ԼՈՒՐԵՐ
ԱՀ պատգամավորները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են մի շարք հարցեր
25 սեպտեմբերի 2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

Վարչապետ Փաշինյանը բացման խոսքում նկատել է, որ Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Խոսելով խորհրդարանների միջև առկա գործակցության մեծ օրակարգի մասին, վերջինս նշել է, որ այն վերաբերում է ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացմանը, այլև՝ անվտանգային ընդհանուր մարտահրավերներին և ռազմավարական ընդհանուր տեսլականին, և այդ ռազմավարական տեսլականի անընդհատ համակցմանը, քննարմանը և ձևավորմանը:

Վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանում հաստատված լարված իրավիճակին և նշել.

«Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումը խիստ կառուցողական է»:

Խոսելով Ադրբեջանից վերջերս հնչող հայտարարությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նրանց կողմից փորձ էր արվում բանակցային գործընթացի հիմքում դնել միակողմանի զիջումների տրամաբանությունը, այլապես, ըստ ադրբեջանական կողմի, հարցը կլուծվի ուժային մեթոդներով:

«Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի»,- ընդգծել է վարչապետը:

 

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար և ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի անկախության 29-ամյակի առիթով: Նա բարձր է գնահատել Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցության մակարդակը, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով, ինչը վկայում է հայրենիքը հզորացնելու միասնական կամքի մասին, և ընդգծել, որ Արցախի ԱԺ-ն ջանք չի խնայելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ամրապնդելու և խորացնելու համար: Թովմասյանը նշել է, որ Արցախի նորընտիր խորհրդարանի ներկայացուցիչների այցը Հայաստան և հանդիպումները բարձրագույն ղեկավարության հետ լավ հնարավորություն են համագործակցությունը զարգացնելու համար:

Հանդիպմանը վարչապետը պատասխանել է Արցախի ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձել Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, համազգային նպատակներին ու խնդիրներին: 

 

ԼՈՒՐԵՐ