ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի
հոկտեմբերի 13-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-11 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի «դ» կետում «զինված ուժերի» բառերից հետո լրացնել «, աշխարհազորի համակարգի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործում է աշխարհազորը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԶՈՐԱՀԱՎԱՔ» բառից հետո լրացնել «, ԱՇԽԱՐՀԱԶՈՐ» բառը:
Հոդվածը 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.
«Հոդված 14.1. |
Աշխարհազորը |
1. Աշխարհազորը Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
2. Աշխարհազորի նպատակներն են՝
1) Արցախի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.
2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերից և այլ գործողություններից Արցախի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
3) Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:
3. Աշխարհազորի կիրառումը ներառում է՝
1) մասնակցությունը Արցախի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.
2) պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ.
3) մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.
4) մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը, ինժեներական կառույցների կահավորմանը.
5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության գործընթացին:
4. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով և, ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է միավորումներից և դրանց ենթակա ստորաբաժանումներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
5. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
6. Աշխարհազորային միավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է (Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալը) կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից նշանակված զինվորական փորձառություն ունեցող անձը:
7. Աշխարհազորային ստորաբաժանման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան համայնքի ղեկավարի տեղակալն է կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից նշանակված զինվորական փորձառություն ունեցող անձը:
8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված՝ խաղաղ ժամանակ աշխարհազորային միավորումների և դրանց ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ և իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
9. Աշխարհազորային պայմանական ստորաբաժանումների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև՝ աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները՝ պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ համապատասխան համայնքում հաշվառված քաղաքացիներից:
10. Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ՝
1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.
2) ով հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,
3) ով պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
11. Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները և կնքված պայմանագրերը ներկայացվում են աշխարհազորային շտաբ: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է համազգեստ և աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին հատկացվող համազգեստի նկարագիրը և տարբերանշանները հաստատվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:
12. Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության և կիրառման գործընթացի վրա տարածվում են Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության և կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով՝ զինծառայողների համար սահմանված կարգով:»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրացուցային օրվա ընթացքում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
2020թ. հոկտեմբերի 13 Ստեփանակերտ ՀՕ-35-Ն |
|