Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին

 

Ն-1-02/13, ԱԺ-011-17,09.09.2020թ., ՍԱ-011

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հաստատել Արցախի Հանրապետության 2021-2023 թվական­ների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Հավելված

«Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների

պետական վիճակագրական աշխատանքների

եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Համաձայն «Պետական վիճակագրության մաuին» oրենքի, Արցախի Հանրապետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վիճակագրական ծրագրերը մշակվում են պետական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այuուհետ` Եռամյա ծրագիր) բխում է «Պետական վիճակագրության մաuին» oրենքի 11-րդ հոդվածի 5-րդ պարբերության պահանջից և մշակվել է որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ:

Այն օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով սահմանում է Արցախի Հանրապետության պետական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները:

Եռամյա ծրագիրը սահմանում է ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները:

Ծառայությունը պատասխանատու է վիճակագրական ծրագրեր կազմելու համար` սերտորեն համագործակցելով պետական վիճակագրության արտադրողների, օգտագործողների, ռեսպոնդենտների և վարչական տվյալներ տրամադրողների հետ:

Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված են Արցախի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով և բխում են դրանից:

 

ՄԱՍ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաև նախորդ տարիների Եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից, միտված են դրանց շարունակականության ապահովմանը:

2. Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մաuին» oրենքի 4-րդ հոդվածով uահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը` հիմնված վիճակագրության միջազգային չափանիշների և ստանդարտների վրա:

3. Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեսի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից օգտվելու հավասար մատչելիություն, պրոֆեսիոնալ ստանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն: Հարկ է, որ օգտագործողները Ծառայությունը ընկալեն որպես որոշակի քաղաքականության կողմնորոշված պետական ինստիտուտներից արմատապես տարբերվող մարմին: Քաղաքական, վարչական, գերատեսչական շահերի միջև առկա բախումներում պետական վիճակագրությունը չներքաշելու երաշխիքները սահմանված են պետական վիճակագրության հիմնարար սկզբունքներով:

4. Պետական վիճակագրության հիմնական խնդիրների և հիմնարար սկզբունքների ապահովման նպատակով մասնավորապես նախատեսվում է`

1) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի հետ համագործակցությունը.

2) վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած Տվյալների տարածման հատուկ ստանդարտի), որոնք ենթադրում են նաև Ծառայության պաշտոնական կայքի անխափան աշխատանք և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.

3) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց` շարունակել ներկայում գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև հնարավորին չափ նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.

4) շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մաս կազմող ազգային դասակարգիչների ներդրման, ինչպես նաև պետական վիճակագրությունում արդեն իսկ ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները.

5) համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) վիճակագրական բիզնես ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` ընդլայնել տեղեկատվության հավաքման ընտրանքային եղանակների կիրառումը.

6) ընդլայնել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքման մեխանիզմի կիրառումը` հաշվի առնելով վիճակագրական տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը.

7) տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց` կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.

8) ընդլայնել ըստ սեռի վարվող վիճակագրական ցուցանիշների համակազմը.

9) ցուցանիշների մշակման յուրաժամանակության ապահովման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակներով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքման ուղղությամբ.

10) օգտագործողների պահանջների և կարիքների ավելի խորն ուսումնասիրման և վիճակագրության համապատասխան իրավական դաշտի ու տվյալների տարածման կատարելագործման միջոցով նպաստել վիճակագրական տեղեկատվության նկատմամբ վստահության աճին.

11) շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական վիճակը բնութագրող վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպես նաև ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպես նաև կատարելագործել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության օգտագործողների պահանջարկի առավել ամբողջական բավարարման նպատակով.

12) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության օգտագործողների համար Ծառայության պաշտոնական կայքից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության տարածման եղանակները:

 

ՄԱՍ 2

 

ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

5.Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը խարսխված է մի կողմից` տվյալների արժանահավատության, յուրաժամանակության, տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջների, մյուս կողմից` վիճակագրական գաղտնիքի սկզբունքի պահպանման պահանջի վրա:

6.Վիճակագրության հետագա զարգացումը 2021-2023 թվականներին նախատեսվում է իրականացնել ըստ տնտեսության իրական, հարկաբյուջետային, ֆինանսական, արտաքին և սոցիալ-ժողովրդագրական հատվածների:

 

Բ Ա Ժ Ի Ն 1

 

ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

7. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) «Ազգային հաշիվների համակարգ - 2008» և «Եվրոպական հաշիվների համակարգ-2010» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ողջ տնտեսության, ինչպես նաև տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների մակարդակով ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում և կատարելագործում.

2) «Ազգային հաշիվների համակարգ - 2008» մեթոդաբանական հենքով համախառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի և շարժընթացի հետընթաց վերանայումների աշխատանքների իրականացում.

3) «Ազգային հաշիվների համակարգ - 2008»-ի պահանջներին համապատասխան՝ Արցախի ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների հաշվարկների կատարելագործման նպատակով տեղեկատվության աղբյուրների համալրում և կատարելագործում.

4) ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըստ ենթահատվածների.

5) Արցախի ազգային հաշիվների վիճակագրության վարում՝ «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչին և «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ով սահմանվող դասակարգումներին համապատասխան.

6) «չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում.

7) ազգային հաշիվների համակարգում «ռեսուրսներ-օգտագործում» աղյուսակների կազմման աշխատանքների իրականացում՝ լրացուցիչ ռեսուրսների հնարավոր ներգրավմամբ.

8) ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.

9) ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում և կատարելագործում.

10) ազգային հաշիվներում հիմնական միջոցների սպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում.

11) «սպառողի ծախսերի մեթոդի» կիրառմամբ «սեփական կացարանում բնակվելու պայմանականորեն հաշվարկվող վարձակալության արժեքի» գնահատում.

12) համախառն ավելացած արժեքի՝ ըստ աշխատողների թվաքանակով որոշվող կազմակերպությունների չափերի և տնտեսական գործունեության տեսակների վիճակագրության վարում.

13) տարածքային համախառն ներքին արդյունքի գնահատման իրականացում:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԲԻԶՆԵՍ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ, ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

8. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) «Տնտեսական գործունեության տեսակների» և «Արտադրանքի դասա­կար­գում ըստ գործունեության տեսակների» դասակարգիչներին համապա­տասխան վիճակագրության վարում.

2) վիճակագրական տվյալների հավաքման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում և դրա համադրելիության ապահովում միջազգային չափանիշների և ստանդարտների համաձայն՝ հասկացությունների, դասակարգումների, տեղեկատվական աղբյուրների և այլնի մասով.

3) հաշվառման դաշտի ամբողջականացման և ցուցանիշների որակի ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) գնահատման գործիքների կիրառում և դրանց շարունակական կատարելագործում ըստ միջազգային չափորոշիչների.

4) բիզնես ռեգիստրի տեղեկատվական շտեմարանի միջոցով հաշվառման դաշտի արդիականացում, ընտրանքային դիտարկումների մեթոդների կիրառման ընդլայնում ու կատարելագործում.

5) գյուղատնտեuական համատարած հաշվառման անցկացում.

6) բուսաբուծական և անասնաբուծական արտադրանքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի այլ ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալների որակի ապահովման նպատակով, ելնելով յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություններից, տվյալների հավաքման գործիքակազմի՝ ցուցանիշների կառուցվածք, մեթոդաբանություն, պարբերականություն, ընտրանքային դիտարկման դաշտի արդիականացում և կատարելագործում ու միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովում.

7) Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի կողմից կիրառվող մեթոդաբանության համաձայն` պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն և սպառում) շարունակական կատարելագործում, դրա հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում և հրապարակում.

8) վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկատվության աղբյուրի կիրառման շրջանակների ընդլայնում:

 

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ

                                                                

9. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) սպառողական գների ինդեքսների (այսուհետ՝ ՍԳԻ) հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործման նպատակով, դիտարկվող ապրանք - ծառայությունների կազմի, կառուցվածքի հերթական վերանայման և արդիականացման աշխատանքների իրականացում, ՍԳԻ-ի զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների ամենամյա վերահաշվարկի կատարում.

2) ՍԳԻ հաշվարկների արդյունավետ կազմակերպման նպատակով էլեկտրոնային աղյուսակների կազմում ըստ «Անհատական սպառում` ըստ նպատակների դասակարգչի» 2-ից 5-նիշ մակարդակների.

3) ՍԳԻ-ի հրապարակման ձևաչափերի վերանայում` հիմնվելով Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության առաջարկների և եվրոպական երկրների վիճակագրական կազմակերպությունների կողմից ՍԳԻ-ին ներկայացվող պահանջների և միջազգայնորեն ընդունված չափորոշիչների վրա, ՍԳԻ-ի 12-ամսյա գնաճի հրապարակում.

4) խիստ սեզոնայնություն ունեցող ոչ պարենային ապրանքների համար ՍԳԻ-ի հաշվարկներում միջազգային պրակտիկայում առավել հաճախ կիրառվող ««տիպային» գնի օգտագործման» մեթոդի ներդրում.

5) ՍԳԻ-ի հաշվարկներում սեփական կացարանում բնակվելու պայմանականորեն հաշվարկվող վարձակալության վճարի ներառման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում` կիրառելով Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության կողմից եվրոպական երկրներում որպես նախընտրելի և առավել հաճախ օգտագործվող մեթոդ առաջարկված վարձավճարների գնահատման մեթոդը.

6) գնադիտարկման համար բազային առևտրի և ծառայություն մատուցող կազմակերպությունների ընտրանքի շարունակական բարելավում, առևտրի և ծառայության ընտրված օբյեկտներում փոքրածավալ շարժական համակարգիչների (պլանշետ) կիրառմամբ սպառողական ապրանքների և ծառայությունների ամենամսյա գնադիտարկումների իրականացում, համացանցային առևտրի կամ բջջային կապի սակագների գրանցման համար համացանցում զետեղված համապատասխան տեղեկատվության օգտագործում.

7) արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքների, բեռնափոխադրումների սակագների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում, հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դասակարգումներին համապատասխան, մասնավորապես արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման աշխատանքներում Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակի դասակարգչի (9-նիշ մակարդակով) ներդնում:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ

 

10. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) աշխատանքի շուկայի և աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և ամփոփման մեթոդների և գործիքակազմի շարունակական կատարելագործում (մասնավորապես, տնային տնտեսություններում իրականացվող աշխատուժի հետազոտության սկզբնական տվյալների հավաքման աշխատանքներում տեխնոլոգիական նորամուծությունների ներդրման ուղղությամբ).

2) ընտրանքային հետազոտությունների կատարելագործում: Մասնավորապես, նախատեսվում է՝

ա. աշխատուժի հետազոտության ընտրանքային համակցության ընդլայնում՝ միտված բնակչության տարբեր խմբերի խնդիրների և առանձնահատկությունների վերհանմանը,

բ. աշխատուժի հետազոտության ընտրանքի շրջանակի մեթոդաբանության վերանայում՝ ընտրանքային միավորների ձևավորման համար որպես գլխավոր համակցություն կիրառելով Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի  անհատական (անձնավորված) տվյալների շտեմարանը,

գ. աշխատուժի հետազոտության արդյունքների գնահատման մեթոդների կատարելագործում՝ օգտագործելով ժողովրդագրության ընթացիկ վիճակագրական տվյալները, ինչպես նաև հետազոտությունների արդյունքների որակը բնութագրող ցուցանիշների (սահմանային սխալ, վստահության միջակայք և այլն) հաշվարկում,

դ. աշխատուժի և թափուր աշխատատեղերի հետազոտությունների գլխավոր համակցության արդիականացում՝ դաշտային աշխատանքների մեկնարկից առաջ տնային տնտեսությունների/կազմակերպությունների ցուցակագրում,

ե. աշխատուժի հետազոտության թեմատիկ մոդուլների կիրառում՝ միտված աշխատանքի շուկայի զարգացումները և մարտահրավերները մշտադիտարկելուն.

3) վարչական ռեգիստրների տվյալների շրջանակի ընդլայնում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառմամբ վարձու աշխատողների տվյալների շտեմարանի տեղեկատվության մշակման գործիքների ներդրում և ելքային ցուցանիշների ստացում.

4) Արցախի Հանրապետության աշխատանքի վիճակագրության մեթոդաբանության և ելքային ցուցանիշների շրջանակի հնարավորինս ներդաշնակեցում Աշխատանքի միջազգային կազմակերպության և Եվրամիության առաջարկվող ստանդարտներին, կանոնակարգերին, դասակարգումներին (ISCO, NACE, ISECD և այլն)՝ ապահովելով Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության կարիքներից բխող, ժամանակակից պահանջներին համահունչ ցուցանիշներ և համադրելի աշխատանքի վիճակագրություն: Մասնավորապես, նախատեսվում է՝

ա. 2013 թվականի Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում ընդունված «Աշխատանքի, զբաղվածության, աշխատուժի թերօգտագործման վիճակագրության» վերաբերյալ բանաձևի դրույթների ներդրման փուլից անցում աշխատանքի շուկայի ցուցանիշների առաջարկվող նոր կազմի և շրջանակի փուլային ներդրմանը, շարունակական կատարելագործմանը,

բ. թափուր և նոր ստեղծված աշխատատեղերի, աշխատատեղերի շարժի, աշխատողների մասնագիտական ուսուցման, աշխատանքի պայմանների վիճակագրության շարունակական կատարելագործում.

5) աշխատանքի շուկայի ըստ սեռերի վիճակագրության շարունակական կատարելագործում և ներդաշնակեցում Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից առաջարկվող «Գենդերային առանցքային ցուցանիշների կազմ»-ի հետ.

6) աշխատուժի շարժունության վիճակագրության ներդրում և դրա շրջանակում աշխատանքային միգրացիայի վիճակագրության ներդաշնակեցում՝ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից առաջարկվող ձեռնարկին համահունչ, ինչպես նաև Աշխատանքի վիճակագիրների միջազգային 20-րդ համաժողովի բանաձևերի պահանջներին ընդառաջ:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ

 

11. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) վարչական ռեգիստրների (մասնավորապես` Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե և այլն) կողմից վարվող տվյալների շտեմարանների հիման վրա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով բիզնես ռեգիստրի ամբողջականացման ապահովում և պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների.

2) բիզնես ռեգիստրի վարման ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղված ելքային ամփոփ տեղեկատվության ստացման գործընթացի դյուրացմանը.

3) բիզնես ռեգիստրում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի և անուղղակի աղբյուրներից հավաքվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում.

4) բիզնես ռեգիստրի տվյալների շտեմարանի հիման վրա փոքր ու միջին ձեռնարկատիրության վերաբերյալ քանակական ու «ժողովրդագրական» վիճակագրության վարում:

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

 

12. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) Ազգային հաշիվների համակարգ - 2008 մեթոդաբանության վրա հիմնված «Ֆինանսական ակտիվների դասակարգչի» ազգային տարբերակի մշակում.

2) «Կրթության միջազգային ստանդարտ դասակարգչի» ազգային տարբերակի մշակում:

 

 

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ

 

13. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) տնտեսության ոչ ֆինանսական հատվածի առևտրային կազմակերպությունների ֆինանսների վիճակագրության վարում` «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչին համապատասխան.

2) կազմակերպությունների վճարունակության, ֆինանսական կայունության, ինչպես նաև արտադրանքի և ակտիվների շահութաբերության ցուցանիշների հաշվարկում.

3) կառուցվածքային բիզնես վիճակագրության վարման համար անհրաժեշտ ֆինանսական ցուցանիշների ստացման ապահովում:

 

Բ Ա Ժ Ի Ն 2

 

ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ

 

14. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) պետական ֆինանսների (համախմբված, պետական և համայնքների բյուջեների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան.

2) ֆինանսական միջնորդության հատվածի վիճակագրության վարում և կատարելագործում:

 

Բ Ա Ժ Ի Ն 3

 

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ

 

15. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) Արցախի Հանրապետության վճարային հաշվեկշռի կազմում` համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության.

2) արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշների հավաքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի մեթոդաբանությանը համապատասխան.

3) օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ).

4) միջազգային ծառայությունների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան.

5) միջազգային և ներքին զբոսաշրջության վիճակագրության վարման կատարելագործում, զբոսաշրջության սատելիտային հաշվի ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում:

 

Բ Ա Ժ Ի Ն 4

 

ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

16. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով` վարչական ռեգիստրների ընդլայման և կատարելագործման աջակցություն.

2) բնակարանային ֆոնդի և կոմունալ տնտեսության ոլորտի վիճակագրության բարելավում, վարչական ռեգիստրների ընդլայման և կատարելագործման աջակցություն:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

17. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության պարբերական անցկացում և Համաշխարհային բանկի կողմից մշակված մեթոդաբանական զարգացումներին համահունչ մեթոդաբանության կատարելագործում.

2) աղքատությունը և սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման և արդիականացման նպատակով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընտրանքի ավելի բարձր ներկայացուցչականության ապահովում.

3) աղքատության նյութական և ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում:

 

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

18. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) բնակչության բնական շարժի` քաղաքացիական կացության ակտերում ներառված ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության տվյալների վիճակագրական մշակման աշխատանքների շարունակական կատարելագործման,այդ թվում` տվյալների մշակման գործող համակարգում Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվող էլեկտրոնային տվյալների ներդրում և ելքային տվյալների ստացման ապահովում.

2) բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշվառման տեղեկատվական շտեմարանների ամբողջականացման ապահովմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում, բնակչության պետական ռեգիստրում՝ հաշվառված բնակչության, տարվա ընթացքում հաշվառված անձանց (իմիգրանտների) և հաշվառումից հանված անձանց (էմիգրանտների), վերաբերյալ միջազգայնորեն սահմանված չափորոշիչներին համապատասխան վիճակագրական տվյալների ստացում.

3) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշվառման շտեմարաններում տվյալների ընդգրկվածությունն ու որակը բարելավելու նպատակով աշխատանքների իրականացում՝ միտված նույնականացված տվյալներով համալրելուն (բնակչության տեղաշարժերի վերաբերյալ պարբերաբար ստացվող տվյալները վիճակագրական նշանակությամբ նույնականացված ծածկագրերով համալրելուն ուղղված ծրագրի նախագծում՝ Արցախի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ).

4) բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ելքային տվյալների ստացման համար մեքենայական մշակման ծրագրերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության բնական շարժի մշակման համալիր ծրագրում ըստ շրջանների և Ստեփանակերտ քաղաքի վիճակագրական հաշվարկների ներառելու ուղղությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

19. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմա­նա­վոր­ված` ոլորտին առնչվող տեղեկատվական շտեմարանների ամբողջա­կա­նացում և վարում, համապատասխան վարչական ռեգիստրների կատարելագործմանն օժանդակություն.

2) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ վիճակագրական հրապա­րա­կումների թողարկում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

20. Ծառայության օգտագործողների մշտապես աճող պահանջները բավարարելու նպատակով խստորեն հետևում է յուրաժամանակության և ճշտապահության, մատչելիության և պարզության սկզբունքներին, և ապահովում է պետական վիճակագրության համաձայնեցվածությունը և համադրելիությունը` հնարավորինս խուսափելով ռեսպոնդենտների ավելորդ ծանրաբեռնվածությունից:

21. Ծառայության որակի քաղաքականությունն ուղղված է համապատասխան մեթոդաբանությունների և գործիքների մշակման միջոցով վիճակագրական արտադրանքի և գործընթացների համակարգված բարելավմանը, շեշտը դնելով բարձր որակի ծառայությունների մատուցմանը, աշխատանքի և ծախսերի արդյունավետության բարձրացմանը:

22. Ծառայության որակի համակարգը հիմնված է Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի 15 սկզբունքների վրա.

1) պրոֆեսիոնալ անկախություն.

2) մանդատ տվյալների հավաքման համար.

3) ռեսուրսների համապատասխանություն.

4) որակի հանձնառություն.

5) վիճակագրական գաղտնիություն.

6) անկողմնակալություն և օբյեկտիվություն.

7) հիմնավորված մեթոդաբանություն.

8) համապատասխան վիճակագրական ընթացակարգեր.

9) ռեսպոնդենտների ոչ ավելորդ ծանրաբեռնվածություն.

10) ծախսերի արդյունավետություն.

11) համապատասխանություն.

12) ճշգրտություն և արժանահավատություն,

13) յուրաժամանակություն և ճշտապահություն.

14) համաձայնեցվածություն և համադրելիություն.

15) մատչելիություն և պարզություն:

 

ՄԱՍ 3

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵUՈՒՐUՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

 

23. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում շարունակական բնույթ կկրեն հետևյալ միջոցառումները.

1) Ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական զարգացում.

2) Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում ժամանակակից համակարգչային սարքավորումներով և համապատասխան տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքների շարունակականության ապահովում.

3) Ծառայությունում գործող ծրագրային համակարգերի վարում, արդիականացում և նոր համակարգերի ստեղծում.

4) CAPI համակարգի միջոցով սկզբնական տվյալների հավաքման գործընթացների ներդրում.

5) շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ կայուն զարգացման նպատակների ցուցանիշների համար ազգային հաշվետվողական հարթակի ներդրում.

6) վիճակագրական հաշվետվությունների ձևերի ներկայացման առցանց համակարգի ստեղծման աշխատանքների կազմակերպում.

7) Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջև կորպորատիվ ցանցի կատարելագործում.

8) Ծառայության պաշտոնական կայքի և վիճակագրական տեղեկատվական շտեմարանների շարունակական արխիվացում.

9) Ծառայության պաշտոնական կայքի արդիականացման աշխատանքների շարունակում.

10) Ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության և անխափան աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը և անվանազերծումը:

 

ՄԱՍ 4

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Վիճակագրության բնագավառում համագործակցությունը, հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության պետական վիճակագրության հիմնարար և Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով սահմանված սկզբունքներից մեկը, ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներուժ ստեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար: Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավական ընդարձակ է` սկսած աշխատանքային խմբերի և խորհրդակցությունների շրջանակում ոչ պետական շփումներից մինչև վիճակագրության կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը:

25. Համագործակցության հիմնական նպատակներն են.

1) առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն և արդյունավետ օգտագործում ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական բնագավառներում, ինչպես նաև ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման և վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով.

2) hամագործակցության գերակայություն հանդիսացող առանցքային ոլորտներում վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև դրանց հրապարակման համար.

3) համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:

26. Համագործակցության շրջանակում Ծառայության հիմնական խնդիրներն են.

1) էապես ամրապնդել վիճակագրական ներուժն արտադրելու և տարածելու բարձր որակի վիճակագրական տվյալներ՝ անհրաժեշտ փաստերի վրա հիմնված որոշումների կայացման գործընթացների համար.

2) բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը` այն է վիճակագրական տվյալների համապատասխանությունը, գնահատումների ճշգրտությունը և արժանահավատությունը, յուրաժամանակությունը և ճշտապահությունը, տվյալների մատչելիությունը և պարզությունը, համաձայնեցվածությունը և համադրելիությունը ու ամբողջականությունը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ.

3) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով օգտագործողների կարիքների հաշվառումը և բավարարումը.

4) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.

5) գործել միջազգային վիճակագրական չափանիշներին, կանոններին և ստանդարտներին համաձայն.

6) հաշվի առնելով վիճակագրության առնչությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին, բացառապես վիճակագրության միջազգային ստանդարտներով գործելու հրամայականը, գիտակցելով վիճակագրի պատասխանատվությունը հանրության` օգտագործողների, ռեսպոնդենտների և այլ գործընկերների հանդեպ, ինչպես նաև վիճակագրի մասնագիտության յուրօրինակությունը, հետևել Միավորված ազգերի կազմակերպության պետական վիճակագրության հիմնարար սկզբունքներին, Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքներին, Պրոֆեսիոնալ էթիկայի հռչակագրի սկզբունքներին, Միջազգային վիճակագրական գործունեության կառավարման սկզբունքներին և դրանք կիրառել իր գործունեությունում.

7) բարձրացնել և երաշխավորել պետական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում.

8) մշակել և ներդնել պրոֆեսիոնալ վարվելակերպի սկզբունքները:

 

ՄԱՍ 5

 

ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

27. Ծառայության ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:

28. Ծառայությունը կշարունակի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ինչը կարտահայտվի Հայաստանի Հանրապետության  Վիճակագրական կոմիտեի և նրա միջոցով միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող դաuընթացներին, uեմինարներին և աշխատանքային հանդիպումներին մաuնակցությամբ

29. Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի պահանջներով`   Ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման և զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշման նպատակով կշարունակվեն վերապատրաստման և ատեստավորման գործընթացները:

30. Ծառայությունը կիրականացվի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատում, ըստ որի կկազմվի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիր, որը ներառում է վերապատրաստման կարիքները, վերապատրաստման եղանակները, հատկացված կրեդիտները, ժամանակի բաշխվածությունը, իրականացնող կազմակերպությունները, վերապատրաստում իրականացնող մասնագետների թեկնածուները:

 

ՄԱՍ 6

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

31.  Ծառայությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Օրենքի նախագիծը «Պետական վիճակագրության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ պարբերության պահանջ է, համաձայն որի պետական վիճակագրական գործունեության ուղղությունները եռամյա կտրվածքով սահմանվում են օրենքով:

Օրենքի նախագծով առաջարկվում է հաստատել Արցախի Հանրապետության  2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը, որով սահմանվում են պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղությունները` ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների:

 Հիշատակված ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումները սահմանվում են  Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող տարեկան ծրագրերով:

 

       2.  Առաջարկվող  կարգավորման բնույթը

  

   «Պետական վիճակագրության մասին»  օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` Արցախի Հանրապետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է, որը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը :

       «Պետական վիճակագրության մասին» օրենքի համաձայն` պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեuանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեuուրuների հետ համաչափությունը:

          Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար uկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեuի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից oգտվելու հավաuար մատչելիություն, պրոֆեuիոնալ uտանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, uկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն:

          

    3. Նախագծի նորմատիվ բնույթի

          

   Նախագծի նորմատիվ բնույթը հիմնավորվում է նրանով, որով սահմանվում են պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղությունները` ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների:

 

         4.Ակնկալվող արդյունք

 

        Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը խարսխված է մի կողմից` տվյալների արժանահավատության, յուրաժամանակությանտեղեկատվության  ստացման   գիտական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջների, մյուս կողմից` վիճակագրական գաղտնիքի սկզբունքի պահպանման պահանջի վրա:

Վիճակագրության հետագա զարգացումը 2021-2023 թվականներին նախատեսվում է իրականացնել ըստ տնտեսության իրական, հարկաբյուջետային, ֆինանսական, արտաքին և սոցիալ-ժողովրդագրական հատվածների: 

 

     5.    Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և   անձինք

        Նախագծի մշակման աշխատանքը իրականացվել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

 ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                             Մ.ՄԻՆԱՍՅԱՆ