Ն-1-02/4,ԱԺ-011-05,.10.07.2020թ.,ՊԻ-11
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է արտակարգ իրավիճակի ռեժիմի կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվությունը:
Հոդված 2. Արտակարգ իրավիճակի ռեժիմի կանոնները խախտելը
1. Արտակարգ իրավիճակի ժամանակ ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
2. Արտակարգ իրավիճակի տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
3. Արտակարգ իրավիճակի ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
4. Արտակարգ իրավիճակի ժամանակ որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանման կամ ներմուծման սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
5. Արտակարգ իրավիճակի ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
6. Արտակարգ իրավիճակի ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
7. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ իրավիճակի ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
8. Արտակարգ իրավիճակի ժամանակ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելքը, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:
9. Արտակարգ իրավիճակի ժամանակ որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսունապատիկի չափով։
10. Սույն հոդվածի 9-րդ մասի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Սույն հոդվածի 9-րդ մասի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Հոդված 3. Արտակարգ իրավիճակի ռեժիմի կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննությունը
1. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
«Արտակարգ իրավիճակի ռեժիմի կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայումս Արցախի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ իրավիճակ, որի շրջանակներում անձանց որոշ հիմնական իրավունքներ ենթարկվում են ժամանակավոր սահմանափակումների: Սակայն ներկայումս օրենսդրության մեջ բացակայում են նշված սահմանափակումների խախտման իրավական հետևանքները: Ուստի անհրաժեշտ է պատասխանատվություն նախատեսող նորմերի միջոցով ապահովել արտակարգ իրավիճակի սահմանված կարգը: Խնդիրը նրանում է, որ ներկա դրությամբ համաճարակի հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով անձինք ենթարկվում են մեկուսացման և ինքնամեկուսացման: Տեղեկատվության հրապարակման և տարածման որոշ սահմանափակումներ են նախատեսված զանգվածային լրատվության միջոցների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Գործնականում միշտ չէ, որ հնարավոր է լինում առանց իրավական պատասխանատվության միջոցների կիրառման ապահովելու նշված պահանջների պատշաճ կատարումը: Հիվանդ և վարակակիր անձինք հաճախ հրաժարվում են մեկուսանալ կամ ինքնամեկուսանալ: Արդյունքում հնարավոր չի լինում ապահովել վարակի տարածման կանխումը: |
2. |
Առաջարկվող կարգավորումների բնույթը |
|
Նախագծով սահմանվում է արտակարգ իրավիճակի ռեժիմի կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվությունը: |
3. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կապահովվի արտակարգ իրավիճակներում սահմանված կանոնների պատշաճ կատարումը, այն է՝ բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու պայմաններ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպումը և իրականացումը: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել Է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրության կատարելագործման բաժնի կողմից: |
5. |
Նախագծի նորմատիվ բնույթը |
|
Նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ այն պարունակում վարքագծի պարտադիր կանոններ, որոնք արտակարգ իրավիճակում գործում են Արցախի Հանրարապետության ողջ տարածքում: |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ