ԼՈՒՐԵՐ
Արթուր Թովմասյանը ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությանը
08 հունվարի 2021

Հունվարի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Էդմոն Մարուքյանին՝ ԱՀ ԱԺ նախագահը հանդես եկավ իր՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնած օրվանից մինչ պատերազմյան ժամանակաշրջանի աշխատանքների և հետպատերազմյան անելիքների ամփոփ տեղեկատվությամբ:

Էդմոն Մարուքյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ իր ղեկավարած կուսակցության ուշադրության կենտրոնում է Արցախի Հանրապետությունը և նրա ժողովրդի ճակատագիրը:

Այնուհետև Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների հետ առանձին-առանձին տեղի ունեցած հանդիպումներին քննարկումներ ծավալվեցին հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերների, մասնավորապես հետպատերազմյան իրավիճակի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության, քաղպաշտպանության, ռազմագերիների և տեղահանվածների, Արցախի ինքնորոշման, ՊԲ–ի վերակազմավորման, ճանապարհային քարտեզի, առաջիկա եռակողմ հանդիպման սպասելիքների և այլ երկուստեք մտահոգող խնդիրների շուրջ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց մշտապես Արցախի ժողովրդի կողքին լինելու և նրա շահերը Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում ներկայացնելու հարցում:

 

ԼՈՒՐԵՐ