ԼՈՒՐԵՐ
Շարունակվում են ԱՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՀՀ-ում
31 հունվարի 2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը կրկին ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում էր: Հանդիպումը Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի անձնակազմի հետ էր:

Ներկաները ողջունել են նման նախաձեռնությունը և ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աջակցությունը՝ կենտրոնի աշխատանքները նորից վերսկսելու և երեխաների ստեղծագործական կյանքի նոր վերածնունդն ապահովելու գործում:

Կենտրոնում ընդգրկված են ոչ միայն Հադրութի, այլև Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների երեխաները:

«Մեծ և անգնահատելի է կենտրոնի դերը հետպատերազմյան փուլում նոր սերունդներին գեղագիտական դաստիարակություն տալու, ազգայինը սերմանելու, հոգևոր, մշակութային և պատմական արժեքները քարոզելու և պահպանելու գործում»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հույս հայտնել, որ առաջիկայում երեխաները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնելու կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառքին:

Օգտվելով առիթից` Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի անձնակազմը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանին՝ նման հնարավորություն ընձեռնելու և շտաբի ներսում կենտրոնին նույնպես տեղ հատկացնելու համար:

 

ԼՈՒՐԵՐ