Բնակչության պետական ռեգիստրի մասին

 

               Ն-1-02/15,ԱԺ-011-19,21.09.2020թ.,ՊԱՕ-011

           ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

1. Սույն օրենքը կարգավորում է բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) օրենքով սահմանված կարգով անձնական հաշվառման (գրանցման) տվյալների մշակման, ինչպես նաև ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքի նպատակը բնակչի ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումն է:

 

Հոդված 2.

Ռեգիստրի մասին օրենսդրությունը

1. Ռեգիստրի մասին Արցախի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

«Ռեգիստր» հասկացությունը

1. Ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Արցախի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ բնակիչների)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:

2. Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Արցախի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:

 

 

Հոդված 4.

Ռեգիստրի ստեղծման ու վարման հիմնական սկզբունքները և ռեգիստրի կառուցվածքը

1. Ռեգիստրի ստեղծման և վարման հիմնական սկզբունքներն են`

1) ստեղծման և վարման միասնականությունը.

2) բնակչի անձնական հաշվառման տվյալներին՝ միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների (անձանց) մատչելիությունը.

3) բնակչի ազատ տեղաշարժի և բնակության վայրի ազատ ընտրությունը.

4) մշտական բնակության միայն մեկ վայրում բնակչի հաշվառումը.

5) բնակչի կողմից անձնական հաշվառման իր տվյալներին անարգել ծանոթանալու ազատությունը:

2. Ռեգիստրը բաղկացած է կենտրոնական ռեգիստրից և կենտրոնական ռեգիստրի տեղական բաժանմունքներից (այսուհետ` տեղական ռեգիստրներ):

3. Ռեգիստրի ստեղծման և վարման աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեի և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Կենտրոնական ռեգիստրը վարում և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

 

Հոդված 5.

Ռեգիստրում մշակվող անձնական տվյալները

1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անձնական տվյալները՝

1) հանրային ծառայությունների համարանիշը.

2) անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.

3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

4) քաղաքացիությունը.

5) ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.

6) սեռը.

7) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.

8) Արցախի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Արցախի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).

9) մահվան օրը, ամիսը, տարին և վայրը:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրում անձնական տվյալների փոփոխության և լրացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված տվյալների փոփոխության դեպքում ռեգիստր վարող մարմինները համակարգում և եռամսյա պարբերականությամբ դրանք ներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր:

4. Հաշվառված բնակչի անձնական հաշվառման տվյալները պահպանվում են նաև նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 

Հոդված 6.

Ռեգիստրում անձնական տվյալների կուտակման աղբյուրները

1. Համապատասխան բնագավառների լիազորված պետական մարմինները ռեգիստր վարող մարմիններին պարտավոր են տրամադրել բնակչության անձնական հաշվառման տվյալներ`

1) Արցախի Հանրապետությունում ծնված Արցախի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.

2) Արցախի Հանրապետությունից դուրս ծնված Արցախի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.

3) Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վերաբերյալ.

4) Արցախի Հանրապետությունում ծնված, սակայն Արցախի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձանց վերաբերյալ, որոնց ծնողները բնակվում են Արցախի Հանրապետությունում.

5) Արցախի Հանրապետության երկքաղաքացիների վերաբերյալ.

6) Արցախի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ.

7) Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ.

8) Արցախի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

9) Արցախի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

10) Արցախի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ.

11) Արցախի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները) անձնական հաշվառման տվյալները տրամադրում են համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմնին, իսկ պետական կառավարման լիազորված մարմինները` կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

 

Հոդված 7.

Ռեգիստրին տեղեկացնելու պարտականությունը

1. Ռեգիստրում ընդգրկվելու համար Արցախի Հանրապետության բնակիչը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձնական տվյալները: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

2. Արցախի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիների մասին տվյալները համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յոթնօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

3. Հյուպատոսական հաշվառման կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.

Ռեգիստր վարող մարմինների միջև անձնական հաշվառման տվյալների փոխանցման կարգը

1. Տեղական ռեգիստր վարող մարմինը բնակչի անձնական հաշվառման տվյալներն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, դրանք փոխանցում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, իսկ կենտրոնական ռեգիստր վարող մարմինը` տեղական ռեգիստր վարող մարմնին:

2. Նոր կացարանում մշտական բնակություն հաստատելու մասին բնակչի դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է ինչպես կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, այնպես էլ այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Պաշտոնական տեղեկացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը հաշվառումից հանում է այդ բնակչին և նրա անձնական հաշվառման տվյալները պաշտոնապես ուղարկում է բնակչի մշտական բնակության նոր վայրի տեղական ռեգիստր վարող մարմին:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված բնակիչներին երեք աշխատանքային օրվա ընթացքում հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրանց անձնական հաշվառման տվյալները և հաշվառելով հյուպատոսական հաշվառման հասցեով:

 

Հոդված 9.

Բնակչության հաշվառման կարգը

Բնակչության հաշվառման կարգը և հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10.

Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11.

Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                                  Ա.      ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձևավորման և հատկացման կարգը:

 

Հոդված 2.

Հանրային ծառայությունների համարանիշը

1. Հանրային ծառայությունների համարանիշն Արցախի Հանրապետության քաղաքացուն, Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին (այսուհետ` քաղաքացի) հատկացվող թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անձնական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:

2. Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է և չի կարող փոփոխվել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում:

 

Հոդված 3.

Հանրային ծառայությունների համարանիշի ամրագրումը և օգտագործման նպատակը

1. Հանրային ծառայությունների համարանիշն ամրագրվում է Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Արցախի Հանրապետությունում կացության քարտում, Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:

2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

3. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ.

3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 4.

Հանրային ծառայությունների համարանիշի ձևավորման կարգը

1. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորվում է հետևյալ կերպ.

1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է քաղաքացու ծննդյան ամսաթիվն ու սեռը և կարող է լինել`

ա. 11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար,

բ. 51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար.

2) թվային նիշերի երկրորդ զույգն (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիսն ու դարը և կարող է լինել`

ա. 01-12 (01` հունվարին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 14),

բ. 21-32 (21` հունվարին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 34).

3) թվային նիշերի երրորդ զույգն (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.

4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի քաղաքացիների` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999:

2. Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:

 

Հոդված 5.

Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնելը

1. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ:

 

Հոդված 6.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:

2. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է սոցիալական ապահովության քարտի (համարի) կիրառություն, քաղաքացին կարող է ներկայացնել իր հանրային ծառայությունների համարանիշը:

3. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) և չի ստացել նույնականացման քարտ կամ ստացել է նույնականացման քարտ, որում հանրային ծառայությունների համարանիշն ամրագրված չէ, կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները պաշտոնատար կամ իրավասու այլ անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկանքի ձևը, տրամադրման կարգը, ինչպես նաև քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                                  Ա.      ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:

 

 

Հոդված 2.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) նույնականացման քարտ` Արցախի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` նաև քաղաքացի) ինքնությունը և Արցախի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Արցախի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

2) տվյալների էլեկտրոնային պահոց` նույնականացման քարտի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր, էլեկտրոնային փոստ:

 

 

Հոդված 3.

Նույնականացման քարտ ստանալը և նույնականացման քարտի վավերականության ժամկետը

1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:

2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է Արցախի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն):

3. 16 տարին լրացած քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում:

4. Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:

5. Առաջին խմբի հաշմանդամները նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու բժշկասոցիալական փորձաքննության որոշումը կամ բժշկասոցիալական փորձաքննության որոշման քաղվածքի նոտարական կարգով վավերացված պատճենը:  

6. Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձը նույնականացման քարտ ստանալու իրավունք ունի համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:

7. Կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացին իրավունք ունի ստանալու նույնականացման քարտ ` ընդհանուր հիմունքներով:

8. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:

 

 

Հոդված 4.

Նույնականացման քարտի բովանդակությունը, ձևը, տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը

1. Նույնականացման քարտն Արցախի Հանրապետության սեփականությունն է: Գտնված նույնականացման քարտերն Արցախի Հանրապետությունում ենթակա են հանձնման ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

2. Նույնականացման քարտում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անձնական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը).

7) սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված այլ տվյալներ:

3. Նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի), քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնականացման քարտի տրամադրման և վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:

5. Եթե նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակայությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին նույնականացման քարտում կատարվում է համապատասխան նշում:

6. Այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:

7. Նույնականացման քարտի համարի ձևավորման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

8. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր և էլեկտրոնային փոստ:

9. Նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

10. Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) անձնագիր կամ ծննդյան վկայական.

3) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝  ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները, եթե դիմումատուն չունի Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.

4) Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

5) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

6) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

7) պետական տուրքի վճարման անդորրագիր, բացառությամբ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված դեպքի:

11. Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.

3) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

4) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.

5) պետական տուրքի վճարման անդորրագիր:

12. Նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին լուսանկարվում է ոստիկանությունում: Անձնական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանությունում հանձնում է աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնադրոշմները:

13. Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:

14. Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը նույնականացման քարտն Արցախի Հանրապետությունում հանձնում է ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

15. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

4) դիմումատուն չի ներկայացրել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

5) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.

6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):

16. Սույն հոդվածի 15-րդ մասի 1-2-րդ, 4-6-րդ կետերով նախատեսված հիմքերը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվում քաղաքացուն մինչև նշված հիմքերի վերանալը, իսկ նույնականացման քարտի վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը քաղաքացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության հարցը լուծվելուց հետո:

17. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Դրանում ամրագրված տվյալները ոստիկանությունում տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո քարտն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին նույնականացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

18. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 10-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 10-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 11-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը քաղաքացուն չեն վերադարձվում:

19. Նույնականացման քարտի ձևը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով նախատեսված դիմումների ձևերը` ոստիկանության պետի հրամանով:

 

 

Հոդված 5.

Նույնականացման քարտը փոխանակելու հիմքերը

1. Նույնականացման քարտը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի).

2) լրացել է վավերականության ժամկետը.

3) նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ.

4) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

 

 

Հոդված 6.

Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը, ժամանակավոր վկայական տրամադրելը

1. Նույնականացման քարտն անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Արցախի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) նույնականացման քարտը կորել է.

4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) նույնականացման քարտը կեղծվել է.

6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) անձը մահացել է.

8) տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.

9) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն անձնագիրը փոխանակելու համար:

2. Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանությանը կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Արցախի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրամադրվել նաև ազատազրկման դատապարտված և կալանավորված քաղաքացիներին քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացուն` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ազատազրկման դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, վերջիններիս կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, վարչակազմը պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել նրանց:

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:

5. Մահացած քաղաքացու նույնականացման քարտը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

 

 

Հոդված 7.

Նույնականացման քարտը վերցնելը

1. Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են նույնականացման քարտը վերցնել, եթե առկա են նույնականացման քարտը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ: Նույնականացման քարտը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու նույնականացման քարտը վերցնում է Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Վերցված նույնականացման քարտը հնարավոր սեղմ ժամկետում փոխանցվում է ոստիկանության մարմին:

4. Արգելվում է նույնականացման քարտը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:

 

 

Հոդված 8.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:

2. Նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                                  Ա.      ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 2005 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-218 օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրականացնում է իր հյուպատոսական տարածաշրջանում մշտապես բնակվող և ժամանակավորապես գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հյուպատոսական հաշվառում, ինչն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                                  Ա.      ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մաս`

«9. Քաղաքացիությունը դադարեցրած կամ հատուկ կացության կարգավիճակի ժամկետը լրացած կամ այդ կարգավիճակից զրկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա անշարժ գույքի պետական ռեգիստրը պարզում է այդ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողի առկայությունը և այդ մասին ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է համապատասխան համայնքի ղեկավարին, իսկ Ստեփանակերտում՝ Ստեփանակերտի քաղաքապետին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                                  Ա.      ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-27 օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                                  Ա.      ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 13-րդ հոդվածի աղյուսակում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ`

 

«

«

1.1. Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրամադրման

համար

բազային տուրքի
3-ապատիկի չափով

 

 

»:

»

 

Հոդված  2. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1.  Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                                  Ա.      ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ», «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Վարչարարության ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ և կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է այսպես կոչված «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:

Օրենքների նախագծերի նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական հարաբերությունների զարգացման և ազգային օրենսդրության մեջ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում գործող օրենսդրությունն այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու հանգամանքով:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում է հետևյալ հասարակական հարաբերությունների կարգավորում՝ նույնականացման քարտ տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում օրենքով սահմանված կարգով անձնական հաշվառման (գրանցման) տվյալների մշակման և ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները, դրա հետ միաժամանակ սահմանվելու են հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձևավորման և հատկացման կարգը:

 

3. Ակնկալվող արդյունքը

«Նույնականացման քարտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծով քարտը նախատեսվելու է Արցախի Հանրապետության տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ: Քարտերի գործողության ժամկետը սահմանվելու է 10 տարի: Քարտին ամրացված տեխնիկական մասը քաղաքացուն հնարավորություն է տալու նույնականացվել տվյալների էլեկտրոնային բազաներում և կիրառել սեփական էլեկտրոնային ստորագրությունը: Օրենքներիի ընդունման արդյունքում` տվյալների էլեկտրոնային պահոցով քարտեր ներդնելիս քաղաքացիական շրջանառության ոլորտում հանրային ծառայություններ մատուցելիս անհատական տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացը զգալիորեն կպարզեցվի, որը կհանգեցնի հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:

 

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի ընդունմամբ կապահովվի Արցախի Հանրապետության բնակիչների ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը,
կսահմանվեն ռեգիստրի ստեղծման ու վարման հիմնական սկզբունքները և ռեգիստրի կառուցվածքը, մշակվող անձնական տվյալները, դրանց կուտակման աղբյուրները և այլն:

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն համարանիշը ձևավորվելու է ըստ սոցիալական քարտերի ձևավորման ձևաչափի` քաղաքացիների օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների (սեռ, ծննդյան օր,ամիս,տարեթիվ) հիման վրա: Համարանիշը համարվելու է եզակի և չի ենթարկվելու փոփոխման: Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվելու է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

Նույնականացման քարտ տրամադրելու համար կսահմանվի պետական տուրք՝ 3 000 ՀՀ դրամի չափով:

4.Նախագծերի փաթեթի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նորմատիվային բնույթն կայանում է նրանում, որ դրանցով կարգավորվում են կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններ, որոնց մասնակից են Արցախի Հանրապետության քաղաքացիներն, օտարերկրյա քաղաքացիներն և քաղաքացիություն չունեղոց անձինք, բացի այդ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդ. 2-րդ մաս): 

5. «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների մասին

«Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների կապակցությամբ սույն թվականի հունիսի 25-ից տեղադրվել էր Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում (www.police.nkr.am):

 

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից:

 

 

 

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                               Ա. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 13.

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի հիմնական խնդիրները և պարտականությունները

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք օգտվեն բոլոր այն իրավունքներից, որոնք տրվում են նրանց նստավայր պետության օրենսդրությամբ և այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նստավայր պետությունը, ինչպես նաև միջազգային նորմերով և սովորույթներով:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից և իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր դիմումներ, օրենքով սահմանված կարգով ընդունել և քննարկել ներկայացված հանրագրերը:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց խախտված իրավունքները վերականգնելու համար:

4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրականացնում է իր հյուպատոսական տարածաշրջանում մշտապես բնակվող և ժամանակավորապես գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հյուպատոսական հաշվառում, ինչն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:

5. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում պարտավոր է աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, գործուղման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին՝ նրանց ծառայողական պարտականությունների կատարման գործում:

...............

 

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                        Ա. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 11.

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության մատչելիությունը

 

1. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված տեղեկատվության, ինչպես նաև պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների սահմանափակ մատչելիությամբ:

2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի տեղեկատվության մաս կազմող՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկությունները տրամադրվում են Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Պետական գրանցման գործառույթի իրականացման արդյունքում գրանցում իրականացնող մարմնի կողմից ստեղծված, հավաքագրված, այդ թվում` գրանցման համար ներկայացված, ինչպես նաև անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում առկա տեղեկատվությունից` անկախ դրա նյութական կրիչի (այսուհետ` իրավական կադաստրի տեղեկատվություն), ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց առևտրային գաղտնիք չեն համարվում`

1) գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրառման ենթակա տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.

2) հողամասի և շինությունների կադաստրային արժեքի (զուտ եկամտի) և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացող տվյալները:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունները տրամադրվում են փաստաթղթերից քաղվածքների ձևով:

6. Իրավական կադաստրի տեղեկատվության կազմից սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը փաստաթղթերից պատճենների ձևով, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված այլ տեղեկատվությունը փաստաթղթերից քաղվածքների կամ պատճենների ձևով տրամադրվում են`

1) հարցվող անշարժ գույքի միավորի կամ օբյեկտի նկատմամբ հարցման պահին սեփականատեր հանդիսացող անձանց կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց.

2) հարցվող անշարժ գույքի միավորի կամ օբյեկտի նկատմամբ գրանցված այլ իրավունքի սուբյեկտներին կամ այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող իրավատերերին` իրենց իրավունքների և սահմանափակումների ծագման, փոխանցման, փոփոխման կամ դադարման վերաբերյալ, կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց.

3) ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանող, այդ թվում` տվյալ անձի անվամբ գրանցված կամ գույքագրված գույքի կամ գույքային իրավունքների կազմի կամ որևէ տարածքում նման գույքի կամ գույքային իրավունքների առկայության վերաբերյալ տեղեկությունները` այդ իրավունքների իրավատերերին, գրանցված իրավունքների դեպքում` գրանցված իրավունքների սուբյեկտներին, կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված համաձայնությունը կարող է տրվել նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկությունները, առանց համապատասխան համաձայնության, Արցախի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար կարող են տրամադրվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատին, Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, Արցախի Հանրապետության դատարաններին, Արցախի Հանրապետության դատախազությանը և քրեական հետապնդման այլ մարմիններին, Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին, Արցախի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններին, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Արցախի Հանրապետությունում արտոնագրված փաստաբաններին, Արցախի Հանրապետության նոտարներին, սնանկության գործով կառավարչին, որոնց կողմից այդ տեղեկությունների հրապարակման կամ դրանց գաղտնիության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

9. Քաղաքացիությունը դադարեցրած կամ հատուկ կացության կարգավիճակի ժամկետը լրացած կամ այդ կարգավիճակից զրկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա անշարժ գույքի պետական ռեգիստրը պարզում է այդ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողի առկայությունը և այդ մասին ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է համապատասխան համայնքի ղեկավարին, իսկ Ստեփանանակերտում՝ Ստեփանակերտի քաղաքապետին:

 

 

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                      Ա. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հոդված 13.

Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները

 

Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի`

1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.

2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.

3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.

4) առողջության պահպանման, այդ թվում` ստանալ բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.

5) սոցիալական ապահովության.

6) ստանալ իրավաբանական օգնություն.

7) անձնական անվտանգության ապահովման.

8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.

9) հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ.

10) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել դատավարական կամ այլ գործողությունների, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի.

11) կոչվել իր անվամբ կամ ազգանվամբ.

12) անձնական ընդունելության խնդրանքով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետին, դրանց գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.

13) իր մոտ ունենալ քրեական գործին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ, բացառությամբ այն փաստաթղթերի և գրառումների, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.

14) մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների:

Կալանավորված անձը նաև իրավունք ունի`

1) ստանալ կրթություն, զբաղվել ստեղծագործ աշխատանքով.

2) աշխատել.

3) կալանավորվածներին պահելու վայրի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերել սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ.

4) ստանալ և ուղարկել դրամական փոխանցումներ.

5) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

Ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահվում են նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու Արցախի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ովքեր Արցախի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի են, ինչպես նաև փախստականները կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որն ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:

 

 

 

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                 Ա. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 13. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար դրույքաչափերը

 

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար

բազային տուրքի չափով

1.1. Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրամադրման համար

բազային տուրքի
3-ապատիկի
չափով

2. Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար

բազային տուրքի 150 տոկոսի չափով

3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Արցախի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար

բազային տուրքի

12-ապատիկի չափով

4. Արցախի Հանրապետության քաղաքացիների, Արցախի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ փախստականների) հաշվառելու կամ փաստացի բնակության վայրի մասին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու համար

բազային տուրքի չափով

5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Արցախի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու համար (բացառությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, պաշտպանության նախարարության, իրավապահ, ֆինանսական, հարկային և անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքի)

բազային տուրքի չափով

6. Արցախի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում այլ պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու համար՝ վավերական լինելու ժամկետի յուրաքանչյուր տարվա համար

բազային տուրքի չափով

7. Արցախի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար`

 

ա) Արցախի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

բ) Արցախի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար` տարեկան

բազային տուրքի

40-ապատիկի չափով

գ) Արցախի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառման ու վավերական լինելու մասին նշումներ կատարելու համար

բազային տուրքի 75-ապատիկի չափով

դ) Արցախի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ե) Արցախի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար

բազային տուրքի

40-ապատիկի չափով

զ) Արցախի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին վեց ամսից ավելի ժամկետով Արցախի Հանրապետությունից բացակայելու թույլտվություն տալու համար

բազային տուրքի 150 տոկոսի չափով

է) Արցախի Հանրապետությունում կացության սովորական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար

բազային տուրքի

5-ապատիկի չափով

ը) Արցախի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար

բազային տուրքի

35-ապատիկի չափով

8. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքցիություն չունեցող անձանց` Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար`

 

ա) Արցախի Հանրապետություն մեկ անգամյա /մինչև հինգ օր/ մուտքի կարճաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի

4-ապատիկի չափով

բ) Արցախի Հանրապետություն մեկ անգամվա (մինչև քսանմեկ օր) մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր տալու համար

0

գ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի

9-ապատիկի չափով

դ) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 12-ապատիկի չափով

ե) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

զ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 14-ապատիկի չափով

է) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 17-ապատիկի չափով

ը) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

թ) Արցախի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար

բազային տուրքի չափով

ժ) Արցախի Հանրապետություն մուտքի երկարաժամկետ արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար

բազային տուրքի չափով

ժա) արտոնագիրը վերականգնելու համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

9. Արցախի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի փաստաթղթեր ձևակերպելու համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով:

10. Արցախի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

11. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար

բազային տուրքի չափով

 

 

Հոդված 25.

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պգծով արտոնությունները

 

1. Արցախի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.

բ) Արցախի Հանրապետությանը մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Արցախի Հանրապետություն ժամանող անձինք: Արցախի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի` իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

գ) Արցախի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

դ) քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք.

ե) Արցախի Հանրապետության կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողները.

զ) մինչև 18 տարեկան անձինք.

է) դիվանագիտական անձնագրերով Արցախի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.

ը) Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, պետական նախարարի կամ արտաքին գործերի նախարարի հրավերով Արցախի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.

թ) փախստականի կարգավիճակ ստացած անձի` Արցախի Հանրապետություն ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր):

2. Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.

բ) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության նախնական համաձայնությամբ բուժման նպատակով Արցախի Հանրապետություն ժամանող անձինք.

գ) կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք.

դ) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով որպես կողմ, վկա կամ փորձագետ Արցախի Հանրապետության և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննական մարմիններ հրավիրվող անձինք:

3. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Արցախի Հանրապետության քաղաքացիները:

3.1. Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

4. Արցախի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝

ա) միայնակ կենսաթոշակառուները.

բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները:

 

 

 

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                      Ա. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ