«Ճանապարհային երթեվեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

Ն-1-02/11,ԱԺ-011-14

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  1. անբավարար տեսանելիություն` մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն.
  2. ավտոբուս` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
  3. ավտոդրոմ` տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով և տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.
  4. ավտոգնացք` կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում).
  5. ավտոհրապարակ` տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով և տարրերով կահավորված առանձնացված տարածք.
  6. ավտոմոբիլ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց (թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, բեռնատար ավտոմոբիլ, բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, էլեկտրոմոբիլ): Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.
  7. բաժանարար գոտի` ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.
  8. բեռնատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
  9. բեռնաուղևորատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման, ինչպես նաև ուղևորների համար նախատեսված վեցից ոչ ավելի նuտատեղ ունեցող, ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ (բեռի փոխադրման համար նախատեսված հատվածն ուղևորների և ուղեբեռի փոխադրման սրահից հուսալիորեն առանձնացված) փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
  10. բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.
  11. երթևեկելի մաս` ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.
  12. երթևեկության գոտի` երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար.
  13. երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.
  14. զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների` վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը.
  15. զոհված` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած անձ.
  16. էլեկտրամոբիլ` էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի և տրամվայի).
  17. ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).
  18. ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր.
  19. թեթև մարդատար ավտոմոբիլ` ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
  20. թույլատրելի առավելագույն զանգված` վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն` շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.
  21. ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.
  22. իրավասու պաշտոնատար անձ` վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու և (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ.
  23. խաչմերուկ`  միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.
  24. կազմակերպված հետիոտնային շարասյուն` համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.
  25. կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը.
  26. կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն կանխամտածված անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.
  27. կարգավորող` ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.
  28. կողնակ` տրանսպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի համար նախատեսված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.
  29. կցորդ (կիսակցորդ)` շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար (ներառյալ՝ հատուկ կցորդը).
  30. հաշվառումից հանում` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողություն.
  31. հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք.
  32. հատուկ ավտոմոբիլ` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ավտոմոբիլ.
  33. հատուկ կցորդ (կիսակցորդ)` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կցորդ (կիսակցորդ).
  34. հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության կամ վարորդի կամ ուղևորի ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով կամ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկվելու կամ այլ տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու կամ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու կամ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը կատարելու կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված պահանջը կատարելու նպատակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.
  35. հեծանիվ` առնվազն երկու անիվ ունեցող և, որպես կանոն, դրա վրա գտնվող անձի մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի, որը կարող է ունենալ նաև երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0,25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ առավելագույն հզորությամբ` 25 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող էլեկտրական շարժիչ.
  36. հետիոտն` տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավասարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային սայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլ տանող կամ բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաև շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.
  37. հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով և (կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատված.
  38. ճանապարհ` առնվազն մեկ երթևեկելի մաս ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթևեկության համար  օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես.
  39. ճանապարհային երթևեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.
  40. ճանապարհային երթևեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային պատահարներից երթևեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ.
  41. ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ` ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ և այլն.
  42. ճանապարհների ինժեներական կառույցներ` կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային և հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն և այլն.
  43. ճանապարհատրանսպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում և դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.
  44. ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում` ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և դրանց հետևանքների ծանրության նվազեցմանն ուղղված գործունեություն.
  45. ճանապարհային երթևեկության մասնակից (այսուհետ` երթևեկության մասնակից)` ճանապարհային երթևեկությանը անմիջականորեն մասնակցող անձ` վարորդ, հետիոտն, ուղևոր.
  46. ճանապարհային երթևեկության կազմակերպում` ճանապարհային երթևեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական և տեխնիկական համալիր միջոցառումներ.
  47. մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող կամ դրանից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.
  48. մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև՝ տրոլեյբուսները և էլեկտրամոբիլները.
  49. մերձակա տարածք` տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ և այլն) չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք.
  50. միջազգային երթևեկություն` այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվա ընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթևեկությունը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.
  51. մոպեդ` 50 uմ3 աշխատանքային ծավալը չգերազանցող աշխատանքային ծավալով ներքին այրման շարժիչ կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0,25 կՎտ-ից ավելի և 4 կՎտ-ից պակաս նոմինալ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց, որի առավելագույն կառուցվածքային արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ-ը: Մոպեդին են հավասարեցվում համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլերը.
  52. մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը, կամ առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների` 400 կգ-ը (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ը) չգերազանցող զանգված և 15 կՎտ-ը չգերազանցող շարժիչի առավելագույն արդյունավետ հզորություն ունեցող տրիցիկլերը, ինչպես նաև մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով քվադրիցիկլերը.
  53. ոչ սթափ վիճակ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն.
  54. որակավորման քննություն` համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական և (կամ) գործնական քննություն.
  55. վարորդ` տրանսպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավասարեցվում նաև վարել սովորեցնող, ինչպես նաև ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ  անասուններ քշող անձը.
  56. վերահաշվառում` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն.
  57. վերասարքավորում` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.
  58. վթարային իրադրություն` երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.
  59. վիրավոր` անձ, որը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը.
  60. տեսանելիության հեռավորություն` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչև նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը.
  61. տրանսպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարք.
  62. տրանսպորտային միջոցի պետական գրանցում` տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցում.
  63. տրիցիկլ` տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթության համեմատ համաչափ տեղակայված երեք անիվներով տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը, և (կամ) առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը.
  64. ուղևոր` տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի.
  65. քվադրիցիկլ` 25 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն կառուցվածքային արագությամբ, 15 կՎտ-ից ոչ ավելի շարժիչի առավելագույն հզորությամբ, լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների զանգվածի` 400 կգ-ից (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ից) ոչ ավելի զանգվածով, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված քառանիվ մոտոտրանսպորտային միջոց.
  66. քվադրոցիկլ` 69 կՊա-ից (0,7 կգուժ/սմ2) ոչ ավելի ներքին ճնշմամբ անվադողերով, մոտոցիկլային նստեցվածքով նստատեղ և մոտոցիկլային տեսակի ղեկ ունեցող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս միայն մեկ մարդու (վարորդի) փոխադրման (երթևեկության) համար նախատեսված մոտոտրանսպորտային արտաճանապարհային քառանիվ միջոց (մոտոամենագնաց): Քվադրոցիկլերը (մոտոամենագնացները), ինչպես նաև ձյունաճահճագնացները և ձյունագնացներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործելն արգելվում է.
  67. օրվա մութ ժամանակ` մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը:»:

 

Հոդված 2. Օրենքի  9-րդ հոդվածի.

  1. «ե» կետից հանել «ինչպես նաև» բառերը.

2) «ե» կետում «ցանկը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը» բառերը.

3) «իբ» և «իդ» կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) «իգ» կետում «կարգերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները» բառերը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբիե.1»-իե.կետեր.

«իե.1) հաստատում է Արցախի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների տրամադրման կարգը.

իե.2) սահմանում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը.

իե.3) սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը.

իե.4) սահմանում է Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ճանապարհային ոստիկանության միջև օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման կարգը.»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի`

1) «ժէ1» կետում «իրականացնում է» բառից հետո լրացնել «տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում,» բառերը.

2)  «ժէ3» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

 «1.1. Մինչև տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը ճանապարհային ոստիկանությունը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարում է իրավունքի վերաբերյալ նախնական նշում, որն ընդգրկում է տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություններ, իրավատիրոջ տվյալները, որի օգտին կատարվում է իրավունքի վերաբերյալ նախնական նշումը:».

2) 2-րդ մասում ««ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով» բառերով.

3) 7-րդ մասում ««Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով» բառերով.

4) 8-րդ մասի 1-ին կետում «գործարքով» բառից հետո լրացնել «(հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը կարող են իրականացվել նաև ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում՝ առանց ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով)» բառերը.

5) 9-րդ և 10-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Իրավասու մարմնի թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցի` սույն օրենքով նախատեսված իրավունքների պետական գրանցումը և հաշվառումը, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի, կատարվում են վերասարքավորված վիճակում տեխնիկական զննություն անցնելուց հետո՝ վերասարքավորման ժամանակ կատարված փոփոխությունների մասով տրանսպորտային միջոցը սարքին լինելու վերաբերյալ տեխնիկական զննության արատորոշման քարտում կատարված գրառման (դրական եզրակացության) հիման վրա: Տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելը, ինչպես նաև վերասարքավորման հետևանքով այլ մակնիշի տրանսպորտային միջոց հավաքելը (ստեղծելը) արգելվում են:

10. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) ներկայացված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի հիման վրա Արցախի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկով նախատեսված փաստաթղթերը.

2) չի պահպանվել սույն հոդվածի 2-րդ մասով` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի (բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի) գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը (առոչինչ գործարք), բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետը չպահպանելը (բաց թողնելը) տեղի է ունեցել առանց անձի մեղքի, որի դեպքում անձը կարող է դիմում ներկայացնել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար.

3) տրանսպորտային միջոցը չի ներկայացվել ճանապարհային ոստիկանություն, բացառությամբ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի.

4) առկա է տրանսպորտային միջոցի իրական (փաստացի) և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.

5) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը հետախուզման մեջ է.

6) oրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է արգելադրում.

7) տրանսպորտային միջոցը հավաքված է տարբեր տրանսպորտային միջոցների առանձին մասերից կամ առանձին պահեստամասերից, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների.

8) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին, եթե մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելը դրանք հնարավոր չէ վերացնել:».

6) 11-րդ մասում «իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը պահվում է գրավառուի մոտ» բառերը փոխարինել «իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը գրավառուի ցանկությամբ պահվում է գրավառուի մոտ» բառերով.

7) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) ներկայացված չեն սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումը կամ դրան կցվող փաստաթղթերը, կամ չի պահպանվել սույն հոդվածի 11-րդ մասով` տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը.

2) լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնվող տրանսպորտային միջոցի նկատմամբ սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կիրառվել է արգելադրում:».

8) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառումը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (բացառությամբ «Մաքսային տարանցում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է, որի հետևանքով տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով և անգլերենով նշվում է նաև «Օտարման հիմք չէ» գրառումը) և (կամ) հաշվառման համարանիշ, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր մինչև 2 ամիս ժամկետով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում հաշվառման վկայագիր և համարանիշներ չեն տրվում:».

9) 19-րդ մասում ««ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող այլ մաքսային ռեժիմներով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այն չի շահագործվելու» բառերը փոխարինել ««Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով կամ Արցախի Հանրապետությունում այն չի շահագործվելու» բառերով.

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-20.9-րդ մասեր.

«20.1. Եթե տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող ֆիզիկական անձը չունի տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, ապա պարտավոր է տրանսպորտային միջոցը հաշվառելիս ներկայացնել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող միայն մեկ անձի տվյալները (անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, վարորդական վկայականի համարը), որ շահագործելու է այդ տրանսպորտային միջոցը:

20.2. Սույն հոդվածի 20.1-ին մասով նախատեսված դեպքում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություն կատարելիս այն շահագործող անձի ներկայությունը և նրա անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը պարտադիր են: Շահագործող անձին գրավոր պարզաբանվում է, որ տվյալ տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կարող է կրել վարչական պատասխանատվություն: Շահագործող անձի կողմից իր անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և նրան գրավոր պարզաբանում տալու ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

20.3. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները չհայտնելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում:

20.4. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի փոփոխության դեպքում սեփականատերը (լիզինգառուն) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու շահագործող այլ անձի տվյալներ:

20.5. Հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող` տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:

20.6. Եթե որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ ներկայացվում են այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացու տվյալներ, ապա տրանսպորտային միջոցը շահագործող օտարերկրացու ներկայությունը և նրա վարորդական վկայականը ներկայացնելը պարտադիր է:

20.7. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ մահվան դեպքում` մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ է գրանցվում տրանսպորտային միջոցը փաստացի տիրապետող անձը, որը ներկայացնում է մահացած անձի տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը:

20.8. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքում ծանուցում է ուղարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարին)` առաջարկելով ներկայացնել տրանսպորտային միջոցը շահագործող նոր անձի տվյալներ:

20.9. Ոստիկանությունը պարտավոր է ապահովել ինչպես սույն հոդվածով նախատեսված` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի), այնպես էլ տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի) և տրանսպորտային միջոցը շահագործող անձի կամահայտնությունը էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորություն, բացառությամբ սույն հոդվածի 20.1-ին մասով սահմանված` տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացնելու և սույն հոդվածի 20.6-րդ և 20.7-րդ մասերով նախատեսված դեպքերի:».

11) 21-րդ մասում ««Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով» բառերով.

12) 22-24-րդ մասերում «ռեժիմով» բառը փոխարինել «ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 14. Տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման     տվյալների փոխանցումը (տրամադրումը)

 

1. Ճանապարհային ոստիկանությունում գրանցված կամ հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալներն առանց տվյալների սուբյեկտի համաձայնության փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ և փաստաբաններին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պետական կառավարման մարմիններ և իրավաբանական անձանց:»:

 

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 21. Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը հաշվառման փաստաթուղթը վերցնելով

1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժա», «ժբ» կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և վերցնել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:

2. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար: Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

3. Տրանսպորտային միջոցների շահագործումը տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով արգելելու և ժամանակավոր փաստաթուղթ տալու դեպքում իրավասու պաշտոնատար անձը գրառում է կատարում վարչական իրավախախտման արձանագրության մեջ:

4. Տրանսպորտային միջոցի շահագործումը տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով արգելելու հիմքերը վերացնելուց հետո հաշվառման փաստաթուղթն անմիջապես վերադարձվում է տրանսպորտային միջոցի վարորդին, սեփականատիրոջը կամ սեփականատիրոջ ներկայացուցչին:»:

 

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում անմիջապես կանգնեցնել և (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում` նաև դիերը, չփոփոխել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, չվնասել և չձևափոխել հետքերը, այնուհետև գործել սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է`

1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար, կանչել «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հայտնել ոստիկանություն.

2) ծայրահեղ դեպքերում տուժածներին համընթաց շարժվող տրանսպորտային միջոցով ուղարկել, իսկ եթե դա անհնար է` իր տրանսպորտային միջոցով տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն, այնտեղ հայտնել իր անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական վկայական և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) և վերադառնալ պատահարի վայր.

3) ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ.

4) սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն, այնուհետև գործել նրանց հրահանգներով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասեր.

«4.1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն գույքային վնաս, և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը և ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջև՝

1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն, սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն և մինչև ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ, իսկ ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների՝ պատահարի վայր ներկայանալուց հետո գործել վերջիններիս հրահանգներով (ցուցումներով)` մասնակցելով պատահարի գրանցման և անհրաժեշտ ստուգումների անցկացման հետ կապված գործողություններին.

2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն և կարող են՝

ա. ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին համապատասխան, և թողնել պատահարի վայրը, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին,

բ. չձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել են միայն դրա մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, և ոչ մի մասնակից չունի նշված փաստաթղթերը ձևակերպելու և (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում` ապահովագրական ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկություն:

4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում վարորդների կողմից նշված պատահարի վերաբերյալ հետագայում ոստիկանություն դիմում կամ հաղորդում ներկայացվելու դեպքում որևէ վարույթ չի իրականացվում, և դիմումը կամ հաղորդումը թողնվում են անհետևանք:

4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հավաքում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների և պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ` կազմելով պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ` ամրագրելով (այդ թվում` լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները: Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ցերեկը` օրվա լուսավոր ժամի, բավարար տեսանելիության պայմաններում, և առկա է դրա տեղի ունենալու պահի և դրան անմիջապես հաջորդող` պատահարի մասնակիցների գործողությունների տեսագրություն: Պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունները, ինչպես նաև տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ կարող է ցանկացած եղանակով տրամադրվել (հասանելի դարձվել) Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին և (կամ) դրա անդամ ապահովագրական ընկերություններին և (կամ) երրորդ անձանց՝ ճանապարհատրանսպորտային պատահարի գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման, ներառյալ՝ փորձաքննությունների իրականացման և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում անհրաժեշտ այլ գործողությունների իրականացման համար: Պատահարի մասին արձանագրության ձևը և դրանում պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաև պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները հաստատում է ոստիկանության պետը:».

4) 5-րդ մասի «ա» կետի 1-ին ենթակետում «տվյալ կարգի» բառերից հետո լրացնել «կամ ենթակարգի» բառերը.

5) 5-րդ մասի «գ» կետում «մոտոցիկլով երթևեկելիս» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև մոպեդով կամ հեծանիվով երթևեկելի մասով երթևեկելիս» բառերը.

6) 8-12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-րդ և 27.2-րդ հոդվածներ.

Հոդված 27.1. Հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության լրացուցիչ պահանջները

1. 14 տարեկանից բարձր տարիք ունեցող հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:

2. 14-ից բարձր տարիքի հեծանվորդների երթևեկությունը թույլատրվում է`

1) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. հեծանիվի, հեծանվակցորդի կամ տեղափոխվող բեռի եզրաչափային լայնությունը գերազանցում է 1 մ-ը,

գ. հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է շարասյան մեջ.

2) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով կամ երթևեկելի մասի աջ եզրով երթևեկելն անհնար է.

3) մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով կամ երթևեկելի մասի աջ եզրով կամ կողնակով երթևեկելն անհնար է,

բ. հեծանվորդն ուղեկցում է մինչև 14 տարեկան հեծանվորդի կամ լրացուցիչ նստատեղին, հեծանվասայլակում կամ հեծանվակցորդում տեղափոխում է մինչև 7 տարեկան երեխա:

3. 7-ից մինչև 14 տարեկան հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է միայն մայթերով, հետիոտնային, հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, ինչպես նաև հետիոտնային գոտիների սահմաններում:

4. Մինչև 7 տարեկան հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է միայն մայթերով, հետիոտնային և հեծանվահետիոտնային արահետներով (հետիոտների երթևեկության համար նախատեսված կողմով), ինչպես նաև հետիոտնային գոտիների սահմաններում:

5. Երթևեկելի մասի աջ եզրով հեծանվորդների երթևեկության ժամանակ հեծանվորդները պետք է երթևեկեն միայն մեկ շարքով:

6. Հեծանվորդների շարասյան երթևեկությունը երկու շարքով թույլատրվում է, եթե հեծանիվների եզրաչափային լայնությունը չի գերազանցում 0,75 մ-ը:

7. Մեկ շարքով երթևեկության դեպքում հեծանվորդների շարասյունը բաժանվում է խմբերի` յուրաքանչյուրում 10-ական հեծանվորդ, իսկ երկու շարքով երթևեկության դեպքում` յուրաքանչյուրում 10-ական զույգ հեծանվորդ: Վազանցը հեշտացնելու համար խմբերի միջև տարածությունը պետք է կազմի 80-100 մ:

8. Եթե հեծանվորդի երթևեկությունը մայթով, հետիոտնային արահետով, կողնակով կամ հետիոտնային գոտիների սահմաններում վտանգում կամ խոչընդոտում է այլ անձանց երթևեկությունը, ապա հեծանվորդը պարտավոր է իջնել հեծանիվից և ղեկավարվել հետիոտների երթևեկության համար օրենսդրությամբ նախատեսված պահանջներով:

9. Մոպեդների վարորդները պետք է երթևեկեն երթևեկելի մասի աջ եզրով մեկ շարքով կամ հեծանվորդների համար գոտիով:

10. Մոպեդների վարորդների երթևեկությունը թույլատրվում է կողնակներով, եթե դա չի խոչընդոտում հետիոտներին:

11. Հեծանվորդներին և մոպեդների վարորդներին արգելվում է`

1) վարել հեծանիվը կամ մոպեդը առանց ղեկը բռնելու.

2) փոխադրել բեռ, որը խանգարում է ղեկավարելուն կամ որը երկարությամբ կամ լայնությամբ ավելի, քան 0,5 մ-ով գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.

3) տեղափոխել ուղևոր, եթե դա նախատեսված չէ տրանսպորտային միջոցի կառուցվածքով.

4) տեղափոխել մինչև 7 տարեկան երեխայի` նրա համար հատուկ կահավորված նստատեղի բացակայության դեպքում կամ այդ նստատեղից դուրս.

5) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին.

6) հատել ճանապարհը հետիոտնային անցումներով:

12. Արգելվում է հեծանիվների և մոպեդների, ինչպես նաև հեծանիվներով և մոպեդներով քարշակումը, բացառությամբ հեծանիվի կամ մոպեդի հետ շահագործման համար նախատեսված հեծանվակցորդի կամ կցորդի քարշակման:

13. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա հեծանվորդները և մոպեդների վարորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

 

Հոդված 27.2. Լծասայլերի (լծասահնակների) երթևեկության, բեռնակիր և հեծկան կենդանիներին, ինչպես նաև անասուններին քշելու լրացուցիչ պահանջները

1. Երթևեկելի մասով լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել թույլատրվում է 14 տարեկանը լրացած անձանց:

2. Լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, երթևեկելի մասի եզրով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա չի խոչընդոտի հետիոտներին:

3. Լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում` 10-ական բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ 5-ական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80-100 մ:

4. Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից ճանապարհ դուրս գալիս սահմանափակ տեսադաշտով վայրերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:

5. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին` հնարավորին չափ ուղղորդելով դեպի ճանապարհի աջ եզրը:

6. Կենդանիներին երկաթուղային գծերն անցկացնելիս դրանք պետք է բաժանել խմբերի այնպես, որ, անասնավարների քանակից ելնելով, հնարավոր լինի ապահովել յուրաքանչյուր խմբի անվտանգ անցումը:

7. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ և անասուններ քշողներին արգելվում է`

1) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության.

2) կենդանիներին քշել երկաթուղային գծերով և ճանապարհներով` դրա համար նախատեսված տեղերից դուրս, ինչպես նաև օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում (բացի տարբեր մակարդակների վրա անասուններին երկաթուղային գծերը կամ ճանապարհն անցկացնելուց).

3) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով.

4) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ տարածքներում, ինչպես նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում և մայթերին:

8. Արգելվում է վարել լծասայլ, եթե այն`

1) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով և հակագլորման հենակներով.

2) առջևի մասում չունի երկու սպիտակ գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար).

3) հետևի մասում չունի երկու կարմիր գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:»:

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «AM» ենթակարգ` մոպեդներ և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներ.».

2) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով, և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր).».

3) 1-ին մասի 2-րդ կետում ««A1» ենթակարգին» բառերը փոխարինել ««AM» և «A1» ենթակարգերին» բառերով.

4) 1-ին մասի 3-րդ կետում «քվադրոցիկլեր» բառը փոխարինել «քվադրիցիկլեր» բառով.

5) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «AM» ենթակարգի` 16 տարին լրացած անձանց, իսկ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.».

6) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Արցախի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Արցախի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող:».

8) 7-րդ մասում «A1» բառից առաջ լրացնել «AM» բառը և «,» կետադրական նշանը.

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-18-րդ մասեր.

«10. «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Արցախի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «AM» և «A1» ենթակարգի, ինչպես նաև մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Արցախի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Արցախի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Արցախի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Արցախի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Արցախի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ:

11. Արցախի Հանրապետության իրավասու մարմինների տված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների՝ մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վարորդական վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

12. Արցախի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած վարորդական վկայականների հիման վրա Արցախի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

13. Այլ պետություններում ստացած վարորդական վկայականը փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

14. Կորցրած կամ գողացված օտարերկրյա (բացառությամբ ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված) ազգային և միջազգային վարորդական վկայականի փոխարեն Արցախի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացում չի կատարվում:

15. Այլ պետություններում ստացած և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականները Արցախի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականներով չեն փոխանակվում, և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:

16. Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց Արցախի Հանրապետության տարածքում միջազգային վարորդական վկայականով թույլատրվում է վարել տրանսպորտային միջոցներ միայն ազգային վարորդական վկայականի առկայության դեպքում:

17. Այլ երկրում, որը չի հանդիսանում Արցախի Հանրապետության հետ համատեղ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի մասնակից, տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով համարվում է գործող Արցախի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ վարորդական վկայականի բոլոր գրառումները կատարված են կամ կրկնօրինակված են լատիներեն տառերով:

18. Օտարերկրյա ազգային և միջազգային վարորդական վկայականները Արցախի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են գործող նշված վարորդական վկայականների համապատասխան կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների համար` տիրապետողների տարիքը սույն հոդվածով սահմանված տարիքը լրանալու պահից:»:

 

 

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1.2-րդ մասում «A1» բառից առաջ լրացնել «AM» բառը և «,» կետադրական նշանը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-1.8-րդ մասերով.

«1.3. «A», «B» և «BE» կարգերի, ինչպես նաև «AM», «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե`

1) վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 25.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (բացակայում են վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը կամ առկա են շարժումները սահմանափակող՝ դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ).

2) առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

1.4. Սույն հոդվածի 1.3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձին ճանապարհային ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագիրը տրվում է վարորդական իրավունքի վկայական ստանալու (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) մասին դիմումը ներկայացնելու պահին:

1.5. Բժշկական հավատարմագրման պահանջագրի և առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագրի ձևերը սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ։

1.6. «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:

1.7. «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 25.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (ձեռքերի, ոտքերի, ձեռքի մատների շարժումների սահմանափակում կամ ձևախեղումներ կամ դրանց բացակայություն, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ) կամ առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

1.8. Տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական խնդիրներ ունեցող, թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում ճանապարհային ոստիկանությանը:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը, բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի: «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածու կարող է դառնալ 16 տարին լրացած անձը:».

4) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գործնական վարման ուսուցումը կարող է իրականացվել այն ճանապարհներին, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արգելված չէ դրա իրականացումը:»:

 

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 33. Վարելու իրավունքը դադարելը և վարորդական վկայականի ուժը կորցնելը

1. Անձի վարելու իրավունքը դադարում է, եթե`

1) առկա է նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.

2) առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացություն.

3) առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտ.

4) նա մահացել է:

2. Անձի վարորդական վկայականն ուժը կորցնում է, եթե`

1) առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը.

2) լրացել է վարորդական վկայականի գործողության ժամկետը.

3) վարորդական վկայականը կորել է, և անձը դիմել է նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած վարորդական վկայական հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը վերցնում է այդ վարորդական վկայականը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:»:

 

 Հոդված 12. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետում «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցների խոտանված հաշվառման համարանիշների վահանակների» բառերը:

 

Հոդված 13.    Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.8-րդ մասով սահմանված էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքներն ավարտվում են մինչև 2021 թվականի հունիսի 1-ը:

3. Մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.8-րդ մասով սահմանված էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքների ավարտը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձի ներկայացրած՝ առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագրում առողջական խնդիրներ չունենալու մասին նշումն ընդունվում է որպես հիմք, և վարորդական իրավունքի վկայականի հատկացումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ ձեռքերի, ոտքերի, ձեռքի մատների շարժումների սահմանափակումների կամ ձևախեղումների կամ դրանց բացակայության, պարանոցի կամ մեջքի խնդիրների, տեսողության ակնհայտ խանգարումների կամ աչքի բացակայության, լսողության ակնհայտ խանգարումների)։

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի աղյուսակում`

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

13. ավտոմոբիլի հաշվառման համարանիշ
(բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր
համարանիշի) հատկացնելու համար

բազային տուրքի
տասներկուապատիկի
չափով

».

 

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

20. մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի,
քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման
համարանիշ հատկացնելու համար

բազային տուրքի
վեցապատիկի
չափով

».

 

3) 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

22. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հատկացնելու համար

բազային տուրքի քսանհինգապատիկի չափով

23. ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար

բազային տուրքի վեցապատիկի չափով

»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի աղյուսակի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1. վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու) համար

բազային տուրքի տասներկուապատիկի
չափով

»:

 

 

Հոդված 3. Oրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ գանգատներով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 254.1-ին հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 254.1.

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը».

 

2) 1-ին մասում.

ա. «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված» բառերը,

բչափով» բառից հետո լրացնել «կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:».

4) 2-րդ մասում

ազրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող» բառերը,

բ. «ժամկետով» բառից հետո լրացնել «` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասեր.

«4. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել:

5. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

6. Սույն օրենսգրքի իմաստով անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է և կասեցման ժամկետը չի լրացել:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-31-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 74-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3) այն դեպքերի, երբ բողոքարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

                                            ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում  փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին»,  ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:

Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար:

Մասնավորապես.

1) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում`

- մի շարք հասկացություններ հստակ չեն և չեն համապատասխանում ներկայիս պահանջներին, իսկ որոշ հասկացություններ ընդհանրապես սահմանված չեն,

- հստակ սահմանված չեն տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,

- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգը բավականին բարդ է և դժվար իրականացվող, ինչի պատճառով գործնականում գրեթե չի կիրառվում,

- ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների պարտականությունները հստակ սահմանված չեն, բացի այդ, առկա է հակասություն ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ, ինչի արդյունքում նույնիսկ շատ նվազ նյութական հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո (հատկապես` Ստեփանակերտ քաղաքում) վարորդները ստիպված են լինում բավականին երկար սպասել պատահարի վայրում`  առաջանելով խցանումներ,

- վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի (այդ թվում` Արցախի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն,

- մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, ինչպես նաև դրանք վարելու համար վարորդական վկայական ունենալու պահանջ սահմանված չէ: Այսինքն, ըստ էության, մոպեդները հաշվառման համարանիշեր չունենալու պատճառով դուրս են մնում երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով օգտագործվող սարքերի տեսադաշտից, ինչպես նաև չկա որևէ վերահսկողություն մոպեդ վարող անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կանոններին տիրապետելու հանգամանքի նկատմամբ,

- հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները հստակ չեն, սահմանված չէ, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,

- հեծանվորդների ու մոպեդների վարորդների և լծասայլերի (լծասահնակների) երթևեկության, ինչպես նաև բեռնակիր և հեծկան կենդանիներին և անասուններին քշելու վերաբերյալ մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն.

2) «Պետական տուրքի մասին» օրենքի մի շարք հասկացություններ («ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական») չեն համապատասխանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:

3)  Քրեական օրենսգրքով սահմանված չեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ, 128-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված իրավախախտումները մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի բարեփոխումների նպատակով ներկայացվող օրինագծերի փաթեթով նախատեսվում է վերանայել և նվազեցնել մի խումբ վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները, սակայն գոյություն ունեն մի շարք զանցակազմեր, որոնց համար նախատեսված տուգանքների մեղմացումը թույլ չի տա արդյունավետորեն իրականացնել այդ իրավախախտումների կանխարգելումն ու դրանք կատարած անձանց ուղղումը: Այդ իրավախախտումների կանխարգելմանն ու իրավախախտում կատարած անձանց ուղղմանը հնարավոր չէ հասնել նաև վարչական պատասխանատվության ավելի խիստ միջոցների կիրառմամբ (օրինակ` վարորդական իրավունքի կասեցում կամ զրկում): Ընդ որում, վերոնշյալ առավել վտանգավոր իրավախախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ դրանց ոչ արդյունավետ կանխարգելումն ինքնին կարող է նպաստել այլ իրավախախտումների կատարմանը: Օրինակ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կարող է նպաստել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտմանը: Բացի այդ, նման իրավախախտումներն աչքի են ընկնում վարորդի առավել հանդգնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների չարամտորեն խախտմամբ, ուստի` նշված արարքներն անհրաժեշտ է քրեականացնել` դրանց համար սահմանելով համաչափ պատիժներ:

 

2.Առաջարկվող կարգավորման  բնույթը

Նշված խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով.

1) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում`

- սահմանված հասկացությունները հստակեցնել և համապատասխանեցնել ներկայիս պահանջներին, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ,

- առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,

- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը` հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ,

- հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները,

- կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի (այդ թվում` Արցախի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները,

- սահմանել մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ,

- հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները` սահմանելով, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,

- կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների և լծասայլերի (լծասահնակների) երթևեկության, ինչպես նաև բեռնակիր և հեծկան կենդանիներին և անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները.

- Օրենքի 13.1. հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հստակեցնելով այն անձանց շրջանակը, ով իրավասու կլինի օգտվելու համապատասխան տեղեկատվական բազաներից:

2) «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ կետերում և 20-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործվող «ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական» հասկացությունները համապատասխանեցնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:

3)  «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ընդունումով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ ու 128-րդ հոդվածի 1-ին մասերով (կրկին կատարելու դեպքում) նախատեսված իրավախախտումները քրեականացվում են:

Արցախի Հանրապետության քրեաիրավական քաղաքականության միտումները ցույց են տալիս, որ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի առավել 11 վտանգավոր վարչական իրավախախտումների քրեականացման դեպքեր արդեն արձանագրվել են: Այսպես, 2016 թվականի փետրվարի 24-ի օրենքով քրեական օրենսգիրքը լրացվել է 254.1 հոդվածով, որով քրեականացվել են մինչ այդ վարչական իրավախախտտումներ համարվող և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126 հոդվածի 8-րդ և 128 հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հետևյալ արարքները՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, այդ անձի կողմից սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը: Վերջին երկու արարքի հանրային վտանգավորության աստիճանի օրենսդրական վերագնահատման արդյուքնում դրա համար նախատեսվել է նաև ազատազրկում՝ 6 ամսից մեկ տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 254.1 հոդվածը պատասխանատվություն է սահմանում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք մինչև այդ իրավունքի վերականգնումը (ձեռքբերումը) իրենց կարգավիճակով նույնանում են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց հետ, ուստի, անկախ այն հանգամանքից, թե անձը ինչ հիմքով տվյալ պահին չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ենթակա է այդ արարքի համար համարժեք պատասխանատվության` միատեսակ մոտեցմամբ: Նշվածից ելնելով` քրեական օրենսգրքի 254.1 հոդվածում, բացի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանցից, որպես նշված հանցագործության սուբյեկտ, նախագծով նախատեսվել են նաև վարելու իրավունքը կասեցված անձինք, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց մասով նախատեսվել է քրեական պատասխանատվություն՝ նույն արարքը վարչական տույժի ենթարկվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար:

 

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից:

5.Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով:

 

        ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                     Ա. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

                          

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

անբավարար տեսանելիություն` մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն.

ավտոբուս` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

ավտոդրոմ` տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով և տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.

ավտոգնացք` կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում).

ավտոհրապարակ` տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով և տարրերով կահավորված առանձնացված տարածք.

ավտոմոբիլ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց: Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.

բաժանարար գոտի` ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.

բեռնատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.

երթևեկելի մաս` ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.

երթևեկության գոտի` երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար.

երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.

զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների` վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը.

զոհված` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած անձ.

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր.

թեթև մարդատար ավտոմոբիլ` ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

թույլատրելի առավելագույն զանգված` վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն` շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.

ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.

իրավասու պաշտոնատար անձ` վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու և (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ.

խաչմերուկ`  միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.

կազմակերպված հետիոտնային շարասյուն` համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.

կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.

կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.

կարգավորող` ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.

կողնակ` տրանսպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի համար նախատեսված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.

կցորդ (կիսակցորդ)` շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար .

հաշվառումից հանում` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողություն.

հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք.

հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային  միջոցն անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի վրա.

հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային սայլակի.

հետիոտն` տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավասարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային սայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլ տանող կամ բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաև շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.

հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով և (կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատված.

ճանապարհ` առնվազն մեկ երթևեկելի մաս ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթևեկության համար  օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես.

ճանապարհային երթևեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.

ճանապարհային երթևեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային պատահարներից երթևեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ.

  ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ` ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ և այլն.

  ճանապարհների ինժեներական կառույցներ` կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային և հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն և այլն.

ճանապարհատրանսպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում և դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում` ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և դրանց հետևանքների ծանրության նվազեցմանն ուղղված գործունեություն.

ճանապարհային երթևեկության մասնակից (այսուհետ` երթևեկության մասնակից)` ճանապարհային երթևեկությանը անմիջականորեն մասնակցող անձ` վարորդ, հետիոտն, ուղևոր.

ճանապարհային երթևեկության կազմակերպում` ճանապարհային երթևեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական և տեխնիկական համալիր միջոցառումներ.

մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող կամ դրանից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.

մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները.

մերձակա տարածք` տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ և այլն) չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք.

միջազգային երթևեկություն` այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվա ընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթևեկությունը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.

մոպեդ` մինչև 50 սմ3 բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50 կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոց: Մոպեդին են հավասարեցվում նաև կախովի շարժիչով հեծանիվը և համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող այլ տրանսպորտային միջոցը.

մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի և ուղևորների` մինչև 400կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև մոտոամենագնացները (քվադրոցիկլերը).

ոչ սթափ վիճակ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն.

որակավորման քննություն` համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական և (կամ) գործնական քննություն.

վարորդ` տրանսպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավասարեցվում նաև վարել սովորեցնող, ինչպես նաև ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ  անասուններ քշող անձը.

վերահաշվառում` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն.

վերասարքավորում` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.

վթարային իրադրություն` երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.

վիրավոր` անձ, որը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը.

տեսանելիության հեռավորություն` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչև նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը.

տրանսպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարք.

տրանսպորտային միջոցի պետական գրանցում` տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցում.

ուղևոր` տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի.

օրվա մութ ժամանակ` մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը:

 

 

 

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

անբավարար տեսանելիություն` մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն.

ավտոբուս` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

ավտոդրոմ` տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով և տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.

ավտոգնացք` կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում).

ավտոհրապարակ` տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով և տարրերով կահավորված առանձնացված տարածք.

ավտոմոբիլ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց (թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, բեռնատար ավտոմոբիլ, բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, էլեկտրոմոբիլ): Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.

բաժանարար գոտի` ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.

բեռնատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

բեռնաուղևորատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման, ինչպես նաև ուղևորների համար նախատեսված վեցից ոչ ավելի նuտատեղ ունեցող, ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ (բեռի փոխադրման համար նախատեսված հատվածը ուղևորների և ուղեբեռի փոխադրման սրահից հուսալիորեն առանձնացված) փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.

երթևեկելի մաս` ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.

երթևեկության գոտի` երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար.

երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.

զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների` վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը.

զոհված` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած անձ.

էլեկտրամոբիլ` էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի և տրամվայի).

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր.

թեթև մարդատար ավտոմոբիլ` ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

թույլատրելի առավելագույն զանգված` վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն` շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.

ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.

իրավասու պաշտոնատար անձ` վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու և (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ.

խաչմերուկ`  միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.

կազմակերպված հետիոտնային շարասյուն` համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.

կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը.

կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն կանխամտածված անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.

կարգավորող` ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.

կողնակ` տրանսպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի համար նախատեսված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.

կցորդ (կիսակցորդ)` շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար (ներառյալ՝ հատուկ կցորդը).

հաշվառումից հանում` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողություն.

հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք.

հատուկ ավտոմոբիլ` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ավտոմոբիլ.

հատուկ կցորդ (կիսակցորդ)` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կցորդ (կիսակցորդ).

հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության կամ վարորդի կամ ուղևորի ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով կամ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկվելու կամ այլ տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու կամ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու կամ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը կատարելու կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված պահանջը կատարելու նպատակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.

հեծանիվ` առնվազն երկու անիվ ունեցող և, որպես կանոն, դրա վրա գտնվող անձի մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի, որը կարող է ունենալ նաև երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0,25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ առավելագույն հզորությամբ` 25 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող էլեկտրական շարժիչ.

հետիոտն` տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավասարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային սայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլ տանող կամ բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաև շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.

հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով և (կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատված.

ճանապարհ` առնվազն մեկ երթևեկելի մաս ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթևեկության համար  օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես.

ճանապարհային երթևեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.

ճանապարհային երթևեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային պատահարներից երթևեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ.

  ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ` ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ և այլն.

  ճանապարհների ինժեներական կառույցներ` կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային և հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն և այլն.

ճանապարհատրանսպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում և դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում` ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և դրանց հետևանքների ծանրության նվազեցմանն ուղղված գործունեություն.

ճանապարհային երթևեկության մասնակից (այսուհետ` երթևեկության մասնակից)` ճանապարհային երթևեկությանը անմիջականորեն մասնակցող անձ` վարորդ, հետիոտն, ուղևոր.

ճանապարհային երթևեկության կազմակերպում` ճանապարհային երթևեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական և տեխնիկական համալիր միջոցառումներ.

մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող կամ դրանից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.

մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և էլեկտրամոբիլները.

մերձակա տարածք` տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ և այլն) չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք.

միջազգային երթևեկություն` այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվա ընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթևեկությունը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.

մոպեդ` 50 uմ3 աշխատանքային ծավալը չգերազանցող աշխատանքային ծավալով ներքին այրման շարժիչ կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0,25 կՎտ-ից ավելի և 4 կՎտ-ից պակաս նոմինալ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց, որի առավելագույն կառուցվածքային արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ-ը: Մոպեդին են հավասարեցվում համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլերը.

մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը, կամ առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների` 400 կգ-ը (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ը) չգերազանցող զանգված և 15 կՎտ-ը չգերազանցող շարժիչի առավելագույն արդյունավետ հզորություն ունեցող տրիցիկլերը, ինչպես նաև մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով քվադրիցիկլերը.

ոչ սթափ վիճակ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն.

որակավորման քննություն` համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական և (կամ) գործնական քննություն.

վարորդ` տրանսպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավասարեցվում նաև վարել սովորեցնող, ինչպես նաև ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ  անասուններ քշող անձը.

վերահաշվառում` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն.

վերասարքավորում` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.

վթարային իրադրություն` երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.

վիրավոր` անձ, որը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը.

տեսանելիության հեռավորություն` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչև նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը.

տրանսպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարք.

տրանսպորտային միջոցի պետական գրանցում` տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցում.

տրիցիկլ` տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթության համեմատ համաչափ տեղակայված երեք անիվներով տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը, և (կամ) առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը.

ուղևոր` տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի.

քվադրիցիկլ` 25 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն կառուցվածքային արագությամբ, 15 կՎտ-ից ոչ ավելի շարժիչի առավելագույն հզորությամբ, լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների զանգվածի` 400 կգ-ից (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ից) ոչ ավելի զանգվածով, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված քառանիվ մոտոտրանսպորտային միջոց.

քվադրոցիկլ` 69 կՊա-ից (0,7 կգուժ/սմ2) ոչ ավելի ներքին ճնշմամբ անվադողերով, մոտոցիկլային նստեցվածքով նստատեղ և մոտոցիկլային տեսակի ղեկ ունեցող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս միայն մեկ մարդու (վարորդի) փոխադրման (երթևեկության) համար նախատեսված մոտոտրանսպորտային արտաճանապարհային քառանիվ միջոց (մոտոամենագնաց): Քվադրոցիկլերը (մոտոամենագնացները), ինչպես նաև ձյունաճահճագնացները և ձյունագնացներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործելն արգելվում է.

օրվա մութ ժամանակ` մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը:»:

 

Հոդված 9. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման

                 բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                 կառավարության լիազորությունները

 

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը`

ա) իրականացնում է պետական քաղաքականությունը և կրում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը.

բ) հաստատում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերը, ինչպես նաև դրանք կատարողների ներկայացրած հաշվետվությունները.

գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները.

դ) սահմանում է տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.

ե) սահմանում է վարորդական վկայական  ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը.

զ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա  շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, լիցենզիաների գործողության տարածքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորներում.

է) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը.

ը) սահմանում է տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները.

թ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները.

ժ) սահմանում է ճանապարհային լուսացույցներին և այլ տեխնիկական միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները և շահագործման նորմերը.

ժա) սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի և պետական  հաշվառման փաստաթղթերի (ազգային և միջազգային վկայագրերի, ժամանակավոր հաշվառման վկայագրի)  ձևերը.

ժբ) սահմանում է տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգը, ինչպես նաև հաշվառման համարանիշներին  ներկայացվող պահանջները.

ժգ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները.

ժդ) սահմանում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականին ներկայացվող պահանջները.

ժե) սահմանում է կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը.

ժզ) սահմանում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման, պահպանման և ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման նախագծերը, ինչպես նաև ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները ոստիկանության հետ համաձայնեցնելու կարգը.

ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.

ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը.

ժթ) սահմանում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը.

ի) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները.

իա) սահմանում է վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելու կանոնները.

իբ) սահմանում է  հանված հաշվառման համարանիշները համապատասխան մարմիններին հանձնելու, պահպանելու և վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու կարգը.

իգ) սահմանում է ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները.

իդ) սահմանում է տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն տալու կարգը.

իե) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) կանոնադրությունը.

իե.1) հաստատում է Արցախի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների տրամադրման կարգը.

իե.2) սահմանում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը.

իե.3) սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը.

իե.4) սահմանում է Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և Ճանապարհային ոստիկանության միջև օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման կարգը.

իզ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.

իէ) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և տրման կարգը:

 

Հոդված 10. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման

                   բնագավառում ոստիկանության լիազորությունները

 

1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)`

ա) մասնակցում է պետական քաղաքականության իրականացմանը.

բ) մասնակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերի մշակմանը և իրականացմանը.

գ) մշակում և համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.

դ) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.

ե) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.

զ) տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.

է) սահմանված կարգով ընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ և տալիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականներ.

ը) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում և արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը.

թ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների.

ժ) հսկողություն է իրականացնում  ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ.

ժա) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն` որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով.

ժբ) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, այդ թվում` անսարք լուսացույցների դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար` ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որը փոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից` կապալի պայմանագրին համապատասխան.

ժգ) կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.

ժդ) տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում).

ժե) մատուցում է սույն օրենքով սահմանված վճարովի ծառայություններ.

ժզ) հրապարակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող` օրենքով չարգելված տեղեկություններ.

ժէ) համագործակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.

ժէ.1) սահմանված կարգով իրականացնում է տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում, տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում և արգելադրում, տրամադրում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, պետական հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր.

ժէ.2) սահմանված կարգով տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն.

ժէ.3) տեղադրում է ճանապարհային լուսացույցներ և նշաններ, իրականացնում է ճանապարհային գծանշումներ.

  ժը) իրականացնում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները ճանապարհներին տեղակայվում են իրավասու մարմինների կողմից` ոստիկանության ներկայացմամբ:

 

Հոդված 13.

Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական  հաշվառումը և սահմանափակումները

 

1. Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

1.1. Մինչև տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը ճանապարհային ոստիկանությունը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարում է իրավունքի վերաբերյալ նախնական նշում, որն ընդգրկում է տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություններ, իրավատիրոջ տվյալները, որի օգտին կատարվում է իրավունքի վերաբերյալ նախնական նշումը:

2. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի ) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով» Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի: Տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետական հաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը      (կամ ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ծագում է ( պետությունը ճանաչում  է ) պետական գրանցման պահից:

4. Տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող իրականացվել առանց տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի, իսկ գործարքի կողմերի որևէ մեկի պահանջով` նաև ճանապարհային ոստիկանության` այդ տրանսպորտային միջոցի պետական գրանցումն իրականացրած ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի: Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում` 5 օր ժամկետով, ընդ որում` նույն տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ յուրաքանչյուր հաջորդ տեղեկանքը տրվում է միայն նախորդ տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից հետո: Առանց տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սասհմանափակումների վերաբերյալ տեղեկանքի իրականացված գործարքներից ծագող իրավունքների` արգելադրման առկայության հիմքով չգրանցման ռիսկերը կրում են գործարքի կողմերը: 

5. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առոչինչ է ), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

6. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ( տրանսպորտային միջոցը ձեռք բերելուց) հետո մինչև տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցումը այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների դեպքում օրենսդրությամբ սեփականատիրոջ համար նախատեսված պատասխանատվությունը կրում է գնորդը, եթե վաճառողն ապացուցում է, որ իրենց միջև կայացել է պատշաճ գործարք:

7. «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային