ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը
30 դեկտեմբերի 2020

2020թ. դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը:

Բացելով նիստը՝ Ազգային ժողովի նախագահը հանդես եկավ ներածական խոսքով, որտեղ վերլուծելով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտեց.

«Հարավկովկասյան տարածաշրջանում մեզ վիճակված էր առաջինը կրել ու դիմակայել միջազգային ահաբեկչության հարվածները: Ու այս համապատկերում միջազգային հանրության կողմից չեղան համարժեք արձագանքներ ու գնահատականներ: Ասել է թե պիտի ապավինենք սեփական ուժերին ու հնարավորություններին ՝միևնույն ժամանակ շնորհակալական ձեռքը պարզելով դեպի ռուսական խաղաղապահ ուժեր»:

ԱԺ նախագահը խոսքը եզրափակեց արցախցուն հարիր տոկունությամբ.

«Այս ֆորսմաժորային իրավիճակում, երբ լիովին կաթվածահար է եղել երկրի տնտեսությունը, մեր ազգաբնակչությունը կրել է բարոյահոգեբանական հուժկու ցնցումներ, մեզնից յուրաքանչյուրիցս աներկբա պահանջում է սթափ գնահատել իրավիճակը, վերագտնել արցախցու տիպական համառության կերպարը ու շարժվել առաջ»:

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց արցախյան պատերազմում նահատակվածների պայծառ հիշատակը:

Այնուհետև խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատեց 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի և դեկտեմբերի 30-ի նիստի օրակարգերը, որից հետո անդրադարձավ պարտադիր քննարկման հարցերին: Այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության մասին հարցն էր:

Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի համաձայն, պալատի անդամի պաշտոնում ներկայացրել է Միքայել Հենրիկի Մուսայելյանի թեկնածությունը:

Թեկնածուի մասնագիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը լսելուց և պարզաբանումներ ստանալուց հետո, խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության: Ամփոփելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Դավիթ Բաղդասարյանը նշել է, որ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 28, դեմ՝ 1 պատգամավոր: Քվեարկության արդյունքներով ԱԺ նախագահը հրապարակեց հետևյալ որոշումը.

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի 9-րդ մասով և «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովը որոշում է Միքայել Հենրիկի Մուսայելյանին ընտրել Հաշվեքննիչ պալատի անդամ՝ մինչև 2023 թվականի հունվարի 16-ը պաշտոնավարման ժամկետով»:

Հաջորդիվ «Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում» օրակարգային հարցն էր, որը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի անդամ Շուշանիկ Հայրապետյանը:

Աժ-ն իր աշխատանքները շարունակեց հայտարարված ընդմիջումից հետո: Աժ կանոնակարգ օրենքի 109-րդ հոդվածով՝ պատգամավորների կողմից առաջարկվել էր 2020 թվականի դեկտեմբեր ամսվա Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկել «ԱՀ ԱԺ պատգամավորների կողմից բանավոր հարցեր՝ ուղղված Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին»: 11 պատգամավորի կողմից բարձրացվեց 22 հարց, որոնց կառավարության անդամների կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ:

Վերջում ԱԺ 5 պատգամավոր հանդես եկան հայտարարությամբ:

Ամփոփելով ԱԺ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի դեկտեմբերի 30-ի նիստը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների մասով առաջարկություններով, այն է՝

«Պատերազմական գործողությունների ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծ

«Եկամտային հարկի մասին» օրենքի նախագիծ

«Շահութահարկի մասին» օրենքի նախագիծ

«Հաստատագրված վճարների մասին» օրենքի նախագիծ

«Արտոնագրային վճարների մասին» օրենքի նախագիծ

«Առևտրի հարկի մասին» օրենքի նախագիծ

Ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքը

«Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծ և այլ օրենքների նախագծեր:

Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը հայտարարվեց փակված:

ԼՈՒՐԵՐ