«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին

Ն-1-02/21, ԱԺ-011-26,08.01.2021թ.,ՖՏԿ-011

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»:

Հոդված 2. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Օրենքի 6-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից: Համապատասխան պետական ծառայողների համար օրենքով նախատեսված բնականոն աճը կիրառվում է Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի` տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի և օրենքով սահմանված կարգով բնականոն աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի, տարբերության չափով:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                             Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Անհրաժեշտությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի համար պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ օրենքով սահմանված չափը (63300 դրամ)` չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում անհրաժեշտ լրացում կատարել, համապատասխան նախագիծը «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հետ միասին Ազգային ժողով քննարկման ներկայացնելու նպատակով:

 

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը (63300 դրամ) չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի համաձայն Արցախի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 68000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը և նպատակային սոցիալական վճարը ներառյալ) կազմում է 87742 դրամ, որի 80 տոկոսը 70194 դրամ է: Մինչդեռ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 63300 դրամ է:

Վերը նշված խնդրի կարգավորման նպատակով առաջարվում է, որ աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

 

3. Ակնկալվող արդյունքը

Մինչև պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը ապահովել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` նվազագույն ամսական աշխատավարձի չափին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը:

 


ԱՀ ֆինանսների նախարար՝                                                            Վ. Բաղդասարյան

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 5.

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը

 

1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքով:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի ութսուն տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի հարյուր քսան տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասի:

2.1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի յոթանասուն տոկոսից:

2.2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

3. Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:

4. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխությունն իրականացվում է բազային աշխատավարձի և(կամ) գործակիցների փոփոխության միջոցով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության հիման վրա, որն իրականացվում է երեք տարին մեկ անգամ և որի կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծության արդյունքների հիման վրա Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի չափը սահմանել բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի և դրա առավելագույնը 10 տոկոսը չգերազանցող հանրագումարի չափով:

 

ԱՀ ֆինանսների նախարարի

առաջին տեղակալ՝                                                         Ն. Ավանեսյան