ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 1 - ԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2020Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 11 – Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան – Հարգարժան նախագահ պարոն Հարությունյան, հարգարժան կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը սկսում ենք զորակցությամբ և վշտակցությամբ: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային կորուստների ցավն անչափելի մեծ է և դաժան: Մեր վշտակցությունն ենք հղում Լիբանանի եղբայրական ժողովրդին, որոնց մեջ նաև մեր ազգակիցներն են: Տոկունություն և ոգու արիություն բոլորին արհավիրքը ցավին դիմանալու համար: Ինչպես տեղյակ եք ԱՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու համար: ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը ևս մասնակիցը կլինեն այդ աշխատանքներին:
Խորը ցավով ենք տեղեկացել, պատգամավոր Աշոտ Դանիելյանի մոր անժամանակ մահվան մասին: Մեր աշխատակցուհի տիկին Դոնարային որդու անսպասելի մահվան գույժը ցնցել է բոլորիս: Ցավակցում ենք հանգուցյալների հարազատներին, կիսում նրանց մեծ վիշտը: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` ԱՀ նախագահի կողմից ԱԺ է ներկայացվել պաշտոնական գրություն` ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ:
Առաջարկվել է 2020թ. օգոստոսի 11-ին ժամը 11:00-ին գումարել ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով ԱԺ ներկայացված «ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցերը:
Ղեկավարվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով` 2020թ. օգոստոսի 7-ին հրապարակվել է ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումը:
Օրակարգային հարցերը սահմանված ժամկետներում քննարկվել են խորհրդարանի իրավասու հանձնաժողովում, և համապատասխան եզրակացություններով այսօր պատրաստ ենք դրանք արտահերթ նստաշրջանում ներկայացնելու համար:
Ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նստաշրջանի աշխատանքներին և խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:
Գրանցում:
Գրանցման արդյունքներով` ներկա են 31 պատգամավորներ, բացակա` 2-ը:
Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Հաշվի առնելով, որ Կանոնակարգ օրենքի 85-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պետական բյուջեի մասին օրենքում լրացում կամ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ քննարկվում է հատուկ ընթացակարգով, ուստի գլխադասային հանձնաժողովի կողմից ներկայացվել է երեկ ԱԺ որոշման նախագիծ:
Նախագծով առաջարկվում է օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվում է առնվազն 3-ական ժամ:
Հարցեր կա՞ն որոշման նախագծի վերաբերյալ: Չկան:
Քվեարկության է դրվում «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին» որոշումը:
Քվեարկություն
Կողմ` 31, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունված է:
Այժմ սկսենք «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումը: Այն ԱՀ նախագահի կողմից լիազորված է ներկայացնելու ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:
Վահրամ Բաղդասարյան - Մեծարգո պարոն նախագահ, ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, գործընկերներ: ԱՀ նախագահի 2020-2025թթ․․ ծրագրի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով մշակվել և ԱԺ քննարկման է ներկայացվում «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Փոփոխություններում նախատեսում է ԱՀ 2020թ. պետական բյուջեի մի շարք ծախսային ծրագրերում կատարել ավելացումներ, մասնավորապես ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, ոռոգման ցանցի ընդլայնման ու կառավարման արդյունավետության բարձրացման բնագավառում առաջարկվում է ԱՀ հյուսիս-արևելյան հողերի ոռոգումը Թարթառի հոսքով ծրագրի իրականացման նպատակով 2020թ. համար ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում ծախսային ծրագիրը ավելացնել 2,5 միլիարդ դրամով: Արտիզան ջրհորների կառուցման ու ջրախնայողական տեխնոլոգիաների ցանցի ընդլայնման նպատակով գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրեր ծախսային ծրագիրը առաջարկում է ավելացնել 1,5 միլիարդ դրամով: 2020թ. սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, մի շարք բժշկական ծառայությունների ընդլայնման, ինչպես նաև անպտղության բուժման կազմակերպման նպատակով առողջապահության բաժինը առաջարկում է ավելացնել 400 միլիոն դրամով: Դրանից բացի արդեն 2020թ. առողջապահության ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարների շրջանակներում կիրականացվեն հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու ԱՀ հաշվառված ԱՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց սրտի վիրահատությունների անվճար կազմակերպումը: Անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրման համար կրթություն բաժնի ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին տրվող փոխհատուցում ծրագիրը առաջարկում է ավելացնել 200 միլիոն դրամով: Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման և բարելավման, գյուղական բնակֆոնդի նորոգման հնարավորությունների ընդլայնման բնագավառում գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքներին, համայնքներին, բնակիչներին շինանյութերի տրամադրման ծավալների ավելացման նպատակով ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման ծախսեր ծախսային ծրագիրը առաջարկում է ավելացնել 710 միլիոն դրամով: ԱՀ չգազիֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի որոշ մասի սուբսիդավորման նպատակով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորում ծախսային ծրագիրը առաջարկում է ավելացնել 100 միլիոն դրամով: Առաջնային և ռազմավարական նշանակության ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կապիտալ ներդրումներ ծախսային ծրագիրը առաջարկում է ավելացնել 6,5 միլիարդ դրամով: Հիմնականում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների, համավարակի հաղթահարման ուղղված առողջապահական միջոցառումների և համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտության պայմանավորված պետական բյուջեի պահուստային ֆոնդը առաջարկում է ավելացնել 2 միլիարդ 900 միլիոն դրամով: Այսպիսով ԱՀ 2020թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսում է ավելացնել 14 միլիարդ 810 միլիոն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները 5 միլիարդ 100 միլիոն դրամով պայմանավորված ՀՀ ստացվող բյուջետային վարկի գումարի նույնչափ ավելացմամբ: Փոփոխությունների արդյունքում 2020թ. ԱՀ պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով 126 միլիարդ 49 միլիոն 399,2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 միլիարդ 650 միլիոն 717,7 հազար դրամ, դեֆիցիտը կկազմի 9 միլիարդ 601 միլիոն 318,5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին: Խմբակցությունների կողմից ԱԺ քննարկումներ է կազմակերպվել, համապատասխան առաջարկություններ է ներկայացվել: Երեկ հանձնաժողովի նիստին կառավարության մոտեցումները ներկայացվել է, եթե անհրաժեշտություն կա նորից ներկայացվի:
Արթուր Թովմասյան - Կա՞ անհրաժեշտություն: Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Մենք անցնում ենք հարցերին: Հարցեր կա՞ն պարոն Բաղդասարյանին: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:
Հարցերի համար հերթագրվել են 10 պատգամավոր: Հիմա ես ընթերցեմ, եթե բաց թողած լինենք, ես կավելացնեմ. Վլադիմիր Կասյան, Արամ Գրիգորյան, Արթուր Հարությունյան, Գեղամ Ստեփանյան, Դավիթ Գալստյան, Մետաքսե Հակոբյան, Կարեն Հովհաննիսյան, Վահրամ Բալայան, Արթուր Մոսիյան, Արմեն Հակոբյան: Հարցերի համար հերթագրվել են 9 պատգամավոր:
Հիշեցման կարգով նշեմ, սա վերջին անգամն է, հաջորդ նիստերին էլ չենք հիշեցնի: Հարցերի համար՝ հատկացվում է մինչև 2-ական րոպե, հարցերին պատասխանելու համար հատկացվում է 3-ական րոպե, արձագանքելու համար հատկացվում է մեկական րոպե: Պարոն Կասյան, խնդրեմ:
Վլադիմիր Կասյան - Հարգարժան ԱՀ նախագահ, ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, ես 1994թ. մինչև հիմա միշտ մասնակցել եմ նման միջոցառումների՝ բյուջեի հաստատմանը: Բոլորն էլ համամիտ կլինեն, որ առաջին անգամն է քննարկվում նման երևույթ, այն որ տարվա կեսին ոչ թե բյուջեի պակասացում է նախատեսվում, այլ ավելացում: Շատ ողջունելի է և շատ ընդունելի է, որ կորոնավիրուսի այս պայմաններում նման գումար բյուջեում ավելացնելը դա շատ մեծ առավելություն է: Հիմա ես ունեմ երկու հարց: Առաջին հարցը վերաբերվում է գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրերն, որը որ ծախսային մասով ավելացվել է 1 միլիարդ 500 միլիոն դրամ: Ես կուզեի իմանալ ի՞նչ ծրագրերի համար է օգտագործվելու այս գումարը, և 2-րդը՝ վերանորոգման, վերականգնման ջրատարների, ջրանցքների և ջրամբարների համար նախատեսվում է 2 միլիարդ 500 միլիոն դրամ: Հարցս հետևյալն է. այս գումարը, որն որ հատկացվել է, քանի՞ հեկտար վարելահող կամ այգի է օգտվելու այս ծրագրից:
Վահրամ Բաղդասարյան - Առաջին հարցի կապակցությամբ, գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրում 1,5 միլիարդ դրամը նախատեսվում է հատկացնել կաթիլային համակարգերի տարածքների ընդլայնման և արտիզան ջրհորների քանակների ավելացմանը, մոտ մեկ միլիարդը կաթիլային համակարգերին է հատկացվելու, մյուս 500 միլիոնը՝ արտիզան նոր ջրհորների փորման աշխատանքներին: Տեղեկացնեմ նաև, որ կաթիլայինի համար հաշվարկները մեկ հեկտարի համար ծախսվում է 1,5 միլիոն դրամ, կաթիլային համակարգերի համար, իսկ այս պահի դրությամբ մենք ունենք գործող 85 հատ արտիզան ջրհորներ, և ունենք 20-ից ավելի հայտեր, որոնց իրականացմանն ուղղվելու է այդ աշխատանքները: Կաթիլային ոռոգման այս պահի դրությամբ ունեցել ենք մոտ 4000 հեկտարի հայտ գյուղնախարարությունում, 2400 հեկտարի համար արդեն իսկ կառուցված է, մնացած հայտերի բավարարման համար հատկացվելու է այդ նախատեսված միջոցները: Ինչ վերաբերվում է 2,5 միլիարդի հատկացմանը, ապա նշեցի, որ Թարթառի ջրերի տեղափոխումն է հյուսիս-արևելյան հողերի ոռոգման նպատակով: Սա այն խոշոր ծրագրի ընդամենը սկիզբն է, 2,5 միլիարդը ընդհանուր այդ ծրագիրը մոտավոր արժեքը 25 միլիարդ դրամ է կազմում և կառուցման ավարտելուց հետո մոտ 30 հազար հեկտար լրացուցիչ ոռոգվող տարածքներ ենք ունենալու:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, խնդրեմ:
Արամ Գրիգորյան - Շնորհակալություն, մեծարգո նախագահ ԱՀ, հարգելի ներկաներ, իհարկե միանշանակ ողջունելով կատարվող փոփոխությունները ես իմ հարցն եմ ուզում ուղղել պարոն Բաղդասարյանին: Պարոն Բաղդասարյան, իհարկե մանրակրկիտ քննարկվել է, Դուք ներկայացրել եք բոլոր այդ փոփոխությունները, որը հիմա առաջարկվում է, այնուամենայնիվ ես կխնդրեի 400 միլիոն դրամի վերաբերյալ, որը հատկացվում է առողջապահական համակարգին, այդ ամբիոնից ավելի մանրակրկիտ ներկայացնեք մեր հասարակությանը, նամանավանդ առողջապահական համակարգի աշխատակիցների համար: Շնորհակալություն:
Վահրամ Բաղդասարյան - Այդ 400 միլիոն դրամը, հիմնական մասը, 316 միլիոնի կարգի հատկացվելու է աշխատավարձերի բարձրացմանը բժշկական անձնակազմի: Սա բժշկական անձնակազմի 30 տոկոսի չափով, միջին բուժանձնակազմ 20 տոկոսի չափով, կրտսեր և վարչատնտեսական անձնակազմ՝ 15 տոկոսի չափով: Մնացած գումարները՝ մոտ 62 միլիոն դրամից մի քիչ ավել հատկացվելու է անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնությունը հանրապետությունից դուրս բուժման ուղեգրման նպատակով, սա նախատեսում է մոտ 25 զույգի համար, և ինչպես նշեցի, այլ ծառայությունները դա հեմոդիալիզի անցկացման ծառայությունն է և անգեոգրաֆիայի անցկացման ծառայությունները, մոտ 21,5 միլիոն դրամի հատկացվելու է այդ նպատակով: Բացի դրանից, 2020թ.բյուջեով իրականացվելու է հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, նրանց հավասարեցված, ԱՀ հաշվառված մեր պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց սրտի վիրահատությունները անվճար կազմակերպելու նպատակով:
Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք, պարոն Գրիգորյան: Պարոն Հարությունյան, խնդրեմ:
Արթուր Հարությունյան - ԱՀ մեծարգո նախագահ, հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, հարցս վերաբերվում է շրջանների կարողությունների զարգացման ծրագրով 710 միլիոն դրամ հատկացումներին: Ես կուզենայի իմանալ ո՞ր ծրագրերին է ուղղվելու գումարները և արդյունքում ի՞նչ ենք ունենալու: Շնորհակալություն:
Վահրամ Բաղդասարյան - Շնորհակալություն, ուրեմն, 710 միլիոն դրամը հիմնական մասը հատկացվելու է շինանյութերի տրամադրմանը, գիտեք մեր գյուղական բնակավայրերում բնակֆոնդի վիճակը, ունենք բավականին հայտեր տանիքների վերանորոգման հիմնականում ուղղված միջոցառումներ են: 2020թ. բյուջեով նախատեսված էր 968 միլիոն 600 հազար դրամ, սակայն հաշվի առնելով մեծ պահանջարկ, շատ մեծ հայտեր ունեն վարչակազմերում, որոշում է կայացվել ավելացնել նաև 500 միլիոն դրամով շինանյութերի տրամադրման ծավալները: 170 միլիոն դրամը տրամադրվելու է գյուղական ճանապարհների սալապատման համար, բյուջեով նախատեսված է 404 միլիոն 200 հազար դրամ, լրացուցիչ 70 միլիոնի տրամադրման անհրաժեշտությունը առաջացել է էլի ունեցած մեծ քանակությամբ հայտերով: Տեղեկացնեմ, որ մոտավորապես մեկ քառակուսի մետր սալապատումը միջին հաշվարկով, քանի որ դա կախված է համայնքների հեռավորություններից, շինանյութերի մատակարարման հետ կապված տարբեր գներից, մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է 10 հազար դրամի շրջակայքում, այդ 10 հազար դրամից մոտ 1500-1600 դրամը աշխատավարձերն են, մնացածը՝ շինանյութերի ձեռք բերումն և տեղափոխումն է: Կատարված ըստ պլանի 84 հազար քառակուսի մետր նախատեսվածից արդեն կա մինչև 2020թ. 84 հազար քառակուսի մետր սալապատված տարածքներ, 2020թ. կատարվել է 30 հազար արդեն, այսինքն 404 միլիոնը 40 հազարի նախատեսված գումարից 30 հազար քառակուսի մետրը արդեն իսկ կատարված է, այսինքն լրացուցիչ 170 միլիոնով նաև 17 հազար քառակուսի մետր լրացուցիչ ճանապարհ է սալապատվել, իսկ մյուս 40 միլիոն դրամը Հադրութի շրջանում բարեկարգման նպատակով այնտեղ նաև ճանապարհների եզրերին բավականին մեծ կարիք կա այդ պատերի հենապատերի կառուցման, բարեկարգման աշխատանքների, 40 միլիոնն էլ տրամադրվում է միայն Հադրութի շրջանի այդ ծրագրի համար:
Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք, պարոն Հարությունյան: Պարոն Գալստյան, խնդրեմ:
Դավիթ Գալստյան - Շնորհակալություն: Երեկ բարձրացրած մեր հարցին, թե կառավարության կողմից տրված երաշխիքները ՀՆԱ- ի ի՞նչ տոկոս է կազմում և նոր տրված երաշխիքով վերցրած 9,6 միլիարդ դրամը փոխառություն ստանալուց հետո ի՞նչ տոկոս կկազմի մեր ՀՆԱ- ի ընդհանուր տոկոսի մեջ:
Վահրամ Բաղդասարյան - Ինչպես գիտեք բյուջետային համակարգի օրենքի համաձայն նախորդ տարվա ՀՆԱ - ի 40 տոկոսը չպետք է գերազանցի տրված երաշխիքների գումարը: 2019թ. ՀՆԱ - ն կազմել է 342 միլիարդ 463 միլիոն 600 հազար դրամ: Դրա 40 տոկոսը կազմում է 136 միլիարդ 985 միլիոն դրամ, այսինքն բյուջետային համակարգի մասին օրենքով կառավարությունը հնարավորություն ունի մինչև 137 միլիարդ դրամի երաշխիքներ տրամադրի: Ինչպես Ձեր գրավոր հարցմանը մենք պատասխանել ենք, մեր տրամադրած երաշխիքներով ստացած վարկերը ընդամենը 92 միլիարդ դրամ են:
Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք:
Դավիթ Գալստյան - Դա 92 միլիարդ դրամ տրամադրված այլ հիմնարկների երաշխիքն էր, իսկ կառավարության անմիջապես վարկը տրամադրած գրությամբ 105 միլիարդ 600 հազար էր: Ֆինանսական հիմնադրամներին և 8 ֆինանսական այլ կազմակերպությունների թվով 40…
Վահրամ Բաղդասարյան - Կառավարության կողմից տրամադրված երաշխավորություններով ստացվող վարկերի 40 տոկոսն է, այսինքն մենք այս պահի դրությամբ ունենք տրամադրած ընդամենը 118 միլիարդ դրամի երաշխիքներ:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Տիկին Հակոբյան, խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան - ԱՀ մեծարգո նախագահ, ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, Արցախում սահմանամերձ բնակավայրերում բնակչության խտության խնդիր կա: Վստահ եմ կհամաձայնեք, որ կարևորագույն խնդիրը մարդու ֆիզիկական անվտանգությունը, ուստի զարմանալի է, որ 14 միլիարդ 810 միլիոն ծախսային մաս ավելացնելով ինչու՞ մեր խմբակցության առաջարկը տեղ չգտավ, ըստ որի կարևորվում էր ապաստարանների կառուցումը, փոխարենը շատ արագ կարգավորվում է պետական պաշտոնյանների աշխատավարձերի համապատասխանեցումը ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերին:
Վահրամ Բաղդասարյան - Ուրեմն Ձեր առաջարկությանը ի պատասխան նշեցի երեկ, որ ապաստարանների կառուցման համար 2020թ. բյուջեով նախատեսված են արդեն գումարներ՝ 250 միլիոն դրամ, այս պահի դրությամբ այդ 250 միլիոն դրամից յուրացված են մոտ 100 միլիոն դրամը, այսինքն աշխատանքներն իրականացվում են ու շարունակվում են, այստեղ նաև իրացման գումարների խնդիր կա, հաջորդ տարվա բյուջեով ավելի մեծ ծավալներով կնախատեսվեն այդ գումարները, իսկ ինչ վերաբերվում է աշխատավարձերի բարձրացմանը, ապա ինչպես տեսնում եք Դուք բյուջեի ավելացման գումարներում չկա աշխատավարձի բարձրացում: Աշխատավարձերի բարձրացումը իրականացվում են 2020թ. բյուջեով տնտեսված միջոցների հաշվին և 2020թ. բյուջեով աշխատավարձերի բարձրացման և նոր կառույցների ստեղծման հետ կապված լրացուցիչ ֆինանսական բեռ չկա:
Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք:
Մետաքսե Հակոբյան - Ես հիշում եմ, Դուք երեկ ասել եք, ուղղակի այստեղ խնդիրը նրանում էր, որ այդ հրատապությունը մենք ինքներս երեկ հասկացանք, որ այդ 250 միլիոն դրամը շատ փոքր թիվ է ապաստարաններ կառուցելու համար և հուսանք, որ հաջորդ տարվա բյուջեում ավելի մեծ գումարներ կտրամադրվեն և մեծ ուշադրություն կդարձվի ապաստարանների կառուցմանը, շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ:
Կարեն Հովհաննիսյան - Հանրապետության հարգարժան նախագահ, հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ: Պարոն նախարար, երեկ մեր համապատասխան հարց ու պատասխանների ժամանակ մենք հարց բարձրացրեցինք, որ բյուջետային համակարգի մասին ԱՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերությունում հստակ նշվում է, թե օրենքի ինչ խախտմամբ է կայացվում այսօր այս ներկայացրած փոփոխությունը բյուջեի, ինչին Դուք պատասխանեցիք, որ կներկայացնեք այն հիմքերը, որով կառավարությունը ներկայացնում է բյուջետային այս փոփոխությունը: Մինչև այս պահը հղումը չենք ստացել, չենք լսել, խնդրում եմ անեք այդ հղումը, որպեսզի մենք…
Վահրամ Բաղդասարյան - Խոսքը վերաբերվում է բյուջեում կատարվող փոփոխությունների՞ մասին, թե՞ պաշտոնական անձանց:
Կարեն Հովհաննիսյան - Գործակիցների, դրույքաչափերի և ոչ պաշտոնատար խմբերի դրույքաչափերի բարձրացմանը:
Վահրամ Բաղդասարյան - Դա հաջորդ հարցն է, հիմա քննարկում ենք բյուջեում կատարվող փոփոխությունները: Ես դա հետո կներկայացնեմ:
Արթուր Թովմասյան - Դուք հնարավորություն կունենաք, պարոն Հովհաննիսյան
Կարեն Հովհաննիսյան - Լավ, հուսով եմ, որ մինչև երկրորդ հարցին անդրադառնալը պատասխանը մենք կստանանք:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Բալայան, խնդրեմ:
Վահրամ Բալայան - Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան ուսման վարձերի փոխհատուցումը լավ ծրագիր է, նույնիսկ կարելի է ասել անհրաժեշտ, բայց ինչո՞վ է պայմանավորված այդ շտապողականությունը, երբ մեր համալսարանները դեռևս այդ հավատարմագրման գործընթացի մեջ են, այդ գործընթացը ավարտված չէ, ավելին, համալսարանները բարեփոխումների անհրաժեշտություն ունեն: Արդյոք դա պետական միջոցների վատման չի դառնա այդ շտապողականությունը: Եվ երկրորդ հարցը ուղղակի Ձեր խոսքից ծնվեց, Դուք ներկայացրեցիք, որ այդ սալահատակման ժամանակ 10 հազար դրամ պիտի ծախսվի մի քառակուսի մետրի վրա, մի խորանարդի արժեքի դեպքում ինչքա՞ն է կազմելու մի քարը:
Վահրամ Բաղդասարյան - Մի քարը կախված է բնակավայրի հեռավորությունից, ինքը ձեռք է բերվում 180 դրամով հանքում, 20 դրամ՝ բարձելը ու կախված արդեն հեռավորությունից, կա համապատասխան հաշվարկ քաղաքաշինության նախարարության կողմից, բնականաբար ամենահեռու տարածքներում, ասենք Հադրութի շրջան հասնում է մինչև 450 դրամ՝ կախված տրանսպորտային ծախսերից:
Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք:
Վահրամ Բալայան - Այս մեկը լավ է, երկրորդ հարցը…
Վահրամ Բաղդասարյան - Իհարկե, Ձեր հետ համակարծիք չեմ, որ սա վատնում է, անվճար բարձրագույն կրթական համակարգը կազմակերպելու սա այդ ծրագրի առաջին մասն է դեռ, և հաշվի առնելով ուսումնական տարին, որ սեպտեմբերի 1-ից սկսում է և բխում է նաև նախագահի հաստատած ծրագրից, սեպտեմբերի 1-ից արդեն իսկ բակալավրիատի բարձրագույն կրթության ուսանողները անվճար կրթությունը կազմակերպելու համար: Ինչ վերաբերվում է այդ հավատագրմանը, ապա դա գործընթաց է, որը սկսվել է և իրականացվում է, այստեղ զուգահեռ նաև ինքը ենթադրում է ավելի խիստ հսկողություն, թե ընդունելության քննությունների, թե ընթացիկ քննությունների առումով, և այն շահագրգռվածությունը վճարովի համակարգում շատ ուսանողներ ընդունելու արդեն չի լինելու: Եվ իմ անձնական կարծիքով, շատ ավելի օբյեկտիվ քննաշրջան է, քննություններ են իրականացվելու:
Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք:
Վահրամ Բալայան - Պարոն Բաղդասարյան, խնդիրը նրանումն է, որ տարիներ շարունակ մենք բավականին շատ ուսանողներ ենք ունեցել: Շրջանավարտների համարյա 50-80 տոկոսը մենք ընդունել ենք համալսարաններ, շատ դեպքերում այդ մարդիկ նույնիսկ գաղափար չունեին համալսարանական կրթությունից: Այսինքն փոխհատուցել դա մի տեսակ անհրաժեշտ է այդ ծրագիրը իրականացնել, բայց կարծում եմ շտապողականություն կա: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Մոսյան, խնդրեմ:
Արթուր Մոսյան - Պարոն Բաղդասարյան, բյուջետային համակարգի մասին օրենքի շուրջ օրենքի 14-րդ մասով մենք էլի ենք խոսել, քննարկել ենք: Հարցս վերաբերվում է 2,5 միլիարդ դրամի ջրանցքների կառուցման: Ընդհանուր ասացիք այս տարի տրամադրվում է 2,5 միլիարդ ընդհանուր արժեքր ծրագրի 25 միլիարդ է, և ավարտելուց 30 հազար հեկտար հող կդառնա ոռոգովի: Փուլերի մասին ի՞նչ կարող եք ասել, քանի՞ փուլով է իրականացվելու և քանի՞ տարում, և այդ 50 միլիարդից ո՞ր մասն է վարկային միջոցներ, այսինքն տոկոսով, բանկերից փոխառումների միջոցների հաշվին իրականացվելու և ո՞ր մասը, եթե կան ներդնողներ, ի՞նչ չափով և այլն: Ավելի մանրամասն, եթե հնարավոր է, ասեք:
Վահրամ Բաղդասարյան - Նախ 50 միլիարդ չէ, այլ 25 միլիարդ է, 2,5 միլիարդը դա կանխավճարի տեսքով արդեն, որպեսզի սկսեն խողովակների ձեռք բերման աշխատանքները, ընդհանուր առմամբ նախատեսվում է, այսինքն հանձնարարությունը հետևյալն է, որ մինչև 2021թ. վերջը ավարտին հասցնել այդ օբյեկտը, հիմնական մասը լինելու է փոխառու միջոցներով, ջրային տնտեսության և համապատասխան առևտրային բանկերի հետ, իսկ բյուջետային հատկացումների անհրաժեշտությունը արդեն 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ կքննարկենք:
Արթուր Մոսյան – Հարցս երևի ավելի պարզ չեմ տվել: Դա մեր պետական բյուջեի և տրված երաշխիքների փոխառու միջոցնե՞րն են, թե՞ օտարերկրյա ներդնողներ կան, այսինքն ինչ որ մեկն ներդրում է կատարել: Զուտ մեր պետական բյուջեի հաշվի՞ն է դա կատարվելու, կապ չունի փոխառումը կատարվել է, թե՝ ոչ:
Վահրամ Բաղդասարյան - Նախնական հաշվարկներով այո, բայց նաև աշխատանքներ են իրականացվում համապատասխան բանակցություններ, նաև ներդրումներ ներգրավելու համար:
Արթուր Թովմասյան - Պարոն Հակոբյան, խնդրեմ:
Արմեն Հակոբյան - Մեծարգո նախագահ ԱՀ, ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ: Իմ հարցը հետևյալն է. ԱՀ չգազիֆիկացման համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի որոշ մասի սուբսիդավորման նպատակով նախատեսվում է 100 միլիոն դրամ: Խնդրում եմ տեղեկացնել, քանի՞ համայնքներում է գործելու այս ծրագիրը և մոտավոր քանի՞ ընտանիք է օգտվելու այս ծրագրից:
Վահրամ Բաղդասարյան - Շնորհակալություն: Այս պահի դրությամբ ԱՀ տարածքում կա 155 չգազիֆիկացված համայնք՝ 219 բնակավայրերից: Այդ բնակավայրերում բնակչության թիվը կազմում է 30 հազար 259 հոգի: Համաձայն 2019թ. տեղեկությունների էլեկտրաէներգիայի սպառման տարեկան ծավալը այդ համայնքներում կազմել է 19 միլիոն 605 հազար կվ/ ժամ էլեկտրաէներգիա: Այսինքն, տարեկան մոտ 200 միլիոնի փոխհատուցում է տրամադրվելու հաշվի առնելով, որ մենք տարին 2020թ. կեսից ենք անում, 6 ամսվա հաշվարկով ենք անում, բայց 5 ամսվա փոխհատուցում ենք անում բնականաբար տալու, 100 միլիոն է նախատեսվում, արդյունքում այդ բնակիչները սակագինը իրենց համար էլեկտրոէներգիայի սահմանվելու է 15 դրամ, մնացածը փոխհատուցվելու է:
Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք; Շնորհակալություն պարոն Բաղդասարյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Հարակից զեկուցման համար խոսքը տրվում է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արթուր Հարությունյանին: Խնդրեմ:
Արթուր Հարությունյան - ԱՀ մեծարգո նախագահ, ԱԺ հարգարժան նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, ներկաներ: ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը մանրամասն քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովում ֆինանսների նախարարը մանրամասն ներկայացրել է օրենքի հիմնավորումները, այնուհետև ներկայացրել խմբակցությունների կողմից տրված առաջարկություններն ու դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունը և հանձնաժողովի նիստում 4 կողմ, մեկ՝ դեմ ձայների համամասնությամբ օրենքի նախագիծը ներկայացնում է առաջին ընթերցմամբ ներկայացվել է լիագումար նիստի: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Անցնում ենք հարցերին: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Չկա՞ն: Շնորհակալություն: Համաձայն Կանոնակարգ օրենքի նախատեսվում է մտքերի փոխանակություն, եթե կան ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Մտքերի փոխանակության համար գրանցվել են 6 պատգամավորներ, եթե անհրաժեշտություն լինի իրավունքի ուժը ես կօգտագործեմ, բայց առայժմ անհրաժեշտություն չկա: Պարոն Բաղունց, խնդրեմ:
Գագիկ Բաղունց - ԱՀ մեծարգո նախագահ, ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ: Այսօրվա արտահերթ նիստի օրակարգային հարցի՝ ԱՀ 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին թվացյալ առօրյականությանը այնուամենայնիվ իր մեջ կրում է խորհրդանշական իմաստ: Քանզի արտացոլում է մեր երկրի նորընտիր ԱԺ և նոր ձևավորված Կառավարության սկզբունքային ռազմավարական դիրքորոշումները և մոտեցումները՝ տնտեսության զարգացման, մասնավորապես, սոցիալական քաղաքականության հարցում:
Անշուշտ, ողջունում ենք կառավարության ամբիցիոզ պլանները, բավականին հրապուրիչ ծրագրերը, որոնք կոչված են ստեղծել կայուն հարթակներ երկրի տնտեսության կտրուկ, թռիչքային աճի համար, ինչը անշուշտ կնպաստի մեր պաշտպանության բանակը ժամանակակից զենքով համալրելու գործում:
Գրեթե բոլոր լուրջ քննարկումները, հիմնավոր վերլուծությունները, կանխատեսումները ազդարարում են արտաքին քաղաքական իրավիճակի անխուսափելի սրացման մասին: Երկրի անվտանգությունը ապահովելու և բազմաթիվ սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է բոլոր ներքին և սփյուռքի ուժերի համաձայնեցված գործունեությունը: Պետք է փորձել իրար մեջ տեսնել դաշնակիցներ, այլ ոչ թե թշնամիներ, պոտենցիալ դավաճաններ և դավադիրներ: Ոչ թե հանդես գալ մեղադրանքներով այլոց հասցեին, այլ ինքն իրեն հարցնել, թե ինչ է արել այս երկրի, ազգի համար, ինչով է նպաստել երկրի տնտեսության զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը:
Սակայն նման հասարակություն, նման քաղաքացի ունենալ հնարավոր չե առանց մարդակենտրոն սոցիալական քաղաքականության, առանց համամարդկային արժեքների վրա հենված որակյալ կրթության և առողջապահության:
Մենք պետք է հստակ պատկերացնենք, որ թե՝ երկրի անվտանգության ապահովման, թե՝ տնտեսական զարգացման նպատակները, ի վերջո ծառայում են մարդու, յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ, բարեկեցիկ կյանքի ապահովման տեսլականին: Ինչպես ասում են՝ ում է պետք այն ճանապարհը, որը չի տանում դեպի Տաճար: Միասնական Հայրենիք կուսակցությունը իր ծրագրերին համաձայն և Ազատ Հայրենիք- ՔՄԴ դաշինքի հետ ստորագրած Հուշագրին համահունչ, հետամուտ է եղել ԱՀ 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք առաջարկությունների ընդունմանը, որոնք ուղղված են մեր հասարակության անապահով խավերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Այդ թվում կուզենայի շեշտել այնպիսի ցավոտ խնդիրներ, ինչպիսիքն են՝
- Ուսուցիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:
- Հանրապետության կրթօջախներում COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
- Տեխնիկական առարկաների դասավանդման թերացումները և համապատասխան ոլորտները որակյալ մասնագետներով համալրելը:
- Պատերազմի մասնակիցներին ուշադրության կենտրոնում մշտապես պահելու քաղաքականությունը և նման մի շարք խնդիրներ:
Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Կառավարությունը ըմբռնումով է մոտեցել մեր առաջարկություններին: Հուսով ենք, որ ինչպես ոչ հեռու ապագայում՝ 2021թ. պետբյուջեի օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, այնպես էլ հետագա տարիներին մեզ կհաջողվի պահպանել ներդաշնակ համագործակցության մթնոլորտ՝ հանուն մեր երկրի կայուն զարգացման և անվտանգ ապագայի: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Պարոն Մելքումյան, խնդրեմ:
Դավիթ Մելքումյան - Մեծարգո նախագահ, հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում փոփոխությունների կատարումը պետք է պայմանավորված լինի հանրային ֆինանսների օգտագործման արդյունավետության բարձրացման, համընդհանուր բարեկեցության ապահովման կարևորագույն հրամայականով: Սա է երկրում բարեփոխումների իրականացման և դրանից բխող նոր ֆինանսական ռեսուրսների ներգրավման մեր տեսլականը: Ուստի մեզ համար սկզբունքային է, որ այսօր քննարկվող օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն մտցնել 2020թ. պետական բյուջեում, տեղավորվի վերը նշված տրամաբանության մեջ:
Ընդհանուր առմամբ պետք է փաստենք, որ Կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված ԱՀ պետական բյուջեում առաջարկվող փոփոխությունների նախագծում տեղ գտած դրույթների մի մասը և ներկայացվող ծրագրերը՝ համադրելի են Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրի դրույթներին: Սակայն մեր նման երկրներում շատ հաճախ ներկայացվում են գեղեցիկ շարադրված ծրագրեր, իսկ դրանց արդյունավետ իրականացումը և դրանց իրականացման նկատմամբ համապատասխան վերահսկողության սահմանումը միշտ չէ, որ հավուր պատշաճի է ընթանում: Խորհրդարանականներիս դերը այս հարցում շատ կարևոր է, մեր խմբակցությունը օգտագործելու է վերահսկողական ողջ գործիքակազմը դրանց արդյունավետ իրականացումը մշտադիտարկելու և խախտումների դեպքում բարձրաձայնելու համար:
Մի քանի նկատառում առաջարկվող նախագծի բովանդակային մասով: Բյուջեում կատարվող փոփոխությունը առիթ էր առավել մեծ ուշադրություն հատկացնելու քաղաքացիական պաշտպանության կարողությունների և ենթակառուցվածքների կատարելագործմանը: Պատերազմող երկրում սա պարզապես առաջնահերթություն է: Ժողովրդավարություն խմբակցությունը նախորդ տարիներին մշտապես հանդես է եկել նման առաջարկությամբ և կարծում ենք, որ կառավարությունը պետք է ընդուներ խորհրդարանական երկու խմբակցությունների կողմից ներկայացված համապատասխան առաջարկությունը:
Որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար ցանկալի կլիներ բուժաշխատողների աշխատավարձերը ավելի մեծ չափով բարձրացվեր մանավանդ, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով շոշափելիորեն բարձրացվում է բարձրաստիճան որոշ պաշտոնյանների վարձատրությունը:
Ինչ վերաբերվում է պահուստային ֆոնդի մեծացմանը, ապա գտնում ենք, որ այն համահունչ է համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու տրամաբանությանը:
Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունը 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկին հայտարարել է, որ առաջնորդվելու է բացառապես հանրային շահով և աջակցելու է Կառավարության կողմից ներկայացված այն ծրագրերին, որոնք սպասարկում են հանրային շահը և հակառակը՝ մերժելու է այդ տրամաբանությունից դուրս ցանկացած առաջարկ: Մենք գտնում ենք, որ 2020թ. պետական բյուջեում առաջարկվող փոփոխությունները՝ ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության զարգացմանը, կապիտալ շինարարության ծավալների ընդլայնմանը, այս տրամաբանության մեջ են: Ուստի մենք կողմ ենք քվեարկելու առաջարկվող օրինագծին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մելքումյան: Պարոն Իշխանյան, խնդրեմ:
Դավիթ Իշխանյան - Մեծարգո նախագահ ԱՀ, կառավարության հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ: 2015թ. աշնանը, երբ որ քննարկվում էր 2016թ. պետական բյուջեն շատ լավ հիշում եմ, երբ որ բյուջեի սոցիալական ուղղվածության մասին խոսվում էր և անընդհատ նաև շեշտադրվում էր կատարվում նախորդ տարիների սոցիալական հիմնախնդիրների լուծման մասին մենք առաջարկեցինք, կարելի է ասել այլ ընտրանքային կամ ալտերնատիվ տարբերակ անվտանգային պետական բյուջե ունենալու, չկանխատեսելով նույնիսկ չպատկերացնելով, որ մի քանի ամիս հետո, 2016թ. ապրիլին կծավալվեր այն, ինչ որ մենք ականատես ենք եղել: Վերջին շրջանում, հատկապես նոր իշխանության ձևավորման գործընթացում, անընդհատ անվտանգային համակարգը կարծես թե առաջնային պլանում է և առաջնահերթ: Ես այս ելույթը գուցե և չէի ունենա, եթե մեր ընդհանուր առաջարկի, նաև մեր խմբակցության կողմից մեր անվտանգային համակարգի հիմնական բաղադրիչներից մեկի քաղաքացիական պաշտպանության առումով առաջարկի այն վերաբերմունքը չլիներ: Իհարկե նախորդ տարիներին նույնն էր: Ես այստեղից շատ բաց, բացահայտ չէի խոսի և մտադիր էլ չեմ խոսելու, որովհետև դռնփակ նիստի ժամանակ պատգամավորների մեծամասնությունը ներկա էին, խոսել եմ քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրների մասին, խոսել եմ նաև նախորդ տարիներին, գոնե իմ կողմից անընդհատ նախաձեռնել և փորձել ենք այդ ուղղությամբ: Պարզապես պիտի ասեմ, հարգանքս մեր կառավարության անդամներին, գործադիրն, բայց պիտի ասեմ ցավում եմ, որ շատ սահմանափակ պատկերացումներ ունեք, երբ որ այս ամբիոնից հայտարարվում է, որ եղած գումարները չի օգտագործվում, չի լրացվում: Թվեր չեմ հրապարակի, կառավարությունն էլ, գործադիրն էլ կամ մեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ամբողջական փաթեթը որպես այդպիսին էլ չունի, այդ մասին խոսել ենք դռնփակ նիստում: Բայց կարծում եմ մեր եղած հնարավորությունները չեն կարող այսօր բավարարել, այսինքն մենք տարիների և փուլային տարբերակով պետք է այդ հիմնախնդիրները լուծենք, այդ մասին մենք ականատես ենք եղել նաև վերջին ընտրությունների ժամանակաշրջանում, երբ որ քարոզարշավին, դրա նախորդած 5 տարիներին, երբ որ պատգամավորի կարգավիճակով հանդիպումներ ենք ունենում: Սա բաց խնդիր է և մոտ 15 միլիարդի հասնող բյուջեի ավելացման կամ առաջարկի պարագային, որևէ հավելյալ գումար չի նախատեսվում: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Իշխանյան: Պարոն Հարությունյան, խնդրեմ:
Արթուր Հարությունյան - ԱՀ մեծարգո նախագահ, ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ, ներկաներ: ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հաշվի առնելով, որ բխում է նախագահի նախընտրական ծրագրի և այնուհետև հանրապետության նախագահի 2020-2025թթ ծրագրից, որը արդեն իսկ սկսել է կյանքի կոչվել Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու այս օրենքի նախագծին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Պարոն Բաղունց, բան ունե՞ք ասելու:
Գագիկ Բաղունց – Նկատի առնելով, որ Միասնական հայրենիք խմբակցության կողմից այլ ելույթ չի նախատեսվում, թույլ տվեք ավելացնեմ, որ Միասնական հայրենիք խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու բյուջեում փոփոխություններ կատարելու համար:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Աղաբեկյան, խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան – ԱՀ մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ: Ես թերևս ելույթ չէի ունենա, եթե հանրապետության նախագահը չմասնակցեր այս նիստին, քանի որ դրա մեջ նաև խորհուրդ եմ փորձում տեսնել, որովհետև նախորդ բյուջեներ ներկայացնելը բավականին այլ ճակատագրերի են արժանանում, և կարծում եմ, որ այս ավանդույթը խորհրդարանի հետ աշխատաոճի այսուհետ կշարունակվի: Մի քանի ամիս առաջ առիթ եմ ունեցել խորհելու բարձրաձայն մեր Արցախում կայացած նախագահական ընտրությունների մասին և գնահատել այն, որ դա պարզապես սոսկ ընտրություններ չէին ավելի շուտ, և երբևիցե աշխարհը, ինչքան էլ, մեզ պաշտոնապես չէր ընդունում, երբևիցե այսքան ակնհայտ, այսքան սահմաններն անցնելով մեր ներքին գործերին չէին խառնվել: Փառք աստծո, մենք հյուսիսային վայրի ցեղերից ամենաազնիվին հատուկ անցանք մեր ճանապարհը և այսօր իրականություն է համավարակ, ջուր, աշխարհ, աշխարհաքաղաքականության տեսակետին, նայեք մեր անմիջապես հարևանը ինչ է կատարվում ջրի ենթակառուցվածքների ու ընդամենը մի քանի օր առաջ բյուջեում, այստեղ չկար, բայց իրականությունից էր այստեղ բացի պաշտպանությունից, այն էլ քիչ մասով, մնացածում համատարած կրճատումներ, ու այս ֆոնին նաև ինչքան էլ փորձում ենք նույնիսկ առաջին 6 ամսվա տվյալներով մենք նույնիսկ սեփական մեր եկամուտների աճը նշանակում է ինչքան էլ որ կախված լինի, ինչքան էլ ինտեգրված կամ կախված լինի մայր Հայաստանից, բայց ինքնուրույն, ավտոնոմ մեր տնտեսությունը բավականին նորմալ գործում է: Իսկ այս ներդրումները ցանկացած ճգնաժամի ժամանակ 10 տարի անընդհատ ասում ենք, որ տաս ու կես երրորդ տարում իրականություն է նաև իրականություն դարձած տեսանելի է, ենթակառուցվածքներ ջրային, ճանապարհային ու գումարած սրանք մուլտիպլիկացիայի արդյունքում մենք երևի կդժվարանանք ներկայումս գնահատականներ տալ, բայց միանշանակ դրական արձագանք է լինելու բոլոր առումներով:
Պարոն նախագահ, ուզում եմ պարզապես Ձեզ որպես ներկա ժամանակաշրջանում մեր հանրապետության ղեկը վարողի անվարան Ձեր խաչը, Ձեր առաքելությունը շարունակեք կրել հերոսական այս հողում, դեռևս հերոսություններ շատ են կատարվելու: Այս պահին, այս ժամանակաշրջանում դա վիճակված է Ձեր օրոք, շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Պարոն նախագահ, եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք: Խնդրեմ, պարոն նախագահ:
Արայիկ Հարությունյան – Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, հրավիրվածներ: Ինձ համար հաճելի է, որ իմ առաջին հանդիպումը ԱԺ 2020թ. բյուջեի մասին օրենքի փոփոխության քննարկմանն եմ մասնակցում և երևի իր նշանակությամբ Արցախի պատմության մեջ ամենաէական փոփոխությունն է լինելու մինչև այսօր և հետայսու ևս: Նախ անդրադառնամ որոշ հարցերի պատասխանի, որից հետո արդեն կներկայացնեմ ինչո՞ւ է կատարվում այս փոփոխությունը: Խոսեմ ապաստարանների մասին: Իհարկե ապաստարանների թեման ես սիրով պատրաստ եմ փակ քննարկման ժամանակ ներկայացնել ի՞նչ եմ նախատեսում անել մինչև տարեվերջ, որը ոչ թե 250 միլիոնի այլ միլիարդատերի մասին է, որը իրականացվելու է տարբեր աղբյուրներով, որը նախատեսված է և ուզում եմ, պարոն Իշխանյան, նշել, որ անվտանգային համակարգի հետ կապված առաջիկա մեկ տարում կատարվելու է ավելին, քան 10-15 տարի վերջին ժամանակահատվածում, գոնե մենք դրա մասին քննարկել ենք, իսկ եթե առիթ է դեմ քվեարկելու, խնդրեմ, բայց որևէ մեկը կասկածի տակ չդնի մեր կառավարության, ձևավորված իշխանության գործելաոճով կամ ծրագրերում անվտանգությունը: Քննարկվում է ինչո՞ւ ենք անվտանգության խորհուրդը մեծացրել, ինչո՞ւ ենք այսքան շատ խոսում, որովհետև մեր անվտանգությունը մեզ համար առաջնայինն է, գլխավորն է ավելի ճիշտ, մնացածը երկրորդական է և փոփոխությունների տրամաբանության հիմքում հենց դրված է անվտանգության համակարգի բարձրացումը: Ինչ վերաբերվում է ինչի՞ ենք շտապում ուսման վճարների փոխհատուցման, պարոն Բալայան, գոնե կարող եք տեղյակ լինել, որ կարծեմ շրջանավարտների 50 տոկոսի մոտ են ընդունվել բարձրագույն կրթություն և արդեն իսկ քայլը շատ մեծ է, արդեն 90 տոկոսը չեն շրջանավարտների ԲՈՒՀ ընդունվում, և ինչ մնում է որակի, շտապողականություն չկա, ժամանակի ընթացքում այն թերացումները, որը մենք տեսնենք այս ընթացքում, կա ձևավորված կառույց, կա նախարարություն, Սահմանադրության պատասխանատու ոլորտին և ընթացքում կշտկեն այն թերացումները, եթե լինի, իսկ ինչ վերաբերվում է ընդունելության հետ կապված, երևի եզակի է պատմության մեջ: Կասկածի տակ չեմ դնում նախկին քննությունների հետ կապված օբյեկտիվությունը, բայց ես նշեմ, որ այս տարի, գիտեք, գոնե մի դեպք լինի, որը միջնորդավորված է ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ պատասխան են տալու բոլորը, և ընդհանուր առմամբ, ոչ միայն կրթության բնագավառում, այլ օրենքի գերակայության և մնացած մեր հարցերը, ինչը շատ հետաքրքրում, մտահոգում է մեր ժողովրդին: Երաշխիքների հետ կապված նշեմ, որ երաշխիքների քաղաքականությունը շարունակվելու է, որովհետև մեզ համար գլխավորը ներգրավել միջոցներ, ուղղել տնտեսությանը, իսկ առաջիկայում կփորձենք առաջին անգամ թողարկել պետական պարտատոմսեր, որովհետև դրա շնորհիվ մեզ հնարավորություն է ունենալու լուծել այն բոլոր հարցերը, ծրագրերը, որն այսօր նախանշված է, նախատեսվում է այդ թվում Դարի պրոյեկտը, որը ես անվանել եմ, դա պատահական չէ: Փակ դռների քննարկման ժամանակ շատ ավելի խորը կներկայացնեմ ինչ է իրենից ներկայացնում այդ պրոյեկտը: Ոչ միայն 30 հազար հեկտար և համակարգն այնպիսինն է լինելու գերժամանակակից, ավտոմատ կառավարվող, իսկ արտասահմանյան ներդնողներին ներգրավելու առումով, կա հնարավորություն, որովհետև ինքն այդ համակարգում նաև նախատեսում է ՀԷԿ կառուցել, կմտածենք անհրաժեշտություն կա՞ ՀԷԿ -ը տրամադրել մասնավորներին, թե այդ նույն համակարգով, քանի որ ինքը ամբողջ մի ծրագրի մեջ է ընդգրկվում պոմպակայան, ՀԷԿ, խողովակաշար, որի երկարությունը լինելու է 67կմ, խողովակաշար, որի ջուրը հասնելու է Բերդաշենի տարածք, և որը նախատեսում ենք մի քիչ էլ դեպի Մարտունի կողմերը, որը թույլ է տալու նաև ընդհանուր առմամբ լուծել բավական հետաքրքիր խնդիր մեր Խաչենի ջրամբարի հետ կապված, որը, գիտեք, տատանումներն այնքան շատ են լինում, այսօր, օրինակ դատարկ է այդ ջրամբարը, իսկ այս խողովակաշարի կառուցմամբ այդ ջրամբարը լինելու է լիքը:
Հարց է բարձրացել վերահսկողության մասին: Վերահսկողությունը մեզ համար լինելու է գլխավոր խնդիրը: Ուզում եմ հստակ իմանաք, որ ամեն մի լումայի համար պատասխան են տալու բոլորը:
Հարց է բարձրացվել, որ այսօր ինչի՞ ենք վռազ սկսել շինարարությունը: Կառավարությունը ունի այդ հնարավորությունը, անհետաձգելի համարելու և այդ ճանապարհների կառուցումը: Եթե 10-20 օր էլ ուշացնենք արդեն տեղափոխվելու է մյուս տարին: Սպասելու իմաստ չկա, մանավանդ ճանապարհներ, որը միայն սոցիալ-տնտեսական չեն, նույն անվտանգային համակարգի մեջ են իրենց ներառում, կլինի Ճարտար-Ըլըբալի ճանապարհահատվածը, Բերդաշենի կամ Քարվաճառ տանող ճանապարհը, կամ փոսորակային ճանապարհները: Ենթակառուցվածքները լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Նշեմ որ ինչի՞ ենք շտապում: Քանի որ վերջին գոնե 12 տարվա մեջ առաջին անգամ մենք ունեցել ենք անկում հունիս ամսին: Հունիս ամսվա անկումը կազմել է 9 տոկոսը, ընդհանուր 6 ամսվա տվյալները այսօր կհրապարակվի, արդեն մետ 2 տոկոսի շրջանակներում անկում ունենք, իսկ գոնե պլանավորում ենք տարին ամփոփել դրական ցուցանիշով և նախապատրաստվել 2021թ. երկնիշ թվի տնտեսական աճ ունենալու այդ ծրագրով:
Շատ է խոսվում աշխատավարձերի բարձրացման մասին: Հասկանում եմ, որ ուզում են տրամադրություն ձևավորել, որ աշխատավարձերը բարձրանում է, ոչ մի աշխատավարձ չի բարձրանում, ժողովուրդ, ընդամենը մի քանի հոգու, որը նախկինում շատ սխալ տրամաբանական հաշվարկով է եղել, օրինակ, եթե մենք գործակիցը ընդունել ենք ՀՀ համապատասխան կառույցների պաշտոնյաների զրո գործակիցը, մի քանի ուղղություններում այդ գործակիցը շատ ցածր էր, և փոփոխության հետ կապված որոշ գործակիցներ: Ոչ մի աշխատավարձ չի բարձրանում պետական բարձրաստիճան պաշտոնյաների, սիրով նշեմ, որ Սեպտեմբերի 1-ից շոշափելի բարձրանալու է ոստիկանության աշխատողների աշխատավարձը, շատ շոշափելի, տարբեր է սանդղակը, օրինակ նախատեսված է, որ ավտոտեսչության աշխատողը նվազագույնը պետք է ստանա 300 հազար դրամ, որպեսզի կարողանա պատշաճ կատարի իր առջև դրված խնդիրները, որպեսզի մեր երկրում երթևեկության կանոնները պահպանեն բոլորն անխտիր, չլինի արտոնյալներ, և, որպեսզի այդ մարդիկ կաշկանդված չլինեն, երբ պետք է տուգանեն կամ համապատասխան կարգի հրավիրեն քաղաքացիներին, որոնք տրանսպորտային միջոցները վարում են կանոններին ոչ համապատասխան: Ոչ միայն սովորական պետական աշխատողների աշխատավարձն է բարձրանում, և այլն: Բժշկության մեջ է բարձրանում, արդեն նշվել է, իհարկե նշվեց այստեղ, որ հունվարի 1-ից շոշափելի բարձրացում է լինելու, և ոչ միայն շոշափելի բարձրացում է լինելու, հունվարի 1-ից մենք ունենալու ենք անվճար առողջապահական համակարգ էլի նույնպես, շատերն ինձ ասում են վռազում եք, ինչպես կրթությունը, չենք վռազում՝ մենք ուշացել ենք: Այս ընթացքում արդեն մի շարք աշխատանքներ կատարվել է առողջապահության բնագավառում: Նշեմ, որ աշխատավարձերի բարձրացումից բացի նաև նշվեց այստեղ, արդեն գործում է Արցախյան պատերազմի մասնակիցների սրտանոթային հիվանդությունների անվճար համակարգը, հայրենական մեծ պատերազմի, սեպտեմբերի 1-ից ամբողջությամբ արդեն արցախյան պատերազմի մասնակիցների համար է գործելու անվճար, առաջիկայում Հայաստանի կառավարության կողմից տրամադրվելու է 10 մեքենա, 3-ը, որից ռեանիմաբիլ, 7-ը՝ սանիտարական, 25 զույգերի ներգրավումը ԷԿՕ ծրագրին: Դա սկիզբն է մեր երկրում: ԷԿՕ- ծրագրում ներգրավելու են բոլորը, այն զույգերը, որոնք ունեն այդ հնարավորությունը, իսկ հետագայում կքննարկենք նաև միայնակ մայրերի հետ կապված: Կորոնավիրուսի լաբորատորիայի հնարավորությունները մեծացել են, և, որը թույլ է տալիս տալիս իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, ավարտված է համարյա ծննդատան շենքի ներքին հարդարման աշխատանքները, 10 տարուց ավել կանգնած է, ընդամենը 2 ամսում համարյա ավարտված է, մնացել է ֆասադային որոշ աշխատանքներ և բարեկարգման, արդեն պայմանագիրը կնքված է բանկի հետ, և սարքավորումներն են գալու, բայց քանի որ ժամանակ չունեմ, ես առաջարկություն ունեմ, երդմնակալության ժամանակ հայտարարել եմ, որ Ազգային ժողովը պետք է տեղափոխվի Շուշի, կա տարբեր կարծիքներ: Եթե Ազգային ժողովը Շուշի տեղափոխվելու հարցում դեմ է, ես սիրով նախագահական ինստիտուտը կտեղափոխեմ Շուշի: Միասին կքննարկենք և կորոշենք որ կառույցն է տեղափոխվում Շուշի, գոնե 2022թ. մայիսի 9-ին, որ ունենանք այս ինստիտուտներից մեկը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն նախագահ: Եզրափակիչ ելույթին հարցեր չեն տալիս, բայց կարող են բացառություն լինել, որոշումով պետք է լինի՝ 17 պատգամավորի թույլտվությամբ: Եթե հարց չկա, շնորհակալություն պարոն նախագահ:
Այսօր ԱԺ- ում նախագահականն տեղափոխելու մասին առանձնազրույց ենք ունեցել, կարծում եմ, որ դա պետք է քննարկենք նաև ԱԺ բոլոր պատգամավորների հետ միասին: Մեր նախագահը դեմոկրատ է, ժողովրդավար է, եթե նախընտրական շրջանում հայտարարել է, ապա ցանկություն կա համեմատել՝ մի կառույց պետք է տեղափոխվի Շուշի, հետագայում դրա մասին ավելի մանրամասն ինքն իր Ֆեսբուկյան էջում կանդրադառնա:
Այժմ քվեարկության է դրվում ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Մեզ է միացել նաև Հադրութի շրջանից մեր պատգամավորը, խնդրում եմ իրեն էլ գրանցեք:
Քվեարկություն
Կողմ՝ 26, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 0
Որոշումն ընդունված է: Մեկ պատգամավորի կոճակ չի աշխատել, խնդրում եմ ավելացնել:
Իսկ այժմ անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելու համար դարձյալ հրավիրվում է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:
Վահրամ Բաղդասարյան – ԱԺ քննարկման է ներկայացվում Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունման և մշակման անհրաժեշտությունը առաջացել է կառավարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով, նոր կառույցների ստեղծման հանգամանքով, և այդ նոր կառույցների պաշտոնատար անձանց վարձատրության համապատասխան գործակիցներ սահմանելու համար: Այսինքն, մասնավորապես ստեղծվել են նոր կառույցներ պետական վերահսկողության ծառայություն, պետական եկամուտների կոմիտե, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, բնապահպանության կոմիտե, դրանց ղեկավարների, պետերի, նախագահների, իրենց 1-ին տեղակալների և տեղակալների գործակիցներն են ներկայացվել ձեր հաստատմանը, քննարկմանը, դրա հետ զուգահեռ, ինչպես հանրապետության նախագահն է նշել, նախկինում որոշ պաշտոնյաների պաշտոնային դրույքաչափերը չէին համապատասխանում որդեգրած այն սկզբունքին, որ ԱՀ պետական պաշտոնյայի վարձատրության գործակիցը պետք է հավասար լինի Հայաստանում համապատասխան պաշտոն զբաղեցնող պաշտոնյայի 80 տոկոսին: Ունենք ընդհուպ մինչև 50 տոկոս գործակիցներ և այս օրենքի փոփոխությամբ առաջարկում եմ նաև այդ անհամապատասխանությունը ուղղել և այդ համապատասխան պաշտոնյաների, որոնց ցանկը ձեր մոտ կա, համապատասխանեցնել ՀՀ իրենց գործընկերների, նույն պաշտոնյաների 80 տոկոսին:
Ինչ վերաբերվում է Արդարություն խմբակցության բարձրացրած հարցին, ապա ասեմ, որ վարձատրության սահմանման և ընդհանրապես նորմատիվ իրավական ակտերի ընդունման մի շարք նորմատիվ ակտեր կան, որոնք սահմանում են այդ գործընթացը: Ինչպես գիտեք նախագահն պաշտոնը ստանձնելուց 20 օրվա ընթացքում պետք է ձևավորվի կառավարություն: 20 օրվա ընթացքում կառավարությունը ձևավորելուց նաև ներկայացվում է անհատական կազմը: Այդ անհատական կազմը ներկայացնելուց, բնականաբար պաշտոնին նշանակվելուց մարդիկ պետք է համապատասխան վարձատրություններ ստանան: Մենք ունենք պետական պաշտոնյայի զբաղեցրած անձանց վարձատրության մասին 25-րդ հոդվածի պահանջ, ըստ որի պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը վճարվում է ամսեկան առնվազն մեկ անգամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Հաշվի առնելով օրացուցային այդ նաև, ինչ որ տեղ անհամապատասխանությունները, և 2017թ. նախագահի հրամանագրով սահմանված կառավարության կառուցվածքի սահմանմամբ, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների կիրառումը աշխատանքի վարձատրության պայմանների վերաբերյալ համապատասխան առաջարկությունները ներկայացնելու պահանջը: Ունենք նաև նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 46-րդ հոդվածի պահանջ, ըստ որի նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կորոզիաների դեպքում կա մի կանոն՝ գործում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը: Այսինքն, նշանակվել են մարդիկ պաշտոնների, պետք է այդ ամսվա համար իրենք վարձատրվեն, բնականաբար մինչև օրենսդրական փոփոխությունների մշակումը, ներկայացումը, քննարկումը և հաստատումը և այլ համապատասխան դիրքորոշումը ԱԺ, այդ մարդկանց վարձատրության հարցերը կարգավորելու համար ընդունվել է կառավարության որոշում, որոշման մեջ նշելով մինչև օրենսդրական համապատասխան փոփոխություններ կատարելը սահմանել հետևյալ վարձատրության գործակիցներ: Այսքանը:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Հարցեր: Հարցերի համար հերթագրվել են 2 պատգամավորներ՝ պարոն Հովհաննիսյան և պարոն Մոսիյան: Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ:
Կարեն Հովհաննիսյան - Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, բնական է, որ մարդն աշխատել է ու դրա դիմաց պետք է աշխատավարձ ստանա, խոսքը դրա մասին չէր, այլ, որ նորմատիվ իրավական ակտը և օրենքը, դրանք տարբեր իրավական ուժ ունեն և ոչ մեկը դեմ չի, որպեսզի մարդիկ բարձր աշխատավարձ ստանան, խոսքը դրա մասին չէր, այլ հակասությունը օրենքի մեջ, որը կարգավորվում է Ազգային ժողովում:
Վահրամ Բաղդասարյան - Ես Ձեզ ընդգծեցի նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի դրույթ, ըստ որոնց գործում է ֆիզիկական, իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, որը չի շոշափում այլ անձանց և ֆիզիկական անձանց սուբյեկտիվ շահերը: Բնականաբար, մարդ աշխատել է, այստեղ խոսքը չի գնում բարձր կամ ցածր աշխատավարձի մասին, ընդհանարապես աշխատավարձի մասին է խոսքը գնում, և մինչև հաջորդ ամսվա 15-ը նույն վարձատրության մասին օրենքի համաձայն պետք է այդ մարդն աշխատավարձ ստանա: Կարգավորվել է այդ հարցը, այստեղ հակասություն չեմ տեսնում ես:
Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն, պարոն Մոսիյան, խնդրեմ:
Արթուր Մոսիյան - Ես չէի խոսի, եթե այդ իրավական ակտերի մասին օրենքի յուրահատուկ մեկնաբանություն չլիներ, պարոն Բաղդասարյան, իրավական ակտերի մասին օրենքը աստիճանակարգում է իրավական բոլոր ակտերի և օրենքի համար, օրենքն ավելի բարձր է, քան կառավարության որոշումը: Օրենքով սահմանված է, որ իրավասությունը, փողի մասին չե խոսքը, այլ դրույքի, դրույքաչափերը սահմանում բացառապես օրենքով և ԱԺ կողմից: Ձեր ասածն ուրիշ բանի է վերաբերվում: Իհարկե որոշակի գումար նոր ստեղծվող մարմինների համար դրվում է բյուջեում և չի խանգարում, օրինակ պետական վերահսկողության ծառայության պետ, նույն աշխատավարձը ստանում է մինչև օրենքով սահմանված կարգով կարգավորվելը, ուզում եմ ասել պետք չի իրավական ակտերի մասին օրենքով, այսինքն այդ մեկնաբանությունն ճիշտ չի: Օրենքը, սա դրույքաչափերի մասին է, գումարը տալու-չտալու, աշխատավարձերը դա կառավարության, դրույքաչափը բացառապես օրենքով ԱԺ կողմից: Հիմա եթե սխալվել է, խնդիր չկա: Ուզում եմ ասեմ հարցը բարձրացնում եք հետագայում խուսափելու համար, ոչ թե դա անպայման ասենք ինչ որ բան, բայց յուրաքանչյուր մեկնաբանություն կարծում եմ ճիշտ չի:
Վահրամ Բաղդասարյան - Պարոն Մոսիյան, փաստորեն օրենքի տարբեր պահանջների մեջ կան որոշակի անհամապատասխանություններ միգուցե իրավաբանների կողմից համապատասխան քննարկումներ պետք է կազմակերպել, բայց մենք ունենք նաև 2017թ. նախադեպային նախագահի հրամանագրով մինչև համապատասխան օրենսդրության կարգավորելը սահմանել դրույքաչափերը:
Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք, պարոն Մոսիյան: Շնորհակալություն: Հիմա առաջարկում եմ լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը՝ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ: Խոսքը տրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արթուր Հարությունյանին: Խնդրեմ:
Արթուր Հարությունյան – ԱՀ մեծարգո նախագահ, ԱԺ հարգարժան նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, ներկաներ: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստում, ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին տրվել են պատասխանները և հանձնաժողովի 3՝ կողմ, 2՝ դեմ ձայների համամասնությամբ օրենքի նախագիծը ներկայացվել է լիագումար նիստին:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Կա՞ն հարցեր: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրում եմ գրանցվել: Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Ստեփանյան, խնդրեմ:
Գեղամ Ստեփանյան - Մեծարգո պարոն նախագահ, ԱԺ հարգարժան նախագահ, կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ: Առհասարակ պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից պատշաճ վարձատրությունը կարևորագույն նշանակություն ունի: Պետական համակարգում ներգրավվելու և պատասխանատվություն ստանձնելու համար որակյալ մասնագետը նաև նյութական շահագրգռվածություն պետք է ունենա: Սակայն անհերքելի է նաև, որ այս հարցը բազմաթիվ կողմեր ունի և համակարգային դիտարկում է պահանջում:
Զարգացած երկրների պրակտիկան հուշում է, որ արդյունավետ պետական համակարգ ունենալու համար պետական աշխատողների բարձր վարձատրություն սահմանելուն զուգահեռ պետք է օպտիմալացնել համակարգը, բացառել կրկնվող գործառույթներով հաստիքները: Սակայն առաջարկվող նախագիծը ոչ միայն շեղված է այս տրամաբանությունից, այլ ավելին, ստեղծում է կրկնվող բովանդակությամբ և գործառույթներով նոր հաստիքներ: Գաղտնիք չէ, որ այսօր ունենք ծանրաբեռնված պետական համակարգ և հանրության շրջանում ամենաքննարկվող հարցերից է այն, որ համապետական ընտրություններից հետո պետական համակարգը ավելի է ուռճացվել:
Խնդիրը միայն կադրային քաղաքականության բացթողումները կամ ներգրավվեիք միջոցների չափը չէ, առավել կարևոր է հարցի բարոյական կողմը: Տրամաբանական հարց է առաջանում, որքանով է արդարացված բարձրաստիճան պաշտոնյաների համար սահմանել նման գործակիցներ, երբ ցածր և միջին օղակում աշխատող քաղաքացիական և հանրային ծառայողները, ուսուցիչները և մի շարք այլ ոլորտների պետական աշխատողներ ստանում են անհամեմատ ավելի ցածր վարձատրություն: Որքանով է արդարացված 21 տոկոս աղքատություն ունեցող երկրում ավելի ծանրաբեռնել պետական համակարգը և բարձրացնել պետական պաշտոնյաների առանց այդ էլ բարձր աշխատավարձերը: Այնուամենայնիվ, խնդիրը այստեղ չափը չէ, գործակիցների փոփոխություն իրենից որոշակի ներկայացնում է աշխատավարձի բարձրացում:
Ինչ վերաբերվում է օրենքի նախագծի համար ներկայացվող հիմնավորմանը: Հանձնաժողովային քննարկումների ժամանակ նախագծի հեղինակի կողմից ներկայացվել է հիմնավորում, որ առաջարկող օրինագծով դրույքաչափերը համապատասխանեցվում են ՀՀ-ում գործող դրույքաչափերի 80 տոկոսին: Սակայն եթե ուշադիր նայում ենք ներկայացված աղյուսակին ապա պարզ է դառնում, որ այս սկզբունքը կիրառվում է կոնկրետ պաշտոնների համար, այսինքն՝ անգամ այս դեպքում տարբերակված մոտեցում է ցուցաբերվում բարձրաստիճան որոշ պաշտոնյաների նկատմամբ:
Ինչպես նշեցի հարցը բազմաթիվ կողմեր ունի, որոնց ուսումնասիրությունը առավել քան համոզիչ են դարձնում, որ նման պայմաններում նախագծով առաջարկվող փոփոխությունները ուղղակի նպատակահարմար չեն:
Մենք, իհարկե, կողմ ենք, որ ստեղծվի այնպիսի համակարգ, որտեղ ներգրավված կլինեն միայն կոմպետենտ և պատշաճ վարձատրվող կադրեր: Սակայն այս ճանապարհով հաստատ դրան հասնելը հնարավոր չէ: Հիմք ընդունելով հնչեցված դիտարկումները Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացվող օրինագծին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞:
Վահրամ Բաղդասարյան – Մի քանի անգամ հնչեց, նաև այս վերջին ելույթում հնչեց աշխատավարձերի բարձրացում բառակապակցությունը: Կրկին անգամ հայտարարում ենք, որ աշխատավարձեր չեն բարձրանում, սահմանվում են նույն դրույքաչափերը, ինչ որ գործել են նոր ստեղծվող կառույցների համար, մնացածին, որոնք որ ցածր են, չեն համապատասխանում ՀՀ համապատասխանեցվում են, այսինքն դա այդ սկզբունքն է և այն դրույքաչափերն են, որոնք գործել են վերջին 5-6 տարիների ընթացքում, և աշխատավարձի բարձրացում ոչ մեկին չի նախատեսում այս օրենքը:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան:
Գեղամ Ստեփանյան – Պարոն Բաղդասարյան, այնուամենայնիվ, 8 գործակցի փոփոխությունը 9,6-ի, իրենից ներկայացնու՞մ է աշխատավարձի բարձրացում, թե՝ ոչ:
Վահրամ Բաղդասարյան – Այո, բայց ինքը համապատասխանեցվում է գործող սկզբունքին: Նորից եմ ասում, այդ մարդը պետք է նախկինում էլ ստանար այդ 9,6-ը՝ 8-ի փոխարեն:
Արթուր Թովմասյան – Ուրեմն ասեմ իրավունքի ուժով ձեր հարցին 12-ի 20 տոկոսը 2,4 է, և եթե 12-ից հանում ես 2,4 ապա 9,6 է դառնում: Դա էլ շնորհակալություն, մաթեմատիկա է սա, այն գործակիցները, որոնք դարձել են 9,6 ՀՀ 12 է: 12-ի 20 տոկոսը հաշվեցեք, հանեցիք 9,6 է: Ես իրավունքի ուժով խոսեցի, մի քիչ էլ մաթեմատիկային տիրապետելով:
Իսկ հիմա քվեարկության է դրվում Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքն ընդունելու մասին որոշումը:
Քվեարկություն
Կողմ՝ 24, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 0
Որոշումն ընդունված է:
Հարգելի պատգամավորներ, հիշեցնեմ, որ առաջին ընթերցմամբ ընդունված ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ: Հիմա ֆիքսենք այդ ժամը՝ 12:25, 6 ժամ գումարենք, ժամը 18:25- ին կշարունակենք արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Շնորհակալություն:
Ընդմիջում
Հարգելի ընկերներ, շարունակում ենք ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները:
Այժմ ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին/ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու համար հրավիրվում է Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԱՀ ֆինանսների նախարար պարոն Բաղդասարյանը: Խնդրեմ:
Վահրամ Բաղդասարյան - ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, 2020թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների արդյունքում կառավարությունը առաջարկում է ծախսային մասը ավելացնել 14 միլիարդ 810 միլիոն դրամով, եկամտային մասը՝ 5 միլիարդ 100 միլիոն դրամով: Արդյունքում պետական բյուջեի եկամուտները ընդհանուր կկազմեն 126 միլիարդ 49 միլիոն 399,2 հազար դրամ, ծախսային մասը՝ 135 միլիարդ 650 միլիոն 717,7 հազար դրամ: Դեֆիցիտը կազմելու է 9 միլիարդ 601 միլիոն, 318,5 հազար դրամ, որը նախատեսվում է լրացնել ներգրաված միջոցների հաշվին: Ինձ թվում է կարիք չկա ըստ հոդվածների կրկին ներկայացնելու, առաջին ընթերցումից հետո առաջարկություններ կառավարությունը չի ստացել:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ԱԺ կանոնակարգ օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ կանոնակարգով սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները: Քանի որ գրավոր առաջարկություններ չեն եղել զեկուցողներին հարցեր չեն տրվում: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանին: Խնդրեմ:
Արթուր Հարությունյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն եղել նախագծի վերաբերյալ, 2-րդ ընթերցման համար հանձնաժողովի նիստում քննարկվել է օրենքի նախագիծը և հանձնաժողովի 4 կողմ, մեկ՝ դեմ ձայների համամասնությամբ այն ներկայացվել վերջնական հաստատման: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հիմա անցնում ենք մտքերի փոխանակությանը: Ելույթների համար խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Մոսիյան:
Արթուր Մոսիյան - Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Ձեզ ենք ներկայացնում մեր դիրքորոշումները պետական բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի վերաբերյալ: Նախ պետական բյուջեի մասին օրենքը, որպես հիմնական երկրի ֆինանսատնտեսական փաստաթուղթ դա արտացոլում է մեր վերաբերմունքը երկրում տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Այդ առումով առաջարկված նախագիծը որոշակի խնդիրների լուծում, կարծես թե առաջարկում է, խոսքը համավարակի պայմաններում, չնայած պարտքով, տոկոսով վերցրած փողերի հաշվին, բայց առաջարկվում է ենթակառուցվածքների մեջ կատարել ներդրումներ, դա կլինի ճանապարհաշինություն, տնտեսական այլ պրոեկտներ, ջրանցքներ, գյուղատնտեսության մեջ, որը ենթադրվում է, որ լավ իրացման դեպքում կարող է, ինչպես այստեղ նշվեց կոնկրետ այդ ջրանցքի կառուցումը, եթե ավարտվի մյուս տարի մինչև տարվա վերջ՝ 2022թ. մենք կունենանք 30 հազար հեկտար ոռոգովի հող, նույնը նաև գյուղատնտեսության մեջ սուբսիդավորում և այլն, որը կարող է հետագայում նախադրյալներ ստեղծել և մուլտիպլիկացիոն էֆեկտ ունենալով նախադրյալներ ստեղծել տնտեսական աճի համար: Սա այն դրական հույսն է, որը թեկուզ վարկով առաջացնում է:
Խնդիրների մասին: Շահարկումներից խուսափելու համար, նախ այն գլխից ասենք, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեմ չի այստեղ այդ ենթածրագրերի մեջ նշված 400 միլիոնի համար, թե աշխատավարձերի բարձրացմանը, որ սոցիալական որոշ ծրագրերի տրված առաջարկներին, որովհետև լինելով սոցիալիստական կուսակցություն մենք միշտ կողմ ենք նմանօրինակ պրոեկտների: Խնդիրը, մտահոգությունը ուրիշ տեղ է, որի մասին ես քիչ հետո կասեմ: Նախ, օրենքի մասով առկա են որոշակի անհամապատասխանատվություններ, օրենքի խախտումներ, մենք դրանց մի քանիսի՝ օրենսդրական ակտերի մասին նշել ենք: Փաստորեն քիչ հետո մենք պիտի քվեարկենք մի ծրագրի օգտին, որն անցնելու դեպքում, ԱԺ հավանության արժանանալու դեպքում կառավարությանը հնարավորություն կտա վարկ վերցնել, փոխառու միջոցներ և կատարել այդ ծախսերը: Մինչդեռ պարզվում է ֆինանսների նախարարը, որպես լիազորված ներկայացուցչի խոսքում ասաց, որ գումարն արդեն վարկ է վերացրած, մի մասն արդեն ծախսված է, ստացվում է, որ ԱԺ վերապահված է հետողորմիայի դերը: Նույնն էլ կառավարության որոշման մասին, որ բացառապես ԱԺ իրավասությունն է, բայց դա կատարվել է: Խոսելով մնացած բաների մասին, ինչի՞ եմ ասում քաղաքականությունը սոցիալ-տնտեսական անպայման չէ խոսքը այդ հոդվածներին վերաբերվի: Մենք դեմ ենք այս գործելաոճից, որ ԱԺ իրավասությանը վերապահված հարցերը կառավարությունը փաստի առաջ կանգնեցներ, այսինքն գործը սկսել հետո բերել այստեղ, ասել թե կոճակ սեղմելով անցկացնենք և գնանք: Սա է, որ անընդունելի է: Այս արագ գործելաոճը համոզված եմ, լավ տեղ չի հասցնելու:
Մեր առաջարկների մասին: Մենք առաջարկել էինք 1 միլիարդ դրամ անվտանգության համակարգի բաղադրիչ հանդիսացող քաղաքացիական պաշտպանության ոլորտում, այսինքն ապաստարանների կառուցման համար, և 2-րդ առաջարկությունը՝ ավարտին հասցնել այն ծրագիրը, որը այս վերջին տարիներին խոսվել է առաջնագծում ծառայող կրտսեր սպայական կազմին, լեյտենանտ, ավագ լեյտենանտ, հավելավճարներ տրամադրվել, հիշեցնենք, որ այդ ծրագիրը գործում է, և մինչև կապիտան այդ գումարները տրված են: Ճիշտ է այդ առաջարկությունը կոնկրետ այս նախագծով չընդունվեց, համենայնդեպս կառավարությունը խոստացավ 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի քննարկումների ընթացքում անդրադառնալ դրան: Ինչ վերաբերվում է 1-ին առաջարկությանը, բացատրությունն հետևյալն է, որ գործող 2020թ. պետական բյուջեի մասին օրենքում 250 միլիոն գումար կա դրված և հազիվ 100 միլիոնը յուրացված է, և, երևի դա կառավարության համար այս բերած նախագիծը կամ անվտանգության հարցը կամ դրված 250 միլիոնը յուրացման խնդիր կարող է առաջացնել: Չեմ կարծում, որ հանրապետությունում չկա այդ ներուժը շինարարական, որ կարողանա, եթե հաշվարկներով 18 միլիոն կամ 50 միլիոն տիպային տարբերակներ կան, մի քանի ապաստարան կառուցելը շինարարական ներուժը չկա, որ կարողանան յուրացնել, խոսքը կառավարության այս հոդվածին, այս ծուլորեն յուրացման մասին է խոսքը, որ այս ուղղությունը գերակա չէ մեր համար, այսինքն անհետաձգելի գերակա չէ, որ անգամ պետական բյուջեի նախատեսված գումարը չի կարող յուրացվել կամ ազնիվ կյուրացվի մինչև տարվա վերջ: Խնդիրը ինչու՞մն է: Խոսքն այստեղ անվտանգության բաղադրիչ հանդիսացող քաղպաշտպանության մասին է, որովհետև հանրապետության նախագահի ելույթում նշվեց, որ մենք անվտանգային համակարգի վրա և այլն, այնքան գումարներ, դրանց մասին մենք տեղյակ ենք, խոսքը քաղպաշտպանության մասին է: Մենք չենք ասում անվտանգության համակարգում բացի բյուջեից այլ ներդրումներ չեն կատարվում: Սա խոսում է այն մասին, որ գոնե կառավարության համար այս հարցը, եթե առաջնային չէ, կամ անհետաձգելի հարցերի մեջ չի մտնում:
Հաջորդը: Տեսեք, որևէ մեկը չի կասկածում, որ շինարարությունը, դա կլինի ասֆալտապատում, ջրանցքներ, վարկ է վերցնելու եք և կատարվելու է: Այստեղ որևէ կասկած չկա և դա հետագայում ի՞նչ արդյունք կունենա՝ սա 2-րդ հարցն է: Մեր մտահոգությունն ուրիշ բան է: Պետական շինարարության ոլորտի մասին է խոսքը, ոչ թե միայն շինարարության, իսկ ես նշեցի, որ վերջին 2 ամսվա ընթացքում գոնե մի քանի իրավական ակտ՝ մեկը այս բյուջեն, մեկը՝ կառավարության որոշումը մեկ ամիս առաջ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը, որ հասուն մարդու համար օրենքը համապատասխանեցնել են մարդու կենսագրությանը, սա աշխատելաոճ ու գործելաոճ է, սրա դեմ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը գտնում է, որ պետական շինարարության ոլորտում նման բաները անթույլատրելի են, կամ հաստիքների մասին: Մեզանից ցանկացածը, երևի թե խորհրդարան անցած կուսակցությունները, թե չանցած կուսակցությունները նախընտրական արշավների ժամանակ բոլորը խոսում էին արդարացիորեն ուռճացրած պետական համակարգի մասին: Ընտրությունը վերջացավ, փաստորեն ուռճացված պետական համակարգից անցնում ենք գերուռճացված պետական համակարգի: Ասում ենք անվտանգության խորհրդի հաստիքներն ավելացնում ենք, որը անվտանգության վրա դա ազդեցություն է ունենալու, կամ մնացած գերատեսչությունների: Եթե այդ տրամաբանությունը ճիշտ է, բերեք այս համաճարակի պայմաններում առողջապահության նախարարության հաստիքները կրկնակի ավելացնենք, որ կրկնակի էֆեկտը ավելանա: Չեմ կարծում, որ այս տրամաբանությունը տեղին է: Ավարտելով խոսքս ես ասեմ, որ կողմ լինելով սա ասվում է նրա համար, հետագա շահարկումների առիթ չտա, որ տեսեք խմբակցությունը դեմ քվեարկեց բժիշկների աշխատավարձերի բարձրացմանը կամ այս կամ այն մեկին: Ոչ: Սրանք բաներ են, որ պետք է ավելի շատ բարձրացվեն: Սակայն օրենքի հետ խնդիրներ ունենալը, ուռճացված համակարգը դեպի գերուռճացրած համակարգ տանելը, պարտքը, որը ռիսկայնություն է պարունակում, այսօր մենք ունենք 105 միլիարդ ու, ևս այդքան էլ վերցնում ենք: Դրա ռիսկայնությունը, դրա չքննարկելը, և ամենակարևորը, որ ըստ մեզ խորհրդարանը քաղաքական հարթակ է, այստեղ պետք է գեներացնեն մտքերը կառավարության հետ քննարկվեն ծրագրեր և, ոչ թե արդեն փաստի առաջ կանգնեցրած, վարկը վերցրած, գումարի մի մասն էլ ծախսած բերեն այստեղ, կոճակ սեղմելով անցկացնենք և գնանք: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու նախագծին, այդ տրամաբանությունից ելնելով, շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Մոսիյան: Իրավունքի ուժով ես եմ խոսելու:
Հարգելի գործընկերներ, ուզում եմ հավաստիացնել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, որ 2020թ. պետական բյուջեի փոփոխությունները մեզ լավ տեղ է հասցնելու: Դրանում համոզված է Ազատ Հայրենիք-ՔՄԴ դաշինքը, դրանում համոզված է Միասնական Հայրենիք կուսակցությունը, դրանում համոզված է Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունը: Ասենք ուռճացված պետական ապարատի մասին: Ուռճացված պետական ապարատ չի լինում: Լինում է ապարատի ղեկավար, որը հնարավորություն չունի, չի պատկերացնում իր ոլորտի աշխատանքները և համապատասխան ծանրաբեռնվածությամբ իր աշխատողին աշխատանքով չի ապահովում: Կոնկրետ, ԱԺ մասով ես ասեմ, որ այն կառուցվածքը, որը մենք ունենք ԱԺ ես գտնում եմ, որ 2 անգամ ավելի քիչ է, և 2 անգամ ավելի շատ աշխատանքներ կան, երևի դուք արդեն 2020թ. մայիսից 21-ից հետո տեսել եք աշխատակազմի այն ահռելի աշխատանքները, որը բերում է, որպեսզի մենք նորմալ աշխատանքներ կատարենք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանի բոլոր պատգամավորներին, բոլոր խմբակցություններին, որ 1-ին նիստն է սա, որ ԱԺ կանոնակարգ օրենքը չի խախտվել և բոլորը տեղավորվել են իրենց հատկացված ժամանակում: Իմ անձնական կարծիքով այն պայմաններում, որտեղ մենք ապրում ենք, 150 հազար բնակչություն կա, մենք պետք է ունենաք 150 հազար աշխատատեղ: Ես նաև կեղծ աշխատատեղերի կողմնակից եմ: Այն երեխան, որը ծնվում է Արցախի ծննդատանը նա պետք է աշխատանքով ապահոված լինի, եթե այդ հնարավորությունը ունենք: Այստեղ չի բարձրաձայնել նաև Արցախի կառավարության կողմից, որ միանվագ օգնություն է նաև տրամադրվելու այն մայրերին, որոնք չեն աշխատում: Սրանք նույնպես սոցիալական ծրագրեր են, որոնք ավելի են թեթևացնելու մեր հայրենակիցների հույսերը: Արցախի Հանրային հեռուստատեսությունը ինձ պետք է օգնի արխիվից 2020թ. պետական բյուջեի քվեարկության ժամանակ, որը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերին, Ազատ Հայրենիք կուսակցության, Հայրենիք խմբակցությունը, որի ղեկավարը ես էի, ասել եմ, որ 2020թ. համապետական ընտրություններում հաջողություն գրանցելուց հետո մենք բյուջեում կատարելու ենք փոփոխություն, կողմ ենք քվեարկում, որպեսզի հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագիրը, որը մոտավորապես 3 տարվա ծրագիր կա, ավարտին հասցնել: Եվ մենք ժողովրդին տված 1-ին խոստումը կատարել ենք՝ խորհրդարան ենք բերել բյուջեի փոփոխություն: Ինչ մնում է կոճակ սեղմելուն: Եթե երկրի նախագահն ունենում է ձայների մեծամասնություն և վստահ է, որ խորհրդակցելով այն ուժերի հետ, որոնք ներկայացված են խորհրդարանում, տվյալ դեպքում Ազատ Հայրենիք-ՔՄԴ, Միասնական հայրենիք կուսակցությունների հուշագիրը հաշվի առնելով նաև երկու կուսակցությունների առաջնորդների կարծիքը բյուջեի մասով իմանալով մենք ոչ թե կոճակ ենք սեղմում, մենք դարի պրոյեկտի սկիզբն ենք դնում: Եթե երկրի նախագահը մեկ տարի 6 ամիս ժամանակ է տվել, որպեսզի մոտավորապես քիչ առաջ պարոն Մոսիյանը այդ մասին ասաց, որ 30 հազար հեկտար ոռոգելի տարածքներ ենք ունենալու, ապա այսօր այդ 3 ամսով կրճատեց, որ մեկ տարի 3 ամսում պետք է ավարտենք այդ ծրագիրը: Ինչու չէ նաև Սեպտեմբերի 1-ից անվճար բարձրագույն կրթություն, ինչու չէ նաև Ազատամարտիկների միության նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ հարց բարձրաձայնեց, որ զինծառայողները սրտի վիրահատության խնդիր ունեն, և եթե այսօր այդ գումարը չներդնեինք, ապա մինչև տարեվերջ մենք մի քանի տասնյակ մեր 92-94թթ պատերազմի մասնակիցներին չտեսնենք մեր շարքերում: Եվ եթե ասեմ, որ եթե ավելի շուտ այդ գումարը գտնեինք, ասենք Հունվարին, մենք կունենայինք մեր հայրենակիցներին, որոնք անվճար այդ վիրահատությունից հետո կլինեին մեր շարքերում: Ես անուններ չեմ ուզում հնչեցնել այս բարձր ամբիոնից, բայց Ասկերանի քաղաքապետը, Կիչան համայնքի ղեկավարը, Ասկերանի շրջանի Արտակարգ իրավիճակների ղեկավարը և մի շարք հայրենակիցներ, որոնք հնարավորություն չեն ունեցել, այդ գումարները չեն ունեցել՝ հիմա մեր շարքերում չեն, և նրանց տարիքը 49-58 էր: Այսինքն այսօր ամոթ է, որ մեր երկրում, որը հնարավորություն ունի, նաև ՀՀ ասենք սրտի վիրահատության, որը բավականին թանկարժեք հաճույք է, անվճար իրականացնելու դեպքում ինֆարկտից կամ ինսուլտից մահացածների թիվը կտրուկ նվազելու է:
Սիրելի պատգամավորներ, հավաստիացնում եմ ձեզ, որ ոչ թե կոճակ սեղմելով է, կարող են լինել խմբակցություններ, ենթադրենք, ասենք մեր խմբակցությունը, որը 16 պատգամավոր ունի կարող է 14-ը կողմ լինի, 2-ը՝ դեմ, բայց այն 2 դեմը նույնպես ենթարկվում են խմբակցության մեծամասնության տեսակետին: Այսինքն, նա ոչ թե կոճակ է սեղմում, այլ իր առաքելությունն է կատարում: Եվ ուզում եմ ձեզ բոլորին ասել, որ ցանկացած քվեարկություն դա քաղաքական քվեարկություն է, դա խմբակցության տեսակետի արտացոլումն է տվյալ նախագծի վերաբերյալ: Կոնկրետ մեր դեպքում 2020թ. պետական բյուջեի մասով գիտակցաբար մենք գնում ենք, որպեսզի հնարավորություն տանք այն հուշագիրը, որը ստորագրվել է նախագահի այն նախընտրական ծրագիրը, որով հանդես է եկել ժողովրդի առջև կյանքի կոչելով: Իսկ պատգամավորներին, որոնք կառավարության գործունեության ծրագրի պատասխանատուն են մնում է միայն կողմ քվեարկելով ասել իրենց այն խոսքը, որը ասում է. մենք պատասխանատու ենք Արցախի կառավարության գործունեության ծրագրին: Շնորհակալություն:
Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Իսկ հիմա քվեարկության է դրվում ԱԺ որոշումը ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին/ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին որոշումը:
Քվեարկություն
Կողմ՝ 26, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 0
Որոշումն ընդունված է:
Շնորհակալություն, այսքանով մենք ավարտում ենք արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Պատգամավորներն ու աշխատակազմը մնան, մնացածները կարող են գնալ: