

Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, ի գիտություն բոլոր խմբակցությունների, խնդրում եմ քննարկել այդ ԱԺ հայտարարության տեքստը: Ասեմ իմ  տպավորությունը նորմալ է, հիմա պիտի ընթերցենք, որ հասկանանք: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի Մարսել Պետրոսյանը:

Մետաքսե Հակոբյան -  Հարգելի գործընկերներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որի ողջ  պատասխանատվությունը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք այդպես էլ չձերբազատվեցին անսխալականության իրենց ազգակործան բարդույթից՝  հայկական երկու  պետություններին պատճառելով մարդկային և տարածքային լրջագույն կորուստներ: Պատերազմի 44 օրերի ընթացքում, ստահոդ հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին, նրա թիկունքում գաղտնի ստորագրվեց կապիտուլյացիայի  խայտառակ  մի փաստաթուղթ: Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները գերադասեցին “Հաղթելու ենք” կարգախոսի կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչև Շուշի:

Ցավոք, կապիտուլյացիայի  խայտառակ փաստաթուղթը հրապարակելուց  հետո մինչ օրս պարզ դարձավ, որ ԱՀ նախագահը երկրում հավակնոտ գործողություններ կատարելու փոխարեն, ձեռնամուխ եղավ իշխանությունը պահպանելու և իր տխրահռչակ “արտոնյալ վերնախավի” խնդիրների լուծմանը, որի  ձեռքում հարստության և իշխանության կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի:

Ուզում ենք հիշեցնել, որ 1992 թվականին, երբ Արցախի տարածքի շուրջ 60 տոկոսը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել  այդ կռվում:  Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել կորցրածը, այլ ազատագրել մեր հայրենիքի բռնազավթվածի մի մասը:

Ստեղծված իրողությունը հասարակությանը դրել է շատ ծանր բարոյահոգեբանական  վիճակում: Միևնույն ժամանակ, հանրության շրջանում իրավամբ ավելին են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները  միանշանակ պետք է հեռանան: Այլևս այս իշխանությունը պարտված է, բարոյական լիգիտիմությունից զրկված:

Օրվա իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ ունակ չեղան պահպանելու մեր ունեցած ձեռքբերումները և այլևս պետք է հեռանան, պետք է հեռանան առանց ցնցումների, առանց նախապայմանների:

Նախագահի վերջին ուղերձից պարզվում է, որ նա չի ունեցել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորելու ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ և լծակներ, ԱՀ նախագահը լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, իրականում չի կառավարել այն:

Պատահական չէ, որ Հայաստանի և սփյուռքի գիտակրթական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, խոշոր գործարարներ, հանրային տարբեր շերտեր, հակադիր քաղաքական բևեռներ, գիտակցող գրեթե բոլոր անհատներ ու փորձագիտական կենտրոններ, Հայաստանի համայնքներ և շատ այլոք այսօր միահամուռ կերպով  պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր քաղաքական  լուծման անհրաժեշտություն են տեսնում: Նույն  հրամայականը կա նաև Արցախում և այլևս պետք չէ հապաղել: Այո, հասկանալի է, որ յուրաքանչյուր ներքաղաքական ցնցում կարող է ստեղծել որոշակի խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պարտության առաջնորդած և իրենց ապաշնորհությամբ աչքի ընկած իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել, քանզի երկրում համատարած դժգոհությունների  խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու նրանց պաշտոնավարումը, հանգեցնելով անկանխատեսելի հետևանքների: Այսօր անհրաժեշտ է օրակարգ բերել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը` այս ճգնաժամային փուլը հաղթահարելու, ավելորդ սրացումներից խուսափելու և արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու համար: Այո, մենք գտնում ենք, որ հնարավոր է նոր որակի պետություն ստեղծելով` դուրս գալ այս մղձավանջից՝ բացառիկ հայրենասիրությամբ, հմուտ կառավարմամբ և ռեսուրսների լիարժեք օգտագործմամբ:

Չնայած, ԱՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին  անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից  պաշտոնն ստանձնելուց ոչ շուտ, քան  մեկ տարի հետո, սակայն առկա իրողությունները բավարար բարոյական հիմք են ընձեռում նախագահին ինքնակամ հրաժարական տալու համար:

Ուստի հորդորում ենք, պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն, չհայտնվի բարոյական լիգիտիմությունից զրկվածի կարգավիճակում և տա հրաժարական, քանզի իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել իրացնել Սահմանադրությամբ իրեն ամրագրված պարտականությունները, որի արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց հայրենիքի ահռելի մասը, ունեցավ հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հայտնվեց բազմաթիվ զրկանքների և հումանիտար աղետի մեջ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարգելի պատգամավորներ, ես վերջին անգամն եմ ասում այդ մեղադրանքներին ես պատասխան կտամ, քանի որ մեղադրանքը մեզ է վերաբերվում, ես խնդրում եմ ուղղակի 3 րոպեից հետո անջատեք: Սա իմ խորին հարգանքն է տիկին Հակոբյան ձեր հանդեպ, որ կանոնակարգը հերթական անգամ չի պահպանվում ԱԺ նիստի ժամանակ:

Մետաքսե Հակոբյան - Նույնը  կարող եմ ասել ես, որ այն չպահպանվեց ուղիղ եթերի ժամանակ:

Արթուր Թովմասյան - Ես կարծում եմ, որ Դուք կարողանալու եք ինտերնետ ապահովել լսարանում: Եթե կա ձայնագրվածը, դրեք էլի:

 /Աղմկում են դահլիճում/

Պատգամավորներին խնդրում եմ, ես իգական սեռի ներկայացուցիչներին հարգում եմ, բայց ես շատ եմ խնդրում, հաջորդ անգամ հայտարարությունը 3 րոպե կլինի, կամ կանոնակարգը փոխեք 4 ժամ դրեք հայտարարությունների համար: Կանոնակարգով առաջնորդվեք: Էդ որ ասում եք Սահմանադրությունը չպահպանվեց, կանոնակարգը ԱԺ պատգամավորը երդվել է և այդ կանոնակարգը չեք ապահովում, չեք պահպանում: Ես ուրիշ բան չեմ ասում: Ես հնարավորություն տվեցի, սա առաջին նիստը չէր, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ նիստը չէ, ես խնդրում եմ պահպանեք ԱԺ Կանոնակարգ օրենքը: Պարոն Պետրոսյան, խնդրեմ:

Մարսել Պետրոսյան - Հարգելի գործընկերներ, մենք քննարկում ենք հարցեր, որոնք ըստ մեզ առաջնահերթ են: Սակայն այսօր միակ մեկ առաջնահերթություն կա, այն է` անվտանգություն, կարգավիճակ, տարածք, փախստականներ, տեղահանվածներ: Ի՞նչ եմ անում ես, դո՞ւ և մյուսները, որպես օրենսդիր, գործադիր կամ դատական մարմին կամ ի՞նչ իրավունքով: ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածը սահմանում է, որ մեջբերում եմ. “մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԱՀ իրավազորության ներքո", մեջբերման ավարտ: Արդյոք միայն այս հոդվածը չի գալիս ապացուցելու, որ Սահմանադրությունը խախտված է, իշխանությունը տապալված է, մենք բոլորս անհասկանալի կարգավիճակում ենք, տարակուսելի գործառույթներով: Ազգային համաձայնության համառությունը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ պարտության և պատասխանատվության կիսելը, երկու ձեռքը վեր պարզելը և քաղաքական այլ տեխնոլոգիաներ ընդամենը մոլորեցնում են նպաստի հոգեբանության սնուցվող հանրային զանգվածներին, իսկ իրենց՝ “Արցախի փրկիչ, անվտանգության միակ երաշխավոր” և այլ որակումներ վերագրողները ընդամենը խամաճիկ են ժամանակի և պատմության առջև: Արցախում օր առաջ սահմանադրական բարեփոխումներ և օրենսդրական վերափոխումներ պիտի նախաձեռնել, արժանապատիվ և ոչ խտրական հիմքեր ապահովելով նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար, հակառակ դեպքում քաղաքական առևտուրը, որով զբաղված են եղել որոշ քաղաքական ուժեր և իշխանությունը, և պարապուրդը, որին մատնվել է երկրի օրենսդիրը, հանգեցնելու է Արցախի վերջնական կորստյանը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Խնդրեմ, թող պատրաստվի պարոն Բաղունցը:

Սեյրան Հայրապետյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ: Գործընթացները, որ տեղի են ունենում այսօր Արցախում, ոչ այլ ինչ են, քան պաշտոն բաժանելու և պաշտոն ստանալու մրցավազք: Ամիսներ առաջ, երբ “Միասնական  հայրենիք” կուսակցությունը փոխգործակցության հուշագիր ստորագրեց  իշխանական “Ազատ  հայրենիք – ՔՄԴ” կուսակցությունների դաշինքի հետ, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը վայնասուն բարձրացրեցին՝ մեզ վերագրելով հավանական և անհավանական մեղքեր, իսկ պատերազմից  հետո մեղադրել հայրենիք, օջախ, համազգեստ դավաճանելու մեջ: Այո՛, “Միասնական հայրենիք”-ը և նրա առաջնորդը պատասխանատվություն են ստանձնել երկիրը փակուղուց դուրս բերելու հարցում, որն ամրագրված էր հուշագրում, սակայն ս.թ. նոյեմբերի 9-ին “Ազատ հայրենիք-ՔՄԴ” կուսակցությունների դաշինքի ղեկավար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անտեսելով վերոնշյալ համագործակցության հուշագրի սկզբունքները, այն է՝ համաձայնեցված որոշումների քննարկում ու ընդունում, ինչպես նաև խախտելով դրա ուղղություններից առնվազն երկրորդը, այն է՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորում, որը պետք է բխի արցախցու անվտանգության շահերից, կայացրել է միանձնյա որոշում, տալով իր՝ որպես ԱՀ նախագահի համաձայնությունը Արցախը հանձնելու  ՀՀ իշխանությունների գործողություններին, որոնցով այլևս կասկածի տակ է դրվել հայ ժողովրդի գոյությունը: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ “Միասնական հայրենիք” կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու  “Միասնական  հայրենիք” կուսակցության և “Ազատ հայրենիք–ՔՄԴ” կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը: Հուշագրի չեղարկումից ընդամենը օրեր անց “Միասնական հայրենիք”-ը, որպես խորհրդարանական ուժ, խորհրդարանական խմբակցություններին ներկայացրեց ստեղծված վիճակը հաղթահարելու իր տեսլականը, որտեղ սևով սպիտակի վրա գրված էին ոչ թե աբստրակտ տեսական դրույթներ, այլ ճանապարհային քարտեզ ըստ քայլերի հաջորդականության՝  յուրաքանչյուր քայլի մեկնաբանություն-պարզաբանմամբ: Իսկ ի՞նչ եք արել դուք: Ժամանակ չե՞ք ունեցել ծանոթանալու: Զբաղված էիք հավանաբար: Խմբակցություններում և դիմացի շենքում խորհրդակցություններ էիք հրավիրում այն մասին, թե ինչի կամ քանի պաշտոնի դիմաց եք պատրաստ անձնական շահը գերադասելու պետությունից ու պետականությունից: Ինչու՞ անարձագանք թողեցիք հայեցակարգը: Փնովեիք, քննադատեիք, ապացուցեիք, որ առաջարկվածը սխալ է: Գիտե՞ք  ինչու անարձագանք թողեցիք, որովհետև առ այսօր “ հանուն հայրենիքի” անվան տակ աճուրդի եք մասնակցում: Եթե կարող եք, ապացուցեք հակառակը, բայց ոչ ելույթներով, այլ գործողություններով: Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերդ ջղաձգվել էիք բացառապես այն պատճառով, որ երկու խոշոր խմբակցությունների համագործակցության արդյունքում ձեզ ոչինչ չէր առաջարկվելու: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն Բաղունց, խնդրեմ:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ հայտարարել, որ ձևավորվում է Կոորդինացիոն Խորհուրդ, որը կազմակերպչական աշխատանքներ կծավալի հունվարին “Դիզակը-Արցախ է ու պետք է լինի հայկական” կարգախոսով միտինգի կազմակերպման նպատակով: Հարգելի գործընկերներ, չինական իմաստությունն ասում է՝ սարսափելի չէ, որ դու ընկար, կարևոր չէ, քանի անգամ դու ընկար, կարևոր է նույնքան անգամ բարձրանալ:

Այսօր հայ ազգը վերապրում է իր բազմաչարչար պատմության ամենածանր ողբերգություններից մեկը: Մենք կրեցինք ռազմաքաղաքական պարտություն, որից չհաջողվեց խուսափել նույնիսկ մոտ 5000 մեր քաջորդիների անդառնալի կորուստների գնով:

Հավերժ փառք նրանց...

Այն հանգամանքի ըմբռնումը, որ մենք պարտվել ենք ճակատամարտում, այլ ոչ թե պատերազմում, պետք է դառնա ադրբեջանա-թուրքական ալյանսի ագրեսիայի արդյունքների ընկալման անկյունաքար:

Մենք երբեք չենք հաշտվի Արցախի վաղնջական հայկական տարածքների կորստի հետ: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի հստակ գիտակցում, որ անհնար է վերադարձնել կորուսյալը միայն “թամաշայով”: Անհնար է, եթե մենք հետպատերազմյան 26, և մասնավորապես` վերջին 2,5 տարիների տապալված ներքին և արտաքին քաղաքականությունից դասեր քաղելու փոխարեն ծվեն-ծվեն անենք մեր պետականության մնացորդները: Անհնար է, եթե շարունակենք կեղծ հայրենասիրական լոզունգներով փոխարինել հետևողական պետականաշինության գործընթացը: Անհնար է, եթե հայրենիքի փրկության լոզունգների տակ շարունակվեն սակարկվել նախարարական պորտֆելները: Անհնար է, եթե բացթողումների  լուրջ, որակյալ վերլուծությունը փոխարինվում է ողջամտությանը խլացնող դիլետանտների հիստերիկայով: Այնուամենայնիվ, հնարավոր է վերադարձնել տարածքային կորուստները, հնարավոր է, եթե քաղաքական ուժերի միավորումը կատարվի ոչ թե վերածական համաձայնության կառավարության ներքո, այլ համաձայնեցված, հաշվարկված և իրատեսական ծրագրերի շուրջ:  Հնարավոր է, եթե երկրի և ազգի անվտանգության հարցերով զբաղվեն մարդիկ, որոնք արտաքին քաղաքականության մեջ գլուխ են հանում գոնե այնքանով, որ թշնամական շրջապատում Արցախի և ՀՀ գոյատևման շանսը ընկալում են Ռուսաստանի էգիդայի տակ որպես ինքնաբավ, լիարժեք ռազմական միավոր, դրա հետ  զուգահեռ ինտեգրվող ռուսաստանյան գիտատեխնոլոգիական համակարգին:

Հնարավոր է, եթե ժողովրդագրական քաղաքականությունը ենթադրի սոցիալական արդարության սկզբունքները, դրանով իսկ խթանելով ծնելիությանը և խոչնդոտելով անշրջելի արտագաղթին ու հանրության բևեռացման:

“Միասնական Հայրենիք” կուսակցությունը իր պատրաստակամությունն է հայտնում նման սկզբունքների հիման վրա մշակել և իրականացնել երկիրը ճգնաժամից հանելու համակցված ծրագիր: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Ես խնդրում եմ սթափ գնահատենք իրավիճակը: Ի՞նչ ենք արել այս 7 ամիսներին, այս մեկը հրաժարական տա, այն մեկը հրաժարական տա, այս ֆորսմաժորային իրավիճակի համար որևէ օրենքի նախագիծ ներկայացրե՞լ եք, որ դնենք շրջանառության մեջ: Նոյեմբեր ամսին, 10-ից հետո օրենսդրական փոփոխությունները փաթեթով առաջարկելու ենք:

  1. “Պատերազմական գործողությունների ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին” օրենքի նախագիծը:

Ինչ ենք հասկանում պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած, բացառությամբ էներգետիկայի,  հանքաարդյունաբերության բնագավառում գործունեություն իրականացնողների  և իր բնույթով պայմանավորված, իրականացված մշտական վարկ չունեցող գործունեության տեսակների առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ազատել հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունից:

Այսօր ոչ թե իշխանություն ասելով ԱԺ էլ եմ ես գտնում, որ մենք էլ ենք պատրաստ: Չվճարված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների կատարումից: Գերավճարները վերադարձնել առանց ստուգումների և այլն:

2-  “Եկամտային հարկի մասին” օրենքի նախագիծ:

Սա դնելու ենք շրջանառության մեջ: Իմ ներածական խոսքում ասել եմ, որ 3 քառորդը հանձնված է թշնամուն: Հաշվի առնելով պատերազմական գործողությունների հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակը, նախատեսվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափի 20 տոկոսը: Սահմանելով 2021թ. 15 տոկոս, կարող է մի քիչ փոփոխվի, սա մենք ենք առաջարկելու. 2022թ.` 14 տոկոս, 2023թ.` 13 տոկոս, իսկ 2024թ. հունվարի 1-ից՝ 18 տոկոս: Նշված փոփոխությունը դրական կանդրադառնա վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձանց եկամուտների վրա: Նպաստելով նաև գործատուների կողմից եկամուտների իրական մեծությունների հայտարարագրմանը:

3/ “Շահութարկի մասին” օրենքի նախագիծը:

Սա որ ասում եմ, ամբողջ մեր ազգաբնակչությանն է վերաբերվում: Սահմանել շահութահարկի ժամկետային արտոնություններ 2020թ., 2021թ., 2022թ., ազատելով շահութահարկից բացառությամբ հանքաարդյունաբերություններից, էներգետիկան: Ամբողջ ժողովուրդը շահութահարկից ազատվելու է: Սա տարածվելու է բոլորի վրա:

4 / “Հաստատագրված վճարների “ մասին օրենքի նախագիծը:

3 տարի ժամկետով հարկ վճարողներին ազատել հաստատագրված վճարների կատարումից: Բացառությամբ գազալիցքավորման և, ըստ նախնական պատվերների համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեության:

5 / “Արտոնագրային վճարների մասին” օրենքի նախագիծ:

3 տարի ժամկետով հարկ վճարողներին ազատել արտոնագրային վճարների կատարումից:

6 / “Առևտրի հարկի մասին/”օրենքի նախագիծ:

Վերանայել առևտրի հարկի դրույքաչափը: Առևտրի հարկի դրույքաչափը իրացման շրջանառության նկատմամբ 2021թ. համար սահմանել 2 տոկոս, գործող 3 տոկոսի փոխարեն: Դրանից նվազեցնելով վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով, փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մեկ տոկոսը: Եթե փաստաթուղթ ունի:

7/ “Ուժը կորցրած ճանաչել ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ոռոգման և պահպանման համար կատարվող հատկացումների մասանումների մասին” օրենքը:

Այն 0,5 տոկոսը հանում ենք:

8 / “Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին” օրենքի նախագիծ:

Թիվը կլինի մինչև մեկ միլիոն, 8մլն, 10 մլն, այսինքն` դա կֆիքսենք: Ապառք ունեցող հարկ վճարողներին ազատել 2020թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած ապառքներից, տույժերից և տուգանքներից: Սրանք տարածվում են: Պատգամավորների օրենքի մասերով, լավ մտածեցեք: Մի օրենքի նախագիծ չեք բերել:

9/ 10մլն դրամը գերազանցող ապառք ունեցող հարկ վճարողներին այս 10 մլն սիմվոլիկ է, եթե հնարավորություն լինի 15, 8: Ազատել 2020թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած տույժերից և տուգանքներից, ինչպես նաև մինչև 10մլն դրամը չգերազանցող ապառքների վճարումից, օրենքով սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում: Առաջարկում է ժամանակացույցը, կախված պարտավորության մեծությունից, կնքել 11-ամսյա կամ 12-ամսյա, կամ միասին կորոշենք 24-ամսյա տևողությամբ: Մինչև 5 մլն դրամը, թիվը կարող է փոխվել,  առանց արտոնության գումարի, 12 ամսյա տևողությամբ 5մլն դրամից ավելի առանց արտոնության գումարի 24-ամսյա տևողությամբ:

Հարկային և այլ պարտադիր վճարների գծով բացառապես տույժեր և տուգանքներ ունեցող հարկ վճարողներին ազատել 2020թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած տույժերից և տուգանքներից:

Մենք նոյեմբերին նիստ չենք արել, որովհետև բոլոր օրենքները հետ ենք տվել, իսկ ինչո՞ւ ենք բոլոր օրենքների նախագծերը հետ տվել, որովհետև նոր իրողություններ է, նոր իրողությունների համապատասխան մեր ժողովուրդը այս ծանր բարոյահոգեբանական վիճակից հանելու համար: Մեզ պետք է և հարկային շատ լավ արտոնություններ տրամադրել: Գոնե 3 տարի ժամանակով: Եվ պետք է սոցիալական ծրագրերի թիվը ավելացնենք:

Այսքանով ավարտում ենք մեր աշխատանքները:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանը հայտարարվում է փակված:

ՀՆՉՈՒՄ Է ԱՀ ՕՐՀՆԵՐԳԸ

Շնորհակալություն, բոլոր մասնակիցներին: Ցտեսություն: