ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է ԱՀ ԱԳ նորանշանակ նախարարին
14 հունվարի 2021

Այսօր Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ: 

Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին նոր պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել:

«Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու  ծավալն է փոխվել»,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի աջակցությունը հայտնել արտաքին քաղաքական գերատեսչությանը:

Այդ համատեքստում երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը երկու կարևոր հարց  է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը: Արթուր Թովմասյանը կարևորել է Հայաստանի արտգործնախարարության հետ կապերի խորացումը ու անհետ կորածների որոնման հարցում ջանքերի ակտիվացումը:

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին  կարևորել է նման հանդիպումները՝ ընդգծելով խորհրդարանական բոլոր ուժերի տեսանկյուններին ծանոթանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ նախարարությունը  լավ թիմ ունի և պատրաստ են դիմագրավելու առկա մարտահրավերներին: Երկուստեք կարևորվեց խորհրդարանական դիվանագիտությունը, որը թույլ է տալիս շրջանցել բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ:

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը  ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

ԼՈՒՐԵՐ