ԼՈՒՐԵՐ
Արթուր Թովմասյանն ընդունել է «Ազատ Արցախ» թերթի պատասխանատուներին
15 սեպտեմբերի 2020

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի պատասխանատուներին՝ գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը կարևորել է հանրապետական թերթի պատմական նշանակությունը՝ ընդգծելով հատկապես խորհրդային և պատերազմական տարիներին՝ տեղական տեղեկատվության եզակի աղբյուրներից մեկը լինելու լրատվամիջոցի առաքելությունը:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև ժամանակակից աշխարհում տպագիր մամուլի ասպարեզում առկա ճգնաժամի մասին, որից անմասն չի մնում նաև «Ազատ Արցախ» թերթը: Արթուր Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել գալիք տարվանից նաև խորհրդարանի աջակցությամբ նպաստել թերթի զարգացմանը և հետագա կայացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թերթի հանրայնացման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նորեկ Գասպարյանի խոսքով՝ առաջիկայում պլանավորում են լրատվամիջոցի գործունեությունը կազմակերպել գործակալության ձևաչափով, ինչը հնարավորություն կընձեռի կիրառել տեղեկատվության սփռման նոր գործիքակազմ և նոր ձևաչափ:

ԼՈՒՐԵՐ