ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ
21 հունվարի 2021

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ հրավիրել է նիստ:

Քննարկվել են արտահերթ  նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:

ԱՀ  նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը ներկայացրեց ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Նախարարը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

Օրենքի նախագծին տրվելէ դրական եզրակացութուն՝ 1 դեմ և 4 կողմ քվեարկության արդյունքով:

Օրակարգի 2-րդ հարցը «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ  դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Օրինագիծը  ներկայացրել և դրա վերաբերյալ պարզաբանումներ է տվել ԱՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ 5 կողմ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն:

 

ԼՈՒՐԵՐ