ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել «Ուսումնական գործընթացի կազմակերպումը համավարակի պայմաններում» թեմայով հանդիպում-քննարկումը
15 հուլիսի 2020

Հուլիսի 15-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հանդիպում-քննարկում «Ուսումնական գործընթացի կազմակերպումը համավարակի պայմաններում» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի խոսքով՝ քննարկման կազմակերպումը պայմանավորված է թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ:

Թեմայի շուրջ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ նախարարությունը պատրաստվում է նոր ուսումնական տարին սկսել բնականոն հունով, սակայն զուգահեռ մշակվում է նաև այլ սցենար, ինչը թույլ կտա համավարակի աճի դեպքում ևս կազմակերպել կանոնավոր դասընթացներ: Նախարարի հավաստիացմամբ՝ առաջարկվող բոլոր սցենարները առաջիկայում քննարկվելու են նաև նախադպրոցական և հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Լուսինե Ղարախանյանը նաև նշել է, որ հեռավար դասընթացի կազմակերպման համար պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ դպրոցներին կտրամադրվեն համապատասխան նյութատեխնիկական միջոցներ: 

Անդրադառնալով ուսումնական պրոցեսների կազմակերպմանը՝ նախարարն ընդգծել է, որ մինչև 100 աշակերտ ունեցող 180 դպրոցում նախատեսվում է դասապրոցեսի անցկացում՝ անկախ համավարակի առկայությունից, քանի որ այդպիսի դպրոցներում հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը:

«Ստեփանակերտի դպրոցները երկհերթ են լինելու: Նախատեսվում է դասաժամը դարձնել 35 րոպե»,- նշել է նախարարը:

Գալիք ուսումնական տարում մասնագետների բացակայությամբ պայմանավորված՝ գյուղական բնակավայրերում բնագիտական որոշ առարկաներ կուսուցանվեն առցանց եղանակով:

Պատգամավորները նախարարին են առաջադրել հարցեր և հանդես եկել ելույթներով:

Քննարկման ընթացքում պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև կառավարության այլ ներկայացուցիչներ:

ԼՈՒՐԵՐ