ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

6- ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 11-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2020Թ. ԱՊՐԻԼԻ 30-ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԺԱՄԸ 11.00

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության    անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներ,  հրավիրվածներ:

Նիստին  ներկա  են 29 պատգամավորներ, բացակա՝ 4-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ  Աշոտ  Ղուլյանը:

Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին: Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հրավիրվածներ: Ողջունում եմ բոլորիդ 6-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքներին: Մինչև նիստի օրակարգային հարցերին անդրադառնալը,   ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, համավարակի տարածման վտանգի և հետագայում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում համապետական ընտրությունների մասնակցության  և նոր իշխանությունների ձևավորման գործում իրենց սահմանադրական իրավունքի պատշաճ իրացման համար: Իսկ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և 7-րդ գումարման խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին մաղթում եմ արդյունավետ գործունեություն և հույս հայտնում, որ նրանք  ևս ջանք չեն խնայելու մեր անկախ պետականության հիմքերն ամրապնդելու և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման  ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտությունը  նոր մակարդակի բարձրացնելու գործում: Կարևոր եմ համարում նշել,  որ չնայած համապետական ընտրությունների նախապատրաստական և անցկացման ժամանակահատվածի առանձնահատուկ պայմաններին, ինչպես նաև նոր տիպի կորոնովիրուսի համավարակի կանխարգելման համար մտցված սահմանափակումներին, օրենսդիր մարմինը անհրաժեշտ ու բավարար աշխատանք է կատարել սահմանված ժամկետացանկով օրենսդրական նախագծերը քննարկելու և խորհրդարանի հերթական  նիստում դրանք ներկայացնելու ուղղությամբ: Գործող Ազգային ժողովի լիազորությունները ավարտում են մայիսի 21-ին, հենց այդ օրն է լրանում 2015թ. 5 տարի ժամկետով ընտրված, 6-րդ գումարման  խորհրդարանի լիազորությունները,  ուստի մինչև  այդ օրն ընկած ժամանակահատվածում այդ գումարման Ազգային ժողովը, առաջնորդվելով երկրի Սահմանադրությամբ և Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքով, պարտավոր է խորհրդարանի վերապահված գործառույթներն իրականացնել հարցերի քննարկման ընթացակարգերն ու ժամկետները պահպանելով: Այսօրվա նիստում մենք անդրադառնալու ենք այդ կարգի հարցերին: Կարծես թէ բոլոր պարզաբանումները տրվեցին,  իսկ այժմ նիստի աշխատանքները սկսելու համար,  պատգամավորներին  խնդրում եմ գրանցվել:

 Գրանցում:

Գրանցման արդյունքներով  ներկա են 29 պատգամավորներ, 4 պատգամավոր բացակայում են, նիստը իրավասու  է սկսել  իր աշխատանքները:

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու  համար  խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք ինչպես  բոլոր մեր նախորդ նիստերի ժամանակ, մեր աշխատանքները սկսում ենք նստաշրջանի կամ, պայմանական ասած, մեծ օրակարգը հաստատելով, օրակարգում փոփոխություններ և լրացումներ մտցնելով, քանի որ մենք նստաշրջանը արդեն  բացել ենք, փետրվարին ունեցել ենք նստաշրջանի առաջին նիստը, հետևաբար նստաշրջանի օրակարգը արդեն հաստատված է, այս անգամ մենք առաջարկում ենք լրացումներ նստաշրջանի օրակարգում: Ձեզ բաժանված է նախագիծը, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, կանոնակարգի պահանջներին համապատասխան, որը նստաշրջանի օրակարգում լրացումներ առաջարկում են երկու բաժնում, առաջինը՝  պարտադիր քննարկվող հարցերի ցանկն է, երեք հարց է այստեղ առաջարկվում: Բոլորը նորից չընթերցեմ՝ «Արցախի Հանրապետության նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ընթացիկ տարվա ծրագրի  վերաբերյալ» հաղորդումն է, «Քաղծառայության խորհրդի գործունեության մասին» տեղեկություններն են, և «Դատախազության գործունության մասին» հաղորդումը, և 2-րդ մասում այն հարցերն են, որոնց շուրջ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եղրակացություն են ներկայացրել: Այդպիսի հարցերը 9-ն են: Մենք ունենք պատգամավորական նախաձեռնությամբ մեկ հարց, և 8 հարց կառավարության կողմից ներկայացված: Եթե որևէ հարց կա ներկայացված այս ցանկի վերաբերյալ, արդեն ձեր հարցերին կպատասխանեմ:

Վահրամ Բալայան - Խնդրեմ, եթե հարցեր կան:

Աթուր Թովմասյան - Աշոտ Վլադիմիրովիչ, առաջարկոմ ենք օրակարգից հանել «Պետական գույքի մասնավորեցման, սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխությունները կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, ոչ թէ  նստաշրջանից հանել, այլ այ էս նիստից, որովհետև քիչ առաջ խմբակցության նիստն է եղել, և  որպես խմբակցութուն չկարողացանք մի բանի գալ այս առումով, օրենքի նախագծի հեղինակը  եթե դեմ չէ:

Աշոտ Ղուլյան - Ամեն դեպքում, մենք, առայժմ, նստաշրջանի օրակարգին ենք անդրադառնում: Ձեր ասածը նիստի օրակարգի վերաբերյալ է, եթե նստաշրջանի օրակարգին վերաբերվող հարցեր կան՝ դրանց անդրադառնանք:

Վահրամ Բալայան - Եթե ուրիշ հարցեր կան՝ խնդրեմ: Չկան:

Աշոտ Ղուլյան - Հարգելի պատգամավորներ, քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 29, դեմ՝ չկա,  ձեռնպահ՝  նույնպես:

Վահրամ Բալայան - Ազգային ժողովի ապրիլի 30-ի նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է պարոն Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան  - Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի ապրիլի 30-ի հերթական նիստի օրակարգը նույնպես ձեզ բաժանված է, պատգամավորներին խնդրում եմ ուշադրություն դարձնել: Քիչ առաջ մեր հաստատած նստաշրջանի օրակարգի այն  հարցերը, որոնք արդեն և հանձնաժողովների կողմից երաշխավորված են հերթական նիստում քննարկելու, մենք, փաստորեն, դրանք աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկման  արդյունքներով  ներառել ենք նիստի օրակարգում, հետևաբար մենք ունենք, կարելի է ասել 3 բաժին: Առաջին բաժինը մոտովորապես թվարկեցինք նստաշրջանի օրակարգը ներկայացնելուց  պարտադիր քննարկման  ենթակա  հարցերն են, որտեղ հաղորդումներ և տեղեկություններ են ներառված, երկրորդ խումբը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովին ներկայացվող օրենքի նախագծերն են, այդպիսի նախագծեր այսօր մեր օրակարգում երկուսն են՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նախագիծն է փաթեթով, և երկրորդը՝ «Ինտերնետով հրապարակային և անհատակային ծանուցման մասին» օրենքի նախագիծը: Հաջորդ խումբ հարցերը, ուրեմն այն օրենքի նախագծերն են, որոնց  շուրջ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն, մենք արդեն թվարկեցինք, որ դրանք 8-ն են: Պատգամավորական նախաձեռնության մեկ հարցը, որը նստաշրջանի օրակարգում ներառված է հեղինակների առաջարկով այս հերթական  նիստին չի դրվում քննարկման, և,  ինչպես սովորաբար բոլոր մեր նիստերին  ունենում ենք, օրակարգում այսօր ներառված է պատգամավորական հայտարարություններ կառավարության հետ հարց ու պատասխան: Այսպիսինն է մեր այսօրվա նիստի օրակարգը: Հարցեր, պարոն Թովմասյանի ասած հարցն է: Եթե այլ հարցեր չկան, մենք արդեն  դա առանձին քվեարկության պետք է որոշում ընդունենք: Հարցե՞ր:  Ուրիշ հարցեր չկան:  Շնորհակալություն:

 Հարգելի գործընկերներ, մենք նիստի օրակարգի հետ կապված ունենք մեկ առաջարկ: Փաստորեն «Հայրենիք» խմբակցության կողմից առաջարկ է եղել «Պետական գույքի մասնավորեցման, սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հանել այսօրվա նիստի օրակարգից՝ պահպանելով նստաշրջանում: Եթե Կառավարությունը հարցեր ունի՝ խնդրեմ, կարող է լրացուցիչ պարզաբանել մինչև քվեարկությունը:

 Հիմա մենք պիտի օրակարգը հաստատենք: Օրակարգի մասին առաջարկ եղել է օրակարգից հանելու, եթե դուք պնդում եք, որ օրակարգում պետք է մտցնենք, մենք հիմա առանձին պետք է քվեարկենք այդ հարցերը: Դեմ չե՞ք: Շատ լավ: Ուրեմն առաջարկը եղել է այսօրվա մեր  նիստի օրակարգում որոշման նախագծում, ուշադրություն դարձրեք 7-րդ կետից «Պետական գույքի մասնավորեցման  սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»  եթե հեղինակը դեմ չէ, մենք հիմա քվեարկելու ենք Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգի համար, բացառությամբ այս նախագիծը, եթե հեղինակը պնդեր մենք առանձին պիտի քվեարկեինք: Հեղինակը դեմ չէ, և հիմա պատգամավորներին խնդրում եմ պատրաստվել քվեարկության՝ Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2020թ. ապրիլի 30-ին նիստի օրակարգը հաստատելու վերաբերյալ: Նորից եմ կրկնում՝ առանց Գույքի սեփականաշնորհման մասին օրենքի նախագծի:

Քվեարկություն:

Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝  նույնպես:

Այսօրվա հերթական նիստի օրակարգը նույնպես հաստատված է, մեք  աշխատում ենք, սկսում ենք աշխատել հաստատված օրակարգով: Հարգելի գործընկերներ, մենք  արդեն խոսեցինք այն մասին, որ մեր նստաշրջանի օրակարգում լրացումները և այսօրվա հերթական նիստի օրակարգում ներառված հարցերը, դրանք այն թեմաներն են, որոնք կառավարության կողմից, Ազգային ժողովի պատգամավորների կողմից նախորդ ամիսներին շրջանառության մեջ են դրվել, քննարկվել են հանձնաժողովներում և այսօր դրանք պատրաստ են ներկացվել Ազգային ժողովի կողմից դիրքորոշում հայտնելուն: Մենք առաջին մասով քննարկում ենք հիմա պարտադիր քննարկման երթակա հարցերը, և առաջինը այդ շարքում՝ «Արցախի Հանրապետության նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ»  հաղորդումն է: Ուզում եմ հիշեցնել, որ այդ  հաղորդումը մենք քննարկում ենք Կանոնակարգ օրենքի 114-րդ հոդվածին, դրույթներին համապատասխան, բայց, իհարկե, նաև  նկատի ունենալով, որ այստեղ  հղում ունենք 115-րդ հոդվածին և ներկայացվում է պետական մարմինների զեկույցները, հաղորդումները և հաշվետվությունները: Քանի որ առաջին անգամը չենք ներկայացնում, ես չեմ ուզում դրանք նորից կրկնել, այժմ ես սիրով խոսքը փոխանցում  եմ Արցախի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանին: Խնդրեմ, պարոն նախագահ:

Բակո Սահակյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, ներկաներ: Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն, իմ ամենամյա հաղորդման մեջ, ամփոփ կներկայացնեմ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները: Կանդրադառնամ նաև ընթացիկ տարում մեկնարկած  մի շարք ծրագրերի,  բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը,  որ 2020թ, մայիսի 21-ն Արցախի Հանրապետության նոր նախագահը կստանձնի իր պարտականությունները: Ինչպես նախորդ տարիներին, 2019թ. ևս Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվել է մեծածավալ աշխատանք, ինչի արդյուքում արձանագրվել են դրական ցուցանիշներ և ապահովվել է կայուն առաջընթաց: Ներկայացնեմ իրականացված աշխատանքները՝ ըստ առանձին ուղղությունների:

 Պաշտպանություն, անվտանգություն և բանակաշինություն: Մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրը, ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականն է հզոր ու մարտունակ բանակ ունենալը: Դա մեզ համար օրվա հրամայականն է, հատկապես հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները: Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից և շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց  քաղաքականություն բոլոր հարթություններում, ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և այլ ուղղություններով: Դրան դիմակայելու լավագույն միջոցը մեր զինված ուժերի շարունակական ու հետևողական զարգացումն է, պաշտպանության բանակին մարտունակության բարձրացումը: Մենք միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք արժանի հակահարված տալ մեր հայրենիքի անկախության և  անվտանգության դեմ հակառակորդի ցանկացած ոտնձգության: Այդ իսկ պատճառով, 2019թ. ևս բանակաշինության ոլորտում շարունակվել են իրականացվել բազմաթիվ ծրագրեր, ուղղված պաշտպանության բանակի մարտական պատրաստականության, զորքերի դաշտային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մարտական հնարավորությունների ընդլայնմանը, բանակի սպառազինության և ռազմական  տեխնիկայի արդիականացմանն ու համալրմանը, ղեկավարման համակարգի կատարելագործմանը, առաջնագծի տեխնիկական հագեցվածության և ծառայության հագեցվածության պայմանների բարելավմանը,  ինժեներական ամրակառույցների ու կապի համակարգի  պարգացմանը և արդիականացմանը, զինծառայողների սոցալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը  և մի շարք այլ խնդիրների լուծմանը: Ծավալուն  աշխատանքներ են տարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների բնակարանային պայմանների  բարելավման ծրագրով 21 ընտանիք ապահովվել է բնակարանով, 83 ընտանիքների բնակարաններ վերանորոգվել են: Բնակարանով ապահովվել է նաև պաշտպանության բանակի զինծառայողների և զինվորական թոշակառուների 53 ընտանիք, 6 ընտանիք ստացել է բնակարանի ձեռք բերման դիմաց փախհատուցում: Կառավարությունը մշակել է և ներկայումս հաստատման փուլում է գտնվում պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակներում, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, որպես բնակարանային պայմանների կարիք ունեցող հաշվառված և տարիքի կամ երկարամյա ծառայության կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը, համաձայն որի շրջկենտրոններում  և գյուղական բնակավայրերում հաշվառված շահառուներին բնակարան գնելու կամ բնակելի տուն կառուցելու համար կտրամադրվեն բնակարանի գնման, կառուցման հավաստագրեր, հասանելիք բնակտարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց Շուշի քաղաքում 160 հազար դրամի, իսկ մնացած բնակավայրերում 100 հազար դրամի չափով: Միաժամանակ բնակելի տուն կառուցող շահառուները կարող են օրենսդրության  սահմանված կարգով ստանալ անտոկոս փոխառություն: Ստեփանակերտ քաղաքում սահմանված կարգով անհատույց բնակարան ստանալու իրավունք ձեռք բերած շահառուների բնակարանային պայմանների բարելավումը կիրակացվի բնակարանաշինության նպատակային ծրագրի իրականացման և դրա շրջանակում կառուցված բնակարանները անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրման միջոցով: Հատուկ ուշադրության կենտրոնում են բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի շարունակական բարելավման, ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համառ պայքարի ուղությամբ տարվող աշխատանքները: Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում զինված ուժերում բացասական երևույթները արմատախիլ անելու, ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող ողբերգական դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ:  Պաշտպանության բանակը միշտ եղել է մեր ժողովրդի հպարտությունը  և այդպես պետք է լինի այսուհետ:

Արտաքին քաղաքականություն: Մեր անվտանգության ապահովման կարևոր առաջնահերթություններից է արտաքին քաղաքականության ոլորտը: Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության բնագավառում շարունակվել են աշխատանքները՝ ուղղված Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի և այլ պետությունների միջև փոխգործակցության ու բարեկամական կապերի ամրապնդմանը: Արցախի անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում, Արցախի շահերից բխող, նախաձեռնությունների իրականացմանը: Սփյուռքի ազդեցիկ  կազմակերպությունների և արտերկրում Արցախի համակիրների հետ քայլեր են ձեռնարկվել Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների առաջ մղման և դրանց անշրջելիության ապահովման ուղղությամբ: Մասնավորապես, ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որում առանձին կետով  ճանաչել է նաև Արցախի անկախությունը: Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը ևս, որը Ֆրանսիայի Ազգային ժողովում և  Սենատում  ներկայացված է 12-ական պատգամավորով ու սենատորով, հանդես է եկել, «Պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար» հայտարարությամբ, որում Ֆրանսիայի նախագահին, կառավարությանը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հետևողականորեն շարունակվել են աշխատանքները ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ: Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Ստեփանակերտ և Ավստրալիայի Ռայտ քաղաքների, Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև: Ավստրալիայում ստեղծվել է Արցախի հետ բարեկամական շրջանակ, որին անդամակցում է շուրջ 40 գործիչ: Երևանում Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարի և Ֆրանսիայի Օվերռոն  Ալպի շրջանային խորհրդի նախագահը ստորագրել են համատեղ հռչակագիր, որին միացել են նաև վերոնշյալ շրջանի մի շարք քաղաքների քաղաքապետներ: Հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել սեպտեմբերին Արցախ այցելած Կիպրոսի Ստրովոլոսի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումների ժամանակ: Միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման տեղեկատվական նպատակով Ստեփանակերտում անց է կացվել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որին մասնակցել են խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, քույր  քաղաքների, ինչպես նաև Արցախի անկախությունը ճանաչած, կամ Արցախի հետ համագործող տարբեր երկրների վարչատարածքային միավորումների, շուրջ 30 երկրներից ժամանած 150-ից ավելի ներկայացուցիչներ: Համաժողովի ժամանակ հայտարարվել է Արցախի բարեկամների միջազգային «САНС ПРО АРЦАХА» ստեղծելու մասին: Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով, հիմնական ջանքերն ուղղվել են հակամարտ կողմերի շփման գծում միջադեպերի կանխարգելմանն ու կայունության պահպանմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակականության  ապահովմանը, և լիարժեք ձևաչափի վերականգնման համար  բարենպաստ պայմանների ստեղծմանը: Ընդհանուր առմամբ, Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին պահպանվել է հրադադարի ռեժիմը: Մշտական կապ է պահպանվել ԵԱՀԿԻ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ՝ հրադադարի ռեժիմի պահպանման միջոցառումների անցկացման ուղղությամբ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, արցախյան կողմի դիրքորոշումը մեկ անգամ ևս վերահաստատվել է մայիսին և հոկտեմբերին տարածաշրջանային այցի շրջանակներում, Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ:  Հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթացի ապահովման և խաղաղ կարգավորումն առաջ մղելու համար առանցքային է համարվել բանակցութունների եռակողմ ձևաչափի  վերականգնումը՝  դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ: Արտաքին քաղաքական օրակարգում մեծ նշանակություն է տրվել Արցախի առկա միջազգային կապերի ամրապնդմանը և միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը: Կայացել են Արցախի պատվիրակության աշխատանքային այցերն Ռուգվայ, Արգենտինա, Ավստրալիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և Եգիպտոս, որոնց շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ տվյալ պետությունների քաղաքական-հասարակական  և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, և ձեռք են բերվել համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանավորվածություններ: Տարվա ընթացքում Արցախ է այցելել 77 պատվիրակություն միջազգային  տարբեր կազմակերպություններից, և 149 օտարերկրյա լրագրող՝ շուրջ 50 լրատվամիջոցներից: Միջազգային կառույցներում արցախյան կողմը նախաձեռնել է միջազգային համաձայնագրերի,  առաջին հերթին մարդու իրավունքների ոլորտին  առնչվող դրույթների իրականացման վերաբերյալ Ազգային զեկույցներ ներկայացնելու գործընթաց: Միավորված ազգերի կազմակերպությունում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է քաղաքացիական և քաղաքական իրավունքի մասին միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ, մեր կողմից պատրաստված պարբերական զեկույց: Մեկնարկել են տնտեսական--սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները:

Արցախը նաև ընդլայնում է իր ներգրավվածությունը գլոբալ խնդիրների և միտումների քննարկման գործընթացներում: Հենց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Արցախի միանալը ՄԱԿ-ի կայուն  զարգացման 2030 օրակարգին, որի շրջանակներում Արցախում ստեղծվել է կայուն զարգացման Ազգային Խորհուրդ, նախապատրաստվել և ՄԱԿ է ներկայացվել «Կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ» ազգային զեկույց: Միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ տարածվել է Արցախի Հանրապետության տարբեր պետական կառույցների կողմից պատրաստված 7 փաստաթուղթ: Մեր երկրի անկախության միջազգային ճանաչումը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  խաղաղ կարգավորումը, այսուհետ ևս, համոզված եմ, կշարունակեն մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական առանցքային առաջնահերթությունների շարքում: Քայլեր կձեռնարկվեն Արցախի միջազգային կապերի և հարաբերությունների ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Հիմնականում ուշադրություն կդարձվի ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը, ինչը միջազգային գործընթացներում Արցախի համայնքների և շրջանների ներգրավման  կարևոր գործիք է դարձել: Մասնավորապես, նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կատալոնիայի Սանտ Հիլարի Սակալմ և Մարտակերտ, Բելգիայի Ալստ և Քարվաճառ, Կորսիկայի Բաստիա և Մարտակերտ, Ֆրանսիայի Կլամարի և Ասկերան քաղաքների, Ֆրանսիայի Պրիվա և Արցախի Բերդաշեն համայնքների միջև համագործակցության հռչակագրեր ստորագրելու ուղղությամբ: Բանակցություններ են ընթանում նաև Շուշիի և Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքների միջև, համագործակցության հռչակագիր ստորագրելու հնարավորության շուրջ: Աշխատանքներ կտարվեն Արցախի բարեկամների միջազգային «САНС ПРО АРЦАХА» նախաձեռնության իրականացման ուղղությամբ, միջազգային հարթակում Արցախի մասին տեղեկատվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավման աջակցելու նպատակով: Արտաքին քաղաքականության կարևոր խնդիրները կմնան Արցախի անվտանգության  ապահովումը, տարածաշրջանում Արցախի դիրքերի ամրապնդումը, որպես խաղաղության և կայունության գործոնի, այլ երկրների և տարածաշրջանային  կազմակերպությունների հետ կապերի հաստատումը, ընդհանուր շահերի ու համաձայնությունների որոնում: Տեղեկատվական դաշտում ամենօրյա համակարգված և ավելի նպատակային գործունեություն ծավալելու, ինչպես նաև, ճգնաժամային տարբեր հրատապության իրավիճակներում աշխատելու պատրաստի գործիքակազմ ապահովելու նպատակով աշխատանքներ կտարվեն տեղեկատվական քաղաքականության ընդհանուր ռազմավարության մշակման ուղղությամբ:

Արցախի Հանրապետությունը կշարունակի մարդու իրավունքների մասին միջազգային հիմնարար կոնվենցիաներին միանալու գործընթացը: Կարևորելով արտաքին քաղաքականության տնտեսական  բաղադրիչը, կշարունակվի աշխատանքները տարբեր երկրների հետ տնտեսական կապերի հաստատման, Արցախի զարգացման համար, արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման և ներդրումների խրախուսման ուղղությամբ: Կշարունակվի աշխատանքը օտարերկրյա կազմակերպությունների և հիմնադրամների հետ Արցախում զարգացման ծրագրեր  իրականացնելու նպատակով: Արտաքին քաղաքական օրակարգային խնդիրներից է Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը, մասնավորապես արտաքին քաղաքական օրակարգային խնդիրների իրագործման շուրջ: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ արտաքին ոլորտում արձանագրված դրական արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության հետ սերտ համագործակցության շնորհիվ: Պաշտոնական Երևանը շարունակում է համառորեն պաշտպանել Արցախի շահերը ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում և տարբեր միջազգային ատյաններում սատարում մեր Հանրապետությանը:

Տնտեսություն: Հարգելի ներկաներ: Կուզենայի կանգ առնել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված ու նախատեսվող մի շարք աշխատանքների վրա: 2019թ. համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է 342 միլիարդ 500 միլիոն դրամ, ապահովելով 10,3 տոկոս տնտեսական աճ, հիմնականում մշակվող արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության, առևտրի ու ծառայությունների  ոլորտներում ստեղծված, ավելացված արժեքների աճի հաշվին, 448 ԱՄՆ դոլարով  ավելացել է մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը՝ կազմելով 4803 ԱՄՆ դոլար: 23,6 տոկոսով բարձրացվել է նվազագույն աշխատավարձը, որը 2020թ. հունվարի 1-ից կազմում է 68 հազար դրամ: Միջին ամսական աշխատավարձն աճել է մոտ 9 տոկոսով, և տարեվերջին կազմել է 175,522 դրամ, միջին կենսաթոշակն աճել է 2,4 տոկոսով՝ կազմելով 44,375 դրամ: Տնտեսությունում արձանագրվել է ցածր գնաճ՝ 0,4 տոկոս: Առևտրի շրջանառության ծավալը կազմել է ավելի քան 134 միլիարդ դրամ՝ աճելով 9,4 տոկոսվ: Ծառայությունների ծավալը կազմել է 76,5 միլիարդ դրամ ապահովելով 14,4 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: Տարեսկզբի դրությամբ առևտրային բանկերի ,վարկային ներդրումների ընհանուր գումարը աճել է ավելի քան 15 տոկոսով, իսկ բանկերում բնակչության ավանդների ծավալը մոտ 14 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 18,2 տոկոսով, կազմելով ավելի քան 656 միլիոն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը 283 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ ավելի քան 373 միլիոն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է ավելի քան 40 տոկոսով, իսկ ներմուծումը՝  5,7 տոկոսով:  Արտահանման ծավալն առանց հանքահումքային մթերքների աճել է 2,6 անգամ՝ կազմելով արտահանման 54,2 տոկոսը: Անցած տարում պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 60 միլիարդ 141 միլիոն 500 հազար դրամ, գերազանցելով ծրագրային ցուցանիշը 0,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեփական եկամուտների ցուցանիշը՝  10,8 տոկոսով, կամ շուրջ 5 միլիարդ 860 միլիոն դրամով: Բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ, պարտքերի կուտակմամբ: Նախատեսված ծրագրերը հիմնականում իրականացվել են նախանշված ծավալներով, ապահովելով ակնկալվող արդյունքները: Բյուջեով նախատեսված ծախսերը կազմել են ավելի քան 111 միլիարդ 812 միլիոն դրամ, որը 7,4 միլիարդ դրամով ավելի է 2018թ. ցուցանիշի համեմատ, և կազմում է նախատեսված ծրագրի 97,7 տոկոսը: Տարեսկզբից գործողության մեջ դրված օրենսդրական բարեփոխումները միտված էին գործարար միջավայրի, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերի հարկման առավել բարենպաստ պայմանների ձևավորմանը: Դրանց շնորհիվ  հանրապետության հարկատուների ավելի քան 30 տոկոսի գերազանցապես փոքր սուբյեկտների համար նվազել է հարկային բեռը: Արտոնագրային վճարներով հարկվող շեմի բարձրացմամբ, 7մլն 200 հազար դրամից 12 մլն դրամի ընդլայնվել է արտոնագրային վճարներով հարկման  շրջանակը, ներառելով ավելի շատ փոքր սուբյեկտներ: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտը ուղևորափոխադրումների ծառայություներ իրականացնողների  համար 4 անգամ կրճատվել է՝ 2 տոկոսից դարձել է 0,5 տոկոս, ավտոմոբիլային ճանապարհների  շինարարության  նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների դրույքաչափը: Հուլիսի 1-ից մեկ տոկոսային կետով նվազել է եկամտային հարկի դրույքաչափը: Գործունեությունը նոր սկսած 484  փոքր ձեռնարկատերեր օգտվել են եռամսյա ժամկետով հարկային պարտավորություններ չկատարելու արտոնությունից: Օրենսդրական բարեփոխոմների շրջանակում տեղեկատվական տեխնալոգիաների ոլորտի ձեռնարկություններին տրամադրվել են հարկային արտոնություններ, նպատակ ունենալով նպաստել ոլորտում գործող սուբյեկտների  գործունեության հետագա զարգացմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը: Այս ամենը հանգեցրել է փաստացի հարկ վճարող բիզնես  սուբյեկտների թվաքանակի ավելացմանը 870-ով, կամ 13,5 տոկոսով: 2018թ. եղել է 6430 սուբյեկտ, իսկ 2019թ՝ 7300: 2018թ համեմատ 836-ով ավելացել է վարձու աշխատողների թվաքանակը: Հարկային եկամուտների և պետական  տուրքի մասով, բյուջե է մուտքագրվել  59,2 միլիարդ դրամ, որը պլանավորված 58,8 միլիարդ  դրամի ցուցանիշը գերազանցել է 0,7 տոկոսով, կամ 437 միլիոն դրամով: Նախորդ տարվա համեմատ, հարկային եկամուտների և պետական տուրքի գծով մուտքերն աճել են 10,7 տոկոսով կամ 5-7 միլիարդ դրամով: Հավաքագրված հարկային  եկամուտների և պետական  տուրքի գումարների մոտ 79 տոկոսը ապահովել է խոշոր հարկ վճարողների հաշվին: Ընթացքի մեջ են Արցախի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները, որոնք միտված են կայուն և կանխատեսելի գործարար միջավայրի ապահովմանը: Գործարար միջավայրը երկրի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու նպատակով կառավարությունը հաստատել է Արցախի գործարար միջավայրի բարեփոխումների հայեցակարգը: Այն միտված է ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայրի ստեղծմանը, հավասար մրցակցային պայմանների, գործարարության օժանդակող զարգացող շուկայական երթակառուցվածքների ապահովմանը: Կատարելագործվել են փոքր և միջին բիզնես սուբյեկտներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմները, ելնելով պետական աջակցության մոտեցումներն առաջնահերթությունների հիման վրա, ըստ ոլորտների տարբերակելու, պետական աջակցության նպատակայնությունը և հասցեականությունն ապահովելու անհրաժեշտությունից: Գյուղտնտեսական մթերքներ վերամշակող փոքր և միջին սուբյեկտները աջակցելու նպատակով, փոխհատուցվել է ավելի քան 532 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար, որը գերազանցում է 2018թ. ցուցանիշը մոտ 30 տոկոսով: Իրականացվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 218 ստուգում, ինչի արդյունքում հաշվարկվել են ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Արդյունաբերություն: Հանրապետությունում թողարկվել է շուրջ 165 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք՝ ապահովելով նախորդ տարվա նկատմամբ ավելի քան 40 տոկոս աճ, ինչին գերազանցապես նպաստել է մշակվող արդյունաբերության 2-7 անգամ աճը: Արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի կառուցվածքային փոփոխություն նախորդ տարվա համեմատությամբ: Արդյունաբերական արտադրանքում գերակշիռ տեղ է զբաղեցրել մշակվող արդյունաբերությունը՝ շուրջ  43 տոկոս, այն դեպքում, երբ 2018թ. հիմնական մասնաբաժինը պատկանում էր հանքագործական արդյունաբերությանը ավելի քան 55 տոկոս: Հանքագործական արդյունաբերությունը կազմել է արդյունաբերական արտադրանքի 30 տոկոսը, իսկ էներգետիկան՝ 19 տոկոս: Անցած տարում արտադրվել է ավելի քան 479 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որը ավելի քան 24,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և, որից 85,7 միլիոն կիլովատ ժամը արտահանվել է: Փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցմամբ, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների հետագա աճը կարևորվում է այն տեսանկյունից, որ հեռանկարում մեր նպատակն է, ոչ թե բավարարել ոչ միայն բնակչության աճող պահանջարկը, այլև արտադրության աճին զուգընթաց ապահովել արտադրական սպառման համար անհրաժեշտ ծավալներ և զարգացնել արտահանումը՝ միաժամանակ լուրջ ուշադրություն դարձնելով բնապահպանական խնդիրներին: Այդ նպատակով, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում հէկ-երի կողմից օգտագործված ջրի քանակության, ճնշման և մակարդակի ավտոմատ առցանց հաշվառման ուղղությամբ: Խախտումներ արձանագրվելու դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ: Էներգետիկայի ոլորտում նախատեսվող ներդրումները ուղղված կլինեն Հանրապետության բաշխիչ ցանցի անվտանգության և հուսալիության բարձրացմանը: Միաժամանակ, ինչպես գիտեք, որպես հեռանկարային ուղղություն, կարևորվում է արևային  էներգիայի արտադրությունը: Ընթացիկ տարում ձևավորվել է արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգոարտադրողների գործունեությունը կանոնակարգող օրենսդրա-իրավական դաշտը: Բնապահպանություն: Բնապահպանության ոլորտում առկա խնդիրները շարունակում են մնալ պետության ուշադրության կենտրոնում: Շարունակվել են այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են ջրօգտագործման, ծառահատումների, ծառերի երիտասարդացման, կենդանական աշխարհի պահպանության և կառավարման, թափոնների և մթնոլորտ արտահանումների կառավարման ոլորտներում պետական վերահսկողության իրականացումը, մակերևույթային ջրերի որակի ուսումնասիրությունները, Հանրապետության  տարածքի 7 գետի և 6 ջրամբարի ջրահավաք ավազաններում  և հարակից տարածքներում: Կատարվել են նաև ստորերկրյա ջրաղբյուրների տեխնիկական իրավիճակի զննման աշխատանքներ, ներդրվել է էներգետիկ ռեսուրսների հեռուստաչափական տվյալների դիտարկման և վերլուծության առցանց բազմաօգտատերային մշտադիտարկման կենտրոնացված համակարգ: Շարունակվել են կոնսերվացված հանքավայրերի և արդյունաբերական թափոնների մոնիտորինգի և կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրության և ծառատնկման աշխատանքները: Ոլորտում իրականացվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանը կամ նվազեցմանը, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործմանն ու վերականգնմանը: Տրանսպորտ և կապ: Միջշրջանային երթուղային ցանցի կայունության ապահովմանն է ուղղված տրանսպորտի ոլորտում վարվող քաղաքականությունը: Շարունակվել է որոշ երթուղիների կանոնավոր սպասարկման պետական աջակցությունը՝ ծախսերի սուբսիդավորման միջոցով: Լիցենզավորման համակարգի մեջ ներգրավելով կանոնակարգվել է թեթև մարդատար ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը: Հանրապետության բնակավայրերում  հեռուստառադիոյի հեռարձակման  սփռվածության  ընդլայնման  շնորհիվ, ներկայումս թվային  հեռուստահեռարձակման ազդանշանները  հասանելի են բնակչության 98 տոկոսի համար, ծածկույթն ապահովում է 71 տոկոս բնակավայրերում, իսկ ռադիոազդանշանները  հասանելի են բնակչության 97 տոկոսի համար, ունենալով 87 տոկոս ծածկույթ: Բջջային կապի ծառայության ցանցի սփռվածությունը կազմել է 98,7 տոկոս: Տարեվերջին հանրապետության բնակչության  մոտ 98 տոկոսը հնարավորություն ունեցավ օգտվելու ինտերնետ կապի ծառայություններից: Այն հասանելի է 242 բնակավայրերում: Բնակչությանը մատուցվող հեռախոսային և ինտերնետ կապի ծառայությունների բնագավառում,  էական ենք համարում  ոչ միայն որակի շարունակական բարելավումը, այլ նաև սակագների իջեցում: Ռոումինգի ծառայություների սակագների հետագա նվազեցման ապահովման նպատակով կատարված աշխատանքների շնորհիվ 2020թ. հունվարի 1-ից կիսամյակային պարբերությամբ կարձանագրվի սակագների  իջեցում, միջինում մինչև 53 տոկոս: Բացի այդ,  միջինում 20,8 տոկոսով  նվազել են նաև 10 ծառայության   սակագներ:

Գյուղատնտեսություն: Գյուղատնտեսության բնագավառում շարունակվել են աջակցության գործում մեխանիզմների կիրառմամբ հողօգտագործման ու անասնապահության, նոր տեխնոլոգիաների ներդրման հաղթահարման քաղաքականությունը ուղղված գյուղատնտեսական արտադրանքի, ծավալների ավելացմանը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 70 միլիարդ 591 միլիոն դրամ: Չնայած ճյուղում արձանագրվել է 3,7 տոկոսով անկում նախորդ տարվա համեմատ՝ պայմանավորված գերազանցապես բնակլիմայական պայմաններով, մի շարք ուղղություններով ունեցել ենք առաջընթաց: Ավելացել են բազմամյա տնկարանների տարածքները, կազմելով շուրջ 6813 հեկտար: Նախապատվությունը տրվել է նռան այգիների զարգացմանը:  Արդյունքում՝ 2018թ. համեմատ, 787 հեկտարով, կամ 58 տոկոսով ավելացել է նռան տակ մշակված տարածքները,  հասնելով մոտ 2147 հեկտարի: Շուրջ 2-3 անգամ աճել են նռան համախառն բերքը՝ 6100 տոննա: 5,5 տոկոսով աճել են խաղողի տակ մշակված տարածքները, ներկայում 1858 հեկտար, շուրջ 6 տոկոսով միջին բերքատվությունը, 63,3 ցենտներ հեկտարից:  2019թ. խաղողի համախառն բերքը կազմել է ավելի քան 7908 տոննա, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 477,4 տոննայով, կամ 6,4 տոկոսով: Ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված  աջակցության ծրագրերի շրջանակներում, այս տարի կաթիլային ոռոգման համակարգ է տեղադրվել  641 հեկտարի վրա: Հանրապետությունում կաթիլային համակարգով  ոռոգվող տարածքները հասցնելով 1661 հեկտարի, որից պտղատու և խաղողի այգիներ՝ 1137 հեկտար, ծխախոտ՝ 168 հեկտար, և բանջարաբոստանայինը՝ մոտ 356 հեկտար. 301 հեկտար տարածքի վրա տեղադրվել է աձրևացման-շարժական համակարգ: Հանրապետության տարբեր համայքներում, հորատվել, վերականգնվել և վերանորոգվել են ջրամատակարարման կառույցներ, ինչի արդյունքում ոռոգվող տարածքներն ավելացել են 580 հեկտարով: Վերակառուցվել է Խաչենի ջրամբարի սիֆոն խողովակաշարային համակարգը, մայր ջրանցքի վթարված մի քանի հատվածներ: Փաստացի ոռոգվել է 6350 հեկտար հողատարածք՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 1090 հեկտարով, կամ 20,7 տոկոսով: Անասնաբուծական հիմնական մթերքների արտադրության մասով գրանցվել է աճ՝ մսի արտադրությունն աճել է 3,7 տոկոսով, կաթինը՝  3,1 տոկոսով, մեղրինը՝ 17,7 տոկոսով: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով շարունակվել են գյուղատնտեսական տեխնիկայի թարմացմանն ու վերազինմանն ուղղված աջակցության ծրագրերը,  որոնց շրջանակում տարբեր շրջանների գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց լիզինգով տրամադրվել է 71 միավոր տեխնիկա և 21 միավոր ագրեգատ: Բնական աղետներից տուժել է շուրջ 25262 հեկտար ցանքատարածություն, պտղատու և խաղողի այգիներ, որից չստացած եկամուտը կազմում է ավելի քան 2 միլիարդ 836 միլիոն դրամ: Տուժած հող օգտագործողներին ցուցաբերվել է աջակցություն, շուրջ 297 միլիոն դրամի չափով, իսկ կենդանիներ տիրապետողներին՝ 11,5 միլիոն դրամի չափով: Գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության ծրագրերն ու միջոցառումները պետք է լինեն շարունակական և ուղղված գյուղատնտեսության ինտենսիվացմամբ գյուղմթերքների աճի ապահովմանը:

 Շինարարություն: Իրականացված շինարարության ծավալը կազմել է 64,6 միլիարդ դրամ՝ ապահովելով նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ, ավելի քան 23  տոկոս իրական աճ: Շինարարության 41,5 տոկոսը կատարվել է պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների տարեկան ծրագրով և ուղղվել է բնակարանաշինարարությանը, դպրոցաշինությանը, ճանապարհաշինարարությանը, առողջապահական և հասարակական նշանակության այլ օբյեկտների կառուցմանն ու վերանորոգմանը: Տարվա ընթացքում պետական բյուջեի, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կառուցվել են 3 մանկապարտեզ և մեկ դպրոց: Վերակառուցվել  ու վերանորոգվել են 2 մանկապարտեզի և 6 դպրոցի շենքեր: Ընթացքում են մեկ դպրոցի կառուցման և 2 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Իրականացվել են հասարակական և վարչական նշանակության մի շարք օբյեկտների կառուցման ու վերանորոգման աշխատանքներ, որի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 3 միլիարդ դրամ: Շարունակական են ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների հիմնորոգման ու շահագործման, ինչպես նաև փողոցների և գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Անցած տարում պետական բյուջեից ճանապարհաշինարարության վրա ծախսվել է 3 միլիարդ 367 միլիոն դրամ, իսկ 2020թ. նախատեսված է շուրջ 3 միլիարդ 838 միլիոն դրամ: Բնակարանային շինարարությունը պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումների կարևորագույն ուղղություններից է, որի շնորհիվ բարելավվում են սոցիալական առանձին խմբերին պատկանող ընատիքների բնակարանային պայմանները: Այդ նպատակով կառուցվել է 44 բնակելի տուն, վերանորոգվել է 62-ը, 47 ընտանիք ստացել է փոխհատուցում, վերանորոգման կամ գնման դիմաց: Մեկնարկել և ներկայումս ընթացքում են 34  տան կառուցման և 24-ի վերանորոգման աշխատանքները: Իրականացվել են Ստեփանակերտում գտնվող նախկին հանրակացարանը՝ 50 բնակարանոց շենքի վերակառուցման, վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում թվով 25 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ: Ընթացիկ տարում պետական բյուջեի միջոցներից բնակարանային շինարարության ծրագրերին կհատկացվի ավելի քան 3 միլիարդ 457 միլիոն դրամ, որը շուրջ 22 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Տարբեր ծրագրերի շրջանակներում վերանորոգման-վերականգնողական աշխատանքների իրականացնելու  նպատակով, մեր քաղաքացիներին փաստացի տրամադրվել է ավելի քան մեկ միլիարդ դրամի շինանյութ: Պետական ֆինանսական աջակցությամբ  հիպոթեքային վարկավորման միջոցով հանրապետության քաղաքներում և գյուղերում իրենց բնակարանային պայմաններն են բարելավել 866 ընտանիք, որից 360-ը՝ նոր բնակարանի գնման կամ կառուցման: Աճել է հիպոթեքային վարկի տոկոսների վճարմանն ուղղվող ֆիզիկական անձանց եկամտային հարկի վերադարձվող գումարը: 328 վարկառուի վերադարձվել է 178 միլիոն դրամ, որը 2018թ. համեմատ ավել է ավելի քան 23 տոկոսով: Անցած տարի մեկնարկել  է և ընթացիկ տարում շարունակում են աշխատանքները  Ստեփանակերտում բնակելի երկու նոր թաղամասերի կառուցապատման ուղղությամբ, որի նպատակն է պետական-ֆինանսական մասնակցության միջոցով բնակչության համար ապահովել շուկայականից նկատելի ցածր արժեք ունեցող բնակարանների առաջարկ: Թալիշ գյուղում վերջին տարիներին իրականացված վերականգնողական մեծածավալ աշխատանքների շնորհիվ գյուղի նախկին բնակիչները վերադարձել են գյուղ և իրենց կյանքն են շարունակում հայրենի բնակավայրում:  Բնական  հունով աշխատում են գյուղի դպրոցը,  համայնքային կենտրոնը  և հասարակական այլ օբյեկտներ:

Սոցիալական ոլորտ: Ժողովրդագրության և վերաբնակեցման բնագավառներում, կառավարության գործունեության հիմնական ուղղություններն են հանրապետությունում ծնելիության աճի խթանումը, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի աստիճանական զարգացումը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենցաղային պայմանների բարելավումը, հասարակության մեջ նրանց ինտեգրումը, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային ապահովվածությունը, միգրացիոն գործընթացների կարգավորումը: Իրականացված ծրագրերի արդյունքում հանրապետությունում ավելացել է մշտական բնակչության թվաքանակը՝ հասնելով 148,8 հազարի, բնական աճի ցուցանիշը կազմել է 964 մարդ: Ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում 2405 երեխայի ծննդյան  կապակցությամբ, տրամադրվել են միանվագ նպաստ և 925 երեխայի անվամբ, ովքեր ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաներն են, շուրջ 538 միլիոն դրամ ընդհանուր գումարով, բացվել են նպատակային-ժամկետային ավանդներ: Արցախի տարբեր շրջաններում բնակվող 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող 36 ընտանիք ապահովվել է բնակարանով: Կահավորված բնակարաններ են հատկացվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 3 անձանց: Աշխատանքներ են իրականացվել գիշերօթիկ հաստատություններում ապրող 40 երեխայի բարեկեցության, առողջության, կրթության ու դաստիարակության ապահովման ուղղությամբ: Վերաբնակեցման ծրագրերի իրականացման շրջանակներում մշտական բնակություն է հաստատել 25 ընտանիք՝ ստանալով վերաբնակչի կարգավիճակ և համապատասխան ֆինանսական արտոնություններ: Իրականացվել է վերաբնակ 125 ընտանիքների արդեն սեփականության իրավունքով բնակելի տների և տնամերձ հողամասերի տրամադրման գործընթացը: Քաշաթաղի շրջանի Միջնավան  քաղաքում սկսվել և ներկայումս շարունակվում է վերաբնակիչների համար 4 բնակարանի վերակառուցումը: Բնակարանների վերանորոգման նպատակով, 42 համայնքում բնակվող 130 փախստականի և 12 վերաբնակչի տրամադրվել է ավելի քան 76 միլիոն դրամի շինանյութ: Արցախի Հանրապետությունը վերաբնակեցվող բնակավայրերում իր գործունեությունն է շարունակում Լիբանանի «Արցախֆոնդ» հիմնադրամը, որը «Նոր կյանք, նոր հույս» բարեգործական ծրագրով աջակցել է 3 և ավելի երեխա ունեցող 144 ընտանիքի: Շարունակվել են քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրականացման աշխատանքները: Կենսաթոշակային ապահովության ոլորտում, կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավման նպատակով ներդրվել է գործիք, նվազագույն թոշակ, որի չափը շարքային զինծառայողների սոցիալական և աշխատանքային կենսաթոշակառուների համար 2019թ. սահմանվել է 25500 դրամ, իսկ ընթացիկ տարվա համար այն սահմանված է 26500 դրամ: Կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ կազմելով 100 հազար դրամ: Վաստակավոր պատվավոր կոչման արժանացած անձանց համար սահմանվել է ամենամյա պատվովճար՝ 20 հազար դրամի չափով, սկսած 2020թ. հունվարի 1-ից: Վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակներում 459 հաշմանդամի տրամադրվել է աջակցություն տարբեր վերականգնողական տեխնիկական միջոցներ: Շուրջ 170 միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը պետությունն ապահովում է տնային պայմաններում, իսկ 75-ը գտնվում են պետության լրիվ խնամքի տակ: Հայրենական մեծ պատերազմի  հաշմանդամներին, մասնակիցներին, նույն պատերազմում զոհվածների  այրիներին, ինչպես նաև առանձին սոցիալական խմբերին պատկանող անձանց տարվա ընթացքում տրամադրվել է շուրջ 234 միլիոնի դրամի չափով միանվագ դրամական օգնություն: Ամուսնության միանվագ նպաստ է ստացել 1481 անձ՝ 150 հազար դրամի չափով: Շարունակվել է նաև շրջաններում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքների բնակելի տներ կառուցելելու նպատակով պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիրը, որից օգտվել է 80 ընտանիք: Ընթացիկ տարում կշարունակվեր կենսաթոշակային զբաղվածության, հաշմանդամության, տարեցների, կանանց ու երեխաների  հիմնահարցերի վերաբնակեցման բնագավառներում բարեփոխումների ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Շարունակական կլինեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերը:

Առողջապահություն: Առողջապահության համակարգի բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման և նորագույն սարքավորումներով համալրման ուղղությամբ կատարվել են համապատասխան աշխատանքներ:Շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շերքը: Այն համալրվել է բժշկական սարքավորումներով,  պարագաներով ու գործիքներով,  շուրջ 365 միլիոն գումարի չափով: Շարունակվել է համակարգը բժշկական կադրերով համալրվելու գործընթացը: Տարեսկզբից  մինջև 15 տոկոսով բարձրացվել են բուժաշխատողների աշխատավարձերը: Հանրապետութան բնակչությանը անվճար տրամադրվել է 200 միլիոն դրամի դեղորայք, նույքան էլ հատկացվել է 282 քաղաքացու բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով: Որպես կարևոր ձեռքբերում,  հարկ եմ համարում առանձնացնել էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, որի շնորհիվ կարգավորվել են քաղաքացիների հերթագրման  գործընթացը    պետական պատվերների շրջանակներում իրականացվող ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմները: Աշխատանքներ են կատարվում ամբուլատոր ծառայությունները համակարգի մեջ ներառելու,  ինչպես նաև էլեկտրոնային  քարտի  ներդրման  ուղղությամբ:

Կրթություն, գիտություն և սպորտ: Կրթության ոլորտում աշխատանքներ են տարվել ուղղված հանրապետությունում նախադպրոցական և դպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնմանը և որակական ցուցանիշների բարձրացմանը: Նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով հանրապետության համայնքներում բացվել են 9 նոր նախադպրոցական խմբեր և Ասկերանի շրջանի Շոշ համայնքի նոր մանկապարտեզը, որը գործարկվել է այս տարվանից: Անցած տարվա սեպտեմբերի 1-ից մինչև 10 տոկոսով բարձրացվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը: Ուշադրության կենտրոնում են եղել համընդհանուր ներառական կրթության խնդիրները: Մասնավորապես Հանրապետության մի շարք դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, մասնագիտական խմբի աշխատանքների համար: Ակտիվացել են աշխատանքները նախնական տեխնոլոգիական կրթության ապահովման և դպրոցներում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Պետական և բարեգործական միջոցներով հանրապետության հինգ գյուղական համայքներում բացվել են «Արմատ» ինժեներական լաբորատորիաներ: Կարևորվում է դպրոցականների շրջանում մասնագիտական կողմնորոշման  ծրագրի շարունակական իրականացում: Հետևողական աշխատանքներ են տարվել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, արհեստավոր և կրտսեր մասնագետների պատրաստման հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Հատկանշական է արտասահմանյան ուսումնարանների հետ համագործակցային կապերի հաստատումը, բարձրագույն կրթության ոլորտում 2019թ. սկսվել է ԲՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացը՝ շարունակվում են Արցախի պետական համալսարանի մասնաշենքերի վերակառուցման աշխատանքները: Ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացված աշխատանքների շնորհիվ ապահովվել է Արցախի մարզիկների մասնակցությունը Հայաստանի, Եվրոպայի աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին: 2493 մարզիկ մասնակցել են միցաշարերի և առաջնությունների, որոնցից 79՝ Եվրոպայի, 23-ը՝ աշխարհի, 145 մարզիկ արձանագրել է բարձր ցուցանիշներ և արժանացել պետական պարգևների: 2019թ. առանձնացել է մի քանի կարևոր իրադարձությամբ: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի, ԿՈՆԻՖԱՅԻ հովանու ներքո Արցախում կազմակերպվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն: Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեի նախաձեռնությամբ, կազմակերպվել են 7-րդ համահայկական խաղերը, որին մասնակցելու նպատակով Արցախ են ժամանել պատվիրակություններ՝ 35 երկրից: Կայացել է նաև սպորտային պարերի միջազգային մրցույթ՝ «Պար առանց սահմանի» խորագրի ներքո միջազգային կարգի պարողների և մրցավարների մասնակցությամբ: Կառավարությունը կշարունակի կրթության, գիտության և սպորտի ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը ուշադրության կենտրոնում ունենալով համընդհանուր ներառական կրթության անցման, տեխնոլոգիական կրթության և մասնագիտական կողմնորոշման ընդլայնման, ԲՈՒՀ- երի գիտահետազոտական գործունեության խթանման, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների խրախուսման, սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի խթանման հարցերը:

Մշակույթ և զբոսաշրջություն: Մշակույթի ոլորտում իրականացված միջոցառումները, ինչպես միշտ, ուղղված էին ազգային մշակույթի պահպանմանը, Հայաստանի և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի զարգացմանը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը: Այստեղ հատկանշական է նաև «Արցախը մեր տունն է» փառատոնի անցկացումը՝ նվիրված Արցախում ապրող ազգային փոքրամասնություններին: Զբոսաշրջությունը, որպես  մեր երկրի տնտեսական զարգացման մեջ ներդրում ունեցող բնագավառ, որը Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու կարևոր ուղղություններից մեկն է, գրանցել է աճի կայուն դինամիկա: Անցած տարի Արցախ է այցելել 41963 օտարերկրյա զբոսաշրջիկ, որը 46,7 տոկոսով  ավելի է նախորդ տարվա համեմատ, 28-ով ավելացել է գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը՝ հասնելով 92-ի: Կառավարությունը կշարունակի մշակույթի, երիտասարդության, զբոսաշրջության բնագավառներում  իր առջև դրված գերակա խնդիրների լուծման ուղղված աշխատանքները:

Ներքին անվտանգություն, հասարակական կարգի պահպանման և արտակարգ իրավիճակների ոլորտներ: Համապատասխան աշխատանքներ են իրականացվել Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման,  հասարակական  անվտանգության ապահովման ուղղություններում, ինչի արդյունքում պահպանվել է կայուն և վերահսկելի օպերատիվ իրավիճակ: Արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում, համապատասխան աշխատանքներ են իրականացվել հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների  պահպանման ուղղությամբ, համալրելով համակարգի նյութա-տեխնիկական բազան, ինչի շնորհիվ բարձրացել է իրականացվող աշխատանքների արդյունքները:

Հարգելի գործընկերներ: Ինչպես գիտեք, սա իմ վերջին ելույթն է Ազգային ժողովի նիստում, որտեղ օրենքով սահմանված կարգով, ներկայացրի ամենամյա հաղորդումը, «Արցախի Հանրապետության նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների, ինչպես նաև, ընթացիկ տարվա 2020թ. հունվարից մինչև իմ լիազորությունների ավարտը» ծրագրի վերաբերյալ: Եվ քանի որ իմ լիազորություններն ավարտվում են սույն թվականի մայիսի 21-ին, կուզենայի կանգ առնել այս տարիների ընթացքում մեր համատեղ աշխատանքը բնութագրող մի շարք կարևոր ցուցանիշների վրա: Նախ և առաջ կուզենայի ընդգծել, որ այն ամենը, ինչին հասել ենք վերջին 13 տարվա ընթացքում, տեղի է ունեցել բացառապես մեր ժողովրդի համառ, քրտնաջան, ստեղծագործ և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ՝ ուղղված ժողովրդավարության սկզբունքներին ու  նորմերին համահունչ, ազատ, անկախ պետություն կառուցելուն, այնպիսի պետություն, որը ոչնչով չի զիջում, իսկ որոշ չափորոշիչներով, նույնիսկ գերազանցում է բազմաթիվ ճանաչված, այդ թվում, նաև, տարածաշրջանային պետություններին: Այդ ամենին հնարավոր էր հասնել պետական իշխանության, նրա օրենսդիր, գործադիր և դատական ձևերի բարձր մակարդակով կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով: Կուզենայի երախտագիտության խոսքեր հղել մեր երկրի պատգամավորական կորպուսին, որն իր գործունեության առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել համընդհանուր խնդիրների լուծման և համապետական ծրագրերի իրականացման գործում:

 Իսկ հիմա անցնեմ 13 տարվա մեր համատեղ աշխատանքի արդյունքները բնորոշող որոշ թվերի և ցուցանիշների, ինչի մասին ավելորդ չեմ համարում խոսել այս ամբիոնից: Իրականացվել է բավականին մեծ աշխատանք՝ կյանքի են կոչվել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր: Մեր երկիրն անցել է լուրջ դժվարությունների միջով և պատվով հաղթահարել  դրանք: Ինչպես գիտենք, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է: 2007թ. այն կազմել է 70,8 միլիարդ դրամ, իսկ 2019թ. գերազանցել է 242 մլրդ դրամ: Եթե 2007թ. մեկ շնչին ընկնող համախառն ներքին  արդյունքը կազմում էր 1490 ԱՄՆ դոլար, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 4803 դոլար: 2007թ. պետբյուջեի ծավալը կազմում էր 30,8 մլրդ դրամ: 2020թ. այն կազմեց 121 մլրդ դրամ: Այսպիսինն են 2007 -2019թթ. որոշ ոլորտներում արձանագրված ցուցանիշները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 22 միլիարդից հասել է 164,5 մլրդ դրամի: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 23,8 միլիարդից հասել է գրեթե 70,6 մլրդ դրամ: Շինարարության ծավալը 20,8 մլրդ դրամից հասել է 64,6 մլրդ դրամի: Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 277,4 մլն ԱՄՆ դոլարից  հասել է ավելի քան 656 մլն դոլարին համարժեք դրամի: Եթե 2007թ. մեր երկրում արտադրվում էր 90,4 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ապա 2019թ-ին ԱՀ գրեթե այդ չափով  էլեկտրաէներգիա միայն արտահանվել է 85,7 մլն կիլովատ ժամ, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 479,3 մլն կիլովատ ժամ: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղված պետական ծրագրերի իրականացման արդյունքում, այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունն ավելացել է ավելի քան 10 000 մարդով: Մեր երկրում կառուցվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Ավարտին է հասցվել Հյուսիս-հարավ մայրուղին, կառուցվել է Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղին, շահագործման են հանձնվել և վերանորոգվել  բազմաթիվ այլ ճանապարհներ: Մայրաքաղաք Ստեփանակերտը և հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են շրջօրյա ջրամատակարարմամբ: Փաստ է, որ կերպարանափոխվել են Ստեփանակերտը և Շուշին, տարբեր գյուղեր և քաղաքներ: Նպատակասլաց աշխատանքներ են իրականացվել  արտաքին քաղաքական ոլորտում՝ մեր երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելի գործում: 2012թ. մեկնարկեց և այսօր ընթացքի մեջ է տարբեր երկրների վարչական միավորումների կողմից ԱՀ ճանաչման գործընթացը, ակտիվորեն ընթանում է երկկողմ հարաբերությունների զարգացումը: Շոշափելի արդյունքներ են գրանցել մեր մարզիկները, ովքեր վերջին ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի տարբեր միջազգային մրցույթներում դարձել են հաղթող կամ մրցանակակիր: Լուրջ արդյունքներ ունենք նաև մշակույթի ոլորտում: Այս տարիների ամենամեծ մարտահրավերը եղել է ապրիլյան պատերազմը: Պաշտպանության բանակը, մեր ժողովուրդը, մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին, չեզոքացրին հակառակորդի հանցավոր ծրագրերը, պաշտպանեցին մեր երկրի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը: Խոսելով այս ամենի մասին, կուզենայի նշել, որ ես հեռու եմ այն մտքից, թե մեզ հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են մեր պատասխանատվության շրջանակում: Դեռևս անելքները շատ են: Աշխարհը դինամիկ կերպով փոփոխվում է, առաջ են գալիս նոր մարտահրավերներ: Խնդիրները, որոնք կանգնած են մեր առջև, ոչ պակաս կարևոր են ու պատասխանատու, և դրանց լուծման համար կպահանջվի առավելագույն ջանքերի գործադրում, մեր ողջ ժողովրդի ներուժի համախմբում: Միայն միասին կարող ենք հաղթահարել դժվարությունները: Այդ խնդիրներից է նոր կորոնավիրուսային համաճարակի տարածումը: Պետության գործունեությունը պետք է ուղղված լինի վարակի տարածման հետ կապված բոլոր ռիսկերի նղազեցմանը և բնակչության առողջության պահպանմանը: Վստահ եմ, որ հանրապետության նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ կբազմապատկեն դրանք, և արդյունավետորեն կլուծեն բոլոր խնդիրները՝ ողղված մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարելավմանը, մեր քաղաքացիների հուսալի անվտանգության ապահովմանը: Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, քաջ  առողջություն, հաջողություններ  ու արդյունավետ աշխատանք, ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն պարոն նախագահ: Մենք հիմա անցնում ենք Հանրապետության նախագահի հաղորդման շուրջ պատգամավորների հարցերին, և, երևի կարիք չկա հիշեցնել  նույն ձևով, ինչպես հարց ու պատասխանի ժամանակ, հարցերը հնչեցվում են այս անգամ տեղից, երկու րոպեի ընթացքում, և, խնդրեմ, հիմա հարցերի համար՝ գրանցում: Վահրամ Բալայան: Մեկ հարց ունենք մենք, փաստորեն, և, խնդրեմ, հարցի համար՝ Վահրամ Բալայան:

Վահրամ Բալայան - Պարոն նախագահ, նախ Ձեր ելույթի հետ կապված, ասեմ հետևյալը. իմ կարծիքով, համենայդեպս, Ազգային ժողովի 5-րդ գումարման և 6-րդ գումարման պատգամավորները նախագահ Բակո Սահակյանի հետ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում ենք աշխատել, և ինձ թվում  է՝ անկախ նրանից,  ով որտեղ կաշխատի, կշարունակենք  այսպես համագործակցել իրար հետ հանուն Արցախի: Հիմա՝ կոնկրետ հարցի հետ կապված: Վերջերս ես կուզենայի Լավրովի հայտարարությանը անդրադառնալ, Ռուսաստանի արտգործնախարարի, որտեղ այդ հայտարարությունից հետո հանրության մեջ որոշակի մտահոգություններ  և հարցեր առաջացան,  կարծես թե սեղանի վրա քննարկման նյութ կա:  Կարծում եմ պատեհ առիթն է նաև լսելու, իսկապես քննարկվող  նյութ կա՞, օրակարգ կա՞,  թե պարզապես դիվանագիտական մոտեցումներ են, կամ   խոսքեր են:   Շնորհակալություն:

Բակո Սահակյան - Շնորհակալություն: Այս երկար տարիների ընթացքում գրեթե չեմ հիշում մի փոքրիկ դրվագ, կապված լինեն դրանք գործողությունների հետ, իրադարձությունների հետ, մեր առօրյա աշխատանքների հետ, որտեղ ես իմ խոսքը կառուցելուց, իմ պատասխանները հնչեցնելուց,  չառաջնորդվեի այն սկզբունքներով, որը մենք որդեգրել ենք և, որով մենք հաղթահարել ենք այս կամ այն դժվարությունները, արձանագրել ենք տարբեր հաջողություններ: Եվ հաճախ ես օգտագործել և օգտագործում եմ «հաստատակամություն» բառը, և ես այդ բառը օգտագործելով, որևէ կերպ չեմ փորձում, այսպես, ինքս ինձ, կամ մեզ ներկայացնել որպես մեծամիտներ, որպես ծայրահեղներ, և այդ նույն սկզբունքը  մենք գործադրել ենք նաև արտաքին քաղաքականության հետ կապված: Տվյալ դեպքում, երբ մենք խոսում ենք Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, կապված մեր ճակատագրի հետ, որովհետև,  եթե մենք ասում ենք արտաքին քաղաքականություն, դա նշանակում է Ղարաբաղի հետ կապված,  որ մենք խոսում ենք ճակատագրի մասին: Եվ պատասխանատվությունը ընդհանուր առմամբ, ոչ ինձ, ոչ մեր պետության պատասխանատուներին չի լքել այս տարիների ընթացքում: Ես պետք է նշեմ, որ միշտ էլ բավարարված եմ եղել և բազմաթիվ, և տարբեր ձևաչափերով հանդիպումներ ենք ունեցել Ազգային ժողովում ներկայացված մեր քաղաքական ուժերի հետ, և ես հաճախ գոհունակություն էի հայտնում մեր քաղաքական գործիչներին, որ նրանք չեն տառապում ոչ մեզ վայել հատկանիշներով, և հիմնականում իրենց ծառայողական պարտականությունները իրականացնում են այդ նշված պատասխանատվությամբ: Ինչպես նաև այդ տարիների ընթացքում նշել եմ, որ մեր դեպքում բավարար չէ առաջնորդվել միայն ծառայողական և քաղաքացիական պարտականություններով:  Արցախի դեպքում մենք պարտավոր ենք բացի ծառայողական և քաղաքացիական պարտավուրություններով առաջնորդվելուց, առաջնորդվել առաջին հերթին հայրենական պարտականություններով: Եվ  այս տարիների ընթացքում ամեն կերպ մենք փորձել ենք այդ նշված սկզբունքների շրջանակներում մեր ծառայությունը մատուցել և բոլոր հարթակներում, բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ես հնարավորություն եմ ունեցել իմ, ասել է թէ՝ մեր երկրի տեսակետը ներկայացնել: Դուք հիշում եք, որ մի քանի անգամ ես հրապարակավ հայտարարել եմ, որ հարգում եմ և հետայսու, հարգելու եմ այն առաքելությունը, որը իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որովհետև հարաբերական խաղաղությունը ապահովվում է նաև նրանց առաքելության շնորհիվ:  Մեր հարաբերություններում տեղ էին գտել այդ փոխադարձ հարգանքի մթնոլորտը, և այդ ընդգծված հարգանքի մթնոլորտում,  հատկապես սկզբնական շրջանում ներկայացրել եմ, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության ենթակա չէ, և խնդրել եմ,  որպեսզի նրանք չընդունեն իմ այդ հայտարարությունը  իմ և մեր դիրքորոշումը որպես ծայրահեղություն: Եվ այս տարիների ընթացքում, որ մենք որևէ կերպ չենք շեղվել ոչ մեր դիրքորոշումից, ոչ մեր սկզբունքից: Ղարաբաղյան հիմնախնդիրը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, իմ խորին համոզմամբ, աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, որը իր մեջ ներառում է բազմաթիվ պահանջներ: Եվ մենք պարտավոր ենք այդ ամենը հաշվի առած, այդ նշված հաստատակամությամբ, հարգելով միջազգային հանրության շահագրգռվածությանը այս հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասցնելու, այնուամենայնիվ, շարունակել մնալ մեր այդ դիրքորոշման մեջ: Այն է, ինչը այս նույն դահլիճում տարբեր հանդիպումների ժամանակ ես, և իմ պաշտոնական ելույթների ժամանակ, և ձեր հարցադրումներին պատասխանելու ժամանակ նշել եմ, որ վերադարձ անցյալին, թե տարածքների, թե կագավիճակի առումով, չի լինելու: Եվ մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին,  մեր ազատագրած հայրենիքը գրկելու և շարժվելու առաջ: Մենք հարգել և հարգելու ենք համանախագահների այս կամ այն առաջարկությունները, նրանց այդ անկեղծ ջանքերը  ուղղված հակամարտության կարգավորմանը: Այս վերջին հայտարարության հետ կապված, բնականաբար, մինչ այդ հայտարարությունը, և պարզ է, որ հեղեղվել է դաշտը, կան տարբեր կարծիքներ, տարբեր մեկնաբանություններ: Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները պաշտոնապես հայտարարել են, որ չկա քննարկվող, չկա կոնկրետ փաստաթուղթ, որի շուրջ այդ քննարկումները ծավալված են, և մենք շարունակելու ենք մեր դիվանագիտական կարողությունները՝ գործադրելով մեր ընդհանուր համազգային ճակատում  այս կամ այն գործունեությունը իրականացնող մեր կազմակերպությունների հետ այն աշխատանքը, որը կատարել ենք և կատարելու ենք, և համոզված եմ՝ հաջորդ իշխանությունները այդ աշխատանքներին ավելի արդյունավետություն են  հաղորդելու, և ես չգիտեմ այս աշխարհում որևէ մի հավանական իրադարձություն, որը կարող է ստիպել մեզ փոխելու մեր դիրքորոշումը: Ես կոչված եմ եղել և այսօր էլ կոչված  եմ մեր ժողովրդի տրամադրությանը տիրապետելու, և ըստ այդմ, ժամանակ առ ժամանակ, հանդես գալու  նաև հայտարարություններով, այդ թվում, ոչ թէ միայն, ինչպես քիչ առաջ նշել եմ՝ բանակցությունների հետ կապված, այլ մեր ճակատագրի հետ կապված: Եվ եղել եմ անկեղծ: Եվ գտնում եմ, որ մենք ձեզ հետ միասին այդ նույն անկեղծության շրջանակներում ենք  մեր պարտականությունները կատարել, և առաջարկում եմ, այդ թվում, երբ այսպիսի իրավիճակներում ենք հայտնվում, երբ այսպես բորբոքում են կրքերը և տարբեր մեկնաբանություններ են տեղ գտնում մեր կյանքում, և տարբեր կարծիքներ և տեսակներ են հնչեցվում,  մենք շարունակենք մեր ավանդական հատկանիշների շրջանակներում մնալ, և շատ դեպքերում էլ չտրվել այս կամ այն ոչ համարժեք մեկնաբանություններին՝ և առաջնորդվենք ինչպես նախորդ այս երկար տարիների ընթացքում, առաջնորդվենք այդ խոհեմ, միևնույն ժամանակ, այդ խիզախ կեցվածքի մեջ լինելով: Այսպիսինն է իմ մոտեցումը:  Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք ավարտեցինք հարցերի մասը, այս կետով հարակից զեկուցում չկա, մտքերի  փոխանակություն է նախատեսված: Խնդրեմ, եթե մտքերի փոխանակության ցանկություն կա՝ գրանցվում եք: Չկան: Շնորհակալություն: Մենք այսքանով ավարտում ենք: Եզրափակիչ ելույթի հնարավորություն կա: Պարոն նախագահ, եթե ցանկություն կա եզրափակիչ ելույթի: Ու ամեն ինչ արդեն ասվեց: Պարոն նախագահ, շնորհակալություն Ձեզ, Դուք արդեն նշել եք, սա ոչ միայն Ձեր եզրափակիչ հաղորդումն էր, այլ այս գումարման խորհրդարանի համար էլ է եզրափակիչ: Ուզում եմ խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ այս բոլոր տարիների համագործակցության համար, և քիչ առաջ պարոն Բալայանն էլ նշեց, մենք միշտ էլ առաջնորդվել ենք փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման սկզբունքներով, կարծում եմ, այսուհետ շարունակելու ենք բոլորս ծառայել մեր երկրին՝ անկախ մեր գրաված պաշտոններից: Շնորհակալություն Ձեզ նաև այն ծառայության համար, որ Դուք մատուցել  եք մեր ժողովրդին, որովհետև դա շատ պատասխանատու, կարևոր առաքելություն  էր, և կարծում եմ, որ Դուք մեր երկրի տարեգրության մեջ հաստատել եք արժեքային  համակարգ, որով նաև հաջորդ մեր նախագահները պետք է առաջնորդվեն: Շնորհակալություն: Հայտարարում ենք ընդմիջում, մինջև 13:00 կառավարության հետ հարց ու պատասխանի:

Բակո Սահակյան - Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ: Շարունակում ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի, ապրիլի 30-ի հերթական նիստը և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, նախատեսվում է կառավարության հետ հարց ու պատասխան, Հանրապետության նախագահին և Կառավարությանը հարցով դիմելու օրակարգային հարցն է: Հանրապետության նախագահին մենք քիչ  առաջ լսեցինք և հնարավորություն է եղել  դիմել հարցերով, այս պահին Կառավարությունը պետնախարարի գլխավորությամբ գտնվում է Ազգային ժողովում, ուզում եմ պատգամավական կազմի անունից ողջունել մեր գործընկերներին: Գործադիր իշխանության և պատգամավորներին խնդրում եմ գրանցվել հարցերի համար: Գագիկ Բաղունց  և՝ վերջ:  Ցուցակը փակո՞ւմ ենք:

Ալյոշա Գաբրիելյան: Հարցերի համար գրանցվել են պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Ալյոշա Գաբրիելյանը: Այժմ հարցերը հնչեցնելու համար, խնդրեմ, պատգամավոր Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց - Կուզենայի իմանալ, ինչպիսի՞նն է կառավարության դիրքորոշումը, եթե չսպասելով 7-րդ գումարման Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմանը՝ ընդօրինակելով մի շարք պետությունների, աշխատանքները սկսենք Արցախի Հանրապետության «Կենսաբանական և քիմիական անվտանգության մասին» օրենքի մշակման ուղղությամբ: Եվ, 2-րդ հարցս. Ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ համաճարակային  բնույթի սպառնալիքները, մարտահրավերներ են ձևավորում կրթության ոլորտում:  Տարիներ շարունակ այս ամբիոնից ևս հնչեցված կոչերը՝ ջանքեր չխնայել արդի ոլորտի զարգացման համար, այդպես էլ մնացին «Ձայն բարբառոյ անապատի»: Ու այսօր երբ կրթության համակարգի կյանքի ճանապարհն է մնացել միայն հեռավոր ուսուցումը, ի հայտ են գալիս բոլոր բացթողումները: Հեռավար ուսուցման անցման գործընթացը ապահովված չէ ոչ տեխնիկապես, ոչ  ենթակառուցվածքներով, ոչ էլ մեթոդական առումով: Չկա մանրամասն տեխնիկական գույքագրում դասախոսների և ուսանողների, ուսուցիչների և աշակերտների, կապի արդիական միջոցներով ապահովվածության կարգում, չկա մասնագետների և սովորողների ուսուցման գործընթացում ընդգրկվածության օպերատիվ հսկողություն: Բացթողի վիճակում է մի շարք մասնագիտությունների և առարկաների մեթոդաբանության տարբեր տեսակի քննությունների կազմակերպման մշակումը և փորձարկումը: Հիմնովին և օպերատիվ աշխատանքներ չեն ընթանում Հանրապետության բոլոր բնակավայրերի համար, բարձր արագությամբ  լայնաշերտ կապի համակարգի մշակման, ֆինանսավորման և գործարքման ուղղությամբ: Կուզենայի իմանալ, ի՞նչ ծրագրեր են մշակվում համաճարակի շարունակվելու պայմաններում, գոնե մյուս ուսումնական տարում որակյալ հեռավար ուսուցում կազմակերպելու հարցում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: 1-ին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար  պարոն Գրիգորի Մարտիրոսյանը:  Խնդրեմ:

Գրիգորի Մարտիրոսյան - Շնորհակալություն հարցի համար: Կարճ կպատասխանեմ: Այս պահի դրությամբ այդ օրենքի նախագծի մշակումը, կառավարության օրակարգում չէ՝ այս պահի դրությամբ:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք պարոն Բաղունց: Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց - նորհակալություն: Այնուամենայնիվ, հրատապ եմ համարում նման հարցի անհրաժեշտությունը կա, առավել ևս, որ մեր հարևան պետություններում, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության, վերջերս  ընդունեց «Կենսաբանական և քիմիական անվտանգության մասին» օրենքը, և կարանտին մտցնելու և այլն, և այլն, մի շարք սպառնալիքներին դիմակայելու հարցում, այդ օրենքը բավականին լուրջ հիմք հանդիսացավ, և որ կարծում եմ, նկատի առնելով առկա սպառնալիքները, պետք է այդ ուղղությամբ երևի մենք էլ օրինական հիմք ունենանք: Շնորհակալություն:

Գրիգորի Մարտիրոսյան - Վստահ եմ, որ  նոր կառավարությունը, հաշվի առնելով նաև համավարակի ավարտից հետո, վերլուծության եզրահանգումները կանդրադառնա նաև  համապատասխան  օրենսդրական փոփոխությունների:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: 2-րդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նարինե Աղաբալյան – COVID-19 համավարակը, այո մեծ մարտահրավեր է առաջ բերել նաև կրթության համակարգի  համար և այսօր, համենայնդեպս, ինչքանով ես եմ հետաքրքրվել, չկա մի երկիր, որտեղ պատրաստ են եղել ամբողջական և լիարժեք իրականացնել հեռավար կրթություն: Այդ խնդիրները ակնհայտ  են նաև մեր երկրում: Պարոն Բաղունց, ես չգիտեմ ինչի՞ վրա են հիմնված  Ձեր դիտարկումները, ես ուզում եմ, ամեն դեպքում որոշ տեղեկություններ ներկայացնել՝ ի՞նչ է կատարվում այսօր հեռավար կրթության մասով: Այո, կան ուսուցիչներ, և կան աշակերտներ, ովքեր դուրս են մնացել հեռավար կրթության  համակարգից՝ տարբեր պատճառներով: Բայց, ընդհամենը 2 օր հետո, մենք ավելի ստույգ ունենալու ենք հստակ պատկերը՝ ընդգրկվածության մասով: Եվ ոչ միայն համավարակի առաջին իսկ օրից, հենց որ անցել ենք հեռավար կրթության, նախարարությունը նախաձեռնել է հարցում ուսուցիչների շրջանում, և այսօր մենք ունենք ուսուցիչների մեծամասնության 2500-ից ավել ուսուցիչների պատասխանները  20-ից ավելի հարցերին, որոնք վերաբերում են հեռավար կրթությանն առնչվող խնդիրներին: Եվ դա կատարվել է ոչ միայն այս րոպեական, այս պահի խնդիրը լուծելու համար, այլև ավելի երկարատև արդյունքի ապահովման նպատակով՝ մեր անելիքները հստակեցնելու համար: Այժմ, այդ հարցաթերթիկների արդյունքները վերլուծության փուլում են և 2 օրից մենք կհրապարակենք այդ տվյալները: Մենք ունենք նաև բոլոր տնօրենների կողմից ներկայացրած տեղեկությունները, կոնկրետ դպրոցներում՝  որ առարկաներն են պարապել, և որը չեն պարապել, և կարող եմ ասել, որ՝ ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա, երաժշտություն, շախմատ: Հիմնականում այս առարկաներն  են, որ չեն պարապվել  պարզ պատճառներով, հեռավոր ձևաչափով, մյուս առարկաներից ընդհամենը մի քանի համայնքներում մենք ունենք բացթողումներ, նորից եմ կրկնում, տարբեր պատճառներով: Զուգահեռ, նախարարությունը այս ընթացքում աշխատել է խոցելի խմբերին տեխնիկական միջոցներով ապահովելու  ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել նոթբուքներ՝ 100-ից ավելի, որոնք ներբեռնվել են համացանցում  առկա կրթական ռեսուրսներով, և երեկվանից սկսված, արդեն բաժանվում են փոքր դպրոցներին, որտեղ որ չկա համացանց, որպեսզի կարողանան անգամ համացանցի բացակայության պայմաններում օգտվել այդ ռեսուրսներից:

Աշոտ Ղուլյան - Տիկին նախարար, եթե պահ է, թողեք արձագանքի՝ մեկ րոպե էլ կարող եք: Արձագանքո՞ւմ եք. Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց - Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ ոչ մի պետություն էլ պատրաստ չէր հեռավար ուսուցման, լայնամասշտաբացման գործընթացին: Նույն Ռուսաստանում այդ թիվը, մոտավորապես 20-25 տոկոս է գնահատվում: Հագեցվածությունը ժամանակակից արդիական համակարգիչներով և այլն, և այլն: Դա բավականին լուրջ պրոբլեմ է նաև Ռուսաստանի նման պետության համար: Այնուամենայնիվ, դե գործընթացը ակնհայտ երևում է՝ 10 տոկոսից հասցրել են 25 տոկոսի, նույն Ղազախստանում, այն մարդկանց, որ չունեն համակարգիչներ, բաժանվել   247 հազար համակարգիչ: Նման քայլեր, ծրագրային քայլեր, մտածված և, նկատի առնվելով, որ համաճարակը կարող է շարունակվի մինչև մյուս ուսումնական տարին, այդ ուղղությամբ եմ ես ուզում, որ մշակվի ծրագիր, և մյուս ուսումնական տարին պատրաստ լինենք ավելի որակյալ հառավար ուսուցում կազմակերպելու:  Շնորհակալ եմ:

Նարինե Աղաբալյան - Ես Ձեզ վստահեցնում եմ, որ մեզ մոտ տոկոսը ավելի ցածր է, և աշակերտների քանակի հարաբերակցության առումով մեզ մոտ ավելի շատ աշխատանք է կատարվել՝ երեխաներին և ուսուցիչներին տեխնիկական միջեցներով ապահովելու ուղղությամբ: Կոնկրետ թվերով ես դա կներկայացնեմ առաջիկա օրերին: Նաև Ղարաբաղ Տելեկոմի հետ այս ընթացքում պարբերաբար աշխատել ենք, և հիմա արդեն մեր կողմից ներկայացվել է պատվեր սերվեր տեղադրելու Ղարաբաղ տելեկոմում, որպեսզի կարողանանք ավելի մատչելի սակագնով, և ավելի մեծ արագությամբ սփռել գյուղերում հատկապես համայնքներում, որպեսզի կարողանանք այս հեռավոր կրթությունը շարունակելու դեպքում օգտվել հեռավար կրթությունից: Նաև, կարծում եմ, հեռավոր կրթությունը,  այսուհետ, իհարկե չի կարող փոխարինել դպրոցին, բայց հեռավար կրթությունը, որպես գործիք, այսուհետ պիտի օգտագործվի բոլոր այն դպրոցներում, որտեղ ունենք մասնագետի կարիք:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:

Ալյոշա Գաբրիելյան - Բնական է, որ  ստեղծված իրավիճակում, խոսքս վերաբերվելու է համաճարակին, և այս առիթով, իհարկե, կառավարությունը ունի որոշում, և այսօր արտակարգ իրավիճակի պայմաններում, առաջին հարցս հենց ուղղում եմ կառավարությանը՝ ինչպիսի՞ հուսադրող քայլեր կան, որ Արցախի բնակչությունը զերծ կմնա ընդհանրապես վարակի տարածումից, որովհետև այն, ինչ որ աշխարհում կատարվում է, և՝ Հայաստանի Հանրապետությունում, ես գտնում եմ, որ հուսադրող չէ, գոնե այստեղ հուսադրող քայլեր կձեռնարկվեն,  և եթե մանրամասնություններ կան, ապա՝ այդ մասին, և 2-րդ հարցս այն է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կառավարության և Հանրապետության նախագահին են ներկայացրել հակահամաճարակային ՎԻ փաթեթ՝ պրոբլեմների լուծման հայեցակետային ծրագիր: Արդյոք, այն կառավարության կողմից վերանայվե՞լ է,  ինչ որ տեղ քայլեր ձեռնարկվե՞լ են, թե՝ ոչ:  Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան - Շնորհակալություն հարցերի համար: Ինչպես գիտեք, ամբողջ աշխարհում համաճարակային վատ իրավիճակը չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, և, կառավարության կողմից, նախ միջգերատեսչական հանձնաժողովի, ապա նաև արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո պարետատան ձևաչափով իրականացրվել ռիսկերը նվազեցնող մի շարք գործողություններ, գործառույթներ: Կառավարությունը այդ աշխատանքները իրականացնում է առավելագույն թափանցիկության և հրապարակայնության ձևաչափերը պահպանելով, լայն լուսաբանելով այն աշխատանքները, որոնք իրականացվում են, իսկ դրանք կիրականացվեն մի շարք ուղղություններով, մասնավորապես, նախ ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ են աշխատանքները իրականացվում և իրականացվել, և այդ արդյունքում մեզ հաջողվել է նվազեցնել, և այդ ներթափանցման քանակը, և ավելի ուշ գրանցել վարակի ներթափանցման դեպքերը Արցախի Հանրապետությունում: Մեկ այլ ուղղությամբ աշխատանքները իրականացվում են վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ ,և այդ առումով, նույպես բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացվել, և մեզ հաջողվել է, այս պահի դրությամբ, արագ սահմանափակել  արձանագրված դեպքերի տարածումը: Այս պահի դրությամբ, ինչպես հայտարարվել է, և լուսաբանվել, այդ տվյալները հրապարակված են: Մենք ունենք  արձանագրված 8 դեպք, որոնք ընդհանուր առմամբ, վերաբերվել են 3 աղբյուրների, այսինքն, այդ 8 դեպքը առաջացել է աղբյուրներից, և այս պահի դրությամբ, մենք վստահ եմ, կարող ենք արձանագրել , որ այդ 3-ից 2-ի, տարանջատման և գործողությունների իրականացման արդյունքում, այդ 2 օջախները, ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ կարող ենք համարել մարված: Գործող, որպես աղբյուր, օջախ, կարող ենք համարել Քարվաճառ քաղաքում արձանագրված դեպքը, որից՝ այս պահի դրությամբ, հիվանդ, չբուժված, չառողջացած, դեռևս այդ 3 հոգուց 2-ը Քարվաճառ քաղաքից են, և որպես այդ դեպքի շարունակություն, մենք ունեցանք նաև ևս մի վարակման դեպք, որը վերաբերվում է բուժաշխատողին՝ Ստեփանակերտ քաղաքից, բայց ըստ էության, դա այդ դեպքի շարունակությունն է, և արտակարգ իրավիճակով, պայմանավորված սահմանափակումներ կիրառելով, մենք կարողացանք սահմանափակել և թույլ չտալ վարակի տարածմանը այլ բնակավայրերում, կամ այլ անձանց շրջանում:

Աշոտ Ղուլյան - Պարոն Մարտիրոսյան, թողեք արձագանքի: Արձագանքո՞ւմ եք: Երկրորդ  հարց:

Գրիգորի Մարտիրոսյան – Այս հարցի վերաբերյալ ավարտեմ, որ մենք չենք կիրառել  համատարած սահմանափակումների քաղաքականությունը: Եվ այս պահի դրությամբ, սահմանափակվել ենք միայն, այսպես տարածական, այսինքն, միայն այն տեղերում, որտեղ որ ունենք համապատասխան վարակման դեպքեր, միայն այդ մասով կիրառել ենք սահմանափակումներ, բայց արդյունքում  հաջողվել է, որ տարածումը չթույլատրել: Երկրորդ  հարցի վերաբերյալ, մենք ստացել ենք առաջարկություններ, դրանք ներկա փուլում գտնվում են ուսումնասիրման և քննարկման փուլում, բայց ուզում եմ նշել, որ այս պահի դրությամբ այդ առաջարկությունների ընդհանուր մոտեցումների վերաբերյալ, կառավարության կիրառած միջոցառումները, գրեթե պատասխանում են առաջարկություններով բարձրացված մի շարք հարցերի: Պետք է նշեմ, որ կառավարության կողմից արդեն իսկ ընդունվել է տնտեսական ոլորտի 6 միջոցառում, որը գյուղատնտեսական ուղղվածություն ունի: Ընդունվել են նաև սոցիալական բնույթի 4 միջացառումներ, որոնք ուղղված են վարակի հետևանքների մեղմանը: Շրջանառության մեջ է գտնվում նաև մի շարք այլ տնտեսական միջոցառումներ նույնպես, որոնք կուղղվեն տնտեսավարող սուբյեկտներին, համապատասխան աջակցության տրամադրմանը, մասնավորապես՝ այն թիրախային ոլորտներում, որոնք առավելագույնս տուժել են տնտեսական այս հետևանքներից, կորոնավիրուսի հետևանքներից, և այդ առաջարկությունների ավելի համապարփակ քննարկելուց հետո, մենք, չի բացառվում, որ լրացուցիչ  ինչ որ միջոցներ նույնպես կկիրառենք:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն  պարոն Մարտիրոսյան: Քանի որ ամբիոնի մոտ եք, ես օգտվեմ իմ արտահերթ հարց տալու իրավունքից, պարոն Գաբրիելյանը  իմ հարցին, առաջին  հարցին ինքը տվեց և կարող ենք համարել սպառված, բայց, քանի որ իսկապես մենք աշխատում ենք և այս օրերը արտակարգ իրավիճակի պայմաններում են. որպես Արցախի Հանրապետության պարետ, կուզենայի  Ձեզ հարցնել, ի՞նչ խնդիրներ կան, օրինակ, բնակչության պահվածքի սահմանափակումների հետ ծանոթության և այս վիճակում ի՞նչ կարող են անել Ազգային ժողովի պատգամավորները, որպես մեր երկրի քաղաքացիներ, որպես մեր կառավարման համակարգի պատասխանատուներ: Եթե դրա կարիքը կա, որպեսզի մենք էլ այս աշխատանքների մեջ ներգրաված լինենք և կարողանանք օգտակար լինել:

Գրիգորի Մարտիրոսյան - Շնորհակալություն: Կարծում եմ, այո բոլորիս համատեղ աշխատանքի կարիքը կա, անկախ մեր զբաղեցրած պաշտոնից, որովհետև բազմիցս դրա մասին հայտարարել ենք, այս համավարակը, համաճարակը վերաբերվում է այնպիսի խնդիրների, որոնց դեմ պայքարը, արդյունավետ պայքարը կարող է կատարվել միայն ամբողջ ուժերով, այսինքն, ամբողջ ժաղովրդի համատեղ ջանքերով, այլապես մենք ուղղակի չենք կարող միայն, պետական ինստիտուտների կամ մարմինների կողմից արդյունավետ պայքար իրականացնել: Եվ այստեղ շատ կարևոր է յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը և գիտակցումը պահպանելու և ապրելակերպի մաս դարձնելու այն բոլոր պահանջները, որոնք առողջապահական մարմինները հայտարարում են, տարածում են և այլն, ըստ էության, մենք ականատեսն ենք, որ ոչ բոլորն են իրենց առօրյայում, իրենց կյանքում պահպանում այդ ռեկոմենդացիաները, որոնք առողջապահական մարմինները հայտարարում են, ներկայացնում են, և ես կարծում եմ, որ այս առումով մենք առավելագույս պետք է կարողանանք հորդորել, և բացատրական աշխատանքների շրջանակներում տարածել այդ պահանջների կատարման անհրաժեշտությունը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն:

Գրիգորի Մարտիրոսյան - Եթե թույլ տաք, կուզենայի ուղղակի երկու բառ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իսկապես վերջին անգամ ենք նաև հարց ու պատասխանի, կամ՝ այս ձևաչափով, ես կուզենայի իմ և իմ գործընկերների անունից խորին շնորհակալությունը հայտնել բոլոր պատգամավորներին այս տարիների համատեղ կառուցողական ակտիվ աշխատանքի համար: Մենք միասին աշխատանք ենք իրականացնելու ոչ դյուրին, բավականին բարդ ժամանակաշրջանում և, կարծում եմ, որ համատեղ կարողացել ենք ապահովել շատ կառուցողական և արդյունավետ համատեղ աշխատանք:  Շնորհակալություն և հաջողություն մեր հաջորդ գործընկերներին:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն պարոն Մարտիրոսյան: Երևի այսօրվա նիստի բնույթն է այդպիսին, որ մենք եզրափակիչ նիստում ենք, հետևաբար այդպիսի խոսքեր էլի կլինեն: Ուզում եմ ամփոփել և իմ կողմից նույպես արտահայտություն անել գործող կառավարության հանդեպ, ես երեկ խնդրել էի նաև, որ այդպիսի հանրագումար անենք: 2015թ-ի սեպտեմբերի 29-ից սկսած մենք կառավարության հետ հարց ու պատասխանի, այդպիսի ընթացակարգով հանդիպել ենք 24 անգամ: Եվ սա 24-րդ հանդիպումն է, էլ չեմ ասում, որ բոլոր մեր նիստերին, բացի հարց ու պատասխանից, սա կանոնակարգով նախատեսված պարտադիր հարց ու պատասխանի հետ համընկնող ժամկետների հաշվառումով է, որ բոլոր մեր նիստերին կառավարության մեր գործընկերները, որպես օրենքի նախագծի հեղինակներ, հանդես են եկել Ազգային ժողովում, ներկայացրել ենք իրենց ոլորտի խնդիրները: Մենք փորձել ենք իրար հետ լինել անկեղծ, կառուցողական, անշահախնդիր: Կարծում եմ դա մեծապես ստացվել է: Ուզում եմ պատգամավորական կազմի անունից շնորհակալություն հայտնել բոլորին, պարոն պետնախարար, Ձեր գլխավորությամբ: Հանրապետության նախագահի հետ մենք արդեն խոսել ենք նաև մեր զգացմունքների մասին: Ուզում եմ ձեր բոլորիդ նույնպես հաջողություն մաղթել, կարծում եմ մենք մեր երկրից որևէ տեղ չենք գնում, բոլորս էլ մնալու ենք այստեղ, շարունակելու ենք ծառայել երկրին, ու ինչպես և՝ որտեղ, սա արդեն կախված է երևի այն հնարավորություններից և ընտրված նոր իշխանություններից, նաև պատկերացրած կառավարման համակարգից: Շատ շնորհակալություն: Մենք այսօրվա հարց ու պատասխանի ժամանակ ունեցել ենք 3 հարցադրում: Հնչեցվել են 5 հարց, բոլոր հարցերին տրվել են պատասխաններ: Սրանով ամփոփում ենք: Շնորհակալություն հայտնենք նորից կառավարությանը, հաջողություն ասելով, այժմ փոքր պաուզա, բայց պատգամավորները մնում են դահլիճում, որովհետև մենք շարունակում ենք մեր աշխատանքները: Շնորհակալություն: Ցտեսություն ձեզ:

Աշոտ Ղուլյան - Շարունակում ենք այսօրվա նիստի, հերթական նիստի աշխատանքները, և մեր օրակարգով հաջորդ հարցը, դա նորից պարտադիր քննարկման ենթակա հարցերից է և, այժմ, ես հրավիրում եմ Արցախի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ՝ Բորիս Առուշանյանին, ներկայացնելու Քաղաքացիական ծառայության խորհրդի 2019թ. գործունեության մասին տեղեկությունները: Ընթացակարգը ձեզ հայտնի է, տեղեկությունները հաղորդվում են, կարող եք հարցեր տալ, նաև մտքեր փոխանակել: Մենք որոշումներ չենք ընդունելու այս հարցերում: Խնդրեմ, պարոն Առուշանյան:

Բորիս Առուշանյան - Համառո՞տ, թէ՞…, Համառոտ ներկայացնե՞մ:

Աշոտ Ղուլյան - Կարծում եմ, արդեն պայմանավորվել ենք:

Բորիս Առուշանյան - Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Քաղաքացիական ծառայության խորհրդի, իրեն վերապահված, Քաղաքացիական ծառայությունը միասնական պետական քաղաքականության վարման, համակարգի ղեկավարման և կազմակերպման լիազորությունների շրջանակներում, կազմակերպել և համակարգել է մի շարք աշխատանքներ: 2020թ. հունվարի 1-ի դրությամբ համակարգում ընդգրկված են 27 մարմին, 1339 քաղաքացիական ծառայող: Խորհուրդը տարվա ընթացքում հաստատել է քաղծառայության անվանացանկերում կատարված փոփոխությունները և լրացումները, համաձայնեցրել պաշտոնների անձնագրերում փոփոխությունները և նորերի հաստատումը: Ձևավորել է կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվները  և դրանցից ժամկետային աշխատանքային պայմանագրերով քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով մարմինները ներկայացրել համապատասխան կադրեր: Նույնը արվել է նաև կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց համար հավաստագիր ունեցողներից: Լրացումներ և փոփոխություններ է կատարել «Քաղծառայության մասին» օրենքում: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև նորմատիվ  իրավական ակտերում: Կազմակերպվել են մրցույթներ բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար շրջաններում և քաղաքացիական ծառայության խորհուրդի շենքում: Տարին 4 անգամ թեստավորվել են հավաստագիր ստանալու  ցանկություն ունեցողներին: Խորհուրդը ատեստավորումներ է անցկացրել համակարգում ընդգրկված քաղծառայության մարմիններում: Համապատասխան մարմիններում աշխատանքներ են իրականացվել հարցաշարի լրամշակման և համակարգչային  ծրագրերի տեղադրման ուղղությամբ: Մարմիններին, ըստ անհրաժեշտության, տրամադրվել են մեթոդական պարզաբանումներ: Ընդունվել են 275 նորմոտիվ և անհատական որոշումներ՝ ապահովել փաստաթղթերի պահպանությունը և արխիվացումը: Համաձայնություն է տրվել քաղաքացիական ծառայության 15 քաղծառայողի՝ 65 տարին լրանալուց հետո՝ մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իրենց պաշտոնները: Կազմակերպվել է քաղծառայության հերթական վերապատրաստումը: Համագործակցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի հետ: Շարունակվում են աշխատանքները մարդկային  ռեսուրսների կառավարման տեղատվական համակարգի ուղղությամբ: Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Իր լիազորությունների և գործառույթների իրականացման հետ կապված էական խոչընդոտների և անլուծելի խնդիրների չենք առնչվել: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Պարոն Առուշանյանին հարցերով  դիմելու համար, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Ձեզ՝ պարոն Առուշանյան, շնորհակալություն,  կարող եք նստել: Եթե կա ելույթի ցարկություն, մտքերի փոխանակության մասն ենք անցնում այս օրակարգային հարցով, խնդրեմ, էլի գրանցվում եք: Ելույթների ցանկություն նույնպես չկա: Մենք այսքանով ավարտում ենք, որովհետև մեր, թեև եզրափակիչ ելույթի հնարավորություն էլ կա, բայց եթե հարցեր չեն հնչել, ուրեմն եզրափակիչ ելույթի տեղ էլ չի մնում: Անցնում ենք օրակարգային հաջորդ հարցին՝ «Արցախի Հանրապետության դատախազության 2019թ. գործունեության մասին» հաղորդումն է, և այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի պաշտոնակատար, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական, պարոն Արամայիս Ավագյանը: Խնդրեմ:

Արամայիս Ավագյան - Շնորհակալություն: Հարգարժան նախագահ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, ներկաներ: 2019թ. Արցախի Հանրապետության դատախազությունը սահմանված կարգով որոշակի աշխատանք է կատարել հանրապետության  Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների իրացման ուղղությամբ, որի  վերաբերյալ Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինը ներկայացվել է հաղորդում: Նկատի ունենալով հաղորդման մեծածավալ լինելը, կփորձեմ հակիրճ ներկայացնել դատախազական գործունեության այն արդյունքները՝ Սահմանադրական լիազորություններից յուրաքանչյուր իրացման մասով, արձանագրված, այն վիճակագրական տվյալներն ու համեմատական վերլուծությունները, որոնք կարող են հետաքրքրել օրենսդիր մարմնին:

 «Հանցավորության վիճակի վերլուծություն»: 2019թ. Հանրապետության տարածքում  արձանագրվել է հանցագործությունների 952 դեպք, 2018թ. դիմաց՝ 739: 10 հազար բնակչին միջին հաշվարկով բաժին է ընկել  64,3 հանցագործություն, նախորդ տարում՝ 50,2: Զուգահեռների անցկացման և որակական և քանակական փոփոխությունների գնահատման կետ հանդիսացող 2018թ. համեմատությամբ, անցած տարում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 213 դեպքով, կամ 28,8 տոկոսով: Հանցագործությունների ընդհանուր  թվի աճ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում, գրեթե բոլոր շրջաններում: Հանցավորության, ըստ բնույթի և հանրության համար  վտանգավորության աստիճանի  շարժընթացի վերլուծությունը ցույց է տվել, որ 2019թ. գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների՝ 10, ծանր հանցագործությունների՝ 56, միջին ծանրության հանցագործությունների՝ 279 և ոչ մեծ ծանրության  հանցագործությունների՝ 607 դեպք: Ինչպես նկատելի է հրապարակված տեղեկատվությունից, հանցավորության ընդհանուր թվի աճի  հանգեցրած 213 հանցագործություններից 206-ը, կամ 97 տոկոսը՝  ոչ մեծ ծանրության  և միջին ծանրության հանցագործություններ են, որոնք առավելապես դասվում են մասնավոր հետապնդման դեպքերի թվի և տուժողի բողոքի բացակայության, կամ կասկածյալի, կամ մեղադրյալի հետ հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Սրանք դեպքեր են, որոնց համանմանները, նախկինում նույնպես արձանագրվել, սակայն հանցավորության թվում չէին հաշվառվել հանցագործների հաշվառման կարգով, որպես հանցավոր, հաշվառելու արգելքի առկայությամբ  պայմանավորված: Սակայն 2016թ. փոփոխված մոտեցումը թույլ տվեց ունենալ հանցավորության վիճակի առավել լիարժեք պատկեր և հետևություններ ու կանխարգելիչ նկատառումներով իրականացվող վերլուծությունների առավել արդյունավետ տեղեկատվություն: 2019թ. արձանագրված հանցագործությունների թվի աճի հիմնական պատճառներից է նաև նախորդ տարիներին կատարված և 2019թ. բացահայտված թվով 110 դեպքերը, որոնք արտացոլվել են տվյալ տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: Ոչ էական փոփոխություն է նկատվել ծանր և առանձնապես ծանր հանցագործների  համեմատական թվում: Հաշվետու տարում Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում, արձանագրվել են առանձնապես ծանր հանցագործության 10 դեպք: Ինչպես և նախորդ տարիներին հիշյալ ծանրության հանցագործությունների պատկերը չի փոխվել՝ դրանք սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և յուրացնելու նպատակով թմրամիջոցները ապօրինի շրջանառության դեպքերն են: Ծանր հանցագործների տեսակարար կշռում մեծ թիվ են կազմում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, մասնավորապես, բնակարանային գողությունները: Առանձնապես, խոշոր չափերով  յուրացման կամ վատման դեպքերը: Հատկանշական է, որ հանցավորության ընդհանուր թվում կատարվել են նաև որակական մեկ այլ փոփոխություն: Հանրապետության տարածքում արձանագրված 952 հանցագործության դեպքից միայն 66-ը, կամ ընդհամենը 6,9 տոկոսն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքեր: Նշվածից հետևում է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցավորության նվազ տոկոսը՝ այսինքն դրանք հանցավորության էական և շարժիչ բաժնեմասեր  չեն կազմել ու  հանցավորության վիճակագրության  ձևավորման գործում էական ազդեցություն չեն ունեցել: 2019թ. Հանրապետության տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 344 դեպք՝  2018թ  209-ի դիմաց: Հաշվետու տարում ունեցել ենք սպանության 3 դեպք, որոնք արձանագրվել են Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում: 2019թ. բացահայտվել են մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունները: Նախորդ տարվա համեմատությամբ, 2019թ. 106 դեպքով աճել են Հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 280-174 հարաբերակցությամբ, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների  բացահայտումը կազմել է 84,5 տոկոս: Մտահոգիչ է այն փաստը, որ 2019թ. 6 դեպքով աճել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը: 2019թ. արձանագրվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված 40 հանցագործություն: Վերլուծությունը ցույց է տվել, որ ինչպես նախորդ տարիներին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների գերակշիռ մասը՝ գողություն, ծեծ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերն են: Ողջունելի է այն փաստը, որ ի տարբերություն նախորդ տարիների հաշվետու ժամանակահատվածում, ընդհամենը 3 հանցագործություն է կատարվել անչափահասների խմբի կողմից: Քանի որ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները  հանդիսանում են հանրային կյանքի խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքը, և նման հանցագործությունների թիվն ու  որակական արտահայտությունն է հանդիսանում հանրային կենսակերպի անվտանգության բաղադրիչն ու բնութագրիչը, ուստի հաշվետու  տարում որոշակի աշխատանքներ են տարվել նաև վերոհիշյալ խումբ  հանցագործությունների դեմ պայքարում: 2019թ. Հանրապետության տարածքում արձանագրված հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 12 դեպքով: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 40 հանցագործություն, այդպիսով արձանագրելով 17 դեպքով աճ: Արձանագրվել է խուլիգանության 8 դեպք, որից 4-ը զենք կամ որպես զենք օգտագործող առկայի գործադրմամբ: Աճ է նկատվել ճանապարհա-տրանսպորտային պատահարներով զուգորդված հանցագործությունների ընհանուր թվում՝  67-47 հարաբերակցությամբ, 14-11 համեմատությամբ աճել է նաև մահվան ելքով պատահարների թիվը: Նշածս վիճակագրութունը դասում է ամենամտահոգիչների շարքին: Ճանապարհա-տրանսպորտային պատահարների և հատկապես դրանց թվի աճը, տրանսպորտային միջոցների ընդհանուր թվի պարբերական ավելացմամբ կամ ճանապարհների սահմանափակ հնարավորություններով կամ իրավախախտ վարորդների թվի աճով պայմանավորվելը նշանակում է ոչինչ չանել և հաշտվել ինչպես նախորդ, այնպես էլ հետագա տարիների նմանատիպ  դեպքերի կրկնությամբ: Մինչդեռ առավելագույնը, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ, դա այն է, որ հանցավորությանը նպաստ ցանկացած պայման  հնարավորություն ունենա իր ազդեցությունը թողնելու առավելագույն մեկ անգամ՝ եթե, իհարկե, այն հնարավոր չէր կանխատեսել ու բացառել նախապես: Դրանից հետո այդ պայմանի ազդեցությունը կամ պետք է հասցվի նվազագույնի, կամ այն պետք է իսպառ բացահայտվի: Դատախազական գործունեության կարևորագույն  ուղղություններից է հանդիսանում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը: 2019թ. հանրապետությունում գրանցվել է կոռուպցիոն  բնույթի 57 հանցագործություն, որոնց թվում գերակշռող մաս են կազմել պաշտոնական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի դեպքերը: Կոռուպցիոն հանցագործությունները արձանագրվել են գրեթե բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում՝ տարածված լինելով տեղական ինքնակառավարման համակարգում՝ կրթության տնտեսական գործունեության, բնապահպանական, առողջապահական ոլորտներում, արդարադատության և ոստիկանության համակարգերում:

 Քրեական հետապնդման հարուցումը:  2019թ. դատախազության կողմից հարուցվել է 29 քրեական գործ, որոնք նախաքննություն  կատարելու համար ուղարկվել են քննչական կոմիտե: Հաշվետու տարում դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչների կողմից, նախաքննություն է իրականացվել 32 քրեական գործով: 18թ.՝ 12, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5-ը, 16-ով որոշում է կայացվել քրեական գործի վարույթ կարճելու մասին, ընդ որում, 18-ը՝ ոչ արդարացման հիմքով: Դատարանը ուղարկված գործերից 4-ով կայացել է մեղադրական դատավճիռ, իսկ մեկի վարույթը կարճվել է, ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ ոչ արդարացման հիմքով:

 Հսկողությունը միջդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ: 2019թ. հանրապետության դատախազության կողմից, դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում  է իրականացվել նախաքննության մարմինների կողմից նախապատրաստված 395 և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստված 1669 նյութերի օրինականության նկատմամբ: Հանցագործության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում ենթարկվում է պատշաճ, դատավարական ստուգման, որի արդյունքները, բացի դատախազական հսկողությունից, դատավարության մասնակիցների բողոքների առկայության դեպքում, ենթարկվում են նաև դատական ստուգման, որպես միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա: Հաշվետու տարում, հանրապետության դատախազությունը հսկողության և դատական ղեկավարում է իրականացրել 670 քրեական գործերի նախաքննության օրինականացման նկատմամբ, որից մեղադրական եզրակացության դատարաններ են ուղարկվել 143-ը, 219 որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին, այդ թվում՝ 120 ոչ արդարացման հիմքով: Միջդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը ուղղված է ոչ միայն օրինականության սկզբունքի ապահովմանը, այլև օրենքի պահանջների խախտում թույլ տված, հետաքննության և նախաքննության մարմինների, աշխատակիցների պատասխանատվության անխուսափելիության ապահովելուն: Այս ուղղությամբ դատախազության կողմից վեր են հանվել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման թվով 38 դեպք: Դրանց կապակցությամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ ներկայացվել է 6 հաղորդում: Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է՝ 55, քննիչների կողմից դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 58 միջնորդություն, որոնցից բավարարվել է 52-ը: Քանի որ ձերբակալում և խափանման միջոց կալանք համարվում է դատավարական հարկադրանքի միջոցներ և զուգորդվում է այն անձի սահմանադրական իրավունքների սահմանափակմամբ, այդ պատճառով ձերբակալման և կալանավորման յուրաքանչյուր  դեպք դատախազության կողմից հատուկ քննարկման և ուսումնասիրության առարկա է, և, որպես կանոն, դատավարական հարկադրանքի այդ միջոցները կիրառում են բացառապես այն դեպքերում, երբ այլ միջոցներով դատաավարության մասնակից պատշած վարքագիծը ապահովելն անհնարին է: Այնուհանդերձ, հաշվի առնելով մարդու իրավունքների  պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մեջ տեղ գտած միջդատական քրեական վարույթի ընթացքում կալանավորման և գրավի կիրառման դեպքերի հետ կապված մտահոգությունները, դատախազության կողմից  ընդունվել է առաջիկայում այդ ուղղությամբ համապատասխան վերլուծություններ կատարելու, և անհրաժեշտության դեպքում, պրակտիկ մոտեցումների ու կալանավորման հիմքերի վերանայում կատարելու մասին որոշում: Միջդատական քրեական վարույթի, արդյունավետության առանցքային չափանիշներից է նաև հանցագործության տուժողին պատճառված գույքային վնասի հատուցումը և նախքան հանցագործության կատարումը եղած վիճակի վերականգնումը, որպես սոցիալական արդարության վերականգնման շոշափելի դրսևորում: Այդ ուղղությամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, դատարան ուղարկված քրեական գործերով, ոչ արդարացման հիմքով կարճված  քրեական գործերով, քրեական գործ է հարուցվում նշված նյութերով վեր հանված հանցագործությամբ, պետությանը պատճառված 11 միլիոն 435 հազար 79 դրամ գույքային վնասից վերականգնվել է 10 միլիոն 910 հազար ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված 62 միլիոն 175 հազարի 82 դրամ չափով վնասից ավելի քան 50 միլիոն դրամը: Պետական շահերի պաշտպանության գծով հաշվետու  տարում դատախազությունը որոշակի աշխատանք է կատարել նաև այդ ոլորտի սահմանադրական լիազորության իրացման ուղղությամբ: 2019թ. պետական շահերի պաշտպանության բնագավառում, դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում և այլ մարմիններում կատարվել են թվով 81 ստուգումներ, որի արդյունքում հայտնաբերվել է 490 իրավախախտում: Հայտնաբերված իրավախախտումների,  դրանց  ծնող պատճառների հոգատարմանը նպաստող պայմանների վերացման պահանջով, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին նեկայացվել  է թվով 33 հաղորդում միջնորդագրեր: Դատախազության կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել 1 միլիոն 438 հազար 670 դրամ, ինչպես  նաև դատարանի կողմից բավարարվել է 4 միլիոն 332 հազար 484 դրամ հայցապահանջով թվով 3 քաղաքացիական հայցեր: Պետական պաշտպանության գծով կատարված ստուգման արդյունքներով 2 դեպքում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու- մերժելու մասին, իսկ 13 դեպքով  հարուցվել են քրեական գործեր, որոնց ցուցանակներում վերականգնվել է պետությանը պատճառված  8 միլիոն 415 հազար դրամի չափով գույքային վնասը: Դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ստուգվել է նաև հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքային համայնքի ֆինանսա-տնտեսական գործունեությունը, որի արդյունքներով հարուցվել է թվով 3 քրեական գործեր և նախաքննութուն կատարելու համար ողղարկվել քննչական կոմիտե: Պետական շահերի պաշտպանության նպատակով, դատախազության կողմից կատարված ստուգումները հետապնդում են ոչ միայն թույլ տված խախտումները վերահանելու, այլև դրանք հետագայում բացառելու, և տեղում մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով: Դատախազական գործունեության շրջանակներում լրջագույն  տեղ է զբաղեցնում նաև պատիժների ու հարկադրանքային միջոցների կիրառման օրինականության նկատմանբ հսկողությունը: Հիշյալ գործառույթի շրջանակներում, դատախազների կողմից ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում, քրեակատարողական  տեսչություններում, 2019թ. կատարվել են թվով 844 ստուգումներ, որից 806-ը՝ ձերբակալվածներին պահելու վայրերում, 12-ը՝ քննչական  մեկուսարանում և քրեակատարողական հիմնարկում, 16-ը՝ քրեակատարողական տեսչությունում, իսկ 10-ը՝ հանրապետության արդարադատության նախարարության «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքային միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը մասնակցել է թվով 40 դատական նիստի՝ դատապարտյալներին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, ծանր հիվանդության պատճառով պատժի կրումից ազատելու, տուգանքա-հանրային աշխատանքներով, իսկ վերջինս, ազատազրկման փոխարինելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման հարցերով: 2019թ. համակարգի կողմից ստացվել են թվով 528 դիմումի, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 114-ով, նույն ժամանակահատվածում դատախազության կողմից կազմկերպվել է 235 քաղաքացու ընդունելություն, որոնցից 113-ը Գլխավոր դատախազի և Գլխավոր դատախազի տեղակալների կողմից: Միջազգային իրավական կապերի հարցերով դատախազության կողմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով կատարվել են քրեական գործերի նյութերի շուրջ հարցումներ, ինչպես նաև կազմակերպել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունից իրավական օգնության կարգով ստացված 55 միջնորդագրերի ու հատուկ հանձնարարականների, պահանջների կատարումը: 2019թ. հունվարի 1-ի դրությամբ, հետախուզման մեջ է գտնվել հանցագործություն կատարած 125 անձ և 12 անհայտ կորած: 2020թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ է հանցագործություն կատարած 119 անձ և 13 անհայտ կորած: Եզրափակելով ելույթս, վերլուծելով ներկայացված վիճակագրական տվյալները, դատախազության սահմանադրական լիազորությունների իրացման արդյունավետության շուրջ բացասական և դրական գնահատականներն ու եզրահանգումները, մտահոգություններն ու անելիքների վերաբերյալ ակնարկները, որպես ամփոփում, պետք է արձանագրել հետևյալը՝ 1-ին հաշվետու տարում մենք ունեցանք հանցագործության ընդհանուր թվի աճ, որը հետաքրքրական է դեպքերի իրական պատկերը վերհանելու տեսանկյունից, և կարևոր կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու, ռազմավարությունը մեթոդով որոշելու համար: Պահպանվել է հացագործությունների  բացահայտման, տարածաշրջանի երկրների համեմատությամբ, բարձր առաջադիմությունը: Հանցագործությունները ընդհանուր թվում բացասական  որակական փոփոխություններ չունեցանք՝ արձանագրելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի վերահսկելի վիճակ: Ունենք ճանապարհա-տրանսպորտային  պատահարների ընդհանուր թվի, այդ թվում, մահվան ելքով դեպքերի աճ, որը իրավապահ համակարգից պահանջում է կանխարգելիչ միջոցառումների նոր, առավել արդիական ու շոշափելի արդյունավետություն ապահովող ռազմավարություն: Նկատելի դարձավ դատախազական  միջոցների ակտիվ կիրառության անհրաժեշտությունը, այդ թվում ցուցումների, միջնորդագրերի տեսքով: Վերստին հաստատվեց նախաքննության ժամկետի ողջամտությունը, որպես անշեղելի դատավարական պահանջ և դատավարության մասնակիցների շահերի պաշտպանության առաջնային նախապայման դիտարկելի անհրաժեշտություն: Վերահաստատվեց անձի սահմանադրական իրավուքների և ազատությունների պաշտպանության գործում դատախազության դերակատարության կարևորությունը անառարկելի արդյունավետությունը: Այս ամենի գիտակցությունը ծնում է դատախազական աշխատանքի արդյունավետության շեմը բարձրացնելու և իրավական պետության բնութագրիչներին համարող, հասարակական անվտանգության, մարդու և քաղաքացու իրավունքների անշեղ պաշտպանության և օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքների կատարելագործման ու վերաարժևորման արդարացված պահանջ, որը պետք է լինի դատախազության այսօրվա և վաղվա գործունեության խթանիչն ու ուղեցույցը:  Շնորհակալություն ուշադրության համար:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Գլխավոր դատախազ, մենք հիմա կարող ենք հարցեր ուղղել: Պատգամավորները եթե հարցեր ունեն, խնդրում են գրանցվել: Խնդրեմ, Դավիթ Իշխանյան: Ուրի՞շ:  Չկա: Խնդրեմ: Հարցի համար Դավիթ Իշխանյան:

Դավիթ Իշխանյան -  Շնորհակալություն: Պարոն Ավագյան, Կովսականի մասին Դուք հիշատակեցիք Ձեր հաղորդման մեջ: Ես, որքան տեղյակ եմ՝ տեղական  ինքնակառավարման մարմինների ընտրությունից հետո էր: Իշխանաձորի շինարարության հետ կապված, կարծեմ քրեական գործ էր հարուցվել անցած տարվա ընթացքում, ժամանակին մենք նաև հարցադրումով փոխքաղաքաշինության նախարարից փորձեցինք տեղեկանալ ընթացքի մասին: Ի՞նչ ընթացքի մեջ է Իշխանաձորի շինարարության հետ կապված քրեական հարցը:

Արամայիս Ավագյան - Շնորհակալություն հարցի համար: Առաջինը նշեմ, որ Կովսականի դեպքերով հարուցված քրեական գործերը մինչ ընտրություններն էին, քաղաքացիների բողոք-դիմումների կապակցությամբ, ես անձամբ ներկայացել էի՝ պետական այրերի հետ ընդունելություն ենք կազմակերպել հենց տեղերում, այդ բողոքների հիման վրա կատարվել են համապատասխան ստուգումներ, ստուգումների արդյունքում ի հայտ են եկել այնպիսի քրեորեն հետապնդելի արարքներ, որ ստիպված հարուցվել է քրեական գործ՝ օբյեկտիվությունը բազմակողմանիությունը ապահովելու համար: Հանցագործությունները  կատարվել են տեղական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից՝ փաստաթղթերի կեղծումներ, յուրացումներ և այլ փաստերով: Ինչ վերաբերվում է Իշխանաձորի գործին, Դուք նկատի ունե՞ք տների, շինարարության հետ. դա մի երկու տարի առաջվա նյութեր էին հավաքագրված, ճիշտն ասած, ընթացքի մեջ է, կապված ասենք փորձաքննությունների հետ, ներկա դրությամբ իրավապահ մարմինների համար դժվարություններ են առաջացել, մայր Հայաստանի հետ կապված, այդ փորձաքննությունների եզրակացությունները ժամանակին ստանալու, ուղղակի, հիմնական պատճառներից մեկը, մասնագետների և փորձագետների համապատասխան եզրակացությունների հիման վրա, ստանալուց անմիջապես հետո կտրվի իրավական գնահատական:  Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, պարոն Իշխանյան:

Դավիթ Իշխանյան - Այսինքն, այդ հարցը ընթացքի մեջ է: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Ավագյան: Մեկ հարցի հայտ է եղել և այդ մեկ հարցը հնչել է, կարող եք նստել:

Արամայիս Ավագյան - Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Եթե մտքերի փոխանակության ցանկություն կա, ներկայացված հաղորդման հիմքով՝ խնդրեմ, պատգամավորները կարող են գրանցվել: Չկա մտքերի փոխանակության ցանկություն: Կարծում եմ նաև եզրափակիչ ելույթի ցանկություն  էլ չկա՝ եթե հարցերով ելույթներ չեն եղել: Շատ լավ: Ուրեմն այս հարցն էլ ենք մենք ամփոփում, ավարտում ենք «Դատախազության 2019թ. գործունեության մասին» հաղորդման ներկայացումն Ազգային ժողով: Շնորհակալություն, պարոն Ավագյան, մենք այս տարիներին, նույնպես մի քանի անգամ անդրադարձել ենք դատախազության գործունեությանը, միշտ  փոխադարձ հետաքրքրություն եղել է: Շնորհակալություն: Մենք այս հարցն էլ ենք ավարտում և անցնում ենք օրակարգային մյուս հարցին, որոնք օրենսդրական նախաձեռնություններին են վերաբերվում: Ուրեմն, առաջինը այս շարքից, մենք 2 հարց ունենք, 2-րդ ընթերցման ռեժիմով ներկայացված՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծն է կից փաթեթով, և այն ներկայացնում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը: Խնդրեմ, պարոն Դանիելյան: Հիշեցնեմ, որ կանոնակարգի համաձայն, 2-րդ ընթերցման ժամանակ պատգամավորները կարող են հարցեր տալ , եթե առաջին ընթերցումից հետո առաջարկներ են ունեցել:

Արարատ Դանիելյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում 2-րդ ընթերցմամբ «Հասարակական կազմակերպությունների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկի և անհատ ձեռնարկների պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ  կատարելու մասին» օրենքների փաթեթները: Պետք է նշել, որ առաջարկող փոփոխություններով կկատարելագործվի հասարակական կազմակերպությունների ստեղծման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գորուծունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև, կբարձրացվի կանոնադրության դերը, որը խթան կհանդիսանա ՀԿ-ների ստացիոնալ զարգացման համար հասարակական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք են ընդձեռնում՝ նրանց կտրամադրվի ֆինանսական կայունությունը ապահովող արդյունավետ գործիք, կստեղծվեն ՀԿ-ների կամավորների օրինական աշխատանքի, ինչպեա նաև  նրանց և ՀԿ-ների շահառումների,  իրավունքների պաշտպանության մեխանիզմներ: Առավել թափանցիկ կդարձվի  ՀԿ-ների գործունեությունը, կապահովվի հասարակության անդամների տեղեկատվությունը գործող ՀԿ-ների, նրանց կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող աջակցության մասին: Փաթեթում առաջարկվում է նաև Քաղաքացիական օրենսգրքում «Իրավաբանական անձանց  միություն» հասկացությունը վերացնել, քանի որ առաջարկող օրենքով թույլատրվում է, որպեսզի ՀԿ-ները ստեղծեն նաև իրավաբանական անձինք, և Քաղաքացիական օրենսգրքով այդ փոփոխությունը նախատեսելուց հետո մյուս օրենքում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացած ստորաբաժանումների, հիմնարկի և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ է առաջարկվում, իրականացնել, այսինքն, այդ կազմակերպություններին հնարավորություն է տրվում, վերակազմավորել մեկ տարվա ընթացքում, առանց որևիցէ լրացուցիչ ծախսեր կատարելու: Այ հիմնականում՝ դա, ինչ  վերաբերվում է օրենքին:

Աշոտ Ղուլյան - Մենք հարցեր չենք ունեցել, չէ՞:

Արարատ Դանիելյան - Չէ, չկան:

Աշոտ Ղուլյան - Ուրեմն, քանի որ հարցեր չեն եղել, հիմա մենք 2- րդ ընթերցմամբ մի հարց էլ ունենք, առաջարկում եմ 2-րդ նախագիծն էլ ներկայացնեք և հետո  քվեարկությունը առանձին ներկայացնենք:

Արարատ Դանիելյան - Ազգային ժողովի 2-րդ ընթերցմամբ է ներկայացվում  «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով, սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում, տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվություն պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև azdarar.nkr.am հասցեով գտնվող Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հասարակությունը հնարավորություն կունենա ավելի տեղեկացված լինելու, քանի որ տեղեկատվությունը  համախմբված կլինի տեղեկատվական միասնական հարթակում: Նաև պետք է տեղեկացնենք, որ աշխատանքներ այդ ուղղությամբ կատարվում են: Օրենքն ընդունելուց հետո ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: Ծրագրավորողները աշխատում են, որպեսզի այս օրենքը ընդունելուց հետո հնարավոր լինի գործածել այդ կառույցում: Ու  կար հանձնաժողովում քննարկելու  ժամանակ, հեղինակի կողմից առաջարկություն, որ 8-րդ հոդվածում հրապարակային ծանուցման վճարը սահմանվի ըստ տպագրական նիշի՝ մեկ տպագրական նիշի համար 10 դրամ, բայց դա մենք քննարկել ենք, այս կարգը, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում, կար  առաջարկ, որպեսզի, այս 10-ը  դրամը  3 դրամ  սարքվի, որպեսզի, ավելի մատչելի լինի, որովհետև եթե մենք համարում ենք մի տողում  կա մոտ 50-55 նիշ, և մի էջում կա մոտ 40 ու քանի տող, ապա գալիս է արդեն մոտ 20 հազար դրամ է կազմում մեկ հայտարարությունը: Ու  թեկուզ օրենքում սահմանված է նվազագույն  վճարման չափը 2000-ից, և առավելագույնը՝ 100 հազար: Ասենք սկզբից, երևի ճիշտ կլինի  3 դրամ սակագին սահմանելը, որպեսզի հետագայում, եթե արհրաժեշտություն կլինի, փոփոխություն կկատարվի:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Այստեղ էլ մենք հարցեր չենք ունեցել պատգամավորների կողմից, բայց քիչ առաջ, պարոն Դանիելյանը նշեց հեղինակի կողմից եղել են առաջարկություններ, և դրանք հանձնաժողովի քննարկման  ժամանակ ընդունվել են: Կարող եք նստել, մենք այս 2 հարցը վերջացրինք: Հիմա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը կլսենք Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյան: Խնդրեմ:

Հովիկ Ջիվանյան - Բարև բոլորին: Ինչպես արդեն նշվեց բոլորի կողմից  ներկայացվել էր մեկը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը  իր ուղեկցող փաթեթով, մի քանի այլ օրենքների  նախագծերի վերաբերյալ, և 2-րդ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի նախագիծն է ներկայացվել, ասեմ, որ սրանք, երկուսն էլ և առաջին ընթերցման ժամանակ հարձնաժողովը տվել է դրական եզրակացություն և 2-րդ ընթերցումից առաջ էլ նույնպես հանձնաժողովի նիստում տվել էր դրական եզրակացություն, ես էլ առաջարկում եմ ընդունել օրենքը, օրենքի նախագծերը որպես օրենքներ: Այսքանը, կարծում եմ մանրամասը հեղինակը, և առաջին ընթերցման ժամանակ նոր՝ րոպեներ առաջ էլ ներկայացրեց:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն պարոն Ջիվանյան, կարող եք նստել: Մտքերի փոխանակություն՝ մենք, իհարկե, հայտարարում ենք, բայց եթե հարցեր չեն եղել, ըստ էության ընդհանուր բովանդակության հետ կապված, եթե կարծիքներ կան ելույթների տեսքով՝ խնդրեմ: Չկան: Եվ մենք այս մասն էլ ենք ավարտում: Հարգելի գործընկերներ, ես հիմա խնդրում եմ ուշադիր  լինել: Մենք այս նախագծերը քվեարկում ենք: Քվեարկության ենք ներկայացնելու առանձին-առանձին, 2-րդ ընթերցման ռեժիմով ենք մենք այս հարցերին անդրադառնում, և քիչ առաջ, հարցերի քննարկումն այս ռեժիմով մենք սպառեցինք: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը «Հասարակական կազմակերպությունների մասին, իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների, և անհատ ձեռնակատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների  ծագման մասին և տեղանունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արհեստակցական միության մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», և «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», օրենքներն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 22, դեմ՝ չկա, ձեռնպահ՝  նույնպես:

 Որոշումն ընդունված է և հաջորդ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝   նույնպես:

Որոշումներն ընդունված են, և մենք շարունակում ենք Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը, անցնում ենք հաջորդ փուլ-հարցերին: Եվ այստեղ էլի արդարադատության նախարարի  կողմից ներկայացվող հարցերն են: Պարոն Դանիելյան, խնդրեմ: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին» հարցեր են:

Արարատ Դանիելյան - Դեռևս 2015թվականից արդարադատության նախարարության համակարգում ներդրվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համացանցի միջոցով հասանելի դարձավ, նախարարության համակարգում գործող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման բոլոր մարմիններին: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման, միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման կարևորագույն նպատակներից է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր միասնական էլեկտրոնային գրանցամատյան ստեղծելով, մեր երկրի ամբողջ տարածքում ձևավորել «Մեկ պատուհան» ծառայությունը: Հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը մինչև պարարտ հող կհանդիսանար քաղաքացիական ակտերի պետական գրանցումը իրականացնող  մարմինների առողջ մրցակցության համար և կարևորագույն նախադրյալը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար: Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով մասնավորապես սահմանվում է քաղաքացիների իրավունքը համապատասխան գործառույթների իրականացման նպատակով, դիմելու քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչը չի սահմանափակվի որևէ վարչական տարածքով, 2-րդը՝ հնարավորություն է ընձեռնում նվազեցնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության կառուցող ռիսկերը, 3-րդը՝ հնարավորություն է ընձեռել, ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների սպասարկման որակի բարելավումը, շնորհիվ քննարկման առարկա հանդիսացող բնակավայր ձևավորող մրցակցային դաշտին, 4-րդը՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից մեր պահանջներին: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունները կրում են հիմնականում խմբագրական բնույթ, օրենքի 14-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ կետի ենթակետում «կրկնակի  վկայական» բառերը փոխարինել  «վկայականների կրկնօրինակով», և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում է կատարվում 33-րդ հոդվածում համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսավար սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում, մեկ կետ, հետևյալն է՝ համայնքի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում, իր համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքեր   բացահայտելու, և այդ ծնունդների պետական գրանցումները ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման  գրավոր հայտարարություն: Երբ քննարկվում է հանձնաժողովում այս հարցի վերաբերյալ հեղինակի կողմից նաև առաջարկ կան, քանի որ նման, նմանատիպ փոփոխություններ կատարվել է նաև Հայաստանի Հանրապետությունում, իսկ քանի որ այս համակարգը միասնական է, միասնական էլեկտրոնային հարթակ է, մի էլեկտրոնային շտեմարան ասենք ցանկացած քաղաքացիական կացության ակտ, որը գրանցում է կատարում Արցախի Հանրապետությունում,  ընդհանուր բազայի մուտքագրումը, և առաջարկ կա, որ 22-րդ հոդվածի Ա կետը նոր խմբագրությամբ շարադրել, հինը գործում էր հետևյալ խմբագրությամբ՝ երեխայի անունը, հայրանունը ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ, նաև սեռը, դա անմիջապես ինպերատիվ նորմ է սարքում և նոր խմբագրության տրվում՝ երեխայի անունը,  հայրանունը, ազգանունը, սեռը պարտադիր կերպ, որը պետք է նշվի այդ ակտային գրառման մեջ ու, հետագայում, նաև ծննդյան վկայականում: Այ հիմնականում, այսինքն միասնական վկայականներ է տրամադրում քաղաքացիական կացության ակտերի կողմից, որը հնարավորություն է տալիս այդ  ծածկագրի միջոցով միանգամից ճշտել, թե կոնկրետ վկայականը ո՞ւմ է տրված: Ցանկացած քաղաքացիական կացության  ակտերի ստորաբաժանում դիմելու դեպքում, որը տարածքային սահմանափակում չի նախատեսում, քաղաքացիները կարող են ստանալ իրենց հուզող և անհրաժեշտ փաստաթուղթը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, եթե կան հարցեր պարոն Դանիելյանին, խնդրում եմ գրանցվել: Գագիկ Բաղունց: Ուրի՞շ: Չկա: Խնդրեմ, հարցի համար պատգամավոր Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց - Պարոն Դանիելյան, իսկ այդ գրանցման վկայականում սեռի վերաբերյալ ինչ որ ընտրություններ  ունե՞ն ծնողները: Ինչ՞ է նշանակում՝ սեռը պարտադիր է նշել:

Արարատ Դանիելյան - Պարտադիր, դա (չի լսվում) դիպոզիտիվ է բոլոր երկրներում, հիմա նոր խմբագրությամբ առաջարկում է 22-րդ հոդվածում՝ երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը դա պարտադիր նշվում է, այնուհետև ծնողների փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ նաև  ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, այսինքն դրանք լրիվությամբ ակտային գրանցումներում կա, այսօր էլ դա գործում է, միայն սեռը, ասենք ցանկությամբ ծնողների, հիմա այսինքն դա ոչ թէ ծնողների ցանկությամբ է լսվում, այլ անմիջապես այդ փաստաթղթերի ներկայացմամբ, որովհետև  մյուս  բոլոր այս հոդվածների կետերում, իսկ այստեղ մոտ 13 կետ կա, մանրամասնորեն լսվումա է, թե ակտային գրանցումը ձևակերպելու ժամանակ ինչ տվյալներ պետք է ամրագրված լինի այդ ակտային գրանցման մեջ:

Աշոտ Ղուլյան - Մի րոպե, մի րոպե: Ավարտեցի՞կ պարոն Դանիելյան, արձագանքո՞ւմ եք:  Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց - Գերմանիայումՙ ասենք թէ 3-րդ, սեռի առումով՝ 3-րդ հնարավորություններն է  ընձեռում, նման մի բան՞ա նախատեսում, թե ուղղակի նշվումա, որ արիական, թէ՞…

Արարատ Դանիելյան - Գերմանիայում, որ Դուք ասում եք, հիմնական, բայց պարտադիր  պետք է լինի բժշկական հաստատության եզրակացությունը, ռեկամենդացիան և он-она  չի գրվում, оно-յա գրվում, այսինքն այդ. բայց դա պարտադիր, հենց այդ ակտային գրանցման բաժինները  չի լինի, պարտադիր պետք է առողջապահության համակարգի բուժհիմնարկից առաջարկվի, ինչ վերաբերվում է Գերմանիային, բայց մերը դա չկա, մերը, ասենք, գործող համակարգը կար, միայն սեռը, անմիջապես ինպերատիվ նորմա է, որպես պահանջ պարտադիր արդեն նշվումա: Էսքանը:

Աշոտ Ղուլյան - Մենք հարցերն էլ ավարտեցինք, շնորհակալություն պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար նորից հրավիրում  ենք Ազգային ժողովի պետաիրավական հարցերի  հանձնաժողովի նախագահ՝ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:

Հովիկ Ջիվանյան - Հեղինակի կողմից արդեն ներկայացվեց «Քաղաքացիական  ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը» և «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծերը: Մանրամասն պարզ ներկայացվեց: Հարցերը բարձրաձայնվեցին, մենք քննարկել ենք պետաիրավական հանձնաժողովում, որպես գլխադասային հանձնաժողով, տրվել է դրական եզրակացություն, և հիմա առաջարկում եմ օրենքների նախագծերը  ընդունել որպես օրենք: Այսքանը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն, պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Ելույթների ցանկությու՞ն. մտքերի փոխանակությո՞ւն: Չկան: Մենք ամփոփում ենք այս թեմայով քննարկումները, և քիչ առաջ պարոն Դանիելյանն այդ  բացատրությունը տվեց հանձնաժողովի նիստի ժամանակ  մենք նույպես դրան արդրադարձել ենք, կարծեմ բացատրության մեջ մի փոքր վերապահում կա, այսինքն, սեռը պարտադիր գրում է, որպեսզի հետագայում տարընթերցումներ, տարհասկացություններ չլինեն, որպեսզի, այն ինչ որ մենք գիտենք Սահմանադրությամբ, ոնց որ նախատեսված է, որ երկու սեռերը միայն գրվեն: Սա է իմաստը: Խնդրում եմ ուշադիր լինել, քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը, «Քաղաքացիական կացության ակտերի մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրեքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքներն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:

Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Եվ հաջորդ օրենքի նախագիծը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովին օրենքի նախագիծը ներկայացնում է արդարադատության նախարար  պարոն Արարատ Դանիելյանը, և դահլիճում նաև այս պահին գտնվում է մարդու իրավունքների պաշտպան՝ պարոն Արտակ Բեգլարյանը:

Արարատ Դանիելյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Իրավական պետության զարգացման և կայացման ընթացքի բաղկացուցիչ մաս է կազմում ի թիվս այդ պայմանների նաև ազգային օրենսդրության կատարելագործումը: Սահմանադրության 2017թ. փոփոխություններից հետո, նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը: Սահմանադրության փոփոխութուններին համահունչ, օրենքով ամրագրվեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, դրանց իրականացման կառուցակարգերն ու երաշխիքները: Միևնույն ժամանակ օրենքի կիրառման ընթացքում վեր է հանվել օրենքի որոշ դրույթների ձևակերպումների անհստակությունների վերացման, ինչպես նաև, պաշտպանի որոշ  լիազորությունների գործադրման, իրավական հիմքերի ուղղակի ամրագրման անհրաժեշտություն: Ավելին, պայմանավորված մի շարք գործառույթների արդյունավետ իրականացմամբ, անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել պաշտպանի հատուկ դերը որոշակի ոլորտներում: Հարկ է նշել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման  նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու  լիազորությունները ևս ներառել պաշտպանի ընդհանուր գործիքակազմում: Ավելին, հաշմանդամություն ունեցող արձանց իրավունքների պաշտպանության ոլորտը մշտապես գտնվում է պաշտպանի ուշադրության կերտրոնում: Պաշտպանի աշխատակազմ ստանում են բազմաթիվ բողոքներ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Ըստ այդմ առաջարկում եմ օրենքով ամրագրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու պաշտպանի հատուկ լիազորությունները: Օրենքի գործող կարգավորմամբ ամրագրված է այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով պաշտպանի դիմելու ընթացակարգ՝ նախատեսելով այդպիսի իրավունք ունեցող սուբյեկտների որոշակի շրջանակ: Միևնույն ժամանակ որոշակի խումբ անձանց, մասնավորապես ազատությունից զրկված անձանց, ես իմ ծառայողների կարգավիճակների և առանձնահատկությունների հաշվի առմամբ, և վերջիններիս իրավունքների  լիարժեք ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, առաջարկում եմ այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով պաշպանին դիմելու իրավունք ունեցող անձանց շարքում ամրագրել նաև ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականներին: Այսպիսի լուծումը թույլ կտա գործնականում իրականացնել նշված խմբերի, անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանություն՝ ապահովելով նրանց իրավունքների ենթադրած խախտումների դեպքում պաշտպանի աջակցությունը ստանալու հնարավորությունը նաև այն դեպքում, երբ վերջիններս հնարավորություն չեն ունենա անձամբ դիմելու պաշտպանի: Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բողոքով նշված հարցերի ուսումնասիրումը չպետք է կատարի պետական կամ տեղական ինքնակառավարման այն մարմինը, կամ այդ մարմնի, կամ կազմակերպության այն պաշտոնատար անձը, որի որոշումը կամ գործողությունը անգործությունը բողոքարկվում է: Գործնականում նշված դրույթների տառացի մեկնաբանությունից ստացվում  է, որ պաշտպանը օրենքի ուժով չի կարող ուսումնասիրության նպատակով բողոք հասցեագրել այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, ում գործողությունների դեմ ներկայացվել է բողոքը: Մինչդեռ բարձրացված խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն պետք է կատարի նաև այն մարմինը, որի գործողություններով անգործությամբ ենթադրաբար խախտվել են անձի իրավունքները: Այսպիսի կարգավորման տրամաբանությունն այն է, որ պետական մարմինը հնարավորություն ունենա ուսումնասիրություն կատարել և ներկայացնել իր դիրքորոշումն ու պարզաբանումները: Ուստի անհրաժեշտ  է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Պաշտպանի ներկայացրած բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը լրամշակման կարիք ունեն, քանի որ չեն ներառում բողոքը մի շարք լուծում ստանալու, ինչպես նաև անձի մահվան կամ վերջինիս անհայտ բացակայման ու մահացած  ճանաչելու դեպքերը: Նախագծով առաջարկվում է նաև պաշտպանի լիազորել հանդես գալու իրավական ակտեր ընդունելու  առաջարկությամբ, այն դեպքում, երբ մարդու իրավունքների և ազատությունների առնչվող հարցերը օրենքում կամ որևէ այլ իրավական ակտով կարգավորված չեն կամ ունեն ոչ լիարժեք կարգավորում: Միաժամանակ օրենքում կատարվել են որոշ փոփոխություններ պայմանավորված մի շարք ձևակերպումներ հստակեցնելու անհրաժեշտությամբ: Ընդհանուր առմամբ, առաջարկվող կարգավորումների բնույթը հետևյալն է՝ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով  1-ինը՝ հստակեցվել են պաշտպանի ընտրության ժամկետները, այն համապատասխանեցնելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 128-րդ հոդվածի պահանջներին, 2-րդը ամրագրվել են պաշտպանի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները, 3-րդը՝ անտեսվել է ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների, նրանց իրավունքների պաշտպանության նպատակով պաշտպանին դիմելու իրավունքը, 4-րդը՝ լրամշակվել են պաշտպանի ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը, և՝ 5-րդը՝ հստակեցրել են պաշտպանի այլ գործառույթներ և իրականացվել են մի շարք տեխնիկական և ոճական խմբագրումներ: Հիմնականում առաջարկությունները եղել են մարդու իրավունքների պաշտպանի կողմից, 2 առաջարկության կամ մեկ ընդհանուր առաջարկության վերաբերյալ, որը չի ընդունվել նախարարության կողմից, կազմվել է ամփոփաթերթ, ներկայացվել է խորհրդարան, խոսքը վերաբերվում է հետևյալին՝ առաջարկության բովանդակությունը: Առաջարկում ենք «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ մարդու իրավունքների և ազատությունների վերաբերվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հեղինակները պարտավոր են ողջամիտ ժամկետում նրանք ներկայացնել պաշտպանի կարծիքին: Պաշտպանի կարծիքին կարող են ներկայացվել նաև Արցախի Հանրապետության Գերագույն դատարանում քննարկվող մարդու իրավունքների և ազատություններին վերաբերվող առանձին հարցեր: Անհրաժեշտություն է առաջացել իրավահարաբերությունները կարգավորել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտով, ընդլայնելով մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին՝ նորմատիվ իրավական ակտեր ներկայացնելու պարտավորություն ունեցող մարմնի և անձանց շրջանում: Գործող իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հեղինակներին, օրինակ, պատգամավորներին, դրանք ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին, որը կարող է դրականորեն անդրադառնալ նորմատիվ իրավական ակտի որակի վրա: ԱՀ նախագահի 2017թ. սեպտեմբերի 25-ի N108 հրամանագրի 43-րդ կետի իրավակարգավորումը, չի տարածվում բոլոր մարմինների և պաշտոնատար անձանց վրա, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են լինել նորմատիվ, իրավական ակտերի նախագծերի հեղինակներ: Բացի դրանից հրամանագրի պահանջը տարածվում են միայն օրենքների վրա և վերաբերվելի չի ենթաօրենսդրական ակտերին: Գործող օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասում նախատեսված է, որ պաշտպանը իրավասու է մինչև մարդու իրավունքների և ազատությունների վերաբերվող նորմատիվ  իրավական ակտերի նախագծերի ընդունումը, նրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնելու գրավոր կարծիք: Այնինչ չկա որևէ մեխանիզմ, որի միջոցով պաշտպանը կարող է ողջամիտ ժամկետում և պատշաճորեն տեղյակ լինել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առկայության մասին: Դրա հետևանքով պաշտպանը փաստացի չի կարող իրականացնել իր իրավասությունը, քանի դեռ իրեն չեն ուղարկել նախագծերը: Օրենքում Գերագույն դատարանի կողմից մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին հարցեր ներկայացնելու դիսպոզիտիվ հնարավորություն նախատեսելով, կստեղծվեն օրենսդրական հիմքեր Գերագույն դատարանի կողմից քննարկվող մարդու իրավունքների և ազատություններին վերաբերվող առանձին հարցերի վերաբերյալ պաշտպանի կարծիքը ստանալու համար, որը պրակտիկայում իրականացվում է: Այս ընթերցածը, դա առաջարկության բովանդակությունն է, և հիմա ներկայացնեմ, թէ ինչի՞ այս առաջարկները մեր կողմից դրանք չեն ընդունվել: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքների մասին 1-ին հոդվածը սահմանվում է տվյալ օրենքի կարգավորման առարկան: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները, պաշտպանի ընտրության և լիազորությունների դադարեցման կարգը պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, նրանց պաշտոնի նշանակման և ազատման դասային աստիճանը շնորհելու պետական ծառայության  կազմակերպման և ղեկավարման առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց հետ կապված այլ հարաբերություններ: Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն հանրապետության նախագահը և պատգամավորները: Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմին է, որը լիազորությունները  սահմանում է Սահմանադրությամբ, օրենքներով և նախագահի հրամանագրերով: Հանրապետության նախագահի 2017թ. սեպտեմբերի 25-ի N108 հրամանագրով, սահմանվել է ԱՀ կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը,  որի 43-րդ կետի համաձայն մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերվող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելը, ուղարկում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին: Պետական կառավարման յուրաքանչյուր մարմնի լիազորությունների գործունեության կարգը կարգավորում են օրենսդրությամբ նախատեսված  համապատասխան իրավական ակտերով: Օրենսդրական նախաձեռնության  իրավունք  ունեցող սուբյեկտների լիազորություններ և գործունեության կարգը, համապատասխանաբար սահմանում են հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով, Ազգային ժողովի աշխատակարգով՝ տվյալ իրավական կարգերի կարգավորման առարկաների շրջանակներում: Ըստ այդմ, ճիշտ չենք համարում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հեղինակների, այդ թվում՝ պատգամավորների համար, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում առաջարկող պարտականություն  սահմանելը: Ավելին՝ օրենքի 28-րդ հոդվածի գործող խմբագրությունը համարում ենք օրեսդրությանը և իրավունքի տեսությանը լիովին   համապատասխանող, այն առումով, որ սահմանում է այլ իրավական ակտով ամրագրված պետական կոնկրետ մարմինների պարտականությանը համապատասխանող իրավունք: Որպես հանրապետության նախագահին 2017թ. սեպտեմբերի 25-ի N10 8 հրամանագրով սահմանված կարգի 43-րդ կետի փաստացի գործողություն, վառ ապացույցը կարող են հանդիսանալ այն մեկ տասնյակից ավելի նախագծերը, որոնք մարդու իրավունքների պաշտպանին օրենքը  ընդունելուց ի վեր արդարադատության նախարարության կողմից ուղարկել են մարդու իրավունքների պաշտպանին: Գրությամբ ներկայացված հիմնավորմամբ վերջին կետի կարողությամբ հայտնում ենք, որ նշված դրույթները վերաբերվում են դատավարական նորմեր պարունակող իրավական ակտերի կարգավորման առարկային, և դուրս են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից: Խոսքը վերաբերվում էդ դատարանի դատավարականի գործունեությանը: Ու նաև պետք է նշել, որ մարդու իրավունքների պաշտպանի, ինքը որպես Սահմանադրական դատարանում կոնկրետ մեր պարագայում Գերագույն դատարան դիմող սուբյեկտ, ինքը պետք է հնարավորություն ունենա ցանկացած պարագայում դիմել այդ մարդու իրավունքների ազատության և պաշտպանության հարցով, իսկ եթե նախնական կարծիք, որևիցէ հարցի վերաբերյալ հայտնի է, եթե դատարանը, օրինակ, այլ որոշում ընդունի հետագայում էդ  Գերագույն դատարան դիմելու ճանապարհն էլ է փակվում:

Աշոտ Ղուլյան - Շնորկալություն: Հարցեր կա՞ն պարոն Դանիելյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ պատգամավոր  Հովիկ Ջիվանյանին:

Հովիկ Ջիվանյան - Հեղինակի կողմից մանրամասն ներկայացվեց, ես կխոսեմ հակիրճ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հարձնաժողովում: Գլխադասային հանձնաժողովում տրվել է եզրակացություն, առաջարկում ենք ընդունել այդ փոփոխությունները որպես օրենք: Այսքանը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Ջիվանյան: Մտքերի փոխանակություն, ելույթներ: Չկան: Շնորհակալություն: Մենք ամփոփում ենք այս հարցը  նույնպես, կարծում եմ, այն առաջարկող փոփոխությունները, որոնք ներկայացվեցին արդարադատության նախարարի կողմից, իհարկե, կոչված են նպաստելու մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր լիազորությունները իրականացնելու և ընթացքում ծագած հարցերին օրենսդրական կարգավորումներ տալուն: Ինչ մնում է քիչ առաջ ներկայացված այդ մեկ-երկու առաջարկությանը, ապա կարծում եմ դա նույպես հետագայում քննարկման հարց է, պարզապես այն, ինչ որ այսօր մենք ունենք վստահ եմ, որ բավարար է, որպեսզի մարդու իրավունքների  պաշտպանը իր Սահմանադրական և օրենսդրական գործառույթներին համարժեք, համապատասխան կարողանա իրականացնել նաև, իհարկե այն գլխավոր կոչմանը, տեր կանգնելու մարդու հիմնական իրավունքներին ու ազատություններին: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ  23, արձանագրության մեջ խնդրում են գրել 23, երկու կոճակ երևի չի աշխատել, կողմ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝  նույնպես:

Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Մենք մի քիչ ժամանակ Էլ ունենք մինչև հաջորդ ընդմիջումը, դրա համար ես առաջարկում եմ հիմա անցնենք հաջորդ նախագծերին՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն է, այն Ազգային ժողովին է ներկայացնում  աշխատանքի սոցիալական հարցերի վերաբնակեցման նախարար՝ պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել Ավանեսյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ: Ձեր քննարկման է ներկայացվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում մասնավորապես առաջարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառել համատեղությամբ աշխատելու ժամանակահատվածը: Երկրորդը՝ ԱՀ և ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահութուն, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները  կատարելու  ժամանակ, ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ նշանակել նաև լիազորագրով: Եթե կենսաթոշակի իրավունք ձեռք բերած  անձը հիվանդանոցային ձևով բուժում է ստանում օտարերկրյա պետությունում, միաժամանակ առաջարկվում է ԱՀ և ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում, զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը վճարել նաև լիազորագրով, եթե կենսաթոշակառուն հիվանդանոցային ձևով բուժվում է օտարերկրյա պետությունում: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու անբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինջև հիվանդանոցային ձևով բուժումն ավարտելը: Երրորդը՝ հստակեցնել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կերսաթոշակի գումարը ընտանիքի այլ անդամին վճարելու հետ կապված հարաբերությունները, մասնավորապես նախագծով սահմանվել է, թէ ո՞վ է հանդիսանում ընտանիքի այլ անդամ: Դրանք են զավակ, ամուսին, ծնող, թոռ, եղբալր քույր, տատ, պապ, հորեղբայր, հորաքույր, քեռի և մորաքույր: Ուրեմն, 4-րդ առաջարկը, ուժը կորցրած ճանաչել օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հետևյալ հիմքերը՝ աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք  ունեցող կենսաթոշակառուին կամ նրան փոխարեն կեսաթոշակը ստանալու իրավունք ունեցող անձին 5 տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքը: Եվ, 2-ը՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքը: Եվ որոշ փոփոխություններ են առաջարկվում, որոնք կրում են խմբագրական բնույթ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Եթե կան հարցեր՝ խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Ավանեսյան, հաջորդ հարցով էլ ներկայացրեք, որ մենք 2 հարցով էլ հետո գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը լսենք:

Սամվել Ավանեսյան - Հաջորդ հարցը ուղղակի ներկայացնեմ: Ուրեմն՝ «Պետական պաշտոններ  զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին նախագիծն է ներկայացվում Ազգային ժողովի քննարկմանը: Նախագիծը պայմանավորված է նրանով, որ ընդունվել են՝ Դատախազության մասին նոր օրենքը և դատական օրենսգիրքը: Այո, նոր օրենսգիրքը, նոր որոշակի իրավահարաբերություններ, որոնք որ կարգավորվում են նախորդ օրենքով և օրենսգրքով, որոշակի հոդվածներով, հոդվածների համարները փոխվել են և անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Այս հարցով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի հետ կապված, եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Ավանեսյան, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արարատ Օհանջանյանը:

Արարատ Օհանջանյան - Շնորհակալություն: 2 նախագծերն էլ, որոնք հեղինակի  կողմից ներկայացվեցին, քննարկվել են մեր հանձնաժողովում, սոցիալական հանձնաժողովում քննարկվել է մանրակրկիտ, մեկը, ինչպես կենսաթոշակների մասին, օրենքում և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց  պետական սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, 2 օրենքի նախագծերն էլ դրական եզրակացության են արժանացել հանձնաժողովի նիստում և այն ներկայացվել է Ազգային ժողովի լիագումար նիստին որպես օրենք  ընդունելու համար:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովին՝ այս 2 նախագծերի հետ կապված, խնդրում եմ հերթագրվել: Չկա՞ն հարցեր: Շնորհակալություն պարոն Օհանջանյան: Եթե կան ցանկություններ, մտքերի փոխանակություն, ելույթների, այս 2 նախագծերի շուրջ արտահայտվելու. նույնպես չկան: Եվ հիմա մենք անցնում ենք այդ եզրափակիչ մասին այս 2 նախագծերի համար Ազգային ժողովի դիրքորոշումն արտհայտելուն: Խնդրում եմ ուշադիր լինել: Քվեարկության է ներկայացվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու վերաբերլայ Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Քվեարկություն:

Կողմ՝ 23, դեմ  չկա, ձեռնպահ՝  նույնպես:

Որոշումն ընդունված է: Եվ հաջորդ որոշման նախագիծը՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝  նույնպես:

Որոշումն ընդունված է: Մենք քննարկված հարցերի վերաբերյալ վերջնական Ազգային ժողովի դիրքորոշումը արդեն արտահայտեցինք մեր որոշումներով, այժմ հայտարարվում է ընդմիջում, մինջև 15 անց 40ր: Մեծ ընդմիջումն է, 3 հարց ունենք և հայտարարություններ:

Ընդմիջում:

Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ, շարունակում ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի հերթական նիստը, մենք արդեն օրակարգի հարցերի մեծ մասը քննարկել ենք և դրանց համապատասխան նաև որոշում ենք կայացրել, հիմա օրակարգի հարցերի ցանկով շարունակում ենք, և հաջորդ հարցը օրենսդրական նախաձեռնությունների շարքից «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է և այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանը: Խնդրեմ:

Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու  մասին օրենքի նախագիծը, որը բխում է «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի դրույթներից: Մասնավորապես «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի համաձայն, անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար, տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի դիմելու դեպքում ֆիզիկական անձը պետք է վճարի պետական տուրք  «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով: Մինչդեռ նշված օրենքով պետական տուրքի չափ սահմանված չէ:Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմնից անհատական  հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի ստանալու համար սահմանվել  պետական տուրք՝  բազային տուրքի չափով:  Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Եթե կան հարցեր հիմնական զեկուցողին՝ խնդրեմ: Գրանցում եք: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Հարությունյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ պատգամավոր Արամ Գրիգորյանը:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, կառավարության լիազոր ներկայացուցիչը ներկայացրեց օրենքի նախագիծը, որը քննարկվել է մեր հանձնածողովի նիստում և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դա օրենսդրական պահանջ է, ստացել է դրական  եզրակացություն: Առաջարկում ենք ընդունել այն որպես օրենք:  Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովին՝ խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկա՞ն: Շնորհակալություն պարոն Գրիգորյան: Եթե կա ցանկություն՝ արտահայտվել ելույթների միջոցով: Նույնպես չկա: Մենք հիմա անցնում ենք քվեարկության: Խնդրում եմ ուշադիր լինել: Ազգային ժողովի որոշման նախագիծն է հիմա քվեարկվելու՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 22, դեմ՝ չկա, ձեռնպահ՝  նույնպես:

Կարծես թէ բոլորի կոճակներն էլ երևում են: Շնորհակալություն: Հաջորդ օրակարգային հարցը օրենսդրական նոր նախաձեռնություն է «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքի նախագծերի փաթեթով ներկայացնում է Արցախի Հանրապետության էկանոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար  պարոն Լևոն Գրիգորյանը: Խնդրեմ:

Լևոն Գրիգորյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Հսկիչ  դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթի ընդունումը  նպատակ ունի օրենսդրական այս կարգավորմամբ բարձրացնել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը: Նշված օրենքների նախագծերի փաթեթների մեջ ընդգրկված են մի շարք կարգավորման երթակա իրավահարաբերություններ, մասնավորապես՝  կարգավորման տիրույթ է բերում էլեկտրոնային հաղորդակցությունն  ապահովող կապի միջոցով, առևտրի կամ ծառայության մատուցման հետ կապված իրավահարաբերությունները, սահմանվում են  էլեկտրոնային հաղորդակցության ապահովող կապի միջոցով առևտրի կան ծառայության մատուցման ներկայացվող պահանջները, ծառայություն մատուցողի սահմանափակ պատասխանատվության պայմանները, էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի պատասխանատվության հիմքերը, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով, առևտրի կամ ծառայության մատուցման նպատակով օֆերտայի և ակցեպտ ստացման առանձնահատկությունները: Օրենսդրական բարեփոխումների հաջորդ մասը պայմանավորված է սպառողների իրավունքների պաշտպանությանը ոչ պարենային ապրանքների ձեռք բերման, փոխարինման և վերադարձման  հարաբերություններում: Մասնավորապես հստակեցվել են պայմաններն ու պահանջները պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների փոխարինման և վերադարձման ընթացքում: Գործող իրավական նորմ փոխարինման և վերադարձման գործառույթները ներկայացնում են իրար հետ միասին, այնինչ դրանք իրենց բովանդակությամբ և գործառութային իմաստով առանձին հարաբերություններ են: Նախագծերի փաթեթի ընդունման հաջորդ նպատակը սահմանափակման ենթարկա ծառայության հասկացության և օբյեկտների սահմանման անհրաժեշտությունն է: Այս պահին սահմանափակման ենթակա ծառայությունները չեն կարող կարգավորվել օրենքով, այլ կարգավորման տեսանկյունից վերապահված են տեղական ինքնակառավարման մարմիններին: Համաձայն ներկայացվող իրավական ակտերի փաթեթի, ընդունվում է տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակի ընդլայնումը և պատշաճ իրավական հնարավորություններ է ընդձեռում համայնքի տարածքում, որոշել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայման պահանջները, գործունեության ժամանակահատվածի սահմանման պայմանները, ինչպես նաև տեղական տուրքերի և վճարների գանձման չափերն ու առանձնահատկությունները: Օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է, համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ մարմինների հետ և համահունչ է նաև հայաստանյան իրավական դաշտին: Փաթեթի ընդունմանն  ընկալում ենք բարձրացնել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը, իրավական կարգավորումների շրջանակը տարածել նաև էլեկտրոնային առևտրի ոլորտի վրա, բնակչության հանգստի կազմակերպման համար ունենալ հստակ կարգավորման գործիքակազմ  և գործունեության շրջանակ:  Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Եթե կան հարցեր հիմնական զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկա՞ն: Շնորհակալություն պարոն Գրիգորյան: Այս օրինագծի մասով նույնպես Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի կարգավիճակով եզրակացություն  ներկայացնում է ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման  հանձնաժողովի նախագահ պարոն Արամ Գրիգորյանը: Խնդրեմ:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: «Քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և դրան ուղեկցող մնացած օրենքների նախագծերի փաթեթը մանրակրկիտ ներկայացրեց լիազոր ներկայացուցիչը: Հանձնաժողովում  այդ փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք այն ընդունել որպես օրենք:

Աշոտ Ղուլյան - Հարցեր: Գլխադասային հանձնաժողովին հարցեր չկա՞ն: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Մտքերի փոխանակությո՞ւն: Մտքերի փոխանակության համար հայտեր չկա՞ն, և հիմա քվեարկության է ներկայացվում հաջորդ որոշման նախագիծը՝ «Քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների և պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ  կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքներն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 22, դեմ՝  չկա, ձեռնպահ՝  նույնպես:

Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Եվ հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը,  քանի որ մենք օրակարգում մյուս հարցը՝ «Պետական գույքի մասնավորեցման մասին»  օրենքի փոփոխությունները հանել ենք և վերջին օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է՝ կից օրենքի նախագծերի փաթեթով, այն Ազգային ժողովին է ներկայացնում ԱՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ պարոն Միքայել Վիրաբյանը: Համեցեք:

Միքայել Վիրաբյան - Շնորհակալություն: Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը «ԼՂՀ Ջրային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ջրային ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման և առավել ամբողջական կարգավորման համակարգի ստեղծման հետ: Ջրային ոլորտի կարգավորման ուղղված պետական քաղաքականության նպատակը մատակարարման-կառավարման ու կարգավորման գործառույթների հստակ տարանջատումն է: Օրենքի առաջին հոդվածով հստակեցվում են «Ջրային օրենսգրքում» օգտագործվող հիմնական հասկացությունները: Հոդվածը  լրացվում է լիցենզավորված անձ, բաժանորդ, խմելու ջրամատակարարման և կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոններով ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն հասկացություններով, իսկ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն հասկացողությունը հանվում է օրենսգրքից, քանի որ այն ընդգրկուն իմաստ ունի և մեկնաբանվում է որպես գույքի օգտագործումից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորություն: Դրա փոխարեն օրենսգրքում օգտագործվելու է խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման լիցենզիա, որը ավելի հստակ է արտահայտում մատուցվող ծառայության էությունը: Օրենքով հստակ սահմանվելու են ջրային ոլորտում ամբողջական կարգավորում իրականացվելու համար, ԱՀ հանրային ծառայությունը և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին վերապահված իրավասությունները: Մասնավորապես ջրամատակարարման ծառայությունների մատուցման սակագների և դրանց հաշվարկման մշակման մեթոդը կարելի է սահմանել ոլորտում լիցենզավորում իրականացնել ջրային օրենսգրքի համապատասխան  ի հաստատած լիցենզավորման կարգի համաձայն, լիցենզավորված անձանց և բաժանորդների միջև կնքվող խմելու ջրամատակարարման և, կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը կամ պարտադիր պայմանները: Սպառողներին մատուցվող ծառայությունների որակին, սպասարկման որակին  ներկայացվող նվազագույն պահանջները: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվելու են հանձնաժողովին տրամադրված լիցենզիայի հիման վրա՝ բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի, մասնավորապես, երբ այդ գործառույթները իրականացվելու են բացառապես սեփական կարիքների համար, կամ իրականացվելու են համայնքների կամ ջրօգտագործող ընկերությունների կողմից: Խմելու ջրամատակարարման կամ ջրհեռացման կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող արձը իրավունք է ունենալու և պարտավոր է լինելու «Ջրային օրենսգրքով»,  իրավական այլ ակտերով և լիցենզիայով սահմանված դեպքերով ու կարգով, խմելու ջրամատակարարման ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել ջրի մեծածախ վաճառք, ինչպես նաև իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրային համակարգը: Նմանատիպ դրույթները վերաբերվելու են նաև ոռոգման ջրամատակարարման ծառայություններին, բացառությամբ այն, որ ոռոգման ոլորտում այն գործելու է 2022թ. հունվարի 1-ից: Առաջարկվում է օրենսգիրքը լրացնել 5-ի 1-ին, և 5-ի 2-րդ գլուխներով: 5-ի 1-ին գլուխը սահմանվում է լիցենզավորված անձանց կողմից ջրային օրենսգրքի դրույթների, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, լիցերզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվության միջոցներով: Հանձնաժողովին իրավասություն է վերապահվում տալ խախտումները վերացնելու հանձնարարականներ և կիրառել տուժանքների հետևյալ տեսակները՝ նախազգուշացում, տուգանք, լիցենզիայի գործողության կասեցում և լիցենզիայի գործողության դադարեցում: 5-ի 2-րդ գլուխը սահմանում է բաժանորդներին ծառայությունների մատուցման և շահերի պաշտպանության երաշխիքները: Բաժանորդի խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման ծառայությունների մատուցումը կատարվելու է մատակարարման պայմանագրի հիման վրա, ինչպես նաև ջրամատակարարման կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների համաձայն: Լիցենզիայից զրկման դեպքում, սահմանված պայմանները բավարարելու դեպքում, միևնույն ընկերությունը իրավունք է ունենալու ընդհանուր  հիմունքներով կրկին մասնակցելու, լիցենզիա ստանալու գործընթացին: Եթե լիցենզիայից զրկված անձը չի բավարարում նոր լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր լիցերզիա ստանալու իրավունքից, ապա նա պարտավոր է օտարել իրեն պատկանող լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ջրային համակարգերը: Այս նշված գործողությունները համաձայնեցվելու են կառավարության հետ: Օրենքով փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև սակագնային քաղաքականության մեջ, որոնք վերաբերվում են սակագների ձևավորման սկզբունքներին, դրանց սահմանման և վերանայման կարգին: Սակագների սահմանման և վերանայման կարգը այդ առնչությամբ անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը սահմանելու է հանձնաժողովում: Համապատասխան հայտը ամբողջական լինելու դեպքում հանձնաժողովը այն քննարկելու է 80 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի կողմից սահմանված սակագինը համարվելու է առավելագույն սակագին: Մրցութային եղանակով ջրամատակարարման կամ ջրահեռացման կեղտաջրերի մաքրման ծառայությունների օգտագործման իրավունքի փոխանցման դեպքում հանձնաժողովը կարող է կիրառել սակագնային կարգավորման նաև այլ մեխանիզմներ: Ներկայացվող օրինագծի ընդունումն առաջացնում է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում ու փոփոխություն կատարելու  անհրաժեշտություն:  Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածը, որը սահմանվում է լիցենզավորման ենթակա գործունեւոթյան ենթակա սահմանների ցանկը, լրացնում է խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցում հասկացությամբ: Պետական տուրքի մասին օրենքի 18-րդ հոդվածը լրացվում է խմելու ջրամատակարարման և կամ ջրահեռացման կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցում հասկացությամբ: Անհրաժեշտ է նշել, որ նշված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի հանձնաժողովի իրավասությունների շրջանակների և լիազորությունների հստակեցմանը, և ջրային ոլորտում առավել արդյունավետ ու ամբողջական կարգավորման ստեղծմանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Եթե կան հարցեր հիմնական զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Վիլեն Սաֆարյան: Ուրի՞շ: Չկան: Խնդրեմ: Հարցի համար պատգամավոր Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան - Պարոն Վիրաբյան, էդ խմելու ջրի համակարգերը մասնավորին հանձնելու վերաբերյալ մասնավորի սպասարկման վերաբերյալ չե՞ք ասի, որ այդ խմելու ջրի համակարգերը, դրանք ստրատեգիական նշանակություն ունեցող  օբյեկտներ են և հատկապես վտանգավոր պահերին դրանց պահպանման, պաշտպանության և այլնի համար  որոշակի միջոցներ են հարկավոր, որը պետությունն է կատարում այդ ֆունկցիաները, և ինչքանո՞վ է նպատակահարմար այդ խմելու ջրի համակարգերը հազար մասնավորի սպասարկմանըՙ մի քիչ կասկածելի  նախաձեռնություն է ընկած:

Սամվել Վիրաբյան - Շնորհակալություն հարցի համար: Նախ՝ առաջինը, օրենքի նախագծով մենք չենք նախատեսում մասնավորեցում այս պահին, խոսքը վերաբերվում է համակարգի կառավարման  և կարգավորման գործառույթների տարանջատմանը: Ինչպիսի՞  կառավարում  նշված ոլորտում կորդեգրի կառավարությունը,  հանձնաժողովը  այդ կառավարոււմը կկարգավորի: Այս պահին խոսքը մասնավորեցմանը չի վերաբերվում: Դա կարող է լինել նաև պետական ՓԲԸ միջոցով:

Աշոտ Ղուլյան - Արձագանք, Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան - Խոսքը մասնավորեցմանը չի, մասնավորի կողմից դրանց սպասարկման վերաբերյալ: Դա ինչպե՞ս է սպասարկելու մասնավոր ինչ որ…

         Սամվել Վիրաբյան - Այս պահին Ջրմուղ ՓԲԸ քաղաքում սպասարկման խնդիր կա:

       Աշոտ Ղուլյան - Շատ լավ: Շնորհակալություն: Հարցերի համար մեկ հայտ է եղել և բավարարվեց, կարող եք նստել, պարոն Վիրաբյան, խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրում է Ազգային ժողովի արտադրության արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյանը:

Արպատ Ավանեսյան - Հարգելի գործընկերներ, վերնագիրը լրիվությամբ չեմ կարդա, ջրային օրենսգրքում և նրան ուղեկցող այդ նախագծերի փաթեթը քննարկվել է հանձնաժողովում, և հանձնաժողովում պարոն Վիրաբյանը հանգամանորեն բացատրել է, այսօր  մի քիչ ձայնի հետ խնդիր  ուներ, դանդաղ էր խոսում, բայց այն ժամանակ շատ կարճ-կոնկրետ,  լավ, ամեն ինչ տեղը-տեղին ներկայացրել է, այս օրինագծերի փաթեթը նաև փորձագիտականը մի կողմից, մանրազննին ուսումնասիրվել և ստորև ներկայացվել է փաթեթի վերաբերյալ առաջարկություններ, ու նշում է, որ փաթեթը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներին, միաժամանակ, հավելում է, որ այնտեղ լրացված է 18-րդ կետը գործառույթների սահմանների ընդլայնում և ավելի ճկուն է դառնում, որից ելնելով էլ, մեր հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս:  Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին, հարցեր չկան,  շնորհակալություն պարոն Ավանեսյան: Եթե կա մտքերի փոխանակության ցանկություն, արտահայտվելու այս թեմայով, չկան: Շնորհակալություն: Մենք ամփոփում ենք այս թեման նույնպես և հիմա քվեարկության է ներկայացվելու Ազգային ժողովի որոշման նախագիծը «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքներն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝  21, դեմ՝  չկա,  ձեռնպահ՝  1:

Որոշումն ընդունված է, շնորհակալություն, մենք այսքանով ավարտում ենք օրենսդրական հարցերի բաժինը և մեզ մնում է միայն վերջին օրակարգային հարցը՝ պատգամավորների հայտարարություններին, եթե կա այդպիսի ցանկություն, գրանցվում ենք, պատգամավորական հայտարարություններ: Պատգամավորական հայտարարությունների  համար  մի հայտ կա՝  ես եմ հայտարարություն անելու, երևի այդպես էլ պիտի լիներ, ես էլ չգիտեմ, սա վերջին հայտարարությունն է, թե վերջին ելույթը, ամեն դեպքում:

Վահրամ Բալայան - Հայտարարության համար խոսքը տանք պարոն Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան - Հարգարժան գործընկերներ, սիրելի հայրենակիցներ: Արդեն նշել եմ, որ 6-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները ավարտվում են մայիսի 21-ին, այդուհանդերձ, այսօրվա նիստը պատգամավորական այս կազմով, հավանաբար վերջին նիստն է: Իհարկե գործող խորհրդարանը մինջև լիազորությունների ավարտը, անհրաժեշտության դեպքում, կգումարի նիստեր, սակայն այս պահին, կարծում եմ կարող եք ամփոփել 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները: Ազգային ժողովի 5 տարիների գործունեության ամբողջական ամփոփումը նախատեսում եմ անցկացնել մայիսի 10-ից հետո, եզրափակիչ մամուլի ասուլիսով, սակայն այս պահին կցանկանայի գոնե նախնական որոշակի արձանագրումներ անենք: Գործող խորհրդարանն աշխատել է ամենատարբեր պայմաններում: 2016թ. ապրիլյան ռազմագործողություններ, ՀՀ-ում քաղաքական զարգացումներ, որոնք, իհարկե, չէին կարող չանդրադառնալ մեր քաղաքական իրավիճակի վրա, և նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակ: Այս ամենով հանդերձ, համատեղ աշխատանքով,մեզ հաջողվել է ապահովել Սահմանադրությամբ և օրենքներով, մեզ վերապահված լիազորությունների պատշաճ  կատարումը: 6-րդ գումարման խորհրդարանը նպաստել է երկրում պառլամենտարիզմի հետևողական զարգացմանն ու ԱՀ արտաքին քաղաքական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Օրենսդրական վերահսկողական և ներկայացուցչական գործառույթների իրականացման ուղղություններով ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ: 5-ամյա աշխատանքի ընթացքում, ընդունվել են 447 օրենքներ, խորհրդարանի կողմից լսվել և ի գիտություն են ընդունվել 30 զեկույցներ, հաղորդումներ և հաշվետվություններ: Արտաքին քաղաքական շրջափակման պայմաններում, ուզում եմ առանձնակի կարևորել խորհրդարանական  դիվանագիտության բնագավառում, մեր ունեցած հաջողությունները: 2015թ. ի վեր մենք  բարեկամական հարաբերություններ ենք հաստատել ևս 4 խորհրդարանների հետ բարեկամական խմբերի և շրջանակների թիվը հասցնելով 8-ի: Ինչպես նաև ակտիվացրել ենք ՀՀ Ազգային ժողովի հետ միջխորհդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր օտարերկրյա գործընկերներին խորհրդարանական դիվանագիտության և օրենսդրական ոլորտում դրսևորած ակտիվ համագործակցության ու այն հետաքրքրության և հոգատարության համար, որ նրանք ցուցաբերել են ԱՀ նկատմամբ՝ մեր ժողովրդի ձայնը դրսում լսելի դարձնելու ուղղությամբ: Խորհրդարանում հին քաղաքական ուժերի ներկայացվածությունը անհրաժեշտ հիմք է հանդիսացել քաղքական բազմակարծության ապահովման և երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից, հանրությանը հուզող հարցերը բարձրաձայնելու համար: Կարծում եմ կհամաձայնվեք ընդիմադիր, թե իշխանական բոլորիս գործունեությունը միշտ էլ միտված է եղել մեր հայրենիքի անվտանգության բարձրացմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն ու պետականության հիմքերի ամրապնդմանը: Սիրելի հայրենակիցներ, որպես Ազգային ժողովի նախագահ, այս ամբիոնից, թերևս սա իմ վերջին ելույթն է և հենց այս ամբիոնից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին և 4-րդ, 5-րդ ու 6-րդ գումարումների խորհրդարանների իմ բոլոր գործընկերներին, երկրի օրենսդիր մարմնի ղեկավարումը 3 անգամ անընդմեջ ինձ վստահելու համար, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմին հաճախ չերևացող, բայց չափազանց օգտակար գործունեության համար: Ես այդ առաքելությունը իրականացրել եմ մեծ հպարտությամբ, մեր հայրենիքին ու ժողովրդին ծառայելու մեծ պատասխանատվությամբ: Իհարկե, հանրության ակնկալիքները միշտ էլ ավելի են իր ընտրած մարմիններից, ուստի մաղթանքս է, որ 7-րդ գումարման խորհրդարանում  ներկայացված քաղաքական ուժերը առավել մեծ եռանդով ու հետևողականությամբ շարունակեն աշխատել, օրենսդիր մարմնի գործնեությամբ՝ թափանցիկությունը և հաշվետողականությունը ապահովելու ուղղությամբ, պաշտպանելով մեր հանրության շահերը, ու արդյունավետորեն կիրառելով օրենսդիր մարմնի ինստիտուցիոնալ կարողություններն ու գործիքակազմը: Բոլորիս անունից, հաջողություն եմ մաղթում նոր խորհրդարանին՝ ի բարօրություն Արցախի և մեր հերոսական ժողովրդի:  Շնորհակալություն:

Շնորհակալություն,  հարգելի գործընկերներ, սա հրաժեշտի հանդիպում չէ, մենք ամեն օր դեռ շարունակելու ենք առավոտյան իրար բարի առավոտ մաղթել, և նաև ավարտին հրաժեշտ տալ իրար, ինչպես նշեցի, մինջև մայիսի 21-ը Ազգային ժողովի 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները շարունակում են, մայիսի 21-ին կհրավիրվի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, և քիչ առաջ մեր մաղթանքները հենց մեր գործընկերներին է ուղղված: Այսքանով, ես ուզում եմ ավարտել մեր այսօրվա աշխատանքը, օրակարգը սպառված է  բոլորիդ շնորհակալություն և այսօրվա, և բոլոր նախորդ մեր նիստերի համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն, ցտեսություն: