ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 1-ԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2020Թ. ՀՈՒՆԻՍԻ 16 - Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

                ժԱՄԸ 10:00

 

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության  անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

       Նիստին ներկա են 33 պատգամավորներ, բացակա՝ չկա: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան – Կռիվներում ընկան նրանք,

                                    Ամեն մեկը` մի տան ճրագ,

                                   Ամեն մեկը` մի մոր որդի,

                                    Ամեն մեկը` մի աղջկա

                                    Երազանքը` անապական:

                                    Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան,

                                    Ամեն մեկը` անգիր մի վեպ,

Ամեն մեկը անգին մի կյանք…

Աստված օրհնի Արցախը, աստված օրհնի համայն հայության երազանքների Հայաստանը, կեցցե հայ զինվորը: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր սուրբ նահատակների հիշատակը: (Մեկ րոպե լռություն):  Շնորհակալություն:

         Բարի օր սիրելի գործընկերներ: Այսօր առավոտյան ԱՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել հայ- ադրբեջանական սահմանին ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունների մասով: Հայտարարությունը բաժանված է խմբակցության ղեկավարներին և ձեզ մոտ կա:

         Հարգելի պատգամավորներ, ԱՀ ԱԺ է ներկայացվել նախագիծ, հիմք ընդունելով «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը և 60-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, որով ԱՀ ԱԺ որոշում է.

      1) Առաջին ընթերցմամբ ընդունված «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում,

      2)  Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար ներկայացնել երեքական ժամ: Այժմ խնդրում եմ գրանցվել:

           Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նստաշրջան, որի օրակարգում մեկ հարց է. «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը ընդունելու մասին»: Նստաշրջանի աշխատանքները շարունակելու համար ունենք անհրաժեշտ քվորումը:

30  պատգամավոր ներկա են:

         Հարգելի պատգամավորներ, քանի որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը պետք է քննարկվի և քվեարկվի երկու ընթերցմամբ, «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահը ներկայացրել է նաև «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվելու է առնվազն 3-ական ժամ: Հարցեր կա՞ն որոշման նախագծի վերաբերյալ:

         Այժմ քվեարկության է դրվում ԱԺ որոշման նախագիծը «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին: Խնդրում եմ քվեարկել:

         Քվեարկություն:

         Կողմ՝ 30, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0:

         Որոշումն ընդունված է:

         «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ պարոն Արայիկ Լազարյանը:

         Արայիկ Լազարյան- Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Համաներում հայտարարելը մի կողմից պետության, մյուս կողմից քաղաքացիների միջև հարաբերությունների կարգավորման տեսակ է: Համաներում հայտարարելու մասին ԱԺ Սահմանադրական լիազորության իրացումը որպես մարդասիրական ակտ, ենթադրում է որոշակի կատեգորիայի անձանց լրիվ կամ մասնակի ազատում քրեական պատասխանատվությունից և պատժից: Համաձայն ԱՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի համաներումը հայտարարում է Ազգային ժողովը՝   հանրապետության նախագահի առաջարկությամբ: Որպես կանոն, համաներումը հայտարարում է որևէ կարևոր իրադարձության կապակցությամբ, կամ որևէ դեպքի արձագանքելու անհրաժեշտությամբ և հանրապետության նախագահի կողմից առաջարկվող համաներումը ունի աշխարհը պատուհասած նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության համավարակի սոցիալ- տնտեսական հետևանքների  մեղմացման նպատակ: Քննարկվող նախագիծը մշակվել է հիմք ընդունելով համաներումների վերաբերյալ Արցախում և Հայաստանում արդեն ավելի քան 2 տասնամյակում ձևավորված պրակտիկան: Նախագծով մասնավորապես առաջարկվում է.

          1) Պատժի կրումից ազատել ազատազրկման հետ չկապված պատիժների և մինչև 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվածներին, մինչև 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին կամ 2-րդ կարգի հաշմանդամներին, մինչև 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձանց, 60 տարին լրացած անձանց, ԱՀ և  ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված անձանց հարազատներին, այդ մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև այն անձանց, որոնց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

          2) Քրեական գործի հարուցումը մերժել կամ կարճել այն քրեական գործերը, որոնցով անձին կարող են մեղադրել կամ մեղադրվում են սույն թվականի հունիսի 1-ը ներառյալ կատարած որոշակի հանցագործությունների համար: Ընդհանուր կանոնը  հետևյալն է, եթե հանցագործության համար նախատեսված է ոչ ավելի քան 4 տարի ազատազրկում կամ իմ կողմից վերը նշված կատեգորիայի անձանց դեպքում` ոչ ավելի քան 6 տարի ազատազրկում:

 

           3) Պատժաչափի չկրած մասը կրճատել որոշակի ժամկետներով, 2, 3, 1,2, 1,3-ով կամ 1,4-ով կախված նրանից, թե հանցագործությունը կատարվել է անզգուշությամբ, դիտավորությամբ կամ անձը նախկինում դատված է կամ դատված չէ:

          4)Համաներումը չկիրառել որոշակի հանգամանքների առկայության դեպքում,  ինչպիսիք են վերջին 10 տարում ներում կամ համաներում ստանալը, հետախուզման մեջ գտնվելը, հետախուզման մեջ գտնվող անձանց համար ներկայանալու ժամկետ է տրված մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը: Պատճառված նյութական վնասը չհարթելը, փորձաշրջանի ընթացքում դիտավորյալ հանցագործություն կատարելը, առանձնապես վտանգավոր ռեցիդիվը, ցմահ ազատազրկման դատապարտված լինելը, ինչպես նաև մի շարք հանցագործությունների դեպքում, որոնց թվում են պետական դավաճանությունը, դիվերսիան, ահաբեկչությունը, սեռական բնույթի հանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և այլ մի շարք հանցատեսակներ:

          5)Համաներման կիրառումը ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում առավելագույնը 3 ամսվա ընթացքում: Նախագծով սահմանվել է համաներումը ի կատար ածող պետական մարմիններ և պաշտոնատար անձիք: Դրանք են.

     1) Գերագույն դատարանը, եթե դատապարտյալը պատիժը կրում է ՀՀ- ում:

          2)Դատարանները, եթե գործը գտնվում է տվյալ դատարանի վարույթում կամ, եթե դատապարտյալը դատապարտվել է պայմանական դատապարտությամբ:

     3) Քրեակատարողական հիմնարկի պետը փաստացի պատիժ կրող անձանց նկատմամբ

    4) Քրեակատարողական տեսչության պետը ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դեպքում:

     5)  Նախաքննության և հետաքննության մարմինները քրեական գործերով կամ նյութերով:

    Համաներումը կիրառելու մասին որոշումների, բացի դատարանների որոշումներից, օրինականության նկատմամբ իրականացվելու է քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հսկողություն: Շնորհակալություն:

           Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Լազարյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկա՞ն: Հայրապետյան Սեյրան: Խնդրեմ պարոն Հայրապետյան:

    Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն: Պարոն Լազարյան, հայտնի է, որ պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ գտնվող ԱՀ քաղաքացիների նկատմամբ դատական վարույթները իրականացվում են Սյունիքի մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից, որը գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ենթակայության տակ: ԱՀ նախագահի համաներման հրամանագիրը ի՞նչ ձևով է տարածվելու այդ մարդկանց վրա: Շնորհակալություն:

         Արայիկ Լազարյան - Շնորհակալություն հարցի համար: ԱՀ նախագահի կողմից առաջարկված համաներման նախագիծը, օրենքը ընդունվելու դեպքում այն չի տարածվելու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի իրավազորության ներքո գտնվող դատապարտյալների, մեղադրյալների կամ ՀՀ քրեական հետապնդում իրականացնող մարմինների վարույթներում գտնվող գործերի վրա, որովհետև այդտեղ նշված գործերի վրա տարածվում է ՀՀ համաներումների մասին օրենսդրությունը:

         Արթուր Թովմասյան - Արձագանքում ե՞ք:

         Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն, ցանկալի է, որ օրենսդրական ինչ որ որոշում կայացվեր, որպեսզի այն տարածվեր:

         Արայիկ Լազարյան - Կարող եմ ավելացնել, որ հաշվի առնելով, որ այդ դեպքում կկիրառվի երկակի ստանդարտ մեկ դատապարտյալի կամ մեկ մեղադրյալի նկատմամբ, այսինքն կարող է մեկ տարվա ընթացքում և ՀՀ ընդունվի համաներման մասին ակտ և ԱՀ տվյալ անձը 2 անգամ անընդմեջ իր նկատմամբ, օրինակ պատժի կրճատման ձևով կարող է կիրառել համաներում, որն արդեն չի բխում օրինականության սկզբունքից: Ինչ մնում է տվյալ դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու հնարավորությանը, ապա տվյալ դատապարտյալը, եթե պատիժը կրում է ԱՀ-ում նա իրավունք ունի քրեա-դատավարության օրենսդրության սահմանված կարգով իր նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանեցման հարցով դիմել դատարան, դատարանը համապատասխան որոշում կայացվելու դեպքում`  արդեն ինքը կընկնի այս համաներման իրավազորության տակ:

         Արթուր Թովմասյան-Շնորհակալություն, պարոն Լազարյան: Հարակից զեկուցման համար խոսքը տրվում է Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Աղաջանյանին:

         Սևակ Աղաջանյան - Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ողջունում եմ բոլորիդ: ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը բավականին մանրամասը ներկայացրեց համաներման և կառուցվածքը և տրամաբանությունը, որն իրոք կարելի է առանձնացնել այն հանգամանքով, որ համաներման տակ ընկնող անձանց շրջանակը բավականին լայն է:  Առանձնապես, որ համաներումը կիրառվում է համաշխարհային այս բարդ իրավիճակում, նկատի ունեմ կորոնավիրուսային հիվանդության այս պայմանները, այսինքն, ուզում եմ շեշտել, որ այս պայմաններում ԱՀ-ում համաներում հայտարարելը կլինի մարդասիրական մեծ քայլ:

Օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում, և միաձայն տրվել է դրական եզրակացություն: Ուստի առաջարկում եմ օրենքի նախագծին քվեարկել կողմ: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան - Հարցեր չկա՞ն: Շնորհակալություն: Հիմա անցնում ենք մտքերի փոխանակությանը: Ելույթի համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Հայրապետյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հարությունյանը:

         Սեյրան Հայրապետյան - ԱՀ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ, ներկաներ: Հաճախ հնչում են տեսակետներ, որ համաներումը, որը սովորաբար ներկայացվում է որպես բացառիկ մարդասիրական քայլ, գերազանցապես կիրառվում է այն երկրներում, որտեղ դատական մարմինները զերծ չեն կոռուպցիոն սխեմաներից, որտեղ չկա օրենքի գերակայություն, որտեղ դատավորները ենթարկվում են ճնշումների, իսկ օրենքը կիրառվում է երկակի ստանդարտներով: Կան կարծիքներ, որ օրենքի գերակայության պայմաններում համաներման կարիք այլևս չի լինելու: Այս տեսակետները ինչ որ տեղ ընդունելի են, սակայն մյուս կողմից, երբ մեղադրյալը իրականում կատարել է հանցագործություն, որի համար կրում է ազատության սահմանափակմամբ կամ այլ պատիժ, նույնպես անհրաժեշտ է ներողամտություն, մարդասիրություն և բարի կամք դրսևորել՝ քաղաքացուն ևս մեկ շանս տալու և ուղղվելու նպատակով: 2020թ. համապետական ընտրություններից հետո համաներման վերաբերյալ հանրային սպասելիքները մեծ են:

         Միջազգային պրակտիկան փաստում է, որ համաներում կիրառվում է աշխարհի շատ երկրներում:          Ճիշտ է տուժողներն ու շահագրգիռ անձիք միշտ ցանկանում են մեղադրյալին տեսնել պատժված, ինչը բարդացնում է արդար և տրամաբանական պատժի գործընթացը:

         Ընդհանրապես տուժողների իրավունքների մասին շատ է խոսվում, երբ համաներում է հայտարարվում: Անշուշտ մեզ պետք է մտահոգի տուժողների կարծիքը, սակայն չպիտի դրդի ծայրահեղ պատժիչ միջոցների կիրառմանը, չպիտի խոչընդոտի արդարադատությանը և հետ պահի համաներման մասին օրենքի ընդունումից: Պետք է ձեռնարկվեն միջոցներ, որոնք կմեղմեն հասարակության սոցիալապես և տնտեսապես մեկուսացված հատվածների կողմից կատարվող հանցագործությունների հետևանքները, ձևավորվեն սոցիալական ծառայություններ, որոնք կաշխատեն, թե տուժողների, թե դատապարտյալների հետ, որպեսզի նրանք կարողանան ապրել միասին, նույն հասարակության մեջ:

         Զգալի թիվ են կազմում, զինված ուժերում կատարված հանցագործությունների համար դատապարտվածները: Այս հանցագործությունների համար, ի թիվս այլ գործոնների, պատասխանատու են նաև անառողջ հասարակական բարքերը (ու մեզ կրկին մղում է այն տեսակետին, որ զինված ուժերում և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը հրատապ է):

         Կողմնակից լինելով զինված ուժերում բարձր կարգապահությանը և օրինապահպանությանը, հանցագործությունների նկատմամբ խիստ պատիժ սահմանելուն, այնուամենայնիվ ցանկանում եմ նշել, որ այս խմբին նույնպես անհրաժեշտ է հնարավորություն տալ վերադաստիարակվելու և ուղղվելու:

Ինչպես քիչ առաջ նշեցի պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ գտնվող ԱՀ քաղաքացիների նկատմամբ դատական վարույթներ իրականացնում են Սյունիքի մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից, որը գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ենթակայության տակ: Ցանկալի է, որ նրանց վրա նույնպես տարածվի համաներման մասին օրենքը: Մեր բոլորիս, մասնավորապես քրեակատարողական հիմնարկների նպատակը պետք է լինի ոչ թե դատապարտյալներին ավելի ագրեսիվ դարձնելը, այլ անհրաժեշտ ծառայություններով ապահովումը, որպեսզի մարդը, որին համաներում է շնորհվել, հեռանա հաստատությունից՝ հասարակությանը վերաինտեգրվելուն պատրաստ կատարած մեղքի համար զղջում ապրած:

         Եվ վերջապես ինչպես ասել է Սենեկան` ով զղջում է իր մեղքերի համար, նա արդեն գրեթե մեղավոր չէ: Իրավական տեսանկյունից այս տրամաբանությունը մի քիչ սխալ է, սակայն համաներման դեպքում ունի բարոյական և մարդասիրական հիմք: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Հարությունյան, խնդրեմ:

         Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: Չափազանց կարևորելով ԱՀ նախագահի կողմից նախաձեռնված «Քրեական գործերով համաներում հայտարարելը» և հատկապես հաշվի առնելով համավարակի պատճառով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու այս օրենքի նախագծին, շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Եզրափակիչ ելույթների ցանկություն: Չկա՞ն: Այժմ քվեարկության է դրվում «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին ԱԺ որոշման նախագիծը: ԱՀ ԱԺ որոշում է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքն ընդունվում է առաջին ընթերցմամբ: Դահլիճում 33 պատգամավոր կա: (Խոսում են դահլիճում):

Քվեարկություն

Կողմ՝ 33, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0:

Որոշումն ընդունված է:

Հարգելի պատգամավորներ հիշեցնեմ, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ: Ժամը 16:25 կշարունակենք արտահերթ նստաշրջանի աշխատանքները, այսինքն 6 ժամից հետո:

         (Ընդմիջում):

Հարգելի պատգամավորներ շարունակում ենք արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու համար հրավիրվում է հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ պարոն Արայիկ Լազարյանը:

Արայիկ Լազարյան - Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, քանի որ առաջին ընթերցումից, քննարկումից առաջ օրենքը նախագիծը մանրամասը ներկայացրել եմ և առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո որևէ առաջարկ չի ներկայացվել, ուստի մնում է ինձ առաջարկել, քննարկել և ընդունել օրենքը երկրորդ ընթերցմամբ և որպես օրենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան-Շնորհակալություն, պարոն Լազարյան: Հարգելի գործընկերներ, «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ Կանոնակարգով սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները: Քանի որ գրավոր առաջարկություններ չեն եղել զեկուցողներին հարցեր չեն տրվում:

Հարակից զեկուցման համար խոսքը տրվում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Աղաջանյանը:

Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել և հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը երկրորդ ընթերցմանը ներկայացնելու համար: Խնդրում եմ այն ընդունել որպես օրենք:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Աղաջանյան: Հիմա անցնում ենք մտքերի փոխանակությանը: Ելույթների համար խնդրում եմ գրանցվել: Չկան: Եզրափակիչ ելույթի ցանկություն:

Այժմ քվեարկության է դրվում «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

ԱՀ ԱԺ որոշումը «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքն ընդունելու մասին: ԱՀ ԱԺ որոշում է ընդունել «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը:

Քվեարկություն

Կողմ՝ 33, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունված է:

Նստաշրջանի օրակարգը սպառված է, արտահերթ նստաշրջանը հայտարարվում է փակված: