ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

  ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  7 - ՐԴ  ԳՈՒՄԱՐՄԱՆ

    2020Թ.  ՀՈՒՆԻՍԻ  30-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

    ԺԱՄԸ 11.00

  Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության    անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

          Նիստին ներկա են 33 պատգամավորներ, բացակա չկա: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

         Արթուր Թովմասյան - ԱՀ հարգարժան պետնախարար, հարգելի կառավարության անդամներ և պատգամավորներ, տիկնայք և պարոնայք: Հարգելի պատգամավորներ, այսօր պառլամենտարիզմի միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորներին, ցանկանում եմ ձեզ հաջողություններ և անձնական կյանքում, և օրինաստեղծ աշխատանքում:

        Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նստաշրջան:

        Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:

        Գրանցում:

        Գրանցվել է 30 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

        Հարգելի պատգամավորներ, տեղեկացնեմ, որ հիմք ընդունելով հունիսի 15-ին պատգամավոր Հովիկ Ջիվանյանի հրաժարական տալու մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ  կետով՝ դադարել է «Ազատ  Հայրենիք - ՔՄԴ» դաշինքի ընտրական ցուցակով ընտրված Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները: Պատգամավորական լիազորությունը դադարեցված համարելու մասին արձանագրությունը «Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքի համաձայն ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողով է ներկայացրել հաղորդագրություն՝ համաձայն որի ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրվել «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիգեն Հարությունյանին:

         Այժմ երդման արարողության համար հրավիրվում է Վիգեն Հարությունյանը:

         Վիգեն Հարությունյան - Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման և բարգավաճման, երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել ԱՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ԱՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

         Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, բոլորիդ անունից շնորհավորում եմ նորընտիր պատգամավոր Վիգեն Հարությունյանին և մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

         Հարգելի պատգամավորներ, «Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքի համաձայն արտահերթ նստաշրջանն անց է կացվում նախաձեռնողի սահմանած ժամկետով և օրակարգով: Նստաշրջանի օրակարգը բաժանված է ձեզ: Օրակարգը չի քննարկվում և չի քվեարկվում:

 Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք «ԱՀ 2019թ. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»: Ձեզ եմ ներկայացնում «Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքի 107-րդ հոդվածով սահմանված Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացակարգը:

         Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում մինչև երեսնական րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ կարող են հանդես գալ Հանրապետության նախագահի մինչև երեք ներկայացուցիչ, իսկ նույն տևողությամբ հարակից զեկուցումներով՝

         1) Հաշվեքննիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը.

         2 գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվությունը և դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

         3) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

         4)հաշվետվության վերաբերյալ եզրակացություն ներկայացրած մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

         ԱՀ   2019թ.  պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար հրավիրվում է ԱՀ ֆինանսների նախարար պարոն Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:

         Վահրամ Բաղդասարյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, կառավարության անդամներ, գործընկերներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում  «ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը», որը ԱՀ բյուջետային համակարգի մասին օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո ներկայացվել է ԱԺ հաստատմանը: Ներկայացնելով 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, նախ անդրադառնամ հաշվետու տարում ձևավորված տեսական միջավայրին և ներկայացնեմ որոշ մակրոտնտեսական ցուցանիշներ: 2019թ. անվանական  արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 342,5 միլիարդ ՀՀ դրամ՝ 2018թ.  310,3  միլիարդ ՀՀ դրամի դիմաց, ապահովելով 10,3 տոկոս տնտեսական աճ  0,1 տոկոս դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,2 տոկոս: Նման բարձր աճի տեմպի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես արտադրության ոլորտի, ավելացված արժեքի աճը, որն ապահովել է տնտեսության աճի 4,4 տոկոսային կետ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2 միլիոն 307 հազար 600  ՀՀ դրամ, կամ 4803,0 ԱՄՆ դոլար՝  նախորդ տարվա 2 միլիոն 103 հազար 300 ՀՀ դրամի կամ 4354 ԱՄՆ դոլարի դիմաց: Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ  ցուցանիշները՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 165,0 ՀՀ  միլիարդ դրամ՝ 2018թ. համեմատ  իրական արտահայտությամբ աճելով 40,1 տոկոսով: Շինարարության ծավալը կազմել է շուրջ 64, 6 միլիարդ ՀՀ դրամ ապահովելով 23,1 տոկոս աճ: Գյուղատնտեսական արտադրանքի  ծավալը կազմել է 70,6 միլիարդ ՀՀ դրամ՝  նախորդ տարվա 74,1 միլիարդ դրամի դիմաց կամ նվազել է 4,7 տոկոսով: 2019թ. միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականի նկատմամբ աճել է 8 և 9 տոկոսով և կազմել 175 հազար 522 դրամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2019թ. կազմել է 656,1 միլիոն ԱՄՆ դոլար՝  2018 թվականի համեմատ աճելով 18,2 տոկոսով, ապրանքների ներմուծման ծավալն աճել է 5,7 տոկոսով՝  կազմելով 373,1 միլիոն ԱՄՆ դոլար, արտահանման ծավալն աճել է 40,1 տոկոսով և կազմել  283,0 միլիոն ԱՄՆ դոլար: Գնաճը 2019 թվականին կազմել է 0,7 տոկոս: 2019թ. պետական բյուջեով պլանավորված  59 միլիարդ 700 միլիոն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 60 միլիարդ 135 միլիոն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100,7 տոկոսով, որն իր հերթին 10,8 տոկոսով ավել է 2018 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից: Նախատեսված  58 միլիարդ 814,8 միլիոն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի գծով պետական բյուջե է մուտքագրվել 59 միլիարդ 231,8 միլիոն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 100,7 տոկոսով: Հարկերը ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 17,3 տոկոս՝ պահպանելով նախորդ նույն ցուցանիշը: Ընդհանուր առմամբ հարկային եկամուտների շուրջ 79 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: 2019թ. ՀՀ- ից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 57 միլիարդ 847 միլիոն դրամ, 2019թ. պետական բյուջեի հավելուրդը կազմել է 6 միլիարդ 163,3 միլիոն դրամ, որը հիմնականում ուղղվել է նախկինում ներգրաված փոխառու միջոցների մարմանը: ԱՀ  2019թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 111 միլիարդ 818,7 միլիոն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 96 տոկոսը: 2019թ. պետական  բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակմամբ: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձը,  թոշակները, նպաստները, սոցիալական բնույթի այլ ծախսեր, ինչպես նաև՝ կրթության, մշակույթի, առողջապահության և տնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը: Նշեմ, որ կառավարության կողմից նախանշված հիմնական ծախսային գերակայությունները, որոնք նախատեսվել են 2019թ. պետական բյուջեով, համապատասխանում են այն առաջնահերթություններին, որոնք ամրագրված են ԱՀ 2019-21թթ.  պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերին: 2019թ. պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները հետևյալն են.

         Գյուղատնտեսության բնագավառի ծախսերը կազմել են 4 միլիարդ 834 և 6 միլիոն դրամ կամ կատարվել են 98,8 տոկոսով: Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրերի համար բյուջեից տրամադրվել է երկու  միլիարդ 358 միլիոն դրամ՝ նախատեսված 2 միլիարդ 390 միլիոն դրամի դիմաց: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պետական բյուջեից հատկացվել է մեկ միլիարդ 474,7 միլիոն դրամ, որն ուղղվել է առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի  համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը, փոխառությունների տրամադրմանը և գյուղի և գյուղատնտեսության զարգացման այլ ծրագրերի իրականացմանը: Տնտեսական հարաբերությունների բնագավառին  ուղղված ծախսերը կազմել են 13 միլիարդ 802 և կես միլիոն դրամ: ԱՀ կառավարության 2019թ. փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագիրն իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, որին 2019թ. պետական բյուջեից հատկացվել է 2 միլիարդ 873 միլիոն դրամ: Կապիտալ ներդրումների ծրագրով ծախսերը կազմել են 23 միլիարդ 956,9 միլիոն դրամ, որը կազմում է ծրագրավորված ցուցանիշի 99,5 տոկոսը: 2018թ. համեմատ կապիտալ ներդրումների ծրագրի գծով հատկացված ծախսերն աճել են 20,7 տոկոսով, կազմելով ընդհանուր բյուջեի ծախսերի շուրջ 21,4 տոկոսը: Տրամադրված միջոցներն ուղղվել են ինչպես տնտեսության տարբեր ճյուղերի ու ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ սոցիալական նշանակության և պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու սահմանների ամրակայմանն ուղղված աշխատանքների կատարմանը: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված 22 միլիարդ 747,4 միլիոն դրամի դիմաց փաստացի կազմել են 22 միլիարդ 492 և 3 միլիոն դրամ կամ ծրագիրը կատարվել է 98,9 տոկոսով, որն ուղղվել է սոցիալական բնագավառի թվով 51 ծրագրերի իրականացմանը: Սոցիալական պաշտպանությունը ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ոլորտներից է, որն ընդհանուր բյուջեի ծախսում կազմում է 21,1 տոկոս: 2019թ. իրականացված սոցիալական քաղաքականությունը  հիմնականում նպատակաուղղված է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև տարեցների, հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների հիմնահարցերի լուծմանը:

         Կրթության բնագավառի ծախսերը նախատեսված 14 միլիարդ 626,2 միլիոն դրամի դիմաց փաստացի կազմել են 14 միլիարդ 410 միլիոն դրամ կամ կատարվել են 98,5  տոկոսով, իսկ ընդհանուր բյուջեի  ծախսերում այն կազմում է 12,9 տոկոս:

         Առողջապահության բնագավառի բյուջետային հիմնարկների պահպանման և պետական պատվերի ծրագրերի ֆինանսավորման ծախսերը նախատեսված 6 միլիարդ 783 և 4 միլիոն դրամի դիմաց  փաստացի կազմել են 6 միլիարդ 722,2 միլիոն դրամ կամ կատարվել են 99,1 տոկոսով: Հատկացված միջոցներն ուղղվել են թվով 40 առողջապահական ծրագրերի իրականացմանը, որից 34,5 տոկոսը տրամադրվել է ամբուլատոր պոլիկլինիկական հատվածին, իսկ 36,5 տոկոսը՝ հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորմանը:

         Մշակույթի և երիտասարդության բնագավառի ծախսերը նախատեսված 3 միլիարդ 330,9 միլիոն դրամի դիմաց փաստացի կազմել են 3 միլիարդ 256,2 միլիոն ՀՀ դրամ: Հատկացված գումարները հիմնականում ուղղվել են հոգևոր, մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության, երիտասարդության ակտիվության բարձրացման և այլ ծրագրերի իրականացմանը: Նշեմ, որ 2020թ. հունիսի 10-ից ԱՀ ԱԺ տարբեր ձևաչափերով ընթացել են ԱՀ 2019թ. պետական  բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումները: Քննարկումները կազմակերպել են ԱԺ մշտական հանձնաժողովների, գլխադասային և ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստերում, որոնց մասնակցել են համապատասխան նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, ԱԺ խմբակցություններում և, վերջապես՝ գլխադասային, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դռնբաց նիստում: Այդ քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորների կողմից հնչեցվել են ավելի քան 60 հարցադրում և առաջարկություններ թե բյուջեի կատարողականին վերաբերվող, թե՝ ընդհանրապես բյուջետային գործընթացի կազմակերպման հատկացված միջոցների ծախսման նկատմամբ  հսկողության, կատարվող ծրագրերի արդյունավետության գնահատման և նմանատիպ այլ հարցերի առնչությամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական և գործունեության ծրագրային դրույթներին  համապատասխան ԱՀ կառավարության և, մասնավորապես, ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվելու պլանավորվող և կատարվող բյուջետային ծախսերի հասցեականության, թափանցիկության, կատարվող ծրագրի արդյունավետության գնահատելիության, ծրագրերն իրականացնող հաշվետվողականության սկզբունքների ապահովումը: Եվ այս համատեքստում  ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ԱԺ բոլոր պատգամավորներին, ովքեր բյուջեի կատարողականի քննարկումներին շահագրգիռ մասնակցությամբ և կառուցողական առաջարկություններով նպաստում են նշածս սկզբունքների իրագործմանը: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Հարգելի գործընկերներ, ֆինանսների նախարարին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել: Նախքան հերթագրումը հիշեցման կարգով նշեմ, որ հարցերի համար հատկացվում է 2 րոպե՝ արդեն բավականաչափ փորձ ունենք: Մեկ անգամ էլ հիշեցնենք, որպեսզի կանոնակարգը չխախտեք:  Պատասխանի համար՝ 3 րոպե, արձագանքի համար՝ մեկ րոպե: Հիմա հերթագրվում եք:

Երկու պատգամավոր են հերթագրվել՝ պարոն Մոսիյանը և պարոն Գալստյանը: Խնդրեմ, պարոն Մոսիյան:

         Արթուր Մոսիյան - Պարոն Բաղդասարյան, դուք ձեր զեկույցում նշեցիք, որ 6 միլիարդ հավելուրդի  հիմնական  մասը ուղղվել է պետական պարտքի մարմանը, այնինչ հաշվետվությունում ներկայացված է, որ հիմնական մասը՝   մոտ 4,6 ու 4,7 միլիարդ, օգտագործվել է երկու առևտրային կազմակերպությունների բաժնեմասն առնելուն: Որո՞նք են այդ կազմակերպությունները: Իսկ եթե այդպես է, ստացվում է, որ հիմնական մասը ոչ թե պետական պարտքը մարելուն է  ուղղված, այլ  կոնկրետ երկու առևտրային կազմակերպությունների  բաժնեմասն առնելուն: Շնորհակալություն:

         Վահրամ  Բաղդասարյան – Հավելուրդը, որը որ կազմում է մոտ 6 միլիարդ դրամ, իրոք, ուղղվել է նախկինում ստանձնած պարտավորությունների մարմանը:

         Արթուր  Մոսիյան – Հաշվետվությունում եղել է, որ 4,6 ու 4,7 միլիարդ դրամ ուղղվել է երկու առևտրային կազմակերպությունների բաժնեմաս առնելուն:

         Արթուր   Թովմասյան  - Պարոն Գալստյան, խնդրեմ:

         Դավիթ Գալստյան - Պարոն Բաղդասարյան, մենք հետագայում այս բյուջեի քննարկումների վերաբերյալ, որ ավելի հստակ պատկերացնենք, ձեզ հարցում էինք ուղղել, որ տաք այն ցանկը, որոնք որ պետության կողմից  ունեն ստանձնած երաշխավորագրեր, պետական երաշխիքներ է տվել, որի արդյունքում ստացվել են այդ իրավաբանական կազմակերպությունները, այս կամ այն բանկային, վարկային կազմակերպությունում՝ վարկ, մենք գիտենք, որ յուրաքանչյուր երաշխիքի համար անհատական կառավարության որոշում է կայացվում, իսկ այդ անհատական կառավարության որոշումների ցանկի ամփոփում մեր կողմից խնդրել  ենք տրամադրել խմբակցությանը՝ վկայակոչելով բանկային գաղտնիքի մասին օրենքին,  չեք տրամադրել ցանկը՝ ընդհանուր թվերով եք տվել: Արդյո՞ք, կառավարության անհատական որոշումները հանդիսանում են բանկային գաղտնիք:

         Վահրամ Բաղդասարյան - Բանկային գաղտնիք հանդիսանում են այն վարկառուների անունների հրապարակումը, որոնք համապատասխան  բանկից ունեն ստացած վարկեր և ծառայողական  գործունեության ընթացքում այդ ինֆորմացիան «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի համաձայն  չենք կարող հրապարակել, քանի որ դուք պահանջել եք կոնկրետ վարկային, վարկը ստացած կազմակերպության անունը, չափը և այլն: Դա բանկային գաղտնիք է հանդիսանում և մենք ձեզ տրամադրել ենք ընդհանուր առմամբ, ինչքան կառավարության որոշումներով տրամադրված երաշխիք ունենք այդ թիվը և ստացված վարկերը կառավարության կողմից:

         Արթուր Թովմասյան - Արձագանքու՞մ եք:

         Գալստյան - Հարցումը եղել է պետական երաշխիք տրամադրած իրավաբանական անձանց ցուցակը, իսկ պետական երաշխիքը դա դեռ չի նշանակում գործող պետական երաշխիքների մասին ենք ուզել:

         Վահրամ Բաղդասարյան - Պետական երաշխիքից հետո համապատասխան կազմակերպությունը ստանում է վարկ:

         Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը:

         Վահրամ Բաղդասարյան - Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան - Անցնում ենք հաջորդ զեկույցին: Հարակից զեկուցող՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Էրիկ Ավանեսյան: Խնդրեմ, պարոն Ավանեսյան:

         Էրիկ Ավանեսյան – Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ: Համաձայն ԱՀ Սահմանադրության և դրանից բխող մի շարք օրենքների, ԱՀ Հաշվեքննիչ պալատը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ԱԺ է ներկայացրել ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն: Եզրակացության հիմքում դրվել են ԱՀ ֆինանսների նախարարությունում 2019թ. պետական բյուջեի կատարման կազմակերպման գործընթացի նկատմամբ և հաշվեքննության 7 օբյեկտում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված հաշվեքննության, ինչպես նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության արտացոլված տեղեկությունների վերլուծության արդյունքները: 2019թ. պետական բյուջեի կատարման գործընթացի նկատմամբ պալատի կողմից իրականացվել է ֆինանսական և համապատասխանության  հաշվեքննություն, որով գնահատվել են կառավարության կողմից հաշվետու տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված դրույթների պահպանումը բյուջեի կատարման մասին հաշվետվության արտացոլված թվերի արժանահավատությունը ֆինանսների նախարարությանը՝ ի դեմս գանձապետարանի կողմից բյուջեի կատարման գործընթացի կազմակերպումն ու իրականացումն ընդգրկելով 12 ծախսային ծրագիր: Ընտրանքային կարգով  հաշվեքննության է ենթարկվել քաղաքաշինության, ֆինանսների, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման, առողջապահության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, կրթության, գիտության և սպորտի նախարարությունների, ինչպես նաև Ասկերանի շրջանի վարչակազմի կողմից բյուջետային 29 ծախսային ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման օրինականության նկատմամբ: Ուսումնասիրվել են նաև  2019թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության արտացոլված  5 գերատեսչությունների արտաբյուջետային միջոցների և ազատ մնացորդների շարժի վերաբերյալ տվյալները: Ընդհանուր առմամբ հաշվեքննությամբ ընդգրկվել է բյուջեի փաստացի ծախսերի 37,7 տոկոսը կամ 42 միլիարդ 208 միլիոն 465 հազար դրամ: Հաշվեքննության առարկայի և օբյեկտի ընտրանքն առավելապես պայմանավորված էր հետևյալ գործոններով.

        1)   Հաշվեքննիչ պալատի կադրային և տեխնիկական ռեսուրսների, ժամանակի և իրավական տեսանկյունից  հաշվեքննության արդյունավետության ապահովում.

        2)   պետական  բյուջեից ֆինանսավորված գումարի չափ.

        3)   բյուջեի  կառուցվածքում գերակա համարվող ծախսային ուղղվածություն.

        4) բյուջեի կատարողականի  վերաբերյալ կարծիք ձևավորելու համար հաշվեքննության մեթոդական ուղեցույցներին համապատասխան հաշվարկված  ծախսերի բավարար ծածկվածություն:

        Հաշվեքննության ընթացքում  ձեռք է բերվել բավարար տեղեկատվություն 2019թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի կարծիքը հիմնավորելու համար:

         Հարգելի պատգամավորներ, 2019թ. պետական բյուջեի կատարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքները մանրամասն արտացոլված են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունում, ուստի ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել որոշ հանգամանքներ, որոնք հիմք են հանդիսացել բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք կազմելու համար.

        1)  ԱՀ  2019թ. պետական  բյուջեի կատարման ընթացքում կառավարության կողմից ապահովվել է հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարումը.

        2)  պետական բյուջեի կատարման գործընթացն  ընդհանուր առմամբ իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող ԱՀ օրենսդրությանը համապատասխան.

       3) ընտրանքով ընդգրկված ծրագրի կատարման վերաբերյալ գլխավոր կարգադրիչների կողմից ներկայացված հաշվետվությունները արժանահավատ են: Հաշվեքննող օբյեկտներում իրականացված հաշվեքննության արդյունքների և ընտրված ծրագրերի ընդհանուր ծավալի համադրությամբ էական անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել,  չեն արձանագրվել.

        4)  հաշվետվությունը հիմնականում պարունակում է օրենսդրությամբ պահանջվող համապատասխան տեղեկությունները, մասնավորապես տեղեկություններ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի պահուստային ֆոնդից կատարված  ծախսերի ուղղությունների ու չափերի վերաբերյալ: Պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հիմնավորվածությունը, ինչպես նաև դրանց համեմատական վերլուծությունը նախորդ տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված  և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ: Հաշվետվությունում առկա են նաև պետական կառավարման մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման մասին ամփոփ  հաշվետվությունները, ըստ բյուջետային ծախսերի գործարարական և տնտեսագիտական դասակարգման առանձին տառերի, որոնք առանձին հավելվածների տեսքով  կցված են հաշվետվությանը: Հաշվետվության վերլուծական մասում դեռևս բացակայում են բյուջեի հավելուրդի վերաբերյալ տեղեկությունները.

        5)  ԱՀ 2019թ. պետական  բյուջեի փաստացի եկամուտների  և ծախսերի մասով ապահովել է բարձր կատարողական՝ տարեկան ճշտված ծրագրի նկատմամբ կազմելով համապատասխանաբար 100,7 տոկոս և 96 տոկոս: Պետական բյուջեի փաստացի ծախսերի ուղղվածության գերակայությունները  նախորդ տարվա համեմատ հիմնականում պահպանվել են: Ընդհանուր ծախսերի 26,5 տոկոսը ուղղվել է հիմնական  բաժիններին չդասվող ծախսերին, 20,1 տոկոսը՝  սոցիալական պաշտպանության, 12,3 տոկոսը՝ տնտեսական հարաբերությունների, 12,9 տոկոսը՝ կրթության ոլորտներին: 2019թ. պետական բյուջեի ծախսային մասում նախատեսվել է 258 ծրագիր, որից 174-ը ծրագրով կամ ծրագրերի 67,4 տոկոսով ապահովել է 95 տոկոսից բարձր կատարողական, կազմելով 100 միլիարդ 493 միլիոն 84 հազար դրամ, ընդ որում՝ 100 տոկոս կատարողական է արձանագրվել  51 ծրագրով, որից 25 ծրագիր ապահովել է առողջապահություն բաժնում: Բյուջեով սահմանված 2 ծրագիր՝ նշված ծրագրով ավելի քան մեկ ու կես միլիոն դրամ ընդհանուր ծավալով,  չի կատարվել, 6 ծրագիր՝ ավելի քան 325 միլիոն դրամ ընդհանուր ծավալով, ճշտված ծրագրով զրոյացվել է, 9 ծախսային ծրագիր փաստացի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 50 տոկոսից ցածր՝ առաջացնելով տարեկան նշված ծրագրի նկատմամբ 47,7 միլիոն դրամի շեղում: 2018թ. պետական բյուջեի ծախսային ծրագրով  50 տոկոսից ցածր կատարողական ապահովելու հետևանքով շեղումը կազմել է 100,4  միլիոն դրամ: Փաստացի ծախսերի 68,7 տոկոսը կամ 76 միլիարդ 775 միլիոն 840 հազար դրամ ընդհանուր գումարի 200 ծրագրեր իրականացրել են 7 մարմիններ՝  աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման, քաղաքաշինության, ֆինանսների, կրթության, գիտության և սպորտի, էկոնոմիկայի և արտադրական  ենթակառուցվածքների, առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունները.

        6)   ԱՀ  2019թ. պետական  բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը՝ արժանահավատ: Հիմք ընդունելով ֆինանսական և համապատասխանության  տեսակներով հաշվեքննության արդյունքները  ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ՝ ԱՀ հաշվեքննիչ պալատը ներկայացնում է դրական եզրահանգում:  Շնորհակալություն, ուշադրության համար:

         Արթուր Թովմասյան – Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Հարակից զեկուցման համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային  և  տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

         Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, կառավարության հարգարժան անդամներ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ: Հաշվի առնելով այն, որ 2019թ. տարեկան բյուջեն և եկամուտների, և ծախսերի գծով կատարվել է բավականին բարձր ցուցանիշներով և մեծապես նպաստել նաև մեր երկրում 2019թ. արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը, տնտեսական համախառն աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշը և մնացած բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները: Բյուջեն հաստատված ժամանակացույցի համաձայն քննարկվել է նաև բոլոր հանձնաժողովներում, մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում և վերջում ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովների նիստում 4 «կողմ», մեկ՝ «դեմ» ձայների  հարաբերակցությամբ տվել է դրական եզրակացություն: Խնդրում եմ իմ գործընկերներին այն հաստատել: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հաջորդ զեկուցողը ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն է: Խնդրեմ, պարոն Հայրապետյան:

         Սեյրան Հայրապետյան - ԱՀ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ, ներկաներ: ԱԺ նախագահի կողմից հաստատված ժամկետացանկի համաձայն «2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը»  քննարկվել է ԱԺ անվտանգության, պաշտպանության և օրինապահպանության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում:

         Հանձնաժողովը գտնում է, որ «ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության» մեջ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը օրինական են և հիմնավորված: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան - Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Չկա՞ն: Այժմ անցնենք մտքերի փոխանակությանը: Պատգամավորներին խնդրում եմ ելույթի համար գրանցվել: Եթե պատգամավոր  կա՝ խնդրեմ: Խնդրեմ, պարոն Բաղունց:

         Գագիկ Բաղունց -  ԱԺ մեծարգո նախագահ, ԱՀ մեծարգո պետական նախարար, հարգելի գործընկերներ: Նախ ողջունում եմ 2019թ. տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը:  Համախառն ներքին արդյունքը կազմել է 342,5 միլիարդ դրամ, արձանագրելով մոտ 10 տոկոս աճ:

         Առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ պետբյուջեի տարեկան հաշվետվության ընդունման կանոնակարգով դրույթների, իմ կարծիքով, որոշ անկատարելիությանը: ԱՀ Սահմանադրության հոդված 124-ում նշվում է, որ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում պետբյուջեի կատարմանը, ինչը արտացոլված է նաև ԱԺ կանոնակարգի հոդված 103-ի կետ 2-ում: Հոդված 107 և կետ 4-ի համաձայն  պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման  ընդունման դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված, իսկ չընդունման դեպքում՝  մերժված: Ու՝ վերջ: Կանոնակարգի 107 հոդվածի կետ1, ենթակետ 2-ով նաև նախատեսված է գլխադասային հանձնաժողովի կողմից հաշվետվության մերժման ընթացակարգը: Ստացվում է, որ պետբյուջեի կատարման և հաշվետվության  մեջ տեղ գտած ցանկացած թերացում ու, այդ իսկ պատճառով հաշվետվության մերժումը, չի ենթադրում որևէ  հետևանք կառավարության համար: Անհրաժեշտ եմ համարում պետբյուջեի կատարմանը կառավարության պատասխանատվության աստիճանի բարձրացմանն ուղղված իրավական սկզբունքների և մեխանիզմների մշակում: Դա կհանդիսանա իշխանության երկու՝  օրենսդիր և գործադիր ճյուղերի անկախության ապահովման հետ համատեղ զսպման մեխանիզմների և հակակշիռների ստեղծման լուրջ երաշխիք:

         Հետագայում պետբյուջեի քննարկումների հարմարավետության և էֆեկտիվության բարձրացման  նպատակով  ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. տարեցտարի փոփոխվում են պետբյուջեի հոդվածները (միավորվում են կամ բաժանվում են), ինչի հետևանքով բավականին դժվարանում է  շարունակական բնույթ կրող ծրագրերի արդյունավետության գնահատականը և տվյալ ոլորտում իրավիճակի զարգացման տենդենցների վերլուծությունը:

          Իհարկե, ցանկալի է, որ ի սկզբանե ԱԺ տրամադրվող փաստաթղթում ներկայացված լինի վերլուծությունը՝ երբվանի՞ց են իրականացվում շարունակական բնույթ կրող ծրագրերը, ի՞նչ նպատակներ են հետապնդում  և ի՞նչ խնդիրներ են լուծում, ինչքա՞ն գումար է արդեն իսկ  հատկացվել և  ամենակարևորը՝  ինչքանո՞վ է արդարացվում  ծրագրի իրականացումը:

         Չեմ կարող չանդրադառնալ հավելուրդով պետբյուջեի վիճարկելի գաղափարին: Նման բյուջե կարող են թույլ տալ իրենց միայն բավականին հարուստ, կայացած երկրներ: Չնսեմացնելով նման գաղափարի քաղաքական ենթատեքստը, այնուամենայնիվ, անհասկանալի եմ համարում պետբյուջեի 2019թ. եկամուտների լրացուցիչ 4 միլիարդ դրամով համալրման պարագայում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար նախատեսված 495 միլիոն դրամ ճշգրտված հատկացումների թերֆինանսավորումը՝ ընդամենը 412 միլիոն դրամ, կամ՝ 83 տոկոսը: Անընդունելի եմ համարում IT ոլորտի զարգացման ծրագրերում պետության չափազանց համեստ մասնակցության աստիճանը՝ մոտ 40 միլիոն դրամ, ինչը համարժեք է մեկ միջին մակարդակով ծրագրավորողի տարեկան աշխատավարձի:  Երկրում IT ոլորտի զարգացման լուրջ խթան կհանդիսանա պետական կառույցների կողմից մի քանի տասնյակ միլիոնի պատվիրումը ոչ թե ՀՀ –ում, այլ տեղական ընկերություններին, որոնք պատրաստակամ են ոչ պակաս որակով կատարել աշխատանքները շատ ավելի մատչելի գներով: Համավարակի վտանգների պահպանման պայմաններում այս հիմնախնդրի լուծման եղանակները ավելի ու ավելի պահանջված կլինեն, սակայն, կունենանք տեմպի լուրջ կորուստ:  Չեմ ուզում այստեղ անդրադառնալ նախորդ տասնօրյակում մշտական հանձնաժողովների նիստերին մանրամասն  քննարկումների առարկա դարձած գյուղատնտեսության կամ սոցիալական ապահովության ոլորտի մոտ հարյուր ծրագրերի իրականացման պահանջվածությանը կամ արդյունավետությանը: Հուսով եմ, որ այդ հարցերը լուրջ դիսկուսի առարկա կդառնան 2021թ. պետբյուջեի  մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Եվ վերջում՝ կրթության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ: Միայն գոհունակությամբ կարելի է ընդունել ոլորտին պետբյուջեի մոտ 13 տոկոսի հատկացումը (ինչը բավականին բարձր ցուցանիշ է): Նշեմ, որ մեկ աշակերտի կամ մեկ ուսանողի պարագայում այդ ֆինանսավորումը գրեթե երկու անգամ գերազանցում  է ՀՀ  համապատասխան թվերը: Ինչ վերաբերում է արդյունքներին, կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են:  Այսօր երկրի կրթական համակարգը ծառայում է ոչ թե որպես տնտեսության զարգացման հենարան և խթան, այլ հանդիսանում է լուրջ բեռ ու արգելակ, լավագույն դեպքում՝ լուծելով այդ պահին առաջնային համարվող մի շարք սոցիալական խնդիրներ:

         Ու, ամենավերջում: Կարծում եմ 2019թ. պետբյուջեի հաշվետվության՝  նորանշանակ կառավարության և նորընտիր ԱԺ համատեղ  քննարկումները նպաստել են այն համոզմունքի ձևավորմանը, որ հաջորդ տարվա պետբյուջեի կազմման աշխատանքներին ԱԺ մասնակցությունը  պետք է մեկնարկվի ոչ թե բյուջետային տարին սկսելուց 45 օր առաջ, այլ՝ արդեն իսկ հիմա: Դրանով իսկ մենք հնարավորինս կապահովենք  ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական  ուժերի գործնական մասնակցությունը երկրի տնտեսական քաղաքականության մշակմանը:

         Համոզված եմ, որ դա կհանդիսանա ժողովրդավարության սկզբունքների արմատավորման ևս մի կարևոր քայլ: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Այժմ անցնում ենք խմբակցությունների ելույթներին: Ելույթի համար հրավիրվում է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ներկայացուցիչ պարոն Ստեփանյանը:

         Գեղամ Ստեփանյան – Հարգելի ներկաներ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության տեսակետը «2019թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության» վերաբերյալ: 2019թ.  ԱՀ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը  ԱԺ է ներկայացվել օրենքով սահմանված կարգով դեռևս նախորդ գումարման խորհրդարանի գործունեության շրջանում, բայց բյուջեի կատարողականի նախնական քննարկումները մեկնարկել են արդեն 7-րդ գումարման ԱԺ աշխատանքները սկսելու պահից: Ուստի պատգամավորները բավարար ժամանակ են ունեցել ուսումնասիրելու բյուջեի կատարման մասին հաշվետվությունը և իրենց կարծիքները արտահայտելու թե գլխադասային  ու մյուս մշտական հանձնաժողովների համատեղ նիստերին և թե գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ խմբակցությունների հանդիպումների ընթացքում համաձայն նախապես հաստատված ժամկետացանկին: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անդամները ակտիվ մասնակցություն են ունեցել ոլորտային քննարկումներին, իսկ ԱՀ պետնախարարի և ֆինանսների նախարարի հետ խմբակցությունների հանդիպման ժամանակ անկեղծ ու շահագրգիռ երկխոսության ընթացքում հանդես ենք եկել մի շարք հարցադրումներով, հայտնել մեզ հուզող հարցերի հետ կապված մտահոգություններ և արել տարբեր առաջարկություններ: Խմբակցությունը ծանոթացել է նաև Հաշվեքննիչ պալատի եզրակացությանը 2019թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ և համակարծիք է, որ ընդհանուր առմամբ բյուջեի կատարման գործընթացը իրականացվել է ԱՀ  օրենսդրության համապատասխան: 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կառավարությունը ընդունել է 6-րդ գումարման ԱԺ մեր կուսակցության խմբակցության առաջարկությունների մեծ մասը: Մասնավորապես, ավելացվել են քաղաքացիական պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները երկուսուկես անգամ, ներառվել են Ստեփանակերտ քաղաքի Մարիետա Շահինյան, Մելիք Փաշաև, Գարեգին Սևունց, Հակոբ Մելքումով և Աբովյան փողոցների բարեկարգման ծրագրերը, Ասկերանի շրջանի Հիլիս համայնքի հանդիսությունների սրահի տանիքի նորոգումը, Խանցք համայնքի գազիֆիկացումը, Դահրավ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը: Գոհունակությամբ ենք նշում, որ նշված ծրագրերի մի մասը արդեն ավարտված է, մյուս մասը գտնվում է ընթացիկ ու ավարտական  աշխատանքների փուլում: Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու «2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու»  մասին ԱԺ որոշմանը: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան -  Շնորհակալություն,  պարոն Ստեփանյան: Այժմ ելույթի համար խոսքը տրվում է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար պարոն Մոսիյանին:

         Արթուր Մոսիյան – Շնորհակալություն: Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, ներկաներ: Ելույթիս առաջին մասը ես երևի չասեմ, որովհետև նույն, պարոն Բաղունցի առաջարկներն են՝  կապված բյուջեի կատարողականի ընդունելու,  չընդունելու և դրա հնարավոր հետևանքների հետ, ինքն արդեն ասաց, ես չեմ անդրադառնա, նաև իմ հարցադրման ի պատասխան, որ կառավարության ներկայացուցիչը պատասխանել է,  ես նաև տեղեկացնեմ, որ Հաշվեքննիչ պալատի հաշվետվության մեջ կառավարության համապատասխան  որոշումների հիման վրա 4 միլիարդ 689 միլիոն 872 հազար և  762 միլիոն 600 հազար դրամով ձեռք են բերվել  2 առևտրային ընկերության բաժնեմասեր: Իմ հարցադրումն  այդտեղից էր: Այժմ անդրադառնամ բյուջեի կատարողականին: Իրականում շահագրգիռ  քննարկումներ են եղել և ոլորտային հանձնաժողովներում, և ֆրակցիայում, մեզ հետաքրքրող հարցերին տրվել են պարզաբանումներ, պարզապես, ասենք, ընդհանրության մեջ  եթե ներկայացնելու լինենք,  հետևյալն է, որ իրականում բյուջեի հիմնական ծրագրային մասերը կատարվել են, 2058 ծրագրերից  մոտ 8 ծրագիր չի կատարվել, 9 ծրագիր կատարվել է 50 տոկոսով, մնացածում արձանագրվել է 100 տոկոսանոց կամ 95,99 տոկոսանոց կատարողական: Ընդհանրության մեջ բյուջեի մեկ ու մեկ պլանավորված մեկ ու մեկ  միլիարդ հավելուրդի փոխարեն կառավարությանը հաջողվել է ապահովել 6,1 միլիարդ հավելուրդ, այսինքն՝ տնտեսության, թե աճը, թե գերակատարումը եկամտային մասի՝ ակնհայտ է: Սա դրական կողմերի մասին: Այժմ բացասական կողմերի մասին ասենք: Մենք և քննարկումների ժամանակ, և ԱԺ ամբիոնից ցանկանում ենք մեկ անգամ ևս ասել, որ իրականում «Բյուջետային համակարգի մասին» օրենքի մի շարք հոդվածներ խախտվել են կամ ոչ լիարժեք են ներկայացվել: Խոսքը «Բյուջետային համակարգի մասին»  օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածի և 26-րդ հոդվածի մասին է, որը վերաբերվում է բյուջետային երաշխիքներին, հավելուրդին, պակասորդին, արտաքին պարտքին և այլն: Այսքանով հանդերձ, հաշվի առնելով, որ իրականում բյուջեի կատարողականը ընդհանուր առմամբ դրական է և այս կառավարությունն էլ կապ ունի այս բյուջեի հետ այնքանով,  որքանով կարող է: Ընդհանուր մոտեցումը դրական է, բայց «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» չի կարող քվեարկել մի բանի օգտին, որտեղ օրենքի պահանջները կամ անտեսված են, կամ լրիվությամբ չեն կատարվել: Ուստի մենք ձեռնպահ ենք քվեարկելու բյուջեի կատարողականին: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Մոսիյան: Ելույթի համար հրավիրվում է «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ տիկին Հակոբյանը:

         Մետաքսե Հակոբյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ:  Հունիսի 10-ից մենք քննարկում ենք «2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»: Արցախի «Արդարություն» խմբակցությունը ողջ քննարկման ընթացքում փորձեց հարցերի և քննարկումների միջոցով վեր հանել մեր երկրի զարգացմանը  չնպաստող կամ խոչընդոտող երևույթները: Ցավով պետք է նշենք, որ ԱԺ բարձրացրած մեր հարցերը հաճախ «փշերով» էին ընդունվում, իսկ երբեմն որոշ պատգամավորներ իրենց վրա էին վերցնում կառավարությանը  հասցեագրած  մեր հարցերին պատասխանողի «դժվարին դերակատարությունը»: Պետք է փաստենք, որ կառավարության կողմից ներկայացված հաշվետվությունը ոչ այլ ինչ էր, քան վատ պատրաստված  աշակերտի տնային աշխատանք:  Բազմիցս նշել ենք, որ ԱՀ տնտեսության զարգացումն ուղղակիորեն կապված է ներքին արդյունավետ  քաղաքականության, այդ թվում՝  իրավունքի գերակայության, հավասար հնարավորությունների և տնտեսական մրցակցության ապահովման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի հետ: Ցավոք  իրականացված աշխատանքներում մենք չտեսանք այս ուղղությունների նկատմամբ պետության քաղաքականության գերակայությունը: Այո, ԱՀ-ում պետք է ձևավորել ժամանակակից տնտեսական համակարգ, սակայն, միևնույն ժամանակ,  պետք է կարևորել պետության կարգավորող դերը տնտեսության արդյունավետության բարձրացման, մակրոտնտեսական կայուն աճի, պետական ռազմավարական հետաքրքրությունների, սոցիալ-տնտեսական արդարության, տնտեսական անվտանգության կառուցակարգերի մշակման և ապահովման գործում: Մենք գտնում ենք, որ միայն համախառն ներքին արդյունքի մակարդակը կամ միայն տնտեսական աճի ցուցանիշը չի կարող արտահայտել տնտեսական համակարգի իրական վիճակը, որովհետև դրանք, ըստ էության, քանակական ցուցանիշ են: Դրանց միջոցով հնարավոր չէ ստույգ պատկերացում կազմել ընդհանուր բարեկեցության մասին: Ուստի՝ նախ և առաջ  անհրաժեշտ է սահմանել տնտեսական աճի որակ, ինչը բարիքների արտադրության այն մակարդակն է, որն ապահովում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների ներդաշնակ զարգացումը: Արցախի «Արդարություն» խմբակցությունը 2019թ. բյուջեի կատարողականը գնահատում է անբավարար, քանզի մենք չտեսանք կատարված ծրագրեր, որոնք ուղղված կլինեին մասնագիտական միավորների տեսակարար կշռի բարձրացմամբ  քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացմանը, ծնելիության աճի խթանմամբ, առողջապահական և սոցիալական ծրագրերի հասցեականության բարձրացմամբ՝ ժողովրդագրության բարելավմանը: Երկրում սոցիալական արդարության ու պատասխանատվության մթնոլորտի ձևավորումը դեռևս մնում են սոսկ խոսքեր: Բնության պահպանությունը, դրա մշտական բարելավումն այդպես էլ չդարձան գերակա առաջնահերթություն, քանզի մինչ այսօր փոքր  հիդրոէլեկտրակայանների (հէկ)  համար նախատեսված չէ  նույնիսկ սանիտարական պահպանման գոտիներ, չի կատարվել որևէ հետազոտություն, թե որքանով են հէկերն ազդում ջրային էկոհամակարգի վրա: Էլ չխոսենք անխնա և չկանոնակարգված  անտառահատումների մասին: Այս բոլոր բացթողումներն ու թերությունները փաստում են այն մասին, որ մեր երկրում բացակայում է պետական ղեկավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը և, փոխարենը, գործում է մարդ-կառավարում մոդելը:

         Հարգելի գործընկերներ, ելնելով վերոգրյալից, Արցախի «Արդարություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2019թ. պետական բյուջեի կատարմանը: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ ԱԺ թույլ չենք տալու որևէ ձևական քննարկում,  հետևելու ենք իշխանությունների կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը,  ամեն ինչ անելու ենք թույլ չտալու բյուջեի միջոցների ոչ հասցեական և ոչ նպատակային օգտագործումը: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, տիկին Հակոբյան, այդ հարցում անպայման ձեզ կօգնենք: Ելույթի համար հրավիրվում է «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար պարոն Պետրոսյանը:

         Մարսել Պետրոսյան - ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ: 2019թ. բյուջեի կատարողականի քննարկումներն անցել են ժամանակացույցի խստիվ համաձայնեցված կարգով, ըստ էության մեզ համար բավականին նորույթներ էին պարունակում այդ քննարկումները: Փորձել ենք մեզ հուզող, անհանգստացնող հարցերի պատասխանները ստանալ համապատասխան ոլորտների ղեկավարներից: Ըստ էության ստացել ենք համապարփակ պատասխաններ, որոնք եղել են ինչ որ տեղ արդարացված, ինչ որ տեղ մեզ մոտ կուտակվել են բազմաթիվ, բազմապիսի հարցեր, որոնք մենք հույս ունենք 2021թ. բյուջեի քննարկման գործընթացում բարձրաձայնել և ամենայն աշխուժությամբ մասնակցել բյուջեի ձևավորմանը, որպեսզի մենք կարողանանք  մեր համեստ ներդրումն ունենալ այն ամենի մեջ, ինչ սպասվում է առաջիկայում մեզ: Խնդիրը կայանում է նրանում, որ 2019թ. բյուջեում արձանագրվել  են առաջխաղացման բավականին թվեր, սակայն այդ թվերի կողքին կան նաև չբացահայտված, մեզ համար չպարզաբանված  բազմաթիվ  խնդիրներ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ 2019թ. բյուջեն նույնպես իր մեջ պարունակում է զարգացման բավականին տարրեր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը կողմ է քվեարկելու կատարողականին: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Պետրոսյան: Ելույթի համար խոսքը տրվում է «Ազատ Հայրենիք–ՔՄԴ» խմբակցության ղեկավար պարոն Հարությունյանին:

Արթուր Հարությունյան – Հարգարժան անդամներ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ: «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունը բավականին ակտիվ մասնակցություն է ունեցել «2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» քննարկումներին և համատեղ մշտական հանձնաժողովների նիստերում և խմբակցության նիստում խմբակցության անդամների կողմից հնչել են բազմաթիվ հարցեր, որոնց կառավարության անդամների կողմից տրվել են լիարժեք պատասխաններ, հնչել են նաև մեր խմբակցության պատգամավորների կողմից առաջարկներ, որոնք ուղղված էին կառավարության հետագա գործունեության պետական բյուջեի կատարման արդյունավետության բարձրացմանը, որոնք ընդունվել են կառավարության անդամների կողմից և, նաև, հաշվի առնելով այն, որ 2019թ. պետական  բյուջեն կատարվել է բավականին բարձր ցուցանիշներով և եկամուտների, և ծախսերի գծով, «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունը կողմ է քվեարկելու «2019թ. պետական  բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» հաստատման որոշմանը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունն ավարտվեց, եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Խնդրեմ, պարոն պետնախարար:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ոչ եզրափակիչ ելույթի՝ ուղղակի հնչեցրած  ելույթների վերաբերյալ մի քանի նկատառում: Քանի որ և պետական բյուջեի հաշվետվության ներկայացման  ժամանակ, և ֆինանսների նախարարի, և իմ կողմից հանգամանալից ներկայացվել են 2019թ. մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփ նկարագիրը և այն տնտեսական միջավայրը, որը բավականին բարձր ցուցանիշների արձանագրում է, ըստ էության, հաշվի առնելով այդ հանգամանքը, կարծում եմ, կարիք չկա անդրադառնալ թվային ցուցանիշներին, ուղղակի ուզում էի  ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար, և ուզում էի նշել և հավաստիացնել, որ շահագրգիռ բոլոր առաջարկությունները, բոլոր կառուցողական բնույթի հարցադրումները և առաջարկները հաշվի կառնվեն կառավարության կողմից  հետագա տարիների բյուջեների հաշվետվությունների ներկայացման ժամանակ։ Պետք է նշեմ նաև, որ յուրաքանչյուր տարի կառավարության կողմից ներկայացվող բյուջետային հաշվետվություններում  ավելի է բարձրանում հաշվետվողականության, թափանցիկության և հրապարակայնության մակարդակը, աստիճանը: Հետևապես,  պետք է նշեմ, որ յուրաքանչյուր տարի ավելի խոր և ավելի բաց տեղեկությունները, որոնք որ պարունակում են հաշվետվություններում, այսուհետև նույնպես այդ գործընթացը, գործելաոճը կշարունակվի և յուրաքանչյուր տարի մենք ավելի հանգամանալից հաշվետվություններ կներկայացնենք, կանդրադառնանք նաև այն բյուջետային քաղաքականության զարգացման հիմնական ուղղության ծրագրային բյուջետավորումը և այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ կիրականացնենք։ Իսկ ինչ վերաբերվում է ներկայացման  ֆորմատին, պետք է նշեմ, որ «2019թ. պետական բյուջեի հաշվետվությունը»  ներկայացվել է գործող օրենքների, մասնավորապես՝ բյուջետային համակարգի մասին, գանձապետական համակարգի մասին, ԱԺ «Կանոնակարգ»  օրենքի մասին  և այլ օրենքների ու պահանջների  խիստ համապատասխան տնտեսական արդյունքների գրանցված ցուցանիշները խոսում են ինքն իրեն և, կարծում եմ, որ համատեղ քննարկումները, որոնք ունեցել են պատգամավորների հետ, ևս մեկ անգամ հնարավորություն կտան կառավարությանը ճշգրտելու և համապատասխան փոփոխություններ իրականացնելու  առօրյա աշխատանքներում: Ինչ վերաբերում է առանձին ոլորտներին վերաբերվող հարցադրումներին, ապա պատգամավորները միշտ առիթ ունեն և միշտ հնարավորություններ ունեն իրենց հուզող հարցերը կառավարության անդամների հետ քննարկելու: Արդեն նշեցի, որ բոլոր կառուցողական բնույթի առաջարկները հաշվի են առնվելու, անհրաժեշտության դեպքում տրվելու են պարզաբանումներ, գնահատականները պետք է բխեն առաջին հերթին այն գիտակցումից, որ այժմ ընդամենը քննարկվում է 2019թ. պետական բյուջեի կատարողականը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Մենք ավարտեցինք քննարկումը: Այժմ քվեարկության է դրվում «ԱՀ  2019թ. պետական  բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը» հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը: Ներկայացնում եմ որոշման նախագիծը: ԱՀ ԱԺ որոշումը «ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու« մասին.

«Հիմք ընդունելով ԱՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասը, ԱՀ ԱԺ որոշում է՝ հաստատել ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը  եկամուտների գծով՝ 117 միլիարդ 982 միլիոն 25 հազար ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 111 միլիարդ 818 միլիոն 706 հազար ՀՀ դրամ, բյուջեի հավելուրդում՝ 6 միլիարդ 163միլիոն 319 հազար ՀՀ դրամ»:

Քվեարկություն:

Քվեարկել են 31 պատգամավոր:

Կողմ՝ 25,  դեմ՝  3, ձեռնպահ՝  3:

Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության անդամներին պետական բյուջեի կատարման հաշվետվության համատեղ արդյունավետ քննարկումների համար:

Հարգելի գործընկերներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները: Հաջորդ հարցը՝

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար հրավիրվում է հիմնական զեկուցող պատգամավոր Արամ Գրիգորյանը: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ և ներկաներ: Առաջնորդվելով ԱՀ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածով, մենք՝ պատգամավորներս, Արմեն Հակոբյանը և Արամ Գրիգորյանը, շրջանառության մեջ ենք դրել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում ենք փոփոխություն կատարել 16-րդ հոդվածում: Ներկայումս 16-րդ հոդվածով սահմանվում է պահանջ Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու վերաբերյալ, որում նշված էր. «Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել ԱԺ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացին, ով ունի աուդիտորի նվազագույնը  5 տարվա աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը  3 տարվա աշխատանքային ստաժ, կամ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում բարձրագույն պաշտոնների կամ գլխավոր պաշտոնների առաջին խմբի նվազագույնը  4 տարվա աշխատանքային ստաժ, կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն  5 տարին՝ ղեկավարի պաշտոնում: Օրենքի նախագծով մեր կողմից առաջարկվում է վերջին բառակապակցությունները, որից «առնվազն 5 տարին՝ ղեկավարի պաշտոնում»  հանել և հիմնականում այս առաջարկը ձևավորվել  է՝ ելնելով այն հանգամանքներից, որ այս օրենքում, այս հոդվածում վերը նշված պահանջները չեն համապատասխանում վերջին պահանջին, այսինքն՝ մենք ուզում ենք համաչափորեն ապահովել անդամի նկատմամբ ներկայացված պահանջները, ինչպես նաև ընդլայնում ենք թեկնածուների շրջանակը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Հիմնական զեկուցողին՝ հարցերի համար խնդրում եմ հերթագրվեք: Պարոն Մոսիյան, պարոն Հովհաննիսյան, ընկեր Իշխանյան: Պարոն Մոսիյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հովհաննիսյանը:

Արթուր Մոսիյան - Շնորհակալություն: Պարոն Գրիգորյան, մենք հիմնավորումը կարդացինք, դուք էլ ներկայացրեցիք վերջին բառակապակցությունը  հանելով, այսինքն՝ այդ թվում 5 տարի ղեկավարի պաշտոնում ստացվում է այնպես, որ ես մի անգամ ասել էի, դուք ներկա չէիք, ֆինանսների նախարարության կամ այլ հանրային ֆինանսների առաջին կարգի 10 տարվա մասնագետը կարող է ընտրվել Վերահսկիչ պալատի կամ Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ նախագահ: Օրենքը ընդունելու ժամանակ մի քանի մարմիններ կան: Հաշվեքննիչ պալատը անկախ մարմին է, օրենքով ստեղծված, դրա համար էլ սահմանվել են նաև ասեմ,  նախկին «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում սահմանափակումները ավելի թույլ էին, երբ արդեն անցավ հաշվեքննության, որոշակի պահանջներ ավելի կոնկրետացվեցին և այդ մասնագիտական կառույցում մենք հանել ենք այդ սահմանափակումները, հիմնավորումը հետևյալն է, որ ավելի լայն հնարավորություն ենք ստեղծում, այդ նույն հաջողությամբ բոլորը  կարելի է հանել, որովհետև Սահմանադրությունում գրված է, որ  պատգամավորին հասնող  այդ պահանջները պետք է կատարվեն, բայց օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ սահմանափակումներ և սահմանվել է: Դա անկախ հաշվեքննություն  իրականացնող, արտաքին պետական վերահսկողություն իրականացնող միակ մարմինն է: Այս սահմանափակումները հանելով՝ մենք հնարավորություն ենք ստանում, որ առաջին կարգի մասնագետը կամ առաջատար մասնագետը այստեղ  3,5-ով քվեարկենք: Խախտվում է այդ ամբողջը, ես չգիտեմ այդ հիմնավորումը ինչքան է իրականությանը  համապատասխանում, որ ընդամենը…:  Ձեզ չի՞ թվում, որ այդ 3,  5-ով ԱԺ չի կարող քվեարկել ու դեռ մասնագիտական մնացած բաները թողած: 5-ը արդեն օգտագործեցինք, ձեզ չի՞ թվում, որ դրանով, ոչ թե մենք լայն հնարավորություն ենք ստեղծում, այլ ընդհանուր խախտվում է ամեն ինչ:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն, պարոն Մոսիյան,  հարցի համար: Ճիշտն ասած, ընդհանրապես չի թվում և ասեմ ինչու: ԱՀ բնակչությունը ընդամենը մոտ 150 հազար է, այսինքն հասնում է մոտ 150 հազարի և, եթե վերցնենք հիմա գործող պահանջները, ապա գրեթե 30 հոգի կարողանանք փնտրել, որը համապատասխանում է այս պահանջարկին, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այդ երկուսն անգործ չեն նստած իրենց տներում, այսինքն՝ նույնպես զբաղեցնում են իրենց գիտելիքների համարժեք պաշտոններ և պետական, և մասնավոր սեկտորներում: Այսինքն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր առջև, եթե չեմ սխալվում հոկտեմբեր ամսում անդամի ընտրությունն է Հաշվեքննիչ պալատի, մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս մեզ եզրահանգել, որ այս 5 տարվա իմպերատիվ բնույթ կրող պահանջը հանենք, որպեսզի կարողանանք ավելի լիարժեք թեկնածու առաջարկել այդ անդամի պաշտոնում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Արձագանքու՞մ եք, պարոն Մոսիյան: Մեկ րոպե։

         Արթուր Մոսիյան -  Ի՞նչ է նշանակում «բոլորը տանը պարապ նստած չեն», եթե մենք աշխատատեղ ենք բացում դրանով,  կարելի է նախ 30 չէ, շատ է, և 2-ը՝ օրենքը հենց այդ տրամաբանությունն է, որ սա անկախ մարմին է և պետք է կամ կախված չլինի, կամ նվազագույնը կախված լինի: Իմ մոտ այն տպավորությունն է, որ պարզապես ոչ թե շրջանակն ենք լայնացնում, այլ մարդու համար ստեղծում ենք լայն հնարավորություններ, ճիշտ՝ հակառակը: Սարերի հետևում չէ Վերահսկիչ պալատի մասին, ինչպես նշեցիք, թեկնածուն կներկայացվի և բոլորը կհամոզվեք, որ այս հիմնավորումն է ճիշտ, թե իմ ասածը:  Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Հովհաննիսյան, թող պատրաստվի պարոն Իշխանյանը:

         Կարեն Հովհաննիսյան - Պարոն Գրիգորյան, նայում ենք, 2017թ. հուլիսին է ընդունվել մեր ներկա օրենքը, և բնական է, որ 2017թ.  մինչև հիմա այդ 30 հոգին ևս 3 տարի, որ   գումարում ենք, այդ շրջանակը ավելի է լայնացած մասնագետների և եթե այս 3 տարվա ընթացքում այդ օրենքը իրեն սպառել է, և դուք ունեք համապատասխան վերլուծությունները, ուսումնասիրությունները, որ ներկա օրենքը չի բավարարելու այն առաջադրվող խնդիրներին լուծում տալու համար, այլ խնդիր է, բայց ինստիտուտները աշխատել են, Աժ ընդունել է և 2017թ. ընդամենը 3 տարի հետո օրենքում փոփոխություն կատարել, արդեն պարոն Մոսիյանն էլ ասաց, հուշում է, որ սա ոչ թե ռեալ հնարավորությունների, այլ ընդարձակվելու խնդիր է դրված:

         Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Պարոն Հովհաննիսյան, ասեմ որ ընդհանրապես ժամանակահատվածը  կապ չունի օրենքը երբ է  ընդունվել, ընդունելուց հետո յուրաքանչյուր պատգամավոր  առնչվելով այդ ընդունված օրենքի հետ, կարող է որևէ խնդիր կամ բաց  գտնի տվյալ  օրենքում և օրենսդրական նախաձեռնությամբ նորից որևէ պահանջ ներկայացնի, իսկ ինչ վերաբերում է այդ 30 հոգուն, որ դուք նորից ընդգծեցիք, մեր ուսումնասիրությունները մեզ թույլ են տալիս եզրահանգել այն, ինչը արդեն հայտարարել ենք: Յուրաքանչյուր պատգամավոր, ով ներկա է այս դահլիճում, համապատասխան իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու: Խնդրեմ, ուսումնասիրությունները եթե ձեր կամ եթե ձեր խմբակցության հակառակն է ցույց տալիս, նույն իրավասության շրջանակն ունեք դուք։ Շնորհակալություն:

         Արթուր  Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Իշխանյան, խնդրեմ:

         Դավիթ Իշխանյան - Շնորհակալություն: Հարցս՝ շատ հակիրճ և կարճ: Պարոն Գրիգորյան և ձեզ, և համահեղինակ Հակոբյանին: Քաղաքական հիմնավորումը կուզեի ես լսել, քաղաքական պատասխանատվության, թե նպատակահարմարության ու պահանջարկի սկզբունքներով եք առաջնորդվել այս օրինագծի  ներկայացումը:

         Արամ Գրիգորյան-Քաղաքական պահանջով, համապատասխան ուսումնասիրությունների վրա հենվելով:

         Արթուր Թովմասյան –Պարոն Իշխանյան, արձագանքու՞մ եք:

         Դավիթ  Իշխանյան – Ես հասկացա, որ կա քաղաքական պատասխանատվություն, շնորհակալ եմ, բայց Ուլուբաբյան Մարատը Մարտունում՝ չկա այդ մարդն ֆիզիկապես, ժամանակին  Ավոյին ասում էր. «Ավո, հետո կիմանաք «кто есть кто», ասում է՝ ի՞նչ ըսավ»: Հետագայում հասկացավ «кто есть кто»: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան- Շնորհակալություն, պարոն Իշխանյան: Հարցերն ավարտվեցին, պարոն Գրիգորյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:  

         Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ: Պատգամավորներ  Արամ Գրիգորյանի և  Արմեն Հակոբյանի կողմից ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը կարգով քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, այնտեղ բարձրացվել են պատգամավորների կողմից հարցեր, որոնց վերաբերյալ հիմնական զեկուցողը ներկայացրել է իր տեսակետը, իր հիմնավորումները և նաև եղել է կառավարության եզրակացությունը, որի վերաբերյալ  չկային առաջարկություններ և նաև ԱԺ փորձագիտական խմբի եզրակացությունը, որտեղ  արձանագրված էր, որ օրենքի նախագիծը համապատասխանում է Սահմանադրության դրույթներին, և հանձնաժողովի անդամների կողմից 3 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ տրվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:

         Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Չկա՞ն:  Շնորհակալություն: Հարցերը սպառված են: Անցնում ենք մտքերի փոխանակությանը:  Ելույթի համար խնդրում եմ գրանցվել: Ելույթի համար հերթագրվել են 2 պատգամավորներ: Պարոն Մոսիյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Բաղունցը:

         Արթուր Մոսիյան - Շնորհակալություն, ես հարցը իզուր չտվեցի պարոն Գրիգորյանին: Պարոն Գրիգորյան, ոչ մեկը չի ասում, որ պատգամավորը իրավունք չունի նախաձեռնության կամ իր կարծիքը  ներկայացնելու: Դուք էլ ձերը ներկայացրեցիք: Իրականում մենք օրենսդրությանը ծանոթ ենք: Մի փաստի վրա էլ ես ձեր ուշադրությունը սևեռեմ՝  տեսեք, օրենքի պահանջով  «ո՞վ կարող է լինել խորհրդի անդամ», եթե շարքը նայեք՝ և պաշտոն է պահանջում, և ստաժ: Մենք այդ մեկը վերացնելով, մեկ անգամ ևս նորից ենք հաստատում, որ քաղաքական նպատակահարմարությունն է գործում, որովհետև մնացած բոլոր տեղերը այսինչ կարգի, այսքան տարվա ստաժ, կամ այսինչ բարձրագույն խումբ: Այդ չի հարցը: Հարցն այն է, որ որևէ մեկը այստեղ նստածներից պետք է լավ գիտակցի, որ մարդու համար օրենք փոխելը դա լավագույն տարբերակը չի կամ լավ տեղը չի: Ավելի ճիշտ պետք է այդ սահմանափակումները հարմարեցնել  թեկնածուին, այլ ոչ թե կոնկրետ թեկնածուի համար օրենք փոխել, 2,3 կամ 5 տարի հետո էլ մարդ գալու է իր բաժին օրենքը փոխի կամ նոր թեկնածուին հարմարեցնի: Սա լավ տեղ չի տանում:  Ասեմ, եթե այդ ձևով եք ասել, իրականում չեմ կարծում, որ արդեն քաղաքական մասը ելույթի, մասնագիտականը արդեն հասկանալի է, որ խնդիրներ ունի:

         Հանրապետության նախագահն  սկզբունքներ է հռչակել, որ իր երդմնակալության արարողությունից հետո, որոնք, անկեղծ ասած, բոլորի սրտով են: Երդմնակալությունից հետո մի ամիս է անցել, ես չեմ կարծում, որ այս օրենքի նախագիծը որևէ աղերս ունի այդ սկզբունքների հետ, չեմ կարծում, դե հիմա կարելի է փաթեթավորումը ներկայացնել, որ դուք սխալ եք հասկացել, ավելի արգումենտներ բերել, բայց իրականությունը սա է: Իրականությունից փախչել չի լինի, որ սա վերաբերվում է նաև 5-րդ ալիքին, որ  լրատվամիջոց ենք փակվել, հետո ասել, գիտեք ինչ, սա տեխնիկայի պատճառով է, կայծակի պատճառով է: Պարզվում է՝ կայծակը քաղաքական էր, ոչ թե բնական: Հետո վերացրել ենք: Արդյունքն այն է, որ մեր բազմահազար քաղաքացիները զրկվել են լավագույն ալիքներից մեկը դիտելու հնարավորությունից: Էլի կարելի է հիմնավորումներ ներկայացնել, ասել մեր կարծիքն այսպես կամ այնպես է:

Մի ամիս ժամանակ է անցել, մի ամսից քիչ ժամանակ արդեն երկու ուղղություններով՝ մեկը, որ մարդու համար օրենք եք փոխում, մյուսը՝ 5-րդ ալիքի հետ կապված խնդիրն է: Արդեն կարծում եմ շեղում է նկատվում: Մի քիչ շուտ չէ, որ մի ամիս անցած շեղվենք այդ ճանապարհից, որովհետև 6 ամիս, մեկ տարի հետո կարող ենք արձանագրել, որ այդ սկզբունքները պարզապես մնացել են որպես բարի ցանկություններ:

Արթուր Թովմասյան – Պարոն Բաղունց, խնդրեմ:

Գագիկ Բաղունց – Իհարկե, եթե որևէ մեկը այստեղ հակված է առաջարկվող փոփոխության մեջ տեսնել գլոբալ դավադրության թեմաներ, դա այդ անձի իրավունքն է և որպես քաղաքացի, և որպես քաղաքական գործիչ, այնուամենայնիվ կուզենայի կոնկրետ հարցի էության ձևակերպման մասին խոսել: Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության Հաշվեքննիչ պալատի մասին 2017թ. հուլիսի 21-ի օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից  հանել «որից առնվազն 5 տարի ղեկավարի պաշտոնում» բառերը: Նոր շարադրությամբ օրենքի նախագծում  Հաշվեքննիչ պալատի անդամին ներկայացնող պահանջների 1-ին կետը ենթադրում է աուդիտորի նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, իսկ վերջին կետը՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ: Եթե այստեղ իմ մոտեցումը զուտ մասնագիտական տեսանկյունից է, ուզում եմ ուշադրությունը հրավիրել, եթե 1-ին կետում չի նախատեսվում  ղեկավար պաշտոնում աշխատելու ստաժ, ապա ի՞նչ տրամաբանությամբ է այն պահանջվում վերը նշված  վերջին կետում, դա երևի իմ բաժին մեղքն է, խոստովանեմ, որովհետև նախորդ գումարման  ԱԺ պատգամավոր լինելու ժամանակ ևս մասնակցել եմ այդ օրենքի քննարկման և ընդունմանը, այնուամենայնիվ, հակված եմ այստեղ տեսնել բալանսի ձևավորման պարագայում: Իսկ ինչ վերաբերվում է ղեկավար աշխատանքի ստաժի հանգամանքին, ապա, կարծում եմ, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, միգուցե դրա մեջ պետք է տեսնել դրական պահ, այնպես որ, ես կողմ եմ քվեարկելու այս օրենքի փոփոխությանը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բաղունց: Պարոն Կասյան, խնդրեմ:

Վլադիմիր Կասյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, առաջին հերթին ես կուզեի Հովհաննիսյանի հարցին, որը Գրիգորյանը պատասխանեց, բայց լրացուցիչ, եթե կարելի է, պարոն Հովհաննիսյան, 2017թ. օրենքը ինչի՞ են  հիմա փոխում: Հիմա կարելի է փոխել, որովհետև նորից  7 տարի չի քննարկվում օրենքը, ինչ որ եղել է, այդ առաջինը: Երկրորդ, ինչպես զեկուցողը ներկայացրեց, այդ սահմանափակումները 30 հոգու հետ կապված, պարոն Հովհաննիսյան,  ես համաձայն եմ: Մենք ունենք մի շարք օրենքներ դատախազությունում, ոստիկանությունում, առանձնապես  տեղական ինքնակառավարման օրենքներում, որոնցում այնպիսի սահմանափակումներ են դրված, որոնք որ մարդկանց հնարավորություն չեն տալիս տվյալ պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու, որոնք  մեծ խոչընդոտությունների են բերում: Եվ ես կարող եմ նման օրինակներ բերել հենց ինքնակառավարման օրենքում՝ 1998թ. առ այսօր  գյուղապետ ունենք, որին մինչև հիմա չենք կարողանում փոխել օրենքի սահմաններում, որովհետև այնպիսի սահմանափակումներ են տրված, որ նույն մարդը պետք է ընտրվի:  Նույն ձևով էլ այստեղ, եթե դուք շեշտում եք, որ ինչ որ մեկը ավելի հարմար է, խնդրեմ, եթե այդպիսի տեղեկություն ունեք՝ անունը ասեք, ես ապացուցեմ, որ այդ անձը, նույն այդ Ավանեսյանը իմ հարազատն է և դրանից  էլ կարող է ավելի լավ աշխատել, և եթե դուք ժամանակին աշխատել եք, ձեզանից էլ կարող է լավ աշխատի: Այսքանը, և ես կուզեի նշել, որ օրենքը տեղին է և հետագայում նման առաջարկություն ես կառաջարկեի, որպեսզի նման առաջարկություններ լինեն, մնացած տեղական ինքնակառավարման օրենքներում փոփոխություն կատարելու, որպեսզի լայն հնարավորություն ունենան մեր երիտասարդները,  եթե մենք 5 տարի ղեկավար  ունենանք, այսինքն, 25-30 տարեկան երիտասարդը եթե հնարավորություն չունի  ընտրվելու, քանի որ 5 տարի ղեկավարի պաշտոնում չի աշխատել: Այդ տարիքում ոչ մի երիտասարդ ղեկավարի  պաշտոնում չի կարող աշխատել: Այսքանը:

Արթուր Թովմասյան- Շնորհակալություն, պարոն Կասյան: Մտքերի փոխանակությունն ավարտվեց: Եզրափակիչ ելույթի համար ցանկություն կա՞: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն:  Շատ հետաքրքիր մտքեր հնչեցին մտքերի փոխանակության ընթացքում, կուզեի անդրադառնալ այն հանգամանքին, որ անունս հնչեցվել է հենց այդ իրավունքով ևս, պարոն Մոսիյան գլխավոր դատախազ ընտրելու վերաբերյալ նույնպես չկա սահմանված հստակ ցենզ, բացի 10 տարվա մասնագիտական ստաժից, ինչպես նաև Գերագույն դատարանի նախագահի վերաբերյալ: Այդ ցենզի բացակայությունը թույլ է տվել ի դեմս ձեզ, ձեր 30-ի, մենք ունենանք փայլուն ղեկավար, որպես գլխավոր դատախազ, որպես Վերաքննիչ պալատի ղեկավար: Նմանատիպ ցենզերը, հստակ իմպերատիվ բնույթ կրող ցենզերը չեն թույլատրում  ընդգրկել համապատասխան  փայլուն մասնագետներին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Այժմ քվեարկության է դրվում ԱԺ որոշումը «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին:

Քվեարկություն:

Կողմ՝ 24, դեմ՝ 8, ձեռնպահ՝ չկա:

Օրենքն ընդունված է: Անցնում ենք օրակարգային հաջորդ հարցի քննարկմանը:

Գագիկ Բաղունց - «Յոթերորդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ 2020թ. մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին» նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ԱԺ նախագահ պարոն Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ որոշումը «Յոթերորդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին»  ԱԺ 2020թ. մայիսի 21-ին 011-7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, եթե հիշում եք, մենք առաջին նիստի ժամանակ ենք ընդունել  և ես, և պարոն Բաղունցը ասել ենք հաջորդ նիստի ժամանակ, մենք կասենք, որ հանձնաժողովներում ենք ընդգրկվում, քանի որ ԱԺ «Կանոնակարգ օրենքը» թույլ է տալիս և ԱԺ նախագահին, և ԱԺ փոխնախագահին որևէ մշտական հանձնաժողովում որպես անդամ  ընդգրկվելու: ԱՀ ԱԺ այդ որոշման մասին է խոսքը: ԱՀ ԱԺ որոշում է «Յոթերորդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ 2020թ. մայիսի 21-ին 011-7 որոշման 1-ին կետի «Գ» ենթակետում 4 թիվը փոխարինել 5 թվով, իսկ «Է» կետի 5 թիվը փոխարինել 6 թվով:  Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Խնդրում եմ քվեարկեք: Առաջին նիստի ժամանակ պարզաբանել եք: Հարցեր կա՞ն ինձ: ԱԺ նախագահն իրավունք ունի, կարող է որևէ մշտական հանձնաժողովում ընդգրկվել, կարող է չընդգրկվել: Ասենք  նախկին ԱԺ նախագահը չի ընդգրկվել որևէ մշտական հանձնաժողովում, ես ցանկություն ունեմ ընդգրկվելու  և դա իմ սահմանադրական իրավունքն է: Հարցեր կա՞ն: Նախկին փոխնախագահն ընդգրկված էր հանձնաժողովում, պարոն Բալայանը այստեղ է, նույն ցանկությունն ունի նաև Բաղունցը, այստեղ կարծում եմ հարցը նույնն է: (Խոսում են դահլիճում): Ովքե՞ր են կողմ:

Քվեարկություն:

Դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունվում է միաձայն: (Խոսում են դահլիճում):

Ընդմիջում:

Հաջորդ 2 հարցերը վերաբերվում են պետական մարմինների ամենամյա հաղորդումներին:

ԱԺ «Կանոնակարգ» օրենքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվությունները ԱԺ նիստում քննարկվում են հետևյալ ընդհանուր կարգով՝

  1.  մինչև 30 րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցն ԱԺ քննարկմանը ներկայացնելու  իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր,
  2.  հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ ԱԺ որոշմամբ այլ բան նախատեսված չէ,
  3.  մտքերի փոխանակություն,
  4.  մինչև տասնհինգական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից և հիմնական զեկուցողները:

         Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելու համար հրավիրվում է ԱՀ  մարդու  իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Խնդրեմ, պարոն Բեգլարյան:

           Արտակ Բեգլարյան - Շնորհակալություն: Եթե թույլ տաք առանց դիմակ, քանի որ երկար եմ խոսելու, շունչը չկտրվի: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Ձեզ եմ ներկայացնում Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, որն արդեն գրավոր կերպով ձեզ  ներկայացվել է, քննարկել եք համապատասխան ժողովի նիստում և, կարծում եմ, ընդհանուր առմամբ ծանոթացել եք: Քանի որ ծավալը տարեկան հաղորդման բավականին մեծ է, իսկ ժամանակային սահմանափակումները առկա է ելույթի համար, դրա համար կներկայացնեմ միայն հիմնական շեշտադրումները, հիմնական խնդիրներն ու առաջարկները, մնացածը թողնելով հարց ու պատասխան հատվածում:

       Նախ  ներկայացնեմ, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և դրա արտացոլումը տարեկան հաղորդման մեջ մի քանի հիմնական ուղղություններ են ունեցել: Առաջին ուղղությունը բողոքների ուսումնասիրությունն ու քննարկումն է, այնուհետև՝ մշտադիտարկման աշխատանքը տարբեր ոլորտներում և տարբեր խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության բնագավառներում, այնուհետև՝ օրենսդրության կատարելագործումը, սրանք հիմնական գործառույթներն են, որոնք օրենքով են ներկայացված  ուղիղ կերպով, բայց, բացի դրանից, նաև օրենքից բխող ուղղություններ էլ կան, որոնք մենք ենք առանձնացնում. դա հանրային իրազեկման աշխատանքն է մարդու իրավունքների ուղղությամբ, քաղաքացիական հասարակության զորացմանը աջակցությունն է, միջազգային  կապերի ուղղությունն է, որի մեջ միջազգային և արտաքին փոխգործակցությունն է, որի մեջ ներառվում է նաև ՀՀ գործընկերների, սփյուռքյան կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը և առանձնահատուկ ուղղություններից մեկն էլ Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների  խախտումների ու սահմանափակումների մշտադիտարկումն է և համապատասխան հարթակներում՝ բարձրաձայնումը: Այս բոլոր ուղղություններով էլ 2019թ. աշխատել ենք և ձեռքբերումները կամ արձանագրված խնդիրները ներկայացված են տարեկան հաղորդման մեջ, սակայն ամենածավալուն հատվածը բողոքների ուսումնասիրությունն ու քննարկումն է, որից բխում են նաև բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ, քանի որ բացի անհատական դեպքից, անհատական գործ քննելուց, նաև երբեմն պատահում ենք այնպիսի խնդիրների, որոնք լինում են կամ օրենսդրության մեջ, կամ պրակտիկայում և բացահայտվում են տարբեր այլ անձանց իրավունքների խախտումներ, հետևաբար մեկ դեպքով,  մեկ դիմումի հիման վրա լինում են դեպքեր, որ վերացվում են  մեր միջամտությամբ,  մեր աջակցությամբ, վերացվում են բազմաթիվ այլ անձանց իրավունքների խախտումները կամ նաև կանխարգելման աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ, որպեսզի հետագայում խախտումները բացառվեն: Մի քանի թիվ ներկայացնեմ. եթե թվերով վիճակագրությունը նայենք, նախ 2019թ. ստացել ենք 234 դիմում, 126-ը՝ բանավոր, 105-ը՝ գրավոր, 3-ը՝ այլ: Այլը վերաբերվում է, օրինակ՝ ազատազրկված անձը դիմում է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանին հանդիպելու խնդրանքով կամ տեղեկություններ ստանալու դիմում ենք ստացել: Բողոքները մենք հաշվել ենք, վիճակագրությունը վարել ենք բողոքների 13 չափանիշներով: Չափանիշներից հիմնականները ներկայացնեմ ըստ իրավունքների, ըստ առնչվող պետական մարմինների, ըստ դիմումատուի բնակության վայրի, դիմումատուի կարգավիճակի և այլն: Ամբողջը կարող եք տեսնել՝ 2-րդ բաժնում հնարավորինս մատչելի կերպով ներկայացված են տվյալները: Անցած տարի ստացած դիմումները՝ 234 դիմում 378 անձանց կողմից, նախորդ տարվա 2018թ. դիմումների համեմատ  համապատասխանաբար ավելին են 1,7 և 2,4 անգամով: Բողոքների ուսումնասիրության ու քննարկման և նաև կանխարգելիչ աշխատանքների, այսինքն մշտադիտարկման աշխատանքների հիման վրա ներկայացրել ենք մոտ 100 առաջարկներ, կոնկրետ հիմնախնդիրներ բարձրաձայնելով ու որպես հիմնախնդիրների լուծումներ ներկայացրել ենք առաջարկներ, որոնց հիմնական մասը ամփոփված է եզրափակիչ մասում, եզրափակիչ նկատառումներում, դա էլ կարող ենք ծանոթանալ որպես առանձին հատված և այս առաջարկների մի մասը ընդհանուր բնույթի է,  հիմնականում հայեցակարգային, ռազմավարական կամ ծրագրային բարեփոխումների առաջարկներ են, մի մասը բավականին կոնկրետ բնույթի են, այսինքն կոնկրետ խնդիրներ ենք թիրախավորել և կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել և համապատասխան գերատեսչություններից ակնկալում ենք, որ այս առաջարկները ժամանակի ընթացքում կկատարվեն, նաև ես ձեզնից, բոլոր պատգամավորներից եմ ակնկալում, որ հետևողական լինեք ներկայացված հիմնախնդիրների բարձրացման և լուծման ուղղությամբ ձեր ունեցած գործիքակազմերի  միջոցով: Հիմնական բարեփոխումների հիմքում 3 սկզբունք ենք առանձնացրել, որոնք ես կուզեի թվարկել հետո նոր անցնենք հիմնախնդիրների ներկայացմանը: Առաջին սկզբունքն այն է, որ ցանկացած բարեփոխում իրականացնելուց առաջ իրականում պետք է արհեստավարժ  և խորը համապարփակ կերպով հետազոտություն իրականացվի տվյալ ոլորտի, որպեսզի ախտորոշենք հիմնախնդիրները, դրանից հետո պլանավորենք, թե ինչ լուծումներ ենք տալիս:

Երկրորդ սկզբունքը կարողությունների զարգացմանն է վերաբերում, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավունքների խախտումների հիմնական պատճառը  պետական մարմինների ու աշխատակիցների ոչ պատշաճ կարողություններն են, երբեմն օրենսդրությանը համապատասխանող կարողությունների պակասը, երբեմն ավելի լայն միջազգային ստանդարտներին համապատասխանող, քանի որ կան ոլորտներ, որտեղ ընդգծված են տարբերությունները օրենսդրության և միջազգային ստանդարտների միջև: Հետևաբար մեր առաջարկն է, որ ցանկացած բարեփոխման ընթացքում և նաև հետագայում էլ պարբերաբար տեղի ունենան կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ, դասընթացներ, վերապատրաստման այլ միջոցառումներ:

 Եվ երրորդ սկզբունքը ներառականությունն ու թափանցիկությունն է, քանի որ, կարծում ենք, որ եթե պետական ծրագրերը մշակելիս և իրականացնելիս, այդ թվում՝ բարեփոխման  ծրագիրը, բավարար չափով ներառական լինեն տվյալ գործընթացները դա նշանակում է, որ բոլոր շահագրգիռ անձինք և կողմերը, այդ թվում՝  պետական մարմիններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ընդգրկված լինեն այդ գործընթացներում, դա բավականին կբարձրացնի ծրագրերի բարեփոխումների արդյունավետությունը, իհարկե այստեղ նաև կարևոր բաղադրատարր է թափանցիկությունը, այսինքն  նաև ծրագրերն իրականացնելու ընթացքում պետական մարմինները պետք է բավարար չափով թափանցիկ լինեն, և այստեղ բոլորիցս է կախված այդ թափանցիկությունը, քանի որ երբեմն պետական և գործադիր մարմիններն իրենց նախաձեռնողականությամբ այդքան էլ թափանցիկ չեն լինում, բայց եթե պահանջող է լինում, արդեն մտածում են, որ այդ պահանջը կա, իսկ պահանջողը պետք է լինեն և մենք, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հիմա ըստ իրավունքների ներկայացնեմ հիմնական խնդիրները:

Վիճակագրությունը ըստ իրավունքների, նախ ինչպես նախորդ տարիներին, այս տարին նույնպես սոցիալական ապահովության իրավունքը առաջին տեղում է գտնվում, 52 դիմում ենք ստացել՝ 22 տոկոս, այսինքն ընդհանուր դիմումների և սոցիալական ապահովության իրավունքի հետ կապված խնդիրներ հիմնականում  մի քանիսն են: Առաջին հերթին կուզեի առանձնացնել  սոցիալական անապահովության հետ կապված խնդիրները կամ աղքատության հետ կապված խնդիրները: Երբեմն մեզ դիմում է սոցիալական աջակցության հետ կապված, իհարկե,  մեր լիազորությունների մեջ  չի մտնում և հիմնականում ուղղորդում ենք աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման, այժմ՝ սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության լիազոր մարմին: Կարծում եմ, այստեղ հայեցակարգային փոփոխության լուրջ կարիք կա, քանի որ պետական, սոցիալական ծրագրերը առավելապես, եթե ոչ 100 տոկոսով ֆինանսական բնույթի են: Այնինչ, միջազգային ստանդարտներն էլ  ենթադրում են, որ աղքատության արարումը պետք է լինի բազմաբաղադրատարր,  ներառյալ ֆինանսական, բայց ֆինանսական բավարար չէ և երբեմն առավել կարևոր է լինում կարողությունների զարգացման բաղադրատարրը,  քանի որ աղքատության գլխավոր պատճառներից մեկը աղքատության մշակույթն է, ինչը նշանակում է, որ չկան համապատասխան ընտանիքավարության  կամ ծնողավարության, ներառյալ նաև եկամուտների կառավարման ու ձեռք բերման հմտություններ, և մեր առաջարկն է, որ պետությունն աստիճանաբար անցում կատարի այս մոտեցմանը: ՄԱԿ-ի կողմից ընդունված մոդել կա՝ աղքատության փուլային հաղթահարում, որը անցած տարի մեր միջամտությամբ, մեր նախաձեռնությամբ  և «Իմ քայլը» և «World vision Armenia» կազմակերպությունների աջակցությամբ արդեն սկսել ենք Արցախում, հիմա ընթացքում է, 25 ընտանիք է ընտրվել, աղքատ ընտանիքներ, և տրամաբանությունն այն է, որ տվյալ ընտանիքների կարիքներն են խորքային  կերպով գնահատվում և ֆինանսական, և ոչ ֆինանսական տեսանկյուններից կամ նյութական և ոչ նյութական, և ըստ դրա համապատասխան մասնագետներն աշխատում  են իրենց հետ: Դա կլինի սոցիալական աշխատող, կլինի հոգեբան, կլինի տնտեսագետ կամ  մասնագետ, նաև կա որոշակի նյութական աջակցության բաղադրատարր, այսինքն, եթե տեսնում ենք, որ այդ ընտանիքն  ունի հնարավորություններ, ցանկություն, հմտություններ որոշակի եկամուտների ավելացման ուղղությամբ, կարող է փոքր աջակցություն ցուցաբերվել, որպեսզի իրենց ընտանիքը բիզնես ներդնեն ու նաև հմտություններ են տալիս համապատասխան մասնագետները բիզնեսի կառավարման տեսանկյունից: Կարծում եմ, սա լավագույն մոդելն է ու այս պիլոտից հետո ես հույս ունեմ, որ պետական քաղաքականության մեջ լայն կերպով արդեն կընդգրկվի այս մոտեցումը:

         Հաջորդ խնդիրը սոցիալական տեսանկյունից, երևի ծավալների առումով, շինանյութերի տրամադրման ծրագիրն է, ինչի մասին բազմիցս էլի բարձրաձայնել ենք: Ողջունելի է, որ անցած տարի կառավարության կողմից կարգ է ընդունվել, փետրվարին 2019թ. որոշակիորեն կանոնակարգել է ոլորտը, բայց բավականին բացեր  դեռևս մնում են և բավականին շատ դիմումներ ստանում ենք շինանյութերի տրամադրման արդարացիության հետ կապված, հերթերի կառավարման կամ ծավալների հետ կապված, թե ինչ պետք է տրամադրվի, ում և այլն: Ու այս տեսանկյունից կարևորում եմ, որ պետք է չափանիշները ավելի հստակեցվեն, մաքսիմալ կերպով պետք է չափելի դառնան չափանիշները և գործընթացը պետք է լինի առավելագույնս թափանցիկ, ընդհուպ մինչև հերթացուցակների և նաև շինանյութ ստացած անձանց տվյալների հրապարակումը պաշտոնական կայքերում, քանի որ թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը լրացուցիչ, կանխարգելիչ ազդեցություն կունենան, որ անարդար որոշումներ, հայեցողական որոշումներ չկայացվեն, բայց ամենակարևորն այն է, որ վարչակազմերը իրենք ստանան կենտրոնացված միասնական մեկ կարգ, որպեսզի կարողանան նույն սկզբունքներով կիրառել: Քանի որ մենք երբեմն արձանագրում ենք, որ մեկ շրջանային վարչակազմը մի սկզբունքներով է առաջնորդվում հերթերի կառավարման առումով, մեկ այլը՝ մեկ այլ սկզբունքներով, ինչը խնդիր է առաջացնում  միանշանակ:

Այլ խնդիրներ էլ կան, մեկ այլ առաջարկ ժամանակավոր լսարանի հետ կապված, այս գործընթացն արդեն ընթացքում է, կարծես թե համապատասխան որոշումը մշակվել է, հուսով եմ, որ այս տարի կներդրվի, քանի որ երբեմն մենք ստանում ենք դիմումներ անօթևան անձանց կողմից կամ պոտենցիալ անօթևան անձանց կողմից  և նրանք երբեմն կարիք են ունենում առնվազն մի քանի ամիս շարունակ ժամանակավոր կացարանում ապրելու և, կարծում եմ, այստեղ պետությունը լրացուցիչ պարտականություններ ունի կատարելու: Հիմնականում այստեղ սոցիալականի ու սեփականության իրավունքի փոխկապակցման մեկ այլ լուրջ խնդիրներ կան, դա բնակարանային հերթերի կառավարումն է, ընդհանրապես բնակարանային պայմանների բարելավման ծրագրերը բոլոր խնդիրների համար, հիմնականում սրանք ներկայացրել ենք սեփականության իրավունքում: Սեփականության իրավունքի մասով ստացել ենք 39 դիմում, 27տոկոս ընդհանուր դիմումների, և առաջին գլխավոր խնդիրը կառանձնացնեի հենց սա՝ բնակարանային պայմանների բարելավման ծրագրերի չափանիշների հստակեցումը, կարգերի հստակեցումը և էլի թափանցիկության բարձրացումը: Այս առումով խնդիրներ կան, օրինակ՝ բազմազավակների հետ կապված, հերթերի կառավարման առումով, տների գնման կամ կառուցման առումով, բայց  հատկապես գնման առումով, քանի որ հստակ ֆինանսական շեմեր դրված չեն, թե որ գոտիներում կամ որ շրջաններում, որ բնակավայրերում մինչև ինչ գնի բնակարաններ են գնում և, երբեմն, խնդիրներ ենք արձանագրում, որ նույնական սկզբունք չի կիրառվում նույն բնակավայրում մոտավոր նույն ժամանակահատվածում կամ պայմանական մեկ տարվա  ընթացքում: Դրա համար կառավարությունը պետք է հստակեցնի այս կարգը և նաև հստակեցնի հերթերի կառավարումը, հերթերի կառավարման չափանիշները, որպեսզի մարդկանց համար առավելագույնս կանխատեսելի լինի իրենց սեփականության իրավունքի իրավաչափ ակնկալիքի իրացման ժամկետների ու մեխանիզմների հետ կապված: Եվ սա վերաբերվում է ի դեպ մնացած այլ ծրագրերին՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագրերին, վերաբերվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանային պայմանների բարելավման ծրագրերին և  այդ թվում՝  զինծառայողների: Քանի որ առանձին զինծառայողների խնդիրներին անդրադառնալու եմ, արդեն այս խնդրին չեմ անդրադառնա, և բավականին շատ բողոքներ զինծառայողներից հենց այս մասով ենք ստացել, այդ թվում՝ վերջին տարիներին տեղի ունեցած, կայացած որոշումների հետ կապված: Սեփականության իրավունքի հետ կապված մեկ այլ խնդիր ունենք վերաբնակեցման ծրագրերում: Այնտեղ կարգերի հստակեցման հարց կա  հատկապես վերահսկողության մեխանիզմների հստակեցման տեսանկյունից, նաև մեկ այլ խնդիր կա, որ վերաբնակեցման ծրագրերով  և պայմանագրերով քաղաքացիներին հստակ իրավունք է տրվում 10 տարի անընդմեջ տվյալ բնակարանում ապրելուց հետո սեփականաշնորհելու բնակարանը և վերաբնակեցման գոտիներում, բնակավայրերում բավականին շատ են դեպքերը, որ տարիներ շարունակ դիմել են սեփականաշնորհելու համար, առ այսօր գործընթացը դանդաղ է առաջ գնում: Առաջ գնում է, բայց քչերի դիմումներն են կարողանում բավարարել, այստեղ միանշանակ ընդունում եմ, որ օբյեկտիվ խնդիրներ էլ կան, քանի որ վերաբնակեցման ծրագիրը շատ կանոնակարգված չի եղել ի սկզբանե և մեկնարկից սկսած խնդիրներ են առաջացել, հիմա կառավարությունը որոշակի օբյեկտիվ խոչընդոտների է բախվում, բայց ես կարծում եմ, որ պետք է կառավարությունը նախաձեռնողական լինի և այդ խնդիրների կարգավորման հստակ չափանիշները  սահմանի ու բոլորի դիմումները ընթացքավորի, որպեսզի մարդկանց սեփականության իրավունքը  խախտված չլինի:

Սեփականության իրավունքի հետ կապված մեկ այլ էական խնդիր է հանրակացարանների վերապլանավորման ծրագիրը,  հատկապես՝ Ալեք Մանուկյանի հանրակացարանը վերջին տարիներին, երբ վերապլանավորեցին՝  էական խնդիրներ են արձանագրվել  էլի նախկին չափանիշների, կարգերի  հստակեցման տեսանկյունից և այդ պատճառով արդեն մի քանի բողոք ստացել ենք բնակարանների տրամադրման չափանիշների հետ կապված, թե ում, ինչ բնակարան է տրվում, ինչ մակերեսով, ինչ սկզբունքով և այլն: Կարևոր է, որ հաջորդ ծրագրերը իրականացնելիս նախօրոք կառավարությունը բոլոր կարգերը, չափանիշները  հստակեցնի, նոր գործընթացը սկսեն, որպեսզի էլի կանխատեսելի լինի քաղաքացիների համար:

Հաջորդ իրավունքը աշխատանքային իրավունքներն են՝ 26 դիմում ենք ստացել, 11 տոկոս: Աշխատանքային իրավունքների մասով, նախ ասեմ, որ դիմումների մի մասը եղել են մասնավոր հատվածում, ինչը նշանակում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը որևէ լիազորություն չունի դրանցով զբաղվելու և ակնհայտորեն մեր դիտարկումները ցույց են տալիս, որ մասնավոր հատվածում աշխատողների աշխատանքային իրավունքները  ավելի շատ են խախտվում, քան պետական հատվածում և այդ պատճառով  մեր առաջարկն է (արդեն անցած տարի էլ ենք առաջարկել, այս տարի էլ ենք առաջարկում), որ պետք է աշխատանքային ոլորտում տեսչական գործառույթ իրականացնող մարմինը վերականգնվի, որը վերացվեց 2016թ.: Չեմ ասում, թե շատ արդյունավետ էր աշխատում ըստ որոշ տեղեկությունների, բայց գոնե որոշ չափով իր գործառույթը կատարում էր և, հաշվի առնելով, որ համապատասխանաբար ՀՀ  էլ է վերականգնվել անցած տարի, քանի որ հիմնավորումն այն է, որ 2016թ. ՀՀ վերացել էր հիմնավորումներից մեկը, կարծում եմ սա էլ առիթ է, որ պետք է  վերականգնենք և, անցյալի փորձը հաշվի առնելով, բարձրացնենք այդ մարմնի արդյունավետությունը:

Աշխատանքային իրավունքների մասով պետական հատվածում էական խնդիրներ ընդհանուր առմամբ կան հանրային ծառայության ոլորտում: Դրանք պայմանավորված են և բուն համակարգով,  և նաև պրակտիկայով, և մեր առաջարկն է, որ հանրային ծառայության համակարգը արմատական բարեփոխման ենթարկվի, ներառյալ քաղաքացիական համակարգը, բայց ասեմ, որ այնպես չէ, որ ինչպես օրենսդրությունը կա, այդպես էլ կիրառվում է: Երբեմն արձանագրվում են դեպքեր,  առնվազն դիմումների հիման վրա վատ պրակտիկայի, ինչը նշանակում է, որ պատշաճ  կերպով չեն ծանուցվում աշխատողները, պատշաճ կերպով մրցույթները չեն հայտարարվում և չեն անցկացվում: Խնդիրներ են լինում, սա բավականին լուրջ խնդիր է, աշխատողների աշխատանքի գնահատման առումով, նույնիսկ կարող եմ ասել, որ գրեթե համակարգ չկա մեզ մոտ և պետք է լուրջ համակարգ ներդնել կարողությունների զարգացմանը զուգահեռ, և նաև սա հիմք կլինի ավելի արդարացի հիմքերով աշխատողների աշխատանքային առաջխաղացման համար: Քանի որ աշխատողը կիմանա, թե իրենից ինչ են ակնկալում, իր համար կանխատեսելի կլինի և երբ որոշում կայացվի, որ ինչ որ մեկի առաջխաղացման առումով որոշում է կայացվում, արդեն կհասկանան, թե արդարացի է, թե՝ ոչ: Մեկ այլ խնդիր էլ կա, որը էլի վատ պրակտիկա է՝ հատկապես մշակույթի ոլորտում է եղել, կրթության ոլորտում և առողջապահության ոլորտում, երբ տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը ապօրինի լուծում են: Ինչու՞ ապօրինի, քանի որ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է, որ եթե պայմանագրում կա հստակ կետ, որ դա կարող է հիմք լինել կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող է հիմք լինել աշխատանքային պայմանագիրը լուծելու, այո, կարող են անել, բայց երբեմն դեպքեր լինում են, որ պայմանագրում նմանատիպ կետ չի լինում, բայց էլի լուծում են: Սա էլ այնպիսի պրակտիկա է, որ պետական մարմինները պետք է ուշադիր լինեն: Աշխատանքային մասով այսքանը և մի առաջարկ էլ, որը շատ կարևոր է: Պետությունը պետք է մի առցանց հարթակ ստեղծի, ճկուն, որտեղ պարտադիր կերպով պետական մարմիններում առկա թափուր տեղերի մասին տեղեկությունները, հայտարարությունները  պատշաճ կերպով կհրապարակվեն և մասնավոր սեկտորին կխրախուսեն, որ այստեղ հրապարակեն իրենց թափուր տեղերի մասին: Կարծում եմ այս ուղղությամբ էլ աշխատանք կա կատարելու: Հաջորդ իրավունքը՝  արդար դատական և անձնական ազատության իրավունքներն են, որը իրար միացրել ենք և ստացել ենք 21 դիմում, 9 տոկոս համապատասխանաբար: Այս առումով խնդիրներ կան  ժամկետի  հետ կապված դատական նիստերի, որոնք օբյեկտիվորեն նաև փոխկապակցված են կամ որոշ դեպքերում պայմանավորված են փորձաքննությունների ժամկետների ձգձգմամբ և պետք է մտածենք և պետությունը համապատասխան մեխանիզմներ  ներդնի, որպեսզի ողջամիտ ժամկետի խախտումները  մինիմումի հասնեն: Մեկ այլ խնդիր է խափանման միջոցների բազմազանության խնդիր և, մեր կարծիքով, այլընտրանքային խափանման միջոցները պետք է ավելի շատ կիրառվեն, ներառյալ նաև վերականգնողական արդարադատության բաղադրատարր պարունակող այլընտրանքային միջոցները: Այստեղ դատական համակարգի թափանցիկությունը բարձրացնելու տեսանկյունից կարևոր է, որ աշխատանքներ տարվեն նաև դատական ակտերի միասնական էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ, ՀՀ կան Դատալեքսներ:

Հաջորդ իրավունքը՝ պատշաճ վարչարարության իրավունքն է: Այստեղ էլ խնդիրները քիչ չեն և առնչվում են բազմաթիվ այլ իրավունքների ու հիմնական խնդիրը, առաջին հերթին կարողությունների թույլ լինելն է կամ պակասն է: Երկրորդ հերթին՝ համապատասխան մեխանիզմների բացակայությունն է կամ թուլությունն է: Այդ պատճառով մենք առաջարկում ենք հատկապես վարչարարության մեջ ընդգրկված քաղաքացիներին սպասարկող անձանց, աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ ջանքեր կատարել և նաև ներդնել ամբողջ պետական համակարգում փաստաթղթաշարժի էլեկտրոնային համակարգ, որը մեզ մոտ էլ ենք արդեն տեղադրել՝ Մալբրի համակարգն է:

Խորշտանգումների մասով, շատ կուզեի առանձնացնել, դիմումները քիչ ենք ստացել, բայց հետևողական ենք եղել այս մասով և նաև քրեակատարողական հիմնարկում ու ընդհանրապես ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման միջոցով անընդհատ մեր ուշադրության ներքո է եղել այս հարցը, 6 դիմում ենք ստացել և  բոլոր դիմումներն էլ համապատասխան որոշումներով, դիմումներից մեկը՝ սեփական նախաձեռնություններով անձամբ եմ ընդունել, ուղարկել ենք գլխավոր դատախազություն: Այստեղ պրակտիկայի փոփոխության խնդիր կա, կարծես թե համապատասխան քաղաքական կամքը կա, և  որոշումը կա ու պրակտիկան փոխվելու է, քանի որ երբ խոշտանգման մասին  հաղորդում է լինում, մեր առաջարկն է, որ քրեական վարույթի շրջանակներում քննվեն տվյալ հաղորդումը և բոլոր հանգամանքները, քանի որ քրեական վարույթը ավելի արդյունավետ  մեխանիզմներ է ապահովում դրա համար, այնինչ հիմնականում նյութերի հավաքագրման միջոցով է դա արվում, ինչը խնդրահարույց է բացահայտման  տեսանկյունից և պատժման տեսանկյունից: Եվ նշեմ խոցելի խմբերի ուղղությամբ ինչ աշխատանք  ենք կատարել: Նախ մշտադիտարկման  գործառույթներ պաշտպանը ունի խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ և այս ուղղությամբ անընդհատ մշտադիտարկման և նաև երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ մշտադիտարկման գործառույթ ունի, իսկ վերջերս՝ նաև օրենսդրական փոփոխությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Երեխաների ուղղությամբ բավականին խնդիրներ արձանագրել ենք, բայց առաջիկայում արտահերթ զեկույցով համապարփակ կներկայացնենք խնդիրը, քանի որ հիմա լուրջ հետազոտություն ենք կատարում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասով: Հետազոտություն ենք կատարել հատկապես ֆիզիկական միջավայրի մատչելիության աստիճանը գնահատելու համար և պետական մարմինների հանրային նշանակության 74 շենք ենք ուսումնասիրել ու կարող եմ ասել, որ վիճակը բավականին վատ է: Եվ  մնացածը, ինչ ձեզ կհետաքրքրի, հարցեր տվեք ու ես 15 րոպե եզրափակիչ ելույթն էլ կօգտագործեմ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բեգլարյան: Հարցեր պարոն Բեգլարյանին: (Խոսում են դահլիճում): Արևիկ Պետրոսյան, խնդրեմ:

 Արևիկ Պետրոսյան – Շնորհակալություն: Պարոն Բեգլարյան, հունիսի 19-ը նշվում է որպես Փախստականների միջազգային օր և այդ օրը ինձ հրավիրել են Ասկերան, տիկին Թովմասյանն է հրավիրել, այնտեղ կազմակերպել են լսումներ առցանց կապ հաստատելով Հայաստանում հաշմանդամների կազմակերպության ընկերությունների հետ և պարզվել է մի իրավիճակ, որ իրենք չեն անվանվում «փախստական», այլ մեր իրականության մեջ իրենց անվանում են «հայրենադարձ», որը ընդհանրապես չի համապատասխանում իրենց կյանքին, կարգավիճակին, տեղափոխման հանգամանքներին:  Բոլորդ գիտեք, որ Սումգայիթում և այլ քաղաքներում մեր հայրենակիցները ենթարկվել են բռնությունների, թալանի և ստիպողական, շատ դաժան կերպով վտարվել են իրենց տներից, և այսօր ստեղծվեց այդ կարգավիճակը, այդ անվանումը, չգիտեմ դա կարգավիճակ է, թե ոչ,  «հայրենադարձը» բացառվում է տեղի ունեցած այդ բացասական երևույթները և պարզվում է, որ ՀՀ արտաքին նախարարությանը կից գործում է փախստականների հարցերով զբաղվող հատուկ բաժին: Ձեր կարծիքը այս կապակցությամբ:

Արտակ Բեգլարյան - Իմ կարծիքը բացասական է, որ հետո ժամանակի խնդիր չունենամ, հիմա ավելի մանրամասն ասեմ: Իրականում փախստականների հարցերն էլ մեր ուշադրության ներքո են եղել, և դիմումներ ստացել ենք, 9 դիմում ենք ստացել փախստականներից: Դիմումների հիմնական մասը վերաբերվել են բնակարանային պայմանների բարելավման ծրագրին  և, ցավոք, վերջին տարիներին փախստականներին բնակարաններ չի տրամադրվել, այնինչ,  օրենսդրությամբ պարտավորությունը նախատեսված է, թեև այլընտրանքային ծրագրեր ներդրվել են, օրինակ, արտոնյալ հիփոթեքային վարկի ծրագիր է և այլն: Ու այս առումով մեր առաջարկն է նախ մեզ մոտ պետությունը հնարավորինս պետք է աջակցի փախստականներին, որպեսզի հավասար պայմաններում գտնվեն մեզ հետ, մնացած քաղաքացիների հետ, իսկ կարգավիճակի առումով նշեմ, որ Արցախում իրենք յուրահատուկ կարգավիճակ ունեն, մեր օրենսդրությամբ իրենք փախստական համարվում են, վկայական տրվում է նրանց: Անկեղծորեն ասեմ, որ միանշանակ բոլորին չի տրվել, քանի որ մի մասը վերաբնակիչներ են և վերաբնակչի կարգավիճակ ունեն: Ու կարծես թե ով վերաբնակչի կարգավիճակ ունի փախստականի կարգավիճակ չի ստացել, որպեսզի պետական արտոնություններից մի ուղղությամբ օգտվի՝ մի կարգավիճակով պայմանավորված: Բայց դա նշանակում է մեզ մոտ փախստականների իրական թիվն շատ ավելին է, քան պաշտոնական վկայական ունեցող փախստականներն են, այնինչ միջազգային իրավական կարգավիճակի տեսանկյունից մեր օրենսդրությամբ տրված վկայականները  դա միջազգային իրավական հիմք չէ և միջազգային որևէ մարմին Արցախ չի այցելում, հատկապես փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինները՝ առաջին հերթին ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը, և ՄԱԿ-ի համապատասխան մարմնի հետ ես էլ անուղղակի բանակցություններ եմ ունեցել տարբեր հարցերով, որևէ ձևով չեն ուզում պաշտոնական շփման գնալ  կամ գոնե քաղաքացիական  հասարակության հետ շփվեն: Այս պայմաններում միանշանակ անընդունելի է միջազգային հանրության  խտրական վերաբերմունքը, որ ադրբեջանցի փախստականներին լրացուցիչ արտոնություններ, պայմաններ, սոցիալական աջակցություն են ցուցաբերում, հայ փախստականներին և հատկապես Արցախում բնակվող փախստականներին  ոչ մի ձևով չեն ընդգրկում տվյալ ծրագրերում և, նաև մյուս խնդիրն այն է, քաղաքական է, որ իմ կարծիքով փախստականները և ներքին տեղահանված անձիք պետք է հակամարտության կարգավորման գործընթացում ավելի կարևոր դերակատարում ունենան, և այստեղ ես տեսնում եմ նաև մեր պետությունների՝ ՀՀ և Արցախի անելիքը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բեգլարյան: Հարցեր, խնդրեմ:

Արևիկ Պետրոսյան - Այն, որ մենք առանձին մոնիտորինգով կզբաղվենք…

Արտակ Բեգլարյան – Շատ լավ, ես մեծ սիրով կզբաղվեմ այդ ուղղությամբ, բայց մեծ աշխատանք  եմ ենթադրում:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Տիկին Գրիգորյան, խնդրեմ:

Նելլի Գրիգորյան – Շնորհակալություն: Ծանոթանալով «Մարդու իրավունքների պաշտպանի» տարեկան հաղորդմանը, կհայտնեմ, որ ձեր և ձեր կառույցի կողմից իրոք կատարվել է ահռելի աշխատանք, որի համար ողջունում եմ: Հարցս հետևյալն. ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացնում զինված ուժերում ինքնասպանությունների և միջազգային հարաբերությունների հետևանքով արձանագրված մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ, որը վերջերս, 2020թ. սկզբին մեծ թվեր կազմեցին: Շնորհակալություն:

Արտակ Բեգլարյան – Շնորհակալություն  գնահատականի համար, տիկին Գրիգորյան: Ես հույս ունեմ, որ Ձեզ հետ, բոլոր պատգամավորների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ այս տարի կփորձենք ավելի արդյունավետ աշխատել և ես միշտ բաց եմ բոլորիդ հետ համագործակցության հարցում: Իսկ ինչ վերաբերվում է զինված ուժերի վերաբերյալ հարցին, ասեմ որ որոշ աշխատանքներ կատարել ենք, անկեղծ ասեմ, որ ես ինքս բավարարված չեմ այդ աշխատանքներով, թեև պատճառներն օբյեկտիվ են, քանի որ մեր աշխատակազմի կարողությունները չեն հերիքում՝ փոքր աշխատակազմ է, բայց որոշ չափով ուսումնասիրել ենք Ձեր նշած խնդիրը նաև, որոշ պատճառներ վեր ենք հանել, բայց կարծում եմ և պլանավորել ենք նաև լրացուցիչ հետազոտություն կատարել լուրջ փորձագետների ընդգրկմամբ, բայց կորոնավիրուսի համավարակը խանգարեց։ Հույս ունեմ, որ ոչ ուշ ապագայում կկարողանանք դա կատարել և պրոֆեսիոնալ գնահատական տալուց հետո նոր առաջարկներով հանդես կգանք, սակայն հիմնական խնդիրը, պատճառներից մեկը  չկանոնակարգային հարաբերություններն են և նաև որոշ պայմաններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ, որոնք հանգեցնում են լրացուցիչ ընկճվածության  կամ ոչ կանոնակարգային հարաբերությունների, օրինակ, մարտական ծառայության կազմակերպման պայմանների տեսանկյունից բարելավումների տեղ կա, բայց օբյեկտիվորեն  չի ստացվում կատարել, այդ բարելավումը կատարել։ Խնդիր կա, կարծես թե, ըստ զինծառայողների, որ իրենց  հետ խոսում ենք իրենց առօրյան որոշ չափով ավելի բազմազան դարձնելու տեսանկյունից, ընտանիքների հետ կապը կանոնավոր կերպով կազմակերպելու տեսանկյունից, որոնք լրացուցիչ պայմաններ են, որոնք կարող են կանխարգելել նմանատիպ դեպքերը: Այդ թվում, կարծում եմ, ավելի լուրջ ուշադրություն պետք է դարձվի բոլոր զինծառայողների հոգեբանական ռիսկերի գնահատման և վերահսկման տեսանկյունից, բայց հաշվի առնելով որոշակի նրբություններ, չեմ ուզում փակագծերը բացել, այսքանը և մեր ուշադրության ներքո կլինի հարցը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցերը սպառված են: Պարոն Բեգլարյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկա՞ն: Պարոն Բեգլարյան, եզրափակիչ ելույթի իրավունքից օգտվու՞մ եք: Խնդրեմ:

Արտակ Բեգլարյան – Հաշվի առնելով, որ ոչ բարենպաստ ժամի եմ ելույթ ունենում, և ուշադրության շեղման ռիսկ կա, կփորձեմ կարճ ամփոփել ուղղակի, արագ ամփոփեմ այն ոլորտները, որոնք բաց ենք թողել: Նախ, խոցելի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ զինծառայողների մասով հիմնական խնդիրը ներկայացրեցի: Ազատությունից զրկված անձանց առումով բավականին շատ խնդիրներ ենք վեր հանել և որոշ խնդիրներ ժամանակի ընթացքում մեր միջամտությամբ լուծվել են, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկում մեր միջամտությամբ տեսակցության սենյակում հանվել են միջնապակին, որը խնդիր էր տեսակցությունների և կենդանի շփման  համար: Որոշ խցերից հանվել են երկաթյա շերտավարագույրները, քննչական մեկուսարանում հեռախոսակապ էր դրվել՝ համապատասխան սարք, որպեսզի կալանավորները կարողանան իրենց ընտանիքի անդամների հետ խոսեն և այլն: Նմանատիպ հարցեր լուծվել են: Սակայն հիմնարար խնդիր կա քրեակատարողական հիմնարկում. դա կառավարման համակարգն է, և մեր առաջարկն է, որ քրեակատարողական հիմնարկը, վարչությունը  ներառել քննչական մեկուսարանը, ոստիկանության կառավարման ոլորտից տեղափոխվի արդարադատության նախարարության կառավարման ներքո, ինչը լրացուցիչ բարեփոխումների իրականացման բարենպաստ հիմք կապահովի և, կարծես թե, քաղաքական կամքը կա, ես հույս ունեմ, որ այս տարի նախապատրաստական աշխատանքները կկատարվեն և տեղափոխումը կիրականացվի ամենաուշը  հաջորդ տարվա սկզբին: Մի շարք խնդիրներ այնտեղ կան, օրինակ, ընդհանրապես վերականգնողական արդարադատության բաղադրատարրեր չեն գործում, այսինքն մարդն այնտեղ միայն պատիժ է կրում, այնինչ մեր՝ պետության գործառույթը պետք է լինի, որ հանցագործություն կատարած անձին մենք օգնենք վերականգնվի  որպես հասարակության լիիրավ անդամ, և ինքը դուրս գալուց հետո քրեակատարողական հիմնարկից որևէ ռիսկ չներկայացնի հասարակության համար, այլ հակառակը՝ օգնի հասարակությանը  տարբեր հարցերում իր ակտիվ քաղաքացիական կամ աշխատանքային գործունեությամբ: Այստեղ խնդիրներ կան, օրինակ սոցիալ-հոգեբանական ծառայություն չկա, այնինչ պետք է սոցիալ-հոգեբանական ծառայությունը լինի և վերականգման համար, և նաև ռիսկերի գնահատման համար: Քանի որ ցանկացած ազատությունից զրկված անձ ինքն որոշակի հոգեբանական ռիսկեր է ունենում, այդ թվում՝ ինքնասպանության հակվածություն, ինքնախեղման հակվածություն և այլն: Խոշտանգման տեսանկյունից մեր առաջարկն է եղել, որ տեսախցիկներ տեղադրվեն ազատությունից զրկման բոլոր վայրերում և նաև հնարավորություն լինի Մարդու իրավունքների պաշտպանը վերահսկի նաև հանրային հասարակական վերահսկողության մեխանիզմները, պետք է ավելի արդյունավետ դառնան և նշեցի նաև քրեական վարույթների տեսանկյունից, որ կարևոր է, որ պետությունը ցույց տա այս հարցում հետևողական է և խիստ է, որպեսզի խոշտանգումները մենք բոլորս կանխարգելենք: Մի շարք այլ հարցեր էլ կան ներքին ընթացակարգային, բայց դրանք տարեկան հաղորդման մեջ ծանոթանալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցում իրավունքների պաշտպանության հարցում նշեցի հետազոտության մասին մանրամասները՝ էլի տարեկան հաղորդման մեջ, շուտով  արտահերթ զեկույցը համապարփակ կլինի, կարող եք ծանոթանալ, բայց մեր առաջարկն է, որ պետությունը ավելի հետևողական լինի, ընդ որում նաև մեր պետական օրենսդրությամբ ներդրված ստանդարտներին հետևելու հարցում, և այստեղ բոլորս անելիք ունենք,  քաղաքացիական վերահսկողությունն էլ է կարևոր, որպեսզի հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար, հատկապես շարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի լինի մեր հանրապետությունը, և  իրենք ապրեն լիիրավ կյանքով: Իհարկե սա ուղիղ կերպով առնչվում է բազմաթիվ այլ իրավունքների հետ, քանի որ կրթության իրավունքի, աշխատանքային իրավունքների և այլն: Քանի որ այդ դեպքում  արդեն հաշմանդամություն ունեցող անձիք չեն կարողանում ինքնուրույն կյանք վարել և տնից դուրս գալ ինքնուրույն աշխատել, սովորել և այլն: Բայց ամենակարևոր խնդիրը այս ոլորտում հայեցակարգային փոփոխությունն է, այսինքն մեզ մոտ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համակարգը բժշկական համակարգն է: Այն, ինչ միջազգային ստանդարտը ենթադրում է, որ պետք է սոցիալական մոդելը աշխատի, ինչը ենթադրում է  հավասար պայմաններ, բոլորի համար պետք է ապահովենք:

Երեխաների մասով նշեցի, որ արտահերթ զեկույց կունենանք, հավանաբար, հոկտեմբերին ավելի մանրամասն կներկայացնենք, բայց ներառական կրթության մասով էական խնդիրներ կան և կառավարման, և կարողությունների տեսանկյունից, նախադպրոցական հաստատությունների հասանելիության տեսանկյունից էական խնդիրներ կան: Այս ուղղությամբ պետք է հետևողական լինենք և աշխատենք, իհարկե բարելավումներ ժամանակի ընթացքում լինում են, բայց կարծում եմ, որ ավելի արագ կարող ենք առաջ գնալ բոլոր ուղղություններով, ոչ միայն այս ուղղությամբ: Փախստականների մասին նշեցի և անդրադառնամ  հանրային իրազեկման աշխատանքներին: Մեզ համար կարևոր աշխատանքներից մեկը հանրային իրազեկումն է, քանի որ ակնհայտորեն իրազեկում ենք, որ իրավունքների խախտման դեպքերի զգալի հատվածը պայմանավորված է ոչ բավարար իրավագիտակցությամբ  քաղաքացիների: Եթե քաղաքացիները բավարար  չափով ինքնագիտակից լինեն, ինքնուրույն կարող են իրենց իրավունքները պաշտպանել, կամ կանխարգելել իրավունքների խախտումները: Այս ուղղությամբ կարևոր աշխատանքներից մեկն այն է, որ հեռուստահաղորդում ունեցանք՝ ամիսը մեկ եթեր էինք տալիս, այդ հաղորդման միջոցով ներկայացնում էինք տարբեր իրավունքներ և իրավունքների պաշտպանության մեխանիզմները և, նաև գործարկեցինք մեր պաշտոնական կայքը, որը բավականին մատչելի կայք է, նույնիսկ կարող եմ ասել, որ հայկական տիրույթում ամենամատչելի կայքն է միջազգային ստանդարտներում, և ժամանակի ընթացքում փորձելու ենք դրա միջոցով ավելի շատ իրազեկման աշխատանք կատարել: Մեզ համար կարևոր ուղղություններից մեկը քաղաքացիական հասարակության զարգացումն է և սա կարևոր  օղակ է Մարդու իրավունքների պաշտպանության հարցում և հնարավորինս կատարում ենք իմ լիազորությունների շրջանակներում, որպեսզի աջակցենք քաղաքացիական հասարակությանը ավելի ուժեղանալ, կարողություններ և ռեսուրսներ ձեռք բերել զարգացման համար:

 Մյուս ուղղությունը՝ արտաքին փոխգործակցությունն է: Կարող եք էլի մանրամասնությունները տեսնել: Բավականին ակտիվ շարունակել ենք աշխատանքը  և հայաստանյան, սփյուռքյան կառույցների և միջազգային տարբեր շրջանակների հետ, 4 միջազգային այց եմ ունեցել, բազմաթիվ ելույթներ, հանդիպումներ միջազգային և սփյուռքյան կառույցների հետ, տարբեր ծրագրեր ենք իրականացրել: Այդ ծրագրերից մեկի՝ Կալիֆոռնիայի իմ այցի ընթացքում, այնուհետև հոկտեմբերին կնքեցինք համագործակցության հուշագիր Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ և իրենք պարտավորվեցին 3 տարի շարունակ արցախցի ուսանողներին և իրավաբաններին կրթաթոշակներ տրամադրել իրենց համալսարանում սովորելու համար: Բավականին բարձրակարգ համալսարան է, սակայն այս տարի հնարավորություն չեղավ կորոնավիրուսի պատճառով: Սա ինձ համար կարևոր ուղղություն է: Իհարկե, նաև կարևոր են Եվրոպայի խորհրդում իմ ելույթը, համապատասխան հանդիպումները, այնուհետև եվրոպական խորհրդարանում իմ ելույթը և Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերաբերյալ զեկուցումը և մի շարք այլ հանդիպումներ, իհարկե, ակտիվորեն նաև համագործակցել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ և մի շարք այլ կառույցների հետ: Ադրբեջանական ուղղությամբ էլ շարունակել ենք մշտադիտարկումը արցախցիների իրավունքների խախտումների մասով և նախապատրաստում ենք մի զեկույց, որտեղ ամփոփելու ենք բոլոր հնարավոր իրավախախտումները  Ադրբեջանի կողմից, և չճանաչվածության պայմանավորված  իրավախախտումները  միջազգային հանրության կողմից: Շուտով դա կլինի, էլի մանրամասն կքննարկենք այս ուղղությունը, և այս բոլոր աշխատանքները  մենք կատարել ենք մեր ամբողջ աշխատակազմով,  սա միայն իմ աշխատանքը  չէ և հաջողությունները, և բացթողումները: Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին: Թեև փոքր աշխատակազմ է, բայց կարողացել ենք սրտանց աշխատել, և ցանկացած հաջողություն, ցանկացած՝ և անհատական, և ընդհանրական հաջողությունը բոլորիս հաջողությունն է լինում:

Ըստ մեր վիճակագրության 234 դիմումից միայն 73 դիմումն է, որ վերաբերվել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին և այդ 73-ից 68 դիմումով դրական արդյունք ենք ունեցել, այնուհետև արդեն վերջին ամիսներին 70 գործով դրական արդյունք ենք ունեցել անցած տարվա դեպքերից: Սա կարևոր ցուցանիշ է: Շնորհակալ եմ բոլորին, բոլոր պետական մարմիններին, քանի որ գրեթե բոլոր պետական մարմինների հետ համագործակցության շնորհիվ ենք այս խնդիրներին լուծում տվել, իհարկե, երբեմն ոչ հաճախակի լինում են տարաձայնություններ, բայց դա էլ համագործակցության միջոցով շտկվում է: Սակայն ասեմ, որ ինձ համար սկզբունքային հարց է Մարդու իրավունքների պաշտպանությունը: Եթե համագործակցությամբ հարցը չի լուծվում, պատրաստ եմ նաև օրենքով սահմանված այլ մեխանիզմներ կիրառել և նշեմ, որ հետևողական եմ լինելու իմ մասով, որպեսզի տարեկան հաղորդման մեջ նշված բոլոր առաջարկությունները ժամանակի ընթացքում կատարվեն  և ողջունում եմ, որ երեկ հրապարակված  ԱՀ նախագահի ծրագրում այդ առաջարկների մի զգալի մասը, այսպես թե այնպես, որոշ չափով տեղ է գտել, և հույս ունեմ, որ այս 5 տարվա ընթացքում գոնե այդ տեղ գտած առաջարկները կկատարվեն: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Բեգլարյան, հարցն ավարտվեց: Պարոն Բեգլարյան, խորհրդարանը բարձր է գնահատում ձեր գործունեությունը և կշարունակենք մեր հետագա համագործակցությունը:

         Այժմ անցնենք օրակարգային վերջին հարցի քննարկմանը: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2019թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելու համար հրավիրվում է Խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը:

Արսեն Առստամյան – ԱՀ ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ: Ինչպես նախորդ տարիներին, այսպես էլ 2019թ. Հանրային հեռուստառադիոընկերությունն իր գործունեությունն իրականացրել է ԱՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում:   

Հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման գործում Խորհրդի ծրագրային քաղաքականությունն իրականացնող մարմինը «Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունն է, որի պետական սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

Նպատակ ունենալով ապահովել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքը՝ Հանրային հեռուստառադիոընկերության առաջ դրվել են հետևյալ նպատակները.

  1. Ապահովել հանրության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի լուսաբանումը։
  2. Բավարարել հանրության սեռային, տարիքային, սոցիալական, էթնիկական բոլոր   խմբերի բարոյական և գեղագիտական պահանջմունքները՝ առաջնորդվելով համամարդկային և ազգային բարձր արժեքների պահպանման և հանրահռչակման սկզբունքներով։
  3. Խթանել հայ ժողովրդի պատմական հիշողության, լեզվի, գրականության, ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանմանն ու հարատևմանը միտված հանրային ձեռնարկումները՝ ապահովելով դրանց լուսաբանման շարունակական և հարաճուն ընթացքը։
  4. Աջակցել մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը միտված հանրային ձեռնարկումներին, երեխաների մեջ ձևավորել օրինակելի, բարոյական և գեղագիտական արժեքների ընկալման մշակույթ:

Նշված նպատակների իրագործման համար 2019թ. գործունեության հիմքում դրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  1. Շարունակել Հանրային հեռուստառադիոընկերության տեխնիկական վերազինման աշխատանքները.
  2. Բարձրացնել հաղորդումների հեռարձակման որակը և ապահովել համապատասխանությունը միջազգային չափանիշներին.
  3. Ավելացնել այն հաղորդումների քանակը, որոնք վերաբերում են հասարակության խոցելի և անպաշտպան խմբերի՝ ծերերի, ծնողազուրկ երեխաների, հսկողությունից դուրս մնացած դեռահասների, գործազուրկների և հաշմանդամների խնդիրներին, ինչպես նաև հանրության մեջ նրանց նկատմամբ ձևավորել համարժեք և հանդուրժողական վերաբերմունք.
  4. Հաղորդումներում ապահովել գրական հայերենի գերակայությունը՝ որպես եթերի լեզվական քաղաքականության առանցքային պայման.
  5. Շարունակել  հեռարձակել ԱՀ Ազգային ժողովի, կառավարության, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԻՊԾ գերատեսչական հաղորդումները, զանազան հաղորդումներում պատշաճ առիթներով մեծարել զոհված և ողջ մնացած հերոսներին.
  6. Ցուցադրել բարություն և ընկերասիրություն սերմանող մուլտֆիլմեր, երեխաների մեջ արմատավորել հանրային պատասխանատվության զգացում, ճանաչելի և սիրելի դարձնել հայրենի բնաշխարհն ու նրա մարդկանց.
  7. Հանրային հեռուստառադիոընկերության «YouTube»-յան ալիքով հնարավորություն  ընձեռել որակով դիտելու հեռարձակված հաղորդումները.
  8. Արխիվային նյութերի թվայնացման աշխատանքները շարունակական իրականացնել:

Թվարկած  խնդիրների իրագործմանն են ուղղվել 2019թ. պետական բյուջեով         

նախատեսված և հատկացված միջոցներն ու օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված եկամուտները:

Հանդիսանալով  Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը՝   Խորհուրդը սահմանում է Ընկերության հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալներն ու հեռուստառադիոծրագրերի (ալիքների) քանակը, ծրագրային քաղաքականությունը, ֆինանսական միջոցների օգտագործման կարգն ու ուղղությունները, համակարգում է Ընկերության ընթացիկ գործունեությունը և լսում գործադիր տնօրենի հաշվետվությունը, ինչպես նաև հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության աշխատողների կարգավիճակը և պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմաններն ու վարձատրման կարգը:

       Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանումն իրականացնելու նպատակով 2019թ. հատկացվել է 27958,1 հազար դրամ, որից ծախսվել է 26636,9 հազար դրամը, տնտեսվել՝ 1321,2 հազար դրամ:

       Խորհուրդը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԱՀ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում 2019թ., ինչպես և նախորդ տարիներին, շարունակել է համակարգել Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը:

2019թ. Խորհրդի կողմից հաստատվել են Ընկերության հեռուստառադիոհաղորդումների թեմատիկ ուղղություններն ու ծավալները և հեռուստառադիոծրագրերի քանակը, Ընկերության 2019թ. տարեկան եկամուտների և ծախսերի ու դրամական հոսքերի նախահաշիվները:

       Մշակվել է Հանրային հեռուստառադիոընկերության 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

       Աշխատանքներ են տարվել ոլորտի ՀՀ-ում գործող հեռուստաընկերությունների և հանրային ռադիոյի հետ կապերի և փոխհարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: Մասնավորապես, 2019թ. նոյեմբերին հայկական երկու պետությունների Հանրային հեռուստաընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Համագործակցությունը երթադրում է խորհրդատվական աջակցության տրամադրում, տեխնիկական վերազինման կազմակերպում, մենեջմենթի ոլորտում հմտությունների և փորձի փոխանակում և այլն: Խորհրդի պատվերով 2019թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերության մասնագետների կողմից Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունում իրականացվել է բիզնես-վերլուծություն, որի արդյունքներով կազմվել և խորհրդին է տրամադրվել ամփոփ փաստաթուղթ: Այս աշխատանքների իրականացման և առհասարակ արդեն իսկ ձևավորված համագործակցության համար, ուզում եմ առիթն օգտագործելով, շնորհակալություն հայտնել Խորհրդի նախագահ Արա Շիրինյանին և Առաջին ալիքի այն ժամանակվա գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին և Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին:

      Հարգելի գործընկերներ, 2019թ. «Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն»-ը շարունակել է հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման իր առաքելությունը: 2019թ. մարտի 1-ից  Ընկերությունը կրկնապատկել է եթերաժամը՝ պատրաստելով և Արցախի տարածքում հեռարձակելով նախկին 4 ժամի փոխարեն 8 ժամ: Ընդ որում, եթերաժամի ավելացումն իրականացվել է առանց ֆինանսական ավելացումների:

       Հանրային ռադիոյի եթերաժամը մնացել է անփոփոխ՝ օրական 5 ժամ: Առաջ անցնելով և փոքր-ինչ բացելով փակագծերը, նշեմ, որ այս տարվա սեպտեմբերից Արցախի հանրային ռադիոն անցնելու է 24-ժամյա եթերի, բայց այդ մասին առավել մանրամասն կներկայացնեմ հաջորդ տարվա հաղորդման շրջանակներում: Այդ  հիրավի պատմական և հեղափոխական որոշումը Խորհուրդը կայացրել է հունիսի 26-ին հրավիրված նիստում:

        2019թ. ընթացքում Հանրային հեռուստառադիոընկերությունը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում և սահմանված պահանջներին համապատասխան պատրաստել և հեռարձակել է տարբեր թեմատիկ ուղղություններով հաղորդումներ՝ նպատակ ունենալով առավելագույնս բավարարելու հանրության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի հեռուստատեսային և ռադիո պահանջմունքները և ապահովել տեղեկացված լինելու նրանց սահմանադրական իրավունքը:

       Հանրային հեռուստառադիոընկերությունը հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման գործում առաջնորդվում է «Հեռուստատեսություն և ռադիոյի մասին» ԱՀ օրենքով, իր կանոնադրությամբ և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

       Պահպանվել է հայրենական արտադրության հաղորդումների «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԱՀ օրենքով սահմանված չափաքանակը, այն է՝ ոչ պակաս, քան 65 տոկոսը: Հարկ է ընդգծել, որ հանրային հեռուստառադիոընկերության 2019թ. սեփական արտադրանքը հեռուստատեսությամբ կազմել է 1014,5 ժամ, ռադիոյով՝ 1186 ժամ, պլանով նախատեսված 950 ժամի փոխարեն:

        Հանրային հեռուստառադիոընկերությունը 2019թ. իր գործունեությունն իրականացրել է  ԱՀ պետական բյուջեի պահուստային ֆորդից, գովազդից և օրենսդրությամբ չարգելված այլ  աղբյուրներից ստացված եկամուտների հաշվին:

        Պլանով նախատեսված էր 395744,0 հազար ՀՀ դրամի չափով եկամուտ և համապատասխան գումարի ծախս: Փաստացի արդյունքները վկայում են, որ՝

  1. 2019թ. Ընկերությունը պետպատվերի դիմաց խորհրդի կողմից ֆինանսավորվել է լրիվությամբ՝ 387344,0 հազար ՀՀ դրամի չափով:
  2. Սեփական եկամուտները  պլանավորված  8400,0 հազար ՀՀ դրամի փոխարեն կազմել են 4883,2 հազար ՀՀ դրամ:

   Այսպիսով, 2019թ. Ընկերությունը հաջողությամբ է ավարտել ինչպես արտադրական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից:

   Ընկերության 2019թ.  շահույթը կազմել է 360,0 հազար դրամ:

ԱՀ  Հանրային  հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ այդ գումարի որոշ մասը 2020թ. կփոխանցվի ԱՀ պետբյուջե:

     2019թ. կազմակերպվել են հեռուստառադիոընկերության հիմնական տաղավարի պատրաստման աշխատանքները, ինչը իրագործվել է ԱՀ կառավարության որոշմամբ՝ ԱՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված միջոցների հաշվին: Պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով իրականացվել է նաև  Ընկերության տեխնիկական վերազինում, ձեռք են բերվել նաև նոր թվային սարքավորումներ:

         Արցախի հանրային հեռուստատեսության ալիքի հեռարձակումը ԱՀ տարածքում իրականացվել է «Արցախկապ» ընկերության միջոցով: Արցախում իրականացվել է թվային հեռարձակում HD և SD ձևաչափով:

          Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակել է իրականացնել հաղորդումների ներբեռնումը «YouTube»-ում իր պաշտոնական էջի միջոցով՝ հասանելի դարձնելով հաղորդումների դիտումը աշխարհում:

     2019թ. հանրային հեռուստառադիոընկերության համար օրակարգային թիվ մեկ խնդիրը շարունակել է մնալ շենքային պայմանների ոչ բավարար վիճակը:

      Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Առստամյան: Հարցեր:

         Արևիկ Պետրոսյան - Շնորհակալություն: Պարոն Առստամյան, դուք նշեցիք, որ ձեր գործունեության մեջ հատուկ տեղ եք հատկացնում հաշմանդամների իրավունքներին, սակայն ես որպես հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամների կազմակերպության նախագահ  նշեմ, որ ձեր գործունեությունը սահմանափակվում է դեկտեմբերի 3-ով, այն էլ «գալչկայի» ձևով, և դա չի կրում տարվա ընթացքում պարբերական բնույթ, և երբևէ ես չեմ տեսել, քիչ առաջ Մարդու իրավունքների զեկուցման մենք լսեցինք ֆիզիկական անմատչելիության մասին, ես չեմ տեսել որևէ ծրագիր, որը նվիրված է մեր փողոցների վիճակին, այդ թեքահարթակների, անկյունի թեքության վերաբերյալ: Մի խոսքով, շատ դժգոհ ենք այդ առումով: Երկրորդ հարցն էլ վերաբերվում է COVID-19  ձեր ծրագրերին, որ հեռուստաարձակում եք: Գիտեք, չկա գիտական գովազդ, կարծես դուք դարձրել եք դա ինչ որ զվարճալի մի բան, չկա լուրջ վերաբերմունք: Ես կարծում եմ պարբերաբար իմ էջում հայտնվում են Ադրբեջանի գովազդային այդ տեսահոլովակները, որոնք շատ ավելի որակով են, քան ձեր ծրագրերը: Շնորհակալություն:     

Արսեն Առստամյան – Շնորհակալություն, հարցերի համար, տիկին Պետրոսյան: Նախ թույլ տվեք  չհամաձայնվել  ձեր առաջին  և երկրորդ հարցերի հետ կապված: Մենք մեր եթերացանցում պարբերաբար ունեցել ենք և ունենք սոցիալական այս կամ այն շերտին վերաբերվող հաղորդացանց. «Սոցիումներ», «Ոգու նժարներ» և ինչու՞ է ձեր մոտ դեկտեմբերի 3-ը հիշվում, որովհետև այդ օրը՝ Հաշմանդամների միջազգային օրը, Հանրայինի լրատվական թիմը ամբողջությամբ գրեթե լրատվական բլոկը նվիրում է դեկտեմբերի 3-ին, դրա համար ձեր մոտ դեկտեմբերի 3-ն է շատ տպավորվել: Բայց մեր եթերում թե ձեր նշված թեքահարթակների մասով, դուք բավական է դիտեք հաղորդաշարը, և ձեր բարձրացրած հարցերի մի մասի պատասխանը այնտեղ կտեսնեք: Դիտեք «Ոգու նժարը», այնտեղ ևս ձեր հարցերի մի մասը կտեսնեք: Ինչ վերաբերում է 2-րդ հարցին՝ COVID-19  հետ կապված,  նշեմ, որ վերջին ամիսներին հանրայինի եթերում ահռելի մեծ չափաբաժին են կազմում այդ թեմայով և հաղորդումները, և գովազդները սոցիալական, և այս կամ այն մարդկանց տաղավարներում  հյուրընկալելու առիթներով: Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ, որ կատարված աշխատանքը քիչ է: Գուցե ավելի շատ բան կա անելու: Հեռուստատեսությունը կենդանի օրգանիզմ է և աշխատանքները միշտ էլ շարունակական են լինում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Արձագանքու՞մ եք: Շնորհակալություն, պարոն Առստամյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Արսեն Առստամյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Հարգելի գործընկերներ, օրակարգային հարցերը սպառված են: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը հայտարարվում է փակված: Շնորհակալություն: