Տեղական հանրաքվեի մասին

 

Ն-1-02/10, ԱԺ-011-11,12.03.2020թ.,ՊԻ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

            ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

 

          ԳԼՈՒԽ 1

            ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները, կարգավորում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքի, տեղական հանրաքվեի դրվող հարցերի (նախագծերի), նախագիծը կամ համայնքային նշանակության հանրային հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի դրվող հարցի (նախագծի) հրապարակման, տեղական հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, տեղական հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու և տեղական հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2.

Տեղական հանրաքվեն և դրա անցկացման սկզբունքները

1. Տեղական հանրաքվեն համայնքի գործերի կառավարմանն անմիջականորեն մասնակցելու եղանակ է, որն իրականացվում է տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության հանրային հարցերով քվեարկության միջոցով:

2. Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

3. Տեղական հանրաքվեին մասնակցող յուրաքանչյուր անձ ունի մեկ ձայնի իրավունք:

4. Տեղական հանրաքվեն անցկացվում է տվյալ համայնքի տարածքում:

Հոդված 3.

Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը

1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Հոդված 4.

Տեղական հանրաքվեի դրվող հարցերը

1. Տեղական հանրաքվեի կարող են դրվել տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության հանրային հարցերը, բացառությամբ՝

1) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող հարցերի.

2) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններին առնչվող հարցերի.

3) համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորմանը վերաբերող հարցերի.

4) համայնքի բյուջեի ընդունման կամ փոփոխման, ինչպես նաև համայնքի ֆինանսական պարտավորությունների կատարման կամ փոփոխման մասին հարցերի.

5) համայնքի սեփականության օտարման մասին հարցերի.

6) բնակչության պաշտպանության, առողջությունն ու անվտանգությունն ապահովող արտակարգ և շտապ միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերի.

7) պատմության, մշակույթի, բնության հուշարձաններին և արգելանոցներին վնաս հասցնող հարցերի.

8) տեղական հարկերին, տուրքերին, վճարներին վերաբերող հարցերի.

9) միջհամայնքային միավորումներ ստեղծելու վերաբերյալ հարցերի.

10) այն հարցերի, որոնք արդեն իսկ դրվել են տեղական հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում և նույնաբովանդակ են:

2. Տեղական հանրաքվեով ընդունված ակտը կարող է փոփոխվել միայն տեղական հանրաքվեով:

3. Տեղական հանրաքվեի դրվող հարցը ձևակերպվում է այնպես, որ հնարավոր լինի դրան տալ միանշանակ պատասխան:

Հոդված 5.

Տեղական հանրաքվե անցկացնելու արգելքը

1. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել համապետական կամ տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը:

2. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել պատերազմի կամ տվյալ համայնքի տարածքում արտակարգ դրության ժամանակ:

3. Ռազմական դրության ժամանակ տեղական հանրաքվե կարող է չանցկացվել:

4. Այն դեպքում, երբ արտակարգ դրությունը հայտարարվել է կամ պատերազմական գործողությունները սկսվել են սույն օրենքով նախատեսված տեղական հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվե նշանակելը, ապա մինչև արտակարգ դրություն հայտարարելը կամ պատերազմական գործողությունները սկսված հարցը տեղական հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում արտակարգ դրության կամ պատերազմի  ավարտից հետո:

 

ԳԼՈՒԽ 2

ՀԱՐՑԸ (ՆԱԽԱԳԻԾԸ) ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՏԵՂԱԿԱՆ

ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

Հոդված 6.

Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության սուբյեկտները

  1. Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, տվյալ համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը և համայնքի ղեկավարը:

 

 

Հոդված 7.

Տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու  իրավունք ունեցող անձանց նախաձեռնությամբ հարցը (նախագիծը) տեղական հանրաքվեի դնելու կարգը

1. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով համայնքի բնակիչների ներկայացրած հարցը համայնքի ավագանու կողմից չընդունվելու դեպքում հարցի ընդունման նախաձեռնությանը տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ևս 10 տոկոսի միանալու դեպքում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցված նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է տարածքային ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար: Համայնքի բնակիչների ներկայացրած հարցը համարվում է համայնքի ավագանու կողմից չընդունված նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից հարցը չքննարկվելու կամ հարցի վերաբերյալ որոշում չընդունվելու դեպքում:

2. Տեղական հանրաքվեով ընդունված ակտը փոփոխելու նպատակով կամ առանց հարցը համայնքի ավագանուն ներկայացնելու հարցի ընդունման նախաձեռնությանը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված թվից առնվազն 10 տոկոս ավել թվով տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց միանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է տարածքային ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:

3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ստորագրությունների վավերականությունը հաստատվելուց հետո՝ 5 օրվա ընթացքում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը տեղական հանրաքվեի դրվող հարցը ներկայացնում է համայնքի ղեկավարին:

Հոդված 8.

Տեղական հանրաքվեի նշանակումը և անցկացումը, տեղական հանրաքվեի դրվող հարցի (նախագծի) հրապարակումը

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցը (նախագիծը) ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը (նախագիծը) հակասում է օրենքին: Համայնքի ղեկավարի՝ հանրաքվեի նշանակումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

2. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու դեպքում համայնքի ավագանին 1-ամսյա ժամկետում տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում է իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելուց հետո` 3-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե:

4. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը համայնքի ղեկավարը  3-օրյա ժամկետում ներկայացնում է  տարածքային ընտրական հանձնաժողով:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից որևէ մեկը չընդունվելու դեպքում տեղական հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող         65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:

6. Տեղական հանրաքվե կարող է նշանակվել միայն օրացուցային ոչ աշխատանքային օրը: Տեղական հանրաքվեն անցկացվում է նշանակման օրվանից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո:

7. Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության կամ պատերազմի պատճառով չանցկացված տեղական հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության կամ պատերազմի ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Համայնքի ղեկավարը տեղական հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության կամ պատերազմի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում:

8. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

9. Համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվե նշանակվելուց հետո այլ տեղական հանրաքվե նշանակելու անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարը այլ տեղական հանրաքվեն նշանակում է արդեն նշանակված տեղական հանրաքվեի հետ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված տեղական հանրաքվեի օրվանից առնվազն 15 օր հետո:

10. Տեղական հանրաքվեի դրված ակտի նախագիծը հրապարակվում է համայնքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքերում տեղական հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎՈՂ ՀԱՐՑԻ (ՆԱԽԱԳԾԻ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՆԱԼԸ

Հոդված 9.

Ստորագրությունների հավաքումը

1. Տեղական հանրաքվե նախաձեռնելու նպատակով տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող առնվազն 5 անձ կարող է ձևավորել նախաձեռնող խումբ:

2. Նախաձեռնող խումբը գրանցման համար տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների ստորագրած՝ նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով, իր անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով, և նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախաձեռնող խմբի գրանցումից հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Տարածքային ընտրական հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում նախաձեռնող խումբը գրանցելու կամ նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին, եթե պահպանված չեն սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, կամ ներկայացված հարցը (նախագիծը), սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, չի կարող դրվել տեղական հանրաքվեի: Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից և մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խումբը գրանցելու մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, նախաձեռնող խմբի անդամներին տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևի վկայականներ:

5. Գրանցումից հետո նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ձեռնարկելու տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությանը տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց միացումը՝ ստորագրություններ հավաքելու միջոցով:

6. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվում է՝

1) նախաձեռնող խմբի որոշման հիման վրա նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումով.

2) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողով չդիմելու դեպքում.

3) սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում տեղական հանրաքվեի դրվող հարցը (նախագիծը) համայնքի ղեկավարին չներկայացնելու մասին գրությամբ տարածքային ընտրական հանձնաժողովին իրազեկելու դեպքում.

4) տեղական հանրաքվեի դրված հարցը (նախագիծը) օրենքին հակասելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ որոշումը բողոքարկելիս՝ այն ուժի մեջ թողնելու դեպքում.

5) տեղական հանրաքվեի դրված հարցի (նախագծի) չընդունման դեպքում տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ այդ որոշումը բողոքարկելիս՝ ուժի մեջ թողնելու դեպքում.

6) տեղական հանրաքվեի դրված հարցի (նախագծի) ընդունման դեպքում:

7. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցնում է տարածքային ընտրական հանձնաժողովը՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների միջոցով՝ տեղում ստորագրելու եղանակով:

9. Տեղում ստորագրելիս ձևաթերթիկում լրացվում են ստորագրողի անձնագրային տվյալները, ձևաթերթիկը ստորագրվում և հանձնվում է ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին:

10. Տեղում ստորագրությունների հավաքման համար օգտագործվող ձևաթերթիկներ նախաձեռնող խմբի անդամներին չեն տրամադրվում, դրանք ներբեռնում և տպագրում է նախաձեռնող խումբը:

11. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է համապատասխան համայնքի  համայնքապետարանում:

12. Ելնելով համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվաքանակից՝ ստորագրությունների հավաքման բնականոն ընթացքն ապահովելու համար կարող են տրամադրվել լրացուցիչ վայրեր:

13. Արցախի Հանրապետության համայնքապետարանները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց՝ տեղում ստորագրությունների հավաքմանը մասնակցելու իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

14. Տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաև իրականացնում են նոտարները` նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` 3 օրվա ընթացքում:

15. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

16. Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին համապատասխան համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք:

17. Ստորագրությունների հավաքմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող են ներգրավվել 16 տարին լրացած քաղաքացիները:

18. Նախաձեռնող խումբը ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է գրանցվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ նախաձեռնող խմբի գրանցումից հետո՝ 45 օրվա ընթացքում:

19. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկում ստորագրություններ կարող են հավաքվել միայն տվյալ համայնքի ամբողջ տարածքում:

20. Ստորագրությունների հավաքման կարգը սահմանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

21. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների նմուշները ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Հոդված 10.

Ստորագրությունների վավերականության հաստատումը

1. Օրենքով նախատեսված նվազագույն քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ մասում նշված ժամկետների ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է տարածքային ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով ստորագրված ձևաթերթիկները: Նոտարական կարգով տրված ստորագրությունները կարող են ներկայացվել տարածքային ընտրական հանձնաժողով դրանք տված անձանց կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից մինչև սույն մասով սահմանված ժամկետի ավարտը:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրությունների հավաքման ձևաթերթիկներն ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում, իրականացնում է հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում:

3. Ստորագրությունների ստուգումից հետո սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին որոշում, եթե առկա են օրենքով պահանջվող անհրաժեշտ քանակի վավեր ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը: Հավաքված ստորագրությունները համարվում են վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված են պատշաճ ձևով: Եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն կամ լրացված են ոչ պատշաճ ձևով, ապա ստորագրությունը հանվում է ներկայացված ստորագրությունների խմբաքանակից: Եթե անձի տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ անձի միայն մեկ ստորագրությունը:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, այն ուղարկում է նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե տարածքային ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաև մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

5. Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, տեղական հանրաքվեի դրվող հարցը (նախագիծը) ներկայացնում է համայնքի ղեկավարին:

6. Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին որոշումը նախաձեռնող խումբը կարող է բողոքարկել դատական կարգով:

7. Ստորագրությունների վավերականության հաստատումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 4

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 11.

Տեղական հանրաքվեի հանձնաժողովների համակարգը

1. Տեղական հանրաքվեի կազմակերպումն ապահովում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի համաձայն կազմավորված  տարածքային ընտրական հանձնաժողովները, իսկ տեղական հանրաքվեի անցկացումն ապահովում են  Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի համաձայն կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովները:

2. Տեղական հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար ընտրական հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներին վերապահված այն լիազորությունները, որոնք կիրառելի են և անհրաժեշտ տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար:

3. Տեղական հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովների գործունեության կարգը, ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը, ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման կարգը, հանձնաժողովներում հանրագրերի քննարկման և քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը որոշվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:

Հոդված 12.

Տեղական հանրաքվեի հրապարակայնությունը

1. Տեղական հանրաքվեի հրապարակայնությունն ապահովվում է Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով:

Հոդված 13.

Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները, տեղական հանրաքվեի տեղամասերը, տեղամասային կենտրոնները և տեղական հանրաքվեի ֆինանսավորումը

1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները (այսուհետ` ցուցակներ) կազմելու և վարելու, անձանց ցուցակներում ընդգրկելու կարգը, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ հանրագրերը քննարկելու և ցուցակները ճշտելու, ընտրական հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով:

2. Տեղական հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց՝ տեղական հանրաքվեին մասնակցելու  իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

3. Տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

 

ԳԼՈՒԽ  5

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14.

Քարոզչության հիմնական կանոնները

1. Տեղական հանրաքվեի դրված հարցի (նախագծի) վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն Արցախի Հանրապետության քաղաքացիները, տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը և հասարակական կազմակերպությունները: Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

2. Քարոզչությունն սկսվում է տեղական հանրաքվե նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 7-րդ օրը, և ավարտվում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:

3. Տեղական հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով (նախագծով) կարող է գործել մեկ «ԱՅՈ» և մեկ «ՈՉ» քարոզչության կողմ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են քարոզչություն իրականացնել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին միանալու միջոցով կամ առանձին:

4. Քարոզչության իրականացման հանրային միջոցներից (հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի անվճար և վճարովի եթերաժամեր, արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունք, համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար առանձնացված անվճար տեղեր) կարող են օգտվել «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը, իսկ այլ անձինք քարոզչության իրականացման հանրային միջոցներից կարող են օգտվել միայն քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի գրավոր համաձայնության հիման վրա՝ համաձայնության մեջ նշված պայմաններով, որոնք չեն կարող հակասել քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված պահանջներին:

5. Տեղական հանրաքվե նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը համարվում է «ԱՅՈ» քարոզչության կողմ:

6. «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը՝ համայնքի բնակիչների նախաձեռնության դեպքում, համայնքի ղեկավարը՝ իր նախաձեռնության դեպքում և նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշման նախագծին կողմ քվեարկած համայնքի ավագանու անդամներից մեկը՝ համայնքի ավագանու անդամների նախաձեռնության դեպքում:

7. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձևավորել տեղական հանրաքվե անցկացնելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամները: «ՈՉ» քարոզչության կողմը ենթակա է գրանցման տարածքային ընտրական հանձնաժողովում տեղական հանրաքվեի նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 օրվա ընթացքում:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված սուբյեկտների կողմից որպես «ՈՉ» քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 5 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբը:

9. «ՈՉ» քարոզչության կողմը ձևավորման պահից 3-օրյա ժամկետում գրանցման նպատակով գրություն է ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով:

10. Գրության մեջ նշվում է «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչը, իսկ գրությանը կից ներկայացվում են «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:

11. Տարածքային ընտրական հանձնաժողովը գրությունը և փաստաթղթերն ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում, գրանցում է «ՈՉ» քարոզչության կողմին և նրա լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե չեն պահպանվել սույն հոդվածով սահմանված պահանջները:

12. Տարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակում է տեղեկատվություն այն մասին, թե ով է հանդիսանում «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմ, ինչպես նաև «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցիչների անունը, ազգանունը և նրանց հետ կապի միջոցները:

13. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

3) դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ծառայողներին, քննչական կոմիտեի ծառայողներին, զինծառայողներին.

4) ընտրական հանձնաժողովների անդամներին.

5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.

6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպությունների, քաղաքացիություն չունեցող անձանց.

7) Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին.

8) Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամներին.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադի-ոընկերության խորհրդի անդամներին:

14. Արգելվում է՝

1) քարոզչության ժամանակ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, արժեթղթեր, ապրանքներ (այդ թվում՝ սննդամթերք) կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ.

2) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով.

3) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերի հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:

15. Սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետի դրույթների կատարումն ապահովում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

Հոդված 15.

Քարոզչության իրականացման եղանակները

1. Պետությունը երաշխավորում է տեղական հանրաքվեի դրված հարցի (նախագծի) վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:

2. Քարոզչության ազատ իրականացումն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` ժողովներ, հանդիպումներ և տեղական հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով քարոզչության կողմերին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք քարոզչության կողմերին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները քարոզչության կողմերին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, երբ տվյալ համայնքում գոյություն չունեն քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ:

3. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 7 օր հետո համայնքի ղեկավարը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում այն դահլիճների և շինությունների ցանկը, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անվճար տրամադրվում են քարոզչության կողմերին՝ ժողովներ, հանդիպումներ և հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Սույն մասով նախատեսված տարածքները քարոզչության կողմերին տրամադրվում են հավասար պայմաններով:

4. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձևով հրապարակել և տարածել քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր: Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

5. Համայնքի ղեկավարը հանրաքվե նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել:

6. Քարոզչության կողմերին հատկացված տեղերը պետք է հնարավորին չափ հարմար և մատչելի լինեն քվեարկողների այցելության համար, ապահովեն հավասար մակերես «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության համար:

7. Քվեարկության օրը և դրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում: Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:

8. Քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործումը, զանգվածային լրատվության միջոցներով քարոզչությունն իրականացվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամերի քանակը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ եթերաժամ տրամադրելու համար սահմանված ժամկետից առնվազն 5 օր առաջ: Եթերաժամերի ժամանակացույցը սահմանվում է այնպես, որ այն քարոզչության կողմերի համար ապահովի հավասար հնարավորություններ, էականորեն չնվազեցնի քարոզչության ներգործությունը հանրության վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնի քարոզչության փաստացի արգելմանը կամ նվազեցնի քարոզչության արդյունավետությունը:

9. Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով քարոզչության համար տրամադրվող վճարովի և անվճար ժամերի քանակը պետք է հավասար լինի: Քարոզչության կողմերն իրավունք ունեն`

1) անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից ոչ ավելի, քան 30 րոպե.

2) վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից ոչ ավելի, քան 80 րոպե` քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:

10. Քարոզչության կողմերին վճարովի և անվճար եթերաժամը տրամադրվում է եթերաժամ տրամադրողին ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա:

11. Հանրաքվեի դրված հարցի (նախագծի) վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:

12. Արգելվում է հանրաքվեի քվեարկության օրը` մինչև ժամը 20:00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել հանրաքվեի մասնակիցների «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու արդյունքների մասին:

13. Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված պահանջի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:

 

Հոդված 16.

Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը և հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը

1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամներին վերաբերող Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:

2. Քարոզչության հիմնադրամի միջոցները հավաքվում են Արցախի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում՝ հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա առևտրային բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին: Այդ հաշվեհամարներին եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

3. Հիմնադրամը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:

4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`

1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձինք.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.

3) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).

4) օտարերկրյա պետությունները և իրավաբանական անձինք.

5) բարեգործական, կրոնական և միջազգային կազմակերպությունները.

6) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները.

7) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները:

5. Քարոզչության հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամում մուծված գումարները և քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված անանուն մուծումները փոխանցվում են համայնքային բյուջե: Քարոզչության ավարտից հետո՝ 2 բանկային օրվա ընթացքում, համայնքային բյուջե է փոխանցվում նաև քարոզչության հաշվի մնացորդը:

6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Քարոզչության հիմնադրամում մուծում կարող է կատարվել  նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով:

8. Քարոզչության հիմնադրամում մուծում կատարելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով կամավոր մուծում:

9. Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են համայնքային բյուջե:

10. Արգելվում են քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցներ ու հնարավորություններ օգտագործելը, ինչպես նաև հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:

11. Քարոզչության հիմնադրամից միջոցների օգտագործումն իրականացվում է Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի համաձայն:

12. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, 3-օրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում քարոզչության հիմնադրամի ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

13. Հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

14. Քարոզչության կողմերի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո:

15. Քվեարկության օրվանից հետո հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել հանրաքվեի արդյունքների բողոքարկման, ներառյալ՝ փաստաբանական ծառայություններից օգտվելու նպատակով՝ այդ մասին իրազեկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

16. Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, ինչպես նաև տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հայտարարագրին ներկայացվող պահանջները, քարոզչության հիմնադրամի միջոցների օգտագործման կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով:

ԳԼՈՒԽ 6

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ

 ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 17.

Դիտորդական առաքելության իրավունքը և վստահված անձը

1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝

1)  Արցախի Հանրապետության կուսակցությունները.

2) Արցախի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները տեղական հանրաքվե նշանակելու օրվան նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.

3)միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

4)  օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները:

2. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով:

3. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների` տեղական հանրաքվեի վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

5. Քարոզչության կողմերը կարող են ունենալ վստահված անձինք:

6. Վստահված անձ կարող են լինել միայն տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք: Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ծառայողները, քննչական կոմիտեի ծառայողները, զինծառայողները, դիտորդները, ընտրական հանձնաժողովի անդամները:

7. Քարոզչության կողմը վստահված անձանց վկայականներ ստանալու համար դիմումը քարոզչության կողմին գրանցած տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում հանրաքվե նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

8. Դիմումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, տարածքային ընտրական հանձնաժողովը քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված տեղական հանրաքվեի տեղամասերի թվի 3-ապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ, որոնցում նշվում է քարոզչության կողմի անվանումը: Քարոզչության կողմը լրացնում է վկայականները և տրամադրում վստահված անձանց:

Հոդված 18.

Դիտորդների, վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները

1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրումը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը և վկայականների տրամադրումը սահմանվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով:

2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց կարգավիճակը, գրանցումը, իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով:

 

ԳԼՈՒԽ 7

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 19.

Տեղական հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը

և անցկացումը

1. Տեղական հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝

1) տեղական հանրաքվեի դրված հարցի (նախագծի) տեքստը.

2) տեղական հանրաքվեի դրված հարցի  (նախագծի) վերաբերյալ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի բացատրական զեկույցը:

Հոդված 20.

Տեղական հանրաքվեի քվեաթերթիկը և քվեատուփը

1. Տեղական հանրաքվեի քվեաթերթիկի ձևը և նմուշը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեաթերթիկի նմուշը սահմանվում է այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

2. Քվեաթերթիկում նշվում են հանրաքվեի դրված հարցի (նախագծի) անվանումը, «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

3. Քվեարկության ժամանակ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր անձ ստանում է մեկական քվեաթերթիկ: Միաժամանակ երկու և ավելի հարցի (նախագծի) վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու դեպքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրվում են հանրաքվեի դրված հարցերի (նախագծերի) թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ: Քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

4. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի՝ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրված տեղեկանքի հիման վրա:

6. Տեղական հանրաքվեի ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները հատկացվում են քվեարկության նախորդ օրը` ընտրական տեղամասում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից  2-ով ավելի:

7. Տեղական հանրաքվեի ժամանակ յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի հատկացվում է առնվազն մեկական քվեատուփ: Տեղամասային ընտրական հանձնաժողովում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Քվեատուփը (քվեատուփերը) տեղադրվում է քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

8. Տեղական հանրաքվեի ժամանակ տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեատուփերը և մյուս պարագաները հատկացվում և վերադարձվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 21.

Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող դատապարտյալների քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը

1. Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող դատապարտյալների քվեարկության նախապատրաստման ու անցկացման նկատմամբ կիրառվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումները:

 

Հոդված 22.

Քվեաթերթիկը լրացնելու կարգը

1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը (նախագիծը), քվեաթերթիկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:

2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քվեարկության մասնակցի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակցին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

3. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում:

 

Հոդված 23.

Քվեաթերթիկների վավերականությունը

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) միաժամանակ «ԱՅՈ» և «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

2) որևէ նշում չի ներառում.

3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ նշում.

4) հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ կնքված չէ.

5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:

2. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է և աներկբա:

3. Քվեաթերթիկը վավեր է, եթե առկա չէ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քվեաթերթիկի անվավերության հիմքերից որևէ մեկը:

 

Հոդված 24Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

  1. Չսահմանված նմուշի է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկը:

 

 

ԳԼՈՒԽ 8

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 25.

Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Տեղամասում տեղական հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված կարգով:

Հոդված 26.

Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) ընտրական տեղամասում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված մասնակիցների թվերի գումարին.

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

3) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը.

4)տեղամասային հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

5) անվավեր քվեաթերթիկների թիվը.

6) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

7) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը:

2.Արձանագրության կազմումը և ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, տեղական հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելը իրականացվում են Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

Հոդված 27.

Անճշտությունները որոշելու կարգը

1. Անճշտությունների չափը հաշվարկվում և արձանագրվում է Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 28.

Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանա-գրությունը ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովում տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփելու կարգը

1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում: Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրում է համակարգիչ: Տեղական հանրաքվեի քվեարկության արդյունքների աղյուսակավորումն  իրականացվում  է  Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

3. Տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, ամփոփում է տեղական հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից  ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից հետո՝ 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն համայնքում քվեարկության արդյունքների վերաբերյալ:

5. Համայնքում քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝

1) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձանց թվերի գումարին.

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

3) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը.

4) տեղամասային հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

5) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

6) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

7) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

8) անճշտությունների գումարային չափը, որը հավասար է հանրաքվեի կազմավորված բոլոր տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

6. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը:

7. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

8. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է տարածքային ընտրական հանձնաժողովում՝ տեսանելի տեղում, սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց հետո:

9. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, տարածքային ընտրական հանձնաժողովում ստացված հանրագրերի քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է տեղական հանրաքվեի արդյունքները և որոշում ընդունում տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

10.Տարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրության և տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշման օրինակները 2-օրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 29.

Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփումը

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է տեղական հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) տեղական հանրաքվեի դրված հարցի (նախագծի) ընդունման մասին.

2) տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) տեղական հանրաքվեի դրված հարցի (նախագծի)  չընդունման մասին.

4) տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին:

2. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց մեկ քառորդը:

3. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել համապատասխան համայնքում տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին:

5. Եթե տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում կամ տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և համայնքում նշանակում է նոր քվեարկություն:

6. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում դատարան կարող է ներկայացվել տեղական հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18:00-ն:

7. Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում և անցկացվում է սույն օրենքով և Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 30.

Տեղական հանրաքվեով ընդունված որոշումների ուժի մեջ մտնելը

1. Տեղական հանրաքվեով ընդունված համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ է մտնում տեղական հանրաքվեով ընդունված իրավական ակտի նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համար օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե տեղական հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

2. Տեղական հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է տեղական հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ 8-րդ օրը, եթե այդ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան հայցադիմում չի ներկայացվել:

3. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում ներկայացվելու դեպքում տեղական հանրաքվեով ընդունված համայնքի ավագանու որոշումը հրապարակվում է հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու մասին մասին դատարանի վճիռը հրապարակվելուց հետո՝ ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում:

Հոդված 31.

Տեղական հանրաքվեի փաստաթղթերը պահպանելու հանձնելը

1. Տեղական հանրաքվեի արդյունքների մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 7-օրյա ժամկետում, իսկ տեղական հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 7-օրյա ժամկետում, հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Արցախի Հանրապետության պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 32.

Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Տեղական հանրաքվեի մասին» 2008 թվականի սեպտեմբերի 17-ի ՀՕ-45-Ն օրենքը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2019 թվականի հուլիսի 22-ի Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-21.7-րդ կետերով.

«21.1) գրանցում Է հանրաքվեներ անցկացնելու նախաձեռնող խմբին և դադարեցնում գրանցումը.

21.2) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների հավաքման կարգը, ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների ձևերը և լրացման կարգը.

21.3) սահմանում է տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու նոտարական կարգով տրված հայտարարության ձևը.

21.4) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների վավերականության հաստատման կարգը.

21.5) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը.

21.6) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, ժամերի քանակը և ժամանակացույցը.

21.7) իրականացնում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում:

Հոդված 2. Օրենսգրքի 52-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել «որը կազմակերպում է իր կողմից սպասարկվող տարածքում համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և հանրաքվեները:» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1) «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցում է տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբին և դադարեցնում գրանցումը.

10.2) «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում.»:

Հոդված 3. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ընտրությունների» բառից հետո լրացնել  «և հանրաքվեների» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքում հաշվառված, 16 տարին լրացած անձանց ոչ պակաս, քան 1 տոկոսը` 20 000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքում, 2 տոկոսը`  1 000-ից մինչև 20 000 բնակիչ ունեցող համայնքներում, և 4 տոկոսը` մինչև 1 000 բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունն ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները և ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ներկայացվում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` 1 ամսվա ընթացքում։ Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կարող է կրկին ներկայացվել և սույն հոդվածով սահմանված կարգով ընդգրկվել օրակարգում՝ դրա հերթական (նաև առաջին) քննարկումից առնվազն 6 ամիս հետո: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը` որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«6) իր անդամների առնվազն մեկ երրորդի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում.»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) հանդես է գալիս տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետ.

«11.1) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                   

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ