ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

7 - ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 1 - ԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2020Թ. ՄԱՅԻՍԻ 21 - Ի ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԺԱՄԸ 11:00

 

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության    անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներ,  հրավիրվածներ:

Նիստին  ներկա  են 33 պատգամավորներ, բացակա չկա: Նիստը վարում է ԱԺ ավագ պատգամավոր՝  Մարսել Պետրոսյանը:

Մարսել Պետրոսյան - Ինձ, որպես նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավորի, պատիվ է վիճակվել բացել 2020թ. մարտի 31-ին  ԱՀ  կայացած համապետական ընտրությունների արդյունքում ընտրված 7-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանը: Ուստի, օգտագործելով գործող օրենսդրության ընձեռած այս հնարավորությունը, թույլ տվեք ողջույնի ու շնորհավորանքի առաջին խոսքն ուղղել ձեզ՝ նստաշրջանի բոլոր մասնակիցներիդ, հանձինս  ձեզ, մեր ողջ ժողովրդին, ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի գումարման կապակցությամբ: Մեզնից յուրաքանչյուրն օժտված է ժողովրդի ընտրյալի բարձր ու պատասխանատու կոչման, ինչը մեծապես պարտավորեցնում է մեզ օրենսդրի մեր ամենօրյա աշխատանքում, մեր բոլոր կողմնորոշումներում ու նախաձեռնություններում առաջնորդվել բացարձակապես ժողովրդի ու պետության գերակա շահերով: Մարտի 31-ին կայացած ԱԺ ընտրություններն անցկացվել են ԱՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջներին համապատասխան, արձանագրելով ևս մեկ կարևոր քայլ, մեր երկրում ժողովրդավարության արմատավորման ու ամրապնդման ճանապարհին: Համոզված եմ, որ ԱՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ինչպես նախորդ գումարումների պարագայում էր, հավատարիմ կմնա ժողովրդին ու պետությանն անմնացորդ ծառայելու իր բարձր կոչմանը, և արժանի ավանդ կունենա անկախ պետականության անցած 10-ամյակներում ձեռքբերումների պահպանման ու բազմապատկման գործում: Այժմ, հարգելի ներկաներ, թույլ տվեք ԱՀ 7-րդ գումարման ԱԺ 1-ին նստաշրջանը հայտարարել բացված:

Նստաշրջանի հարգելի մասնակիցներ, ԱՀ 7-րդ գումարման ԱԺ ուղղված օրհնանքի խոսք ունի հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Պարգև Մարտիրոսյան - Հարգարժան և պատվարժան  հայրենակիցներ, պարոն Ղուլյան, պարոն նախագահող: Նախ թույլ տվեք բոլորիդ՝ ձեզ և մեզ  շնորհավորել կարևորագույն եկեղեցական տոնի առիթով: Այսօր Քրիստոսի սուրբ ծննդի համբարձման տոնն է, որ Քրիստոսը դրանով ավարտեց իր առաքելությունը՝ խաչվեց, հարություն առավ հավիտենական թույլ տվեց և համբարձումով աստվածացրեց մարդ արարածին: Մենք էլ ձեզ հետ, որպես հայ քրիստոնյաներ, այդ առաքելության պիտի գնանք: Եվ ես ի սրտե ուզում եմ շնորհավորել նորընտիր Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին: Դուք ղեկավարելու եք մեր ԱՀ օրենսդիր դաշտը: Մենք գիտենք, որ օրենքները հազարամյակներ առաջ աստված տվել է մարգարեներին՝ Մովսես մարգարեին, ապա Քրիստոսի միջոցով մենք մեր կյանքը այդպես ենք կառուցել՝ ազնվությամբ և արդարությամբ: Եվ ես ձեզ մաղթում եմ աստվածային  օրհնություն, երկնային իմաստություն և Տիրոջ աջակցություն, որ անմնացորդ ծառայեք մաքրությամբ, կատարյալ անսահման նվիրումով ի շահ մեր հայրենիքի և ի վայելումն ազգիս հայոց: Շատ կարևոր դաշտ է, որով դուք կկառուցեք մեր ազգի արդար ապրելու զգացումը: Լինենք համերաշխ, լինենք անվտանգ, դա խիստ կարևոր է, ուստի աղոթում ենք ձեզ համար, ձեզ մաղթում ենք ամրություն, ամենակատարյալ որոշումները, լավագույն փոփոխությունները կատարեք, և ամենակարևորը, ծառայեք սրտանց և ուրախությամբ: Իսկ հիմա խնդրում եմ ոտքի կանգնենք աղոթքով օրհնենք մեր նորընտիր Ազգային ժողովը, որպեսզի այն, իրոք, օրհնանքով առաջնորդվի և թող Քրիստոսի սուրբ համբարձման օրհնությունը հավետ լինի ձեզ հետ, ձեր այս նվիրական առաքելության մեջ: Օրհնյալ է տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն:

 Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայությիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի տանի զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն, զի Քո արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն:       

Պահպանիչ և հույս տացելոց Քրիստոս Աստված մեր պայա պահպանյա և  օրթնյա նորընտիր պատգամավորս ԱԺ ԱՀ, և շնորհյա տեր աստված մեր սուրբ: Իմաստություն, երկնային աջակցություն ղեկավարել դաշտս օրենսդրության, արդարությամբ կատարյալ նվիրումով և ազնվությամբ, պայա և պահպանյա սուրբ և պատվական խաչի և քո խաղաղության, փրկէա և ազատյա երևէլի և աներևույթ թշնամյաց և արժանյա գովությամբ  փառավորես քեզ ընդուրյա սուրբ հոգու և այժմ, և միշտ, և հավիտյանս  հավիտենից, ամէն օրհնյալ է ի տերացու փոքրույն, երթայք և մնայք ի խաղաղություն, ի հավատք, և ի հաջողության և տեր Հիսուս Քրիստոս, եղիցեն ձեզ ընդ մեզ, ընդ ամենեն սյանս, ամէն: Շնորհավորում եմ, օրհնում եմ և ամենաբարին եմ մաղթում: Բարի երթ խիզախությամբ և արցախյան զորեղ կամքով, ամէն:

Մարսել Պետրոսյան - Շնորհակալություն Սրբազան Հայր: Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, նորընտիր խորհրդարանի 1-ին նստաշրջանի մեկնարկին պատգամավորները պետք է երդվեն: Երդման տեքստը բաժանված է ձեզ: Պատգամավորներին խնդրում եմ ոտնկայս լսել երդումը, ավարտին միասին կրկնել    «Երդվում եմ» պատգամը:

Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը՝  երդվում եմ բարեխղճորեն կատարել ժաղովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ԱՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ԱՀ իշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար: Երդվում եմ:

Պատգամավորները միասին՝   «Երդվում եմ»:

Մարսել Պետրոսյան - Շնորհակալություն, կարծում եմ այս հանդիսավոր պահը արժանի է շնորհավորանքի, որովհետև հենց այս պահից 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները անցնում են իրենց լիազորությունների իրականացմանը: Այժմ համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի, որպես նստաշրջանի վարող ես պարտավոր եմ հրապարակել խորհրդարանի պատգամավորական կազմը: Հիմք ընդունելով ԱԺ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը, հայտարարում եմ. «Ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր՝ «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Արցախի ժողովրդավարական  կուսակցությունը»:

Հարգելի պատգամավորներ, կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, խմբակցությունները ստեղծում են նորընտիր ԱԺ 1-ին նստաշրջանի բացման օրը ԱԺ մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների, դաշինքների թվին և անվանումներին համապատասխան: Այսպիսով, 7-րդ գումարման ԱԺ գործելու է 5 խմբակցություն: Այժմ ներկայացնում եմ պատգամավորներին նշելով յուրաքանչյուրի անուն ազգանունը, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը: Խնդրում եմ անունները կարդալուց հետո պատգամավորները կանգնեն՝ ներկայանալու միմյանց:

      «Ազատ  Հայրենիք – ՔՄԴ  կուսակցությունների  դաշինք

   1.  Հարությունյան Արամ Կամոյի

   2.  Ավանեսյան Էլեոնորա Վյաչեսլավի

   3.  Հարությունյան Արթուր Իվանի

   4.  Թովմասյան Արթուր Բաբկենի

   5.  Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի

   6.  Պետրոսյան Արևիկ Վանոյի

   7.  Կասյան Վլադիմիր Սուրենի

   8.  Ջիվանյան  Հովիկ  Խանլարի

   9.  Ավագյան Արեգ Արտյուշայի

   10. Հակոբյան Արմեն Առնոլդի

   11. Գրիգորյան Արամ Արամայիսի

   12. Աթայան Կարինե Եղիշի

   13. Դանիելյան Աշոտ Կամոյի

   14. Ղալայան Լեռնիկ Լավրենտի

   15. Աղաբեկյան Արամայիս Էդուարդի

   16. Գրիգորյան Նելա Ենոքի

 

       «Միասնական  հայրենիք»  կուսակցություն

   1.  Բաղունց Գագիկ Միքայելի

   2.  Գրիգորյան Արշակ Վիգենի

   3.  Աղաջանյան Սևակ Սուրիկի

   4.  Սարգսյան Դավիթ Վելիկոյի

   5.  Մելքումյան Նունե Վալերիի

   6.  Պետրոսյան Մարսել Հայկազի

   7.  Սարգսյան Գոհար Գենադիի

   8.  Բաղդասարյան Դավիթ Կարենի

   9.  Հայրապետյան Սեյրան Մանվելի

 

    Արցախի  «Արդարություն»  կուսակցություն

   1.  Հակոբյան Մետաքսե Հարությունի

   2.  Գալստյան Դավիթ Վլադիմիրի

   3.  Հովհաննիսյան Կարեն Զորիկի

 

    «Հայ  Հեղափոխական  Դաշնակցություն»  կուսակցություն

   1.  Իշխանյան Դավիթ Ռուբենի

   2.  Մոսիյան  Արթուր  Արմենի

      3.  Բալայան Վահրամ Ռազմիկի

  Արցախի  ժողովրդավարական  կուսակցություն

   1.  Ստեփանյան   Գեղամ  Հրաչիկի

   2.  Մելքումյան Դավիթ Հայկի

Իսկ հիմա ԱԺ պատգամավորներին առաջարկում եմ գրանցվել: Գրանցումը կատարվում է ձեր առջև տեղադրված ցուցանակի քվեարկության կոճակներից որևէ մեկը սեղմելու միջոցով: 

Գրանցում:

Ցավոք սրտի, ոչ բոլորն են բարեխղճորեն սեղմել կոճակը, ուստի և ստիպված ենք նորից հայտարարել գրանցման մասին: Ուշադիր, խնդրում եմ:

Գրանցում:

(Խոսում են դահլիճում):

Ուրեմն մեկ-երկու հոգու կոճակը, տեխնիկական ինչ որ հարցերում, հա մեկն էլ իմն է, ի միջի այլոց ես այստեղ եմ: Ուրեմն, գրացման արդյունքը պետք է հայտարարել՝ 33 պատգամավոր ներկա են այսօրվա մեր նիստին: Հարգելի գործընկերներ, քանի որ պահանջվող քվորումն ապահովված է, թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել 1-ին նստաշրջանի օրակարգը: Նշեմ, որ 1-ին նստաշրջանի օրակարգը, որպես այդպիսին, կանոնակարգված է օրենքով, ուստի քվեարկության ենթակա չէ:  ԱԺ 1-ին նստաշրջանի օրակարգն է.

1)  Հաշվիչ հանձնախմբի ստեղծում:

2)  Ազգային ժողովի նախագահի ընտրություն

3)  Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրություն

4)  Մշտական հանձնաժողովների ստեղծում

5)  Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

Տեղեկացնեմ, որ համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, յուրաքանչյուր մեկ ու կես ժամ աշխատանքից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: 2-րդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է: Այժմ անցնենք օրակարգի 1-ին հարցի քննարկմանը:

Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 30-րդ հոդվածի, ԱԺ որոշմամբ ստեղծվում է հաշվիչ հանձնախումբ, որը պահպանում է իր լիազորությունները մինչև 7-րդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը: Ինչպիսի՞ առաջարկություններ կան հաշվիչ հանձնախմբի ստեղծման վերաբերյալ:  Խնդրեմ:

Արթուր Թովմասյան - Պարոն Պետրոսյան, առաջարկում եմ 5 հոգուց բաղկացած լինի հաշվիչ հանձնախումբը, ամեն մի խմբակցությունից մեկական:

Մարսել Պետրոսյան - Այլ առաջարկություններ կա՞ն: Առաջարկությունն ընդունվում է: Ուրեմն, հայտարարում եմ քվեարկություն առաջարկության վերաբերյալ:

Քվեարկություն:

Հաշվի առնելով տեխնիկական թերությունը, ըստ էության, քվեարկությանը մասնակցել  են  33 պատգամավոր՝ 33 կողմ: Ուրեմն  որոշումն  ընդունված է: Հաշվիչ հանձնախմբին  խնդրում եմ առանձնանալ և իրենց կազմից  ընտրել  հանձնախմբի նախագահ, և,  ինչպե՞ս. (Խոսում են դահլիճում):

Մարսել Պետրոսյան - Քանի որ առաջարկություն է եղել յուրաքանչյուր խմբակցությունից մեկ հոգի առաջադրել հանձնախմբի անդամ, ուստի խնդրում եմ յուրաքանչյուր կուսակցություն, դաշինք և կուսակցություններ ներկայացնել իրենց թեկնածուներին: Դավիթ:

Դավիթ Մելքումյան - Արցախի ժողովրդավարական կուսակցությունը առաջարկում է Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը:

Գագիկ Բաղունց - «Միասնական Հայրենիք» խմբակցությունը հաշվիչ  հանձնախմբի  անդամ է առաջարկում Դավիթ Բաղդասարյանին:

Մարսել Պետրոսյան – «Արդարություն» կուսակցությունը.

Դավիթ Գալստյան - «Արդարություն»  կուսակցությունը  առաջարկում է հաշվիչ հանձնախմբի անդամ Մետաքսե Հակոբյանին:

Վլադիմիր Կասյան - «Ազատ Հայրենիք» կուսակցությունը առաջարկում է Էդիկ Աղաբեկյանի թեկնածությունը:      

Արթուր Մոսիյան - Դաշնակցություն» խմբակցությունը առաջարկում է Դավիթ Իշխանյանի թեկնածությունը:

Մարսել Պետրոսյան – Ովքեր համաձայն են, որ այդ մարդիկ լինեն հաշվիչ հանձնախմբի անդամներ, խնդրում եմ քվեարկենք:

(Խոսում են դահլիճում):

Որոշումն ընդունված է: Հաշվիչ հանձնախմբին խնդրում եմ առանձնանալ և իրենց կազմից ընտրել հանձնախմբի նախագահ և քարտուղար: Հարգելի գործընկերներ, այժմ անցնում ենք հաջորդ օրակարգային հարցին: Քննարկում ենք Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը: Այս հարցը քննարկում ենք, հետո իրենք գալու են և շարունակելու ենք:  Ի՞նչ  խնդիր  կա,  չեմ հասկանում:

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծված հաշվիչ հանձնախմբի նիստի 21 մայիսի 2020թ: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն արձանագրում է ստեղծված հանձնախմբի նիստին մասնակցում էին հանձնախմբի 5  անդամները՝  Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի, Բաղդասարյան Դավիթ Կարենի, Իշխանյան Դավիթ Ռուբենի, Հակոբյան Մետաքսե Հարությունի, Ստեփանյան Գեղամ Հրաչիկի: Հաշվիչ հանձնախմբի անդամները քննարկեցին և որոշեցին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում հաշվիչ հանձնախմբի նախագահ ընտրել Էդուարդ Աղաբեկյանին, քարտուղար՝ Մետաքսե Հակոբյանին:

Էդուարդ Աղաբեկյան – Ոչ, դա տեխնիկական վրիպակ է, քարտուղարը Դավիթ Բաղդասարյանն է:

Մարսել Պետրոսյան - Ինչպե՞ս: Ձեր ստորագրություններն են: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը 7-րդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին: Ուրեմն, հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, Ազգային ժողովը որոշում է.

1) 7-րդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը ստեղծել 5 պատգամավորից:

2) 7-րդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը ձևավորել «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինք խմբակցության, «Միասնական Հայրենիք» կուսակցության խմբակցության, «Արցախի Արդարություն» կուսակցության խմբակցության, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության խմբակցության և «Արցախի ժողովրդավարական կուսակցության» խմբակցության մեկական ներկայացուցիչներից: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի կազմում պատգամավորներն ընդգրկվում են խմբակցությունների ներկայացմամբ: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից:

Հարգելի գործընկերներ, այժմ անցնոււմ ենք հաջորդ օրակարգային հարցին՝ քննարկում ենք Ազգային ժողովի նախագահի ընտրությունը:

Գագիկ Բաղունց – Եթե հաշվիչ հանձնախմբի անդամները պնդում են, որ ընտրվել է քարտուղար հանձնախմբի Դավիթ Բաղդասարյանը, ես առաջարկում եմ Ձեր հնչեցրած որոշումը փոխել և գրանցել Դավիթ Բաղդասարյանին որպես հաշվիչ հանձնախմբի քարտուղար:

Մարսել Պետրոսյան – Ես նորից ընթերցել եմ արձանագրությունը, որտեղ նախագահ, ի միջի այլոց, արձանագրությունն է սխալ ձևակերպվել այն իմաստով, որ այստեղ քարտուղար գրված է Դավիթ Բաղդասարյան, սակայն այնտեղ հակառակն է ստացվել: Դուք ճիշտ եք պարոն Աղաբեկյան: Տեխնիկական վրիպում է տեղի ունեցել, կարծում եմ պետք է հասկանալ: Բոլոր դեպքերում, սա տեխնիկական սխալ է, որը կարելի է ընթացքում ուղղել, որպեսզի  չընդմիջվի նիստը, մենք շարունակենք: Ուրեմն, այսպես, ԱԺ կանոնակարգ օրենքի 122-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 122-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հարցը քննարկվում է կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ՝ թեկնածունների ելույթների համար հատկացվում է 30ր: Թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինջև 15ր: Ընդհանուր կարգով հարցերի համար մինչև 2-ական րոպե: Հարցերին պատասխանելու համար հատկացվում է 3-ական րոպե: Արձագանքելու համար հատկացվում է մեկական րոպե: Մտքերի փոխանակության համար մինչև 10-ական րոպե: Խնդրում եմ խմբակցություններին առաջադրել Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ: Ես առաջարկում եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանին: Լսում եմ:

Դավիթ Գալստյան - «Արդարություն» կուսակցությունը առաջարկում է պարոն Վահրամ Բալայանի թեկնածությունը:

Մարսել Պետրոսյան - Ուրիշ առաջարկություններ: Չկա՞ն: Ուրեմն,

(Խոսում են դահլիճում):  Այո:

Վահրամ Բալայան – Շնորհակալություն, որ իմ թեկնածությունս առաջադրվեց, ես ինքնաբացարկ եմ հայտարարում միաժամանակ, նաև գտնում, որ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները պետք է կատարի քաղաքական մեծամասնություն ներկայացնող ուժի ներկայացուցիչը, մասնավորապես ես մեծ պատասխանատվությամբ և գոհունակությամբ իմ ձայնը կտամ պարոն Թովմասյանին:  Շնորհակալություն:

Մարսել Պետրոսյան - Ունենք մեկ թեկնածու: Քանի որ ես առաջարկել եմ, օգտվելով հնարավորությունից Արթուր Թովմասյանին, ուզում եմ ներկայացնեմ Արթուր Թովմասյանին:

Թովմասյան Արթուր Բաբկենի - ծնվել է 1962թ. դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է ԼՂ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի  միջնակարգ դպրոցը: 1986թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է Ճարտարի միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցիչ: 1992թ. ավարտել է ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1993-95թթ Արցախի պետական համալսարանի մեխանիկայի ամբիոնի ավագ դասախոս, այնուհետև, ճարտարագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ: 1995թ. ապրիլի 30-ին Գյունե-Կալերի թիվ  24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ  2-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր: Եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա ֆինանսավարկային բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1996-97թթ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ: 1988թ. մարտ, ԼՂՀ Շուշի քաղաքի ժողովրդական համալսարանի դեպարտամենտի  նախագահ, այնուհետև, ուսումնական գծով փոխտնօրեն, ռեկտոր: 2000թ. սեպտեմբեր, ԱրՊՀ ճարտարագիտական ամբիոնի դոցենտ: 2003-2009թթ ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի դեկան: 2005թ. հունիսի 19-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար: 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ N 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2010-15թթ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 2015թ. մայիսի 3-ին խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, արտադրության և արտադրական ենթակառուցվածքի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է: 2005-2006թթ  կուսակցության նախագահ: 2007-2009թթ կուսակցության նախագահ: 2005թ. կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ: 2015-2020թթ  Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2020թ. մարտի 31-ի խորհրդարանի ընտրություններում ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով: 2020թ. մայիսի 21-ին 7-րդ գումարման ԱԺ 1-ին նստաշրջանի նիստումը ըտրվել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ: ԼՂՀ թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահն է: 1999թ. Ռուսաստանի բնագիտական բնագիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտոր-պրոֆեսոր է: 2014թ. ծառայության և առաջընթացի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար պարգևատրվել է «Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի» մեդալով: 2017թ. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր դոկտոր է: Ամուսնացած է, ունի երկու զավակ: Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Մխիթար Գոշ» մեդալով, ԱրՊՀ ոսկե մեդալով: Ելույթի համար հրավիրվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված  պատգամավոր Արթուր  Թովմասյանը:

Արթուր Թովմասյան – Գերաշնորհ Սրբազան Հայր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ՝ պարոն Ղուլյան, մեծարգո նախագահող, հարգարժան  պատգամավորներ, տիկնայք և պարոնայք: Նախ էն գլխից ասեմ, որ լավա կենսագրությունում ասեիք՝ «ունի 3 թոռ»: Փոքր պետություն է, բոլորը գիտեն ով որտեղ է աշխատել: Համապետական ընտրությունները Արցախի պետական շինարարության առաջնային խնդիրներից մեկն է: Եվ եթե հերթական անգամ այս աշխարհատարածքում, այս լեռնային երկրում մենք անց ենք կացրել միաժամանակյա և նախագահական ընտրություններ, և խորհրդարանական ընտրություններ: Դա այն փաստի անխոս վկայությունն է, որ այս աշխարհատարածքը, որպես անկախ պետություն կայացել է: Առաջամղիչ քաղաքական ուժը խորհրդարանում «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» դաշինք կուսակցությունն է: Մեր ժողովրդի ուժերով նաև խորհրդարան անցան ևս 4 քաղաքական ուժեր: Կցանկանայի խորհրդարանում տեսնել նաև այն ուժերը, որոնք չեն մտել խորհրդարան, իհարկե կցանկանայի, բայց ունենք այն, ինչ ունենք: Ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել Ազգային ժողովի նախագահ՝ պարոն Ղուլյանին: Փաստորեն 7-րդ գումարումն է, այս գումարումից 3-ի 15 տարին եղել է Արցախի խորհրդարանի նախագահը: Նա իմ ուսանողական տարիների ընկերն է, մնալու է Արցախ - Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, շրջանակի ղեկավար, քիչ հետո դրա մասին նաև ո՞նց եմ տեսնում  այդ բարեկամական շրջանակի աշխատանքները բարելավման ուղղությամբ, ո՞նց եմ մտածում դրա մասին, կխոսեմ, պարոն Ղուլյան, ուրեմն, երբ կենսագրությունը ներկայացնելու ժամանակ տեսաք, որ միայն մի պաշտոն ես չեմ ունեցել Ազգային ժողովում՝ դա Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնն էր: 2010-15թթ  պարոն Ղուլյանի հետ աշխատում էի որպես փոխնախագահ: Ուզում եմ մի դրվագ պատմել, երբ  որ Արցախ աշխարհը մենք ներկայացնում էինք Ֆրանսիայում՝ Արցախ - Ֆրանսիա բարեկամական խմբի հետ, այդ ժամանակ նրա ելույթը մինչև հիմա իմ ականջներում  է, և ես հպարտացա, որ ԱՀ Ազգային ժողովի նախագահը Աշոտ Ղուլյանն է: Ես այդ  հպարտության րոպեները ապրեցի հեռավոր Փարիզ քաղաքում: Այսօր ներկա է, մենք 2 քրոջ թոռներ ենք, Համլետ Վաչենանցը իմ եղբայրն է, շուտով, հոկտեմբեր ամսից, կամ նոյեմբեր ամսից Ստեփանակերտ քաղաքում արդեն շինարարությունը գնում է, ներդրումները կատարում, բարեգործ է Արցախ աշխարհում, և մոտ 250 աշխատատեղով ծխախոտի գործարան կկառուցվի, մինիմալ աշխատավարձը՝ 150 հազար դրամ: Պարոն Վաչենանցը մեծ հաջողություն է կատարում և ներդրումների առումով, և բարեգործության առումով: Պարոն Ղուլյան, Ձեզ ցանկանում եմ այդ երկարակեցությունը, որը քաղաքական դաշտում ունեք, նաև երկար տարիների առողջ կյանք և հաջողություններ հետագա ձեր աշխատանքներում: Մենք ունենք այս պահին պրոֆեսիոնալ պառլամենտ, բայց ամիսը մեկ նիստով: Կարծում եմ, որ շռայլություն է դա Արցախ աշխարհի համար, բայց ի՞նչ անենք, պետք է, իմ կարծիքով առաջին հերթին, հենց առաջին հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ Արարատ Միրզոյանի հետ քննարկել ու ստորագրել ենք նոր Արցախ - Հայաստան միջխորհրդարանական պայմանագիրը և տարեկան ունենալու ենք 4 նիստ: Դուք գիտեք, որ տարեկան մենք ունենում ենք 2 նիստ՝ մեկը Ստեփանակերտ քաղաքում, մեկը՝ Երևանում, ապա առաջարկել ենք 4 նիստ, նաև համանախագահներն են ղեկավարում Արցախ - Հայաստան միջխորհրդարանականը և կունենանք նաև համատեղակալներ, ինչի՞ համար, որովհետև Ազգային ժողովի նախագահները, երբեմն ծանրաբեռնված են, երբեմն մեկը գտնվում է արտասահմանում, և նիստը տեղի չի ունենում: Այս առումով կարծում եմ, որ տեղակալները կարող են փոխարինել և հանձնախմբի այդ բարեկամական խմբի աշխատանքները նորմալ իրենց հունով կընթանա: Արցախ-Ֆրանսիայի մասով ասացի, Արցախ-Կիպրոս բարեկամական խումբը, իմ կարծիքով, գուցե կորոնավիրուսի հիվանդությունը վերջանալուց հետո հանձնախմբի 1-ին նիստը կայանա կամ Կիպրոսում, կամ Ստեփանակերտում, բայց տեսնենք: Ազգային ժողովի նախկին նախագահ՝ Աշոտ Ղուլյանի և կուսակցությանը մեր, և դաշնակցության ջանքերով, և մեր արտգործնախարարության ջանքերի միջոցով այդ բարեկամական խումբը ստեղծվել է: Լիտվայի խորհրդարանի Ֆրանկաֆոնիայի Մուսով կան բաներ, մենք պետք է դրանք արթնացնենք, և աշխուժացնենք: Նաև աշխուժացման աշխատանքներ եմ տեսնում ճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունների հետ: Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի հետ բավականաչափ լավ կապեր ունեմ  նախագահների հետ, և խորհրդի նախագահների հետ, և վարչապետների հետ, և համայնքի ղեկավարների հետ, և նախկին ղեկավարների հետ, որովհետև երկար տարիներ ես Արցախը ներկայացրել եմ այդ մասնակի ճանաչված պետություններում, և որպես միջազգային դիտորդ, մոտ 90 տոկոսը եղել եմ պատվիրակության ղեկավարը, մոտ  90 տոկոսը, մի 10 տոկոսը՝ չէ, մենք եղել ենք և միջազգային դինորդներ, և շնորհավորել ենք նրանց անկախության օրը: Ասեմ, որ նպատակահարմար եմ գտնում, որ նույնպես իրենք են եկել Արցախ, որ մենք ոչ միայն ընտրություններին, համապետական ընտրություններին, որպես միջազգային դիտորդներ ենք մասնակցել, ոչ միայն մեկս մյուսին գնանք շնորհավորենք, այլև նաև օրենսդրական, ասենք միջխորհրդարանական բարեկամական խումբ ստեղծենք: Ես կարծում եմ մեր օրենսդրությունը օգտակար կլինի այդ պետությունների խորհրդարանների համար, նրանց փորձը, ինչու չէ, օգտակար կլինի մեզ համար, բազմաթիվ անգամ մեր ընտրական օրենսգրքից, տիկին Սրբուհի, բավականաչափ խորհուրդներ ենք տվել, մեր ընտրական հանձնաժողովի նախագահները, պատգամավորները, որոնք իրենք օգտագործել են հետագա ընտրությունների ժամանակ: Իմ ընտրվելու դեպքում աշխատանքի հիմքում դրված է լինելու մարդասիրությունը: Ես շատ եմ կարևորում ընդդիմության դերը Արցախի պետականաշինության կայացման  գործում: Ոչ միայն իմ մասով, ոչ միայն խորհրդարանի մասով, այլև Արցախի իշխանությունների մասով ասեմ, որ մենք կարևորում ենք մեր թիկունքում զգալով ձեր շնչառությունը: Թիրախները որոշեք, կոռումպացված նախարարներին կասեք ովքե՞ր են դրանք և դրանով դուք ավելի շատ օգուտ կտաք օգտակար կլինեք մեր նորաստեղծ հանրապետության զարգացման գործում, և մենք հավաստիացնում եմ, որ հաշվի կառնենք, եթե փաստերը  իրականում համապատասխանում  են իրականությանը: Ես մյուս գումարումների ժամանակ ընդիմությանը միշտ ասել եմ, որ չի կարելի քննադատել անձին: Կարելի է քննադատել անձի աշխատանքը: Մենք փոքր երկիր ենք, մենք մեկս մյուսին իրար ճանաչում ենք, և եթե որևէ մարդ, ԱԺ նախագահը, նախարարից սկսած երկրի նախարարին, նախարարներին, պետնախարարին, ոչ թէ անձին պետք է քննադատենք, այլ  կատարած աշխատանքներին: Այն ծրագրերը, որոնք չեն կատարվում, խնդրեմ թիրախ է և կարող եք քննադատել, այս առումով կարծում եմ, որ ձեր ելույթներին պառլամենտում կլինեն համարժեք պատասխաններ, եթե իրականությանը չեն  համապատասխանում, բայց էթիկայի սահմաններում, էթիկայի սահմանները կարծում եմ պետք է պահպանենք: Իհարկե, աշխարհում խորհրդարաններ, ինչու չէ, վերջերս նաև Հայաստանի Հանրապետությունում մենք ականատես ենք լինում նաև ծեծկռտունքների, հայհոյանքների: Սիրելի պատգամավորներ, այս բարձր անբիոնը հայհոյելու տեղ չի, մենք ոչ թե իրար հետ պետք է վիճենք, ես վեճերի կողմնակից չեմ, մենք պետք է վիճաբանենք, վեճի վերջը այ նա է ինչին մենք ականատես ենք լինում: Վիճաբանեք, բայց խնդրում եմ դա պահպանեք ձեր կուսակցության ծրագրերում: Մի առիթով, երբ որ ես ընդդիմադիր պատգամավոր էի, բյուջեի թիվը, մոտովորապես կարող է մի քիչ սխալվեմ, երբ որ առաջ էր կայանում բյուջեի նախագծի մասով, ինձ ասացին. «Պարոն Թովմասյան, մեծամասնություն դարձիր գնա քո առաջնահերթությունները քո ծրագրում գրիր, այն ինչ առաջարկում ես»: Ես շատ նորմալ եմ ընդունել, ծիծաղել, և ինչպես տեսնում եք մենք մեծամասնություն ենք, մենք ՔՄԴ դաշինքի հետ ծրագրով հանդես ենք եկել, վերջերս հուշագիր ենք ստորագրել, նաև հաշվի առնելով «Միասնական հայրենիքի» չէ՞, ստորագրե՞լ ենք Բաղունց, կա, բայց համենայդեպս աշխատանքային խումբ կա, որ այդ մասով աշխատանքներ են անցկացվում: Հանդիպումներ կայացել է նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ, նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, առաջին փուլի հանդիպումներին ես մասնակցել եմ, հետագայում, ժողովրդավարության խմբակցության հետ նույնպես մասնակցել եմ, հետագայում բազմաթիվ անգամ հանդիպումներ ենք ունեցել Ազգային ժողովի նախագահի հետ և քննարկել ենք՝ ի՞նչ  անենք,  ինչի՞ց սկսենք  և ու՞ր գնանք: Շնորհակալություն, կարծում եմ հարցեր կլինեն: Եթե կան՝ խնդրեմ:

Մարսել Պետրոսյան - Հարգելի պատգամավորներ, ձեր հարցերին ենք սպասում: Հարցեր չկա՞ն: Դե եթե հարցեր չկան, անցնենք առաջ: Այժմ գաղտնի քվեարկության ընթացակարգը պարզաբանելու համար հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանին:

Էդուարդ Աղաբեկյան - Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Օգտվելով պատեհ առիթից, շնորհավորում եմ բոլորիդ Արցախի հերթական 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Ենթադրում եմ կանոնակարգին բոլորը ծանոթ են, բայց տեսնելով նաև ահագին նոր դեմքեր, ես փորձեմ շատ հակիրճ կանոնակարգի ընտրության վերաբերյալ, գոնե կիրառական մասը շատ հակիրճ բացատրել: Ուրեմն, քվեաթերթիկում ներառված մեկ անձի դիմաց կա վանդակ, վանդակում միանման նշան, սովորաբար նշանը հասկանում ենք լատինատառ V տառը: Ինձանից ձախ Ազգային ժողովի ճեմասրահում տեղադրված կլինի սեղաններ, որտեղից քվեաթերթիկը ստանալուց հետո ստորագրում ենք այբբենական կարգով ցուցակում: Ըստ այբբենական կարգի ստանալու ենք քվեաթերթիկը և մոտակա տեղադրված փակ քվեախցում կատարենք մեր ընտրությունը: Երևի հորդորս կլինի միայն կանոնակարգի 30-րդ հոդվածի և աշխատակարգի 3-րդ գլխի պահանջների ժամանակակից սոցիալական, եթե կարելի է սոցիալական այդ հեռավորության պահպանումը: Էսքանը շատ պարզ՝ ընտրության համար:

Մարսել Պետրոսյան - Եթե հարցեր կան, խնդրեմ, ինչ որ խնդիրներ պարզաբանելու՝ կապված ընտրությունների հետ: (Խոսում են դահլիճում): Մտքերի փոխանակության համար հարգելի պատգամավորներ խնդրում եմ հերթագրվել: (Խոսում են դահլիճում): Ըստ էության, ամեն ինչ պատրաստ է գաղտնի քվեարկությունը կազմակերպելու համար, ուստի պատգամավորներին խնդրում եմ անցնել ճեմասրահ՝ քվեարկության համար: Էդուարդ Աղաբեկյան:

Ընդմիջում:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, ուրեմն արձանագրություն թիվ 2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբին. 21 մայիսի 2020թ. ԱԺ հաշվիչ հանձնախումբը արձանագրում է, որ ԱՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու համար առաջադրվել է Արթուր Թովմասյանի թեկնածությունը: Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը է մասնակցել 33 պատգամավոր: Բացելով քվեարկության քվեատուփը, հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա է 33 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել՝ 0: Ձայները բաշխվել են հետևյալ կերպով, կողմ՝ 29, դեմ՝ 4: Մնում  է  շնորհավորել պարոն Թովմասյանին :

Մարսել Պետրոսյան – Եվ, այսպես, հարգելի գործընկերներ, գաղտնի քվեարկության արդյունքներով, 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Թովմասյանը: Եկեք շնորհավորենք և հրավիրենք նրան շարունակելու 1-ին նստաշրջանի աշխատանքները, իհարկե եզրափակիչ խոսքից հետո:

Արթուր Թովմասյան - Շնորհակալական խոսքը և եզրափակիչ ելույթը ավելի ընդլայնված կասեմ, բայց ես սկզբից ուզում եմ ասել, ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար, և միաժամանակ փաստել, որ այն ավելի է մեծացնում, որպես խարհրդարանի նախագահ, իմ պատասխանատվությունը: Ինչպես 7-րդ գումարման Ազգային ժողովի, այնպես էլ մեր հանրապետության բոլոր ընտրողների առջև: Հիմա, հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 123-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Ազգային ժողովի նախագահի տեղակալն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր  թվի ձայների մեծամասնությամբ: 123-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հարցը քննարկվում է կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով:

1. Մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթներով, ըստ թեկնածուների ազգանվան այբուբենական հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուների ներկայացնելու իրավասություն ունեցող անձիք:

2.  Մինչև 20 րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները:

3.  Թեկնածուին ներկայացնող անձիք ելույթ են ունենում հաջորդաբար:

4. Ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել:

5.  Մտքերի փոխանակություն:

6. Մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով, նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները:

Խնդրում եմ խմբակցություններին առաջադրել ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ: Առաջադրումը կատարվում է տեղից: Ուրեմն, քանի որ ես նորընտիր ԱԺ նախագահն եմ, առաջարկում եմ «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» դաշինք խմբակցության անունից Գագիկ Բաղունցի թեկնածությունը: Կա՞ն այլ թեկնածուներ: Եթե չկան, ուրեմն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու: Թեկնածուին ներկայացնելու համար խոսքը տրվում է իրավունքի ուժով ԱԺ նորընտիր նախագահ՝ Արթուր Թովմասյանին: Հետո որ տեղակալ կընտրվեք, Դուք տեղից կտաք այդ խոսքը ինձ:

 Բաղունց Գագիկի Միքայելյան – ծնվել է 1964թ. մարտի 22-ին, ԼՂՀ Մարտակերտ քաղաքում: 1970-1980թթ  ընդունվել և ավարտել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1980-1985թթ ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1990թ. Մոսկվայում պաշտպանել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուական թեզը, նույն թվականին ընդունվել է Երևանի ճարտարագիտական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունք, որպես ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ: 1992թ. ընտրվել է ԱրՊՀ  բնագիտական ֆակուլտետի դեկան: 1992-1997թթ  ծառայել է ՊԲ շարքերում, որպես ՀՈՊ գնդի շտաբի պետ: 1998թ. ՀՀ սեյսմիկ պաշտպանության Ազգային ծառայության ԼՂՀ բաժանմունքի պետի տեղակալ, 2003թ. ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ: 2009թ. ընտրվել է ճարտարագիտական ֆակուլտետի դեկան, ի դեպ ինձ է փոխարինել մինչև 2009թ. ես էի ճարտարագիտական ֆակուլտետի դեկան, և ուրախ եմ, որ իրեն եմ փոխանցել: 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Ամուսնացած է, ունի 2 դուստր: Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ԼՂՀ նախագահի թիվ 314 հրամանագիր 16.05.2002թ: Հարցեր կա՞ն ինձ: Հարգելի գործընկերներ, հիմա թեկնածուին խոսքը տանք: ԱԺ նախագահի թեկնածու պարոն Գագիկ Բաղունց, ելույթի համար:

Գագիկ Բաղունց – Գերաշնորհ Սրբազան Հայր, ԱՀ ԱԺ մեծարգո նախագահ,մ եծարգո պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ: Սրտանց շնորհավորում եմ ԱԺ 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին: Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք հանուն մեր երկրի անվտանգության, կայուն զարգացման և ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման: Թույլ տվեք հույս հայտնեմ, որ մեր գործունեությունը կնպաստի ԱԺ հեղինակության և դերակատարության պատրաստմանը: Հարգելի գործընկերներ, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը պետականաշինության զարգացման ուղին տեսնում է ԱՀ իրավունքի գերակայության երաշխավորմամբ, ժողովրդավարման պետության կառուցման մեջ: Սահմանադրական բարեփոխումների իրագործման ճանապարհին կուսակցությունը որդեգրել է իշխանակենտրոն սահմանադրական լուծումներից մարդակերտրոն լուծումների անցում կատարելու մոտեցում: Իրավունքի գերակայության ամբողջական կենսագործման համար մենք հետամուտ ենք լինելու սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության լիակատար կայացումն ապահովող պայմանների ստեղծմանը: Ազգային միասնության սկզբունքներով երկրի անվտանգության հիմնահարցերի համակարգային ռազմավարության մշակմանն ու իրականացմանը, երկրում սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրմանը և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ԱՀ միջազգային հանրությանը ինտեգրվելու և նրա կողմից ճանաչվելու գործընթացների նպաստմանը, սփյուռքահայության ներուժի համախմբման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, օրենսդրության հստակեցման և իրավական նորմերի տարընթերցումների բացառմանը, մարդու իրավունքների օրենսդրման ամրագրման և դրա հետևողական իրացմանը, ազատ արտահայտվելու իրավունքի և բողոքարկման հասանելի մեխանիզմների ներդրմանը, պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, դատարանների անկախության ապահովմանն ուղղված իրական գործողություններին, իշխանության և գործարարության տարանջատմանը միտված իրական մեխանիզմների իրացմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, մրցունակ տնտեսական համակարգի կայացմանը և հարկային դաշտի պարզեցմանը, ազգային արժեհամակարգի բաղադրիչների պահպանմանն ու զարգացմանը, ժողովրդագրական քաղաքականության մշակմանն ու իրացմանը, մասնավորապես՝ ծնելիության աճի խթանում, արտագաղթածների վերադարձ: Վարչական և առանձին համայնքների տեսական համաչափ զարգացման ապահովմանը և ներդրումային ծրագրերի իրականացմանը, աղքատության հաղթահարման և սոցիալական բևեռացման թուլացմանը:

 Հարգելի գործընկերներ, մենք այս գաղափարներին չենք վերագրելու սոս օրենսդրական ամրագրում, այլ հետևողական ենք լինելու դրանց իրացման հարցում: Այսինք, բարենպաստ պայմաններ ենք ստեղծելու ամրագրում ստացած դրույթների իրագործման համար: Միայն այդ դեպքում հետևողականությունը կնպաստի ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող երկիր ունենալուն, որտեղ յուրաքանչյուրի համար ստեղծված են արժանավայել ապրելու պայմաններ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, ուրեմն ընտրությունը նույն ձևի է լինելու, արդեն ինձ թվում է բոլորը հասկացել են և ընտրություն, և ընդմիջում: Մտքերի փոխանակություն, հարց կա՞, հարցեր կա՞ն, մտքերի փոխանակություն, այս ինոգուրացիայի հետ կապված ուզում եմ մի քիչ արագացնենք : Ուրեմն, եթե չկա՝ անցնենք քվեարկության և, միաժամանակ, կարող եք թեյ խմել, սուրճ խմել, ընդմիջում կես ժամ: Փակում ենք մեր աշխատանքները: ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունների արդյունքները հրապարակելու համար, հրավիրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ՝ պարոն Էուարդ Աղաբեկյանը:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, այսպես, արձանագրություն N3.  ԱՀ ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի մայիսի 21-ից առ մայիսի 21, ԱՀ ԱԺ հաշվիչ հանձնախումբը արձանագրում է՝ ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու համար առաջարկվել է Գագիկ Բաղունցի թեկնածությունը, նրա ազգանունը ներառվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում, քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր, բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, հաշվիչ հանձնախումբը պարզեց, որ քվեատուփում առկա է 33 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել  2-ը, իսկ մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

կողմ՝ 27, դեմ՝ 4:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Գաղտնի քվեարկության արդյունքներով, 7-րդ գումարման ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց Գագիկ Բաղունցը: Խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: Հարգելի պատգամավորներ, այժմ անցնում ենք օրակարգի 4-րդ հարցի քննարկմանը.  ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծմանը, դրանց թվի, անվանումների և գործունեության ոլորտների հաստատմանը: ԱԺ կանոնակարգ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, մշտական հանձնաժողովները ստեղծվում են 1-ին նստաշրջանում՝ ԱԺ որոշմամբ: Ըստ կանոնակարգի 101-րդ հոդվածի 1-ին մասի, որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունները: Ես ուզում եմ, որպես «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցության դաշինքի անդամ, ներկայացնել:

(Խոսում են դահլիճում):

 ԱՀ ԱԺ որոշումը 7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին: Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և 101-րդ հոդվածի 1-ին մասը, ԱԺ որոշում է՝ 1-ին. ԱԺ գործում են 7 մշտական հանձնաժողովներ հետևյալ անվանումներով՝ գործունեության ոլորտներով և անդամների ընհանուր թվով: Նախկինում մենք ունեինք 7 հանձնաժողով, 7-ը պահպանում ենք և հիմա ոլորտները ասեմ, եթե հարցեր կլինեն, ինձ կասեք.

ա) - Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ և միջխորհրդարանական կապեր: ԱՀ օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակացում: Զբոսաշրջություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ: Հանձնաժողովն ունի 4 անդամ:

      բ) - Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողով՝ արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական երթակառուցվածքի այլ ճյուղեր, առևտուր և ծառայություններ, գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ, 4 անդամ:

      գ) - Գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, երիտասարդություն, սպորտ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ, 4անդամ:

      դ) - Պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ, և այդ ոլորտները  կարգավորող  օրենքներ,  4 անդամ:

    ե) - Պետական իրավական  հարցերի մշտական հանձնաժողով՝ սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական քրեական վարչական օրենսդրություն, ԱԺ կանոնակարգ, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, փաստաբանական և նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, կրոն, գեվդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ,  5  անդամ:

      զ) - Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ սոցիալական ապահովություն, հաշմանդամություն, հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն, առողջապահություն, մայրություն և մանկություն և այդ ոլորտները  կարգավորող  օրենքներ,  5 անդամ:

ե) - Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, ներքին և օտարերկրյա ներդրումներ, տնտեսության պետական կարգավորում, սեփականաշնորհում, շուկայական ենթակառուցվածքներ, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ, հարկեր, տուրքեր, վճարներ, տարածքային զարգացում, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական և տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր և այդ ոլորտները կարգավորող օրենքներ,  5 անդամ:

Ասեմ, որ ես կորոշեմ, ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս, նախկին ԱԺ նախագահը որևէ հանձնաժողովում չի ընդգրկվել, կարող է ընդգրկվել, կարող է՝ ոչ, դա իր իրավունքն է՝ ես ընդգրկելու եմ մի որևէ հանձնաժողովում, որպես այդ հանձնաժողովի անդամ, կամ՝ հետագայում ես կասեմ: Այդ իրավունքը ունենք: Նույն իրավունքը ունեն նաև ԱԺ նախագահի տեղակալը, որևէ հանձնաժողովում կարող ես ընտրվել, հետագայում մենք կասենք, հաջորդ նիստին, հաջորդ ԱԺ նիստի ժամանակ մենք կհայտարարենք, որ հանձնաժողովներն ենք մենք ընտրել: Մենք այդ հանձնաժողովի կազմում լինելու ենք անդամներ: Ասեմ նաև, այն պատգամավորները, որոնք, ենթադրենք, որ գիտության-կրթության, ասենք սպորտի ոլորտի պատգամավոր է, ինքը կարող է մասնակցել բոլոր հանձնաժողովների նիստերում, բայց չունենալով քվեարկության իրավունք՝ խորհրդակցական ձայնով բոլորը անխտիր: Ուրեմն, քվեարկությանը հանձնաժողովի նիստերի ժամանակ իրավունք ունեն մշտական հանձնաժողովի անդամները: Ես այն իմաստով եմ ասել, որ իրականում հեղափոխություն խորհրդարանում կատարվել է: Նախկին պատգամավորներ կան՝ 2 նախկին պատգամավոր, 8-ը՝ նախորդ խորհրդարանից, այսինքն 10 հոգի են, որ օրենսդրական փորձ ունեն խորհրդարանում և մենք ունենք 23 նոր խորհրդարանականներ, և համոզված եմ, որ փորձ ունեցող պատգամավորները արագ իրենց փորձը կհաղորդեն ձեզ և միանգամայն համոզված եմ ծանոթացած լինելով ձեր կենսագրությանը, որ մի երկու - երեք նիստից հետո արդեն մենք ձեզանից շատ բան ունենք սովորելու: Նաև այն մարդիկ, ովքեր երկար տարիներ գտնվել են խորհրդարանում: Երկրորդ, մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրության համար ԱԺ թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, 3-րդ. Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների պաշտոններում ընտրության համար ԱԺ թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովին, 4- րդ,  սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱԺ կողմից ընդունելու պահին: Դուք, որ ընդունեք, անմիջապես ստորագրելու եմ, այստեղ մնում է ստորագրության տակը: Շնորհակալություն: Հարց, հարցեր կա՞ն: (Խոսում են դահլիճում): Ոլորտները  պարզ են, կարծում եմ ամեն մի ոլորտի անվանումը իրականում համապատասխանում է մշտական հանձնաժողովին:  Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց - Եթե հարցեր չկան շարունակում ենք նիստը:

Արթուր Թովմասյան - Եզրափակիչ ելույթի ցանկություն: Մտքերի փոխանակություն, խնդրեմ: Պարոն Իշխանյան, խնդրեմ:

Դավիթ Իշխանյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, առիթից օգտվելով, որ նոր գումարման խորհրդարանում 1-ին անգամն եմ մոտենում ամբիոնին, թույլ տվեք ես ևս շնորհավորանքներին միանամ, իմ կողմից, թե խորհրդարանի ղեկավարի կազմի ընտրության, թե պատգամավորական լիազորությունների ստանձնման առիթով: Հիմա հարցին անդրադառնալով ես նկատի առնելով անցած 5 տարիների փորձը և մեր ունեցած աշխատանքային գործունեությունը, նաև հաշվի առնելով մի շարք հարցեր անցած տարիների ընթացքում՝ հատկապես տարբեր քննարկումներ և քննարկումների ընթացքում լավացման կամ օպտիմալացման հիմքեր ունենալով մեր գործունեության հիմքում, խորհրդարանում գործող նախկին գումարման պատգամավորները հիշում են, 2015թ. աշնանը մենք անդրադարձանք, ուրեմն, կառուցվածքին պետական, նաև տարբեր առիթներով պետական բյուջեների քննարկումների ժամանակ խորհրդարանին երբեմն առիթ լինում է անդրադառնալ: Ես կարծում եմ 1-ին նիստն է և անհրաժեշտություն է հավանաբար այդ առումով 7 հանձնաժողովների փոխարեն  6 հանձնաժողովներ գոնե նվազագույնը ունենալ: Նախ գործունեւոթյան ոլորտների այդ ծանրաբեռնվածությունը, այդ ծավալի չի լինում և 2-ը՝  լավացման  կամ օպտիմալացման հեղափոխության, խոսում ենք բյուջետային հնարավորությունների ճիշտ նպատակային օգտագործման  և այլն: Այդ նկատառումներից ելնելով ես կառաջարկեի, որպեսզի գոնե 2 հանձնաժողով ներկա պահին առաջարկող նախագծով՝ սոցիալական առողջապահության հարցերի և գուցե, դա գիտության, կրթության կամ արտադրական ենթակառուցվածքների, այսինքն 2 հանձնաժողովների միավորում, գոնե մենք ունենանք 6 հանձնաժողով, ոչ թէ՝ 7, և կարծում եմ սա սկիզբը կլինի, որպես սկիզբ ապագա 5 տարիների գործունեության և ապագա օրենսդրական գործունեության ընթացքում, նաև օրենսդիր գործադիր հարաբերությունների համատեքստում հնարավորություններ ունենալ մեր ուղղակիորեն առաջարկներով և նաև միջամտությամբ գործադիրի գործունեություն նաև ուղղորդելու:  Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Ասեմ որ տարբեր պետություններում, տարբեր խորհրդարաններում ՀՀ-ում  10-ից ավելի հանձնաժողովներ կան, տեղ կա 12, 18 : Մենք հնարավորինս այդ ոլորտները բերել ենք 7 հանձնաժողովի տեսքով, հիմա ես կդնեմ իմ առաջարկը Ազգային ժողովի որոշումը, եթե չանցնի հետո կդնենք 6-ը, եթե անցավ արդեն իրականում դա կլինի: Եղավ: Մտքերի փոխանակություն: Պարոն Ջիվանյան, խնդրեմ:

Հովիկ Ջիվանյան – Դե եթե դա  ճիշտէ  1-ին նստաշրջանում անդրադառնալը, պարոն Իշխանյան, հիմնականում նպատակը ո՞րն է փաստարկի, օպտիմալացո՞ւմը: Ուզում եմ հստակ հասկանալ, թե մենք ուզում ենք հանձնաժողովները միավորել, որպեսզի վերահսկողության մակարդակը բարձրացվի, կարծում եմ դա տրամաբանական չէր: Եթե օպտիմալացու՞մն է նպատակը, մենք ունենք նաև այլ ճանապարհ, բայց չեմ կարծում էլի, որ առաջին նիստում դա կարելի է անդրադառնալ, այդ դեպքում ամենակարճ ճանապարհը մենք ունենք նախորդ գումարումներում, կիսամշտական խորհրդարաններ, այդ դեպքում անցնում ենք երկու բան, եթե նպատակը միայն օպտիմալացումն է, բայց կարծում եմ ոլորտների բաժանումը այս կարգով՝ 7-ով, նույնիսկ եթե մեր քանակը թույլ տա մի քիչ ավելի շատ դնենք, ես կարծում եմ, ընդհակառակը կարծում եմ, որ կարելի է մեր հանձնաժողովների քանակը ավելացնել, որպեսզի հսկողության մեխանիզմը և գործիքը գործուն լինի: Ուղղակի ես առաջարկում եմ թողնել, քվեարկել հենց այս առաջարկված նախագիծը, եթե կարիք կա օպտիմալացման մասին արմատական մտածելու, եզրահանգումներ անելու, ընթացքում մենք այդ  հնարավորությունները կունենանք:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Ջիվանյան: Պատգամավորը իրավունք ունի առաջարկ անելու, չեմ գտնում, որ ռացիոնալ բան չի պարունակում պարոն Իշխանյանի առաջարկության մեջ, ուղղակի ես գտել եմ, որ 7 հանձնաժողովներով կարելի է իրականում բարելավել խորհրդարանի աշխատանքները: Այս առումով դնում ենք այս որոշման նախագիծը քվեարկության: Եթե չանցնի՝  6 հանձնաժողովներով, ընդմիջում կխնդրենք, որովհետև ոլորտն էլ պետք է միանա, ընդմիջում կխնդրենք կես ժամյա, ֆրակցիա, 20ր. կխնդրենք, որպեսզի դուք միացնեք, այդ բոլորը բաշխենք 6 հանձնաժողովների մեջ: Այժմ, քվեարկության է դրվում ԱԺ հանձնաժողովների թիվը՝ այդ 7-ը, անունները և գործունեության ոլորտները հաստատելու մասին իմ ներկայացրած նախագիծը: Քվեարկություն:  Շնորհակալություն:

Կողմ՝ 30, դեմ՝ 3:

Որոշումն ընդունված է: Հիմա ես ստորագրում եմ: Շարունակում ենք մեր աշխատանքները, ուրեմն մյուս առաջարկը չենք դնում քվեարկության: Այժմ ներկայացնում ենք խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների ընտրության արդյուքները, որոնք դուք ընտրել եք ամեն մեկդ: «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խմբակցությունների նիստում, խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Հարությունյանը, իսկ քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանը: «Միասնական Հայրենիք» կուսակցության խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Բաղունցը, քարտուղար՝ Մարսել Պետրոսյանը: Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Գալստյանը, քարտուղար՝ Մետաքսե Հակոբյանը: «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Մոսիյանը, քարտուղար՝ Վահրամ Բալայանը: «Արցախի Ժողովրդավարական Կուսակցության» խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Մելքումյանը, քարտուղար՝ Գեղամ Ստեփանյանը: Շնորհակալություն: Շարունակում ենք մեր աշխատանքը, հարգելի պատգամավորներ այժմ քննարկում ենք մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը: ԱԺ Կանոնակարգ օրենքի 124-րդ հոդվածի համաձայն, մշտական նախագահների թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: 124-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հարցը քննարկվում է կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով:

  1. Մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթներով, ըստ թեկնածուները

ազգանվամբ այբբենական հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձիք

  1. Մինչև 20-ական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները:
  2. Թեկնածուին ներկայացնող անձը և թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար:
  3. Ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել:
  4. Մտքերի փոխանակություն:
  5.  Ինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով      նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները:

   Առաջարկում եմ մշտական հանձնաժողովներ նախագահների, թեկնածուների առաջադրումները և քննարկումները կատարել առանձին - առանձին, իսկ քվեարկությունը՝ միասին: Սա բանավոր համաձայնություն է: Համաձա՞յն եք: Սկսում ենք քիչ առաջ մեր հաստատված որոշմամբ նախատեսվող հանձնաժողովների ցանկից. 1-ը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն է, խնդրում եմ խմբակցություններին առաջադրել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներ:  Խնդրեմ պարոն Մոսիյան:

Արթուր Մոսիյան – Դաշնակցության խմբակցության կողմից արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում ենք Վահրամ Բալայանի թեկնածությունը:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Ուրեմն, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու՝ Վահրամ Բալայանը: Թեկնածուին ներկայացնելու համար խոսքը տրվում է պարոն Մոսիյանին: Խնդրեմ:

Արթուր Մոսիյան – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, կարծում եմ շատ երկարացնելու կարիք չի լինի: Վահրամ Բալայանը արդեն 4-րդ գումարումների ԱԺ պատգամավոր է, եղել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, վերջին  6-րդ  գումարման ԱԺ փոխնախագահն է գիտեք,  պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր և ունի խորհրդարանական գործունեության հարուստ փորձ՝ մանավանդ արտաքին հարաբերությունների ոլորտում, նաև  առաջարկություն արվել է հաշվի առնելով Դաշնակցության համահայկական կառույց լինելու  տարողունակության կուսակցություն լինելու և մեր կուսակցության կապերը ի շահ խորհրդարանական  դիվանագիտական կապերը օգտագործելու առիթով:  Այսքանը:

 Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Մոսիյան: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր կա՞ն: Չկան: Ելույթի համար հրավիրվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պաշտոնում թեկնածու առաջադրված Վահրամ Բալայանը:

Վահրամ Բալայան – ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, առիթից օգտվելով ես ձեզ բոլորին շնորհավորում եմ ժողովրդի վստահության քվեն ատանալու կապակցությամբ, միաժամանակ պարոն Թովմասյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու, պարոն Բաղունցին՝ փոխնախագահ ընտրվելու, բոլորիդ, ինձ էլ հետը, բեղմնավոր գործունեություն եմ ցանկանում: Բնականաբար մեր հիմնական առաքելությունը այստեղ օրենսդրական գործունեությունը պիտի լինի: Էն գլխից ասեմ, որ այս ասպարեզում մենք բավականին անելիք ունենք, ես, որպես արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահի թեկնածու եմ այսպես ներկայացնում, պետք է օրենսդրական գործունեության հնարավորություն ստեղծենք իրավասու մարմիններին համապատասխան աշխատանք կատարելու, բազմաբովանդակ աշխատանք ունենք կատարելու՝ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու, առավել շատ ես նկատի ունեմ ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու տեսանկյունից մենք անչափ կարևոր քայլեր ունենք անելու, և խոսքը վերաբերվում է հեռուստատեսության,ռադիոյի, մամուլի հետ կապված օրենսդրական դաշտը ապահովելու: 2-րդ ուղղությունը դա անվտանգության հետ կապված հարցերի լուծում - ապահովելն է: Սա անչափ կարևոր է, ես կարծում եմ, որ ճիշտ է մենք չճանաչված պետություն ենք, մենք և այդ հնարավորությունները բավականաչափ քիչ է մեզ համար, բայց մենք կարող ենք ՀՀ մեր գօրծընկերների հետ համատեղ, և ինչու չէ նաև համահայակական կառույցներում մասնավորապես Հայ Դատի գրասենյակը օգտագործել, այդ միջոցով հնարավորինս փորձել զսպել Ադրբեջանին, մյուս կողմից էլ նաև մեծացնել մեր բարեկամական շրջանակը: Սա 3-րդ ուղղությունը կլինի, պարոն Թովմասյանը դրա մասին խոսեց բարեկամական հանձնախմբերի ստեղծման 6-րդ գումարման ԱԺ բավականաչափ աշխատանք է կատարել այս ասպարեզում և կարծում եմ, անելիքներ ունենք կատարելու, պիտի ընդլայնենք մեր բարեկամների  շրջանակը, և դա ոչ միայն քաղաքական նպատակները օգտագործենք, այլ ինչու չէ՝ նաև տնտեսական զարգացմանը նպաստենք, այսինքն, ներդրումներ ապահովելու և ընդհանրապես նմանատիպ այլ հարցեր: Ժամանակն է նաև հավաստիացնում եմ, որ իմ ակտիվ մասնակցությունը կունենամ ընդհանրապես օրենսդիր գործունեության տարբեր ոլորտներում՝ սկսած տնտեսության ոլորտից, հասած մինջև կրթություն- գիտություն:  Շնորհակալություն:

 Արթուր Թովմասյան – Հարգելի պատգամավորներ, հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Չկան, շնորհակալություն: Հարց կա՞: Խնդրեմ:

Դավիթ Մելքումյան -- Շնորհակալություն, պարոն Բալայան, հաշվի առնելով, իրոք Ձեր փորձը և Ձեր կուսակցության կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում, հատկապես արտաքին քաղաքականության վերաբերյալ,իրականում մենք էլ ենք ողջունում Ձեր թեկնածությունը և հարցս հետևյալն է՝  չնայած մենք արդեն որպես օրենք ընդունել ենք մեր հանձնաժողովների և քանակը, և անվանումները, բայց ինչպե՞ս եք տեսնում հետագայում, գուցե անվանման հետ փոփոխություն մտցնելու, այսինքն արտաքին հարաբերությունների և միջազգային ինտեգրացման նման բան ավելացնելու:

 Վահրամ Բալայան – Ես նման որևէ բան չեմ բացառում, կարծում եմ, որ կքննարկեմ ժամանակի ընթացքում ամեն ինչ այդպես հարաբերական է և կարող ենք հղկել, տեսքի բերել, և ավելի արդյունավետ դարձնել:

 Արթուր Թովմասյան - Ուրիշ հա՞րց: Պարոն Մելքումյան, ասեմ որ նոր կանոնակարգ պիտի լինի,արդեն ժամանակները փոխվել են, առաջ ենք գնում, ես նաև կարծում եմ ամոթ է օրենքի նախագծերը սեղանին դնել, դա արդեն ժամանակակից աշխարհի խորհրդարաններում կոմպյուտորի դարաշրջանում այդ օրենքների նախագծերը պիտի բան անել, աշխատակազմը թող մտածի առաջարկ անելու համար, որպեսզի 2021թ. հունվարին արդեն պատրաստ լինի դրանք: Դրանով կաշխատենք և նոր կանոնակարգով, ով կլինի պետաիրավական հանձնաժողովի նախագահը՝ պարոն Մելքումյան, հնարավորություն կունենանք նաև այնտեղ ամրագրելու այս որոշումը, որը ընդունել են և նոր, ասենք, եթե որևէ մեկը գտնում է, մեծամասնությունը՝ գտնի որ անվանումը կարելի է փոխել՝ խնդրեմ: Ուրիշ հարցեր չկա՞ն: Պարոն Բալայան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Մտքերի փոխանակություն՝ չկա: Եզրափակիչ ելույթի համար ցանկություն ունե՞ս, պարոն Բալայան: Իսկ այժմ խմբակցություններին խնդրում եմ առաջադրել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածություններ: Առաջադրումը կատարվում է տեղերից: Խնդրեմ: Պարոն Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան – Առաջարկում եմ պարոն Կասյանի թեկնածությունը «Դաշինքի» կողմից:

Արթուր Թովմասյան - Ուրի՞շ թեկնածու: Չկա: ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների  մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է պարոն Կասյանը: Մեկ թեկնածու: Թեկնածուին ներկայացնելու համար խոսքը տրվում է պարոն Աղաբեկյանին:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, երևի շատերդ ճանաչում եք պարոն Կասյանին: Ծնվել է 1955թ. Նոր Շենում: Ավարտել է տեղի դպրոցը, տեխնիկում, այնուհետև Ղափանի և Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը: 3 գումարումների Աժ պատգամավոր է: Ժամանակին նաև ղեկավարել է տվյալ հանձնաժողովը, հետևապես և փորձառություն ունի: Բազմիցս եղել է Շուշիի՝ ընդհատումներով, Շուշիի կազմի մի քանի անգամ ղեկավար մինչև այս վերջին պահը ընտրության: Առաջին իսկ օրվանից արցախյան ազատամարտին մասնակցել է շարժմանը, նշանակվել է կերտրոնական պաշտպանական շրջանի ղեկավարի հրամանատարի տեղակալ, պարգևատրվել է մարտական խաչով, մարտական  ծառայության համար  շքանշաններով ու մեդալներով: Արժանի է ղեկավարելու նշված հանձնաժողովը, ունի 5 զավակ, և ամենակարևորը՝  13  թոռ:

Արթուր   Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան:

Էդուարդ  Աղաբեկյան – Ես տեղից պիտի ասեի:

Արթուր Թովմասյան – Հարցեր: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Չկան: Շնորհակալություն պարոն Աղաբեկյան: Ելույթի համար հրավիրում է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված պարոն Կասյանը:

Վլադիմիր Կասյան – Հարգելի գործընկերներ, օգտվելով առիթից, ուզում եմ բոլորիդ շնորհավորել 7-րդ գումարման պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և նորընտիր նախագահ՝ Ձեզ և տեղակալին: Ուրեմն, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ ես եղել եմ նաև 5-րդ գումարման հարցերի ընթացքում, կարելի է ասել ունենք համապատասխան փորձ՝ և ԱԺ- ոմ և տնտեսությունում: Ես խոստանում եմ, որ մեր հանձնաժողովում ցանկացած քննարկվող հարց, որը պիտի նայվի քննարկվելու նախագիծ տեքստում, որը պիտի ներկայացվի ձեր դատին, ընդունվի միայն ու միայն ի շահ մեր երկրի ու մեր ժողովրդի, այսքանը: Շնորհակալություն առաջադրելու համար:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն: Չկան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Պարոն Կասյան, եզրափակիչ ելույթի համար ցանկություն ունե՞ք: Ոչ: Հաջորդը խնդրում եմ առաջադրել գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախագահի  թեկնածուներ: Առաջադրումը կատարվում է տեղերից: Խնդրեմ,  տիկին Ավանեսյան:

Էլեոնորա Ավանեսյան – «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների հարցերի նախագահի պաշտոնում առաջարկվում է  Արամ  Կամոյի Հարությունյանի  թեկնածությունը:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Ուրի՞շ թեկնածու: Չկա: Շնորհակալություն: ԱԺ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու: Թեկնածուին ներկայացնելու համար խոսքը տրվում է տիկին Ավանեսյան՝  Ձեզ:

Էլեոնորա Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, թույլ տվեք, ուրեմն այս ընձեռնված հնարավորությունից, և միանալ բոլոր հնչեցված շնորհավորանքներին, և մեծ վստահությամբ և համոզվածությամբ ես ասում եմ, որ մենք միասին աշխատանքների, մեր նվիրվածությամբ և վճռականության շնորհիվ կարողանալու ենք բեկումնացնել նոր խորհրդարանի գործընթացը: Այժմ ներկայացնեմ Արամ Հարությունյանին: Ծնվել է 1989թ. սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտ քաղաքում: 1997թ. ընդունվել է Ստեփանակերտի ակադեմիկ Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը և այն ավարտել  2007թ: Նույն թվականին ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը, և այն ավարտել է 2011թ.: Ուսանողական տարիներին եղել է ուսանողական վարչության փոխնախագահը, 2010-2011թթ զբաղեցրել է Արցախի սկաուտական շարժման ղեկավարի պաշտոնը: 2011-2012թթ աշխատել է ԼՂՀ արդարադատության նախարարության ԱՀԿ ծառայությունում: 2012-2013թթ հասարակական  հիմունքներով աշխատել է  Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնում՝ փոխտնօրեն: 2013-2014թթ  աշխատել է ԼՂՀ  քաղաքաշինության նախարարությունում՝  նախարարի օգնական: 2014-2016թթ աշխատել է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության ՓԲՀ  տնօրենի օգնական: 2017թ. ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  ճարտարապետական - շինարարական ֆակուլտետի էլեկտրոէներգետիկ բաժինը, նույն թվականին ընտրվել է ճարտարա-շինարարական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետև, համալսարանի ընդհանուր ուսանողական խորհրդի նախագահ: 2017թ. աշխատել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի զբոսաշրջության նախարարության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ՊՈԱԿ-ում, կարճ՝ պետական բնապահպանման արգելոցի վարիչ: 2018թ. ընտրվել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախագահ:  2020թ. մարտի 31-ի խորհրդարանի ընտրություններում ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինք համամասնական ցուցակով: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Արթուր Թովմասյան – Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել:

        Մետաքսե Հակոբյան -  Որոշակի լսեցի կենսագրությունը, որևէ կապ չտեսա կրթության ոլորտի հետ: Ինձ թվում է, որ մարդ  պետք է փորձառություն ունենա ղեկավարելու համար նման տիպի հանձնաժողով:

Էլեոնորա Ավանեսյան - Ուրեմն, Արամ Հարությունյանին ճանաչելով, ես կարող եմ վստահ ասել, որ չնայած երիտասարդ տարիքին, նա բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել և իրականացրել կապված կրթության զարգացման ոլորտի հետ և երիտասարդության հարցերի հետ առնչվող՝ սահմանելով կրթության նոր տեսակ գիտաժողով,  երիտասարդական և մի շարք այլ նման միջոցառումներ:

Մետաքսե  Հակոբյան - Չբավարարեց ինձ, որովհետև ասեմ Ձեզ, ես ինքս 1997թ. այդ բնագավառում եմ ու մի քիչ ավելի լավ եմ պատկերացնում ի՞նչ տեսակ պիտի լինի այդ մարդը ով կապ չունի կրթության հետ: Ինքը չի կարողանալու որևէ աշխատանք կատարել այդ ոլորտում, ես վստահ եմ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Ուրիշ հարցեր կա՞ն: Չկան: Մտքերի փոխանակություն: Խնդրեմ: Տեղից:

Արամ Հարությունյան - Շնորհակալություն: Ինչ վերաբերվում է փորձին և երիտասարդ տարիքին, որը նոր բարձրացրեց գործընկերը, ես ուզում եմ օրինակ բերել ինքս ինձ, հանձինս ունենալով, ճիշտն ասած  տնտեսագիտական  հեռակա  ավարտել եմ տնտեսագիտություն, հա, ամբիոնը, հեռակա կարգով, փորձ չէի ունենում շատ խորն, այնուամենայնիվ, ընտրվել եմ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ու չեմ կարծում, որ չեմ կարողացել կատարել լիարժեք ինձ վրա դրված պատասխանատվությունը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Գրիգորյան, ես արդեն նախկին «Հայրենիք» խմբակցության ղեկավար, Դուք մեր խմբակցության լավագույն հանձնաժողովի նախագահներից մեկն եք նաև, շնորհակալություն քո կատարած աշխա տանքի համար 6-րդ գումարման ժամանակ: Շնորհակալություն: Խնդրեմ:

Հակոբյան  Մետաքսե - Հանդիսանալով Արցախի պետական համալսարանում դոցենտ, ունենալով երկար տարիների մանկավարժական ստաժ, ուզում եմ ասեմ, որ մեր ոլորտը կարիք ունի հենց նոր մարդկանց, մեր կրթության ոլորտում այդ լրջացումը, կարծում եմ, հենց նոր մարդիկ պիտի որ առաջ շարժեն և, վստահ եմ, որ մեր Ազգային ժողովի նորընտիր կազմում կան բարձր մասնագետներ, որոնց օգնությամբ մենք այդ ոլորտում ունենալու ենք համապատասխան հաջողություններ:

Արթուր Թովմասյան – Ուրեմն, երիտասարդներին պետք է հնարավորություն տալ, որպեսզի փորձ կուտակի:  Խնդրեմ պարոն Հարությունյան:

Արամ  Հարությունյան – Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն բոլորիս արդար, թափանցիկ և մրցակցային համապետական ընտրությունների կայացման կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում տիկին Հովհաննիսյանին ինձ վստահելու նման պատասխանատու պաշտոնում առաջադրելու կապակցությամբ, մեր գործընկերոջ մտահոգության, իհարկե, ես էլ եմ մտահոգվում, բայց նաև ոլորտը ոչ միայն կրթության է առնչվում, այլ նաև երիտասարդության հարցերի սպորտի, գիտության ոլորտի էության, բացի այդ, ես չեմ կարծում, որ իմ գործընկերները ինձ մենակ կթողնեն այդ պատասխանատու պաշտոնում  ընտրվելու դեպքում, իհարկե, սա՝ մեկ: Երկրորդը՝ Ձեր վստահությունը, որ Դուք փորձառություն ունեք և գիտեք, թե ի՞նչ պիտի լինի, ինձ, ճիշտն ասած, վստահություն չի ներշնչում, և ուզում եմ այսքանով  հանդերձ, նաև բոլորիս բեղուն և ստեղծագործ աշխատանք մաղթել, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Հարությունյան: Անցնում ենք պաշտպանության, անվտանգության, (Խոսում են դահլիճում): Հարցեր, խնդրեմ պարոն Մելքումյան:

Դավիթ   Մելքումյան – Շնորհակալություն:  Ուրեմն  (Խոսում են դահլիճում):

Դավիթ  Իշխանյան – Վարման կարգի հետ, պարոն նախագահ, ես կարծում եմ մի քանի անգամ կանոնակարգ օրենքի խախտումով ենք մենք, ընդհանրապես, ընթացակարգը, օրինակը,  մտքերի փոխանակությունից հետո,  Հովիկ Ջիվանյանը չէր արձանագրված, հնարավորություն տվեցինք՝ հարցը հնչեց, հարցից հետո՝ մտքերի փոխանակության, այսինքն  արձանագրեք հետո: Ես որևէ մեկին բան չունեմ, բոլորս էլ հնարավորություն ունենան խոսելու, բայց ցանկագրեք ովքեր են ելույթ ունենալու, որպեսզի մենք տեղեկացված լինենք, թե մտքերի փոխանակության, թե հարցերի և այլն, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, հաշվի կառնենք, առաջին նիստն է, և առաջին նիստն էլ ցանկանում ենք, որ խոսեն, սովորեն ամեն ինչ՝ ԱԺ կանոնակարգ օրենքը: Դուք որպես փորձառու պատգամավոր, դուք գիտեք վարման կարգի համար, եթե   լինի ես տիկին Հակոբյանին պիտի կանգնեցնեի, որովհետև ժամանակն անցել է, ասենք  հարցը տվել է, հետո մեկ րոպեից շատ ինքը պիտի ասեր բավարարվում է հարց- պատասխանը, թե ոչ, ավելի շատ անցավ: Դե սկզբի համար այսպիսի մանրուքների համար չպետք է ուշադրություն դարձնել: Այս պահից  ես էլ եմ նկատում, ուղղակի, հարցեր լինում է: Անկեղծ ասաց, ԱԺ կանոնակարգ օրենքը ինձ դուր չի գալիս, այն առաջարկը, որ Դուք արեցիք դա պետաիրավական հանձնաժողովին կհանձնարարեք, նոր կանոնակարգ կընտրեք, առաջ կշարժվենք, որովհետև նույնիսկ ԱԺ նախագահի կողմից, ասենք, լրացել է րոպեն, կարելի է ոչ թե մեկ րոպե գրած, այլ 2 րոպե, 3 րոպե, ելույթների  համար շատ, մինչև բառը շարադրում ենք, անհարմար վիճակ է ստեղծվում, երբ որ ժամանակը սպառվում և կանգնեցվում է, բայց մտքերը չի վերջացրել, սա է պատճառը: Ես հույս ունեմ նոր ԱԺ կանոնակարգ օրենքը մեզ հնարավորություն կտա ցանկացած պատգամավորի իր մտքերը ավարտին հասցնելու առումով: Շնորհակալություն: Այս կանոնակարգը ես տեսնում եմ, բայց, հիմա առաջին նիստն է սա, ասում եմ գնանք, հետո կանոնակարգը կուսումնասիրեն բոլոր պատգամավորները, և կառաջնորդվենք, և խնդրում եմ փորձառու պատգամավորները գոնե պահպանեն կանոնակարգը: Հիմա՝  պարոն Մելքումյան:

Դավիթ Մելքումյան – Հեղափոխությունը մեզ չի վերաբերվում, պարոն Իշխանյան: Լավ, այնուամենայնիվ, ծանոթանալով և անձամբ ճանաչելով թեկնածուին, և ճանաչելով, թե ինչպիսի աշխատանք է իրականացրել երիտասարդության ոլորտում, այնուամենայնիվ, կցանկանալի հարցս՝ կրթական ոլորտից, հաշվի առնելով կրթության բնագավառի կարևորությունն ու բազմաշերտությունը, ոլորտի օրենսդրական բարեփոխումների սկիզբը ո՞ր մասում եք տեսնում: Շնորհակալություն:

Արամ Հարությունյան - Շնորհակալություն հարցի համար, ես մեծ բաց եմ տեսնում ներառական կրթություն ներդնելու ոլորտում և 1-ին աշխատանքներս հենց ուղղված են լինելու այդ ոլորտի բարելավմանը, որովհետև այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներից լսել եմ, որ կա խնդիր ներառական կրթության վերաբերյալ, հետո նաև մեծ բաց եմ տեսնում մեր թոշակառու ուսուցիչների հետ կապված, այսինքն կան բավականին փորձառու մասնագետներ, որոնք դեռ ունեն այն էներգիան և այն ցանկությունը՝ ունենալ ներդրում կրթության մեջ, բայց ցավոք սրտի, օրենքի պահանջով նրանք շուտ անցնում են թոշակի և այս ոլորտում, և այս ուղղությամբ ևս առաջին աշխատանքները կկազմակերպենք:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Այլ հարցեր: Խնդրեմ:

Մետաքսե Հակոբյան  - Երբ ես իմ կարծիքը ասացի, բացառապես կապ չուներ անձի հետ, ես Ձեզ չեմ ճանաչում, ուղղակի, գիտեք, լինելով այս համակարգի մեջ բացթողումներն իմանալով, խնդիրներն իմանալով շատ, լավ զուտ դրանով էր պայմանավորված իմ կարծիք հայտնելը, ես կուզեի լսել Ձեր կարծիքը: Այ, տարիներ շարունակ մենք այս ոլորտում լինելով, տեսնում ենք, որ ինչ օրենք որ մշակվում է ՀՀ –ում, կոնկրետ ես կխոսեմ կրթության մասին, հա՞ նույնը կիրառվում է Արցախում առանց տեղականացվելու, ես կուզեի լսել Ձեր կարծիքը այ, ինչպե՞ս եք Դուք պատկերացնում հետագան շարունակվելու է նույն ձևով, թէ Դուք ունենալու եք նորամուծություններ, և 2-րդ՝ ավելի շատ ես հասկացա, որ Ձեզ անհանգստացնում է այս ամեն ինչի մեջ ավելի շատ Ձեր կապը երիտասարդության հետ է, բայց կարծում եմ կրթության ու գիտության խնդիրներն ավելի խորն են, և եթե դուք գիտեք այդ խնդիրները և գիտեք նաև լուծումները՝  ես ուրախ կլինեմ  ողջունել  Ձեզ:

Արամ  Հարությունյան – Շատ շնորհակալություն հարցի համար, նախ վստահ եմ և հուսով եմ, որ Դուք ևս կունենաք Ձեր ներդրումը այդ ոլորտի զարգացման մեջ, և թե Ձեր մասնագիտական գիտելիքներով, թե Ձեր կարողություններով ևս աջակից կլինեք ոլորտի զարգացմանը, իհարկե միայն, այսպես ասած, քոփի-փաստ անելով Հայաստանից օրենքները հնարավոր չի Արցախում բավարար արդյունքների հասնել, բայց, այնուամենայնիվ, մենք չենք կարող  նաև դուրս գալ ընդհանուր բոլոնյան համակարգից և պետք է Հայաստանի հետ համահունչ լինենք, բայց, իհարկե  և ձեր խորհուրդը հաշվի կառնենք և ընդհանուր մենք էլ ենք այդ կարծիքին, որ նաև պետք է տեղայնացվի և Արցախի համար առավել մատչելի կրթական ծրագիր կազմել: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Չեմ ուզում կանոնակարգը խախտել, բայց քանի որ այս ձևի է գնում, այլ հարցեր կա՞ն, եթե չկան, շնորհակալություն, նստեք:

Արամ Հարությունյան – Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Անցնում ենք պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին, խմբակցություններին խնդրում եմ առաջարկել այդ հանձնաժողովի նախագահի թեկնածուներ: Առաջադրումը կատարվում է տեղերից: Խնդրեմ:

Նունե Մելքումյան - «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրում ենք Սեյրան Հայրապետյանի թեկնածությունը:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Այլ թեկնածու: Չկա: ԱԺ պաշտպանության և անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու: Թեկնածուին ներկայացնելու համար խոսքը տրվում է, ո՞վ է ներկայացնում, տիկին՝ Մելքումյանը:

Նունե Մելքումյան – Հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Սեյրան Մանվելի Հայրապետյանի կենսագրությունը: Սեյրան Հայրապետյանը ծնվել է 1976թ. նոյեմբերի 20-ին ԱՀ Մարտունու շրջանի Ննգի գյուղում: 1993թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1998թ. ավարտել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը: 1993- 2018թթ  ծառայել է պաշտպանության բանակում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2018թ. ԱՀ զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստազորային սպաների հաշվառման, նախորոշման և ամրագրման բաժանմունքի պետի պաշտոնից երկարամյա ծառայության կապակցությամբ արձակվել է զինված ուժերի պահեստազոր մայոր-զինվորական կոչումով: Պարգևատրվել է ԱՀ մարտական ծառայություն, ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Բաղրամյան, Դրաստամատ Կանայան, Գարեգին Նժդեհ և մի շարք այլ մեդալներով:  Ամուսնացած է,  ունի 3 զավակ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցեր: Չկան: Խնդրեմ: Մտքերի փոխանակություն: Ելույթի համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված Սեյրան Հայրապետյանը:

Սեյրան Հայրապետյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ: Ինչպես ներկայացրեց գործընկերս, իմ ծառայության, երկարամյա ծառայության փորձը այստեղ նստած մեր փառահեղ մարտական ուղի անցած ընկերներիս հետ, օգտվելով նրանց խորհրդից, աջակցությունից, ձեր կողմից աջակցություն ստանալու դեպքում, ընտրվելու դեպքում, գիտելիքներս օգտագործելու եմ ի շահ մեր բանակաշինության և պետականաշինության զարգացմանը: Օգտվելով նաև առիթից, ցանկանում եմ շնորհավորել բոլոր նորընտիր պատգամավորներին, ինչպես նաև ԱՀ ողջ ժողովրդին, շնորհավորել ողջ հայությանը կարևոր և ազգանվեր աշխատանքի համար մաղթում եմ բոլորիս բեղմնավոր աշխատանք, շնորհակալություն: Պատրաստ եմ պատասխանել հարցերին:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Հայրապետյան, հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Խնդրեմ պարոն Ստեփանյան:

Գեղամ Ստեփանյան – Պարոն Հայրապետյան, ինչպիսի նախաձեռնություններով եք նախապատրաստվում հանդես գալ արդիականացնելու համար պաշտպանության ոլորտում խորհրդարանի մասնակցությունը, և 2-րդ հարցս, ժամանակակից աշխարհում գնալով ավելի է մեծանում տեղեկատվական վտանգության հետ կապված այդ կարևոր խնդիրը, ընդհանուր պետական անվտանգային համակարգում, և ինչ տեսլական ունեք Դուք անվտանգության այս կարևոր բաղադրիչի հետ կապված: Շնորհակալություն:

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն հարցի համար: Ինչպես բոլորս գիտենք, մեր պաշտպանության բանակը, մեր զինված ուժերը հանդիսանում են մեր պետականության հիմնական երաշխիքը, երաշխավորը: Մեր գործունեության ընթացքում կատարելու ենք համապատասխան բոլոր աշխատանքները հասարակություն - բանակ կապը ապահովելու համար: Կան հարցեր, որոնք այս ամբիոնից փակագծերը բացելու անհրաժեշտություն չկա, մեր նիստերի ժամանակ կանդրադառնանք: Շնորհակալություն: (Խոսում են դահլիճում): Նաև տեղեկատվական անվտանգություն հարցում մենք կանդրադառնանք այդ հարցերին:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցերի համար հերթագրվել է մեկ պատգամավոր, նստեք:

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան –Եզրափակիչ ելույթի համար պարոն Հայրապետյան: Ցանկություն կա՞, չկա, եղավ: Այժմ խնդրում եմ խմբակցություններին առաջադրել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներ: Առաջադրումը կատարվում է տեղերից: Խնդրեմ:

Գոհար Սարգսյան - «Հայրենիք» խմբակցության անունից առաջարկում եմ Սևակ Սուրիկի Աղաջանյանին:

Արթուր Թովմասյան - Սևակ Աղաջանյան, այլ առաջարկ կա՞, չկա: ԱԺ  առաջադրել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սևակ Աղաջանյանը: Թեկնածուին ներկայացնելու համար խոսքը տրվում է տիկին Սարգսյանին:

Գոհար Սարգսյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ: Ձեզ եմ ներկայացնում պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Սևակ Սուրիկի Աղաջանյանի կենսագրությունը: Սևակ Սուրիկի Աղաջանյանը ծնվել է 1975թ. հուլիսի 9-ին ԱՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում: 1992թ. ավարտել է Սպիտակաշեն գյուղի միջնակարգ դպրոցը, 2006թ. ավարտել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավագիտության բաժինը, 1992-2019թթ ծառայել է պաշտպանության բանակում: Արցախյան պատերազմի մասնակից է: Պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» և մի շարք այլ մեդալներով: Զորացրվել է զորամասի հրամանատարի սոցիալ- իրավական աշխատանքների գրով օգնականի պաշտոնից  Մայոր՝ զինվորական կոչումով: Ամուսնացած է,  ունի 2 երեխա:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել, հարցեր չկա՞ն, շնորհակալություն: Մտքերի փոխանակություն: Ելույթի համար հրավիրվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված Սևակ Աղաջանյանը:

Սևակ Աղաջանյան – Օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս, բոլոր գործընկերներին, և որպես ԱԺ նորընտիր պատգամավոր, միաժամանակ Ձեր կողմից առաջադրվելով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի որպես թեկնածու, առայժմ կասեմ, որ իմ, ինչպես նաև հանձնաժողովի բոլոր անդամների ջանքերը միայն ու միայն ուղղված կլինեն մեր օրենսդրական դաշտի բարեփոխումներին՝ հանուն մեր երկրի ապագայի: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Ուրեմն, ասեմ, արդեն առաջին կանոնակարգ օրենքը ընտրվելու դեպքում արդեն ձեր ուշադրության կերտրոնում պահեք: Խնդրեմ, հարցերի համար հերթագրվել: Հովհաննիսյան,

Կարեն  Հովհաննիսյան - Պարոն Աղաջանյան

Արթուր Թովմասյան – Մի րոպե, հարցերի համար հերթագրվել, Մելքումյան, Հովհաննիսյան, էլի կա՞, չկան, հիմա այս ձևի է, պարոն Իշխանյան դիտողությունը տեղին է,  խնդրեմ  պարոն  Հովհաննիսյան:

Կարեն Հովհաննիսյան – Պարոն Աղաջանյան, ինչպես մեծ մասը տեղյակ եք ապրիլ ամսի վերջին մենք մեր խոսակցությունով (խոսում են դահլիճում), կազմեցինք, և համապատասխան նամակներ գրեցինք գործող իշխանություններին, որից հետո հարուցվել է քրեական գործ: Ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը ներկա օրենսդրության մեջ գտնվող բացերի և այն աշխատանքների դեմ ուղղվածության, որը Դուք պետք է կազմակերպեք համակարգեք:  Շնորհակալություն:

Սևակ Աղաջանյան – Առայժմ կասեմ, որ մեր օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու մեծ աշխատանքներ կան, և դրան կանդրադառնանք հետագա նիստերի ընթացքում:  (Խոսում են դահլիճում):

Կարեն Հովհաննիսյան - Այո, այո, մեկ րոպե, պարոն Աղաջանյան, 3 պատգամավորի նկատմամբ հարուցված է քրեական գործ, վարույթ է գնում, ուղղակի ուզում ենք հասկանալ ընտրվելու պարագայում որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ինչպիսի՞  քայլեր եք ձեռնարկելու օրենսդրության այդ տեղ գտած բացերը լրացնելու ուղղությամբ:

Սևակ Աղաջանյան – Առայժմ չեմ կարող ասել:  (Խոսում են դահլիճում):

Դավիթ Մելքումյան - Շնորհակալություն պարոն Աղաջանյան, ընտրվելու հանձնաժողովի նախագահի դեպքում, արդյոք, ձեր կողմից նախատեսվու՞մ են սահմանադրական բարեփոխումներ, և, եթե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կա առաջարկ և եթե այո, կխնդրեի նշել կոնկրետ ինչի՞ն է վերաբերվելու դա:  Շնորհակալություն: Ո՞ր կետերին:

Սևակ Աղաջանյան – Սահմանադրական բարեփոխումներ կատարելու, իհարկե, կարիք կա, առայժմ ես չեմ կարող նշել ու աշխատանքի ընթացքում կկատարենք:

Արթուր Թովմասյան – Արձագանքու՞մ եք պարոն Մելքումյան, շնորհակալություն: Հարցերի համար 2 պատգամավոր է հերթագրվել, հարցերին տրվել են պատասխաններ: Մտքերի փոխանակություն: Մտքերի փոխանակությո՞ւն, թէ՞ հարց: Եղավ: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: (Խոսում են դահլիճում):  Չէ, չէ, հերթագրվել, կա՞ն այլ ցանկացողներ, չկան: Պարոն  Ջիվանյան, խնդրեմ, պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ:

Հովիկ Ջիվանյան – Ես ուշացել եմ, այս խոսքի համար ես հենց առաջին առաջադրումից հետո, իհարկե սա պիտի ասեի, ես մտքերի փոխանակության տեսքով ասեմ, ժողովուրդ սա առաջին նստաշրջաննա, սա առաջին նիստն է և շատերը նաև նոր են և ոչ մեկը թող համոզված չլինի, որ ինքը շատ լավ պատկերացնում է, նույնիսկ շատ աշխատած պատգամավորներ են լինում մեկ-մեկ  հարցեր եք տալիս և ինձ վրա էն տպավորությունն է  թողնում, որ ես որպես պատգամավոր, մի քիչ վատ եմ զգում, օրենսդրական նախաձեռնության իրավունքը տրված է  բոլորիդ, երբ որ հարցնում ենք ո՞նց եք տեսնում, դե ինչ որ ձև պիտի տեսնեք այդ ճանապարհները, այդ առաջարկներն անեք: Հանձնաժողովի նախագահն ինքը համակարգող է և բոլորի, բոլոր առաջարկողների համակարգողն է, ինքը պարտադիր չի ամեն ինչը տեսնի և բարիդրացիական բան ուղղակի առաջին նիստում չեմ տեսնում, մեկը մեկի նկատմամբ բարիկամեցողությունը ես կուզենայի գոնե առաջին նիստում տեսնեի, հետո արդեն առարկայական զրույցների ժամանակ կողմ եմ շատ կոշտ հակադրություններին: Բայց առաջին նիստում, իհարկե մտքերի փոխանակության կարգով, իհարկե ես իմ ցանկությունն եմ ասում, առաջին նիստի ընթացքում, ձեր այդ  անձնական բաները մի կողմ դրեք, դուք ոնց եք պատկերացնում, հիմնականում հարց ուղղողներին եմ դիմում, հատկապես քեզ, պարոն Մելքումյան, Մետաքսե, Էլեոնորա, դուք ո՞նց եք պատկերացնում առաջին անգամ գալ Ազգային ժողով և ասել, գիտես առաջադրում ենք հանձնաժողովի նախագահ, դուք ո՞նց եք պատկերացնում ոլորտը, մի քիչ, իմ կոչը, ուղղակի,  ոնց ուզում եք ընկալեք:

Արթուր Թովմասյան – Պարոն Ջիվանյան, շնորհակալություն հանձնաժողովի նախագահի ելույթի մասով: Շնորհակալություն:

Հովիկ Ջիվանյան – Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Վարման կարգով, խնդրեմ, միայն վարման կարգ:

Դավիթ Մելքումյան - Պարոն Ջիվանյանին ուզում եմ արձագանքեմ: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Նախ չեմ կարծում, որ մեր առաջին նիստն է և որևիցէ մեկը փորձում է ինչ որ ատելության մթնոլորտ ստեղծել և, եթե Դուք հետևել եք իմ աշխատանքին նախորդ գումարմանը, ապա տարբեր դեպքերից հետո Դուք պետք է այդ ամեն ինչը, առնվազը Ձեր համար արձանագրեիք, որ մենք միշտ կոչ ենք արել, որ այս ամեն ինչը հարթ ու խաղաղ լինի: Բայց, կարծում եմ ԱԺ երկրի  կարևոր քաղաքական հարթակն է, որտեղ որ լուծվել են կարևոր քաղաքական հարցեր, և եթե կոնկրետ ինձ եք Դուք մատնանշում, եթե իմ թեկնածությունն է առաջադրվել որպես որևիցէ մի հանձնաժողովի նախագահ, և ես ինքս գտնեի, որ պատրաստ չեմ, ես ինքս կհրաժարվեի մասնակցել, որովհետև պատասխանատվությունը ոչ թէ քաղաքական ուժինն է, այլ ամբողջ երկրինը: Գիտակցելով պատասխանատվությունը ես իմ թեկնածությունը կհանեի:  Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն պարոն Մելքումյան, պարոն Ջիվանյան, չեմ գտնում այսպես պետք է գնա աշխատանքները, չեմ գտնում, որ էթիկայի նորմեր է խախտվել, պարոն Ջիվանյան, ամեն պատգամավոր կարող է արտահայտվել, կարող է հարց տալ, չեմ գտնում, որ ինչ որ բան է կատարվել արտառոց, խնդրում եմ մեկը մյուսին չվիրավորել, ցանկացած պատգամավոր պատգամավորի կարգավիճակը կընթերցի, կունենա հարց տալու իրավունք, և դա կլինի անդրանիկ նիստում, թե վերջին նիստում, դուք ձեր լիազորությունները և պարտականությունները, իրավունքները իմացեք: Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու համար խոսքը տրվում է պարոն Ջիվանյանին:

Հովիկ Ջիվանյան – Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ պարոն Արամ Արամայիսի Գրիգորյանի թեկնածությունը, հաշվի առնելով և մասնագիտական իր ուղղվածությունը, և աշխատանքային փորձը, և կարծում եմ ներկայացնելու նույնիսկ անհրաժեշտություն չկա և կարիք չեմ տեսնում նույնիսկ ներկայացման համար ելույթի, առաջարկում եմ հանձնաժողովի նախագահի թեկնածուին:

Արթուր Թովմասյան – Պարոն Ջիվանյան, եղավ, կանոնակարգը խախտելու, կարող է այլ թեկնածու էլ լինի, առայժմ առաջադրումն է: Այլ թեկնածու: Չկա: Հիմա, պարոն Ջիվանյան, թեկնածուին ներկայացնելու համար խոսքը տրվում է պարոն Ջիվանյանին:

Հովիկ Ջիվանյան – Առաջարկելով պարոն Գրիգորյանի թեկնածությունը, հաշվի եմ առնում և մասնագիտական պատրաստվածությունը, և նաև օրենսդիր ոլորտում ԱԺ աշխատանքային փորձը, ասենք միանշանակ և ամբողջությամբ պատրաստ է այս ոլորտին վերաբերվող աշխատանքները լրիվությամբ և բարձր մակարդակով կատարելու համար, ներկայացնելու, կարծում եմ կարիք չկա, ինքնակենսագրականը, բոլորիս ինքնակենսագրականները գիտեք, ես չեմ ուզում ինքնակենսագրական տվյալներով ծանրաբեռնվեմ, այսքանը կասեմ,  շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Ջիվանյան, հարցերի համար հերթագրվել, եթե չհերթագրվեք, արդեն հաջորդ հարց տվողին չեմ տալու, որովհետև արդեն փորձ եք ձեռք բերել: Հարցերի համար հերթագրվել: Կա՞ն հարցեր: Չկան, շնորհակալություն: Ելույթի համար հրավիրվում է սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված Արամ Գրիգորյանը:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Ես, իհարկե, ուզում եմ միանալ բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք հնչեցրել են իմ նորընտիր գործընկերները, միանշանակ համապետական մեր ընտրությունները տեղի են ունեցել բավականին ծանր պայմաններում՝ հաշվի առնելով նոր կորոնովիրուսի ի հայտ գալու հանգամանքը, այնուամենայնիվ, ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել, որ կարողացել ենք բարձր մակարդակով դուրս գալ այդ իրավիճակից, և դրա հետ միասին ուզում եմ շնորհավորել բոլոր նորընտիր պատգամավորներին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Ինչ վերաբերվում է ինձ, ես հակիրճ կփորձեմ ներկայացնել իմ կենսագրությունը՝ ծնվել եմ 1977թ. քաղաք Ստեփանակերտում, ավարտելով 10 միջնակարգ դպրոցը Ստեփանակերտի, ընդունվել եմ ԱրՊՀ կենսաբանական ֆակուլտետը, անցել ծառայության, որը շարունակել եմ զինվորական հոսպիտալում, այնուհետև տեղափոխվել ՀՀ, և 99թ. ավարտել ՀՀ Մխիթար Հերացու անվան բժշկական պետական համալսարանը, 2002թ. ավարտել եմ կլինիկական օրդինատուրա ընդհանուր վիրաբուժության մասնագիտությամբ, 2003թ. ավարտել եմ էնդոսկոպիա-կլինիկական օրդինատուրան, անցել աշխատանքի Հանրապետական հիվանդանոց ՓԲԸ-ում, որպես վիրաբույժ և էնդոսկոպիստ: 2004թ. ավարտել եմ ԱրՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը հեռակա կարգով, 2008թ. ԱՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եմ Արցախի առողջապահության նախարարի տեղակալ, այնուհետև, 2010թ.մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվել եմ պատգամավոր, զբաղեցրել եմ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, այնուհետև նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնը, 2015թ.մայիսի 3-ին տեղի ունեցած խարհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով «Հայրենիք» կուսակցության ցուցակով ընտրվել եմ նորից պատգամավոր, զբաղեցրել եմ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այնուհետև ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման նախագծերի մշտական  հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և 2020թ.մարտի 31-ին տեղի ունեցած խարհրդարանական ընտրություններում, նույնպես «Ազատ Հայրենիք» կուսակցության համամասնական ընտրացուցակով, նույնպես հանդես եմ գալիս այս ամբիոնից որպես պատգամավոր: «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ եմ, ամուսնացած եմ, ունեմ 3 զավակ, պարգևատրվել եմ ԱՀ նախագահի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով: Ինչ վերաբերվում է օրենսդրական աշխատանքին, ուզում եմ իրականում վստահեցնել բոլորին, որ տարիքը քաղաքական դաշտում, իհարկե, նշանակություն ունի, բայց ավելի մեծ նշանակություն ունի կառուցողական աշխատանքը,անկախ նրանից պատգամավորը հանդես է գալիս ընդիմադիր տեսքով, թե ընդհանրապես իշխանամետ է, իսկ յուրաքանչյուր հանձնաժողովում ամենակարևորը, իրոք կառուցողական աշխատանքն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ հանձնաժողովային դաշտին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ իմ փորձը կհերիքի, որպեսզի կազմակերպենք ամբողջ ծավալով անհրաժեշտ աշխատանքը, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ աշխատանքը իրոք լինելու է ծավալուն, հաշվի առնելով, որ հենց մեր կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական, ասենք, ուղղություն ունեցող ծրագրերից է, անվճար բուժսպասարկումը: Շնորհակալություն, պատրաստ եմ պատասխանել հարցերին:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Խնդրում եմ հարցերի համար հերթագրվել: Չկա, շնորհակալություն: Մտքերի փոխանակություն: Չկա, շնորհակալություն: Եզրափակիչ ելույթի համար՝ պարոն Գրիգորյան: Չկա: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու համար խոսքը տրվում է պարոն Հարությունյանին:

Արամ Հարությունյան – «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը ֆինանսա-բյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրում պարոն Արթուր Հարությունյանին:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Հարությունյան: Ուրիշ թեկնածու: Չկա: Պարոն Հարությունյանին ներկայացնում է պարոն Հարությունյանը:

Արամ Հարությունյան – Շնորհակալություն: Կարծում եմ պարոն Հարությունյանին դահլիճում շատերն են ճանաչում նախկինում զբաղեցրած պաշտոններից, բայց, այնուամենայնիվ փորձեմ հակիրճ հնարավորինս ներկայացնել պարոն Հարությունյանի կենսագրությունը: Եվ այսպես, ծնվել է 1979թ. հունվարի 20-ին ԼՂՀ քաղաք Ստեփանակերտում: 1991թ. ավարտել է Ստեփանակերտի N8 միջնակարգ դպրոցը: 1995թ. ավարտել է Ստեփանակերտի ֆիզ-մաթ դպրոցը: 1999թ. ավարտել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր տնտեսագիտություն բաժինը: 2007թ. ավարտել է իրավագիտություն բաժինը: 1992թ. օգոստոսի 2-ին աշխատանքի է անցել ԼՂՀ պետական վարչությունում, որպես կազմակերպական վերահսկողական հաշվառման բաժնի ոչ հարկային եկամուտների գծով  ավագ հարկային տեսուչ: 2004թ. հունվարի 5-ին ՀՊՀ Ստեփանակերտ  քաղաքի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետ, 2004թ. օգոստոսի 5-ից՝  խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնի պետ, 2006թ. հունվարի 11-ից՝ եկամուտների հաշվառման պլանավորման ապահովադիրների սպասարկման վարչության պետ, 2006թ. փետրվարի 1-ից՝ եկամուտների հաշվառման գանձումների և խոշոր հարկ վճարողների ապահովադիրների սպասարկման վարչության պետ, 2006թ հունվարի 5-ից՝ հաշվառման պլանավորման գանձումների հսկողության և վերլուծության վարչության պետ, 2007թ. հոկտեմբերի 15-ից՝ օպերատիվ հետախուզության վարչության պետ, 2008թ. մարտի 3-ից՝ խոշոր հարկ վճարողների վարչության պետ, 2009թ. մարտի 19-ից՝ ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ կառավարության առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ: 2015թ հուլիսի 16-ից ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ: 2017թ. հոկտեմբերի 30-ից ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ  ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 2018թ. հունիսի 6-ից ԱՀ  նախագահի հրամանագրով նշանակվել է  ԱՀ ֆինանսների նախարար: 2014թ. դեկտեմբերի 4-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: 2016թ.  հոկտեմբերի 21-ին  ԼՂՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ԼՂՀ հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային կոչում: 2016թ. դեկտեմբերի  14-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ամուսնացած է, ունի 2 որդի և մեկ դուստր:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան, շնորհակալություն: Ելույթի համար՝ պարոն Հարությունյան, խնդրեմ:

Արթուր Հարությունյան – Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: Նախ օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել բոլորիս 7-րդ գումարման ԱԺ պատգամավորներ ընտրվելու և նաև, ուզում եմ շնորհավորել Ձեզ՝ պարոն Թովմասյան, ԱԺ նախագահ ընտրվելու համար, և Ձեզ պարոն Բաղունց՝ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ, և մաղթել մեզ բոլորիս բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, մեր երկրի կայացման ու զարգացման գործում: Ինչ վերաբերվում է իմ թեկնածությունը առաջադրելու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, շնորհակալություն եմ հայտնում  իմ գործընկեր պարոն Հարությունյանին: Մենք այս վերջին տարիներին իմ անցած, նախորդ զբաղեցրած պաշտոնի աշխատանքային գործունեության ընթացքում մենք վերջին տարիներին բավականին ծավալուն բարեփոխումներ ենք իրականացրել և հարկաբյուջետային քաղաքականության առումով, և տնտեսական քաղաքականության, և մնացած բոլոր այլ ոլորտներում, որոնք վերաբերվում են հանձնաժողովի գործունեությանը: Ես համոզված եմ և վստահ եմ, որ այստեղ ներկա իմ գործընկերների հետ միասին, այստեղ ճիշտ նշեց իմ գործընկեր պարոն Ջիվանյանը, որ սա ոչ միայն հանձնաժողովի աշխատանքն է, այլ բոլորիս համատեղ ուժերով մեր երկրի կայացման, զարգացման գործն է, այսինքն ոչ միայն դա հանձնաժողովում պետք է լինեն այդ նախաձեռնությունները կամ քննարկումները, այլ բոլորիս կողմից պետք է լինեն այդ նախաձեռնությունները, և վստահ եմ, որ մենք կարողանալու ենք այս կազմով և պատգամավորների այս ներկայացվածությամբ լուծել այն խնդիրները, որոնք որ կան այսօր մեր երկրում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան –  Շնորհակալություն, հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Չկան: Եզրափակիչ ելույթի համար , շնորհակալություն, նստեք: Մենք դեռևս 10 րոպե ժամանակ ունենք, հասցնում ենք քվեարկում, մի հատ ես մի առաջարկություն ունեմ, քանի որ 7 հանձնաժողով միաժամանակ քվեարկությունը գնում է, երկար ժամանակ է, նաև հաշվենք, որ դա ընդմիջում է, որովհետև արդյունքները, որ հրապարակենք, եթե կողմ եք՝ դա, հետո եզրափակիչ ելույթ է լինելու, հետո հայտարարելու ենք փակված նստաշրջանը: Ուրեմն, նախկին պատգամավորները՝ նույնն են սենյակները, կարող են իրենց մոտ սուրճ խմեն, մնացած 23 պատգամավորներին էլ,  ես բարձրանում եմ ինձ մոտ, եթե ցանկություն կա սուրճի՝ խնդրեմ: Եվ մնացած նախկին պատգամավորներին՝  նորերին հրավիրեցեք ձեր սենյակները:

Էդուարդ Աղաբեկյան – Բացի այդ, ստորագրվի մեկտեղ ստանալով յոթ հատ տարբեր գույներ, ծիածանի բոլոր գույները երևի, յոթ գույնի քվեաթերթիկներ, իսկ քվեարկության կարգը էլի նույնի նման քառակուսիներ՝ դիմացը դեմ, կողմ:

Արթուր Թովմասյան – Ընդունելի՞ է այս առաջարկը, առարկություն ունեցող կա՞: Տիկին Հակոբյան, կո՞ղմ եք:  Եղավ, դե՝  քվեարկություն:

 (Խոսում են դահլիճում):  Ընդմիջում:

Արթուր Թովմասյան – Ընտրությունների արդյունքները  հրապարակելու համար հրավիրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ պարոն Աղաբեկյանը:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, հարգելի նախագահություն, ուրեմն, հերթով, ըստ այբբենական կարգի՝ երևի, ԱԺ որոշման՝ ըստ այդ հերթականության: Ուրեմն, արձանագրություն թիվ 4. ԱԺ հաշվեքննիչ հանձնախումբն արձանագրում է.

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար պատգամավորների կողմից առաջադրվել է Վահրամ Բալայանի թեկնածությունը: Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեաթերթիկում, քվեարկությանը մասնակցել են 33 պատգամավորներ,  քվեատուփում առկա է 33-ը, որից անվավեր՝ 0, կողմ՝ 30, դեմ՝  3:

Արթուր  Թովմասյան – Շնորհակալություն:

Էդուարդ  Աղաբեկյան – Գուցե՝  չկրկնեմ, միանգամից ասեմ այս թվերը, կամ ոնց որ կնախընտրեք:

 Արթուր  Թովմասյան – Առանձին-առանձին որոշումներ կան:

 Էդուարդ  Աղաբեկյան – Հա, ուրեմն, որոշումը քննարկել:

     Արթուր  Թովմասյան _ ԱԺ որոշումը, որոշումները չե՞ք դրել այստեղ: Վահրամ Բալայանը ընտրված է արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ, խնդրում եմ շնորհավորենք: Հաջորդը:

       Էդուարդ Աղաբեկյան – Ուրեմն, հաջորդը, ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար պատգամավորների կողմից առաջադրվել է Վլադիմիր Կասյանի թեկնածությունը: Ազգանունն ընդգրկվել է քվեարկության քվեաթերթիկում, քվեարկությանը մասնակցել են 33  պատգամավորներ, և քվեատուփը բացելուց հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա է 33  քվեաթերթիկներ, որից անվավեր է ճանաչվել մեկը, իսկ մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

 կողմ՝ 25, դեմ՝ 7:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն:  ԱՀ  ԱԺ  որոշումը.

ԱՀ ԱԺ որոշումը՝ Վլադիմիր Կասյանին ընտրել ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական երթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Էդուարդ Աղաբեկյան – Հաջորդը արձանագրությամբ՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովն արձանագրում է, որ ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար պատգամավորների կողմից առաջադրվել է Արամ Հարությունյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում, քվեարկությանը մասնակցել են 33 պատգամավորներ, բացելով գաղտնի քվեատուփը, հաշվիչ հանձնաժողովը պարզեց՝ առկա է 33 քվեաթերթիկներ, որից անվավեր է ճանաչվել մեկը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

կողմ՝  25,  դեմ՝  7:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, եկեք շնորհավորենք Արամ Հարությունյանին:

 Էդուարդ Աղաբեկյան - Հաջորդ քվեարկությունը: Աժ հաշվիչ հանձնախումբն արձանագրում է, որ ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար պատգամավորների կողմից առաջադրվել է Սեյրան Հայրապետյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել են 33 պատգամավորներ, բացելով քվեարկության քվեատուփը, հանձնախումբը պարզեց, որ առկա են 33 քվեաթերթիկներ, որոնցից  անվավեր զրո, չկա: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

 կողմ՝  25,  դեմ՝ 8:

Արթուր Թովմասյան -  Շնորհակալություն:  ԱՀ  ԱԺ  որոշումը.

ԱՀ  ԱԺ որոշում է Սեյրան Հայրապետյանին ընտրել  ԱՀ  ԱԺ  պաշտպանության, անվտանգության  և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  Շնորհավորում ենք:

Էդուարդ Աղաբեկյան - Հաջորդ, 8-րդ արձանագրությամբ, ԱԺ հաշվիչ հանձնախումբն արձանագրում է. ԱՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար պատգամավորների կողմից առաջադրվել է Սևակ Աղաջանյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել են 33 պատգամավորներ: Բացելով քվեատուփը, հաշվիչ հանձնախումբը պարզել է, որ առկա են 33  քվեաթերթիկները, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

կողմ՝  23, դեմ՝  8:

Արթուր Թովմասյան -  Շնորհակալություն: ԱՀ ԱԺ որոշումը.

ԱՀ ԱԺ որոշում է Սևակ Աղաջանյանին ընտրել ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Եկեք ծափահարենք:

Էդուարդ Աղաբեկյան - Հերթական արձանագրության ԱԺ հաշվիչ հանձնախումբն արձանագրում է, որ ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար պատգամավորների կողմից առաջադրվել է Արամ Գրիգորյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել են 33 պատգամավորներ: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, հաշվիչ  հանձնախումբը պարզեց, որ առկա է 33 քվեաթերթիկները, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

կողմ՝ 30,  դեմ՝  3:

Արթուր Թովմասյան - Եկեք շնորհավորենք պարոն Գրիգորյանին: ԱՀ ԱԺ որոշումը.

 ԱՀ ԱԺ որոշում է Արամ Գրիգորյանին ընտրել ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Էդուարդ Աղաբեկյան – Եվ, հաշվիչ հանձնաժողովի այսօրվա վերջին, թիվ  17 արձանագրությամբ ԱԺ հաշվիչ հանձնախումբն արձանագրում է. ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար պատգամավորների կողմից առաջադրվել է Արթուր Հարությունյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել են 33 պատգամավորներ: Բացելով քվեատուփը, հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ նրանում առկա է 33 քվեաթերթիկ, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

կողմ՝  30, դեմ՝  3:

Արթուր  Թովմասյան  - Եկեք շնորհավորենք: ԱՀ ԱԺ որոշումը.

ԱՀ ԱԺ որոշում է Արթուր Հարությունյանին ընտրել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Թույլ տվեք իմ անունից շնորհավորեմ այսօր բոլոր ընտրված պատգամավորներին: Պարոն Բաղունց, Ձեզ և բոլոր մեր մշտական հանձնաժողովի նախագահներին: Խնդրում եմ խմբակցությունների ղեկավարներին ներկայացնել իրենց անդամներին մշտական հանձնաժողովներում ընդգրկելու համար: Վաղը առավոտից ժամը 9-ին դա հայտարարությունների ժամանակ կասենք, որպեսզի հանձնաժողովները լիարժեք կազմավորվեն: Սրա մասին քիչ հետո ավելի ընդլայնված: Հարգելի գործընկերներ, (Խոսում են դահլիճում):

Գագիկ Բաղունց - Կներեք, հարգելի գործընկերներ, եզրափակիչ խոսքի համար խոսքը տրամադրվում է ԱԺ նախագահ՝ պարոն Թովմասյանին:

Արթուր Թովմասյան – Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար և միաժամանակ փաստել, որ այն ավելի է մեծացնում որպես խորհրդարանի նախագահ, իմ պատասխանատվությունը, ինչպես 7-րդ գումարման Ազգային ժողովում, այնպես էլ մեր Հանրապետության բոլոր ընտրողների առջև: Մենք այսօր գտնվում ենք առաջիկա 5 տարիների համատեղ աշխատանքի մեկնակետում: Եվ ինչպես հիմնաքարը դնենք, այնպես էլ պետք է կառուցենք: Ներկա խորհրդարանը նախորդներից տարբերվում է ոչ միայն քաղաքական ուժերի, այլև փորձառու և նոր երիտասարդ ընտրյալների հարաբերակցությամբ: Կարծում եմ, հենց փորձառության և նոր մտածողության ճիշտ համադրումը  պետք է դառնա Արցախի 7-րդ գումարման ԱԺ աշխատելաոճը: Այսօրվա խորհրդարանի սպասելիքները ակնհայտ մեծ են: Ասվածը վերաբերվում է ԱԺ  օրերս ստեղծած աշխատանքին  և քաղաքական դերակատարությանը: Օրինաստեղծ գործունեութունը, կարծում եմ, արդյունավետ կլինի  միայն մի դեպքում, եթե լինի առողջ փոխգործակցություն իշխանության տարբեր թևերի միջև: Գտնում եմ, որ հանրապետության նախագահի, իշխանության բոլոր թևերի միջև հավասարակշռության պահպանման հաջողված փորձը, ավելի իրատեսական է դարձնում քաղաքակիրթ փոխգործակցության հնարավորությունները: Հույս ունեմ, որ կառավարության հետ կառուցողական  երկխոսության միջոցով, մեզ կհաջողվի նոր որակներ հաղորդել ԱԺ օրինաստեղծ գործունեությանը: Քաղաքական քննարկումների առումով, մենք արդեն իսկ ունենք կայացած ավանդույթներ: Եվ Արցախի հարցի և մեր երկրի համար կենսական նշանակության մի շարք այլ խնդիրների շուրջ, նախորդ գումարման ԱԺ ստեղծել է քաղաքական բանավեճի, մտքերի փոխանակության բավարար փորձ, որը պետք է շարունակաբար հարստացնել: Այս առումով կուզենայի, նամանավանդ շարունակվեր ավելի ակտիվանալ արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հանրային վերահսկողության կառույցների հետ համագործակցությունը, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի անբողջական պատկերացում կազմել առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ: Իսկ խնդիրների լուծման կամ մարտահրավերների դիմակայման ուղիների ընտրության հիմքում պետք է լինեն փորձագիտական հիմնավորումները:

Մեզ, բնականաբար, հարկ է խորացնել միջխորհրդարանական համագործակցությունը, Հայաստանի ԱԺ հետ համագործակցության ձևաչափը: Կարծում եմ բավականաչափ կայացած է, պետք է էլ ավելի կատարելագործենք: Թերևս անհրաժեշտութուն կա, որպեսզի երկկողմ քաղաքական քննարկումներին  ներգրավեն խորհրդարանական մշտական հանձնաժողովները, խմբակցությունները, առանձնակի կարևորություն է ներկայացնում իրավիճակին ընդհանուր քաղաքական ընկալման ձևավորումը, ինչին վստահ եմ մենք կարող ենք հասնել: Չեմ ուզում ծավալվել, բայց վստահեցնում եմ, որ շարունակվելու են միջխորհրդարանական ավանդական կապերը, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվելու նոր ուղղություններով: Մեզ համար առաջնահերթ նշանակություն պետք է ունենա կամ շարունակեն ունենալ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, և հատկապես եվրոպական խորհրդարանական կառույցների հետ կապերի խնդիրը: Աշխարհում պատկերացումները փոխվում են նույնքան արագ, որքան աշխարհաքաղաքական իրավիճակները: Եվ մենք չենք կարող դա անտեսել: Հավանաբար հարկ կլինի վերանայել ԱԺ աշխատակազմի կառուցվածքը: Մենք մտնում ենք քաղաքական կյանքի նոր շրջափուլ: Այսօր մենք ունենք բարձր պատրաստվածությամբ դինամիկ մտածող, նախաձեռնող աշխատակիցների կարիք, ովքեր կարող են գաղափարներ առաջարկել: Պետք է խոստովանել, որ խարհրդարանի աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ պարզապես մնացել են անցյալ դարի պատկերացումների և գործելաոճի մակարդակին:

 Հարգելի գործընկերներ, թեև սահմանադրությամբ և օրենքով պատգամավորը հրամայական մանդատով կաշկանդված չէ, բայց խիստ անհրաժեշտություն է, որպեսզի, ինչպես մենք համոզվել ենք նախընտրական մեր հանդիպումների ընթացքում, ժողովրդի վստահությունը շահած խորհրդարանականը պարբերաբար հանդիպի իր ընտրողների հետ: Նույնը վերաբերում է նաև խարհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին: Կուզենայի տեսնել, որ մենք կարողանում ենք արդարացնել մարդկանց վստահությունը, լսել նրանց, հասկանալ մտահոգությունները, ևս հնարավորության քննարկման դնել հարցեր, որ հրատապ լուծման կարիք ունեն: Ուզում եմ վստահեցնել, որ իմ կողմից ամեն ինչ արվելու է, որպեսզի պատգամավորական աշխատանքի համար ստեղծվեն բավարար պայմաններ: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ քաղաքական գործունեություն ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ մեր ժողովրդի: Աստված մեզ պահապան: Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, 1-ին նստաշրջանի օրակարգը սպառված է, մնում է միայն ասել, որ հաջորդ հերթական նստաշրջանը կգումարվի սեպտեմբեր ամսում: Եվ ըստ այդմ, ԱԺ 7-րդ գումարման 1-ին նստաշրջանը հայտարարում եմ փակված: