ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ
2020Թ. ՀՈՒՆԻՍ 9-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 32 պատգամավորներ, բացակա՝ մեկը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան – Հարգելի ներկաներ, հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նստաշրջան ԱՀ գլխավոր դատախազի ընտրության հարցի օրակարգով: Նստաշրջանի աշխատանքները սկսելու նպատակով պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում: (Խոսում են դահլիճում):
Ներկա են 32 պատգամավոր: Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները:
Հարգելի պատգամավորներ, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն արտահերթ նստաշրջանը անց է կացվում նախաձեռնողի ներկայացրած օրակարգով, որը չի քննարկվում և չի քվեարկվում: Օրակարգում ունենք մեկ հարց. «ԱՀ գլխավոր դատախազի ընտրության մասին»: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 126-րդ հոդվածի համաձայն գլխավոր դատախազը ընտրվում է ԱԺ կողմից՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի այների առնվազն երեք հինգերորդով՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ, Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով.
- մինչև տասը րոպե տևողությամբ ելույթով՝ հանդես է գալիս թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը,
- մինչև քսան րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուն,
- թեկնածուին ներկայացնող անձը և թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար,
- ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել,
- մտքերի փոխանակություն,
- մինչև տասը րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս թեկնածուն:
Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացնելու համար խոսքը տրվում է հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ պարոն Արայիկ Լազարյանին:
Արայիկ Լազարյան – Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ԱՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն գլխավոր դատախազն ընտրվում է ԱԺ կողմից հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ 6 տարի ժամկետով: Ղեկավարվելով Սահմանադրության 93-րդ և 147- րդ հոդվածներով ԱՀ ԱԺ կողմից ԱՀ գլխավոր դատախազ ընտրելու համար հանրապետության նախագահն առաջարկում է Մհեր Ռոլեսի Աղաջանյանի թեկնածությունը: Ներկայացնեմ կենսագրական որոշ տվյալներ: Մհեր Ռոլեսի Աղաջանյանը ծնվել է 1977թ. Ստեփանակերտ քաղաքում: 1994թ. ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի իրավագիտություն բաժինը: 1994-97թթ․ ծառայել է պաշտպանության բանակի շարքերում, 97-99թթ․ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության բաժնում, այնուհետև կրկին տեղափոխվելով Արցախ, ավարտել ԱրՊՀ իրավագիտության բաժինը, 2002թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի իրավագիտություն բաժնի մագիստրատուրան, ստանալով մագիստրոսի աստիճան: 2002թ. ծառայության է անցել ԼՂՀ ներքին գործերի նախարարությունում, նախ, որպես քննչական բաժնի քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ: 2005 թվականից, այսինքն շուրջ 15 տարի աշխատում է ԱՀ դատախազության համակարգում: 2005թ. հոկտեմբերից նշանակվել է Ասկերանի շրջանի դատախազի օգնականի պաշտոնում: 2007թ. հունվարին նշանակվել է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի պաշտոնում: 2008թ. մարտին նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալ: 2008թ. դեկտեմբերին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Քաշաթաղի շրջանի դատախազ, 2015թ. մարտին՝ Ասկերանի շրջանի դատախազ: 2018թ. մարտի 2-ից զբաղեցնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազի պաշտոնը՝ արդարադատության 1-ին դասի խարհրդական: Աշխատանքային գործունեության ընթացքում ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև պարգևատրված է մի շարք գերատեսչական մեդալներով: Ամուսնացած է, ունի 4 զավակ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցերի համար, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ հերթագրվել: Հարցեր կա՞ն պարոն Լազարյանին: Խնդրեմ: Այժմ խոսքը տրվում է գլխավոր դատախազի թեկնածու պարոն Մհեր Աղաջանյանին:
Մհեր Աղաջանյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Բարձր գիտակցությամբ ընդունելով հանրապետության նախագահի առաջարկը գլխավոր դատախազի թեկնածու առաջադրվելու համար, այսօր պատիվ ունեմ Ձեզ ներկայացնել նշված պաշտոնում ընտրվելու պարագայում իմ տեսլականն ԱՀ դատախազության առջև ծառացած խնդիրներն արդյունավետ լուծելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ դատախազությանը տրվել է բացառիկ կարգավիճակ, և այն չի ներառվել իշխանության ճյուղերից որևէ մեկի կազմում, դրանով իսկ ընդգծվել է կառույցի ապաքաղաքականացվածությունն, ինչպես նաև ինքնուրույնությունն ու անկախությունը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս:
Դատախազության գործունեությունը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար առանցքային է համարվում կադրերի ճիշտ ընտրությունը: Համակարգը պետք է համալրվի մասնագիտական, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, սկզբունքային կադրերով: Յուրաքանչյուր անձ, ով համակարգում կնշանակվի պաշտոնում, պետք է գիտակցի, որ իր գործունեությամբ ներկայացնում է ոչ միայն իր անձն, այլ ամբողջ համակարգը և նպատակ հետապնդի իր ամենօրյա աշխատանքով բարձրացնել հանրության վստահությունը դատախազության նկատմամբ: Դատախազի գործունեությունն, ինքնին, ընթանում է որոշակի սահմանափակումներով՝ կապված չնորմավորված աշխատանքային ռեժիմով, ընտանիքի հետ ոչ հաճախակի շփումներով, և յուրաքանչյուր դատախազ պետք է մեծ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ վերաբերի իր պաշտոնին համարելով այն յուրահատուկ առաքելություն հայրենիքի հանդեպ:
Պակաս կարևոր չէ նաև գործող դատախազաքննչական աշխատակիցների մասնագիտական որակավորման և գործնական ունակությունների բարձրացման խնդիրը, որը լուծելու համար շարունակվելու են ՀՀ դատախազության հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնումը, տարբեր ձևաչափերով երկկողմ աշխատանքային քննարկումների կազմակերպումը և փորձի փոխանակումը: Յուրաքանչյուր դատախազի թիվ մեկ խնդիրը պետք է հանդիսանա իր գործունեությամբ բարձր պահել դատախազության հեղինակությունը և դատախազի բարի համբավը ու, հետայսու, ավելի հետևողական վերաբերմունք է դրսևորվելու վարքագծի այն կանոնների խախտման դեպքերի նկատմամբ, որոնց հետևանքով կվարկաբեկվի կամ կասկածի տակ կդրվի համակարգի հեղինակությունը:
Դատախազությունը շարունակելու է բացառիկ դերակատարություն իրականացնել երկրում օրինականության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, սահմանադրական, հասարակական կարգի և անվտանգության, մարդու իրավունքների, օրինական շահերի և ազատությունների պաշտպանության ոլորտներում: Իրավապահ բոլոր մարմիններում քրեադատավարական գործընթացներն իրականացվելու են ելնելով օրենքի գերակայության, օրենքի առջև հավասարության, պատժի անխուսափելիության և, իհարկե, մարդասիրության սկզբունքներից: Ցանկացած անձ, ում նկատմամբ կկայացվի դատավարական որոշում, պետք է վստահ լինի, որ ամբողջովին պահպանված են իմ կողմից քիչ առաջ նշված բոլոր սկզբունքները: Հանրային և մասնավոր շահերի յուրաքանչյուր բախում պետք է լուծվի՝ մի կողմից, հաշվի առնելով քննության շահը, մյուս կողմից՝ դատավարության կողմերի իրավունքների երաշխավորումը:
Հանցավորության դեմ պայքարի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարը եղել և մնալու է դատախազության գործունեության առաջնային պլանում: Բարձր գնահատելով նախկին տարիներին այս ոլորտում իրավապահ մարմինների արձանագրած հաջողությունները դատախազությունը շարունակելու է նոր ուղղություններ մշակել նշված պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Հաշվի առնելով կոռուպցիոն երևույթների լատենտային բնույթը՝ մեր խնդիրն է հանդիսանալու պետական մարմինների, զանգվածային լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ անհրաժեշտ ու պատշաճ մակարդակով համագործակցության իրականացումը, որն ապահովելու համար նախ և առաջ նպատակ ենք դնելու բարձրացնել հանրության վստահությունն իրավապահ բոլոր մարմինների նկատմամբ:
Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազները պետք է հետամուտ լինեն, որ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից խստորեն պահպանվեն դատավարական ողջամիտ ժամկետներն ու ապահովվի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ անկախ հանցագործության ծանրության աստիճանից: Միաժամանակ, առանձնակի ուշադրության կենտրոնում է պահվելու նշված մարմինների աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը և օրենքից ու անհրաժեշտությունից չբխող ցանկացած գործողություն, որով կխախտվեն մարդու իրավունքները, ստանալու են համապատասխան իրավական գնահատական:
Անդրադառնալով դատարանում մեղադրանքի պաշտպանությանը ցանկանում եմ ընդծել, որ դատախազների կողմից համաչափ ուշադրություն է դարձվելու ինչպես անձի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ դատարանում ի հայտ եկած արդարացնող հանգամանքների վրա և, պահպանելով արդար դատաքննության իրավունքը, հետամուտ ենք լինելու, որ որևէ անմեղ մարդ չենթարկվի քրեական պատասխանատվության:
Դատախազությունը մշտադիտարկման տակ է պահելու քրեակատարողական հիմնարկում, քննչական մեկուսարանում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելանքի տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, մասնավորապես, հաշվի առնելով կարգավիճակի բնույթով պայմանավորված նրանց խոցելիությունը:
Հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու ենք ավելի հրապարակային ու թափանցիկ՝ միաժամանակ պահպանելով նախաքննության գաղտնիության և անմեղության կանխավարկածի սկզբունքները:
Յուրաքանչյուր դատախազ հասանելի է լինելու քաղաքացիների համար, կազմակերպվող ընդունելությունները լինելու են բովանդակային և նպատակային, որոնց ընթացքում բարձրացված բոլոր հարցերով իրականացվելու են բազմակողմանի ստուգումներ:
Հարգելի պատգամավորներ, ավարտելով ելույթս, ցանկանում եմ նշել, որ վերջին օրերին խմբակցությունների հետ հանդիպումների ժամանակ Ձեր բարձրացրած հարցերն ու առաջարկություններն ընդունվել են ի գիտություն և վստահեցնում եմ, որ ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանն ի շահ ԱՀ և ի բարօրություն հայ ժողովրդի: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրվել են երեք պատգամավորներ՝ տիկին Հակոբյանը, պարոն Հովհաննիսյանը և պարոն Բաղունցը: Տիկին Հակոբյան՝ խնդրեմ:
Մետաքսե Հակոբյան – Շնորհակալություն: Արցախի դատական համակարգի կայքում տեղադրված վիճակագրության դատարաններում, կարելի է ասել, որ արդարացման վերաբերյալ գործեր չկան, որովհետև այնտեղ ընդհամենը մեկ գործի արդարացման վերաբերյալ է, կար 3 անձի նկատմամբ և՝ մեկ գործի, մեկ անձ էլ ստացել է մասնակի արդարացվածի կարգավիճակ: Այս երևույթը փաստում է այն մասին, որ դատարան ուղարկված բոլոր գործերի վերաբերյալ մեղադրական վճիռներ են կայացվում, ինչը ենթադրում է, որ մրցակցությունը խախտվում է: Փորձը ցույց է տալիս այլ երկրների, և մասնավորապես, օրինակ Սյունիքի մարզում բավականաչափ արդարացված գործեր կան, քան Արցախում: Կուզեի լսել Ձեր կարծիքը կամ ինչո՞վ եք Դուք բացատրում նման երևույթը: Շնորհակալություն:
Մհեր Աղաջանյան – Շնորհակալություն: Տիկին Հակոբյան թույլ տվեք չհամաձայնվել Ձեզ հետ մրցակցության խախտման հետ կապված: Իմ գնահատականը հետևյալն է, որ նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների կողմից նախաքննական մարմնի կողմից ի դեմս միջդատական վարույթում իրականացվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, և արդյունքում կայացվում է հիմնավոր որոշում, բոլորի գնահատականները տրվում են իրավական ճիշտ գնահատական, հետևապես գտնում եմ, որ հիմնական պատճառն այն է, որ դատարանում չունենք արդարացվածների մեծ քանակ: Այստեղ անհրաժեշտ եմ համարում հաշվի առնել, որ դատական ակտերի բողոքարկումը բավականին զարգացած է ԱՀ -ում և, գրեթե բոլոր դատական ակտերը, հիմնականում՝ այն քրեական գործերը, որոնք ընթանում են ընդհանուր դատաքննության կարգով: Գրեթե բոլորը բողոքարկում են և նման հանգամանքների առկայության դեպքում ոչ մի դատարան զսպվածություն չի ցուցաբերի արդարացման դատավճիռ կայացնելու կամ դատական ակտը վերանայելու: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Արձագանքու՞մ եք: Ոչ: Պարոն Հովհաննիսյան, թող պատրաստվի պարոն Բաղունցը:
Կարեն Հովհաննիսյան – Պարոն Աղաջանյան, երեկ խմբակցությունում բազմաթիվ հարցերի քննարկման ժամանակ հարց բարձրացրեցինք ԱՀ դատախազության կառուցվածքում զինվորական դատախազության բացակայության, ռազմական ոստիկանության և զինվորական տրիբունալի ՀՀ անմիջական ենթակայության տակ գտնվելու վերաբերյալ և փաստեցինք, որ զինվորականները ի վիճակի են իրենց իրավունքների ոտնահարման դեպքում սպառելով ՀՀ դատական համակարգի բոլոր ինստացիաները, դիմել մարդու իրավունքի պաշտպանության եվրոպական դատարան, որից, կարծես թե զուրկ են ԱՀ այն քաղաքացիները, ովքեր չեն գտնվում զինվորական ծառայության մեջ, և նույնիսկ քաղաքացիական գործերով իրավունք չունեն իրենց շահերը պաշտպանել միջազգային իրավունքի կառույցներում, և բավարարվում են ԱՀ իրավապահ և դատական ինստիտուտների իրավունքների տիրույթում: Ձեր դատախազ ընտրվելու դեպքում ինչպիսի՞ քայլեր եք նախատեսում ԱՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների միջազգային ատյաններ հանձնելու ուղղությամբ:
Մհեր Աղաջանյան – Պարոն Հովհաննիսյան, թույլ տվեք նշել, որ նախկինում զինվորական դատախազությունը գտնվում էր ԱՀ դատախազության կազմում, հետագայում կայացվել է քաղաքական որոշում՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, և ներկա դրությամբ զինվորական դատախազությունը, ԱՀ գործող կայազորերը ենթարկվում են ՀՀ դատախազությանը և այն կրկին վերադարձնելը ԱՀ դատախազության կազմ, իմ կարծիքով լուրջ, բազմակողմանի քննարկման արդյունքում կարող են կայացնվել, հետևապես պետք է նաև քաղաքական կամք, քաղաքական որոշում: Իսկ ինչ վերաբերվում է ԱՀ որևէ քաղաքացու իրավունքների խախտմանը, ապա օրենքով թույլատրված ցանկացած միջոց կիրառվելու է, օգտվելու ենք ցանկացած միջոցից, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացու բոլոր իրավունքները:
Արթուր Թովմասյան – Արձագանքու՞մ եք:
Կարեն Հովհաննիսյան – Պարոն Աղաջանյան, միանշանակ չեմ կասկածում, որ մարդու իրավունքների պաշտպանության համար անելու եք ամեն ինչ, բայց ենթադրենք քաղաքացու իրավունքները սպառելով իր իրավունքների պաշտպանությունը ԱՀ դատական ինստանցիաներում, ինչպիսի՞ քայլեր են հնարավոր ձեռնարկել մարդու իրավունքների պաշտպանությունը հասցնելու միջազգային ատյաններ:
Մհեր Աղաջանյան – Պարոն Հովհաննիսյան, մենք արդեն ունենք նմանատիպ փորձ՝ ԱՀ հետ կապված որոշ հարցերով դիմել ենք միջազգային ատյաններ և բավականին դրական գործընթաց է իրականացվել, խնդիր չեմ տեսնում մեր քաղաքացիների հարցը միջազգային ատյաններ հասցնելու, իհարկե կան որոշակի խնդիրներ ԱՀ կարգավիճակի հետ կապված, համենայնդեպս, նմանատիպ հարցերը արդեն իսկ ստացել են որոշակի լուծումներ:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Բաղունց:
Գագիկ Բաղունց – ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պարոն Աղաջանյան, հարգելի գործընկերներ, նախ ասեմ, որ ճանաչում եմ պարոն Աղաջանյանին որպես դատախազության ամենից կայացած և սկզբունքային աշխատակիցներից մեկը, համոզված եմ, որ ԱՀ գլխավոր դատախազ ընտրվելու դեպքում պարոն Աղաջանյանը ունակ և պատրաստակամ կլինի անել ամեն ինչ երկրում օրինականությունը պատշաճ մակարդակով ապահովելու հարցում: Ուզում եմ երկու հարց հնչեցնել: Առաջինը՝ վերջին տարիներին մի կողմից դատախազության ղեկավարությունը պարբերաբար ահազանգում է կադրային սովի մասին, մյուս կողմից ԱրՊՀ- ում դիտվում է իրավաբանների՝ այսպես ասած, վերարտադրության ճգնաժամ: Ինչպե՞ս գնահատել նման իրավիճակը: Եվ 2-րդ հարցս վերաբերվում է օրվա ամենաակտուալ թեմաներից մեկին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին: Տարբեր երկրներում մշակված են և էֆեկտիվ գործում են մեխանիզմներ, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության երթարկել այն քաղաքացիներին, ովքեր խախտում են ինքնամեկուսացման պայմանները հանդիսանալով վարակի աղբյուր: Շնորհիվ պարետատան արդյունավետ աշխատանքի երկրում հաջողվում է հսկողության տակ պահել իրավիճակը, սակայն ոչ ցանկալի սցենարի զարգացման դեպքում կա՞ն արդյոք մեր երկրում օրինական հիմքեր և մեխանիզմներ, նշված խախտումներին համապատասխան արձագանքելու համար: Շնորհակալություն:
Մհեր Աղաջանյան – Շնորհակալություն: Ուրեմն, կադրային սովի հետ կապված դատախազությունում, իհարկե, չէի ասի, որ ունենք կադրային սով, ունենք բավականին կադրեր: Մեզ ունենք խնդիր ռեզերվը համալրելու: Այսինքն, այս պահին ունենք որոշակի ազատ հաստիքներ, սակայն ռեզերվում, ցավոք, չունենք որևէ մեկը, որ կարող է համալրել դատախազության համակարգը: Այստեղ հիմնական խնդիրը, իմ կարծիքով, վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ «Դատախազության մասին» օրենքում լրացվել է մի կետ, համաձայն որի պահանջվում է որոշակի ստաժ, որպեսզի համակարգը համալրվող անձը ունենա այդ ստաժը: Դա իր հերթին որոշակի խնդիրներ է առաջացնում և գտնում եմ, որ վերանայման անհրաժեշտություն ունի, իսկ մյուս կողմից՝ աշխատավարձի հետ կապված: Վերջերս, քննչական կոմիտեն ստեղծվելուց հետո քննչական կոմիտեի նորանշանակ քննիչների աշխատավարձի և նորանշանակ դատախազի աշխատավարձի միջև կա բավականին մեծ տարբերություն՝ մոտավորապես 60 հազար դրամի չափով և շրջանավարտները, իհարկե, հաշվի առնելով նաև սոցիալական – նյութական խնդիրները, նախընտրում են աշխատանքի ընդունվել ավելի բարձր աշխատավարձով կառույցներում, որը նույնպես խնդիր է առաջացնում հաշվի առնելով, որ մեր կադրերը դատախազությունում մենք, նախկինում, հիմնականում համալրում էինք նախաքննության մարմնի փորձառու քննիչներից: Այդ հարցը հետագայում վերանայման անհրաժեշտություն ունի՝ գոնե դատախազության նորանշանակ աշխատակիցների, այսինքն, ստորաբաժանման դատախազի և ավագ դատախազների աշխատավարձի վերանայման խնդիր ունենք, որը լուծելու դեպքում այս հարցը կստանա իր դրական լուծումը: Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրներին, օրենսդիրն ունի համապատասխան մշակումներ անձին որևէ վարակով վարակելու դեպքում. տվյալ պարագայում մեզ չունենք որևէ հստակ դեպք, որ որևէ անձ մեկին կորոնավիրուսով դիտավորյալ կամ անզգուշությամբ վարակել է: Հետագայում նման փաստի առկայության դեպքում միանշանակ կիրականացվեն օրենքով նախատեսված բոլոր գործառույթները, ինչպես դատախազական, այնպես էլ բոլոր իրավական մարմինների կողմից և կտրվի անհրաժեշտ իրավական գնահատական:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Արձագանքու՞մ եք, պարոն Բաղունց:
Գագիկ Բաղունց – Ոչ, շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Մտքերի փոխանակության համար հերթագրվել են 3 պատգամավորներ: Պարոն Ստեփանյան՝ խնդրեմ: Թող պատրաստվի պարոն Մոսիյանը:
Գեղամ Ստեփանյան – ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, դեռևս նախորդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում տարբեր առիթներով այս ամբիոնից խոսվել է դատախազության աշխատանքի և, առհասարակ, համակարգի նկատմամբ հանրային վստահության դեֆիցիտի մասին: Նախընտրական ժամանակաշրջանում հանրության հետ հանդիպումների ընթացքում մենք բախվել ենք նմանօրինակ հարցերի, առհասարակ՝ իրավապահ համակարգի նկատմամբ հանրային դժգոհությունների: Մեր կողմից գույքագրվել են նմանօրինակ խնդիրներ և դրանք պարբերաբար ներկայացվելու են պատասխանատուներին: Լիահույս ենք, որ բնագավառում նոր նշանակումները ծառայելու են համակարգում առկա խնդիրների շուտափույթ և արդարացի լուծմանը: ԱԺԿ խմբակցությունը հանդիպել է հանրապետության գլխավոր դատախազի թեկնածու պարոն Աղաջանյանի հետ և, պետք է նշեմ, որ հանդիպումների ընթացքում մենք բարձրաձայնել ենք առկա խնդիրները և ստացել պարզաբանումներ դրանց հնարավոր լուծումների հետ կապված: Հաշվի առնելով պարոն Աղաջանյանի մոտեցումներն ու տեսլականը մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու նրա թեկնածության հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում, մաղթելով արդյունավետ աշխատանք, շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, պարոն Մոսիյան խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հարությունյանը:
Արթուր Մոսիյան – Շնորհակալություն: Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ, կձգտեմ ելույթս հնարավորինս հակիրճ ձևակերպել: Սկզբունքայնություն, արհեստավարժություն, ազնվություն, պարկեշտություն, սրանք կարծում եմ, գոնե մեզ համար այն հիմնական հատկանիշներն են, որը պետք է ուղեկցի պետական ցանկացած պաշտոնյայի, գլխավոր դատախազի դեպքում՝ մասնավորապես: Վերջին տարիներին, մոտ 5 տարի աշխատելով գլխավոր դատախազի պաշտոնում, պետք է ասեմ, որ պարոն Աղաջանյանին իր աշխատանքային գործունեության ծառայության ընթացքում, անշուշտ, այս բոլոր հատկանիշները ուղեկցել են: Մնում է հուսալ, որ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու դեպքում իր աշխատանքային գործունեության ծառայության ընթացքում այս բոլոր հատկանիշները կշարունակեն ուղեկցել իր գործունեության ընթացքում և հուսանք, որ պարոն Աղաջանյանը կկարողանա համակարգը զերծ պահել հնարավոր ազդեցության փորձերից: Ամփոփելով այս կարճ ելույթս ասեմ, որ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» ֆրակցիան հանդիպել է պարոն Աղաջանյանին, եղել են հարցեր, քննարկումներ, և մեր վերաբերմունքը պարոն Աղաջանյանի թեկնածության նկատմամբ ընդգծված դրական է և «Դաշնակցություն» ֆրակցիան կողմ կքվեարկի պարոն Աղաջանյանի թեկնածությանը, շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն պարոն Մոսիյան, պարոն Հարությունյան՝ խնդրեմ:
Արթուր Հարությունյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, գլխավոր դատախազի թեկնածուի հետ խմբակցությունում հանդիպում է կազմակերպվել և քննարկել ենք բավականին լայն շրջանակ հարցերի: Ճանաչելով պարոն Աղաջանյանին երկար տարիներ և ծանոթ լինելով նրա աշխատանքային գործունեությանը, նրա սկզբունքայնությանը, բարձր մասնագիտական պատրաստվածությանը, խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել պաշտպանել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը և կողմ քվեարկել նրա թեկնածության օգտին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Հարությունյան: Պարոն Աղաջանյան եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք: Շնորհակալություն: Գլխավոր դատախազի ընտրության քվեարկության ընթացակարգը պարզաբանելու համար խոսքը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ պարոն Աղաբեկյանին:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, հարգելի նախագահություն, ընթացակարգը, թերևս արդեն բոլորին հայտնի է, առանձին որևէ բան չկա, թեկնածուի անունը, երկու վանդակ՝ կողմ, դեմ:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Աղաբեկյան, կարծում եմ հարց չկա: Պատգամավորներին խնդրում եմ անցնել ճեմասրահ՝ քվեարկության համար:
(Ընդմիջում):
Մենք մեր աշխատանքները՝ գլխավոր դատախազի ընտրությունների արդյունքները հրապարակելու համար հրավիրում ենք հաշվիչ հանձնախմբի նախագահ պարոն Էդուարդ Աղաբեկյանին:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, թիվ 11 արձանագրություն ԱՀ ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի, ԱԺ հաշվիչ հանձնախումբը արձանագրում է. ԱՀ գլխավոր դատախազ ընտրելու համար առաջադրվել է Մհեր Ռոլեսի Աղաջանյանի թեկնածությունը: Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել են 33 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը հաշվիչ հանձնախումբը պարզեց, որ առկա է քվեատուփում 33 քվեաթերթիկներ, որոնցից անվավեր չկա, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Կողմ՝ 30, դեմ՝ 3: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: ԱՀ ԱԺ որոշումը ԱՀ գլխավոր դատախազ ընտրելու մասին.
Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասով և ԱԺ կանոնակարգ օրենքի 126-րդ հոդվածով ԱԺ որոշում է՝ ԱՀ գլխավոր դատախազ ընտրել Մհեր Ռոլեսի Աղաջանյանին: Պարոն Աղաջանյան, շնորհավորում եմ Ձեզ այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու, հետագայում ԱՀ նախագահի կողմից նշանակվելու կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ հաջողություններ և անձնական կյանքում և աշխատանքում:
Հարգելի գործընկերներ «Դատախազության մասին» օրենքի 42-րդ հոդվածի համաձայն Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնելիս ԱԺ պատգամավորների ներկայությամբ տալիս է երդում: Այժմ երդում տալու համար հրավիրվում է Գլխավոր դատախազ պարոն Աղաջանյանը:
Մհեր Աղաջանյան - «Ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը երդվում եմ, անշեղորեն ղեկավարվել ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ԱՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Աղաջանյան:
Վերջում մի հայտարարություն հարգելի գործընկերներ: ԱԺ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն «Միասնական հայրենիք» խմբակցությունը տեղեկացրել է, որ սույն թվականի մայիսի 24-ին խմբակցության նիստում տեղի է ունեցել ղեկավար կազմի փոփոխություն: Խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը, իսկ քարտուղար՝ Դավիթ Բաղդասարյանը: Այժմ խնդրում եմ պատգամավորները մնան, աշխատակազմի ղեկավարը, տեղակալը մնան, ես մի րոպեից կվերադառնամ: