ԼՈՒՐԵՐ
ԱՀ խորհրդարանում տեղի է ունեցել ԱԽ քարտուղարի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ
09 սեպտեմբերի 2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ:

Բացելով հանդիպումը՝ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ ԱԺ պատգամավորների հետ հանդիպելու և ԱԽ կառուցվածքի և գործունեության մասին խոսելու ցանկություն է հայտնել ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Սամվել Բաբայանը ներկայացրել է ԱԽ գործառույթները և դրանից բխող կադրային քաղաքականության հիմնավորումները՝ ընդգծելով հարցերի շուրջ հանրության շրջանում առաջացած հետաքրքրությունն ու քննարկումները:

«Պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ ԱԽ-ը նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի կարգադրությունները կամ  ռազմավարական ծրագրերը, որը համատեղ հուշագրով մենք ստորագրել ենք»,-նշել է ԱԽ քարտուղարը:

Սամվել Բաբայանը բացառել է նաև Անվտանգության խորհրդի՝ «երկրորդ իշխանություն» լինելու մասին շրջանառվող լուրերը, նշելով, որ դա հնարավոր չէ նախ օրենսդրությամբ և չկա նաև նման լիազորության անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարի հավաստմամբ՝ նախագահի հետ իրենց համագործակցությունը հիմնված է 2020-2025 թվականների համար ստորագրված  երկկողմ հուշագրի դրույթների վրա:

Սամվել Բաբայանի փոխանցմամբ ԱԽ-ը համագործակցում է նախարարների և նրանց տեղակալների հետ, ստեղծվել է հանձնաժողով, որտեղ քննարկվում են առկա խնդիրները: ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ գալիք տարվա բյուջեի քննարկման համար խորհրդարանին կներկայացվեն նաև ըստ ոլորտների ԱԽ ծրագրային ուղղությունները:

Այնուհետև պատգամավորները և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ԱԽ քարտուղարին են առաջադրել ԱԽ-ի կադրային պատրաստվածությանը, նախարարությունների կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնություններին ԱԽ-ի միջամտությանը, նախագահի կողմից ԱԽ-ին տրված լիազորությունների իրավական կարգավորումներին, ԱԽ կանոնդարությանը, կառուցվածքին, ԱՀ ռազմավարական հայեցակարգի մշակմանը, աշխարհազորի կազմավորմանը, Սահմանադրության 48-րդ հոդվածի երկրորդ կետի փոփոխությանը, ԱԽ վերահսկողական գործառույթներին վերաբերող այս և այլ հարցեր և ստացել պարզաբանումներ:

ԱԽ քարտուղարը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար հանդիպել խորհրդարանական ուժերի հետ և քննարկել առկա խնդիրները:

Ամփոփելով հանդիպումը` ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ բոլորի գերխնդիրը պետք է լինի բավարար պայմանների ստեղծումը՝ բարեկեցիկ, վստահելի, արդարության սկզբունքների վրա հիմնված  երկիր կառուցելու համար:

Հանդիպման տեսագրությունը:

ԼՈՒՐԵՐ