05 հունվարի 2021
05 հունվարի 2021
Հունվարի 5-ին տեղի ունեցավ աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի անդրանիկ հանդիպումը:
Այնուհետև հանդիպումը շարունակվեց ԱՀ ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների, ԱՀ ԱԺ նախագահի տեղակալի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների ներկայությամբ:
ԱՀ ԱԺ նախագահը ողջունելով և շնորհավորելով ՀՀ և ԱՀ ԱԳ նորանշանակ նախարարներին՝ առաջին հերթին հույս հայտնեց, որ Արցախի ժողովուրդն ու խորհրդարանի անդամները մշտապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողքին են և խորհրդարանական դիվանագիտության խողովակներով պայքարելու են Արցախի անկախության համար, ինչպես նաև պատրաստ են վավերացնելու ոչ միայն տարածաշրջանի,այլև տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցության համաձայնագրեր:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ ՀՀ և ԱՀ դիվանագիտությունները սկիզբ են առել Արցախի հակամարտությունից, որի ընթացքում ունեցել են և հաջողություններ, և անհաջողություններ: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շեշտեց, որ շարունակվելու են Արցախի ինքնորոշման և հակամարտության ուղղությամբ տարվող աշխատանքները: Կարևորեց նաև խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես արդյունավետ գործելու միջազգային առանցքային հարթակ:
Հաջորդիվ հանդիպումը ուղեկցվեց ԱԺ նախագահի, ԱԺ նախագահի տեղակալի, խմբակցությունների մշտական հանձնաժողովների կողմից ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցադրումներով:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունեց նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական: