ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Արմիկ Բաբայանին
24 հունիսի 2020

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Ստեփանակերտում բնակվող 96-ամյա Արմիկ Բաբայանին: 75 տարի առաջ՝ 1945 թվականի նույն օրը, Արմիկ Բաբայանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ ԽՍՀՄ տարած հաղթանակի կապակցությամբ Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված հանդիսավոր շքերթին:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերանին հաղթանակի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել մեծագույն սխրանքների միջոցով ներկա սերնդին ազատություն և խաղաղ երկինք պարգևելու համար:

Արմիկ Բաբայանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի  Մսմնա գյուղից է: Պարգևատրվել է՝ «1941-1945թթ.-ին Գերմանիայի նկատմամբ և  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար», «Մարտական ծառայության համար» մեդալներով և Կարմիր աստղի շքանաշանով:

ԱԺ նախագահը հետաքրքվել է պատերազմի վետերանի սոցիալական պայմաններով և վստահեցրել, որ պետության ուշադրությունն առավելագույնս  ուղղված է լինելու նրանց արժանապատիվ սոցիալական պայմանների ապահովմանը:

ԼՈՒՐԵՐ