ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահին
25 սեպտեմբերի 2020

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ :

Ողջունելով ՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ միշտ պատրաստ է ԱՀ խորհրդարանականների հետ քննարկել Հայաստանին ու Արցախին վերաբերող ցանկացած հարց և ցուցաբերել աջակցություն:

Նշելով, որ այսօր ստեղծված են բոլոր պայմաններն արդյունավետ փոխգործակցության համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կպահպանվեն և կզարգանան միջխորհրդարանական համագործակցության ավանդույթները Հայաստանի Ազգային ժողովի հետ:

Խոսելով Արցախի առաջնահերթ խնդիրների մասին՝ զրուցակիցները, զարգացման հեռանկարի տեսանկյունից, ընդգծել են կրթության դերի բարձրացման, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը: Անդրադառնալով ժողովրդագրության խնդրին՝ նախագահ Սարգսյանը շեշտել է հստակ ծրագրերի միջոցով մարդկանց՝ Արցախում հաստատվելու աջակցության ու խրախուսման նշանակությունը: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։

 

 

ԼՈՒՐԵՐ