ԼՈՒՐԵՐ
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում
17 սեպտեմբերի 2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, Վահրամ Բալայանի գլխավորությամբ, սեպտեմբերի 17-ին հրավիրել է նիստ:

Նիստին ներկա Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի առաջարկով՝ օրակարգում ընդգրկված «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Նախարարի տեղակալը պարզաբանել է առաջարկվող բոլոր փոփոխությունները և նշել, որ դրանք պայմանավորված են ԱՀ Սահմանադրության պահանջներով:

Պատգամավորները նախարարին են առաջադրել օրենքում առկա ձևակերպումներին, ԱԺ-ի կողմից վավերացվող պայմանագրերին վերաբերող հարցեր:

Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պարզաբանումներ է տվել նաև ԱԺ-ում ԱՀ նախագահի ներկայացուցիչ Արարատ Դանիելյանը:

Հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթը ԱԺ առաջիկա նիստում առաջին ընթերցմամբ քննարկելուն:

Հանձնաժողովի նիստին ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

 

ԼՈՒՐԵՐ