ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում
24 սեպտեմբերի 2020

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ:

Ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել նման ձևաչափով հանդիպման համար՝ կարևորելով երկու խորհրդարանների միջև շփումների պարբերականությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս ձևաչափը կարող է նոր հարթակ դառնալ խմբակցությունների և հանձնաժողովների միջև թեմատիկ քննարկումների համար՝ նպաստելով համազգային օրակարգի հարցերի ընդլայնմանը, խնդիրների վերանայմանը և նոր լուծումների առաջարկմանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը գնահատել է հաջող և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում կհաջողվի նոր որակ հաղորդել Արցախի խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Այս համատեքստում նա կարևորել է փոխայցելությունները ԱԺ նախագահների, խմբակցությունների, հանձնաժողովների մակարդակով:

Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ այցի նախաձեռնության համար և շեշտել, որ այս ձևաչափն իր ուրույն տեղը կզբաղեցնի համատեղ աշխատանքներում՝ է՛լ ավելի մեծացնելով օրակարգերի ներդաշնակեցման հնարավորությունն ու փոխգործակցությունը:

«Մեր առանձնազրույցին զուգահեռ, այս պահին հանդիպումներ են ընթանում նաև խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների միջև, և պետք է փաստեմ, որ այն բովանդակությունը, որը փորձում ենք դնել այս հանդիպումների մեջ, իսկապես աննախադեպ է և պետք է շարունակենք նույն ոճով»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Արթուր Թովմասյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ չկա Արցախի Հանրապետության կողմից առաջարկված մի նախագիծ կամ հարց, որը լուծում չստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից:

Երկու խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

 

 

 

ԼՈՒՐԵՐ