ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական- իրավական մշտական հանձնաժողովի նիստը
03 փետրվարի 2021

Փետրվարի 3-ին տեղի է ունեցել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:Այն վարել է հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Օրակարգում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն էր: Առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում է քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը:

Նիստին հրավիրված ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի տեղեկացմամբ ԱՀ վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա ԱՀ գերագույն դատարանը քննության է առել «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի և 34-րդ հոդվածի 3-րդ մասի ԱՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:ԱՀ գերագույն դատարանի որոշմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը,այնքանով որքանով նախատեսում է ժամկետային սահմանաչափով պարփակված պաշտոնավարման հայեցողական և անժամկետ (մինչև պաշտոնը զբաղեցնող անձի 65 տարին լրանալը) երկարաձգում,ճանաչվել է ԱՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին հակասող:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վիճարկվող իրավադրույթը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

 

ԼՈՒՐԵՐ